Իսկ հովիվներն իրենց հերթին անուշ էին անում կարկանդակները, հետո ճաշակում հիանալի խաղողը և սրտանց ծիծաղում մեծախոս ու պարծենկոտ կարկանդակագործների վրա։ Ֆարժյեն ինքը խաղողի հյութով տրորեց մտրակի հարվածից կապտած տեղը, և շատ շուտով ցավը բոլորովին անցավ։
==Գլուխ VII==
Այն մասին, թե ինչպես Պեկրոշոլ<ref>Պեկրոշոլ (Պիկրոխոլ) հուներեն նշանակում է «դյուրագրգիռ», «չար»։</ref> թագավորը պատերազմ է հայտարարում Գրանգուզիեին
Երբ կարկանդակագործները վերադարձան Լերնե, սոված֊ծարավ վազեցին դղյակը Պիկրոշոլ թագավորի մոտ։ Նրանք գանգատվում էին, լաց էին լինում, ցույց էին տալիս իրենց ջարդված զամբյուղները, պատառոտված շորերը, տրորված կարկանդակները, իսկ որ գլխավորն է, վիրավորված Մարկեին, և ասում էին, որ այդ բոլորը Գրանգուզիեի հովիվների ու ագարակատերերի գործն է։
Թագավորը կատաղությունից խելքը կորցրեց և առանց քննելու, թե ով է արդար և ով մեղավոր, հրաման տվեց հայտարարել ամբողջ երկրում, որ բոլոր տղամարդիկ պարտավոր են ուղիղ կեսօրին զինված գալ քաղաքի հրապարակը, չեկողները մահապատժի կենթարկվեն։
Թագավորի հրամանը դուրս գալուն պես ամբողջ քաղաքում տարածվեց թմբակահարության ձայնը։ Ինքը՝ արքա Պիկրոշոլը, մինչև ճաշի պատրաստ լինելը, գնաց կարգի բերելու իր հրետանին։ Անմիջապես թնդանոթները դրեցին սայլերի վրա, պաշար ու ռազմամթերք բարձեցին բազմաթիվ սայլերի վրա, փողոցներում սկսեցին ծածանվել դրոշակները։
Ճաշի ժամանակ թագավորը նշանակեց հրամանատարներ։ Առաջապահ զորագնդի հրամանատար նշանակվեց պարոն Տրեպելյուն։<ref>Տրեպելյու ֆրանսերեն նշանակում է «քրջոտ», «մուրացիկ»։</ref> Պարոն Տրեպելյուի զորագնդում հաշվվում էին մինչև 16014 հրացանակիրներ և 30011 վարձկան զինվորներ։ Հրետանու հրամանատար նշանակվեց պարոն Տուկդիլիոնը,<ref>Տուկդիլիոն ֆրանսերեն նշանակում է «պարծենկոտ», «սնապարծ»։</ref> և նրա հրամանատարության ներքո կար 914 թնդանոթ, բոմբարդ<ref>Բոմբարդ՝ հին թնդանոթ, որը լցնում էին քարե ռումբերով։</ref> մորտիր,<ref>Մորտիր՝ կարճ և մեծ տրամաչափի թնդանոթ, որի արձակած ռումբերը աղեղնաձև էին սլանում օդի մեջ, այդ պատճառով կարողնում էին ամենաբարձր պարիսպների վրայից անցնել և հարվածել հակառակորդին։</ref> բազիլիկներ<ref>Բազիլիկ՝ XVI դարի թնդանոթ, որի արձակած ռումբերը երկաթից էին և 75 ֆունտ ծանրություն ունեին։ Այս թնդանոթը բազիլիկ անունն էր կրում, որովհետև նրա վրա կար առասպելական հրեշի՝ բազիլիկի նկարը։ Դա մի օձ էր, որի գլխի մաշկի ծալքերը թագի ձև ունեին։ Ըստ հին ավանդության, բազիլիկի միայն հայացքն սպանում էր մարդկանց ու կենդանիներին, իսկ նրա սուլոցը բոլորին փախուստի էր մատնում։</ref> և այլ ծանր թնդանոթներ։
Ինքը թագավորը և իշխանազունները նույնպես միացան զորքին։ Երբ ամբողջ զորքը հավաքվել և պատրաստ էր արշավելու, թեթև հեծելազորի մի ջոկատ ուղարկեցին հետախուզության, թե չկա՞ն արդյոք մոտերքում դարանակալ թշնամիներ։ Հետախույզները եկան հայտնեցին, որ ոչ մի տեղ դարանակալություն չկա և չորս կողմը կատարյալ հանգստություն է տիրում։
Այն ժամանակ Պիկրոշոլը հրամայեց զորքին շարժվել։ Եվ ահա այդ ամբողջ զորաբանակը առանց որևէ կարգ ու կանոնի, ցաք ու ցրիվ առաջ շարժվեց, ջարդելով ու փչացնելով այն ամենը, ինչ որ ճանապարհին պատահում էր։ Ոչ մի բան չէին խնայում զինվորները։ Կով էր պատահում նրանց, կովն էին մորթում, ոչխար էր պատահում՝ ոչխարն էին քաշ տալիս տանում։ Հավ, ճուտ, բաց, սագ, խոզ խոճկոր, ինչ պատահում էր, բոլորը բռնում տանում էին։ Ամեն ծառապտուղ՝ ընկույզ, խաղող, տանձ, խնձոր, բոլորը պոկոտում, ուտում, փչացնում էին, իսկ ծառերը ջարդում։
Բնակիչները ոչինչ չէին կարողանում անել, թալանողների ու ավերողների դեմ։ Նրանք անձնատուր էին լինում առանց դիմադրության և միայն խնդրում, աղաչում էին այդքան ավազակություն չանել։
― Մենք ձեզ ոչ մի վատություն չենք արել, ― ասում էին նրանք զինվորներին, ― ինչո՞ւ եք այդքան վնասներ հասցնում։
Իսկ զինվորները պատասխանում էին նրանց միայն ծիծաղով։
― Մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես պետք է ուտել մեր կարկանդակները, ― պատասխանում էին նրանք և շարունակում իրենց կողոպուտը։
==Գլուխ VIII==
Այն մասին, թե ինչպես է մի վարդապետ խաղողի այգին ազատում թշնամիների հարձակումից
Այդպիսի բարբարոսություններ կատարելով զորքը հասավ մինչև Սելիե քաղաքը։ Սեիլիե քաղաքն էլ նրանք հիմնահատակ կործանեցին և առաջ գնացին ու հասան մի վանքի։ Բայց վանքի դռները փակ էին և պարիսպները լավ պահպանված։
Այն ժամանակ զորաբանակի գլխավոր մասը առաջ շարժվեց դեպի Վեդի հունը, իսկ վանքի մոտ թողեցին յոթ հետևակ ջոկատ և երկու հարյուր տեգավորներ։ Զինվորներն իսկույն սկսեցին քանդել այգին շրջապատող քարե պատերը։
Խեղճ վարդապետները չէին իմանում, սրբերից որին խնդրեն, որ ազատի իրենց այս փորձանքից և, համենայն դեպս, այնպիսի ուժով սկսեցին խփել վանքի զանգերը, որ բոլոր ագռավներին խրտնեցրին։ Դրանից հետո նրանք սաղմոս ու շարական երգելով հանդիսավոր թափոր կազմեցին։
Այդ ժամանակ վանքում ապրում էր մի վարդապետ, որի անունը Խորտակող Ժան էր։ Դա մի առողջ ու ամրակազմ մարդ էր, միշտ ուրախ, ժիր ու ճարպիկ և այնպիսի ուժեղ ձայն ուներ, որ մարդու ականջ էր խլացնում, իսկ որ գլխավորն է, ձեռքից ամեն սատանայություն գալիս էր։ Նա այնպիսի արագությամբ էր պատարագ մատուցում և երեկոյան հսկում կատարում, որ վարդապետները մի անգամ երեսները չխաչակնքած՝ ժամերգությունն արդեն վերջացած էր լինում։ Կարճ ասած՝ դրա նման վարդապետ աշխարհում չէր եղել։
Ահա հենց այդ վարդապետը, երբ լսում է խաղողի այգուց եկող աղմուկը, բակ է դուրս գալիս իմանալու, թե ինչ է կատարվում։ Իսկ զինվորներն այդ ժամանակ պատը քանդել և մտել էին այգին, ուր մեծ ավերածություններ էին կատարում և փչացնում այն խաղողը, որից վարդապետները իրենց համար գինի էին պատրաստում։ Միաբան Ժանը, տեսնելով, որ գործերը վատ են, իսկույն վազեց մտավ եկեղեցին, որտեղ վարդապետները աղոթում էին ու ծոր տալով երգում։
― Տո կորեք գնացեք դուք էլ, ձեր աղոթքներն էլ, ― գոչեց հայր Ժանը, ― ավելի լավ չէր լինի, որ երգեիք՝ «Մնաք բարով կողովներ, խաղողաքաղը վերջացավ»։ Ով գիտի թշնամին արդեն քարուքանդ է արել մեր այգին։ Մենք մե՞ղք չենք, հապա մենք ի՞նչ ենք խմելու։ Մնաս բարով հավիտյան, իմ բարի գինու գավաթ։
― Այդ ինչեր է գլխիցը դուրս տալիս այս գինեմոլը, ― ասաց վանահայրը, ― շտապ հեռացրեք դրան այստեղից և մութ սենյակում փակեցեք, որ չխանգարի ժամերգությանը։
― Իսկ որ գինի չլինի, ի՞նչ անենք, ― առարկեց հայր Ժանը, ― չէ՞ որ դուք էլ, պատվարժան վանահայր, ինձնից պակաս չեք խմում կուշտ ճաշելուց հետո։ Ոչ մի կարգին մարդ չպետք է հրաժարվի կոնծաբանելուց, երբ լավ գինի կա՝ այդպես է մեր վանքի կանոնը։ Թողեք ձեր աղոթքը և լսեցեք ինչ եմ ասում․ ով գինու սիրահար է, թող գա իմ ետևից։ Երդվում եմ սուրբ Անտոնիուսի անունով, մենք էլ գինու համ չենք տեսնի, եթե չփրկենք մեր այգին։
Այս ասելուց հետո հայր Ժանը մի կողմ շպրտեց իր վերարկուն, մի ահագին խաչափայտ առավ ձեռքը, որ մարդու բռունցքի հաստություն ուներ և նիզակի չափ երկար էր։ Այդ փայտը ձեռքին դուրս վազեց եկեղեցուց և այնպիսի հարվածներ սկսեց տեղալ զինվորների գլխին, որ նրանք գլուխները բոլորովին կորցրին։ Զարմանալու բան չկա այստեղ։ Զինվորները իրենց զենքերը վայր էին դրել, որ կարողանան որքան կարելի է շատ խաղող քաղել և ուտել։ Թմբկահարները ծակել էին իրենց թմբուկները և լիքը լցրել քաղցր խաղողով։ Նույն էին արել շեփորահարները, իրենց շեփորները լիքը լցնելով հասած ու համեղ խաղողով։
Այսպես ուրեմն, մեր հայր սուրբը ըստ հին սովորության աջ ու ձախ գանակոծելով ջարդում էր կողոպտիչների գլուխները և նրանց հարյուրներով գետին տապալում։
Խաղողի վազերի տակ թաքնվածները հարված էին ստանում վզակոթերին, փախչողներին հարված էր հասցնում մեջքներին, ծառերը բարձրացողներին հարվածում էր փայտի ծայրով, և ոչ մի մարդու չէր խնայում։ Իսկ եթե մեկը գոչում էր՝ «Հայր սուրբ, ես անձնատուր եմ լինում, խնայիր ինձ», ― նա պատասխանում էր՝ «Անձնատուր եղիր, բայց էլի ես քո հոգին սատանի փայ կանեմ», և վերջացնում էր նրա հետ իր հաշիվները։
Դա իսկապես որ մի սարսափելի և նմանը չունեցող տեսարան էր։
Մեկը գոռում էր՝ «Սուրբ Վառվարե՜», մյուսը՝ «Գևո՜րգ», երրորդը՝ «Աստվածամա՜յր, ազատիր մեզ սրա ձեռքից։ Եվ այնպիսի մի աղաղակ էր բարձրացել չորս կողմը, որ վարդապետները վազեվազ դուրս եկան եկեղեցուց և սկսեցին խոստովանեցնել վիրավորներին։ Իսկ միաբանության ավելի ստորին անդամները և աբեղաները վերարկուները հանեցին, կախ արին ցանկապատից, մի֊մի մեծ դանակ առան ձեռքները և առանց երկար մտածելու Ժան վարդապետին օգնության հասան։ Դրանք էլ ետևից հարձակվեցին զինվորների վրա։ Շուտով թշնամի զորքերը ջախջախվեցին։ Այսպիսով շնորհիվ հայր սուրբ Ժանի զարմանալի քաջության, այդ օրը թշնամի զինվորներից կոտորվեցին13.622 հոգի, և վանքի այգին ազատվեց ավերումից։
==Գլուխ IX==
Այն մասին, թե ինչպես է Գրանգուզիեն պատրաստվում պատերազմելու Պիկրոշոլի հետ
Այդ նույն ժամանակ անեն բանից բոլորովին անտեղյակ բարեսիրտ Գրանգուզիեն բուխարու մոտ նստած՝ խանձված փայտի ծայրով խզբզում էր հատակի վրա և, տասներորդ անգամ պատմելով իր կնոջն ու տնեցիներին անցած֊գնացած ժամանակի պատմություններ, սպասում էր, որ շագանակները բուխարիում խորովվեն։
Հանկարծ ներս է մտնում Պիլո անունով մի հովիվ և ամեն բան պատմում նրան։ Ասում է, թե Պիկրոշոլ թագավորը ավերել է ամբողջ երկիրը, անվնաս է մնացել միայն մի այգի, որ փրկել է հայր սուրբ Ժանը։ Այժմ Պիկրոշոլ թագավորը անցել է արդեն Վեդու հունը, գրոհ տալով վերցրել է Լայ֊Ռոշ֊Կլերմո քաղաքը, որտեղ և ամրացել է իր զորքով։
― Ա՜յ, ա՜յ, բարի մարդիկ, այդպես էլ բան կլինի, ― ասաց Գրանգուզիեն, ― Պիկրոշոլը իմ հին բարեկամն ու դաշնակիցը հարձակվում է ինձ վրա, դա հնարավո՞ր բան է։ Ո՞ւմ խորհրդով է նա դա անում։ Ո՜հ, տեր իմ, օգնիր ինձ, մի ճանապարհ ցույց տուր, ի՞նչ անեմ։ Ախր Պիկրոշորլին ես ոչ մի վատ բան չեմ արել, ընդհակառակը, միշտ օգնել եմ նրան թե՛ փողով, թե՛ խորհրդով և թե զորքով։ Մի՞թե ես պետք է այժմ իմ ծերության օրոք պատերազմի դուրս գամ։ Մի՞թե ես պետք է այժմ իմ հոգնած մարմինը զրահով պատեմ և դողդոջուն ձեռքս նիզակ առնեմ իմ երկիրը պաշտպանելու համար։ Ո՛չ, ո՛չ, պետք է ամեն միջոց գործ դնել, որ այս գործը խաղաղությամբ վերջանա, այսպես է իմ հաստատուն վճիռը։
Այնուհետև Գրանգուզիեն խորհրդի նիստ հրավիրեց և հայտնեց վիճակը։ Վճռվեց մի բանիմաց և զգույշ մարդ ուղարկել Պիկոշորլի մոտ իմանալու, ինչու է նա այդպես անակնկալ խախտել խաղաղությունը և ներխուժել ուրիշի երկիրը։ Բացի այդ, որոշեցին Փարիզից ետ կանչել Գարգանտյուային, որ հարկ եղած դեպքում օգնի Պիկրոշոլի հախից գալու։
Գարգանտյուային մի երկար նամակ գրեցին, իսկ Պիկրոշոլի մոտ որպես դեսպան ուղարկեցին Ուլրիխ Գալլեին, որ մի իմաստուն ու համեստ մարդ էր և որին շատ անգամ էր ապավինել Գրանգուզիեն իր կյանքի ամենադժվար րոպեներին։ Այդ բարի մարդը անմիջապես ճանապարհ ընկավ, բարեհաջող անցավ գետն ու հարցուփորձ արավ այնտեղի ջրաղացպանին, թե ինչ է պատահել այդ կողմերում։
― Ինչ ասեմ, ― պատասխանեց ջրաղացպանը, ― վայն եկել է մեզ տարել, այդ անիծվածները ինձ մոտ ոչ աղ են թողել, ոչ մաղ, ինչ կար չկար, բոլորը տարել են։ Հիմա նրանք փակվել նստել են Լյա֊Ռոշ֊Կլերմո քաղաքում և ձեզ խորհուրդ չէի տա գիշերով գնալ այնտեղ։ Կարող եք պահակի հանդիպել և ձեր գլխին մեծ փորձանք բերել։
Գալլեն գիշերեց ջրաղացպանի մոտ և առավոտյան իր փոխհարի հետ միասին մոտեցավ բերդի դարպասին։ Փողհարը փչեց փողը, և Գալլեն պահանջեց, որ իրեն թույլ տան գնա Պիկրոշոլի մոտ մի շատ կարևոր գործով։ Թագավորը, սակայն, թույլ չտվեց, որ բերդի դարպասը բանան, նա ինքը դուրս եկավ պարսպի վրա և հարցրեց դեսպանից։
― Ի՞նչ նոր բան կա, ի՞նչ եք ուզում ինձ ասել, ասացեք։
Դեսպանը պատասխանեց թագավորին մի երկար ճառով, որի մեջ համոզում էր Պիկրոշոլին խելքի գալ և վերջ դնել իր տմարդի վարմունքին։ Դեսպանը հավատացնում էր Պիկրոշոլին, որ Գրանգուզիեն ո՛չ խոսքով և ո՛չ էլ գործով նրան ոչ մի վնաս չի հասցրել, եղել է միշտ լավ բարեկամ ու լավ հարևան և նրա համար չի խնայել ոչ մի բան։ Դեսպանը վերջացրեց իր խոսքը պահանջելով, որ Պիկրոշոլը անմիջապես վերադառնա իր երկիրը, իսկ պատերազի պատճառած վնասների համար վճարի Գրանգուզիեին հազար ոսկի։ Հինգ հարյուր ոսկին դեսպանն առաջարկում էր վճարել վաղը, իսկ մնացած հինգ հարյուրը՝ եկող մայիսին։ Որպես պատանդ Գալլեն պահանջում էր դուքս դը Տուրնեմուլին<ref>Տուրնեմուլ ֆրանսերեն նշանակում է «ջրաղացքար դարձնող» (անշնորհք, ծանրաշարժ)։</ref> և իշխան դը Գրատելին։<ref>Գրատել ֆրանսերեն նշանակում է «քոսոտ», «զզվելի»։</ref>
Երբ Ուլրիխ Գալլեն լռեց, նրա ամբողջ ճառին Պիկրոշոլը միայն մի պատասխան տվեց։
― Շատ լավ, եկեք ստացեք, եկեք ստացեք, ձեզ այնպես ստանալ ցույց կտանք, որ եկած ճամփաներդ մոռանաք և այնպիսի կարկանդակ ուտեցնենք, որ կոկորդներումդ կմնա։
Գալլեն դատարկաձեռն վերադարձավ իր թագավորի մոտ։
― Ի՞նչ կասես, բարեկամ, ի՞նչ լուր ես բերել ինձ համար, ― հարցրեց նրան Գրանգուզիեն։
― Դժվար է նրան բան հասկացնել, ― պատասխանեց Գալլեն, ― կարծես խելքը կորցրել է։
― Երևում է, որ կորցրել է, ― տրտում ու տխուր ասաց Գրանգուզիեն, ― բայց իմացա՞ք գոնե, ինչու է մեզ վրա հարձակվել։
― Դրա մասին նա ոչինչ չասաց, ― պատասխանեց Գալլեն, ― միայն ինչ֊որ կարկանդակների մասին մի բան ասաց։ Չլինի՞ թե մեկն անպատվել է նրա կարկանդակագործներին։
― Այդ մենք պետք է պարզենք, ― մտախոհ ասաց Գրանգուզիեն, ― անկարելի բան է, որ առանց պատճառի նա հարձակվեր մեզ վրա։
Քննությունն սկսեցին, և պարզվեց, որ իսկապես Պիկրոշոլի կարկանդակագործներից զոռով հինգ դյուժին կարկանդակ են առել, թեև այն էլ պետք է ասել, որ կարկանդակների գինը վճարել են և Մարկեն առաջինն ինքն է մտրակով հարվածել խեղճ Ֆորժիեին։
Խորհուրդը վճռեց, որ Գրանգուզիեն պետք է պաշտպանվի։
Բայց Գրանգուզիեն պատասխանեց․
― Քանի որ հարցը մի քանի կարկանդակների մասին է, ես կաշխատեմ գործը խաղաղությամբ վերջացնել։ Ոչ մի ցանկություն չունեմ ծերությանս հասակում պատերազմ վարել։
Նույն այդ գիշեր Գրանգուզիեն հրամայեց հինգ սայլ շատ լավ կարկանդակ պատրաստել և դրա համար գործածել ամենալավ յուղը և ուզածի չափ ձվի դեղնուց ու շաքար։
Մարկեի վերքերն կապող սափրիչներին վարձատրելու համար Գրանգուզիեն հատկացրեց 700.003 ոսկի, իսկ իրեն՝ Մարկեին, պարգևեց Լյա֊Պոմարդիեր ավանը, որպես մշտական սեփականություն։
Գալլեն էլ նորից հրաման ստացավ կարկանդակները հետն առած գնալ Պիկրոշոլի մոտ, որպեսզի գործը խաղաղությամբ վերջացնի։
Ճանապարհին Գալլեն կարգադրեց ծառի կանաչ ճյուղեր կտրտել և յուրաքանչյուր սայլապանի ձեռքը մի֊մի ճյուղ տալ։ Մի ճյուղ էլ ինքը Գալլեն վերցրեց։ Դրանով նա ուզում էր ցույց տալ, որ եկել են խաղաղություն խնդրելու և ոչ մի ցանկություն չունեն պատերազմելու։
Երբ հասան քաղաքի դարպասի մոտ, Գալլեն նորից խնդրեց, որ իրեն թույլ տան գնա Պիկրոշոլի մոտ։
Բայց այս անգամ Պիկրոշոլն ամենևին չցանկացավ խոսել Գալլեի հետ և հրամայեց ասել նրան, որ ինչ ասելիք ունի թող ասի կապիտան Տուկդիլիոնին, որն այդ ժամանակ պարսպի վրա թնդանոթներ էր լցնում։
― Պարոն, ― ասաց Գալլեն Տուկդիլիոնին, ― իմ տերը, Գրանգուզիեն, չի ցանկանում, որ կարկանդակների պատճառով մեր և ձեր մեջ թշնամություն լինի։ Այն հինգ դյուժին կարկանդակների փոխարեն, որ մեր հովիվները զոռով առել են ձեզանից, մենք վերադարձնում ենք ձեզ ամբողջ հինգ սայլ ամենալավ տեսակի կարկանդակներ։ Ահա այս կարկանդակները, բարեհաճեցեք ընդունել։ Բացի այդ, մենք առաջարկում ենք ձեզ 700.003 ոսկի, իսկ վիրավորված կարկանդակագործին պարգևում ենք Լյա֊Պոմարդիներ ավանը։ Եկեք հաշտվեք ու խաղաղ ապրենք։ Թողեք մեր բերդը և գնացեք ձեր տները, մենք առաջվա պես լավ բարեկամներ կլինենք։
Տուկդիլիոնը զեկուցեց Պիկրոշոլ թագավորին Գալլեի ասածը։
Զեկուցելիս Տուկդիլիոնը բարձր ծիծաղելով ասում էր․
― Այդ ողորմելի ռամիկները, աստված վկա, վախից սրտաճաք են եղել, իսկ Գրանգուզիեն, այդ խղճուկ հարբեցողը, ահ ու սարսափից գլուխը բոլորովին կորցրել է։ Կոնծելում նա շատ քաջ է, բայց երբ բանը հասնում է կռվի, շատ է խեղճանում։ Չգիտեմ դուք ինչպես կհրամայեք, տեր արքա, իսկ ես այն կարծիքին եմ, որ կարկանդակները պետք է վերցնենք, իսկ պատերազմը իր կարգով շարունակենք։ Մի՞թե նրանք իսկապես կարծում են, թե կարող են մեզ խաբել իրենց մի քանի կարկանդակներով։ Ինչպես երևում է, նրանք ոչ մի հարգանք չունեն ձեր նկատմամբ։
― Այդպես հա՞, ― պատասխանեց թագավորը, ― սուրբ Հակոբը գիտենա, ես նրանց փոշին քամուն կտամ։ Ինչպես ասացիք, այնպես էլ արեք։
― Բայց ես պետք է ձեզ նախազգուշացնեմ, տեր արքա, ― ասաց Տուկդիլիոնը, ― որ պարեն քիչ ունենք, եթե Գրանգուզիեն բերդը պաշարի, գործներս շատ վատ կլինի։
― Եղած պարենը բավական է, ― պատասխանեց Պիկրոշոլը, ― մենք այստեղ պատերազմելո՞ւ ենք ելել, թե ուտելու։
― Իհարկե, պատերազմելու, ― ասաց Տուկդիլիոնը, ― բայց սոված փորով պատերազմել չի լինի։
― Վերջ տվեք ձեր շատախոսությանը, ― ասաց Պիկրոշոլը, ― գնացեք, ինչ բերել են վերցրեք։
Եվ այսպես էլ արեցին։ Հինգ սայլի բեռները ամբողջապես վերցրին, վերցրին նաև ոսկին, իսկ մարդկանց ազատ արձակեցին, խստորեն պատվիրելով մյուս անգամ բերդին չմոտենալ։ Այսպես ուրեմն, Ուլրիխ Գալլեն երկրորդ անգամ լուր բերեց Գրանգուզիեին, թե ոչ մի հույս չկա խաղաղությունը վերականգնելու և թե անհրաժեշտ է Պիկրոշոլի դեմ կյանքի ու մահու պատերազմի դուրս գալ։