Changes

Դևեր, Մասն երրորդ

Ավելացվել է 46 687 բայտ, 18:05, 1 Մարտի 2015
/* Գլուխ ութերորդ. Եզրափակում */
== Գլուխ ութերորդ. Եզրափակում ==
 
Կատարված բոլոր վայրագությունները և հանցագործություններն ի հայտ եկան արտակարգ արագությամբ, շատ ավելի արագ, քան ենթադրում էր Պյոտր Ստեպանովիչը։ Սկսվեց նրանից, որ տարաբախտ Մարյա Իգնատևնան ամուսնու սպանության գիշերն արթնացավ լուսամութով, տեսավ բացակայությունը և աննկարագրելի հուզմունք ապրեց՝ իր կողքին չտեսնելով ամուսնուն։ Նրա հետ էր գիշերում Արինա Պրոխորովնայի՝ այն ժամանակ վարձած աղախինը։ Վերջինս ոչ մի կերպ չկարողացավ հանգստացնել նրան և հենց սկսեց լուսանալ, վազ տվեց Արինա Պրոխորովնային բերելու, հիվանդին հավատացնելով, թե նա գիտե՝ ուր է ամուսինը և երբ է վերադառնալու։ Այնինչ, Արինա Պրոխորովնան նույնպես որոշակի հոգսերի մեջ էր. ամուսնուց արդեն իմացել էր Սկորեշնիկիում գիշերային քաջագործության մասին։ Ամուսինը տուն էր եկել գիշերվա ժամը տասնմեկին ահավոր վիճակում, սարսափելի տեսքով։ Ձեռքերը կոտրատելով բերանքսիվայր ընկել էր մահճակալին ու շարունակ կրկնել՝ ջղաձիգ հեծկլտոցներից ցնցվելով. «Դա ա՜յն չէ, ա՜յն չէ, բոլորովի՜ն այն չէ»։ Հարկավ, ավարտել էր նրանով, որ խոստովանել էր ամեն ինչ իրենից ձեռ չքաշող Արինա Պրոխորովնային՝ իմիջիայլոց, ամբողջ տան մեջ միայն նրան։ Վերջինս թողել էր նրան անկողնում, խստորեն հանդիմանելով, որ «եթե ուզում է նվնվալ, ապա թող վնգա բարձի մեջ, որ մարդ չլսի, և որ հիմար կլինի, եթե վաղն ինչ-որ բան ցուցաբերի»։ Բայց և այնպես, մտքերի մեջ էր ընկել ու սկսել համենայն դեպս մաքրել ավելորդ թղթեր, գրքեր, նույնիսկ գուցեև թռուցիկներ, հասցրել էր թաքցնել կամ իսպառ ոչնչացնել։ Այդ ամենի հետ մեկտեղ կշռադատել էր, որ անձամբ ինքը, իր քույրը, մորաքույրը, ուսանողուհին, իսկ գուցեև կախականջ եղբայրիկն այնքան էլ վախենալու բան չունեն։ Երբ առավոտյան վազեվազ եկավ հիվանդապահը, նա գնաց Մարյա Իգնատևնայի մոտ, առանց երկար-բարակ մտածելու։ Իմիջիայլոց, նա անչափ ուզում էր ստուգել, թե ճի՞շտ է արդյոք այն, ինչ երեկ վախեցած ու զառանցանքի նման ցնորված շշնջոցով ամուսինն իրեն հայտնեց Կիրիլլովի հետ կապված Պյոտր Ստեպանովիչի հաշվարկների մասին՝ ի շահ ընդհանուր գործի։ Սակայն Մարյա Իգնատևնայի մոտ հասավ արդեն ուշացած. ուղարկելով աղախնին և մենակ մնալով, նա չէր համբերել, ելել անկողնուց և ձեռքն ընկածը հագնելով՝ կարծեմ շատ թեթև ու եղանակին անհամապատասխան ինչ-որ զգեստ, ինքն էր գնացել կողաշենք՝ Կիրիլլովի մոտ, հասկանալով, որ գուցե թե բոլորից ճիշտ նա կհայտնի ամուսնու մասին։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես ազդեց նոր ծննդաբերած կնոջ վրա այն, ինչ տեսավ այնտեղ։ Շատ լավ է, որ չկարդաց Կիրիլլովի՝ սեղանին, երևացող տեղ դրված մինչմահու երկտողը, իհարկե, վախից չնկատելով ամենևին։ Նա ետ վազեց իր վերնասենյակը, գրկեց մանկանը և հեռացավ տնից փողոցով։ Խոնավ առավոտ էր, մշուշ էր կանգնած։ Նման խուլ փողոցում անցորդներ չհանդիպեցին։ Նա վազում էր շարունակ, շնչակտուր, սառը և խրուտ ցեխերի միջով և վերջապես սկսեց դռներ թակել։ Մի տեղ դուռը չբացեցին, մյուսում երկար չէին բացում, անհամբերությամբ նետվեց և սկսեց երրորդ դուռը թակել։ Մեր վաճառականներից մեկի՝ Տիտովի տունն էր դա։ Այստեղ մեծ իրարանցում գցեց նա, բղավում ու անկապ հավատացնում էր, որ «իր ամուսնուն սպանել են»։ Շատովին ու նրա պատմությունը մասամբ գիտեին Տիտովների տանը, սարսափահար էին, որ նա, իր ասածով ընդամենը մեկ օրուգիշեր ծննդաբերած, այդ հագուստով ու ցրտին վազվզում է փողոցներով, հազիվ փաթաթված մանկանը գրկած։ Սկզբում մտածեցին, թե զառանցում է սոսկ, առավել ևս, որ ոչ մի կերպ չէին կարողանում պարզել, թե ով է սպանված. Կիրիլլո՞վը, թե իր ամուսինը։ Կռահելով, որ իրեն չեն հասկանում, նա պոկվեց՝ շարունակելու իր վազքը, սակայն նրան կանգնեցրին ուժով և, ասում են, նա սարսափելի բղավում էր ու կռիվ տալիս։ Գնացին Ֆիլիպպովի տուն, և երկու ժամ անց Կիրիլլովի ինքնասպանությունն ու մինչմահու երկտողը հայտնի դարձան ամբողջ քաղաքին։ Ոստիկանությունը սկսեց ծննդկանից, որի ուշքը դեռ գլխին էր։ Այդտեղ էլ պարզվեց, որ նա Կիրիլլովի երկտողը չի կարդացել, ու թե ինչու է եզրակացրել, որ ամուսինն էլ է սպանված, չկարողացան իմանւսլ։Նա սոսկ բղավում էր, որ «թե որ նա սպանված է, ուրեմն, ամուսինն էլ է սպանված, նրանք միասին են եղել»։ Կեսօրին նա ընկավ ինքնամոռացության մեջ, որից այլևս դուրս չեկավ ու վախճանվեց երեք օր անց։ Մրսած երեխան նրանից էլ շուտ մահացավ։ Արինա Պրոխորովնան, տեղում չգտնելով Մարյա Իգնատևնային ու փոքրիկին և կռահելով, որ դա վատ է, ուզեց տուն շտապել, բայց կանգ առավ դարպասի մոտ և դայակին ուղարկեց՝ «հարցնելու կողաշենքում, այն պարոնից, թե նրա մոտ չէ՞ Մարյա Իգնատևնան ու չգիտե՞ ինչ եղավ նրան»։ Դայակը ետ եկավ՝ գազազած բղավելով փողոցով մեկ։ Համոզելով նրան չբղավել և ոչ մեկին չհայտնել՝ նշանավոր «կդատեն» փաստարկով, նա ծլկեց բակից։
 
Ինքնըստինքյան, հենց նույն առավոտյան նրան անհանգստացրել էին, որպես ծննդկանի տատմոր, բայց քիչ բան էին ձեռք բերել, նա շատ գործնական և սառնարյուն պատմեց այն ամենը, ինչ տեսել ու լսել էր Շատովի մոտ, բայց կատարված պատմության մասին պատասխանեց, որ չգիտե ոչինչ ու չի հասկանում։
 
Կարելի է պատկերացնել, թե ինչ իրարանցում ծայր առավ քաղաքում։ Նոր «պատմություն», նոր սպանություն։ Սակայն մի ուրիշ բան էլ կար. հստակ էր դառնում, որ կա, իսկապես կա մարդասպանների, հրահրիչ-հեղափոխականների գաղտնի ընկերություն։ Լիզայի զարհուրելի մահը, Ստավրոգինի կնոջ սպանությունը, ինքը՝ Ստավրոգինը, հրկիզումը, պարահանդեսը դաստիարակչուհիների համար, սանձարձակությունը Յուլիա Միխայլովնայի շուրջը... Նույնիսկ Ստեպան Տրոֆիմովիչի անհետացման մեջ ցանկանում էին անպայման հանելուկ տեսնել։ Շատ, շատ էին փսփսում Նիկոլայ Վսեվոլոդովիչի մասին։ Օրվա վերջին իմացան նաև Պյոտր Ստեպանովիչի բացակայության մասին և, տարօրինակ է, նրա վերաբերյալ բոլորից քիչ էին խոսում։ Այդ օրը սակայն ամենից շատ խոսում էին «սենատորի մասին»։ Ֆիլիպպովի տան մոտ համարյա ամբողջ առավոտ ամբոխ էր կանգնած։ Իսկապես, ղեկավարությունը մոլորության մեջ էր դրված Կիրիլլովի երկտողով։ Հավատացին նաև, որ Կիրիլլովն է սպանել Շատովին, «մարդասպանի» ինքնասպանությանն էլ հավատացին։ Իմիջիայլոց, ղեկավարությունը, թեև շշկլված էր, բայց ոչ բոլորովին։ Օրինակ, «պուրակ» բառը՝ այնքան անորոշ զետեղված Կիրիլլովի երկտողում, ոչ մեկին չշփոթեցրեց, ինչպես հաշվարկում էր Պյոտր Ստեպանովիչը։ Ոստիկանությունն անմիջապես նետվեց Սկվորեշնիկի, և ոչ սոսկ մի պատճառով, որ այնտեղ պուրակ կար, որպիսին մեզանում ուրիշ ոչ մի տեղ չկար, այլ նույնիսկ որոշ բնազդականությամբ, քանզի վերջին օրերի բոլոր սարսափները կամ ուղղակիորեն, կամ մասամբ կապված էին Սկվորեշնիկիի հետ։ Համենայն դեպս, ես այդպես եմ կռահում։ (Նշեմ, որ Վարվառա Պետրովնան, վաղ առավոտյան և ոչնչի մասին չիմանալով, մեկնել էր՝ Ստեպան Տրոֆիմովիչին բռնելու)։ Մարմինը գտան լճակում, նույն օրը, իրիկնադեմին, որոշ հետքերով, սպանության բուն տեղում գտնվել էր Շատովի գլխարկը՝ արտակարգ թեթևամտությամբ մոռացված մարդասպանների կողմից։ Դիակի դիտողական և բժշկական զննումները և որոշ կռահումներ առաջին քայլից կասկած հարուցեցին, որ Կիրիլլովը չէր կարող չունենալ ընկերներ։ Հստակվեց շատով-կիրիլլովյան գաղտնի ընկերության գոյությունը՝ կապված թռուցիկների հետ։ Ովքե՞ր էին այդ ընկերները։ Մերոնցից ոչ մեկի մասին այդ օրը մտքներով իսկ չէր անցնում։ Իմացան, որ Կիրիլլովն ապրում էր մենակյացի կյանքով և այնքան մեկուսի, որ նրա հետ, ինչպես հայտնված էր երկտողում, կարող էր մի քանի օր մնալ Ֆեդկան, ում ամենուրեք փնտրում էին այդպես... Գլխավորապես, բոլորին տանջում էր այն միտքը, որ ներկայացված ամբողջ խառնաշփոթից կարելի չէր ընդհանուր և կապակցող ոչինչ կորզել։ Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի՜ եզրակացությունների և մտքի ի՜նչ անկարգության կհասներ ի վերջո խուճապահարության աստիճան վախեցած մեր հասարակությունը, եթե մեկեն չպարզաբանվեր ամեն ինչ միանգամից, հաջորդ իսկ օրը, շնորհիվ Լյամշինի։
 
Նա չդիմացավ։ Նրա հետ կատարվեց այն, ինչ նույնիսկ Պյոտր Ստեպանովիչը վերջում սկսել էր կանխազգալ։ Տոլկաչենկոյի, իսկ հետո Էրկելի հսկողությանը հանձնարարված՝ նա հաջորդ ամբողջ օրը պառկած մնաց անկողնում, ըստ երևույթին, հնազանդ, երեսը դարձրած պատին, ոչ մի բառ չարտասանելով, համարյա չպատասխանելով, եթե խոսում էին իր հետ։ Այդպիսով, նա ոչինչ չիմացավ ամբողջ օրը քաղաքում կատարվածից։ Սակայն իրիկնադեմին, կատարվածից շատ լավ տեղյակ Տոլկաչենկոյի մտքով անցավ թողնել Պյոտր Ստեպանովիչի՝ իր վրա դրած դերը Լյամշինի կապակցությամբ և քաղաքից նահանգ գնալ, այսինքն, պարզապես փախչել, հիրավի, խելքները թռցրել էին, ինչպես նրանց բոլորի մասին գուշակել էր Էրկելը։ Ի դեպ, նշեմ, որ հենց նույն օրը Լիպուտինն Էլ չքվեց քաղաքից, դեռևս կեսօրից առաջ։ Բայց այս դեպքում այնպես ստացվեց, որ նրա անհետացման մասին ղեկավարությունն իմացավ միայն հաջորդ օրը, իրիկնադեմին, երբ ուղղակի անցան նրա բացակայությունից վախեցած, բայց սարսափից լուռ մնացած ընտանիքը հարցաքննելուն։ Սակայն շարունակեմ՝ Լյամշինի մասին։ Հենց մնաց մենակ (Էրկելը՝ հույսը դրած Տոլկաչենկոյի վրա, ավելի շուտ Էր գնացել իր տուն), իսկույն ևեթ դուրս վազեց տնից և, անշուշտ, շատ շուտով իմացավ իրերի դրությունը։ Անգամ տուն չմտնելով, նա նույնպես նետվեց՝ փախչելու, ուր աչքը կկտրեր։ Բայց գիշերն այնքան խավար Էր, իսկ ձեռնարկածն այնքան ահավոր և դժվարագույն, որ երկու-երեք փողոց անցնելուց հետո վերադարձավ տուն ու փակվեց ամբողջ գիշեր։ Կարծեմ թե, լուսադեմին ինքնասպանության փորձ Էր արել, բայց անհաջող։ Այնինչ, փակված նստեց համարյա մինչև կեսօր և հանկարծակի վազ տվեց ղեկավարության մոտ։ Ասում են, նա սողացել Է ծնկաչոք, հեծկլտոցով ու ճղճղոցով, համբուրել Է հատակը՝ բղավելով, թե արժանի չէ համբուրել իր դիմաց կանգնած աստիճանավորների սապոգները նույնիսկ։ Նրան հանգստացրել էին, նույնիսկ խնամել։ Ասում են, հարցաքննությունը տևել է երեք ժամ։ Նա հայտնել էր բոլոր գաղտնիքները, ամեն, ամեն ինչ՝ գիտցածը, բոլոր մանրուքները։ Առաջ էր ընկել, շտապել խոստովանել, հայտնել նույնիսկ անհարկավորը և առանց հարցերի։ Պարզվել էր, որ նա բավականաչափ գիտե և բավականին լավ էր ներկայացրել գործը. Շատովի և Կիրիլլովի ողբերգությունը, հրդեհը, Լեբյադկինների մահը և նման բաներ երկրորդական պլան մղվեցին։ Առաջին պլան եկան Պյոտր Ստեպանովիչը, գաղտնի ընկերությունը, կազմակերպությունը, ցանցը։ Այն հարցին, թե ինչի՞ համար են կատարված այսքան սպանություններ, խայտառակություններ և գարշելիություններ, նա ջերմեռանդ շտապողականությամբ պատասխանեց, «հիմքերի պարբերական սասանման համար, հասարակության և բոլոր հիմունքների պարբերական քայքայման համար, որպեսզի բոլորին վհատեցնեն և ամեն ինչ շիլաշփոթի վերածեն և այդպիսով երերված, հիվանդ ու զառամած, ցինիկ ու հավատազուրկ, սակայն որևիցե ղեկավարող մտքի և ինքնապահպանման ծարավի հասարակությունը հանկարծակի վերցնեն իրենց ձեռքը՝ բարձրացնելով խռովության դրոշը և հիմնվելով հնգյակների մի ամբողջ ցանցի վրա, որոնք այդ ընթացքում գործում էին, հավաքագրում և գործնականորեն բոլոր հնարներն ու բոլոր թույլ տեղերն օգտագործում, ինչից կարելի էր կառչել»։ Ավարտեց ասելով, որ այստեղ, մեր քաղաքում, Պյոտր Ստեպանովիչի կողմից կազմակերպվել է նման պարբերական անկարգությունների սոսկ առաջին փորձը, այսպես ասած, հետագա գործողությունների ծրագիրը՝ նույնիսկ բոլոր հնգյակների համար, և որ դա արդեն իր իսկ (Լյամշինի) միտքն է, իր կռահումը և «որ անպայման հիշեն ու այդ ամենն ի ցույց դնեն, թե ինչ աստիճանի անկեղծ և բարեմիտ է ինքը բացատրում գործը և նշանակում է, շատ կարող է պետք գալ առաջիկայում նույնիսկ՝ ղեկավարությանը ծառայելու համար»։ Հաստատական հարցին, թե շա՞տ են, արդյոք, հնգյակները, պատասխանեց, թե անհամար քանակությամբ, որ ամբողջ Ռուսաստանը պատված է ցանցով, ու թեև ապացույցներ չներկայացրեց, բայց կարծում եմ, միանգամայն անկեղծորեն պատասխանեց։ Ներկայացրեց միայն ընկերության տպագիր ծրագիրը՝ տպված արտասահմանում, և հետագա գործողությունների ծավալման համակարգի նախագիծը, թեև ձեռագիր, բայցև Պյոտր Ստեպանովիչի ձեռքով գրված։ Պարզվեց, որ «հիմքերի սասանման» մասին Լյամշինը տառացիորեն մեջբերում է այդ թղթից, չմոռանալով նույնիսկ ստորակետ ու վերջակետերը, թեև հավատացնում էր, որ դա սոսկ սեփական նկատառումն է։ Յուլիա Միխայլովնայի մասին նա զարմանալի ծիծաղելիորեն և նույնիսկ առանց հարցնելու, այլ առաջ վազելով, արտահայտվեց, թե «նա անմեղ է և որ նրան միայն հիմարացրել են»։ Սակայն նշանակալի է, որ Նիկոլայ Ստավրոգինին նա բացարձակապես պատնեշեց գաղտնի ընկերությանն ամենայն մասնակցությունից, Պյոտր Ստեպանովիչի հետ ամենայն համաձայնությունից։ (Ստավրոգինի վրա Պյոտր Ստեպանովիչի ունեցած նվիրական ու անչափ ծիծաղելի հույսերից Լյամշինը գաղափար անգամ չուներ)։ Նրա խոսքերով, Լեբյադկինների մահը կազմակերպված էր միմիայն Պյոտր Ստեպանովիչի կողմից, առանց Նիկոլայ Վսեվոլոդովիչի որևէ մասնակցության՝ նրան հանցանքի մեջ ներքաշելու և այդպիսով Պյոտր Ստեպանովիչից կախվածության մեջ մնալու խորամանկ նպատակով, սակայն երախտագիտության փոխարեն, ինչ անպայմանորեն ու թեթևամտորեն հաշվարկել էր, Պյոտր Ստեպանովիչը հարուցեց սոսկ «ազնվասիրտ» Նիկոլայ Վսեվոլոդովիչի կատարյալ զայրույթը և անգամ վհատությունը։ Ստավրոգինի մասին ավարտեց՝ դարձյալ շտապելով և առանց հարցնելու, ըստ երևույթին, դիտավորյալ ակնարկումներով, թե նա չափազանց կարևոր մեկն է, սակայն դրա մեջ ինչ-որ գաղտնիք կա, որ նա մեզ մոտ ապրել է, այսպես ասած, incognito, որ հանձնարարություններ ունի և որ շատ հնարավոր է, նորից մեզ մոտ կգա Պետերբուրգից (Լյամշինը վստահ էր, որ Ստավրոգինը Պետերբուրգում է), միայն թե միանգամայն ուրիշ տեսքով և ուրիշ հանգամանքներով և այնպիսի անձանց շքախմբով, որոնց մասին գուցեև շուտով մեզ մոտ էլ կլսեն և որ ինքն այդ ամենն իմացել է Պյոտր Ստեպանովիչից՝ «Նիկոլայ Վսեվոլոդովիչի գաղտնի թշնամուց»։
 
Ուշադրություն հրավիրեմ։ Երկու ամիս անց Լյամշինը խոստովանեց, որ այն ժամանակ Ստավրոգինին պատնեշել է դիտմամբ, հույս ունենալով վերջինիս հովանավորության վրա, որ Պետերբուրգում նա թեթևացում կտա իրեն՝ երկու աստիճան ձեռք բերելով, իսկ աքսորվելիս փող կտրամադրի և հանձնարարական նամակներ։ Այս խոստովանությունից երևում է, որ նա, իսկապես, խիստ չափազանցված պատկերացում ուներ Նիկոլայ Ատավրոգինի մասին։
 
Նույն օրը, անշուշտ, ձերբակալեցին նաև Վիրգինսկուն, տաք ձեռի տակ՝ ամբողջ տունը նույնպես։ (Արինա Պետրովնան, նրա քույրը, մորաքույրը և նույնիսկ ուսանողուհին հիմա վաղուց արդեն ազատ են արձակված, ասում են նույնիսկ, որ Շիգալյովն էլ իբր անպայման կազատվի ամենամոտ ժամանակներս, քանի որ մեղադրյալների ոչ մի կարգին չի բռնում, ի դեպ, այդ ամենն առայժմ լոկ խոսակցություն է)։ Վիրգինսկին միանգամից և ամեն ինչ խոստովանեց։ Նա հիվանդ էր և տաքության մեջ, երբ ձերբակալեցին։ Ասում են, նա համարյա ուրախացել էր. «Սրտիցս քար ընկավ»,― իբր ասել էր նա։ Ասում են նրա մասին, թե հիմա ցուցմունքներ է տալիս շիտակությամբ, բայց նույնիսկ որոշ արժանապատվությամբ և չի հրաժարվում իր և ոչ մի «լուսավոր հույսերից», միևնույն ժամանակ նզովելով քաղաքական ճանապարհը (ի հակադրություն սոցիալականի), որով հրապուրվեց այնքան ակամա ե թեթևամտորեն՝ «համընկած հանգամանքների հողմի» պատճառով։ Սպանության կատարման ժամանակ նրա վարմունքը բացատրվում է նրա համար մեղմացուցիչ իմաստով, կարծում եմ, թե նա նույնպես կարող է հուսալ իր ճակատագրի որոշ մեղմացման խնդրում։ Համենայն դեպս, այդպես են մեզանում հաստատում։
 
Բայց հազիվ թե մեղմել լինի էրկելին վիճակվածը։ Վերջինս իր ձերբակալման պահից սկսած շարունակում է լռել կամ ըստ հնարավորին նենգափոխել ճշմարտությունը։ Մինչև հիմա զղջման ոչ մի բառ չեն կորզել նրանից։ Այնինչ, նույնիսկ ամենախիստ դատավորների որոշ համակրանքն է հարուցել՝ իր երիտասարդությամբ, իր անպաշտպանությամբ, հստակ վկայությամբ, որ ինքը քաղաքական գայթակղիչի սոսկ ճակատագրապաշտ զոհն է, իսկ ամենից շատ՝ մոր հանդեպ ունեցած և ի հայտ եկած վերաբերմունքով, ում նա ուղարկում է իր աննշան ռոճիկի համարյա թե կեսը։ Մայրը հիմա մեզ մոտ է՝ թուլակազմ ու տկար մի կին, տարիքին անհամապատասխան ծերացած, նա լալիս է և տառացիորեն ընկնում մարդկանց ոտքերը՝ աղաչելով որդու համար։ Ինչ-որ բան կլինի, բայց էրկելին մեզանում շատերն են խղճում։
 
Լիպուտինին ձերբակալեցին արդեն Պետերբուրգում, ուր նա ապրել էր լրիվ երկու շաբաթ։ Նրա հետ համարյա թե անհավանական բան կատարվեց, ինչ դժվար է անգամ բացատրել։ Ասում են, որ նա ուրիշ ազգանունով անձնագիր էլ ուներ, արտասահման ծլկելու կատարյալ հնարավորություն և մոտը բավական խոշոր գումար, այնինչ, մնաց Պետերբուրգում և ոչ մի տեղ չմեկնեց։ Որոշ ժամանակ փնտրել էր Պյոտր Ստեպանովիչին և Ստավրոգինին, հետո հանկարծ սկսել խմել ու անառակություններ անել՝ չափից դուրս, որպես ամենայն ողջամտություն և իր վիճակի մասին ըմբռնումը կորցրած մեկը։ Նրան հենց ձերբակալել էին Պետերբուրգի հասարակաց տներից մեկում՝ հարբած։ Լուրեր են պտտվում, որ հիմա նա ամենևին չի կորցրել ոգու կորովը, իր ցուցմունքներում ստում է և նախապատրաստվում առաջիկա դատին որոշ հանդիսավորությամբ և հույսով (՞)։ Նա մտադիր է նույնիսկ խոսել դատարանում։ Տոլկաչենկոն, ձերբակալված ինչ-որ տեղ՝ գավառում, փախուստից տասն օր հետո, իրեն անհամեմատ կիրթ է պահում, չի ստում, պոչ չի խաղացնում, ասում է գիտցած ամեն ինչ, չի արդարացնում իրեն, այլ մեղադրում՝ համակ համեստությամբ, բայց նույնպես հակված է ճոռոմախոսության։ Խոսում է շատ և հաճույքով, իսկ երբ բանը հասնում է ժողովրդին և նրա հեղափոխական (՞) տարրերն իմանալուն, ապա նույնիսկ կեցվածք է ընդունում և ծարավի է տպավորություն գործելու։ Ասում են՝ նա նույնպես մտադիր է հանդես գալ դատարանում։ Ընդհանրապես, նա և Լիպուտինն այնքան էլ վախեցած չեն, ու դա անգամ տարօրինակ է։
 
Կրկնում եմ, այս գործը դեռևս ավարտված չէ։ Հիմա, երեք ամիս անց, մեր հասարակությունը հանգստացել է, ուշքի եկել, լիուլի զվարճացել, սեփական կարծիքն ունի և այն աստիճան, որ նույնիսկ Պյոտր Ստեպանովիչին ոմանք համարում են համարյա թե հանճար, համենայն դեպս, «հանճարեղ ընդունակությունների տեր»։ «Կազմակերպ-պությո՜ւնը»,― ասում են ակումբում՝ մատը վեր տնկելով։ Իմիջիայլոց, դա շատ անմեղ բան է, նաև՝ շատերը չեն էլ խոսում։ Մյուսները, հակառակը, չեն ժխտում նրա ընդունակությունների սրվածությունը, սակայն իրականության բացարձակ չիմացությամբ հանդերձ, ահավոր վերացականությամբ հանդերձ, միակողմանի բութ և այլանդակ զարգացմամբ, դրանից բխող վերին աստիճանի թեթևամտությամբ։ Նրա բարոյական կողմերի մասին բոլորն են համաձայն, այստեղ արդեն ոչ ոք չի վիճում։
 
Ճիշտն ասած, չգիտեմ, էլ ում հիշատակեմ, որևէ մեկին չմոռանալու համար։ Մավրիկիյ Նիկոլաևիչն ինչ-որ տեղ է գնացել բոլորովին։ Պառավ Դրոզդովան մանկամտության մեջ է ընկել... Ի դեպ, մնում է պատմել ևս մի մռայլ պատմություն։ Կսահմանափակվեմ սոսկ փաստերով։
 
Վարվառա Պետրովնան, վերադառնալով, կանգ առավ քաղաքի իր տանը։ Միանգամից վրա տվեցին կուտակված լուրերը և ահավոր ցնցեցին նրան։ Մեն-մենակ փակվեց իր տան մեջ։ Երեկո էր, բոլորը հոգնած էին և վաղ պառկեցին քնելու։ Առավոտյան աղախինը, խորհրդավոր տեսքով, մի նամակ հանձնեց Դարյա Պավլովնային։ Նամակը, ըստ նրա ասածի, դեռևս երեկ էր տեղ հասել, սակայն ուշ, երբ արդեն բոլորը պառկած էին, այնպես որ սիրտ չարեց արթնացնել։ Տեղ էր հասել ոչ փոստով, այլ անծանոթ մեկը տարել էր Սկվորեշնիկի, Ալեքսեյ Եգորըյչին։ Իսկ վերջինս ինքն էր բերել, երեկ երեկոյան, ձեռքը տվել ու իսկույն ետ գնացել Սկվորեշնիկի։
 
Դարյա Պավլովնան սրտատրոփ ու տևական ժամանակ նամակին էր նայում ու չէր համարձակվում բացել։ Գիտեր, թե ումից է. Նիկոլայ Ստավրոգինն էր գրել։ Ծրարի վրա կարդաց. «Ալեքսեյ Եգորըյչին՝ Դարյա Պավլովնային հանձնելու համար, գաղտնի»։
 
Ահա այդ նամակը, բառ առ բառ, նվազագույնս չուղղելով ռուս պարոնորդու գրելաոճի սխալները, որն այնքան էլ չէր սովորել ռուսերեն գրագիտություն, չնայած իր եվրոպական ամբողջ կրթվածությանը.
 
«Սիրելի Դարյա Պավլովնա,
 
Դուք մի ժամանակ ուզել էիք, որ ինձ «դայակություն» անեք և խոստում առաք ուղարկել ձեր ետևից, երբ պետք եղավ։ Ես գնում եմ երկու օրից հետո և չեմ գալու։ Ուզո՞ւմ եք ինձ հետ։ Անցյալ տարի ես, ինչպես Գերցենը, գրանցվեցի որպես քաղաքացի Ուրի կանտոնում, և դա ոչ ոք չգիտի։ Այնտեղ ես արդեն գնել եմ փոքր տուն։ էլի դեռ ունեմ տասներկու հազար ռուբլի։ Մենք կգնանք և այնտեղ կապրենք ընդմիշտ։ Ես չեմ ուզում երբեք ոչ մի տեղ մեկնել։
 
Տեղը շատ տխուր Է, կիրճ։ Սարերը նեղացնում են տեսողությունը և միտքը։ Շատ մռայլ Է։ Ես՝ նրա համար, որ փոքր տուն էր վաճառվում։ Եթե ձեզ դուր չեկավ, կվաճառեմ և ուրիշը կգնեմ, ուրիշ տեղ։
 
Ես վատառողջ եմ, բայց զգացախաբություններից հույս ունեմ ազատվել այնտեղի օդից։ Սա՝ ֆիզիկականը, իսկ բարոյականը՝ ամեն ինչ գիտեք, բայց արդյո՞ք ամեն ինչ։
 
Ես ուզում եմ շատ բան պատմեմ ձեզ իմ կյանքից։ Բայց ոչ ամեն ինչ։ Նույնիսկ ձեզ՝ ոչ ամեն ինչ։ Իմիջիայլոց, հաստատում եմ, որ խղճով մեղավոր եմ իմ կնոջս մահվան մեջ։ Ես ձեզ չեմ տեսնվել դրանից հետո, այդ պատճառով եմ հաստատում։ Մեղավոր եմ նմանապես Լիզավետա Նիկոլաևնայի առաջ, բայց այդտեղ դուք գիտեք, այդտեղ դուք համարյա ամեն ինչ կանխագուշակել Էիք։
 
Ավելի լավ Է, չգաք։ Այն, որ ձեզ կանչում եմ ինձ մոտ, ահավոր ստորություն կա։ Եվ ինչի՞ համար պիտի ինձ հետ թաղեք ձեր ամբողջ կյանքը։ Ինձ դուք սիրելի եք, ու ինձ տխրության մեջ լավ Էր ձեր կողքին լինել, ձեր ներկայությամբ միայն ես կարող Էի բարձրաձայն խոսել իմ մասին։ Սրանից ոչինչ չի հետևում։ Դուք ինքներդ բնորոշեցիք «դայակությունը»՝ սա ձեր արտահայտությունն Է, ինչի՞ համար այդչափ զոհաբերել։ Ուշադրություն դարձրեք նմանապես, որ ես ձեզ չեմ խղճում, թե որ կանչում եմ ու չեմ հարգում, թե որ սպասում եմ։ Միաժամանակ Էլ և կանչում եմ, և սպասում եմ։ Համենայն դեպս, ձեր պատասխանի կարիքն ունեմ, որովհետև պետք է գնալ շատ շուտով։ Այդ դեպքում գնում եմ մենակ։
 
Ուրիից ոչ մի հույս չունեմ, ես ուղղակի գնում եմ։ Ես դիտավորյալ չեմ ջոկել մռայլ տեղ։ Ոուսաստանում ես ոչնչով կապված չեմ՝ այստեղ ինձ ամեն ինչ նմանապես խորթ է, ինչպես ամեն տեղ։ Ճիշտ է, ես ուրիշ տեղ այնտեղ ավելի շատ, քան չեմ սիրել ապրելը, բայց նույնիսկ այստեղ չեմ կարողացել ոչինչ ատել։
 
Ես ամեն տեղ փորձել եմ իմ ուժը։ Դուք ինձ խորհուրդ եք տվել դա՝ «որպեսզի ճանաչեմ ինձ»։ Ինձ համար փորձերին և ցույց տալու առումով, ինչպես նախկինում ամբողջ իմ կյանքում, պարզվեց, որ անսահման է դա։ Ձեր աչքի առաջ ես դիմացա ձեր եղբորից ստացած ապտակին, խոստովանեցի ամուսնությունս բոլորին։ Սակայն ինչին ծառայեցնեմ այդ ուժը՝ ահա թե ինչ չեմ տեսել երբեք, հիմա էլ չեմ տեսնում, չնայած ձեր քաջալերանքներին Շվեյցարիայում, որոնց հավատացի։ Ես դարձյալ նույնպես, ինչպես նաև առաջներում, կարող եմ ցանկանալ բարի գործ անել և դրանից բավարարություն եմ զգում, դրա կողքին չարն էլ եմ ուզում և էլի բավարարություն եմ զգում։ Բայց մեկն ու մյուս զգացումն էլ առաջվա պես միշտ շատ մանր է, իսկ շատ երբեք չի լինում։ Իմ ցանկությունները չափից դուրս անուժ են, ղեկավարել չեմ կարող։ Գերանով կարելի է գետն անցնել, իսկ տաշեղով չէ։ Սա, որպեսզի չմտածեք, թե Ուրի եմ գնում ինչ-որ հույսերով։
 
Ես առաջվա պես չեմ մեղադրում ոչ ոքի։ Ես փորձեցի մեծ անառակություն և սպառեցի դրա մեջ ուժերս, բայց ես չեմ սիրում և չեմ ուզում անառակությունը։ Դուք վերջին ժամանակներս ինձ հետևում էիք։ Գիտե՞ք արդյոք, որ ես նայում էի նույնիսկ մեր ժխտողներին չարությամբ, նրանց հույսերին նախանձելուց։ Բայց դուք իզուր էիք վախենում, ես չէի կարող այդտեղ ընկեր լինել, որովհետև ոչինչ չէի բաժանում։ Իսկ ծիծաղի համար, չարությունից նմանապես չէի կարող, և ոչ թե այն պատճառով, որ վախենում էի ծիծաղելիից, ես ծիծաղելիից չեմ կարող վախենալ, այլ այն պատճառով, որ համենայն դեպս, ունեմ օրինավոր մարդու սովորություններ և նողկում էի։ Բայց եթե նրանց հանդեպ չարություն ունենայի և նախանձ ավելի, ապա կարող է և գնայի նրանց հետ։ Դատեցեք, թե ինչքան հեշտ էր ինձ համար և ես ինչքան դեսուդեն ընկա։
 
Սիրելի բարեկամ, նուրբ ու մեծահոգի արարած, որը ես կռահել եմ։ Գուցե դուք երազում եք ինձ տալ այնքան սեր և ձեր սքանչելի հոգուց այնքան սքանչելի բաներ պարպել ինձ վրա, որ հույս ունեք հենց դրանով իմ առաջ վերջապես նպատակ դնել։ Ոչ, ավելի լավ է, զգուշանաք, իմ սերը կլինի նույնքան մանր, ինչպես և ինքս, իսկ դուք դժբախտ։ Ձեր եղբայրն ինձ ասել է, որ ով կորցնում է իր կապերն իր հողի հետ նա կորցնում է նաև իր աստվածներին, այսինքն իր բոլոր նպատակները։ Ամեն ինչի մասին կարելի է վիճել անվերջանալի, բայց իմ միջից դուրս է եկել միայն ժխտում, առանց որևէ մեծահոգության և առանց որևէ ուժի։ Նույնիսկ ժխտում դուրս չի եկել։ Ամեն ինչ միշտ մանր ու նվազ։ Մեծահոգի Կիրիլլովը չդիմացավ գաղափարին և ինքնասպան եղավ, բայց չէ որ ես տեսնում եմ, որ նա մեծահոգի էր, քանի որ խելքը տեղը չէր։ Ես երբեք չեմ կարող կորցնել բանականությունս և երբեք չեմ կարողանա հավատալ գաղափարին այն աստիճան, ինչքան նա։ Ես նույնիսկ զբաղվել գաղափարով այդ աստիճան չեմ կարող։ Երբեք, երբեք ես չեմ կարող ինքնասպան լինել։
 
Ես գիտեմ, որ պիտի սպանեի ինքս ինձ, մաքրեի երկրիս երեսից, ինչպես մի ստոր միջատի, բայց ես վախենում եմ ինքնասպանությունից, քանի որ վախենում եմ մեծահոգություն ցույց տալ։ Ես գիտեմ, որ դա կլինի էլի խաբեություն՝ վերջին խաբեությունը խաբեությունների անվերջանալի շարանում։ Որ ի՞նչ օգուտ ինքդ քեզ խաբելուց, միայն թե մեծահոգությո՞ւն խաղաս։ Զայրույթ և ամոթ իմ մեջ երբեք չի կարող լինել, ուրեմն նաև հուսալքություն։
 
Ներեցեք, որ այսքան շատ եմ գրում։ Ես ուշքի եկա և սա ակամա էր։ Էսպես հարյուր էջը քիչ է և տասը տողը բավական։ Բավական է և «դայակության» կանչելու տասը տողը։
 
Ես այն ժամանակից, որ մեկնեցի, ապրում եմ վեցերորդ կայարանում, վերակացուի մոտ։ Նրա հետ ծանոթացել եմ հինգ տարի առաջ, Պետերբուրգում, կերուխումի ժամանակ։ Որ ես այնտեղ եմ ապրում, ոչ ոք չգիտի։ Գրեք նրա անունով։ Կցում եմ հասցեն։
 
''Նիկոլայ Ստավրոգին''»։
 
Դարյա Պավլովնան տեղնուտեղը գնաց և նամակը ցույց
 
տվեց Վարվառա Պետրովնային։ Վերջինս կարդաց և Դաշային խնդրեց հեռանալ, որ մի անգամ էլ կարդա առանձին, բայց մի տեսակ շատ շուտով ետ կանչեց նրան։
 
― Գնալո՞ւ ես,― հարցրեց համարյա երկչոտ։
 
― Գնալու եմ,― պատասխանեց Դաշան։
 
― Պատրաստվիր։ Միասին ենք գնում։
 
Դաշան նայեց հարցական։
 
― Իսկ ի՞նչ պիտի անեմ հիմա այստեղ։ Միևնույնը չէ՞ արդյոք։ Ես նույնպես կգրվեմ՝ Ուրի գնալու և կապրեմ կիրճում... Մի անհանգստացիր, չեմ խանգարի։
 
Սկսեցին արագ-արագ պատրաստվել, որ հասցնեն միջօրեի գնացքին։ Բայց կես ժամ չանցած, Սկվորեշնիկիից հայտնվեց Ալեքսեյ Եգորըյչը։ Նա զեկուցեց, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը «մեկ էլ» եկել է վաղընթաց գնացքով, առավոտյան ու գտնվում է Սկվորեշնիկիում, բայց «այնպիսի տեսքով, որ հարցերին չեն պատասխանում, անցան բոլոր սենյակներով և փակվել են իրենց կողմում...»։
 
― Նրանց հրամաններին հակառակ, որոշեցի գալ ու զեկուցել,― ավելացրեց Ալեքսեյ Եգորյըչը շատ պատկառազդու տեսքով։
 
Վարվառա Պետրովնան խորաթափանց նայեց նրան ու հարցուփորձ չարեց։ Վայրկենապես կառքը մատուցեցին։ Նա գնաց Դաշայի հետ։ ճանապարհին, ասում են, հաճախակի խաչակնքվում էր։
 
«Իրենց կողմում» բոլոր դռները բաց էին, և ոչ մի տեղ Նիկոլայ Վսեվոլոդովիչը չերևաց։
 
― Չըլլինի՞ վերնահարկն է,― զգուշորեն արտասանեց Ֆոմուշկան։
 
Հատկանշական է, որ Վարվառա Պետրովնայի ետևից «իրենց կողմը» մտան մի քանի սպասավոր, իսկ մյուս ծառաները բոլորը սպասում էին սրահում։ Նախկինում երբեք չէին համարձակվի իրենց թույլ տալ վարվելակարգի նման խախտում։ Վարվառա Պետրովնան տեսնում էր և լուռ էր։
 
Բարձրացան և վերնահարկ։ Այնտեղ երեք սենյակ կար, բայց ոչ մեկում ոչ ոք չկար։
 
― Չլինի՞ թե էնտեղ են գնացել,― ինչ-որ մեկը ցույց տվեց վերևի փոքր սենյակի դուռը։ Իրոք, այդ փոքր սենյակի մշտապես փակ դուռը բաց էր կրնկի վրա։ Ստիպված էին բարձրանալ համարյա տանիքի տակ, փայտյա երկարուկ, շատ նեղ ու շատ թեք սանդուղքով։ Այնտեղ էլ մի փոքրիկ սենյակ կար։
 
― Ես այնտեղ չեմ գնա։ Ինչի՞ համար պիտի այնտեղ հասներ,― ահավոր գունատվեց Վարվառա Պետրովնան՝ հայացքը պտտելով ծառաների վրա։ Վերջիններս նրան էին նայում ու լուռ էին։ Դաշան դողում էր։
 
Վարվառա Պետրովնան վեր նետվեց սանդուղքով, Դաշան՝ ետևից, բայց սենյակ մտնելուն պես բղավեց ու ընկավ ուշագնաց։
 
Ուրի կանտոնի քաղաքացին կախված էր հենց այդտեղ՝ դռան ետևում։ Սեղանիկի վրա թղթի պատառիկ կար, մատիտով գրված էր. «Ոչ ոքի չմեղադրել, ես ինքս եմ արել»։ Նույն սեղանիկին դրված էր նաև մուրճը, մի կտոր օճառ և մի խոշոր մեխ, հավանորեն, որպես պահեստի միջոց։ Մետաքսյա ամուր թոկը, հավանորեն վաղօրոք ընտրված ու պահված, որով կախվել էր Նիկոլայ Վսեվոլոդովիչը, լավ օճառված էր։ Ամեն ինչ նշանակում էր կանխամտածվածություն և գիտակցություն՝ մինչև վերջին րոպեն։
 
Մեր բժիշկները, դիակը հերձելով, կատարելապես ու հաստատուն ժխտեցին խելագարությունը։
-----
<references />
Վստահելի
1318
edits