«Պապ թագավոր»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Պապ թագավոր |հեղինակ = Ստեփան Զորյան |թարգմանիչ = |աղբյուր = }} Category: Արձակ...»:) |
|||
Տող 403. | Տող 403. | ||
— Առավոտը,— հառաչեց նա,— առավոտը կպարզեմ ամեն ինչ... | — Առավոտը,— հառաչեց նա,— առավոտը կպարզեմ ամեն ինչ... | ||
+ | |||
+ | == Մասն երկրորդ == | ||
+ | |||
+ | == Մասն երրորդ == | ||
+ | |||
+ | == Վերջաբան == | ||
+ | |||
+ | == Ծանոթագրություններ == |
Ընթացիկ տարբերակը 18:59, 9 Մայիսի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Ստեփան Զորյան |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
Մասն առաջին
Գլուխ 1
Քաղաքամայր Վաղարշապատից Դվին տանող այն մեծ ճանապարհով, որ շինել էր Խոսրով թագավորը, և փարսախների նշանասյուներով, ձի հեծնելու պատվանդաններով բարեկարգել Արշակ Բ-ը, գնում էին երկու հայ գուսան՝ նվագարանները կաշվե փոկերով ուսերից կախած։ Մեկը միջահասակ, տարեց մարդ էր՝ ձեռքին փայտե գավազան, ալեխառն գլխով ու մորուսով, որ թզաչափից ավելի իջնում էր կրծքին, տալով նրան հանգիստ ու պատկառելի կերպարանք, մյուսը միջակից բարձր թասակով երիտասարդ էր՝ թուխ ու թավ մազերով, բայց աչքերը փակ, և այդ պատճառով քայլում էր իր տարեց ուղեկցին թևանցուկ ու հաճախ գայթելով։ Երկուսի հագին էլ հնամաշ հագուստներ էին, եթե չասենք ցնցոտիներ, մինչև ծնկները հասնող կարճ կապաները, որ պատռված էին շատ տեղերից, և կարկատած, վարտիսները, որոնց ծայրերը հավաքել էին բրդե գուլպաների մեջ, տրորված-ճմրթված էին ու փոշոտ, ինչպես և այծակաշուց կարած բարակ ու հին մույկերը, ինչ որ ցույց էր տալիս, թե նրանք վաղուց հագուստ չէին հանել կամ երկար ճանապարհ էին կտրել այդ հագուստներով։
— Զաքարե, չե՞ս հոգնել արդյոք,— հարցրեց երիտասարդ գուսանը իր ծեր առաջնորդին։— Եթե հոգնել ես՝ հանգիստ առնենք մի սակավ։
— Ոչ, տղաս, տակավին կարող եմ քայլել,— պատասխանեց տարեց գուսանը և, ի հաստատումն իր խոսքի, ոտքերը փոխեց ավելի արագ։— Գնանք, քանի լուս է, ապա թե ոչ— մութն ընկնի, քաղաքադուռը կփակեն և մեզ չեն թողնի Դվին։ Գիտես, որ բոլոր ճանապարհներին պարսից զինվորներ են վխտում, ամենքին չես կարող խոսք հասկացնել և... խաբել։ Պատահում են այնպես անպիտանները...
— Այդ ճշմարիտ է, Զաքարե։ Եթե չես հոգնել՝ գնանք ուրեմն, քանի լուս է...
Եվ երիտասարդ գուսանը նույնպես արագացրեց քայլերը։
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ մի աշուն, ինչպիսիք սովորաբար լինում է Արարատյան դաշտում, անսահման բարձր կապույտ երկնքից արևի տաք շողերի հետ միասին իջնում էին կարծես և օդի պաղպաջուն ալիքներ ու աղբրաջրի նման վետվետում դաշտի վրա։ Խաղողի այգիները առատ բերքով վառվում էին խայտաբղետ գույներով ու ողկույզներով, իսկ դեղձի, ծիրանի, սերկևիլի ու նռան ծառերը նրանց մեջ՝ խմբերով կամ մեկուսի կանգնած, որպես աշնան դրոշներ, փողփողում էին իրենց բազմերանգ տերևներով, որոնց մեջ աչք էին շլացնում վառ կարմիրը, վառ դեղինը և մուգ կանաչը։ Բայց ամենից ավելի աչքի էին ընկնում ծուռ ու թեք փշատենիները, որ խիտ շարքերով տարածվում էին այգիների ու ճանապարհների եզերքով, երբեմն մի գյուղից մինչև մյուսը, և իրենց մոխրագույն վարսերը, ասես դարերի փոշով թաթախած, սգավորի պես կախել էին գրեթե մինչև գետին՝ կարմրադեղին պտուղներով ծանրացած։ Իսկ նրանց տակ՝ գետնի երեսին, կանաչների վրա, շերամի փռած բոժոժների պես, թափված-տարածված էին մետաքսազգեստ փշատները այնքան առատ, որ թիով կարելի էր հավաքել և շեղջեր կազմել։ Հապա ջրե՜րը... ամբողջ դաշտում, բոլոր ճանապարհների ու արահետների կողքով և համարյա բոլոր այգիների միջով անցնում էին աշնան վճիտ առուները, որ մերթ քրքջում ու խոխոջում էին այս ու այն կողմ, բայց մեծ մասամբ ընթանում գնում էին հեզասահ ու անձայն, ասես գաղտագողի, երբեմն միայն լույծ մեջքերը դաշույնի պես փայլեցնելով արևի տակ՝ մատնում էին իրենց գոյությունը, և դրանք ամենքն էլ համարյա իրենց երեսին տանում էին դեղձ, տանձ, ընկույզ ու փշատ, որ ծառերից անմիջապես ընկնում էին առուները։
Աշնան առատությունը թափվում էր այգիներում ու ճանապարհներին, գնում էր ջրերի հետ, բայց այգիներում չկար այդ պահի սովորական կենդանությունը, չէին երևում այգեկութ անողների աշխույժ խմբեր, չէր լսվում արևառ աղջիկների ու հարսների խաղողաքաղի զրնգուն երգը, չէին լսվում խաղողն այգիներից տան հնձանները կրող սայլերի ճռինչը և սայլապանների խրախուսական ու փաղաքշական խոսքերը եզներին... Չկար առհասարակ այն ընդհանուր, համատարած մրջնային եռուզեռը, որ տարվա այդ միջոցին լինում էր Արարատյան դաշտում։
Տիրում էր, ընդհակառակը, մի չարագուշակ ամայություն ու լռություն, երբեմն միայն, այն էլ կարծես գողունի, այս կամ այն այգում երևում էր հանկարծ մի ծերունի՝ հին մի կողով ձեռքին, կամ մի պառավ՝ գոգնոցի փեշերը բռնած, որ հավաքում էր այս կամ այն պտուղը և իսկույն էլ աներևութանում թփերի, ծառերի հետև կամ կավածեփ հնձանների ու տնակների մեջ, իսկ ճանապարհին պատահող շինականներն շտապում էին տեղ ծասնել ժամ առաջ, ու քայլում էին այնպես երկյուղած, թվում էր՝ մեկը հետապնդում է նրանց։
Դա այն աշունն էր, երբ պարսից Շապուհ արքայի զորքերը, Զիկ զորավարի և հայ ուրացող նախարար Մերուժան Արծրունու առաջնորդությամբ, գրավել էին արդեն Հայոց Աշխարհի մեծ մասը և ծանր նստել Արարատյան դաշտում։ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները՝ Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախջվան, Արտաշատ, բռնված էին պարսից զորքերով։ Նույնպես և նորակառույց մայրաքաղաք Դվինը լիքն էր պարսից զինվորներով, իսկ նրա բարձր միջնաբերդում հիմա, Պարսկաստանում բանտարկված Արշակ թագավորի և նրա ավագանու փոխարեն, իշխում էր Մերուժան Արծրունին ինքը, որ հանդիսավորապես երդվել էր Շապուհի առաջ՝ վերացնել Հայոց Աշխարհից նրան և իրեն ատելի Արշակունիների թագավորությունը, դրա հետ միասին նաև ատելի քրիստոնեությունն ու բյուզանդական ազդեցությունը... Եվ այդ ամենը նա կատարում էր սրով ու հրով։ Իսկ պարսիկ զինվորները հաղթողի սանձարձակությամբ, քաղաքներում թե գյուղերում, անակնկալ մտնում էին տները և պահանջում ուտելիք, արծաթ, ոսկի կամ հարս ու աղջիկ, ճանապարհներին հանդիպած մարդկանց հագից հանում էին նրանց հագուստները կամ, դռները խորտակելով, մեծամեծ խմբերով մտնում էին այգիները և ոչ այնքան ուտում, որքան ջարդում, տրորում, մանավանդ եթե մտնում էին ձիերով, և սրանց, կշտացնելու նպատակով, թողնում էին վազերի արանքն ու ծառերի մեջ։
Ածա ինչու ամայություն և ահ ու սարսափ էր տիրում ամեն կողմ։ Բայց չնայած այդ երկյուղին ու սարսափին՝ հայ գուսանները գնում էին հանգիստ ու ծանրաքայլ և, տարօրինակ բան, հակառակ իրենց արտաքին տխուր վիճակին, նրանք զվարթ էին երևում և ուշիմ, զարմանալի ուշիմ ու շրջահայաց։ Մյուս տարօրինակ բանն այն էր, որ թխահեր երիտասարդ գուսանը երբեմն փակ աչքերը բացում էր կիսով չափ և նայում ճանապարհի հեռուն՝ խուզարկու մի հայացքով, որ ասես ստուգում էր ինչ-որ բան, և երբ հեռվում նկատում էր մի ստվեր կամ լսում մի ձայն՝ աչքերը նորից փակում էր և անխոս քայլում ծերունուն ծամընթաց, նրան թևանցուկ կամ նրա թևը պինդ բռնած։ Իսկ երբ նկատված մարդը թեքվում էր մի կողմ կամ գալիս էր անցնում՝ նա նորից զգուշությամբ բացում էր աչքերը և խոսակցում ուղեկից ծերունու հետ։
— Դու նկատեցի՞ր, Ջաքարե,— ասում էր նա,— որ Վաղարշապատի պալատն այրված էր, կաթողիկոսարանը քանդված, նախարարաց տներն ամայի, դատարկ։ Տեսնենք ի՞նչ վիճակի են Դվինը, Արտաշատը...
— Ը՛սս, աչքե՛րդ,— շշնջաց ծերունին;— Կարծյոք մարդ է գալիս։
— Փակեցի, Ջաքարե, փակեցի,— ասաց երիտասարդն անմիջապես և աչքերը պինդ փակեց։— Մի՛ բարկանա, Ջաքարե։ Երկու տարի է այս վայրերը չեմ տեսել, ուզում եմ կարոտս առնել, տեսնել գոնե ի՞նչ է փոխված։ Ճշմարիտ՝ չեմ կարողանում ինձ զսպել։
— Այո, ճշմարիտ որ անզուսպ ես, տղաս,— նկատեց ծերունին սրտմտությամբ,— և քո այդ հատկության պատճառով կարող ես մեզ փորձանքի մեջ գցել մի օր։ Դու մոռանում ես, որ կույր գուսան ես։ Ուրեմն...
— Նկատողությունդ տեղին է, Զաքարե։ Թեև այսքան ճանապարհ ենք կտրել, բայց և այնպես չեմ կարողանում ինձ մոռանալ և մնալ որպես գուսան։ Բնույթս է մեղավոր։ Անհամբեր եմ։ Չեմ կարող անտարբեր, փակ աչքերով անցնել այս ճանապարհով, որ իմ մանկության ճանապարհն է եղել, ուր ամեն քար ու ծառ ծանոթ է ինձ և հիշեցնում է մեր աշխարհի ազատ երջանիկ օրերը... Դու մեծ ես, Ջաքարե, հետևաբար և փորձված, ուրեմն և կարողանում ես հանգիստ պահել քեզ։ Ես չեմ կարող, սիրտս այրվում է...
— Բայց դու առայժմ կույր գուսան ես, տղաս։ Մանավանդ այստեղ՝ վտանգի մոտ պետք է լինես ավելի սառնասիրտ ու համբերող, այդպես միայն կարող ես կատարել գործդ... հանձնարարությունդ։ Այս բանը մի՛ մոռանա և աչքերդ...
Երիտասարդը հառաչեց ու լռեց։
Եվ մի առժամ նրանք գնում էին անխոս, ծերունին ցուպին հենվելով, երիտասարդն աչքերը խուփ և երբեմն գայթելով։
Բավական տեղ այդպես գնալով՝ երիտասարդը նորից սկսեց.
— Ջաքարե, Վաղարշապատում կարծես ավելի լավ անցավ, քան Երվանդաշատում, այնպես չէ՞,— ասաց նա ցած ձայնով։— Տեսնենք, ինչպե՛ս կլինի Դվինում, Արտաշատում։ Աոաջին հերթին, իհարկե, Դվինում։ Այնտեղ է Մերուժանը, հետևաբար՝ պարսիկների հսկողությունը կլինի ավելի խիստ, այնպես չէ՞։
— Անշուշտ։ Բայց ամեն ինչ կախված է աստծո ողորմությունից և քո շնորհքից, տղաս։
— Եվ քո, Ջաքարե, և քո, այդ մի՛ մոռանա,— վրա բերեց երիտասարդը երախտագիտությամբ։— Սակայն ինձ հիմա անհանգստացնում է մի միտք. հանկարծ Դվինում չպատահի չարի մեկը և ճանաչի ինձ...
— Ճանաչի՞,— խնդաց ծերունին քթի տակ։— Դու հագուստով ու դեմքով այնպես ես փոխված, որ սատանան էլ քեզ ճանաչել չի կարող։
— Դու ևս պակաս չես, Ջաքարե,— ասաց երիտասարդը՝ առաջնորդի թևը ցնցելով։
Երկուսն էլ գոհունակությամբ ժպտացին։
— Բայց ը՜սսս...
Նրանք այժմ անցնում էին մի գյուղի այգիների արանքով, այսինքն՝ նույն մեծ ճանապարհով, որի երկու կողմը խաղողի ընդարձակ այգիներ էին և փոքրիկ կավածեփ տնակներ (որոնց շատերի առաջ չէր երևում ոչ մարդ, ոչ կենդանի), նաև փշատենիների ու ընկուզենիների շարքերը, որ աջից ու ձախից ճանապարհը եզերելով, տալիս էին նրան ծառուղու տեսք և, այդպիսով, ոլորվող ճանապարհի շարունակությունը դարձնում անտեսանելի։ Վերջին խոսքերի վրա նրանց ականջին հասավ ձիերի ոտնատրոփ, թեև առայժմ չէին երևում եկողները, բայց նրանք զգուշացան անմիջապես, երիտասարդն աչքերը փակեց խնամքով, իսկ ծերունին տխուր կերպարանք ընդունեց, ձեռնափայտն ավելի հաճախ գետնին զարկելով։ Եկողները, անկասկած, պարսիկներ էին, որովհետև հայերը հիմա ոչ միայն չէին կարող այդպես ձի քշել իրենց երկրում, այլև ազատ քայլել անգամ չէին համարձակվում։
Եվ իրոք, շուտով երևացին պարսից հինգ զինվոր՝ բարձրադիր թաղիքե կավագույն գլխարկներով, ականջների մոտ մազերի փնջեր, երկար թրերը կողքերից կախ, որ վազքի թափից համաչափ հեռանում ու զարկում էին նրանց ձախ ազդրին և ձիերի կողերին։
Այս տեսնելով՝ ծերունին ակամա սեղմեց երիտասարդի թևը. դա պայմանական նշան էր, թե պարսիկներ են, և երիտասարդը դրանից աչքերն ավելի սեղմեց, որից հաճախացավ նրա կոպերի ու թարթիչների խաղը։
Պարսից զինվորները, գուսաններին նկատելո՞վ, թե ուրիշ մի պատճառով, ձիերի ընթացքը դանդաղեցրին հանկարծ, իսկ երբ մոտեցան նրանց՝ համարյա կանգնեցին, և նրանցից մեկը, ըստ երևույթին գլխավորը, առաջացավ դեպի գուսանները և հարցրեց աղավաղված հայերենով ու ծաղրական ձևով.
— Ո՞վ ես, ո՞ւր գնաս։
— Գուսաններ ենք, տղաս,— ասաց Զաքարեն հանգիստ, գրեթե անտարբեր ձայնով։— Գնում ենք Դվին՝ նվագելու, երգելու։
— Իրավունք ուէի՞,— շարունակեց պարսիկը՝ ձեռի ճիպոտը ծերունու ուսին դիպցնելով։
— Իրավո՞՜ւնք... Մեր գուսանի իրավունքը սա՛ է, տղաս,— ցույց տվեց ծերունին իր դափն ու սրինգը և ընկերոջ բամբիռը։— Ո՞վ է տեսել գուսանին իրավունք հարցնեն։ Գուսանի իրավունքը իր երգը, նվագն է, որ ուրախացնում է ամենքին։ Արի՝ կուզես նվազենք քեզ համար։
— Չէ՛, չէ՛։ Գնա՛ս, գնա՛ս։ Ժամանակ չունես,— ասաց պարսիկը և, ձիու գավակին խփելով, սլացավ առաջ։
Մյուս ձիավորները հետևեցին նրան։
Երբ նրանք հեռացան՝ ծերունին շունչ քաշեց.
— Սրանցից էլ ազատվեցինք։ Տեսնենք՝ մինչև Դվին դեռ քանի՞ անգամ պիտի պատահեն նզովյալները։
Փոքր էլ գնալով՝ նրանք հանդիպեցին երկու հայ տարեց շինականի, որ կողովաբարձ ավանակներով դուրս եկան մի այգուց և վախեցած նայեցին ճանապարհի երկու կողմը։
Գուսաններին տեսնելով՝ նրանք կանգ առան զարմացած և ճանապարհ ընկան նրանց հետ միասին։
— Առաջ բարի՞, գուսան եղբայրներ,— հարցրեց նրանցից մեկը, որի հետաքրքիր հայացքն ասում էր, թե ո՞ւր եք գնում արդյոք այս վտանգավոր ժամանակ։
— Դվին, շինական եղբայրներ, քաղաքամայր Դվին, Արտաշատ։
— Դվի՜ն, Արտաշա՜տ,— կրկնեց շինականը տխրությամբ։— Հապա չե՞ք իմանում, որ Դվինը, Արտաշատը լիքն են պարսիկներով։
— Իմանում ենք, շինական եղբայր, իմանում ենք։ Բայց ի՞նչ կա, նրանք էլ մարդ են, ի՞նչ պիտի անեն մեզ...
— «Ի՜նչ պիտի անեն»,— ցավաժպիտ կրկնեց նույն շինականը։— Ամե՛ն ինչ կարող են անել, գուսան եղբայր, ամեն ինչ։ Ահա մի տարի քանի ամիս է մեր ունեցածի տերը չենք, գիշերը քուն չունենք, ցերեկը՝ հանգիստ։
— Ինչո՞ւ,— հարցրեց հանկարծ երիտասարդ գուսանը, որ մինչ այդ լուռ էր։— Չէ՞ որ Մերուժան իշխանը, ասում են, Դվին է և բարի աչքով է նայում ժողովրդին։
Երիտասարդի այս խոսքերի վրա շինականները ոչ թե զարմացած, այլ ասես խայթված նայեցին իրար և ապա ոտից գլուխ չափեցին կույրին։
— «Բարի՜»,— քմծիծաղ կրկնեց քիչ առաջ խոսող շինականը։— Այդպես բան մեզ ասիր, գուսան եղբայր, ուրիշի չասես։ «Բարի՜»... մեռած ենք, թաղած չենք, դու ասում ես, «բարի»։
— Ես այդպես Եմ լսել, շինական եղբայր,— ուզեց կարծես արդարանալ երիտասարդ գուսանը։
Սակայն շինականը թերահավատ նայեց նրան։
—- «Լսե՜լ»... Դու այս երկրում չե՞ս ապրում, տղա, որ այդպես բաներ ես խոսում; Դեռ չեմ պատահել մի մարդու, որ Մերուժանի, այդ մոխրապաշտի արածը լավ համարի։ Չէ, գուսան եղբայրներ, այդպես բան դուք մենակ հեթանոսից կլսեք կամ պարսիկից։ «Բարի՜»... բոլորիս ստիպում են մոխիր պաշտենք, պարսից զինվորները հանում են մեր հոգին, իսկ դու ասում ես «բարի»,— դարձավ նա նորից երիտասարդ գուսանին և լռեց անսպասելի, կարծես ցավի մորմոքը հանգստացնելու։— Հիմա էլ,— շարունակեց նա տնքալով,— չեն թողնում ճանապարհներով շարժվենք կամ գնանք Դվին, Արտաշատ։ Հսկում են ամեն տեղ, հարցուփորձում՝ «որտեղի՞ց ես գալիս, ո՞ւր ես գնում, ինչո՞ւ ես գնում»։
— Մի տասը-քսան օր առաջ այդպես չէր,— խոսեց մյուս շինականը, երկար ու նիհար, մազն երեսին չորացած մի մարդ, որ մինչ այդ լուռ, տխուր հետևում էր իր ընկերի և գուսանների խոսակցությանը։— Հիմա կատաղել են շատ։ Չեմ հասկանում ինչ կա... Լավ է՝ պարսիկ զինվորները ձեզ թողին։ Ասենք՝ գուսաններն աստծու մարդիկ են,— ավելացրեց նա,— շատ կարելի է՝ բան չասեն...
Երիտասարդ գուսանը, որ առաջին շինականի խոսքերից մտածմունքի մեջ էր ընկել, հետաքրքրվեց.
— Ուրեմն՝ կարո՞ղ է պատահել մեզ քաղաք չթողնեն։
— Չեմ կարող ասել, գուսան եղբայր։ Այնպես ժամանակներ են հիմա։ Ասում են, սուտ է թե ճշմարիտ՝ չգիտեմ, ականջիս հասել է, որ,— և նիհար շինականը ձայնը բոլորովին իջեցրեց։— Ասում են, դե դուք էլ հայ եք, քրիստոնյա... Ասում են Մուշեղն ու Պապը կռիվ են սկսել մոխրապաշտների դեմ, լսե՞լ եք։
— Այդպես բան կա՞,— զարմացան գուսանները։
— Ասում են, գուսան եղբայրներ, խոսում են; Այդ ինչպե՞ս է՝ դուք չեք լսել։ Հապա ասում են գուսանն ամեն բան շո՞ւտ է լսում...
Գուսանները հավատացրին, որ ոչինչ չեն լսել, բայց շինականները դրանով չգոհացան, երևում էր՝ վաղուց դրսից եկող մարդ չէին տեսել, ուստի շատ էին ցանկանում իմանալ, թե ի՞նչ կա իրենց գյուղից դուրս՝ աշխարհում, ի՞նչ են խոսում, ե՞րբ պիտի ազատվեն «մոխրակերներից»։
— Եթե Մուշեղի կռիվը ճի՛շտ է, հը՞,— և կարճ շինականը հուսով, ավելի շատ տանջալից աչքերի մեջ հույսի կայծեր ցոլացնելով, նայեց գուսաններին։
— Չէ, շինական եղբայր, այդպես բան մենք չենք լսել,— նրա հարցումին պատասխանեց երիտասարդ կույր գուսանը։— Բայց եթե դա ճիշտ է՝ լավ չէ մեզ համար, ամենևին լավ չէ։
— Ի՞նչը լավ չէ,— կանգնեց կարճ շինականը և նայեց կույրի աչքերին։
— Կռիվը,— պատասխանեց երիտասարդ գուսանը։— Նորից երկու կողմից մարդ կսպանվի, նորից շեն ու քաղաքներ կավերվեն։ Ավելի լավ է մնա այսպես, ապրենք հանգիստ։ Մերուժանն էլ, դե, պարսիկ չէ, հայ է։
Շինականները զարմացած նայեցին գուսաններին, նրանցից մեկի՝ կարճահասակի աչքերում բարկության նման մի բան առկայծեց։
— «Հա՞՜յ»... Ինչպես երևում է՝ դուք էլ Մերուժանի նման մոխիր եք պաշտում,— խոսեց նա զուսպ վրդովանքով։— Գնացե՛ք, գնացե՛ք...
Եվ ինքը կանգնելով՝ ավանակներին նույնպես կանգնեցրեց, որ գուսանները հեռանան։ Այդ պահին ցավի ու զայրույթի մի այնպիսի արտահայտություն կար նրա դեմքին, որ թվում էր գուսանները նրա համար առնվազն ոխերիմ թշնամիներ են կամ չարագործներ։ Իսկ երբ նրանք մի փոքր հեռացան՝ նա գլուխն օրորեց և ասաց ինքն իրեն։
— Իսկ ես ուզում էի պտուղներ տամ դրանց՝ պատվեմ...
Գուսանները լսեցին նրա խոսքերը և երկուսն էլ ժպտացին։
— Հավատացին, Զաքարե,— աչքերը բաց արավ երիտասարդ գուսանը։— Եթե պարսիկներն էլ այսպես հավատան՝ մենք կմտնենք քաղաք...
— Բայց դու նրանց շատ հուզեցիր, տղաս,— նկատեց Զաքարեն։
— Ոչինչ, Զաքարե, այդ ոչինչ,— ասաց երիտասարդը։— Ես կամեցա իմանալ, թե որքան են ատում Մերուժանին։ Եվ տեսար՝ այստեղ էլ նույնն է, ինչպես ամեն տեղ։ Եվ դա լա՛վ է...
Շինականներից բաժանվելով՝ նրանք գնում էին նորից նույն զգույշ և ուշիմ ընթացքով, նորից մարդ չեղած ժամանակ երիտասարդն աչքերը բացում էր կիսով չափ և ուշադիր նայում շուրջը, իսկ մարդ նկատելիս՝ փակում էր և ավելի պինդ բռնում ծերունու թևը։
Բայց երբ հասան մայրաքաղաքը շրջապատող այգիներին՝ նա աչքերը բոլորովին փակեց, որովհետև այդ մասում ավելի հաճախ էին երևում պարսիկ զինվորներ, որ հետևակ ու ձիով գնում էին այս ու այն կողմ, կամ հանկարծ դուրս էին գալիս մի այգուց՝ ձեռքներին խաղողի ողկույզներ ու դեղձեր։ Սակայն մի առժամ հետո, երբ Զաքարեն հայտնեց, թե «միջնաբերդը երևաց»,— երիտասարդն այլևս չհամբերեց.
— Միջնաբե՞՜րդը,— ասաց նա զսպված հրճվանքով ու, ամեն զգուշություն մոռացած, աչքերը նորից բաց արավ և իր առջև տեսավ իրոք ծանոթ միջնաբերդը՝ վերից վար ծառաստանով շրջապատված և բարձր, ատամնավոր պարսպով ու բուրգերով գոտևորված։ Ծառերի արանքից երևում էին միայն արքայական պալատի վերին մասը, ճակատը, ապա պալատի քարե լայն սանդուղը, որ ճերմակ աստիճաններով իջնում էր մինչև պարիսպը, և բլրի ամենաբարձր կետում շինված մարմար սյուներով սարավույթը, ուր հաճախ զբոսնում կամ հանգստանում էին թագավորն ու պալատականները, և որտեղից երևում էր ոչ միայն շուրջը փռված քաղաքն իր տներով ու փողոցներով, այլ նաև ամբողջ դաշտը՝ իր խաղաղ գյուղերով, գետերով ու ճանապարհներով, թողած դաշտը շրջանակող լեռները, որ երևում էին իրենց ստորոտից սկսած, մանավանդ Մասիսները, սրանք թվում էին այնքան մոտ, որ կարելի էր նշմարել նրանց բոլոր կնճիռները։
Երիտասարդը նայում էր անթարթ, ագահ աչքերով, և մարդկային ոչ մի ստվեր չէր տեսնում ո՛չ սյունազարդ ճեմելիքում, ո՛չ երկար սանդուղի վրա, ու պալատը նրան թվում էր լքված, ամայի, չնայած լսել էր, որ այդտեղ են ապրում պարսիկ Զիկ զորավարը և Մերուժան Արծրունին՝ իրենց մարդկանցով, համհարզներով։ Եվ նա, զգուշությունը մոռացած, հայացքը լարեց՝ մի մարդ, մի ստվեր տեսնելու կամ նկատելու, թե ինչ է փոխված արդյոք, երբ ծերունին, ըստ սովորության, սեղմեց նրա թևը.
— Բավական է, տղաս։
Երիտասարդը մի սրտախոր հառաչ արձակեց։ Դա այնքան անսպասելի էր, որ ծերունին հարցրեց.
— Ինչո՞ւ տխրեցիր, տղաս։ Չէ՞ որ արդեն մոտենում ենք քաղաքին։
— Է՛հ,— ասաց երիտասարդը տխրաձայն։-— Ես այնտեղ թողել եմ մեկին, որ չգիտեմ ո՞ղջ է, մեռա՞ծ, թե տարվել է գերի։ Վաղուց ոչ մի լուր չունեմ...
Այս ասելով՝ նա լռեց և քայլեց ինքնամփոփ ու մթագնած դեմքով։ Թվում էր՝ այդ մեկին հիշելը ալեկոծեց նրան։
Ապա, երբ բավական քայլել էր, նա շարունակեց հուզված.
— Ասում ես «անհամբեր»։ Ճշմարիտ է, ես նույնիսկ չգիտեմ՝ ինչպես կարող եմ պահել ինձ, եթե Մերուժանին հանդիպեմ։ Ինձ թվում է՝ ես ատամներով պիտի կրծեմ նրա կոկորդը, որ այսքան թշվառություն բերեց մեզ։
Երիտասարդը լռեց և անխոս շարունակեց ճանապարհը, մինչև որ առաջնորդ Զաքարեն շշնջաց.
— Ահա և քաղաքի պարիսպը...
Ծերունին զգաց, որ իր խոսքերից երիտասարդի ամբողջ մարմնով մի սարսուռ անցավ, որը նա չէր կարող ասել՝ վախի՞ց էր, ուրախությունի՞ց թե անհանգստությունից։ Սակայն նա աչքերը չբացեց, այլ միայն ասաց կիսաձայն.
— Այստեղ անպայման խիստ կլինեն, բայց գնանք։ Ինչ լինելու է թող լինի։ Դու հո երկյուղ չունե՞ս, Ջաքարե։
— Ինչո՞ւ, ո՛ւր դու՝ այնտեղ էլ ես,— ասաց Զաքարեն՝ աչքը շարունակ քաղաքի պարսպին, որ իր աղյուսե ատամներով ու աշտարակներով հետզհնտե ավելի էր բարձրանում շրջապատող այգիներից, և որի վրա տեղ-տեղ օրորվում էին չորացած ու դեղնած խոտաբույսեր։
Քիչ հետո Երևաց և Ավագ կամ Վաղարշապատի դուռը՝ զույգ աշտարակներով, որոնց վրա ծածանվում էին պարսից դրոշներ, ապա երևացին դռան երկաթե զույգ փեղկերը, որ բաց էին կրնկի վրա, իսկ դրանց մոտ, կամարի տակ, ստվերում, աջ ու ձախ եղած քարե նստարաններին բազմել էին չորս-հինգ պարսիկ զինվոր՝ իրենց կավագույն գլխարկներով, նիզակները պատին դեմ արած կամ սրունքների արանքում պահած։
Նրանք երկու խմբի բաժանված՝ ինչ-որ բան էին ուտում և հեռվից հեռու խոսակցում իրար հետ։
— Ահա և Ավագ դուռը,— շշնջաց նորից Զաքարեն և դարձյալ զգաց, որ այդ խոսքի վրա երիտասարդի մարմնով մի նոր սարսուռ անցավ։
— Պահակներ կա՞ն,— հարցրեց նա։
— Այո, կան, դժբախտաբար,— պատասխանեց Զաքարեն ու իսկույն էլ լռեց։
Այժմ նրանք առաջ էին գնում ավելի ինքնավստահ քայլերով. ծերունին որպես փորձ առաջնորդ, երիտասարդն իբրև կույր գուսան՝ առաջնորդի թևը բռնած ու երբեմն գայթելով։
Պահակները, որ սեխ էին ուտում և կեղևները կատակով նետում միմյանց վրա, գուսաններին նկատելով՝ անմիջապես բարեհոգի տեսք ընդունեցին, ինչպես լինում է հաճելի կամ զվարճալի մի բան տեսնելիս։
— Նվագողնե՜ր, նվագողնե՜ր,— բացականչեցին նրանք զվարթ ժպիտներով և գուսաններին իրար ցույց տալով։
Բայց և այնպես, երբ գուսանները բոլորովին մոտեցան, նրանցից մեկը, նիհար ու երկարավիզ մի զինվոր, տեղից վեր կացավ և նիզակը ձեռքին եկավ նրանց դեմ։
— Ո՞վ եք. ո՞ւր եք գնում,— ասաց նա՝ ձայնին խստություն տալով, նրանց զննելով։
— Թափառական գուսաններ Ենք, տղաս,— ասաց ծերունին։— Գնում Ենք Դվին՝ Շապուհ արքայի զորքերի համար նվագելու։
— Իսկ մեզ համար չե՞ք նվագի,— կատակեց նստած պահակներից մեկը։
— Հրամեցե՛ք,— պատրաստակամություն հայտնեց Զաքարեն,— մեր գործն է՝ նվագել և մարդկանց սրտերն ուրախացնել։
— Չէ, չէ, գնացեք, գնացեք,— ասաց նույն նստած, կատակող պահակը։— Այստեղ նվագելու տեղ չէ...
Այդ ժամանակ քաղաքադռան գլխից, ավելի շուտ՝ այնտեղի դիտարանից, մեկը հարցրեց հրամայական ձայնով.
— Ովքե՞ր են, ի՞նչ են ուզում։
— Նվագողներ են, պահակապետ, գուսաններ,— պատասխանեց նիզակով պահակը՝ ներքևից վերև նայելով։
— Գուսաննե՞ր, թող անցնեն գնան,— ասաց վերևից սև աչքերով թավամազ պահակապետը և նույնպես սեխի մի մեծ կեղև նետեց ցած, չգիտես իր պահակի՞ն թե գուսաններին խփելու, կեղևը եկավ դիպավ երիտասարդ գուսանի ձեռքին, նա ցնցվեց, ասես օձի հպումից, և ուզեց հայհոյել, բայց զսպեց իրեն և շշնջաց. «պիղծ շներ», որ միայն Զաքարեն լսեց ու նրա թևը սեղմեց ամուր։
Երբ նրանք Ավագ դռնից ներս մտան՝ ասես զվարթացան, նրանց համակեց ինչ-որ մի աշխույժ, քայլերնին արագացան, իսկ դեմքերին նկատվեց հաղթական մի բան, որ ասում էր կարծես, թե հասան վերջապես իրենց նպատակին. մտան իրենց մայրաքաղաքը, իսկ թե ի՞նչ էր սպասում իրենց՝ այդ մասին կարծես չէին մտածում այլևս։
Բայց անցնելով մի տասը-քսան քայլ՝ նրանք զարմացան քաղաքում տիրող լռության ու ամայության վրա։
— Մի՞թե մարդ չկա, Զաքարե,— հարցրեց երիտասարդը։
— Համարյա,— հառաչեց ծերունին։
Նրանք գնում էին գլխավոր փողոցով, որ տանում էր քաղաքի կենտրոնը՝ հրապարակը։ Այն փողոցը, որ առաջ միշտ եռում էր անցուդարձից, ուր երթևեկում էին ոչ միայն հետիոտն ու հեծյալ քաղաքացիներ, այլև ամեն տեսակ կենդանիներ՝ բեռնաբարձ ուղտեր, ջորիներ, ավանակներ... այդ փողոցում հիմա պատահում էին միայն պարսիկ զինվորներ, երեխաներ, հատուկենտ պառավներ... Իսկ փողոցի երկու կողմը գտնվող տները թվում էին փակ, նրանցում կենդանություն, շունչ չկար, անգամ շները չէին հաչում։ Մի քանի տների էլ դռները հանված էին, երևում էին և քանդված պատեր, պարիսպներ, ինչ չկար առաջ։
Շուտով նրանց շրջապատեց հետաքրքիր երեխաների մի փոքր խումբ և ուղեկցեց, զարմացած նայելով նրանց գործիքներին։
Փոքր անց նրանք արդեն քաղաքի հրապարակում էին, որի երեք կողմից արհեստավորների կրպակներ էին, չորրորդ կողմը՝ Դվինի մեծ եկեղեցին՝ իր բարձր պարսպով և կամարակապ ու խաչաքանդակ դռնով, իսկ չորս անկյուններում՝ երեք կողմից բխող քարաշեն աղբյուրներ, որոնց շղթաներով ամրացրած էին պղնձե թասեր՝ ջուր խմելու համար։
Շրջապատված երեխաներով ու պարսիկ զինվորներով՝ գուսաններ երգում էին պարսկերեն երգեր, ավելի շուտ՝ երիտասարդ գուսանը նվագում էր, հետն էլ երգում, իսկ նրա առաջնորդ ծերունին հոգնած ձայնակցում էր նրան իր թավ ձայնով։ Ու թե՛ երեխաները և թե՛ պարսիկները հափշտակված լսում էին նրանց, զինվորների աչքերում նույնիսկ կարելի էր նկատել կարոտի ու թախծի պես մի բան, որ մեղմում էր նրանց՝ նվաճողի ամբարտավան արտահայտությունը։
Գնալով երգ ու նվագ սիրողների թիվն ավելանում էր նրանց շուրջը, միայն հայ եպիսկոպոսների, վարդապետների ու սարկավագների փոխարեն եկեղեցու բակը մտնող և այնտեղից դուրս եկող պարսիկ երկարաքղանցք ու սրագդակ մոգերն ու կրակի այլ պաշտոնյաներն էին խեթ նայում գուսանների կողմը։
Իսկ գուսանները երգելու հետ միասին կարծես ուսումնասիրում էին իրենց շուրջը, հրապարակի անցուդարձը,— ծերունին՝ բաց աչքերով, երիտասարդը՝ «կույր» աչքերը կկոցած։ Սա որքան էլ խոստացավ քաղաքում աչքերը միշտ փակ պահել, բայց անհամբերությունից թե հետաքրքրությունից չէր կարողանում իրեն զսպել և, երբեմն երկար թարթիչները խաղացնելով, դիտում էր հրապարակի անցուդարձը։
Առաջվա համեմատությամբ հրապարակն այնպես դատարկ էր, թվում էր՝ քաղաքում մարդ չկա։ Բայց դա խաբուսիկ երևույթ էր։ Չնայած տարուց ավելի էր, ինչ պարսիկները գրավել էին քաղաքը, սակայն բնակչությունը դեռ չէր հաշտվում այդ դրության հետ և մեծ վախով էր դուրս գալիս հրապարակ։ Ասենք՝ դեռ գրավելուց առաջ շատերը հեռացել էին երկրի հյուսիսային գավառները՝ Վարաժնունիք, Գառնի, Գեղարքունիք, Գուգարք և Ուտիք, մինչև վերին սահմանը հայոց, անգամ մինչև երկիրը վրաց։ Իսկ մնացածները թաքնվում էին իրենց տների խորքում կամ քաղաքը շրջապատող այգիներում, որ հարկադրված չլինեն երկրպագել կրակին։ Չնայած պարսիկները, ինքը՝ պարսից զորքերի գլխավոր ծրամանատար Զիկ զորավարը և հայ իշխան Մերուժանն էլ առանձին՝ մունետիկների բերանով հայտնել էին բնակիչներին, որ ազատ զգան և ազատ շարունակեն իրենց գործերն ու արհեստները, սակայն շատ քչերն էին նրանց հավատում, ու հրապարակում երևում էին միայն պառավներ ու ծերունիներ կամ՝ խեղանդամ մարդիկ, որ կարծես, մահն արհամարհելով, ծերության իրավունքով էին դուրս գալիս փողոց կամ գնում միմյանց տուն։
Սակայն հիմա գուսանների նվագն ու երգը՝ որքան տարօրինակ ու զարմանալի, նույնքան էլ մեծ հետաքրքրություն հարուցեց այդ լուռ հրապարկում ու նրա շուրջը, որովհետև վաղուց, պարսիկների մտնելուց հետո, ոչ գուսաններ էին երևացել, ոչ էլ երգ ու նվագ էր լսվել քաղաքում։ Թերևս այդ էր պատճառը, որ նվագի աոաջին հնչյունները հավաքեցին ոչ միայն երեխաների, պարսիկ զինվորների, այլև քաղաքացիների, որոնց թիվը գնալով ավելանում էր. անգամ մոտիկ տների դռներից ու պատերի հետևից զարմացած՝ նվագողներին էին նայում կանայք, բայց չէին համարձակվում առաջ գալ... Մի երգի ամենածորուն տեղը՝ հանկարծ հրճվանքի մի ճիչ լսվեց հրապարակում, և մազախոիվ ու ցնցոտիազգեստ մեկը պատոեց հավաքվածների շղթան ու, եզան մի թավամազ պոչ ձեռքին, կանգնեց ծամածուռ շարժումներով.
— Գուսա՜ն, գուսա՜ն,
Որտեղի՞ց բուսան...
Մեծ անտառից,
Թե գետառից....
Ասաց նա հտպիտի նման բերանը բաց և, հոնքերը բարձրացնելով, գլուխը ծռած նայեց գուսանների երեսին, կարծես փորձելով ճանաչել նրանց կամ ինչ-որ բան ասել նորից, բայց մեկը, տարիքով մի քաղաքացի, սաստեց նրան.
— Լո՛ւռ, Մաղքոս, լո՛ւռ...
Դա Դվինի հայտնի խենթ Մեղավոր Մաղքոսն էր, երիտասարդ, ամրակազմ մի մարդ, որ մի պահ, երգ-նվագ լսելուց հետո, հանկարծ լաց եղավ բարձրաձայն։ Պարսիկ զինվորները մեղմացած նայեցին նրան և նոր մի երգ պատվիրեցին գուսաններին։
Եվ մինչև գուսանները երգում էին՝ հետաքրքիրների թիվը շարունակում էր ավելանալ նրանց շուրջը։ Վերջապես, երբ մի քանի եղանակից հետո գուսանները դադար առան, դվինցիներից մեկը՝ վիզը կապած մի ծերունի, Զաքարեին մոտենալով, հարցրեց կամաց.
— Որտեղի՞ց եք գալիս, գուսան եղբայր։
— Վաղարշապատից,— Զաքարեի փոխարեն պատասխանեց երիտասարդ կույր գուսանը։
— Իսկ ի՞նչ կար Վաղարշապատում,— հետաքրքրվեց նույն ծերունին՝ ձայնն ավելի իջեցնելով, որ պարսիկներն իր խոսքը չլսեն։
— Ինչ որ այստեղ, բարեկամ,— պատասխանեց երիտասարդ գուսանն անտարբեր և, բամբիռը նորից ձեռքն առնելով, սկսեց պարսկական մի նոր երգ։
Նա մատներով զարկում էր բամբիռի լարերին և հետն էլ երգում, իսկ ծերունին դարձյալ ձայնակցում էր նրան կամ դափ զարկում։
Երբ պարսիկ զինվորները, վերջապես, հագեցան ու ամբողջ խմբով թողին հեռացան՝ Զաքարեն երկու անգամ սեղմեց երիտասարդի թևը, որ պայմանական նշան էր, թե պարսիկ չկա։
Այնժամ երիտասարդը երգեց հայերեն. լսելով իրենց ծանոթ եղանակն ու երգը՝ հավաքված դվինցիների հոնքերն ակամա ետ գնացին, դեմքերը պարզվեցին, և նրանց աչքերում առկայծեց կարծես վաղուց մարած մի բան։
Երիտասարդը երգում էր հոգնած, բայց հաճելի ձայնով։
Հավաքված այդ խայտաբղետ բազմության մեջ կար միջին տարիքի մի մարդ, որ համառորեն նայում էր կույր գուսանին, և, թվում էր, ուշադիր զննում, ուսումնասիրում է նրա յուրաքանչյուր շարժումը և ուզում է լավ հիշել նրան։ Դա քառասունի մոտ, գունատ մարդ էր՝ սև, ոլորվող բեղ ու մորուսով և սպիտակ, բարակ ձեռքերով, որ հազիվ կիսով չափ դուրս էին գալիս նրա հնամաշ կապայի լայն թևքերի միջից։ Թվում էր՝ դա հողի, այգու կամ այլ կոպիտ աշխատանքով զբաղվող մարդ չէ և, ինչպես երևում էր, հավաքվածների մոտ հարգանք էր վայելում։
Վերջապես, երբ գուսանը դադարեց և հոգնած, բամբիռը դրեց ծնկան, այդ մարդը մոտեցավ երիտասարդ գուսանին և կռանալով՝ ձեռքը դիպցրեց նրա ձեռքին, որ կույրն զգա, թե իր հետ են խոսում։
— Գուսան եղբայր,— ասաց նա կարեկից ու ոչ բարձր ձայնով։— Հոգնած և քաղցած կլինեք։ Գնանք տունս՝ հաց վայելեք և հանգիստ առեք։
— Շնորհակալ եմ, անծանոթ եղբայր, շնորհակալ եմ։ ճշմարիտ է, թե՝ հոգնած ենք և թե՛ քաղցած, բայց հեռու չէ՞ արդյոք տունդ մեր հոգնած ոտների համար։
— Ոչ, շւստ հեռու չէ,— ասաց մարդը նույն զգույշ ձայնով։— Մի երկու կարճ փողոց անցնելուց հետո կլինենք իմ տանը։
Երիտասարդ գուսանի լարված, մտահոգ դեմքը մեկեն պայծառացավ, նա մի ծանոթ թե հարազատ ձայն զգաց կարծես և ասաց.
— Գնա՛նք, Ջաքարե, գնա՛նք...
Ու տեղից վեր կենալով՝ բամբիռն զգուշությամբ գցեց ուսը և բռնեց ծեր առաջնորդի թևը։
— Հետևեցեք ինձ,— ասաց դվինցին զգուշությամբ և, բազմությունից ջոկվելով, առաջ ընկավ՝ կապայի լայն թևքերը ճոճելով։
Գուսանները հետևեցին նրան, և մինչև տուն, որ այնքան էլ մոտ չէր, նրանք այլևս ոչ մի խոսք չփոխանակեցին, որովհետև մարդը գնում էր բավական առաջ ընկած, նույնիսկ առանց ետ նայելու։ Իսկ երբ հյուրընկալի հետևից մտան նրա բակը և դուռը դրին ամուր՝ կույր գուսանն աչքերը բաց արեց հանկարծ և ժպտերես նայեց հյուրընկալին։ Սրան թվաց, թե երիտասարդ գուսանի ցնցոտիները չքացան և նրա առջև կանգնեց մի կայտառ ու կորովի ռազմիկ։
— Հրահա՜տ,— բացականչեց նա։
— Չէիր սպասում, Գազավոն վարպետ, այնպես չէ՞։ Ես քո ձայնից իսկույն ճանաչեցի քեզ և զգացի, որ շատ զարմացած ես։
— Զարմացած,— բացականչեց հյուրընկալը, որ Դվինի ոսկերիչներից էր։— Ոչ միայն զարմացած եմ, Հրահատ սիրելի, այլ այրվում եմ հետաքրքրությունից։ Ասա, բարեկամս, ի՞նչ բան է սա, ի՞նչն է հարկադրել քեզ այդպես կույր գուսան ձևանալ... ի՞նչ է նշանակում դա...
— Նկատում եմ իրոք շատ ես հետաքրքրված, Գազավոն վարպետ,— ասաց «կույր» գուսանը՝ մտերմաբար հյուրընկալի ուսը թոթվելով։— Բայց նախքան քեզ գոհացնելը, մեզ կերակրիր, որ ուժ ունենանք խոսելու։ Իմ այս բարի առաջնորդն էլ ազնիվ մարդ է, կարող ես ազատ խոսել մոտը։
— Ներո՛ղ եղիր, Հրահատ եղբայր,— շփոթվեց Գազավոնը,— ես իմ տեսածից այնպես եմ զարմացած, որ մոռացա հյուրընկալության կարգը։ Իսկո՛ւյն, իսկո՛ւյն։ Համեցեք ներս...
Եվ նա, իրար անցնելով, անհանգիստ ու հապճեպ՝ հյուրերին առաջնորդեց տուն, որ գտնվում էր բակի խորքում, զույգ թթենիների հովանու տակ։ Գազավոնի տունը բաղկացած էր երկու թե երեք սենյակից, որոնց մերկ աղքատությունը շատ զարմացրեց հյուրերին, բոլորովին անզարդ ու մերկ էին պատերը, մերկ էին համարյա և նրանց տակ դրված տախտերը, եթե չհաշվենք վրաները փռված գորշ թաղիքները, որոնց ծայրերն իջնում էին մինչև հարթ հատակը, իսկ հատակի վրա, սովորական գորգերի փոխարեն նույնպես փռված էին ճահճախոտից հյուսած հասարակ խսիրներ։
Մինչ գուսանները մի տախտի վրա տեղավորվելով՝ նայում էին տան խեղճությունը, հյուրընկալ Գազավոնն անցավ կից սենյակը, ինչ-որ բան խոսեց այնտեղ անտես մեկի հետ ու, շուտով վերադառնալով, նստեց հյուրերի դիմաց, մի այլ տախտի վրա։
— Մեր այս աղքատության վրա մի՛ զարմանա, Հրահատ եղբայր,— ասաց Գազավոնը, նկատելով, որ նա զարմացած է տան տեսքով։— Ունեցածներս թաքցրել ենք, որ անօրեն մոխրակերները չհափշտակեն։ Տնետուն ընկած կողոպտում են. ինչ հավանում են՝ էլ տիրոջը չի պատկանում... Բայց այս թողնենք, դու այն ասա, Հրահատ եղբայր, որտե՞ղ էիր, ինչպե՞ս եկար Դվին և ինչո՞ւ կույր գուսանի ձևով... Ախ, ներո՛ղ եղիր, ես խոստացա նախ կերակրել...
Այդ պահին կից սենյակից դուրս եկավ գլխաշոր կապած ոչ տարիքով մի կին՝ լվացվելու պարագաներով։
Առաջ գալով՝ նա անխոս գլուխ ավեց հյուրերին, փոքրիկ ծակոտկեն կոնքը դրեց հատակին և ինքը երկարավիզ ջրամանից ջուր լցրեց նրանց ձեռքներին, և երբ նրանք լվացվեցին ու սրբվեցին՝ նա այդ պարագաները վերցնելով՝ նորից անձայն-անաղմուկ անցավ հարևան սենյակը և այնտեղից բերեց երկու ձեռքով բռնած փայտե մի կլոր սկուտեղ, որի վրա շարված էին կավե փայլ տված ամաններ և կլոր կարմիր հացեր և պես-պես ուտելիքներ։ Սկուտեղը հարգանքով դնելով տախտի վրա, հյուրերի առաջ, նա կրկին դուրս գնաց։
Մինչ հոգնած ու քաղցած հյուրերը ճաշով էին զբաղվում՝ տանտերն ինքը մասնակցելով հացկերույթին, հետաքրքրությունից անհամբեր՝ նայում էր մերթ Հրահատին, մերթ Զաքարեին, սպասելով կարծես, թե երբ պիտի վերջացնեն, որ հարցումներ անի։ Նա գիտեր, որ Հրահատը Մուշեղ սպարապետի թիկնապահներից մեկն էր, գիտեր, որ նրա հետ միասին գնացել էր Բյուզանդիա՝ թագաժառանգ Պապին բերելու, որպեսզի նա թագավորի՝ նենգությամբ Պարսկաստանում կալանված հոր փոխարեն, հիմա ինքը հետաքրքիր էր իմանալու, թե որտեղի՞ց է գալիս Հրահատը, ինչո՞ւ է եկել, ինչպե՞ս է կույր ձևացել — գուսան դառել, և ո՞վ է արդյոք նրա այդ ծեր առաջնորդը, որ ոչ մի բանով չէր զանազանվում իսկական գուսանից։
Երիտասարդ հյուրն զգաց այդ և նկատեց ժպտալով.
— Հիմա՛, հիմա՛, Գազավոն, հիմա կգոհացնեմ քեզ։
— Վայելի՛ր, Հրահատ եղբայր, վայելիր, խնդրում եմ։ Ես կսպասեմ...
— Ոչ, վարպետ Գսւզավոն, նկատում եմ՝ քո հետաքրքրությունն ավելի մեծ է, քան իմ քաղցը,— ասաց Հրահատը նորից ժպտուն աչքերով տանտիրոջը նայելով և, մի փոքր էլ ուտելուց հետո, վերջապես, առաջնորդ Զաքարեին թողեց այդ սենյակում պառկել ծանգստանալու, ինքը Գազավոնի հետ անցավ մյուս սենյակը։
— Դու հանգստացիր, Զաքարե, ես սակավիկ մի զրուցեմ վարպետ Գազավոնի հետ։ Դու այս ամենը գիտես, ձանձրալի կլինի նորից լսել։
Եվ երբ նրանք անցան կից սենյակը՝ Գազավոնն այնպիսի բաներ լսեց, որ էլ չկարողացավ իր զարմանքը պահել։
— Ի՞նչ... ճշմարի՞տ... Ուրեմն ստույգ են մեզ հասած լուրերը,— ասում էր նա՝ շուտ-շուտ տեղից ելնելով ու նստելով։
Եվ Հրահատն իրոք պատմում էր զարմանալի բաներ, թե Բյուզանդիան թագաժառանգ Պապին արդեն ճանաչել է թագավոր և նույնիսկ տվել է օգնական զորք... և դրանք հիմա հայկական զորքերի հետ, որ մի տարի առաջ նահանջելով մնացել էին Սպերում, Տայքում և Դարանաղյաց գավառում, կռվում են պարսից դեմ, Մուշեղի և Պապի առաջնորդությամբ։
— Իրո՞՜ք,— հևաց Գազավոնը։— Եվ հաջողա՞կ են, հաղթո՞ւմ են։
— Եվ կարողանո՜ւմ են հաղթել, որովհետև պարսիկն այնտեղ մեծ ուժ չունի հիմա, ամեն տեղ պարտվում են և նահանջում։ Եվ սպարապետը, որ լսել է, թե ինչպե՛ս Շապուհն իր հոր՝ Վասակ սպարապետի մաշկը տիկ է հանել և խոտով լցրած նրա պաճուճապատանքը դրել է բանտարկված թագավորի առաջ, ինքն էլ հիմա որտե՛ղ պարսից զորավար է գերում, նույնպես տիկ է հանել տալիս և կռվի ժամանակ դնում պարսից զորքի առաջ, որ տեսնեն, թե հայերն էլ գիտեն վրեժ առնել։ «Մեկի փոխարեն տասը, տասի փոխարեն հարյուրը»,— ասում է սպարապետը։
— Ճշմարի՞՜տ,— բացականչեց նորից Գազավոնը զարմացած, հիացած, լսածներին կարծես չհավատալով կամ այդ ամենը հրաշք համարելով։— Իսկ դու, դու ինչո՞ւ ես զորքը թողել եկել, երբ մերոնք հաղթական են... և ինչպե՞ս եկար, և ինչո՞ւ այդպես գուսանակերպ և կույր ձևացած...
— Սպասի՛ր, Գազավոն վարպետ, սպասիր, դժվար է բոլոր հարցերին պատասխանել միանգամից,— ժպտաց Հրահատը և պատմեց, թե իրեն ուղարկել է սպարապետը, որպեսզի ժողովրդին հայտնի իրենց գալու և հաղթելու լուրը, որ ամենքն զգաստ լինեն և պատրաստ, իսկ զենքի ընդունակներն անմիջապես քաշվեն լեռներն ու անտառները...
— Այդ ինչո՞ւ համար,— լրջացավ Գազավոնը։
— Նրա համար, վարպետ եղբայր, որ պարսիկները հեռանալիս՝ գերի չվարեն նրանց կամ չսպանեն։ Ուրեմն մերոնք առայժմ պիտի թաքնվեն, որ մեր զորքի մոտենալուն պես՝ օգնության հասնեն նրան պարսից թիկունքից։ Այդպես է տեր սպարապետի կարգադրությունը։
— Իմաստո՛ւն կարգադրություն,— հիացավ ոսկերիչը։— Իմաստուն կարգադրությո՜ւն... Իսկ հիմա, հիմա որտե՞ղ են մերոնք,— չհամբերեց նա։
— Երբ եկա, այսինքն՝ մի ամիս առաջ, մերոնք գրավեցին Կարինը և շարժվեցին դեպի Բագրևանդ։
— Ուրեմն դու եկել ես պարսիկների միջո՞վ,— զարմացավ Գազավոնը։
— Ուրիշ ի՞նչ ճանապարհով կարող էի գալ։
— Բայց չտեսա՞ն։
— Անցա իբրև կույր գուսան։
— Եվ չկասկածեցի՞ն։
— Նվագարանով գուսանը նրանց նույնքան հաճելի է, որքան և մեզ։
— Ուրեմն շարունակ կո՞ւյր էիր ձևանում և նվագում նրանց համար։
— Ոչ միայն նվագում, այլև երգում, ինչպես տեսար։
— Եվ հայերե՞ն՝ այսօրվա պես։
— Ոչ, նրանց համար միայն պարսկերեն։
— Եվ չվնասեցի՞ն ձեզ։
— Ոչ միայն չվնասեցին, այլև մինչև իսկ երբեմն ձայնակցում էին մեզ և պատվերներ տալիս։ Վաղարշապատում նույնիսկ պահանջեցին, որ մենք մնանք իրենց մոտ։ Խոստանում էին լավ պահել, կերակրել։ Բայց ես հրաժարվեցի, ասելով թե՝ նրանց հարգելուց է, որ նվագում եմ, այլապես սիրտ չունեմ, հայրս մահամերձ է Դվինում, պետք է հասնեմ։
Այս երիտասարդը, որ ինչպես պարզվեց, Մուշեղ սպարապետի թիկնապահներից մեկն էր, իբրև կույր գուսան՝ իր առաջնորդի հետ քաղաքից քաղաք, գյուղից գյուղ անցնելով՝ եկել հասել էր Դվին։ Այդպես նա եղել է Բագավան, Երվանդաշատ, Վաղարշապատ և շատ ավաններում ու գյուղերում, և ամեն տեղ ծածուկ պատմել էր հայերին նոր, երիտասարդ թագավորի գալը, Մուշեղ սպարապետի հաղթությունն ու կարգադրությունը և ամեն տեղից էլ կարողացել էր դուրս գալ անփորձ՝ շնորհիվ գուսանի իր կերպին ու հանգամանքին։ Նրա ասելով՝ Մուշեղ սպարապետը, կամենալով ոգևորել պարսիկների գրաված գավառների ժողովրդին մոտալուտ ազատությամբ և զգուշացնել թշնամուց սպասվող վտանգից, առաջարկել էր երիտասարդ զորականներին, թե ո՞վ հանձն կառնի մի այդպիսի անձնազոհ ու պատվաբեր առաքելություն։ Պատրաստակամություն հայտնել էին շատերը, բայց սպարապետն ընտրել էր միայն հինգ-վեց հոգի։ Դրանցից մեկը Հրահատն էր, որ այդ դերը հանձն էր առել նաև մի այլ նպատակով և սպարապետին խնդրել էր հատկապես իրեն ուղարկել Դվին—Արտաշատ։ Մյուսները գնացել էին այլ կողմեր, մի քանիսն էլ Պապի և Մուշեղի նամակները տարել էին լեռնագավառների հայ նախարարներին, որ միանան պարսից դեմ սկսված կռվին։
Լսելով այս ամենը՝ ոսկերիչ Գազավոնը, համակ հետաքրքրություն դարձած, շարունակում էր իր ուրախ բացականչերն ու հարցումները, նրա հարցասիրությունը նույնիսկ այնտեղ հասավ, որ ուզեց իմանալ, թե ի՞նչ հագուստներ ունի նոր թագավորը, ի՞նչ սուր է կրում և արդյոք թագ դնո՞ւմ է գլխին թե ոչ, կամ նոր թագուհին հե՞տն է, թե մնացել է Բյուզանդիոնում, կամ որքա՞ն է հոռոմ զորքերի թիվը, կա՞ն նրանց հետ լավ զորավարներ, և որքա՞ն սիրով են մասնակցում կռվին։
Ստանալով այս հարցերի պատասխանը՝ Գազավոնը սակայն չէր բավարարվում և շարունակում էր. «Հետո՞, հետո՞... էլ ի՞նչ նոր»...
— Մի այլ նորություն սա է, Գազավոն,— ասաց Հրահատը։— Իշխան Սպանդարատ Կամսարականը միացել է Պապին ու Մուշեղին և հիմա կռվում է պարսից դեմ։
— Սպանդարատ իշխա՞նը,— տեղից վեր թռավ ոսկերիչը՝ այնպես զարմացած, կարծես հրաշք էր լսում։— Այն բանից հետո՞, երբ Արշակ թագավորը կոտորեց նրա տոհմը և նրա կալվածները բաժանեց ուրիշ նախարարների՞՜...
— Այո, միացել է հայրենիքի սիրուն։
Այս մի քանի խոսքից Գազավոնը լավ չըմբռնեց իշխան Կամսարականի հետ կապված փոփոխությունը, բայց հետաքրքրվեց.
— Ուրեմն կազատվե՞նք մոխրապաշտներից։
— Շուտո՛վ, Գազավոն, շուտո՛վ,— գլուխը շարժեց Հրահատը ինքնավստահ ու խորհրդավոր։— Ես շատ ուրախ եմ, որ քեզ հանդիպեցի։ Հիմա հարկ է ժողովրդյան մեջ տարածել այս ամենը։ Որքան հավատարիմ և վստահելի մարդ ունես, Գազավոն, թող անցնեն գործի։ Բայց զգույշ, ոչ մի խոսք գուսանի մասին։
— Դու հանգիստ եղիր, Հրահատ սիրելի։ Գազավոնը գիտե իր գործը։
Մի փոքր ևս զրուցելով՝ Գազավոնը հյուրին տարավ կողքի սենյակը՝ քնած Զաքարեի մոտ, և ինքը դուրս եկավ, թողնելով նրանց հանգիստ առնելու։
Դուրսը աշնան մութն արդեն իջնում էր նվաճված մայրաքաղաքի վրա և հետզհԵտե սքողում միջնաբերդն իր պալատով, պարիսպներով ու ծառաստանով։
Հրահատը պառկեց տախտի փափուկ թաղիքի վրա և, չնայած ծայր հոգնածության, չկարողացավ հանգստանալ։ Այժմ արդեն նրան պաշարել էին իրեն վաղուց հուզող մտքերը։ Սպարապետից խնդրելով ուղարկել իրեն Դվին, Արտաշատ, նա նպատակ ուներ միաժամանակ տեսնել իր հարսնացուին՝ Նազենիին, որից բաժանվել էր համարյա տարի ու կես առաջ... Ու ինչպես ամբողջ ճանապարհին, այնպես էլ հիմա Հրահատը չգիտեր որտե՞ղ կլինի Նազենին՝ զինագործ Զոմայի աղջիկը, Դվինո՞ւմ արդյոք, քաղաքի պարսպից դուրս գտնվող իրենց այգու տնակո՞ւմ, թե մոր հետ հեռացել—ապաստանել է մի տեղ, և արդյոք ապահո՞վ տեղ... Հրահատը մի վայրկյան ցանկություն ունեցավ զրույցի միջոցին հարցնել Գազավոնին, բայց նախ հարմար չհամարեց խոսել իր զգացմունքների մասին, երկրորդ՝ համոզված չէր, թե Գազավոնը կարող է ճանաչել զինագործ Զոմայի կնոջն ու աղջկան։ Մտածելով՝ Հրահատը մի պահ որոշեց վեր կենալ և գնալ վարպետ Զոմայի տունը, սակայն հիշելով, որ ամեն քայլափոխին փողոցներում պարսիկ պահակներ են հսկում և ինքը տակավին չի կատարել սպարապետի հանձնարարությունը, թողեց այդ առավոտյան։
— Առավոտը,— հառաչեց նա,— առավոտը կպարզեմ ամեն ինչ...