«Վահե Քաչա»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Jump to navigation Jump to search
Content deleted Content added
No edit summary
 
(9 intermediate revisions by 4 users not shown)
Տող 1. Տող 1.
{{Հեղինակ
'''ՎԱՀԵ ՔԱՉԱ'''
|լրիվ անուն = Վահե Քաչա
|դասակարգում =
|սկզբնատառ = Ք
|ծնվել է = 1928
|մահացել է = 2003
|նկարագրություն =
}}
{{DEFAULTSORT:Քաչա, Վահե}}
==Գրքեր==
*[[«Գիշատիչների_խնջույքը»]]
**[[Արարչի ութերորդ օրը]]
**[[Գիշատիչների խնջույքը]]
**[[Ակն ընդ ական]]
**[[Գավազանը]]
<br>
*[[Դեւը արթնացավ]]


<nowiki>Մուտքագրեք չձևավորված տեքստը այստեղ</nowiki>==*==




[[Կատեգորիա:Հեղինակներ-Ք|{{{դասակարգում}}}]]
«Այդ տղայի անունը գրված էր ձյան վրա,
[[Կատեգորիա:Հեղինակներ]]

[[Կատեգորիա:Ֆրանսիական գրականություն]]
արևն այն հալեցրեց, իսկ ջուրը տարավ»:

==ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ==
&nbsp;&nbsp; Երկու շաբաթ անձրևելուց հետո արևը երևաց: Ես կնոջս ուղեկցում եմ կայարան: Նա գնացքով մեկնելու է Նիցցա, ուր մի շաբաթ հետո կմիանամ նրան, երբ Մորեստը Փարիզում կլինի ու կաշխատի կլինիկայում: Ամեն տարի այս ժամանակ իմ հիվանդներին վստահում եմ նրանև մեկ ամսով արձակուրդ եմ վերցնումև մեկնում դեպի Կոտ դ՝Ազյուր, որտեղ ամառանոց ունեմ: Մորեստը շնորհալի վիրաբույժ է, աշխատում է Լիոնի հիվանդանոցներից մեկում: Նա Փարիզը սիրում է օգոստոս ամսին: Աշխատանքն էլ ծանր չէ. երեսուն օրվա ընթացքում չորս կամ հինգ վիրահատություն:

&nbsp;&nbsp; Սյուզանը տեղավորվում է կուպեում: Նրան մի քանի թերթ եմ բերում. ճանապարհորդությունը երկար է: Մեծ ցանկություն ունեմ նրա կողքին մնալ, և թողնել, որ վագոնը ինձ հասցնի մինչև ծով: Եվս մեկ շաբաթ համբերություն, և ես մեքենայով կլինեմ այնտեղ: Սյուզանը ժամանակ կունենա բնակարանը կարգի բերելու: Նա կարող էր մինչև այս անձրևոտ շաբաթները գնալ, բայց գերադասեց մնալ ինձ հետ, և ես ասացի, որ բախտս բերում է: Քսան տարի է անցել մեր ամուսնությունից, բայց նրա աչքերի փայլը դեռ չի փոխվել: Մեր զգացմունքները՝ նույնպես: Քառասունութ տարեկան եմ, սակայն նույն ջերմությամբ եմ սիրում նրան:

&nbsp;&nbsp; - Դու միանգամի՞ց կգաս հիվանդանոց:

&nbsp;&nbsp; - Ժամը ութն է: Հինգ րոպեից քո գնացքը մեկնում է: Ես գոնե մեկ անգամ տիկին Կորբյեից առաջ կմտնեմ հիվանդանոց:

&nbsp;&nbsp;Տիկին Կորբյեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է ինձ հետ: Նա բոլոր վիրահատությունների ժամանակ օգնում է ինձ: Նրա ներկայությունը հուսադրող է:

&nbsp;&nbsp;- Մնաց երկու րոպե:

&nbsp;&nbsp;Օգոստոսի այս օրերին Լիոնի կայարանը լեփ-լեցուն է: Գնացքներն իրար ետևից մեկնում են: Ուղևորները լի են երջանիկ անհամբերությամբ: Լրագրավաճառուհին պաշարված է ճամպրուկներով և ճանապարհորդներով: Շուրջս տիրող այս եռուզեռը ի վերջո արբեցնում է ինձ: Ես նույնիսկ ներողամտորեն թույլ եմ տալիս, որ ինձ հրեն:

&nbsp;&nbsp;- Ցտեսությո՛ւն:

&nbsp;&nbsp;Վերջին անգամ սեղմում եմ Սյուզանի ձեռքը: Գնացքը դանդաղ սահում է ռելսերի վրայով: Եվս մի սուլոց, և ես նստած եմ իմ մեքենայի մեջ, հանգստացած գլխով ու երջանիկ, որ ապրում եմ: Մի շաբաթ հետո ես նորից կտեսնեմ ծովը և ինձ համար այնքան սիրելի ծովափը:

&nbsp;&nbsp;Իմ կլինիկան Բուլոնյան անտառի մոտ է: Ծանրաբեռնված երթևեկության պատճառով մեքենան դանդաղ եմ վարում: Կարծես բոլոր մեքենաներն այսօր ժամադրվել են Լիոնի կայարանի մոտ: Կես ժամ է պետք, որպեսզի հասնեմ Սեն-Լազար: Ես կանգնում եմ կրպակի առջև և մի գավաթ գարեջուր խմում: Արևը, որ երկու շաբաթ խռովել էր, այժմ բաց թողածը փայլուն կերպով լրացնում է: Ամեն ինչ տոնական տեսք ունի: Թուլացնող մթնոլորտ: Դյուպոնի մոտ վաղ առավոտից հոսում է գարեջուրը: Երիտասարդներն իրենց ճամպրուկներով հավաքվել են երաժշտական մեքենայի շուրջը: Նրանք սպասում են, որ մեկնելու ժամը հասնի: Շրթունքներս թրջում եմ փրփրոտ գարեջրով: Ինձ թվում է, թե քսան տարեկան եմ:

*

&nbsp;&nbsp;Ի~նչ համեմատություն փողոցների երթևեկության հետ: Այստեղ կատարյալ լռություն է: Բուժքույրերը քայլում են ոտքի ծայրերին, և երբեք նրանց ձայնն այսքան հեռավո չի թվացել, երբ կողքովս անցնելիս շշնջում են.

&nbsp;&nbsp;- Բարև, բժիշկ...

&nbsp;&nbsp;Մի դուռ եմ բացում: Հիվանդը, որին երկու օր առաջ եմ վիրահատել, ձեռքերը կրծքին խաչած, պառկած է: Նա սպասում է: Մենք սպասում են վերքի վերջնական սպիացմանը: Գանգի վնասված էր: Վիրահատումն օգնեց... Դուռը զգույշ ծածկում եմ: Երեք հիվանդ կողքի սենյակում են: Ես վախենում եմ նրանց արթնացնել, ուստի գնում եմ իմ աշխատասենյակը: Մի պահ թեքվում եմ պատուհանին: Աղջիկների մի խումբ մտնում է անտառ: Նրանց աղաղակներն արձագանքի պետս հասնում են ինձ և հազարավոր զգացումներ արթնացնում: Ըստ երևույթին, հիվանդանոցն այսօր ընկճեց ինձ: Արձակուրդի կարիք եմ զգում: Այս պահին Սյուզանը պետք է հասած լինի Սանս:

&nbsp;&nbsp;- Բարև, բժիշկ:

&nbsp;&nbsp;Տիկին Կորբյեն է: Նա զարմացած չէ, որ առավոտ շուտ իրեն աշխատասենյակում է տեսնում: Սովորաբար ես կլինիկա եմ գալիս կեսօրվա մոտ: Մեծ մասամբ, եթե անհրաժեշտություն չի լինում, վիրահատում եմ կեսօրից հետո, մոտ ժամը երկուսին:

&nbsp;&nbsp;- Տիկինը մեկնե՞ց:

&nbsp;&nbsp;- Հենց նոր ուղեկցեցի կայարան:

&nbsp;&nbsp;Տիկին Կորբյեն ծնվել է հիվանդապահ լինելու համար: Նա այդ գործի բոլոր տվյալներն ունի. կանոնավոր դիմագծեր, լավ առողջություն, մշտաժպիտ և նվիրված: Եկող շաբաթվանից մեկ ամիս արձակուրդ է վերցնելու:

&nbsp;&nbsp;- Առայժմ, բժիշկ:

&nbsp;&nbsp;Բաց պատուհանից ինձ են հասնում աղմուկն ու ծիծաղը: Մի սիգարեթ եմ վառում:

*
&nbsp;&nbsp;Նոր սիգարեթ վառելու պահին, մի ծանոթ աղմուկ ճեղքում է օդը. ոստիկանության ազդանշանն է: Հավանաբար դժբախտ պատահար է: Ես չեմ շարժվում՝ հուսալով, որ աղմուկը կհեռանա: Մեքենան կանգնում է: Ազդանշանը շարունակվում է: Մի քանի ոստիկան եմ նկատում: Մեքենան ներս թողնելու համար բացում եմ դարբասը:

&nbsp;&nbsp;- Բժի՛շկ:

&nbsp;&nbsp;Տիկին Կորբյեն բացում է դուռը: Ոստիկանական մեքենան կլինիկայի առջև հազվադեպ է կանգնում:

&nbsp;&nbsp;- Գալիս եմ:

&nbsp;&nbsp;Միջանցքում սպասում եմ բարձրացող վերելակին: Դռները բացվում են պատգարակի
վրա: Արյունոտ գլխով մի մարդ է պարկած:

&nbsp;&nbsp;- Ավտովթար է, - ասում է ոստիկանը: - Կարծում եմ, լուրջ է, անհետաձգելի: Եվ քանի որ ձեր կլինիկան ընկած էր մեր ճանապարհին...

&nbsp;&nbsp;Երկու հիվանդապահ ավտովթարի ենթարկվածին տանում են վիրահատման սրահ: Տիկին Կորբյեն գործիքներն արդեն պատրաստել է: Ես զննում եմ վիրավորին: Տղամարդ է, երեսունին մոտ: Նա տեսքից ամուր է, բայց լուրջ է վնասվածքը: Գանգի ճեղքվածք: Արյունը լերդացել է մազերին: Զննում եմ մոտիկից: Դեռ շնչում է: Պետք է բացել գանգը: Հարկավոր է շտապել: Հագնում եմ խալաթը, ձեռնոցները: Ես պատրաստ եմ: Անհրաժեշտ է մաքրել լերդացած արյունը, փոշին, փշրված ոսկորները ...

&nbsp;&nbsp;Գլուխս բարձրացնում են: Տիկին Կորբյեի հայացքը հանդիպում է ինձ: Մի անզոր շարժում: Մարդն արդեն մահացած է: Գործիքներն առանց օգտագործելու դնում եմ տեղը:

&nbsp;&nbsp;- Հայտնեք ոստիկաններին:

&nbsp;&nbsp;Ես նայում եմ վիրահատման սեղանին դրված այս անշարժ զանգվածին: Նայում եմ այս մահացած մարդուն ու մտածում կայարանի անցուդարձի և այն ծիծաղող աղջիկների մասին, որոնք վազում են անտառում: Կոպերը փակելուց առաջ, նկատում եմ, որ նրա աչքերը կապույտ են:

&nbsp;&nbsp;- Ոստիկանները գնացել են: Նրանց ասել էին, որ վիրահատությունը երկար կտևի:

&nbsp;&nbsp;Ես նույնիսկ չեմ բողոքում: Ի՞նչ օգուտ:

&nbsp;&nbsp;- Ընտանիքին հայտնեք:

&nbsp;&nbsp;Նրա փաստաթղթերը դրված են սեղանին, հեռախոսի մոտ: Թերթում եմ: Մարկ Դյուման, ծնվել է 1927 թվականի մարտի 2-ին, ինժիներ, բնակվում է Ալեզիա փողոցում: Հեռախոս՝ GOB-40-17:

&nbsp;&nbsp;Տիկին Կորբյեն արդեն հավաքում է համարը: Նրա մատները չեն դողում: Հեռախոսի սկավառակը դանակի պես չոր աղմուկով պտտվում է:

&nbsp;&nbsp;- Ալո, GOB-40-17 է՞:

&nbsp;&nbsp;Վերցնում է լսափողը: Պատասխանում է կանացի մի ձայն: Տիկին Կորբյեն հազում է: Նա հուզվում է ավելի, քան ենթադրում եմ:

&nbsp;&nbsp;- Տիկին Դյումա՞նն է լսում:

&nbsp;&nbsp;- Ես եմ:

&nbsp;&nbsp;- Դոկտոր Քերլյանի կլինիկայից է:

&nbsp;&nbsp;Հեռախոսալարի մյուս ծայրում ձայնը փոխվում է:

&nbsp;&nbsp;- Կլինիկայից: Ինչո՞ւ:

&nbsp;&nbsp;Տիկին Կորբյեն վարանում է:

&nbsp;&nbsp;- Կուզե՞ք հասցեն վերցնել: Բուլվար Մորիս Բարես, Նոյիյում:

&nbsp;&nbsp;- Ինչո՞ւ, ինչո՞ւ:

&nbsp;&nbsp;- Ձեր ամուսինը քիչ առաջ ավտովթարի է ենթարկվել: Կուզե՞ք այստեղ գալ:

&nbsp;&nbsp;- Մա՞րկը:

&nbsp;&nbsp;- Դուք հասցեն վերցրի՞ք: Ես կրկնում եմ:

&nbsp;&nbsp;- Վնասվածքը լո՞ւրջ է:

&nbsp;&nbsp;- Մենք ձեզ սպասում ենք:

&nbsp;&nbsp;- Մի՛ կախեքմ, ասե՛ք իձն... Ես հենց հիմա կգամ:

&nbsp;&nbsp;Տիկին Կորբյեն դանդաղ իջեցնում է լսափողը:

*

&nbsp;&nbsp;Պատուհանի մոտ տագնապով սպասում եմ տիկին Դյումանին: Կեսօր է: Սյուզանը պետք է հասած լինի Լիոն: Այս ժամին անցորդները հազվադեպ են փողոցում: Ծառուղիով մի քանի հեծյալներ են վարգում: Հանկարծ մի տաքսի է կանգնում կլինիկայի մոտ: Սրտի տրոփյունով տեսնում եմ, թե ինչպես մի կին է իջնում: Վարորդի հետ հաշիվը փակելիս հայացքը չի կտրում կլինիկայից: Նետվում է դեպի մուտքը: Տիկին Կորբյեն ընդունարանում սպասում է նրան: Բուժքրոջը խնդրել էի Մարկի վերքը մաքրել և գլուխը մաքուր վիրակապով փաթաթել: Անցնում է մի քանի րոպե: Ես հետևում եմ վերելակի աղմուկին: Ինչո՞ւ չի բարձրանում: Նրա ամուսնու մարմինը հարևան սենյակում է: Անվերջ թվացող հինգ րոպե: Հետո՛ քայլերի ձայն եմ լսում: Տիկին Կորբյեն է: Նա այլայլված է: Նրան երբեք այդ վիճակում չեմ տեսել:

&nbsp;&nbsp;- Ուզում էր ինքնասպանություն գործել:

&nbsp;&nbsp;Լռություն:

&nbsp;&nbsp;- Լուրը նրան ինչպե՞ս հայտնեցիք:

&nbsp;&nbsp;- Բերանս դեռ չէի բացել, արդեն գուշակեց: Կարծում եմ քույրերից մեկն է ասել: Ընդունարան մտնելուն պես նետվեց դեպի պատուհանը: Ես ճիշտ ժամանակին բռնեցի նրան: Ի՞նչ անենք: Նա ցնցված է ...

&nbsp;&nbsp;Լռեց: Ավելի լավ է ես խոսեմ հետը:

&nbsp;&nbsp;- Բերեք իմ աշխատասենյակը:

&nbsp;&nbsp;Քիչ հետո դուռը բացվում է: Տիկին Դյումանը ներս է մտնում: Երիտասարդ է, քսանհինգ տարեկան: Նա բռնել է ստամոքսը, շնչահեղձ է լինում: Նրա աչքերը չոր են: Ես խոսք չեմ գտնում ասելու:

&nbsp;&nbsp;- Ձեր ստամոքսը ցավո՞ւմ է:

&nbsp;&nbsp;Նա բացասաբար շարժում է գլուխը: Նրա վարքը տարօրինակ է թվում ինձ: Մոտենում եմ, շոշափում որովայնը: Մկանները կծկված են, ինչպես կույր աղիի նոպան բռնելիս: Տիկին Կորբյեն նայում է ինձ:

&nbsp;&nbsp;- Նստեցեք, խնդրեմ:

&nbsp;&nbsp;Նրա շրթունքները սեղմվում են.

&nbsp;&nbsp;- Ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ:

&nbsp;&nbsp;Մնում է քարացած: Չի շարժվում: Բաց գույնի շրջազգեստով նման է արձանի: Դիմագծերը նուրբ են: Անշարժ աչքերը չեն լքում ինձ: Ժամանակն է, որ ես մի երկու խոսք ասեմ:

&nbsp;&nbsp;- Երեխաներ ունե՞ք:

&nbsp;&nbsp;Ոչ մի արձագանք: Տիկին Կորբյեն տարուբերում է գլուխը: Երեխաներ չունի: Կարիք կա՞ ճշմարտությունն ասելու: Հանկարծ մի անսովոր կայծ է փայլում նրա աչքերում: Այդ առկայծումը ծանոթ է ինձ: Ես համոզված եմ. լուրը լսելիս, այդ փխրուն կինը, որ ցավագին բռնել է փորը, ինքնասպանություն չի գործի: Իմ պատուհանը բաց է: Նրա մկանները կծկված են: Ես վախենում եմ նրա ջղերից: Կդիմանա՞ն արդյոք հարվածին: Ես լրջորեն վախենում եմ: Արդյոք դրանից հետո տիկին Կորբյեն ստիպված չի՞ լինի խելագար հանելու այս սենյակից: Հիմա ես միայն մի ելք եմ տեսնում: Մի քանի ժամից հետո կպարզվի, թե ինչ կլինի: Ես դժվարությամբ արտասանում եմ.

&nbsp;&nbsp;- Ձեր ամուսինը դեռ ողջ է:

*

&nbsp;&nbsp;Թեթևություն է իջնում: Նա ընկնում է բազկաթոռին: Վերցնում է իմ առաջարկած սիգարեթը: Ձեռքերը դողում են: Ես կուզեի նրան տեսնել արցունքներով ողողված: Լացը կթեթևացներ: Բայց նրա աչքերը մնում են չոր: Երբեմն-երբեմն չար բռնկումներ են երևում այնտեղ:

&nbsp;&nbsp;- Վիրահատե՞լ եք:

&nbsp;&nbsp;- Ոչ:

&nbsp;&nbsp;Խուզարկու հայացքով նայում է ինձ: Ավելացնում եմ.

&nbsp;&nbsp;- Կոմայի մեջ է:

&nbsp;&nbsp;- Կարո՞ղ եմ նրան տեսնել:

&nbsp;&nbsp;Մի պահ վարանում եմ:

&nbsp;&nbsp;- Ուզում եմ նրան տեսնել, բժիշկ:

&nbsp;&nbsp;- Եկեք:

&nbsp;&nbsp;Առաջնորդում եմ նրան միջանցք: Բացում եմ դուռը: Մարկը, փաթաթված գլխով, ընկած է մահճակալին: Ասես քնած լինի: Կինը մի քայլ է անում դեպի մահճակալը, կանգնում, դառնում է ինձ.

&nbsp;&nbsp;- Ե՞րբ եք մտադիր վիրահատել: Արդյոք անհրաժե՞շտ է:

&nbsp;&nbsp;Ճերմակ սավանները, մաքուր վիրակապը, Մարկի հագուստն այնպես է դասավորված աթոռին, որ կարծես պետք է օգտագործվեն և դրանով էլ հույս են ներշնչում:

&nbsp;&nbsp;Կինը թեթևացած վերադառնում է իմ աշխատասենյակը: Նորից հարցնում.

&nbsp;&nbsp;- Արդյոք վիրահատությունը անհարժե՞շտ է:

&nbsp;&nbsp;Մեղավո՞ր եմ ստելուս համար: Ինչպիսի՞ն կլինի հակազդեցությունը ճշմարտությունը լսելու պահին: Հակասական մտքերը բախվում են իմ ուղեղում: Քանի~ տարի է, որ չէի վարանել: Ճշմարտությո՛ւնը, իսկույնևե՛թ:

&nbsp;&nbsp;Մի մեծ հոգնություն պարուրում է ինձ: Ես խղճում եմ այս գեղեցիկ, երիտասարդ, սիրազեղ կնոջը: Անձրևին հաջորդած այս արևի հետ մահն ավելի ողբերգական է թվում: Ես պատասխանում եմ.

&nbsp;&nbsp;- Առայժմ վիրահատումը կարելի է հետաձգել: Բայց պետք է ձեզ հայտնեմ, որ նրա վիճակը լուրջ է:

&nbsp;&nbsp;- Բայց և այնպես դուք նրան կբուժեք: Նա դուրս կգա այդ վիճակից...

&nbsp;&nbsp;Լռում եմ:

&nbsp;&nbsp;- Մարկը երիտասարդ է և ամրակազմ: Այս առավոտ մեքենա նստելիս...

&nbsp;&nbsp;Նա հանկարծ լռում է:

&nbsp;&nbsp;- Լսեք: Վերադարձեք տուն: Ձեր հեռախոսի համարը գիտեմ: Այս երեկոյից սկսած ձեր
նորություններ կհայտնեմ:

&nbsp;&nbsp;Նա միանգամից վեր է կենում և կարծես գլխի ընկնելով, որ իմ աշխատասենյակը սպասասրահ չէ, ուղղվում է դեպի դուռը:

&nbsp;&nbsp;- Խոստանում եմ ձեզ զանգահարել:

&nbsp;&nbsp;Չեմ համարձակվում ավելացնել՝ «հանգիստ եղեք»:

&nbsp;&nbsp;- Ես չեմ կարո՞ղ Մարկի կողքին մնալ:

&nbsp;&nbsp;- Խոհեմ եղեք:

&nbsp;&nbsp;- Ես նրան չեմ անհանգստացնի:

&nbsp;&nbsp;- Անկարելի է:

&nbsp;&nbsp;Նա շարժում է շրթունքները, պտտում բռնակը: Մնում է միջանցքում, պատին կպած, Մարկի սենյակի դիմաց:

&nbsp;&nbsp;Մեկ ժամ հետո տիկին Կորբյեն մտնում է իմ աշխատասենյակ:

&nbsp;&nbsp;- Նա դեռ այնտեղ է, բժիշկ: Ի՞նչ անեմ:

&nbsp;&nbsp;- Դեռ համբերեք:

&nbsp;&nbsp;Գնում եմ հիվանդներին նայելու:

&nbsp;&nbsp;Միջանցքում կանգնած է տիկին Դյումանը՝ ձեռքերը մեջքին, պատին հենված: Նրա հայացքը դատարկ է: Ես անցնում եմ նրա կողքով, առանց որևէ ուշադրություն շարժելու:

&nbsp;&nbsp;Իմ ստուգայցը երկար չի տևում: Աշխատասենյակի մոտ տիկին Դյումանը դառնում է ինձ.

&nbsp;&nbsp;- Բժիշկ, դուք չե՞ք քննելու իմ ամուսնուն:

&nbsp;&nbsp;Մնում եմ տեղումս մեխված: Վերականգնում եմ սառնասրտությունս:

&nbsp;&nbsp;- Այսօր կեսօրից հետո նրան կնայեմ: Դուք չեք ուզո՞ւմ վերադառնալ տուն:

&nbsp;&nbsp;Չի պատասխանում:

&nbsp;&nbsp;- Եկեք միասին նախաճաշենք: Երկուսն անց է:

&nbsp;&nbsp;- Քաղցած չեմ:

&nbsp;&nbsp;Չեմ ստիպում: Առանց ախորժակի գնում եմ նախաճաշելու:

&nbsp;&nbsp;Ժամը չորսն է: Մի քանի նշումներ եմ կատարում 18-րդ դարի վիրաբուժության վերաբերյալ: Նոյեմբերին կայանալիք խորհրդակցության համար հարկավոր է տվյալներ ճշտել:

&nbsp;&nbsp;Փողոցում երթևեկությունն աշխուժացել է: Մեքենաներն շտապում են դեպի հարավային խճուղի: Բոլորը մեկնում են: Մի քանի օր հետո լքված Փարիզը կմնա տուրիստներին: Քիչ առաջ Լիոնից զանգահարեց Մորեստը: Հինգ օր հետո նա կլինի Փարիզում, և ես հնարավորություն կունենամ նախատեսված ժամկետից շուտ մեկնել:

&nbsp;&nbsp;Հանկարծ հիշում եմ տիկին Դյումանին: Արդյոք նա Փարիզում է մնալո՞ւ: Ազգականներ ունի՞: Վեր եմ կենում: Բացում եմ դուռը: Պետք է վերջ տալ այս ամենին: Արդյոք իմ կողմից ստորություն չէ՞ նրան զուր հույսերով սնելը: Նրա ամուսինը մեռած է: Ամեն ինչ վերջացած է: Ես նրան տեսնում եմ նախկին դիրքով, ոտքի վրա: Տիկին Կորբյեի տված ամսագրերը ընկած են աթոռին: Նրա հայացքն ինձ վախեցնում է:

&nbsp;&nbsp;- Կբարեհաճեի՞ք մտնել:

&nbsp;&nbsp;Ափսոսանքով անջատվում է պատից ու մտնում իմ աշխատասենյակը: Ցույց եմ տալիս բազմոցը: Նստում է:

&nbsp;&nbsp;- Դուք իմ գործը դժվարացնում եք:

&nbsp;&nbsp;- Ինչո՞ւ:

&nbsp;&nbsp;Իսկապես, ինչո՞ւ: Զգում եմ, որ տարվել եմ իմ ստով: Ես նրա հետ այնպես եմ խոսում,ասես ամուսինը դեռ կենդանի է: Փոխում եմ խոսելուս տոնը:

&nbsp;&nbsp;- Ծնողներ ունե՞ք Փարիզում:

&nbsp;&nbsp;- Ծնողներս մահացած են: Մարկից բացի ուրիշ ոչ ոք չունեմ:

&nbsp;&nbsp;Դարակում փնտրում եմ ծխամորճս: Առանց շտապելու լցնում եմ:

&nbsp;&nbsp;- Իսկ Մարկի ծնողնե՞րը:

&nbsp;&nbsp;- Նրանք Կանադայում են:

&nbsp;&nbsp;- Եղբայր, քույր ունե՞ք:

&nbsp;&nbsp;- Միայն Մարկը:

&nbsp;&nbsp;- Քանի՞ տարեկան էիք, երբ ձեր ծնողները մահացան:

&nbsp;&nbsp;- Ես շատ ջահել էի: Որոշ ժամանակ մնացի մորաքրոջս մոտ, հետո հանդիպեցի Մարկին:

&nbsp;&nbsp;Վառում եմ ծխամորճս: Ծուխը ծուլորեն ոլորվում է:

&nbsp;&nbsp;- Ձեր մորաքույրը դեռ ո՞ղջ է:

&nbsp;&nbsp;Հայացքը դանդաղ ուղղում է ինձ.

&nbsp;&nbsp;- Ինչո՞ւ եք այդ բոլորը հարցնում: Ես ամեն ինչ ասացի, Մարկը, ուրիշ ոչ ոք...

&nbsp;&nbsp;- Լսեք...

&nbsp;&nbsp;Ես չեմ ուզում նրան հանկարծակիի բերել, բայց անհրաժեշտ է որոշ ճշմարտություններ բացել:

&nbsp;&nbsp;- Մարկը մյուսների պես մի մարդ է: Նա էլ մսից ու արյունից է: Պատուհանից նայեք և հազարավոր մարդկանց կտեսնեք, որոնք Մարկի նման են: Դուք, ես, հիվանդապահները, բոլորս: Արյունից, մկաններից, նյարդերից, ուղեղից ենք: Մի գեղեցիկ մեքենա, բայց ենթակա առաջին իսկ պատահարին: Մենք անկարող ենք դրա դեմ: Ոմանք հասնում են վերջնակետին, ոմանք էլ ճանապարհին են մնում:

&nbsp;&nbsp;Իրեն Դյումանը համառորեն շարժում է գլուխը:

&nbsp;&nbsp;- Մարկը կբուժվի:

&nbsp;&nbsp;Դատարկում եմ ծխամորճս: Ծխախոտը դեռ առկայծում է մոխրամանում:

&nbsp;&nbsp;- Ենթադրենք, նա աղետի է ենթարկվել: Ես ձեզ ասացի, նրա վիճակը լուրջ է:

&nbsp;&nbsp;- Նա դուրս կգա այդ վիճակից: Այլապես...

&nbsp;&nbsp;- Այլապես ի՞նչ:

&nbsp;&nbsp;- Ոչինչ: Ես ուզում եմ նրան տեսնել:

&nbsp;&nbsp;- Ո՛չ: Բայց դուք կարող եք մնալ իմ աշխատասենյակում:

&nbsp;&nbsp;- Ես գերադասում եմ սպասասրահը:

&nbsp;&nbsp;Գնում է դուրս:

&nbsp;&nbsp;Կիսաբաց դռան միջով ես տեսնում եմ Իրեն Դյումանի կիսադեմը: Նա հրաժարվել է ամեն տեսակի սնունդից: Շարունակ ոտքի, ձեռքերը թիկունքին, մեջքը թեթևակի կքած, ասես պարմանուհի լինի: Նրա աչքերը սևեռված են այն սենյակի դռանը, որտեղ պառկած է Մարկը: Ես չեմ համարձակվում բացել այդ դուռը: Ես իրավունք չունեմ այդ աստիճան խաբելու: Տիկին Կորբյեին եմ ուղարկում: Նա մտնում է ու նորից դուրս է գալիս: Նրա այցելությունը հանգստացնում է Իռեն Դյումանին: Երկու ժամ հետո, այսինքն՝ կլինիկայից դուրս գալուց առաջ, հարկավոր է մի բան որոշել: Մահվան խնդիրը իմ գիտակցության մեջ երբեք այս կերպ չէր դրվել: Ես պրպտում եմ հուշերս: Քսան տարվա ընթացքում, այս կլինիկայի մեջ, ոչ ոք այնպես չէր վարվել, ինչպես այս կինը: Պատահել է, որ հաճախ մխիթարել եմ որևէ անհաջող վիրահատվածի ազգականներին, բայց երբեք չեմ ցուցաբերել այսպիսի թուլություն, որի դեմ այժմ պայքարել եմ փորձում:

&nbsp;&nbsp;Հոսող ժամերի հետ ջլատվեց նաև իմ կամքը: Բայց, աստվա~ծ իմ, այսօր եղանակն ինչո՞ւ է այսքան բարեհաճ: Անտառից ինձ հասնող ձայներն ինչո՞ւ են ուրիշ տեսակ հնչում: Արձակուրդների, մարդկանցով լցված կայարանների, անտառում զբոսնողների հետ մահվան գաղափարը չի խարսխվում իմ ուղեղում: Չեմ ուզում հավատալ, թե բավական է մի արյունահոսություն, որպեսզի կյանքի թելը կտրվի: Չեմ ուզում հավատալ, որ մի անզգույշ ակնթարթը մեքենայում՝ կարող է երկու սիրող էակներ անջատել: Այնուամենայնիվ, ես ստիպված եմ ընդունել, որ ինձնից ոչ հեռու մի մեռած մարդ կա, որը հարություն է առնում իմ ստով: Ես վճռում եմ.

&nbsp;&nbsp;Կլինիկայից դուրս գալուց հետո, Իռեն Դյումա՛ն, անհուսության ծանրությունը չեք զգա ձեր ուսերին: Ձեր սիրտը հավերժորեն չի փակվի: Դուք ինքնասպան չեք լինի: Ձեր նյարդերը կդիմանան այդ հարվածին: Դուք կվերագտնեք ձեզ: Ես իմ սուտը ժամանակավորապես կպնդեմ և կկարողանամ ձեզ հաշտեցնել կյանքին՝ առանց Մարկի:

&nbsp;&nbsp;Սյուզանը պետք է տեղ հասած լինի: Ամբողջ ձմեռվա ընթացքում տունը մնացել է փակ: Գործն անպակաս է: Բարձերը հարկավոր է պատշգամբ հանել, փոշին մաքրել, ճամպրուկները դասավորել: Սյուզանը սիրում է իր աշխատանքային օրակարգը: Եկած օրվանից սկսում է իր շուրջբոլորը կարգի բերել: Ես վաղ առավոտյան կզանգահարեմ նրան:

&nbsp;&nbsp;Այս որոշումն ինձ անմիջապես հանգստացնում է: Զգում եմ, որ չեմ սխալվում: Իրեն Դյումանը երիտասարդ է, նա կարող է վերակառուցել իր կյանքը, բայց պետք է որ հենարան տամ նրան: Պետք է, որ նոր աչքերով, առանց իր ամուսնու՝ վերագտնի կյանքը: Իմ անելիքը հեշտ չէ: Իրենը նման է մի վիրավոր գազանի: Ես ոչինչ չկարողացա անել նրա ամուսնուն փրկելու համար: Սակայն Իրենին ես կբուժեմ:

&nbsp;&nbsp;Միջանցքում, ինձ տեսնելով, նա շտկվում է: Նրա շրթունքները սեղմվում են: Առանց վարանելու բացում եմ դուռը և հայտնվում Մարկի սենյակում: Շերտափեղկերն իջեցված են: Սենյակում դատարկություն է բուրում: Ես թեքվում եմ դիակի վրա: Փոխում եմ մարմնի դիրքը: Հետո բացում եմ դուռը և Իրենին մոտենալու նշան անում: Մի աննշան մանրամասն ինձ տակնուվրա է անում. սենյակ մտնելուց առաջ Իրենը հենվում է բռնակին և հանում կոշիկները՝ ոտնաձայները խլացնելու համար: Ներս է մտնում բոբիկ ոտքերով և անկողնի առջև անշարժանում: Ծանր պատկեր է: Ձեռքս դնում եմ Իրենի ուսին և տանում միջանցք: Նա հագնում է կոշիկները: Արդյոք նրան բնակա՞ն է թվում Մարկի նոր դիրքը՝ աջ կողքին պարկած: Անշուշտ, քանի որ այդ մասին հարցեր չի տալիս:

&nbsp;&nbsp;- Բժիշկ, կարո՞ղ եմ ձեզնից մի շնորհ խնդրել:

&nbsp;&nbsp;Նա հիմա ավելի խաղաղ է թվում:

&nbsp;&nbsp;- Ասացեք:

&nbsp;&nbsp;- Ես կուզեի գիշերն ամուսնուս մոտ անցկացնել:

&nbsp;&nbsp;Ես այդ սպասում էի: Մտածում եմ:

&nbsp;&nbsp;- Մի պայմանաով: Նախ, կգաք ինձ հետ ճաշելու:

&nbsp;&nbsp;Նրա կոպերն իջնում են, կարծես պատրաստվում էր ասելու. «Ես քաղցած չեմ», բայց
համաձայնում է:

&nbsp;&nbsp;- Շնորհակալություն, բժիշկ:

*
&nbsp;&nbsp;Նա անխոս, պարապ հայացքով, կծկվեց մեքենայում: Որոշում եմ նրան ճաշելու տանել մի նավ-ճաշարան, հետո մտադրությունս փոխում եմ: Մենք կճաշենք Էյֆելյան աշտարակի ռեստորանում: Նրա կարծիքը չեմ հարցնում, քանի որ կռահում եմ պատասխանը: Նրա համար միևնույն է:

&nbsp;&nbsp;Լույսերով ողողված Շանզ-Էլիզեում մեծ բազմություն կա: Բոլոր տուրիստները ժամադրվել են Էտուալում: Իրենը ոչինչ չի նկատում, կարծես տափաստանով անցնելիս լինենք: Հասնում ենք Էյֆելյան աշտարակ: Նա ինձ հնազանդորեն հետևում է և վերելակում հարցնում.

&nbsp;&nbsp;- Հիվանդապահները գիտե՞ն, որ դուք այստեղ եք:

&nbsp;&nbsp;- Ես հիմա կզանգահարեմ կլինիկա: Անհրաժեշտության դեպքում նրանք ինձ կկանչեն:

&nbsp;&nbsp;Դա արդեն սովորություն է: Քսան տարուց ի վեր, ամեն երեկո ես իմ բացակայությունն այսպես եմ ապահովում:

&nbsp;&nbsp;Մենք տեղավորվում ենք մի խաղաղ անկյուն: Սրահը կիսով չափ դատարկ է: Իրենը աչք է ածում կերակրացանկը և դնում պնակի վրա:

&nbsp;&nbsp;- Ընտրեցի՞ք:

&nbsp;&nbsp;Նա բացասաբար շարժում է գլուխը:

&nbsp;&nbsp;- Քաղցած չեմ:

&nbsp;&nbsp;- Դուք երեխայի պես եք ձեզ պահում:

&nbsp;&nbsp;- Քաղցած չեմ:

&nbsp;&nbsp;Չեմ ընդդիմանում: Կանչում եմ մետր դ՝Օթելին:

&nbsp;&nbsp;- Տիկինը ճաշել է: Ինձ տվեք արտիշոյի միջուկներ, մի շերտ սաղմոն և տապակած հավ: Եվ մի շիշ շամպայն:

&nbsp;&nbsp;Ծխախոտի տուփը դնում եմ սեղանին: Մի՞թե իմ առաջին փորձը պիտի ձախողվի: Օ~, ես գիտեմ, որ մասնակցելով այս ճաշին, դրությունը չենք փոխի, բայց կուզենայի, որ նա ախորժաբեր խորտիկներ ճաշակեր, որպեսզի մի պահ շեղվեր ուշադրությունը: Բայց փորձությունների լանջին՝ հրել պետք չէ: Սաղմոնը համեղ է: Նրա վարքը հուսահատեցնում է ինձ, և ես խուսափում եմ երկրորդ անգամ հրավեր անել: Կարողանում եմ նրան մի փոքր շամպայն խմեցնել և վերջացնում եմ ճաշս: Մենք տերրաս ենք դուրս գալիս: Օդը հեշտալի է: Փարիզը մեր ոտքերի տակ նմանվում է մակետի: Լույսերն ամենուրեք թարթում են: Այցելուները հավաքվում են մեր շուրջ: Կարծես Բաբելոնի աշտարակը լինի: Իրենը նայում է աստղերին, թարձրացող շենքերին, որոնք քաղաքն են կազմում: Այս շենքերի անհամար լուսավոր պատուհանների ետևում ստվերներ են շարժվում: Արդյոք այս պատկերով չէ՞ր, որ ուզեցի նրան հողից կտրել: Ես, իհարկե, գործել եմ անգիտակցորեն: Իմ միակ հատուցումն էր նրա շրթունքների շարժվելը տեսնել:

&nbsp;&nbsp;- Ի~նչ փոքր է այս ամենը...

&nbsp;&nbsp;Ես նրան թողնում եմ խորհել այնքան, մինչև որ մեկը կանչում է ինձ: Հանդերձապահն է: Ես նրան նշան եմ անում:

&nbsp;&nbsp;- Բժիշկ Քերլյան, ձեզ սպասում են կլինիկայում:

&nbsp;&nbsp;- Շնորհակալ եմ:

&nbsp;&nbsp;Իրենը բռնում է ձեռքս: Նա համոզված է, որ գործը իր ամուսնուն է վերաբերում:
Ինչպե՞ս հասկացնեմ, որ ոչինչ չկա: Հանդերձապահը կապվեց կլինիկայի հետ և կախեց հեռախոսը:

&nbsp;&nbsp;- Գնանք տեսնենք:

&nbsp;&nbsp;- Ի՞նչ կարող է պատահած լինել նրան, բժիշկ:

&nbsp;&nbsp;Վստահեցնում եմ նրան: Գուցե գործը անցած օրվա վիրահատվածին է վերաբերում: Գուցե նրա վիճակը վատանում է: Արյունահոսություն:

&nbsp;&nbsp;Քառորդ ժամ անց հասնում ենք կլինիկա:

&nbsp;&nbsp;Վերելակից դուրս գալիս, նա բռնում է թևս:

&nbsp;&nbsp;- Դիմացն է, բժիշկ:

&nbsp;&nbsp;Մի բուժքույր ինձ հայտնում է, որ սպասում են վեցերորդ հիվանդասենյակում: Իրենը շունչ է քաշում: Ես նրան խնդրում եմ աշխատասենյակում սպասել և գնում եմ հիվանդին այցելելու:

&nbsp;&nbsp;Կես ժամ հետո նրան գտնում եմ միջանցքում:

&nbsp;&nbsp;- Լո՞ւրջ էր:

&nbsp;&nbsp;- Երբ գլխի վիրահատություն է, խնդիրը միշտ լուրջ է:

&nbsp;&nbsp;Ես կշռադատում եմ խոսքերս.

&nbsp;&nbsp;- Ամենափոքր վարակը, ամենափոքր արյունահոսությունը մահ է: Մենք անզոր ենք դրա դեմ:

&nbsp;&nbsp;Իրենը լարված դեմքով, համառորեն նայում է ինձ, հետո, մի քաղցր ձայնով, որ մինչ այդ չէի նկատել, ասում է.

&nbsp;&nbsp;- Մարկը դուրս կգա այդ վիճակից, այդպես չէ՞:

&nbsp;&nbsp;Հոգնաբեկ ես պատրաստվում էի ամեն ինչ խոստովանել, բայց այդ քաղցր ձայնը ինձ զինաթափում է.

&nbsp;&nbsp;- Մի կերպ դուրս կգանք:

&nbsp;&nbsp;Կեսգիշերն անց է: Վերցնում եմ պայուսակս և Իրենին տանում դեպի վերելակ:

&nbsp;&nbsp;- Դուք խոստացաք, որ ես Մարկի կողքին կմնամ:

&nbsp;&nbsp;- Ո՛չ այսօր, ո՛չ այս երեկո: Դուք նրան կխանգարեք: Վաղը...

&nbsp;&nbsp;Նրան նստեցնում եմ մեքենա: Հասնում ենք Ալեզիա փողոց՝ Իրենի տուն: Իջնում է, մի պահ կանգ առնում:

&nbsp;&nbsp;- Բարի գիշեր, բժիշկ: Շնորհակալություն:

&nbsp;&nbsp;Ես գլխով պատասխանում եմ, քանի որ խոսելու ցանկություն չունեմ: Վերադառնում եմ տուն: Սյուզանի բացակայությունն ինձ նեղում է:

==ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ==

&nbsp;&nbsp;Առավոտյան իմ վարքն ինձ թվում է անհեթեթ: Մահացել է մի մարդ: Կինը եկել է կլինիկա: Իմ պարտքն է նրան ասել ճշմարտությունը: Ես չեմ ակրող դիակը երկար ժամանակ պահել և հաստատել իմ սուտը: Գոնե հոգեվարքի մեջ լիներ, գոնե հազար հույսից մեկը լիներ... Բայց նա մեռած է, իսկապես մեռած: Կինը վաղ թե ուշ կիմանա այդ մասին: Գուցե նա նույնիսկ զայրանա՝ ճշմարտությունն իրենից թաքցնելու համար:

&nbsp;&nbsp;Բացում եմ փեղկերը, և արևը ողողում է սենյակը: Փակ պատուհաններով ավտոբուսը
պտտվում է Վիկտոր Հյուգոյի հրապարակում: Այս ժամին Սյուզանը պետք է որ տեղավորված լինի ծովահայաց պատշգամբում:

&nbsp;&nbsp;Ժամը ութն է: Սուրճս կխմեմ այստեղ: Ես մտածում եմ խոհանոցի մասին, այն մտադրությամբ, որ հեռախոսի մոտով անցնելիս մահվան լուրը հայտնելու համար, տիկին Դյումանի համարը կհավաքեմ: Ճիշտ չե՞մ միթե: Յուրաքանչյուր ընտանիքում մեկը մյուսից առաջ է մահանում: Պետք է կարողանալ հաշտվել դրան: Ես վերհիշում եմ համարը. GOB-40-17: Հեռանում եմ պատուհանից և հեռախոսի մոտ մի բուռ արև եմ տեսնում: Հեռախոսը հայելու պես փայելում է: Որոշում եմ խմել սուրճս:

&nbsp;&nbsp;Անկասկած արձակուրդի կարիք ունեմ, քանի որ գլխումս ներհակ մտքեր են պտտվում: Ամենապարզ լուծումը՝ նրան ճշմարտությունը հայտնելն է: Նա դրանից չի մահանա: Կխելագարվի՞ արդյոք: Ինքնասպանության փորձ կանի՞: Ես ինձ պատկերացնում եմ նրա վիճակում: Զանգ: Վերցնում եմ լսափողը: Ինձ հայտնում են կնոջս մահը: Առաջին հարց. ինչպե՞ս մահացավ: Հեռախոսի տարբերակը համարում եմ չեղյալ: Դա շատ ստոր է: Մեքենայի պատահար: Ինչպե՞ս: Կինս շատ զգույշ է վարում: Մի ուրիշ մեքենա է պատահարի պատճառ դարձել: Ընդունեցինք: Ի՞նչ են արել: Շտապ օգնության մի մեքենա եկավ, որ նրան կլինիկա տանի, բայց արդեն ուշ էր: Նա մահացած է:

&nbsp;&nbsp;Սուրճի բաժակը դնում եմ տեղը և նկատում, որ չնայած վիրահատման քսան տարվա իմ փորձին, կնոջս մահը չեմ կարողանում ընդունել: Կընդունեի՞ արդյոք, եթե անկողնում մահացած լիներ: Իհարկե, ավելի հեշտ, բայց պատահարն այնքա~ն անհեթեթ է: Տասնյակ հարցեր են ծնվում. ինչո՞ւ ավտոմեքենա նստաց: Եթե երկու րոպե ուշ գանցած լիներ... դա հանդուրժելի չէ: Սուրճս դառնացել է: Վերցնում եմ լսափողը:

&nbsp;&nbsp;- Ես կուզեի զանգահարել Նիցցա:

&nbsp;&nbsp;Նկատում եմ, որ քրտնել եմ: Տագնապով սպասում եմ հինգ րոպե, վստահ, որ մի օտար ձայն է ինձ պատասխանելու: Ոչ, դա Սյուզանի հանդարտ ձայնն է:

&nbsp;&nbsp;- Դո՞ւ ես, Անդրե:

&nbsp;&nbsp;Թողնում եմ, որ նա խոսի: Ըմբոշխնում եմ նրա մտերիմ ձայնի երանգը: Վերջացնելով
խոսակցությունը, ինձ գտնում եմ նույն կետում: Պե՞տք է արդյոք Իրեն Դյումանին հայտնել իր ամուսնու մահը, թե՞ մի փոքր էլ համբերել: Շարունակե՞լ սուտը, օր-օրի լրջացնելով նրա ամուսնու վիճակը, օր-օրի վրա հույսի մի բեկոր խլելով նրանից՝ հաշտեցնե՞լ մահվան մտքին: Գուցե:

*

&nbsp;&nbsp;Հասնելով կլինիկա Իրենին գտնում եմ միջանցքում: Նա հագել է ճերմակ, շատ պարզ մի շրջազգեստ: Գիշերը դեմքին նուրբ ակոսներ է փորել, որոնք ավելի են գեղեցկացրել նրան: Ես կարողություն չունեմ Իրենին խորհուրդներ տալու:

&nbsp;&nbsp;- Դուք նրան վիրահատելո՞ւ եք, բժիշկ:

&nbsp;&nbsp;- Առայժմ ոչինչ չեմ կարող ասել:

&nbsp;&nbsp;Ես կանչում եմ տիկին Կորբյեին, որպեսզի Մարկի վերաբերյալ հրահանգներ տամ: Մի քանի գրառումներ եմ անում:

&nbsp;&nbsp;- Եկեք:

&nbsp;&nbsp;Իրեն Դյումանը մոտենում է: Ես նրան ցույց եմ տալիս Մարկի անկողինը՝ մի թափանցիկ վերմակով ծածկված: Գլուխը հազիվ է երևում ծածկոցի տակից: Մարմինը փայտացած է: Մեռելային գույնը Իրենը չի նկատի: Ասում եմ.

&nbsp;&nbsp;- Ես նրան թմրացրել եմ: Սա մի միջոց է, որը վերացնում է մարմնի հակազդումները նյարդաբախումների ժամանակ: Եթե նյարդաբախումը չափավոր է, ուրեմն ամեն ինչ կարգին է: Եթե նյարդաբախումն ուժգին է, հակազդումը գերազանցում է մարմնի դիմադրողականությունը և ... ոչ ոք ոչինչ անել չի կարող:

&nbsp;&nbsp;Լռություն: Նա շարժում է շրթունքները:

&nbsp;&nbsp;- Մարկը կդիմադրի նյարդաբախմանը:

&nbsp;&nbsp;- Ես ձեզ ոչինչ չեմ կարող հավաստիացնել:

&nbsp;&nbsp;- Ես վստահ եմ:

&nbsp;&nbsp;Նա այդ խոսքերն այնպիսի համառությամբ է ասում, որ փշրում է սիրտս: Դուրս ենք գալիս սնեյակից: Ըստ սովորության, նրան թողնում եմ միջանցքում: Ես ետուառաջ եմ անում իմ աշխատասենյակում:

&nbsp;&nbsp;- Իրեն:

&nbsp;&nbsp;Նա առանց հանկարծակիի գալու, բարձրացնում է գլուխը: Ես նրան այնպես եմ ընտելացել այս քսանչորս ժամվա ընթացքում, որ որոշում եմ անունով կանչել:

&nbsp;&nbsp;- Դուք միջանցքում մնալ չեք կարող: Խանգարում եք սպասարկող կազմին: Առանց ուզելու, խանգարում եք նաև ինձ: Եկեք, դուրս գանք:

&nbsp;&nbsp;- Մենք կվերադառնա՞նք:

&nbsp;&nbsp;- Մենք կվերադառնանք:

&nbsp;&nbsp;Ես մտածում եմ նրան մորգ տանել և դիակներ ցույց տալ, ընտելացնել անշարժ նյութին, ստիպել, որ ձեռք տա Մարկի տարիքն ունեցող անկյանք, երիտասարդ, գեղեցիկ մարդու դեմքին: Այդպիսի մահ ամեն օր լինում է: Ի՞նչ պատճառ բռնել: Հանկարծ մտածում եմ կատակոմբների մասին և մեքենան ուղղում դեպի Դանֆեր-Ռոշըրոյի հրապարակը: Ցնցումն այնքան սաստիկ չի լինի:

&nbsp;&nbsp;- Հասանք:

&nbsp;&nbsp;Նա հնազանդորեն, առանց հարց տալու հետևում է ինձ: Նրան ամենուր կարող եմ առաջնորդել, պայմանով, որ վերադառնանք կլինիկա: Մուտքի մոտ տասներկու հոգի հերթի կանգանած սպասում են: Մի քանիսը զինված են գրպանի լապտերով: Անհոգ դեմք ունեն: Հետևում ենք գիդին՝ մի նիհար երիտասարդ, որը վզին թաշկինակ ունի փաթաթած: Իրենը քայլում է կողքիս: Ես նրան հարցնում եմ, թե մինչ այս եղե՞լ է կատակոմբներում: Նա բացասաբար շարժում է գլուխը: Երևում են առաջին ոսկրակույտերը: Նա կկոցում է աչքերը: Ռունգները կծկվում են: Ուշադրությամբ հետևում եմ նրան, չուզենալով ամենափոքր մանրամասն անգամ վրիպել: Մեզանից առաջ անցած գիդի ձայնը հազիվ ենք լսում: Շվեդացի մի տուրիստ լապտերը ման է ածում զարդերի պես շարված կոնքոսկրերի և գանգերի վրայով: Իրենը չի համարձակվում ինձնից մանրամասնություններ հարցնել: Ես նրան ասում եմ.

&nbsp;&nbsp;- Ցուրաքանչյուր քայլափոխին մենք անցնում ենք տասնյակ տղամարդկանց և կանանց մոտով, որոնք քայլել են, որոնք կերել են, որոնք սիրել են իրար: Որքա~ն վսեմ է, միաժամանակ որքան սովորական: Սրանք մարդիկ են, որոնք ապրել են Փարիզում, նրանք կոչվում էին Ֆիլիպ, Ռոլան, Ռոբեր, Մոնիկա կամ գուցե Իրեն, կամ գուցե Մարկ:

&nbsp;&nbsp;Մնում ենք մի կողմում, մթության մեջ: Նա մրմնջում է.

&nbsp;&nbsp;- Այո ... նրանք գոյություն են ունեցել. Ֆիլիպը, Ռոլանը, Ռոբերը, Մոնիկան, Իրենը... Մարկը:

&nbsp;&nbsp;- Եկեք, նրանք մեզանից առաջ են անցել:

&nbsp;&nbsp;Մեր քայլերն արձագանքում են այս չարաշուք միջանցքում: Վերջապես՝ ելքը: Լույսը վախով սահում է աստիճանների վրայով: Նա վերջին հայացքն է նետում ետ, հետո դանդաղ բարձրանում: Դրսում արևը կուրացնում է: Սրճարանում նստած մարդիկ ապերետիվ են խմում: Իրենը մտասույզ, լուռ քայլում է: Ինձ հետ մտնում է ռեստորան, նստում է և, երբ մենյուն եմ ներկայացնում նրան, ցնցվում է:

&nbsp;&nbsp;- Պատվիրեք ինձ համար: Ես քաղցած չեմ:

&nbsp;&nbsp;Պաղ կերակուրներ և գարեջուր եմ պատվիրում: Իր պատառաքաղով պոմիդորի մի շերտ է վերցնում, առանց ախորժակի տանում բերանը: Հետո մի ուրիշ շերտ է վերցնում: Մի պատառ հաց է կտրում, թաթախում ձեթի և քացախի մեջ, վերցնում գարեջրի բաժակը, կիսով չափ խմում, մաքրում շրթունքների փրփուրը և վերսկսում ուտել: Այս փոքրիկ մանրամասներն ինձ հուսադրում են: Նա լավ նախաճաշում է, խմում սուրճը, ընդունում իմ հրամցրած ծխախոտը: Ծխի երեք քուլա թողնելուց հետո ասում է.

&nbsp;&nbsp;- Մարկի մոտ ենք վերադառնո՞ւմ:

&nbsp;&nbsp;- Քիչ հետո: Մի պահ մոռացեք նրան:

&nbsp;&nbsp;Մարդիկ են անցնում, լողափի պայուսակներով: Հավանաբար, լողավազան են գնում: Իրենը, նախաճաշի ընթացքում հանդարտված, ընդհատում է ծխելը, խուսափող հայացք նետում հանքային ջրով լի իմ բաժակին:

&nbsp;&nbsp;- Գնում ենք:

&nbsp;&nbsp;Նա հանգցնում է ծխախոտը և վեր կենում: Մենք տեղավորվում ենք խիստ տաքացած մեքենայում:

&nbsp;&nbsp;- Երաժշտություն կուզե՞ք:

&nbsp;&nbsp;Նրան տալիս եմ տրանզիստորը, որը ընկերս է բերել Նյու-Յորքից և, որը ծխախոտի տուփից փոքր է: Նա պտտում է կոճակներից մեկը:

&nbsp;&nbsp;- Սա թողե՞մ:

&nbsp;&nbsp;Թեթև երաժշտություն է, ոչ տհաճ: Հարցնում եմ նրան, թե սիրո՞ւմ է դասական երաժշտություն: Նա մտածում է և ասում.

&nbsp;&nbsp;- Մոցարտ:

&nbsp;&nbsp;- Իսկ Բեթհովե՞ն, Բա՞խ...

&nbsp;&nbsp;- Մոցարտ:

&nbsp;&nbsp;Նա այդ ասում է նույն համառությամբ, երբ արտասանում էր.

&nbsp;&nbsp;- Մարկ:

&nbsp;&nbsp;Մոնպառնասում, ուղիղ գնալու փոխարեն, թեքվում եմ աջ: Անցնում եմ մի քանի փոքրիկ փողոցներ և կանգնում մի նրբանցքում, հիվանդանոցի առջև:

&nbsp;&nbsp;- Ընկերակցեք ինձ: Ես պետք է պաշտոնակցիս տեսնեմ:

&nbsp;&nbsp;Հնազանդորեն իջնում է մեքենայից: Կաթոլիկ քույրերի առաջնորդությամբ մտնում ենք հիվանդանոց: Միջանցքը տխուր է և մութ: Մտնում ենք վերելակ: Յուրաքանչյուր հարկում, ճաղերի արանքից նկատում ենք անկողիններին երկարած հիվանդների: Վերելակը հինգերորդ հարկում կանգնում է:

&nbsp;&nbsp;- Այստեղ է:

&nbsp;&nbsp;Իմ գործակիցը բացակա է: Ավելի լավ: Իրենին տանում եմ շենքի ձախ թևը: Կանգնցնում եմ մի մեծ սրահի առջև: Մոտ քսան մահճակալ: Ամեն տարիքի մարդ կա: Ոմանք պառկած են, ոմանք նստած իրենց անկողնին: Ես հեռվից բարեկամաբար ողջունում եմ լրագրեր բաժանող բուժքրոջը:

&nbsp;&nbsp;- Սա քաղցկեղով հիվանդների սրահն է:

&nbsp;&nbsp;Իրենի աչքերը կկոցվում են:

&nbsp;&nbsp;- Նրանք այդ գիտե՞ն:

&nbsp;&nbsp;- Մեծ մասը:

&nbsp;&nbsp;Հիվանդները մեր մուտքն ընդունում են առանց զարմանքի: Նրանիցի մի քանիսին ճանաչում եմ: Ես փնտրում եմ Դանիելի աչքերը՝ քսան տարեկան մի երիտասարդ՝ սպիտակարյունությամբ հիվանդ: Կռթնել է պատուհանին: Ձեռքս դնում եմ նրա մեջքին: Դանդաղ շրջվում է և, Իրենին տեսնելով, կարմրում:

&nbsp;&nbsp;- Ես քեզ ներկայացնում եմ Իրենին: Նրա ամուսինը մեքենայի վթարի է ենթարկվել: Նա իմ կլինիկայում է:

&nbsp;&nbsp;Դանիելը վեհերոտ մեկնում է ձեռքը: Իրենը չի ժպտում, սեղմում է մեկնած ձեռքը: Նրա աչքերը զննում են հիվանդի աղջկական դեմքը: Երևի Դանիելի սարսափելի հիվանդության տեսանելի հետքերն է փնտրում:

&nbsp;&nbsp;- Ազգականներդ այս քանի օրը եկա՞ն քեզ տեսության:

&nbsp;&nbsp;- Մորաքրոջս աղջիկը քիչ առաջ այստեղ էր:

&nbsp;&nbsp;Տասը ամիս է, ինչ հիվանդանոցում է: Սկզբում նրա ծնողներն ամեն օր տեսակցության էին գալիս: Այժմ քեռորդիների հերթն է: Մայրն ամեն անգամ այցելելիս, նրա նիհարությունը տեսնելով, հազիվ է զսպում արցունքները: Հայրն ու եղբայրները աշխատում են արվարձաններում: Իրենց կիրակին հերթով տրամադրում են նրան: Դանիելը մատներով հարդարում է մազերը:

&nbsp;&nbsp;- Կարծում էի, թե ամբողջ ամառ անձրևելու է...

&nbsp;&nbsp;Մի քանի րոպե խոսում եմ նրա հետ: Իրենը ոչինչ չի ասում: Դանիելը մտնում է անկողին և գիրք վերցնում ձեռքը:

&nbsp;&nbsp;Մի ծերուկ ինձ մոտենալու նշան է անում: Նա կոկորդի քաղցկեղ ունի: Աչքերը տարօրինակ կերպով փայլում են նրա դիակային դեմքին: Նա շշնջում է.

&nbsp;&nbsp;- Դե ինչ, ի՞նչ պետք է լինի ինձ հետ:

&nbsp;&nbsp;Նա խռխռացնում է, օդը ներս քաշում, մի քանի անգամ խոնարհելով գլուխը, որպեսզի օդի հոսանքն ավելի լավ խլի:

&nbsp;&nbsp;- Նրանք ինձ վիրահատել չեն ուզում, ինչո՞ւ:

&nbsp;&nbsp;Ուժասպառ ընկնում է բարձին, փակում աչքերը և կարծես մոռանում իմ ներկայությունը: Իրենին տանում եմ դեպի պատուհանը: Ինչ-որ սարսուռներ են անցնում նրա դեմքով: Նա հուզված է:

&nbsp;&nbsp;- Դանիելը բուժվելո՞ւ է:

&nbsp;&nbsp;- Դանիելը մահանալու է: Նա մոմի պես դանդաղ պիտի հանգչի, ինչպես բոլոր տղամարդիկ, որոնց այստեղ տեսնում եք:

&nbsp;&nbsp;Ինձ համար դժվար է այդպես խոսել, բայց պետք է նրան հաշտեցնել մահվան մտքին: Այս առավոտ նա կմախքներ տեսավ: Այժմ նա շփման մեջ է կենդանի կմախքների հետ: Քսան մարդ նրա հետ շնչում են նույն օդը: Կարող է նրանց հետ զրուցել, հարցեր տալ, դատարկ բաներից խոսել:

&nbsp;&nbsp;- Իրոք ոչ մի փրկություն չկա՞:

&nbsp;&nbsp;- Առայժմ՝ ոչ:

&nbsp;&nbsp;- Նրանք տանջվո՞ւմ են:

&nbsp;&nbsp;- Սրկսումներով հանգստացնում ենք:

&nbsp;&nbsp;- Դա անմարդկային է:

&nbsp;&nbsp;Լռություն:

&nbsp;&nbsp;- Նրանք գիտե՞ն, որ մեռնելու են:

&nbsp;&nbsp;- Հույսով են ապրում: Բայց մեծ մասը գիտե:

&nbsp;&nbsp;- Գնանք: Գնանք:

&nbsp;&nbsp;Երբ դուրս էինք գալիս հիվանդանոցից, նա ասաց.

&nbsp;&nbsp;- Երբ Մարկն առողջանա, Դանիելին տեսության կգանք:

*

&nbsp;&nbsp;Կլինիկայում տիկին Կորբյեն հարցնում է ինձ.

&nbsp;&nbsp;- Մարկ Դյումանի հետ ի՞նչ անենք:

&nbsp;&nbsp;Այս պատմությունը նրան վշտացնում է, բայց նա հասկանում է ինձ:

&nbsp;&nbsp;- Եվս մի քանի օր համբերեք:

&nbsp;&nbsp;Մարմինը սառույցի մեջ է: Մնում է վարչական գլխացավանքը: Ես դա կդասավորեմ:

&nbsp;&nbsp;- Ի՞նչ է անում տիկին Դյումանը:

&nbsp;&nbsp;- Առաջադիմում է: Նա վերջապես ուզեց նստել: Հանդեսներ է կարդում:

&nbsp;&nbsp;- Ասացեք, որ նրան ուզում եմ տեսնել:

&nbsp;&nbsp;Իրենը մտնում է աշխատասենյակ: Ձեռքին մի կիսացաբ հանդես ունի:

&nbsp;&nbsp;- Վեցն անց կես է: Երեք ժամ է, ինչ միջանցքում եք: Ձեր ներկայությունը Մարկին չի
բուժի:

&nbsp;&nbsp;Չի պատասխանում, դեմքին ոչ մի մկան չի շարժվում: Ես կուզեի, որ նա վերադառնար տուն, ընտելանար իր ամուսնու բացակայության մտքին:

&nbsp;&nbsp;- Գնացեք մի պտույտ արեք անտառում: Հետո... Հա... Շանզ-Էլիզեի թատրոնում այսօր համերգ կա: Կուզե՞ք ինձ ընկերանալ:

&nbsp;&nbsp;- Այնքան էլ չեմ ուզում, բժիշկ:

&nbsp;&nbsp;- Ես ուզում եմ: Հիմա մի տաքսի կկանչեմ, տուն կգնաք, զգեստը կփոխեք, իսկ ես երեկոյան ժամը իննին կգամ ձեր ետևից:

&nbsp;&nbsp;Ու որովհետև տատանվում է, ես վճռականորեն ավելացնում եմ.

&nbsp;&nbsp;- Հուսով եմ, որ չեք մերժի: Ես ճշտապահ կլինեմ:

&nbsp;&nbsp;Նա ծածկում է հանդեսը, պատրաստվում հեռանալ:

&nbsp;&nbsp;- Տաքսի մի կանչեք: Ուզում եմ զբոսնել:

&nbsp;&nbsp;- Կեցցեք: Մինչև երեկո:

&nbsp;&nbsp;Պատուհանից տեսնում եմ, որ դուրս է գալիս կլինիկայից: Դա արդեն հաջողություն է:

&nbsp;&nbsp;Այս ժամին Սյուզանը պետք է որ ծովափում լինի: Հավանաբար, հիմա ծովային հեծանիվ է քշում: Մի սիգարեթ եմ վառում ու խորասուզվում գրառումներիս մեջ: Այդ խորհրդակցությունն ինձ ավելի ու ավելի է ոգևորում: Հարյուր տարի առաջ ինչպե՞ս էին վիրաբույժներն առանց թմրեցման վիրահատում: Հիվանդին կապում էին, անդամահատում, մասնատում ու խարանում շիկացած երկաթով: Ես կխոսեմ Ժան Սիլվիայի մասին, որն առանց արյունահոսության միզափամփուշտից քարեր է հեռացրել:

&nbsp;&nbsp;Կես ժամ անց, տիկին Կորբյեն մտնում է աշխատասենյակ:

&nbsp;&nbsp;- Քիչ առաջ տիկին Դյումանին հարևան փողոցի բարում տեսա:

&nbsp;&nbsp;- Ի՞նչ էր անում:

&nbsp;&nbsp;- Ոչինչ: Կլինիկան էր հսկում:

&nbsp;&nbsp;- Քիչ հետո կխոսեմ նրա հետ: Ամեն ինչ կարգի՞ն է:

&nbsp;&nbsp;- «3»-ը այս առավոտ ոտքի կանգնեց: Թերթեր է պահանջում:

&nbsp;&nbsp;- Թող համբերի մի քանի օր: Ես նրան վաղն առավոտյան կնայեմ: Իսկ մյուսնե՞րը:

&nbsp;&nbsp;- Ոչ մի բարդություն: Ոմն պարոն Մ. դը Շահան զանգահարեց: Կարո՞ղ եք այս
շաբաթ ընդունել:

&nbsp;&nbsp;- Արձակուրդից հետո:

&nbsp;&nbsp;Շարունակում եմ իմ գրառումները:


*

&nbsp;&nbsp;Իննին տասնհինգ պակաս դուրս եմ գալիս կլինիկայից: Օդը քաղցր է, բուրավետ: Գիշերը համեստորեն ջնջում է ծառերը: Նստարանի վրա սիրահարները համբուրվում են: Ավտոմեքենա նստելիս, մտածում եմ Մարկ Դյումանի վթարահար մեքենայի մասին: Որտե՞ղ է: Իրենը այդ մասին չի մտահոգվում: Վաղը կզանգահարեմ ոստիկանություն, կիմանամ մանրամասները:

&nbsp;&nbsp;Ընթացքի եմ գցում մեքենան և թեքվում ձախ: Ահա և Իրենը: Նստած է մի դատարկ բաժակի առջև: Լավ եղանակին «Պուլենի» տերը սեղաններն ու աթոռները տեղավորում է մայթի վրա: Նրա այցլեուներն անգործ նու դյոււրին աղջիկներն են:

&nbsp;&nbsp;- Ինչո՞ւ տուն չգանցիք:

&nbsp;&nbsp;Բնազդաբար բարձրացնում եմ գլուխս: Այդպես էլ կասկածում էի: Մարկի սենյակի պատուհաններն այստեղից երևում են: Իրենը ելնում է:
&nbsp;&nbsp;- Չգիտեմ, - պարզ պատասխանում է նա:
&nbsp;&nbsp;Նախատինքի խոսքերը կուտակվում են շրթունքներիս: Սակայն լռում եմ: Ի՞նչ օգուտ: Գուցե ես էլ նրա պես վարվեի: Մի՞թե ես չեմ միակ մեղավորը: Ես նրան օրորում եմ իմ ստով: Նրա վերաբերմունքը բնական է:

&nbsp;&nbsp;- Նստեք:

&nbsp;&nbsp;Բացում եմ դուռը: Նստում է: Շարժվում ենք Շանզ-Էլիզեի ուղղությամբ: Նա զբոսնողներին, մեքենաներին, աֆիշներին ոչ մի ուշադրություն չի դարձնում. նստել է ուղիղ, խաչած ձեռքերով, չտեսնող աչքերով: Նրա անթափանց հայացքը ոչինչ չի արտահայտում, և դա անհանգստացնում է ինձ: Հասնելով նրա տուն, հարցնում եմ, թե չի ցանկանո՞ւմ արդյոք զգեստափոխվել:

&nbsp;&nbsp;- Չեմ ուզում ներս մտնել:

&nbsp;&nbsp;Չեմ ստիպում և բռնում եմ թատրոնի ճամփան: Համերգը կես ժամից հետո սկսվելու է: Ծրագրում՝ Բախ, Բեթհովեն, Մալեր: Չնայած արձակուրդներին, հոծ զանգված է շարժվում դեպի տոմսարկղը: Իրենին տանում եմ դիմացի բարը: Տղաները, մանեքենները սրահով մեկ ցրված ճաշում են: Տեղավորվում ենք մի անկյունում: Մեծ գոհունակությամբ նկատում եմ, որ Իրենը վերցնում է մենյուն և ուշադրությամբ զննում:

&nbsp;&nbsp;- Պոմիդորի սալաթ եմ ուզում և կանաչիով ձվածեղ:

&nbsp;&nbsp;- Եվ գարեջուր:

&nbsp;&nbsp;- Այո, մի գավաթ:

&nbsp;&nbsp;Նա հանգիստ, գլուխը հակած իր ափսեին, ճաշում է: Վերջացնելով բիֆշտեքսը, Իրենի հայացքն եմ բռնում՝ ուղղված մի մարդու: Նա սևեռուն նայում է, հետո ասում.

&nbsp;&nbsp;- Մարկի շարժումները հիշեցնող մի շարժում տեսա:

*
&nbsp;&nbsp;Համերգը սկսվում է Մալլերի չորրորդ սիմֆոնիայով, որը ես շատ եմ գնահատում: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկա: Իրենը ուշադրությամբ լսում է, ասես հայտնության է սպասում: Առաջին մասը կարծես հետաքրքրում է նրան: Հետո, նա շարժվում է բազկաթոռի մեջ: Իսկապես, առաջին անգամ լսելով, Մալերին դժվար է հետևել մինչև վերջ: Երևի Բեթհովենն ավելի դուր կգա: Ընդմիջմանը նրան բար եմ հրավիրում: Նայելով անցնող դեկոլտեներին, ասում է.

&nbsp;&nbsp;- Գուցե պետք էր ուրիշ շրջազգեստ հագնել:

&nbsp;&nbsp;Նա շրթունքները թրջում է բաժակից և ավելացնում.

&nbsp;&nbsp;- Մինչև Մարկը կլինիկայից դուրս չգա, շրջազգեստս չեմ փոխի:

&nbsp;&nbsp;Վերադառնում ենք մեր տեղը: Բեթհովենը և Բախը նրան չեն հասնում: Այսպիսի
զգայուն էակի անտարբերությունը անհասկանլի է: Մի երկու հարց եմ տալիս: Պատասխանում է.

&nbsp;&nbsp;- Այս դահլիճում պետք է կենտրոնանալ: Բեթհովենից մի քանի կտորներ ոգևորում են, բայց չեն ցնցում: Մոցարտը, տանը լսելիս, հանգստացնում է: Նա ինձ բավարարում է:

&nbsp;&nbsp;Ուղեկցում եմ նրան շուկա: Մեքենան կանգնեցնում եմ և քայլում ենք: Արկղերը դարսված են մայթի վրա: Պտուղները շոգից փտում են: Տապակած կարտոֆիլը ճթմթում է ձեթի մեջ: Մի կլոշար, մայթին փռված, ձեռքը գլխի տակ, մեծ ախորժակով ախորժակով փտած պոմիդոր է ուտում և լեզվով որսում հոսող հյութը: Մեզ տեսնելով, նա ժպտում է մի խոսուն ժպիտով, ինչ-որ բան քրթմնջում և հռհռում:

&nbsp;&nbsp;Մտնում ենք միջանցքի նմանվող մի բիստրո: Բարձրախոսը խլացնող երաժշտություն է հաղորդում: Լաքայոտ շորերով մսագործները կարմիր գինի են հրամցնում իրար: Տիրուհին մի սանդվիչ է կրծում, միաժամանակ մատուցում այցելուներին: Բոլորը խոսում են բարձր և միասին: Այնպիսի մթնոլորտ է տիրում, որը գուցե թմերցնի Իրենին: Սակայն սխալվում եմ: Նա լարված նստում է, չի խմում, սպասում է: Հեռանում ենք:

&nbsp;&nbsp;- Վերադառնում եք կլինիկա՞:

&nbsp;&nbsp;- Գնում եմ տուն: Ուշ է:

&nbsp;&nbsp;- Կլինիկայի մոտ ինձ իջեցրեք:

&nbsp;&nbsp;Արագացնում եմ ընթացքը: Դեպի Ալեզիա: Նա ասում է:

&nbsp;&nbsp;- Այսօր առանց բողոքելու, ամենուր հետևեցի ձեզ: Այդ շնորհը ինչո՞ւ ինձ չեք տալիս: Ես չեմ ուզում տուն գնալ:

&nbsp;&nbsp;Հասնում ենք: Բացում եմ դռնակը: Փողոցն ամայի է:

&nbsp;&nbsp;- Խոհեմ եղեք, Իրեն:

&nbsp;&nbsp;Նա վարանում է, ապա իջնում:

&nbsp;&nbsp;- Բարի գիշեր: Վաղը կզանգահարեմ ձեզ:

&nbsp;&nbsp;Մեր բաժանումը մի քիչ անսպասելի է կատարվում: Շանզ-Էլիզեի վրա թույլ եմ
տալիս ինձ տերրասներից մեկը վայելելու: Ծխամորճի ժամն է: Տուն վերադառնալու համար,
բռնում եմ կլինիկայի ճամփան: Ամեն ինչ խաղաղ է: Լույսերը մարած են: Թեքվում եմ ձախ և, հանկարծ, «Պուլենում» նկատում եմ Իրենին: Նստել է մի դատարկ բաժակի առջև: Առանց զարմանքի նշույլ արտահայտելու տեսնում է, թե ինչպես եմ իջնում մեքենայից: Երկու կին, բարձր աթոռներին թառած, զրուցում են ինչ-որ ճաղատ մարդու հետ: Պարի հրապարակում մի ամերիկացի սպա պարում է մի շիկահեր աղջկա հետ: Բարմենը կոկտեյլ է պատրաստում:

&nbsp;&nbsp;- Ամբողջ գիշեր այստե՞ղ պիտի մնաք:

&nbsp;&nbsp;Ինձ չի պատասխանում, չի նայում անգամ:

&nbsp;&nbsp;- Երեխայի պես եք ձեզ պահում: Եկեք:

&nbsp;&nbsp;Նա բարձրացնում է գլուխը:

&nbsp;&nbsp;- Ես չեմ կարող տուն վերադառնալ: Չեմ կարող:

&nbsp;&nbsp;- Լսեք ինձ...

&nbsp;&nbsp;Ի՞նչ ասել նրան: Ինձ զիանթափված եմ զգում և ավելի ու ավելի մեղավոր:

&nbsp;&nbsp;Ստիպում եմ նրան մեքենա նստել և տանում եմ տուն:

&nbsp;&nbsp;- Դուք այստեղ կքնեք: Կլողանաք: Գրքեր կան: Սառնարանում միրգ կա: Ես
կվերադառնամ կլինիկա: Վաղն առավոտյան կգամ ձեր ետևից:

&nbsp;&nbsp;Մնում է սնեյակի մեջտեղը կանգնած, անորոշության մեջ: Ես նրան ժամանակ չեմ
տալիս մտածելու և հեռանում եմ:

&nbsp;&nbsp;Իմ աշխատասենյակում շատ հարմար մի բազմոց կա: Պառկելուց առաջ, վերհիշում
եմ օրվա անցածը:

&nbsp;&nbsp;Իրեն Դյումանը տեղի տվեց: Նա նախաճաշեց, ճաշեց, մասնակցեց համերգին: Շատ
փոքր արդյունք է, եթե նկատի առնենք այն, որ նա կարծում է, որ իր ամուսինը ողջ է:

&nbsp;&nbsp;Արդյոք ժամանա՞կն է ճշմարտությունը ասելու, թե պետք է մի քանի օր էլ սպասել:

&nbsp;&nbsp;Կմտածեմ:

&nbsp;&nbsp;Վաղը:



*

&nbsp;&nbsp;Ինձ համարձակ և միաժամանակ միամիտ է թվում կյանքի հաճույքների ծրագիր
կազմելը և այն որպես հենարան աստիճանաբար Իրենին առաջարկելը: Հիմա նրա միակ հաճույքը
Մարկի առողջանալն է: Այնուամենայնիվ, հույսս չեմ կտրում, որ մինչև մահվան լուրը հայտնելը,
կկարողանամ նրա գիտակցության մեջ վերականգնել կյանքի մանրուքները: Հույսս չեմ կտրում, որ
այս քանի օրվա ընթացքում նրան վերափոխված կտեսնեմ: Ուզում եմ, որ ամուսնու մահը չընդունի
որպես իր համար անդարմանելի մի բան: Կյանքի հաճույքները և հույսի արմատները կազմված են
հազար ու մի արտասովոր մանրուքներից. արևի մի ճառագայթ, մի կրկներգ, մի սովորույթ: Իրենը գուցե որևէ գիրք ընթերցելով գտնի կյնաքի իմաստը. գիտական մի սկզբունքի վերլուծման, աստղաբաշխության կամ մի պարտեզի մեջ: Երկրի շուրջը պտտվող արհեստական արբանյակի կամ ավելի շուտ՝ մի սերմի զննությամբ, որը կարող է ծառ դառանլ:

*

&nbsp;&nbsp;Ժամը տասն է: Դուրս եմ գալիս կլինիկայից, որպեսզի գնամ փնտրեմ նրան: Դռնապանուհին Սյուզանի նամակն է տալիս ինձ: Հետո կկարդամ: Զանգում եմ: Ոչ ոք չի պատասխանում: Դեռ քնա՞ծ է: Երկրորդ անգամ եմ զանգում: Ապա որոշում եմ օգտվել իմ բանալիից: Ննջարանի դուռը բաց է: Ոչ ոք չկա: Իրենը գնացել է: Մահճակալի վրա դեռ մնացել են նրա մարմնի հետքերը: Հավաքում եմ համարը: Պատասխան չկա: Ուրեմն որտե՞ղ է: Կլինիկայո՞ւմ: Նորից նստում եմ մեքենա և նկատում, որ Ալեզիայիյ ուղղությամբ եմ վերցրել: Մի դատարկ փողոց եմ հասնում: Շանզ-Էլիզեից բացի, Փարիզն այս շրջանում լքված քաղաքի է նման:

&nbsp;&nbsp;- Տիկին Դյումանին, խնդրեմ:

&nbsp;&nbsp;- Երկրորդ հարկ, դեպի ձախ, - պատասխանում է դռնապանուհին:

&nbsp;&nbsp;Հնաոճ մի շենք է: Վերելակ եմ մտնում: Դռան վրա մի տախտակ է փակցված. «Մարկ
Դյուման, ինժեներ»: Զանգում եմ: Դուռը հանկարծակի բացվում է: Իրենը շնչահեղձ, ցավատանջ և
հույսով լի հայացքով նայում է ինձ, ասես շեմին իր ամուսնուն էր տեսնելու:

&nbsp;&nbsp;- Կարո՞ղ եմ ներս գալ:

&nbsp;&nbsp;Մտնում եմ կոկետորեն կահավորված մի սենյակ: Պատից նկարներ են կախված:
Հեռուստացույց: Երկու փափուկ բազկաթոռ: Մարկի լուսանկարը չկա: Սեղանի վրա մի մեծ
ծխամորճ կա, հսկայական մոխրաման, հրահան, ծխախոտ և «Auto-Journal»: Կարգուկանոն:
Միայն Մարկն է պակասում: Իրենը լուռ զննում է ինձ:

&nbsp;&nbsp;- Ինչո՞ւ եք փախել իմ մոտից:

&nbsp;&nbsp;- Վախեցա:

&nbsp;&nbsp;- Ինչի՞ց:

&nbsp;&nbsp;- Ձեր բնակարանից:

&nbsp;&nbsp;Լռում է, հետո հարցնում:

&nbsp;&nbsp;- Մարկը այս առավոտ լա՞վ էր:

&nbsp;&nbsp;- Վատ էր: Նրա վնասվածքը լուրջ է: Կարծում եմ, որ դուք մի փոքր համոզված եք
դրանում...

&nbsp;&nbsp;Ձեռքի բռնած թերթը ոլորում է, չար նայում ինձ, ասես ես եմ պատասխանատու այդ
վնասվածքի համար, ապա դուրս է գալիս սենյակից:

&nbsp;&nbsp;Երկու րոպե անց նրա ձայնը խոհանոցից է հնչում.

&nbsp;&nbsp;- Ձեզ համար սուրճ եմ պատրաստում:

&nbsp;&nbsp;Մի գավաթ սուրճ է բերում: նա հանգստացած դեմք ունի: Ես նրա ուշադրությունն եմ
հրավիրում հեռուստացույցի ծրագրի վրա:

&nbsp;&nbsp;- Այս ամիս առանձնապես մի բան չկա, - ասում է նա: - Անցյալ ամիս լավ
հաղորդումներ կային: Այս շաբաթվա ծրագիրը չեմ գնել, որովհետև արձակուրդ պետք է գնայինք:

&nbsp;&nbsp;Հագին նույն սպիտակ շրջազգեստն է:

&nbsp;&nbsp;- Դեպի Կոտ դ՝Ազյո՞ւր:

&nbsp;&nbsp;- Իսպանիա: Անցյալ տարի...

&nbsp;&nbsp;Լռում է: Ես նրան ասում եմ, որ իմ կինը Նիցցայում է և վեր եմ կենում:

&nbsp;&nbsp;- Դուք պետք է ձեր իրերի դասավորությունը փոխեք:

&nbsp;&nbsp;- Ինչո՞ւ:

&nbsp;&nbsp;- Ձեզ կթվա, թե նոր կահույք եք գնել:

&nbsp;&nbsp;Նա դիտում է սնեյակը:

&nbsp;&nbsp;- Այս դասավորությունը ինձ դուր է գալիս: Մենք օրեր ենք կորցրել յուրաքանչյուր

կահույքի տեղն ընտրելու համար:

&nbsp;&nbsp;Չեմ պնդում: Նա կարճ ժամանակով անհետանում է և վերադառնում մի փոքր
ճամպրուկով:

&nbsp;&nbsp;- Ես ձեզ հետ կգամ կլինիկա:

&nbsp;&nbsp;Ցույց է տալիս ճամպրուկը:

&nbsp;&nbsp;- Մարկի համար սպիտակեղեն եմ վրեցրել:



*

&nbsp;&nbsp;Մինչև կլինիկա հասնելը, նրան տանում եմ Մոնպառնասի մոտ գտնվող
հիվանդանոցը:

&nbsp;&nbsp;- Գնում ենք քաղցկեղով հիվանդներին տեսնելո՞ւ:

&nbsp;&nbsp;Հանկարծ նկատում եմ, որ սկսել է հարցեր տալ: Առաջին օրվա հարմությունը կորչում
է: Դա լավ նշան է:

&nbsp;&nbsp;Անցնում ենք նախասրահը:

&nbsp;&nbsp;- Երեկ դուք ընտելացաք մահվան պատկերին: Այսօր մի հուզող տեսարանի ներկա
կլինեք:

&nbsp;&nbsp;Դուռը հրում եմ և նրան դեմ առ դեմ բերում մի պառկած կնոջ, որը շնչահեղձ է լինում:
Նրա կողքին բուժքույր է նստած և մի երիտասարդ բժիշկ, որին ճանաչում եմ: Իրենը չի
հասկանում, բայց կնոջ արձակած ցավի առաջին իսկ աղաղակից նրա դեմքի մկանները կծկվում
են: Կինը, որ պետք է ծննդաբերի, երիտասարդ է՝ քսաներկու տարեկան: Քրտինքի խոշոր
կաթիլներ հոսում են նրա վզով: Իրենը բռունցքները սեղմած, հմայված նայում է նրան:

&nbsp;&nbsp;Բժիշկը քաշում է սավանը, նայում, դառնում ինձ: Գոհ է: Ամեն ինչ նորմալ է: Բուժքրոջ ձայնը խզում է լռությունը.

&nbsp;&nbsp;- Ուժ տո՛ւր:

&nbsp;&nbsp;Մի խռպոտ աղաղակ է դուրս թռչում ծննդաբերողի կոկորդից:

&nbsp;&nbsp;- Ուժ տուր, ուժ տուր...

&nbsp;&nbsp;Իրենը մեկ կնոջ դեմքին է նայում, մեկ ոտքերին: Հետո մի տագնապալի հայացք է
նետում ինձ: Ես շշնջում եմ.

&nbsp;&nbsp;- Հանգստացեք, ամեն ինչ լավ է գնում: Նայեք, ինչ արտասովոր է...

&nbsp;&nbsp;Բուժքույրը թաշկինակով սրբում է կնոջ դեմքը: Հետո սիրտ տաիս նրան.

&nbsp;&nbsp;- Ուժ տուր, ավելի ուժ տուր...

&nbsp;&nbsp;Իրենը հմայված է: Թերահավատության մի լույս է անցնում նրա աչքերով: այդ ուռած
փորը մարդ կծնի՞ արդյոք: Կինը գլուխն աջ ու ձախ է դարձնում: Նա ամբողջ ուժերը լարել է: Իրենը
շունչը կտրած տեսնում է, թե ինչպես է հայտնվում գլուխը, հետո ուսերը, հետո ոտքերը: Տղա է:

&nbsp;&nbsp;- Եկեք:

&nbsp;&nbsp;Տանում եմ սպասասրահ:

&nbsp;&nbsp;- Ինչ պարզ է, ինչ պարզ այս ամբողջը, - ասում է նա:

&nbsp;&nbsp;Ու հանկարծ որոշում է.

&nbsp;&nbsp;- Ես երեխաներ կունենամ:


&nbsp;&nbsp;Կլինիկայում ես զիջում եմ նրա համառությանը: Նա ուզում է Մարկին տեսնել: Ուրեմն
կտեսնի: Բացում եմ դուռը: Սենյակը թաղված է կիսախավարի մեջ: Արհեստական սառեցման
սիստեմը գործում է, որպեսզի մարմինը պահպանվի: Իրենը ճամպրուկը դնում է մի անկյունում և
մոտեցնում մահճակալին: Ամուսնու գլուխը՝ հսկայական վիրակապով փաթաթած, երևում է
ծածկոցի տակից: Անկողնի վրա թթվածնի բարձ կա: Ի զարմանս ինձ, նա ասում է.

&nbsp;&nbsp;- Ինձ թվում է, թե նա լավացել է:

&nbsp;&nbsp;Մի՞թե այդ աստիճան կույր է: Որքա~ն խելագար է հույսը: Եթե նույնիսկ Մարկի գլուխը կիսված լինի, բավական է, որ ես ասեմ, թե Մարկը ողջ է, որպեսզի նա հավատա:

&nbsp;&nbsp;- Դուրս գանք:

&nbsp;&nbsp;Նա մնում է սպասասրահում: Տիկին Կորբյեի ուղեկցությամբ գնում եմ հիվանդներին
տեսնելու: Նա հարցնում է, թե երկա՞ր եմ պահելու Մարկին, թե անարխորժություններ չեն լինի՞,
քանի որ պետք է հայտարարեինք մահվան մասին:

&nbsp;&nbsp;- Երկու օր էլ համբերենք:

&nbsp;&nbsp;Մտազբաղ, անցնում մեմ Իրենի առջևից: Մի հանդես ձեռքին, նա ննջում է: Կուրծքը
կանոնավոր իջնում և բարձրանում է: Դեմքը հանդարտված է: Հանկարծ հիշում եմ կնոջս:
Սյուզանին գնացքում ծանոթացա: Իրենի պես ննջում էր՝ ձեռքը դրած ոստիկանական վեպի էջին:
Իմ աշխատասենյակում Սյուզանի նամակն եմ կարդում: Նա նկարագրում է Նիցցայում
անցկացրած իր առաջին օրը: Մանրամասներով: Եղանակը, ծովը, կազինոն: Եկող չորեքշաբթի
նրա հետ կլինեմ:

&nbsp;&nbsp;Դուռը հանկարծ բացվում է: Հայտնվում է Իրենը՝ այլայլված դեմքով.

&nbsp;&nbsp;- Մարկը ...

&nbsp;&nbsp;Մի՞թե ճշմարտությունն է իմացել: Թուքը կուլ է տալիս ու շարունակում ավելի
հանգիստ տոնով.

&nbsp;&nbsp;- Բժի՛շկ, Մարկը վեր է կացել:

&nbsp;&nbsp;Սյուզանի նամակը դնում եմ դարակը և պատուհանը լրիվ բացում:

&nbsp;&nbsp;- Հենց նոր նկատեցի: Նա դուրս եկավ սենյակից: Եկեք:

&nbsp;&nbsp;- Նրան տեսա՞ք սենյակից դուրս գալիս:

&nbsp;&nbsp;- Հենց նոր: Նա դուռը կամաց փակեց:

&nbsp;&nbsp;- Գնանք տեսնենք:

&nbsp;&nbsp;Բռնակը պտտելիս մի անհեթեթ տագնապ է պատում ինձ: Արհեստական քուն...
ծիծաղելի է: Իսկապես, արձակուրդի կարիք ունեմ:

&nbsp;&nbsp;- Կտեսնեք, որ սխալվել եք:

&nbsp;&nbsp;Սենյակում ամեն ինչ կարգին է: Մարկը նույն դրությամբ պառկած է: Ամեն ինչ իր
տեղում է: Իրենը տարակուսանքի մեջ ասում է.

&nbsp;&nbsp;- Այնուամենայնիվ ես տեսա, որ անկողնազգեստով և գլուխը վիրակապով
փաթաթված մի մարդ դուրս եկավ: Նա քայլեց դեպի միջանցքի ծայրը...

&nbsp;&nbsp;- Դուք երազ եք տեսել, դա բնական է: Դուք ննջում էիք ձեր աթոռին նստած: Սակայն,
եկեք ինձ հետ:

&nbsp;&nbsp;Ես նրան տանում եմ սպասասրահի ծայրում գտնվող բուժքույրերի սենյակը:
Հիվանդանոցից մեկը, որին անցած շաբաթ վիրահատել էի, մրգահյութ է խմում և զրուցում
բուժքրոջ հետ: Այդպես էլ կարծում էի: Հենց այնտեղից դուրս գալիս էլ նրան տեսել է Իրենը:

&nbsp;&nbsp;- Իմ բոլոր հիվանդները գլխներին վիրակապ ունեն: Եկեք գնանք նախաճաշենք և
քայլենք: Դուք հանգստի կարիք ունեք:

&nbsp;&nbsp;Տարակուսած, անխոս և հնազանդ հետևում է ինձ:



***

&nbsp;&nbsp;Բայար փողոցի մեջտեղում կանգնում է:

&nbsp;&nbsp;- Այս փողոցը գիտեմ:

&nbsp;&nbsp;Նայում է տներին և շոտլանդական եկեղեցուն: Որոնում է: Բառերը խառնվում են նրա
շրթունքներին:

&nbsp;&nbsp;- Հիշում եմ ... անցած տարի էր... Մարկի հետ այս եկեղեցու դիմացն էինք:

&nbsp;&nbsp;Ձեռքը դնում է պատին:

&nbsp;&nbsp;- Ուրբաթ օր էր: Ի՞նչ էինք անում այստեղ: Հա՛, եկել էի Շանզ-Էլիզեի խանութներից
մեկում մի շրջազգեստ նալելու: Մարկին ժամադրություն էի նշանակել Ռոն-Պուանի վրա: Մենք դեռ
մեքենա չունեինք: Երկու ժամ էր անցել, և դեռ չէինք որոշել ռեստորան մտնել: Հետո պատահաբար
այս փողոցը մտանք: Սոված էինք, բայց ուզում էինք այս կողմերում մնալ: Մարկը մտավ մի
խանութ... Տեսե՛ք, խանութը դեռ բաց է:

&nbsp;&nbsp;Իտալական խանութ է: Քիանտիի շշերը տերողորմյայի պես շարված են:

&nbsp;&nbsp;- Հետո՞:

&nbsp;&nbsp;- Մարկը մտավ ներս: Ես սպասեցի դրսում: Նա գնեց երկու շերտ խոզապուխտ,
պանիր, վարունգ և նուշով կարկանդակ: Եվ մի շիշ քիանտի...

&nbsp;&nbsp;Նա կանգնում է սառած, անուժ, հիշողությունների մեջ կորած: Մի տարօրինակ միտք
է անցնում գլխովս: Մտնում եմ խանութ: Գնում եմ երկու շերտ խոզապուխտ, պանիր, վարունգ,
երկու կարկանդակ և մի շիշ քիանտի:

&nbsp;&nbsp;- Հետո՞:

&nbsp;&nbsp;Նա չի նկատում իմ ծանրաբեռնված ձեռքերը և շարունակում է.

&nbsp;&nbsp;- Մենք քայլեցինք, կանգ առանք հրապարակում:

&nbsp;&nbsp;Ես նայում եմ Ֆրանսուա Առաջինի հրապարակի շատրվաններին: Իրենը
շարունակում է.

&nbsp;&nbsp;- Հայկական եկեղեցին որտե՞ղ է: Այստեղ է... Չորս, թե հինգ եկեղեցի կա այս
հրապարակի շուրջը: Հետո քայլեցինք ... Մարկը ոչինչ չէր ասում... Նա շոգից հանել էր բաճկոնը:

&nbsp;&nbsp;Այժմն նա հույզով է խոսում: Ժան-Գուժոն փողոցը դատարկ է, արևից թուլացած:

&nbsp;&nbsp;- Կտրեցինք ավենյուն, որ հասնենք Սենայի ափ:

&nbsp;&nbsp;Ես նրան ուղեկցում եմ գետափ: Տուրիստներով լցված մի փոքր նավ սահում է ջրի
վրայով: Մի ջահել աղջիկ է վազում՝ ետևից իր հաճող շունը: Մի նկարիչ նկարում է: Իրենը ցույց է
տալիս նստարանը: Նստում ենք:

&nbsp;&nbsp;- Անցյալ տարի էր... Ժամանակը ի~նչ արագ է գնում... Մենք նախաճաշեցինք այս
նստարանի վրա:

&nbsp;&nbsp;Ես բացում եմ փոքրիկ փաթեթները: Նրան տալիս եմ մի շերտ խոզապուխտ:
Վերցնում է և մեքենայորեն ուտում: Մեկնում եմ շիշը: Խմում է շշից: Հետո, մի կտոր պանիր է
կրծում: Իսկ ես ուտում եմ առանց ախորժակի: Նա ելնում է:

&nbsp;&nbsp;- Մենք շիշը նետեցինք Սենա: Լողում էր ջրի երեսին...

&nbsp;&nbsp;Նա վերցրեց շիշը, բայց շպրտելու փոխարեն մոտեցավ ափին և նրբորեն դրեց ջրի
վրա:

&nbsp;&nbsp;- Հետո՞:

&nbsp;&nbsp;- Ու բռնեցինք նույն ճամփան:

&nbsp;&nbsp;Մենք նորից անցնում ենք Ժան-Գուժոն, Բայար փողոցներով, Մոնտեն ավենյուով,
Ռոն-Պուանով: Նա ոչինչ չի խոսում: Հասնելով մի կինոթատրոնի, ասում է.

&nbsp;&nbsp;- Ես մտա սրճարաններից մեկը: Նա գործնական ժամադրություն ուներ: Ես ուզում էի
Շանզ-Էլիզեում մնալ: Պայմանավորվեցինք, որ ժամը վեցին Մարինյանում կգա ինձ միանալու: Այդ
օրը մի նկար տեսա Ֆերնանդելի մասնակցությամբ:

&nbsp;&nbsp;Ես նրան տանում եմ կինոթատրոն: Տոմս եմ վերցնում:

&nbsp;&nbsp;Նա մեքենայաբար մտնում է դահլիճ: Մի պահ մնում եմ անորոշության մեջ: Թվում է,
թե երազի մեջ եմ: Վերադառնում եմ կլինիկա:



***

&nbsp;&nbsp;Ժամը վեցին Իրենին գտնում եմ Մարինյանում: Սրահի խորքում նստած է:

&nbsp;&nbsp;- Եկեք տերրաս:

&nbsp;&nbsp;Ափսոսանքով թողնում է իր տեղը: Համարյա բոլոր սեղանները զբաղված են:
Ամերիկացի մի սպայի մոտ երկու աթոռ ենք գտնում: Հաճելի եղանակ է: Բազմամարդ ամբոխը
զբոսնում է Շանզ-Էլիզեով:

&nbsp;&nbsp;- Պաղպաղակ կուզե՞ք:

&nbsp;&nbsp;Գլխով է անում: Քառորդ ժամ հետո ես նրան հարցնում եմ.

&nbsp;&nbsp;- Դուք բարկացա՞ծ եք: Ինչո՞ւ չեք խոսում:

&nbsp;&nbsp;Նա մի ակնթարթ նայում է աչքերիս մեջ, հետո հայացքը շրջում, համառորեն մեխում
դիմացի թերթերի կրպակին: Ես մի թերթ եմ գնում և խորասուզվում ընթերցանության մեջ: Գլուխս
բարձրացնելով՝ նրա հայացքն եմ բռնում որղղված ինձ: Նա բերանը բաց է անում, կարծես ուզում է
ինչ-որ բան խոստովանել: Հետո հրաժարվում է: Ես մտածում եմ Մորեստի մասին, որը մի քանի օր
հետո գալու է Լիոնից: Հասնելով այստեղ, նա դիակը չի տեսնի: Որոշվա՛ծ է: Ելնում եմ: Քայլելու
ցանկություն ունեմ: Իրենը, որ հետևում է շարժումներիս, ասում է.

&nbsp;&nbsp;- Մի քիչ էլ մնացեք:

&nbsp;&nbsp;- Եկեք քայլենք:

&nbsp;&nbsp;Ելնում է: Զգում եմ, որ ուզում է խոստովանություն կատարել, բայց վարանում է: Չեմ
ստիպում:

&nbsp;&nbsp;- Այնցյալ տարի ի՞նչ արեցիք կինոյից հետո:

&nbsp;&nbsp;Նա փակում է աչքերը:

&nbsp;&nbsp;- Կինոյից հետո՞. Մարկը եկավ ինձ մոտ... Հետո... Եկեք...

&nbsp;&nbsp;Այս անգամ ես եմ հետևում նրան: Իջնում ենք Շանզ-Էլիզե: Հասնում ենք Կոնկորդ
հրապարակ: Ո՞ւր է տանում ինձ: Նա քայլում է արագ, լայն քայլերով, հպարտ տեսքով, որը
կոշտացնում է նրա դիմագծերը: Անցնում ենք կամուրջը, թեքվում ձախ: Նորից ձախ: Դելինյիի
լողավազանը: Առանց վարանելու մտնում է, մոտենում դրամարկղին և երկու տոմս ուզում:

&nbsp;&nbsp;Լողավազանը լցված է մարդկանցով: Աղջիկներն ու տղաները լողում են, պարում,
երգում: Իրենը ուղղվում է ռեստորան:

&nbsp;&nbsp;- Ահա՛:

&nbsp;&nbsp;Նստում ենք լողորդների դիմաց: Մարդիկ իրար հրմշտում են աշտարակի վրա: Իրենը
մի տեսակ կատաղած ասում է.

&nbsp;&nbsp;- Մենք այստեղ ճաշեցինք:

&nbsp;&nbsp;Հետո լռում է: Նա այլևս ոչ մի բառ չի ասի: Ժամը ութին վեր է կենում: Վերադառնում
ենք Շանզ-Էլիզե: Նա նստում է նստարանին և մի հայացք գցում ջրի ցայտերին: Հնազանդորեն
հետևում եմ: Այս երեկո ես նրան կհայտնեմ Մարկի մահը: Գաղտնինք ինձ ճնշում է:

&nbsp;&nbsp;Ժամը ինն անց կես ելնում է և ինձ տանում գնչուական մի կաբարե: Սրահը համարյա
դատարկ է: Մի քանի զույգ դեսուդեն նստած հանգիստ ճաշում են: Երաժիշտները նվագում են,
շատախոսում, հռհռում: Մետր դ՝օթելը նայում է ժամացույցին: Իրենը հրաժարվում է ճաշել, բայց
երեք գավաթ շամպայն է խմում:

&nbsp;&nbsp;Նորից նրա հայացքն եմ բռնում՝ ուղղված ինձ: Նվագախումբը մի գողջրիկ եղանակ է
նվագում: Ջութակները լալիս են: Սրահը լցված է ծխով: Իրենը գավաթը բռնել է ափերի մեջ:

&nbsp;&nbsp;- Մարկն իմ պատճառով վթարի ենթարկվեց:

&nbsp;&nbsp;Մի պահ լռելուց հետո շարունակում է.

&nbsp;&nbsp;- Մեքենան նոր էինք գնել: Ամեն օր մեքենայով գնում էր խճուղու վրա թափառելու:
Երբեմն ես նրան ուղեկցում էի: Այն առավոտ...

&nbsp;&nbsp;Այցելուներ եկան: Մետր դ՝օթելը նրանց մենյու է ներկայացնում:

&nbsp;&nbsp;- Այն առավոտ մենք մի փոքր վիճեցինք... դատարկ բանի վրա: Նա տնից դուրս եկավ
առանց ինձ համբուրելու: Ես նրան հետևում էի պատուհանից և, երբ տեսա, որ մեքենա է նստում,
նշան արեցի, որ սպասի... Դուք հիմա կծիծաղեք վրաս... Իջա, որ համբուրեմ նրան: Հետո նա
գնաց: Տեսնո՞ւմ եք, իմ մեղքով է: Եթե նրան չուշացնեի, հիմա ողջ և առողջ կլիներ:

&nbsp;&nbsp;Շամպայն եմ լցնում, որ խմի: Շատ թուլացած է երևում:

&nbsp;&nbsp;- Ձեր մեղքով չէ, Իրեն: Ճակատագիրն է:

&nbsp;&nbsp;Նա բարձրացրեց աչքերը.

&nbsp;&nbsp;- Այդպե՞ս եք կարծում...

&nbsp;&nbsp;- Համոզված եղեք: Եթե նա ուրիշ ճամփա բռներ... Եթե ծխախոտ գներ: Եթե ավելի
ուշ վեր կացած լիներ, եթե ավելի շուտ պառկած լիներ... մոռացեք այդ պատմությունը և ասեք, թե
այսօր ինչ եք տեսել:

&nbsp;&nbsp;Դանդաղ դատարկում է բաժակը: Երաժիշտները շրջապատում են մեզ:

&nbsp;&nbsp;- Ֆերնանդելի մասնակցությամբ մի կինոնկար:

&nbsp;&nbsp;- Դա անցյալ տարի էր:

&nbsp;&nbsp;- Այսօր ես մի նկար տեսա Ֆերնանդելի մասնակցությամբ: Այնցյալ տարի նույնպես:

&nbsp;&nbsp;Հարբած է: Հիմա ես ներկայացումների ծրագիրը կնայեմ:

&nbsp;&nbsp;Նա հառաչում է.

&nbsp;&nbsp;- Ի~նչ լավ են նվագում: Լսեք... կարծես -ամանակը կանգնել է: Կարծես տարիներն
իրար են խառնվել: Կարծես հանց նոր հանդիպել եմ Մարկին: Կարծես զբոսնում ենք Սենայի
ափին: Շշից գինի ենք խմում և շիշը շպրտում Սենա: Կարծես...

&nbsp;&nbsp;Նա արդեն չափն անցնում է: Նյարդերը թուլացած, գլուխը ետ գցած, անշարժ նստել
է: Նրա շրթունքների միջով մի թույլ շշնոջոց է սահում, որը նախադասություն չի դառնում:
Երաժիշնտրեը մի ուրիշ սեղան են շրջապատում: Մի քանի զույգ մեղմորեն պարում են:

&nbsp;&nbsp;- Մարկ...

&nbsp;&nbsp;Տագնապած նայում եմ Իրենին: Քնած է: Հաշիվը փակում եմ և տանում դուրս: Ամուր
պահում եմ, որովհետև ոտքերը ծալվում են:

&nbsp;&nbsp;- Տաքսի՛:

&nbsp;&nbsp;Տալիս եմ նրա հասցեն: Մեքենայի մեջ գլուխը դնում է ուսիս և քնում: Իսկ ես ուզում
էի Մարկի մահը հայտնել: Վաղը կասեմ:

&nbsp;&nbsp;Բարձրանում եմ իր սենյակը: Ուշ է: Պայուսակից բանալին հանում եմ և դուռը
բացում: Նրա բնակարանում խոնավություն կա: Լույսը վառում եմ: Երկու բազկաթոռով,
ծխամորճով, Մարկի ամսագրով լցված այս սենյակը շատ տխուր է երևում ինձ: Իրենին թողնում եմ
բազկաթոռի վրա: Նա խորը քնի մեջ տնքում է: Մի դուռ եմ բացում: Ննջարանն է: Սենյակի
կենտրոնում բազմոց կա, կողքին՝ փոքրիկ սեղան: Բազկաթոռին տղամարդու գիշերազգեստ է
դրված: Կա նաև ծխամորճ և տեխնիկական թերթեր: Մարկն ամենուր է: Գլխովս մի միտք է
անցնում: Առանց երկար-բարակ մտածելու գործում եմ: Փոխում եմ բազմոցի տեղը: Փոքրիկ
սեղանը դնում եմ պատուհանի մոտ: Պահարանը հրում եմ մի անկյուն, ծխամորճը, թերթերը,
գիշերազգեստը վերցնում եմ և դասավորում դարակում, կարծես ուզում եմ վերացնել Մարկի
հետքերը:

&nbsp;&nbsp;Զգում եմ, որ կարգին քրտնել եմ: Սենյակում Իրենը նույն դիրքով քնած է: Զգուշորեն
վերցնում են նրան և պառկեցնում մահճակալին: Կոշիկները հանում եմ, սավանով ծածկում:

&nbsp;&nbsp;Գիշերվա ժամը մեկն է:

&nbsp;&nbsp;Կլինիկայում կքնեմ:



==ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ==



&nbsp;&nbsp;Մի մղձավանջային երազ խռովում է քունս: Մարկը մտնում է իմ աշխատասենյակը և
խնդրում, որ Իրենին փորձելու համար հայտնեմ իր մահվան լուրը: Զարթնում եմ քրտինքի մեջ
կորած: Արևը կուրացնում է: Սպասում եմ տիկին Կորբյեին: Նա ժամը տասին գալիս է կլինիկա:
Կանչում եմ նրան, որպեսզի Մարկի վերաբերյալ հրահանգներ տամ: Վարչական գործերով
կզբաղվեմ վաղը: Իրենին կհայտնեմ: Պետք է մտածել դագաղի մասին: Տիկին Կորբյեն կզբաղվի
դրանով: Կաթոլիկ քույերերը աղջիկների մի խումբ են առաջնորդում դեպի ատնառ: Նրանց ծիծաղն
ու աղաղակները կարծես էկրանի միջով հասնեն ինձ: Սյուզանը սպասում է զանգի: Վաղը
կզանգահարեմ:

&nbsp;&nbsp;Նստում եմ սեղանիս առջև, որպեսզի մի երկար նամակ գրեմ Իրենին և հաղորդեմ
ամուսնու մահը: Վերցնում եմ գրիչը, բայց ձեռքս անշարժանում է սպիտակ թղթի վրա: Նամակ
գրելը, դրոշմանիշ կպցնելը, և փոստարկղի մեջ գցելը շատ հեշտ է: Հավաքում եմ նրա հեռախոսի
համարը և, նրա ձայնը լսելով, շատ եմ զարմանում:

&nbsp;&nbsp;- Գիշերը լավ քնեցի՞ք:

&nbsp;&nbsp;- Ես պետք է ներողություն խնդրեմ ձեզնից երեկվա համար: Շատ էի հոգնած: Կահույքի տեղը ինչո՞ւ եք փոխել:

&nbsp;&nbsp;- Այդպես ավելի լավ չէ՞: Տարիներ ի վեր դուք զարթնում եք միևնույն անկյունում:
Սովորույթը ձեզ կկործանի:

&nbsp;&nbsp;- Մարկն ինչպե՞ս է այս առավոտ:

&nbsp;&nbsp;- Վատ: Նրա վիճակը չի լավանում: Ո՛չ, կլինիկա մի եկեք: Այցելությունները արգելել
եմ: Ինձ սպասեք ձեր տանը: Քառորդ ժամից կլինեմ այդտեղ: Ես ձեզ կբացատրեմ:



***


&nbsp;&nbsp;Դուռը բաց է: Իրենը նստել է պատուհանի մոտ: Ինձ տեսնելով, դիրքը չի փոխում:

&nbsp;&nbsp;- Իսկապես ի՞նչ է կատարվում նրա հետ: Ինչո՞ւ որևէ բան չեք անում:

&nbsp;&nbsp;Նա խոսում է հանգիստ, գրեթե համակարպված մարդու ձայոնվ: Սիգարեթ եմ
վառում և ծուխը փչում առաստաղին: Նա շարունակում է.

&nbsp;&nbsp;- Ի վերջո, նա կառողջանա՛: Դուրս կգա՛ կլինիկայից:

&nbsp;&nbsp;Լռություն: Պատուհանի առջևից թռչուններն են անցնում: Հանգցնում եմ սիգարեթը:

&nbsp;&nbsp;- Ի՞նչ էիք անում նախքան Մարկի հետ ծանոթանալը:

&nbsp;&nbsp;Իմ ձայնը թեթևակի դողում է, բայց նա չի նկատում: Բարձրացնում է գլուխը, նայում
ինձ, հետո շրջում հայացքը:

&nbsp;&nbsp;- Մարկից առա՞ջ: Ոչինչ:

&nbsp;&nbsp;Եվ անմիջապես:

&nbsp;&nbsp;- Ինչո՞ւ եք այդ հարցը տալիս:

&nbsp;&nbsp;- Ես ձեզ ասել եմ: Մարկը ծանր վիճակում է: Դուք չէիք կարող մի որոշ ժամանակ...
մոռանալ նրան: Պատասխանեք ինձ, Իրեն: Մարկի հետ ծանոթանալուց առաջ դուք ի՞նչ էիք անում:

&nbsp;&nbsp;Նա բարձրանում է ձեռքը, կարծես բողոքելու համար, բայց անմիջապես իջեցնում է:

&nbsp;&nbsp;- Չգիտեմ:

&nbsp;&nbsp;- Ո՞ւմ էիք հանդիպում: Ի՞նչ կյանք էիք վարում: Դուք շարունակ նույն տանը չեք
ապրել՝ Ալեզիա փողոցում: Դուք ուրիշ մարդկանց եք ճանաչել... հիշեցեք:

&nbsp;&nbsp;- Ես մի մարդ գիտեի: Մեծահոգի, սիրալիր... Նա հաճախ միևնույն բառերն էր
գործածում... Երբ մտահոգեված էր լինում, ոտքը գցում էր ոտքին: Նրա անունն ինձ դուր էր գալիս.
Մարկ: Ուրիշ ի՞նչ եք ուզում իմանալ:

&nbsp;&nbsp;- Այդ Մարկին ճանաչելուց առաջ, դուք... Վերջապես աշխատե՞լ եք, եղե՞լ եք
բարեկամների շրջանում, մի որևէ թաղամասում:

&nbsp;&nbsp;Նա անտարբեր ասում է.

&nbsp;&nbsp;- Մոնպառնասում: Ես աշխատում էի մի հրատարակչությունում:

&nbsp;&nbsp;- Գնանք Մոնպառնաս: Ցույց տվեք ինձ այդ թաղամասը:

&nbsp;&nbsp;- Գնանք կլինիկա:

&nbsp;&nbsp;Նա ինձ զինաթափ է անում: Նայում եմ շուրջս և հանկարծ ինձ հարց տալիս.
խնայողություններ ունի՞ արդյոք: Ինչպե՞ս է ապրելու այսուհետ: Հավանաբար ստիպված կլինի
աշխատել:

&nbsp;&nbsp;- Ո՞ր հրատարակչի մոտ էիք:

&nbsp;&nbsp;- Ռընյեի: Մի տարի եմ աշխատել: Զբաղվում էի նկարազարդումներով:

&nbsp;&nbsp;Ռընյեն գիտական գրքերի հրատարակիչ է: Տնօրեներից մեկին ճանաչում եմ:
Բելլարին... Ալեն Բելլարին:

&nbsp;&nbsp;- Իրեն: Իսկ եթե ստիպված լինեք աշխատել...

&nbsp;&nbsp;- Ինչո՞ւ: Մարկը ինժեներ է: Նա լավ գործի վրա է և չի ոզում, որ ես աշխատեմ: Մենք
խնայողություններ չունենք, բայց ...

&nbsp;&nbsp;- Ենթադրենք, թե առաջիկա մի քանի ամիսը նա չկարողանա աշխատել: Ի՞նչ կանեք:

&nbsp;&nbsp;- Չգիտեմ: Գուցե աշխատեմ: Մեր խնայողություններով այդ մեքենան գնեցինք...

&nbsp;&nbsp;Նորից լռություն: Պատուհանից շրջիկ վաճառականներ են երևում: Նրանք վիճում են
իրար հետ: Գնորդները շատ հազվադեպ են:

&nbsp;&nbsp;Իրենը կանգնում է, արագ նայում է հայելուն, մատները քսում է աչքերի տակի
կնճիռներին, կարծես ուզում է ջնջել դրանք, և ասում.

&nbsp;&nbsp;- Ուզո՞ւմ եք Մոնպառնասը տեսնել: Եկեք...

&nbsp;&nbsp;Գնում ենք Մոնպառնաս: Նա ինձ առաջնորդում է մի փոքրիկ, արևոտ փողոց:

&nbsp;&nbsp;- Գրանդ Շոմիեր փողոցն է սա: Այստեղ եմ նկարել սովորել:

&nbsp;&nbsp;Մտնում ենք խավար և փոշոտ նախասրահը: Իրենը մի դուռ է բացում: Մոտ քսան
հոգի ածխամատիտով նկարում են: Երկյուղած լռություն է տիրում: Նա շշնջում է.

&nbsp;&nbsp;- Ես ամեն օր գալիս էի այստեղ: Այդ ժամանակ Մարկին դեռ չէի ճանաչում:

&nbsp;&nbsp;Ես նրան հարցնում եմ.

&nbsp;&nbsp;- Նկարելու ցանկություն չունե՞ք:

&nbsp;&nbsp;Մի քանի գլուխներ դառնում են մեր կողմը: Լում ենք:

&nbsp;&nbsp;- Շարունակ նույն բնորդուհին է:

&nbsp;&nbsp;Մոտ երեսուն տարեկան մի կին, ձեռքերը կրծքին խաչած, նստել է աթոռին:

&nbsp;&nbsp;- Ոչինչ չի փոխվել: Ոչինչ, ոչինչ...

&nbsp;&nbsp;Նա այդ ասում է մի տեսակ անհուսությամբ: Բացում է պայուսակը, գտնում մատիտը,
հենցում աթոռի մեջքին:

&nbsp;&nbsp;- Ձախ կողմը՝ լուսամուտի մոտ, թղթեր կային և մի ստվարաթուղթ:

&nbsp;&nbsp;Նա գլուխը չի շրջում: Ես նայում եմ ու տեսնում սպիտակ թղթերը և ստվարաթղթերը:
Երկու թերթ եմ վերցնում նրա համար: Թղթերը դնում է գրակալին: Ձեռքը վարանում է: Ուշադիր
դիտում է բնորդուհուն: Մատիտը սկսում է ցատկոտել թղթի վրա: Շուտով նա խորասուզվում է
աշխատանքի մեջ: Ես հեռու եմ քաշվում, որպեսզի չխանգարեմ նրան: Իրենը նյարդային
շարժումներով, արագ նկարում է: Քառորդ ժամ հետո նրա ձեռքը կանգ է առնում: Նա անշարժ է:
Արդյոք նորից կսկսի՞ նկարել: Նրա մեջքի ոչ մի մկանը չի դողում: Որոշում եմ մոտենալ: Բնորդուհու
մարմինը հարազատորեն վերարտադրված է. փոքրիկ կուրծքը, փոս ընկած որովայնը, ազդրերը,
խաչած թևերը, բայց գլուծը... Մարկի գլուխն է:



***

&nbsp;&nbsp;- Մենք ամեն օր խմբով գալիս էինք այստեղ:

&nbsp;&nbsp;«Գմբեթը»: Կապույտ ջինս հագած աղջիկները և մորուքավոր տղաները նստած
զովացուցիչ են խմում: Իրենը սպիտակ մազերով մի մարդու է ցույց տալիս, որը սեղանից սեղան է
շրջում և առաջարկում դիմանկարել:

&nbsp;&nbsp;- Նայեք նրան: Բոլորովին չի փոխվել: Ի՛նչ արագ է անցնում ժամանակը:

&nbsp;&nbsp;Բաժանը դնում է շրթունքներին:

&nbsp;&nbsp;- Ինձ թվում է, թե դեռ երեկ էր այն ամբողջ կյանքը, որ Մարկից առաջ ունեի ես:
Մարկի հետ ամուսնությունից հետո առաջին անգամ է, որ մտնում եմ այս թաղամասը, թեև
այստեղից հեռու չենք ապրում:

&nbsp;&nbsp;- Ձեզից է կախված ձեր անցյալի հետ կապ վերահաստատելը, նկարելը...

&nbsp;&nbsp;Նա շարժում է գլուխը.

&nbsp;&nbsp;- Առաջվա ոգևորությունն այլևս չեմ զգում: Երկու ժամ է զբոսնում ենք
Մոնպառնասում, և ինձ թվում է, թե կեղծում եմ: Այս թաղամասն այլևս ինձ չի պատկանում: Երբեմն
մի տեսակ կարոտ եմ զգում... Ո՛չ, իսկապես, ես այնքան հուզված չեմ, որքան կուզեի լինել:
Իհարկե, հիշատակները հորդում են, սակայն այստեղ վարած կյանքից հետո ես ուրիշ
ուրախություններ ապրեցի, ուրիշ հիշատակներ ամբարեցի: Գնա՞նք:



***

&nbsp;&nbsp;Այնուամենայնիվ «Գմբեթից» դուրս գալիս, կանգ է առնում մի պատկերասրահի առջև
և ասում.

&nbsp;&nbsp;- Այս պատկերասրահը...

&nbsp;&nbsp;Նա իր միտքը չի ավարտում: Մոնպառնասը որպես թակարդ առաջարկում եմ նրան,
հուսալով, որ մի քանի մանրուքով կկապեմ անցյալին: Վերջին անգամ, երբ կանգնել է այդ
պատկերասրահի առջև, Մարկին դեռ ծանոթ չի եղել: Նա երջանիկ է եղել, եռանդով լի: Ես
փորձարկումն անում եմ առանց հավատալու: Բայց, ո՞վ գիտե: Մարկի մահն իմանալով, գուցե
նորից գա այս թաղամասը, փորձի կապվել անցյալին, ինքն իրեն համոզի, որ Մարկից առաջ
երջանկ է եղել: Վերքն ավելի շուտ կսպիանա, ես համոզված եմ:

&nbsp;&nbsp;Նախաճաշում ենք նկարիչների ռեստորանում, հետո, պատահականորեն, հասնում
այն հրատարակչության շենքը, որտեղ նա աշխատում էր: Մտնում ենք բակ: Իրենը լիաթոք շնչում
է:

&nbsp;&nbsp;- Հնձած խոտի նույն բույրը:

&nbsp;&nbsp;Նա ցույց է տալիս առաջին հարկի պատուհանը:

&nbsp;&nbsp;- Սա իմ սենյակն էր: Ես նկարում էի և զբաղվում հրատարակման գործով:

&nbsp;&nbsp;- Չէիք ուզի՞ նույն տեղը գրավել:

&nbsp;&nbsp;Զարմացած նայում է ինձ.

&nbsp;&nbsp;- Ինչո՞ւ:

&nbsp;&nbsp;- Եթե դուք խնայողություններ չունեք, ստիպված կլինեք աշխատել:

&nbsp;&nbsp;- Իսկ Մա՞րկը:

&nbsp;&nbsp;- Նա առաջիկա ամիսներին չի կարող աշխատել...

&nbsp;&nbsp;Նրա դիմագծերը հանկարծակի կծկվում են:

&nbsp;&nbsp;- Չի խանգարի... գլխի վնասվածքը նրան չի խանգարի...

&nbsp;&nbsp;-Ո՞րն եք գերադասում: Խելագարվելը, թե՞ մահը:

&nbsp;&nbsp;- Ոչ... ոչ, նա լրիվ կբուժվի:

&nbsp;&nbsp;Հանկարծ Իրենը կորցնում է հավասարակշռությունը: Ոտքերը ծալվում են: Ճիշտ
ժամանակին պահում եմ նրան:

&nbsp;&nbsp;- Ձեզ ի՞նչ պատահեց: Հո երրեխա՞ չեք:

&nbsp;&nbsp;- Թողեք ինձ... Գնում եմ Մարկին տեսնելու: Աղաչում եմ ձեզ: Ուզում եմ հենց հիմա
տեսնել: Ես կարծեցի, թե նրա գլխի վնասվածքը... Ոչ, դա սարսափելի է, դա անհնար է: Մի բան
ասեք ինձ:

&nbsp;&nbsp;- Եկեք:

&nbsp;&nbsp;Դռան առջև, ինձ ծանոթ տնօրենը, ձեռքով նշան է անում մեզ: Ճանաչել է: Իրենը լուռ
է:

&nbsp;&nbsp;- Ինչպե՞ս եք, բժիշկ: Բայց սա մադմուազել Հիլերն է...

&nbsp;&nbsp;Երկու բառով բացատրում եմ նրա ամուսնուն պատահած աղետը: Նա մեզ
հրավիրում է իր սենյակը՝ մի-մի բաժակ խմելու: Իրենն անտարբեր նստում է աթոռին: Սեղանի վրա
թղթապանակներ և ձեռագրեր կան: Ալեն Բելլարը հանում է բաժակները և մի շիշ բացում:

&nbsp;&nbsp;- Դուք գիտե՞ք, որ նկարչի կարիք ունենք:

&nbsp;&nbsp;Քառորդ ժամ անց, Իրենը մտնում է գրքերով լցված իր նախկին սենյակը: Նստում է
սեղանի առջև, կարծես ուզում է անցյալը վերակենդանացնել: Մի մատիտ է վերցնում և նկարում:
Բելլարն ասում է նրան.

&nbsp;&nbsp;- Այստեղ մնալը միայն ձեզնից է կախված: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին:

&nbsp;&nbsp;Իրենը վերցնում է թղթապանակը, լայն բացում աչքերը, կարծես համոզվելու համար,
որ երազում չէ: Ես սեղանին եմ թողնում հեռուստատեսության ծրագիրը:

&nbsp;&nbsp;- Այս երեկո մի հետաքրքիր հաղորդում կա: Վաղն առավոտյան կզանգեմ:



==ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ==



&nbsp;&nbsp;Զանգահարում եմ Ալեն Բելլարին: Ամեն ինչ լավ է: Այս առավոտ Իրենը ժամնը իննին
եկել է գործի և մի գծանկար ավարտելու վրա է: Շատ չի խոսում, բայց աշխատանքը կարծես
հետաքրքրում է նրան: Վաղը կհայտնեմ Մարկի մահը: Ի վերջո նա պետք է սպասեր դրան: Այս
օրերից հետո, հարվածն այնքան ուժեղ չի լինի: Տիկին Կորբյեն դագաղը պատվիրել է, կեսօրից
հետո պատրաստ կլինի: Վաղը կզանգահարեմ Սյուզանին: Իմ դերը գրեթե ավարտված է: Ինքս
ինձ հարց եմ տալիս, թե ինչու ընտրեցի այդ դերը, սակայն համոզված եմ, որ իրավունք ունեի
այդպես վարվելու:

&nbsp;&nbsp;Կեսօրին գնում եմ սրճարան՝ Իրենին հանդիպելու: Տեսնում եմ, թե ինչպես է դուրս
գալիս հրատարակչությունից: Միշտ միևնույն զգեստն է հագին: Վարանում եմ նրա աչքին երևալ:
Ինձ թվում է, ավելի լավ է նրան մենակ թողնել: Հեռվից հետևում եմ:

&nbsp;&nbsp;Նա թեքվում է փողոցը, կանգ առնում մի ռեստորանի առջև, կարդում մենյուն, հետո
շարունակում քայլել: Մտնում է մի խանութ և շաքարահաց գնում: Միայն թե դեպքերը,
աշխատանքը, պատասխանատվությունը կլանեն նրան: Նա երիտասարդ է, և ես համոզված եմ,
որ մեկ-երկու տարի հետո նորից կամուսնանա: Առայժմ, տեսնելով նրան Մոնպառնասում
դեգերելիս, անհուն կարեկցանք եմ զգում նրա նկատմամբ: Դիմադրում եմ նրան մոտենալու
գայթակղությանը:

&nbsp;&nbsp;Գրասենյակ չմտած, հեռախոսը զանգահարում է: Նախազգում եմ, որ Իրենն է:
Կանչում եմ տիկին Կորբյեին և խնդրում, որ պատասխանի: Իրենն է:

&nbsp;&nbsp;- Ոչ, տիկին, բժիշկն այստեղ չէ: Ուզո՞ւմ եք նրան որևէ բան հաղորդել: Այո՞:

&nbsp;&nbsp;Տիկին Կորբյեն դնում է լսափողը.

&nbsp;&nbsp;- Անջատեց:



***

&nbsp;&nbsp;Ժամը չորսին զանգահարում է Բելլարը:

&nbsp;&nbsp;- Տիկին Դյումաը չի վերադարձել:

&nbsp;&nbsp;- Կեսօրից հետո որևէ անհետաձգելի գործ ունե՞ր:

&nbsp;&nbsp;- Մի շատ հետաքրքիր և խիստ անհետաձգելի աշխատանք: Այս առավոտ
առաջարկեցի, որ մեկ ուրիշին վստահի: Հրաժարվեց: Ուզում էր մինչև երեկո ավարտել:

&nbsp;&nbsp;- Շնորհակալություն: Երբ որ գա, ինձ տեղեկացրեք:

&nbsp;&nbsp;Արդյոք որտե՞ղ է: Այս օրերին միայն կլինիկա գալու համար էր դուրս գալիս տնից:
Պետք է որ տանը լինի: Անհանգստացած, դուրս եմ գալիս կլինիկայից: Հարցնում եմ «Պուլենի»
տիրոջը, արդյոք չի տեսել Իրենին: Նա Իրենին ճանաչում է:

&nbsp;&nbsp;- Այստեղ էր:

&nbsp;&nbsp;- Ե՞րբ:

&nbsp;&nbsp;- Մոտ մեկ ժամ առաջ:

&nbsp;&nbsp;- Ինչպե՞ս էր տրամադրությունը:

&nbsp;&nbsp;- Սովորականի պես: Հանքային ջուր ուզեց և, առանց ձեռք տալու, գանց:

&nbsp;&nbsp;Զանգահարում հրատարակչին: Ոչ: Նա չի վերադարձել: Հավաքում եմ նրա համարը:
Զանգ: Մեկ անգամ: Երկու անագամ: Սպասում եմ: Ոչ մի ձայն: Արդյոք որտե՞ղ է: Որոշում եմ գնալ
Մոնպառնաս, փնտրել այնտեղ:

&nbsp;&nbsp;Շոգ է: Երկինքը ծածկվում է սպիտակ ամպերով: Մի քանի րոպեում հասնում եմ
Մոնպառնաս: Իրենը չկա: Ոչ «Գմբեթում», ո՛չ «Սելեկտում», ո՛չ «Գրանդ Շոմիերում»: Գնում եմ նրա
տուն: Մի փոքրիկ գրություն կսահեցնեմ դռան արանքից:

&nbsp;&nbsp;Վերելակում մտքովս անցնում է, որ իմացել է ամուսնու մահը: Դա մտահոգում է ինձ:
Զանգում եմ. մարդ չկա: Համառում եմ. ապարդյուն: Ականջս կպցնում եմ դռանը: Անորոշ աղմուկ
եմ լսում: Իրենը բնակարանում է: Բռունցքներով ուժգին խփում եմ դռանը:

&nbsp;&nbsp;- Բացե՛ք, Իրեն:

&nbsp;&nbsp;Ոտնաձայներ են լսվում: Նորից եմ թակում: Քայլերը մոտենում են:

&nbsp;&nbsp;- Բացե՛ք:

&nbsp;&nbsp;Քայլերը կանգ են առնում: Մի հոգնած ձայն.

&nbsp;&nbsp;- Թողեք ինձ, խնդրում եմ: Գնացե՛ք:

&nbsp;&nbsp;- Բացե՛ք...

&nbsp;&nbsp;- Ինչու ինձ հանգիստ չեք թողնում: Թողեք ինձ:

&nbsp;&nbsp;Նա բացում է դուռը: Այլայլված դեմք ունի: Բոլոր պատուհանները փակ են: Ինձ թվում
է, թե ժամանակին եմ հասել:

&nbsp;&nbsp;- Դագաղը Մարկի համար է, այնպե՞ս չէ:

&nbsp;&nbsp;Ուրեմն տեսել է: Դագաղը մեկ ժամ առաջ բարձրացրին ետնամուտքով, որը «Պուլենի»
դիմացն է:

&nbsp;&nbsp;- Այլևս փրկելու հույս չկա՞:

&nbsp;&nbsp;Բացում եմ պատուհաններից մեկը: Տաք քամի է ներս մտնում սենյակ: Իրենը
համառում է.

&nbsp;&nbsp;- Նրա վիճակը պետք է որ ծանր լինի:

&nbsp;&nbsp;Հանցավոր եմ, որ առաջին օրը ճշմարտությունը թաքցրեցի նրանից: Մի՞թե իմ բոլոր
ճիգերը ապարդյուն են անցել: Անկասկած, քանի որ իմ առջև խորտակված Իրենն է, որը միայն մի
ելք է տեսնում. ինքնասպանություն: Այնուամենայնիվ, չեմ ուզում հավատալ, թե միամիտ եմ
վարվել: Չեմ ուզում հավատալ, թե կյանքի հետ կապող ոչ մի զգայուն թել չկա Իրենի սրտում:
Որտե՞ղ է այդ լարը: Ինչպես ապացուցել, որ նա սխալվում է, որ կյանքը գեղեցիկ է, որ մի օր նա
կմոռանա Մարկին:

&nbsp;&nbsp;- Եկեք:

&nbsp;&nbsp;Հանկարծ մի անբացատրելի զայրույթ է հոսում իմ երակներում: Արյունը գլուխս է
խփում: Առարկաները շաղվում են աչքիս առջև: Կոպտորեն բռնում եմ Իրենի ձեռքը և իջեցնում
աստիճաններով: Նա սայթաքում է: Ի~նչ փույթ: Բարձրացնում եմ նրան և հրում մեքենայի մեջ: Իմ
վարվելակերպը նրան հանկարծակիի է բերում: Առանց մի բառ արտասանելու, ապշահար նայում է
ինձ: Ես այլևս չեմ ուզում մտածել, չեմ ուզում հարցեր տալ: Իմ բոլոր լարված զգայարանները
կենտրոնացել են միայն մեքենայի վրա. շարժիչի միացում, հաղորդիչ լծակի փոփոխում, սլաքի
թեքում: Մրրիկի պես մտնում եմ բուլվար Մոնպառնաս, Շանզ-Էլիզե, Բուլոնյան անտառ: Մի
հայացք անգամ չեմ գցում կլինիկայի կողմը: Ահա և խճուղին: Իմ ոտքը սեղմում է ստարտերը: 120,
130, 140: Նորից եմ սեղմում: Միջատները խփվում են ապակուն և ճզմվում: Իրենը, ապշահար, չի շարժվում: Քամին կտրում է շունչս: Ավելի եմ արագացնում: Արագությունով հարբած, անցնում եմ բոլոր մեքենաներից: Գյուղերը տողանցում են: Ինձ թվում է, թե ոտքս ձուլվել է ստարտերին: Ղեկն առանց դժվարության սահում է ձեռքերիս մեջ: Ոչ քամին, ոչ էլ արագությունը չեն մեղմում արտառոց կատաղությունը, որ վիրավոր գազանի պես ճանկռում է կուրծքս: Ո՞ւր ենք գնում: Չգիտեմ: Դողերը հետևում են անվերջ ճանապարհին, հաշվիչը լափում է կիլոմետրերը, բենզինն այրվում է շարժիչի մեջ՝ ինձ չտալով իմ որոնած թեթևությունը: Աղետի գաղափարը մի պահ մտահում է: Այսքան թեթևությամբ դեռ չէի վարել մեքենան: Նորից գյուղեր, ոլորաներ, ծառեր: Զգում եմ, որ մոտիկ է նպատակաը:

&nbsp;&nbsp;Դովիլին չհասած, առանձնատներով և այգիներով եզերված մի ճանապարհ եմ
բռնում: Ճանապարհի ծայրին, ծովի մոտ, մի հյուղ ունեմ: Շաբաթ և կիրակի օրերը գալիս ենք այստեղ ձուկ որսալու: Ոտքս վերցնում եմ ստարտերից և դնում արգելակիչի վրա: Անիվները ճռնչում են և անշարժանում: Ամբողջ ճանապարհի ընթացքում Իրենը չխոսեց:
&nbsp;&nbsp;Իջնում եմ մեքենայից: Երկինքը ծածկված է սպիտակ ամպերով և մի թեթև մշուշ է լողում ծովի վրա: Մեքենայի արկղիկի մեջ խրճիթի բանալին եմ փնտրում: Ի՞նչ եմ անելու այստեղ Իրենի հետ: Իմ ցասումը դեռ չի իջել: Բացում եմ դուռը: Մոտորանավակս անիվների վրա է: Ընդամենը երկու անգամ եմ գործածել: Ցասումը նորից է բռնում ինձ: Միայն մի ելք եմ տեսնում՝ արագություն: Երկու տակառիկ վառելիք եմ վերցնում և նավակը հրում դեպի ծովը:

***
&nbsp;&nbsp;Շարժիչը հազում է, հետո ամբողջ թափով սկսում աշխատել: Մակույկը սահում է ծովի վրայով: Իրենը փոքրիկ խցիկում նստած, նայում է ինձ: Նա սպասում է: Նավակը ջրի երեսին երկար ակոս է թողնում, որն անհետանում է մառախուղի մեջ: Շփոթված ճայերը ճեղքում են օդը և թռչում դեպի ափ: Մի տագնապալից լռություն է պարուրում մեզ: Ժամանակ առ ժամանակ ծովը բարձրացնում է մեր դյուրաբեկ նավակը և ալիքները չոր աղմուկով փշրվում են նրա իրանին:

&nbsp;&nbsp;Ես գործի եմ դնում վերջին փամփուշտը:

&nbsp;&nbsp;- Իրեն, հավատո՞ւմ եք աստծուն:

Լռություն: Նրա հայացքը խստանում է.

&nbsp;&nbsp;- Եթե Մարկը առողջանա, կհավատամ: Եթե ոչ...

&nbsp;&nbsp;Ես խոր շունչ եմ քաշում, կարծես ուզում եմ մեղմել իմ այս անըմբռնելի զայրույթը:
Սպասում եմ իմ ձայնին: Եվ այդ ձայնն անվրդով է.

&nbsp;&nbsp;- Մարկը մահացել է:

&nbsp;&nbsp;Իրենը անխոս նայում է ինձ: Հետո շրջում է հայացքը: Նա ելնում է և թեքվում,
որպեսզի դուրս գա խցիկից:

&nbsp;&nbsp;Ափն անհետացել է: Մենք մենակ ենք ծովի վրա: Նա անշարժանում է, նայում ջին, որը
եռում է պտուտակի տակ: Ես գոռում եմ, այս անգամ կատաղորեն.

&nbsp;&nbsp;- Մարկը մահացել է: Նա մահացած է և թաղված:

&nbsp;&nbsp;Ոչ մի շարժում: Լսեց ինձ: Ավելի ուժգին եմ գոռում.

&nbsp;&nbsp;- Մարկը մահացել է: Դուք նրան այլևս չեք տեսնի:

&nbsp;&nbsp;Նրա մեջքը դողում է, բայց նա չի շարժվում: Ես գոռում եմ.

&nbsp;&nbsp;- Ջուրը նետվելու համար էլ ինչի՞ եք սպասում: Նետվեցեք, չէ որ Մարկը մեռած է: Ես
ձեզ չեմ փրկի և ափն էլ հեռու է: Շուտ արեք, որ այլևս չխոսենք նրա մասին:

&nbsp;&nbsp;Ոչ մի ռեակցիա: Նրա բարակ սիլուետն այլևս չի դողում: Ես վեր եմ կենում, գլուխս
դիպչում է տախտակին, մոտենում եմ ու ցնցում նրան.

&nbsp;&nbsp;- Մեռած է և թաղված: Մեռած՝ ինչպես բոլորն են մեռնում: Դագաղը հենց նրա համար
էր: Հիմա նա հողի տակ է: Նա մեռած է, ինչպես միլիոնավոր մարդիկ, որ ծնվել և մեռել են: Ինչպես
միլիոնավոր մարդիկ, որ ծնվելու են, մեռնելու և փոշի դառնալու: Մահն ինչո՞ւ պիտի խնայեր
Մարկին: Ինչո՞ւ, ինչո՞ւ: Մարկն էլ մսից ու արյունից էր: Բացառիկ ի՞նչ ուներ: Այո, նա սիրում էր
ձեզ և դուք էլ նրան, հետո՞: Եվ հիմա, եթե կարծում եք, թե Մարկի մահով ամեն ինչ վերջացել է, է՛հ,
գնացեք և միացեք նրան: Եթե կարծում եք, թե աստված չկա, զուր է բույսի պես ապրելը: Եթե
կարծում եք, թե ավելի հեշտ է հավատալ առաջին մարդուն աշխարհ բերող հրաշքին
(օրինակներից մեկն էլ Մարկն էր), քան մահից հետո շարունակվող խորհուրդի գոյությանը, ջուրը
նետվեք անմիջապես: Եթե կարծում եք, թե անհնար է մահին մի հնարավորություն տալը, անհետացեք ալիքների մեջ: Նայեք ինձ, միթե՞ ես ապրող գաղտնիք չեմ: Ես շնչում եմ, խոսում եմ, մտածում եմ, հորինում եմ, կյանք եմ տալիս, ես իսկապես կենդանի եմ: Ես անհերքելի ապացույցն եմ մի գաղտնիքի, որը ոչ ոք չի լուծել: Ինչո՞ւ մահն էլ այդպիսին չլինի: Ինչո՞ւ ես մի հնարավորություն չշնորհեմ մահին: Ես ձեզ կբացատրեմ, թե ինչպես է մահացել առաջին մարդը, սակայն անկարող եմ պատմել, թե ինչպես է ծնվել նա: Տեսնո՞ւմ եք, որ մահը պակաս առեղծվածային է, քան կյանքը: Հավատացեք ինձ, Իրեն, Մարկն այնպես չի մահացել, ինչպես դուք եք կարծում: Նա իսպառ չի մահացել: Տարվա բոլոր շաբաթները կրկնվում են: Մարկը փակել է իր շաբաթը: Մի նոր օր է սկսվում նրա համար:

***

&nbsp;&nbsp;Իջնում է գիշերը: Շարժիչը կամաց խռխռում է: Վառելիքը սպառվել է: Խցիկում երկու
թիակ կա: Որտե՞ղ ենք: Չգիտեմ: Ջրի հսկայական տարածություն է մեր շուրջը՝ մառախուղով պարուրված: Իրենը կուչ է եկել խցիկի մի անկյունում: Նա լաց չի լինում: Դիմադրում է արցունքներին: Մի սիգարեթ է վերցնում, բայց չի կարողանում վառել: Ձեռքերը դողում են:

&nbsp;&nbsp;- Անցյալ շաբաթ այս ժամին Մարկը նստած էր իմ դիմաց: Մենք ճաշում էինք:

&nbsp;&nbsp;Ես չեմ շարժվում: Իմ ցասումն իջել է:

&nbsp;&nbsp;Չեմ պատասխանում: Նա ելնում է, նայում շուրջը:

&nbsp;&nbsp;- Քաղցած եմ:

&nbsp;&nbsp;Ոչ խմելու բան կա, ոչ ուտելու: Ճարելու հույս էլ չկա: Միայն թիակներ կան:

&nbsp;&nbsp;Նա ելնում է, փորձում աշխատեցնել շարժիչը: Ապարդյուն: Ցնցում է բենզինի
տակառիկները: Դատարկ են: Վհատված նորից նախկին դիրքն է ընդունում և փակում աչքերը:



***

&nbsp;&nbsp;Ամբողջ օրը մնում է պառկած: Երբեմն բացում է աչքերը, ձեռքերը զննում, փոխում
դիրքը:

&nbsp;&nbsp;Իջնում է երեկոն: Իրենը շշնջում է.

&nbsp;&nbsp;- Ծարավ եմ:

&nbsp;&nbsp;Նա զննում է շարժիչը: Դիտում է ծովն ու մշուշը: Պպզում է, նայում և վեր կենում: Մի
վերջին վարանումից հետո, վերցնում է թիակները և հարմարեցնում:

&nbsp;&nbsp;- Խմելու ոչինչ չկա՞:

&nbsp;&nbsp;Նա թիավարում է, բայց ծովը դիմադրում է: Հինգ րոպե անց դադարում է թիավարել:



***

&nbsp;&nbsp;Մեկ ժամ հետո մատները թրջում է ջրի մեջ և նորից թիավարում: Դիմագծերը
լարումից կծկված են: Մակույկն առաջ է շարժվում: Քառորդ ժամ հետո շնչասպառ, նորից է կանգ
առնում:

&nbsp;&nbsp;- Ի՞նչ եք կարծում՝ ափից հեռո՞ւ ենք:

&nbsp;&nbsp;Ես մի անորոշ շարժում եմ անում: Նորից է թիավարում: Բայց ծովը դիմադրում է: Նրա
շարժումները ոչ կանոնավոր են, ոչ էլ զորեղ: Նա դադարում է ու նորից սկսում: Սկզբում թիակները
հազիվ են քսվում ջրի մակերեսին, հետո, աստիճանաբար, խորանում են: Նա արդեն գիտի
գաղտնիքը: Մակույկը նվազ ճիգով, ներդաշնակ սահում է:

&nbsp;&nbsp;Մազերը քրտինքից կպել են դեմքին: Խոր շունչ է քաշում և շարունակում է թիավարել:

&nbsp;&nbsp;- Հասնելուց հետո կխմեմ:



***

&nbsp;&nbsp;Պետք է որ կեսգիշեր լինի: Իրենը թիակները գցում է, ուժասպառ ընկնում
նստարանին: Ես ելնում եմ, որպեսզի ոտքերիս թմրությունը ցրեմ: Իրենը նշան է անում:

&nbsp;&nbsp;- Չթիավարեք:

&nbsp;&nbsp;Չնայած ծայրահեղ հոգնածությանը, նստում է թիակների մոտ:

&nbsp;&nbsp;- Ես կհասնեմ:


&nbsp;&nbsp;Եվ կատաղորեն սկսում է թիավարել:



***

&nbsp;&nbsp;Որքա՞ն ժամանակ է, որ թիավարում է: Քանի անգամ նրա մկանները
լարվածությունից կծկվեցին:


&nbsp;&nbsp;Ես չէի կարծում, թե նա այսքան արիություն կունենա:



***

&nbsp;&nbsp;- Հենց որ Փարիզ հասնեմ, կփոխեմ կահույքի տեղը:
Թիակները խրվում են ջրի մեջ: Որպեսզի շնչասպառ չլինի, նա բերանը փակում է և արագ ու ընդհատ շնչում քթով:

&nbsp;&nbsp;- Ամեն շաբաթ համերգ կգնամ:

&nbsp;&nbsp;Քրտինքը ծորում է նրա դեմքով, մշուշելով աչքերը: Թիակները կատաղորեն ճեղքում
են ալիքները:

&nbsp;&nbsp;- Աշխատանք կգտնեմ:

***

&nbsp;&nbsp;Լուսաբաց է: Իրենը ամբողջ գիշեր թիավարում էր: Նա ելնում է, նայում մշուշից կծկված հորիզոնին: Ափը չի երևում: Անտրտունջ գրավում է իր տեղը, և ես նկատում եմ, որ նրա ձեռքերը արյունոտ են: Հետո ի՞նչ: Բռնում է թիակները և ուսերը շարժում: Մակույկը շարունակում է սահել:

&nbsp;&nbsp;- Մի օր էլ երեխաներ կունենամ:

&nbsp;&nbsp;Անկարող լինելով բռնել զույգ թիակը, նա այժմ մի թիակով է պայքարում: Եռանդով խրում է ջրի մեջ և ուժգին ետ քաշում:

&nbsp;&nbsp;Մի ժամ հետո մառախուղը սկսում է ցրվել: Պտտվում են ճայերը: Ափը մոտ է:

&nbsp;&nbsp;Իրենը թիակվարում է կանգնած: Երկու ժամ անց նա ճչում է.

&nbsp;&nbsp;- Ա՛փը:

&nbsp;&nbsp;Եվ մի շաբաթից ի վեր լարված նրա դեմքին բացվում է առաջին ժպիտը:

&nbsp;&nbsp;Ուզում եմ խոսել, բայց բառերը թաղված են մնում սրտումս:


&nbsp;&nbsp;1958

&nbsp;&nbsp;թարգմանիչ՝ Ա. Թոփչյան

Ընթացիկ տարբերակը 19:55, 13 դեկտեմբերի 2015-ի դրությամբ