— Ես կգնամ Սարումանի մոտ,— ասացի ու մտածեցի, որ Սարումանը գիտի, թե ինչպես կարելի է Նազգուլներին քշել Անդուինից այն կողմ:
— Բայց մեկնիր հենց հիմա,— խորհուրդ տվեց Ռադագասթը,— քանի որ ես քեզ շատ երկար եմ փնտրել, իսկ Սարումանն ասում էր, որ վաղ աշնան կողմերը Նազգուլները կկարողանան հասնել Հոբիթստան, և այն ժամանակ քեզ օգնել չի կարող: Իսկ ես հիմա պիտի ճանապարհ ընկնեմ:
Ռադագասթը անձայն կանչեց ձիուն, թռավ թամբին և ուզում էր մեկնել:
— Սպասիր, Ռադագասթ... — նրա հետևից գոռացի ես,— լուր տուր քո հպատակներին, գազաններին, թռչուններին, որ հավանաբար մեզ հարկավոր կլինի նրանց օգնությունը:
— Համարիր, որ նրանք տեղեկացված են,— ասաց նա և, ձին խթանելով, արագորեն անհետացավ:
Ես չէի կարող հենց այդ ժամանակ էլ հետևել Թուխին: Իմ ձին էլ էր հոգնած. մենք այդ օրը հսկայական տարածություն էինք կտրել, իսկ գլխավորը՝ ուզում էի մտքերս ժողովել: Եվ ահա, վճիռս առավոտյան թողնելով, գիշերեցի Լեռնամոտի պանդոկում, իսկ քունս առնելուց հետո որոշեցի գնալ Սարումանի մոտ՝ երբեք այդ սխալն ինձ ներել չեմ կարող...
Ֆրոդոյին մանրամասն նամակ գրեցի, որտեղ բացատրեցի, որ կհանդիպենք էլֆերի մոտ և հանձնարարեցի Լավր Նարկիսին նամակն ուղարկել (վերջինս պանդոկի տերն է, իմ վաղեմի ծանոթը), իսկ առավոտյան լուսամութին ճանապարհ ընկա: Սարումանն ապրում է հեռու հարավում, Իզենգարդ ամրոցում, Ռոհանից դեպի հյուսիս: հարավից Ռոհանի ընդարձակ հարթավայրը եզերում են Գոնդորի Սպիտակ Լեռները կամ նումենորերեն՝ Էրեդ Նիմրիսը, իսկ հյուսիսից այնտեղ է խրվում Մշուշապատ Լեռնաշղթան: Այնտեղ, անառիկ վիթխարի ժայռերով շրջապատված հովտում է գտնվում Սարումանի Օրթհանք ամրոցը: Այդ բարձր ամրոցը, որն ունի գաղտնի սրահներ, հնագույն ժամանակներում կառուցել են նումենորցիները, և այնտեղ ընկնել կարելի է միայն հովտի ժայռեղեն պատնեշը հատող կիրճում գտնվող դարպասով:
Ես մոտեցա դարպասին երեկոյան կողմ: Այն պահպանում էր բազմանդամ պահակախումբը, բայց Սարումանը, երևի, վաղուց էր ինձ սպասում. դարպասը բացվեց և իմ անցնելուց հետո անձայն փակվեց, ու ինձ հանկարծ անբացատրելի վախ պարուրեց: Սակայն ես այնուամենայնիվ մոտեցա ամրոցին, և Սարումանը, աստիճաններով անշտապ իջնելով, ինձ տարավ վերևի սենյակներից մեկը: Նրա ձեռքին ես մատանի նկատեցի:
— Ուրեմն, դու եկար,— դանդաղ ասաց նա, բայց ինձ թվաց, որ նրա աչքերում սառը քմծիծաղ բռնկվեց:
— Եկել եմ, ինչպես տեսնում ես,— պատասխանեցի: — Ինձ քո օգնությունն է պետք, Սարուման Ճերմակ...
Իր տիտղոսը լսելով, Սարումանը զայրացավ:
— Դու՞ ես օգնություն խնդրում, Գանդալֆ Մոխրագո՞ւյնդ... — ձայնի մեջ ծաղր հարցրեց նա: — Ուրեմն խորամանկամիտ ու ամենագո հրաշագործը, որը ահա երրորդ Դարաշրջանն է խառնված է Միջերկրի բոլոր գործերին, ընդ որում սովորաբար անկոչ ու անխնդիրք, նու՞յնպես կարող է օգնության կարիք ունենալ:
Ինձ զարմացրեց նրա չար տոնը:
— Դու չե՞ս արդյոք,— զարմացած հարցրի ես,— պատվիրել սուրհանդակ Ռադագասթ Թուխին հաղորդել ինձ, որ մեզ հարկավոր է միավորել մեր ուժերը:
— Ենթադրենք, որ ես այդ ասել եմ նրան,— պատասխանեց Սարումանը: — Իսկ հիմա բացատրիր ինձ, ինչու՞ ես այսքան ուշ հայտնվել: Դու երկար ժամանակ թաքցրել ես Իմաստունների Խորհրդից և ինձանից՝ Խորհրդի գերագույն Իմաստունից, իսկապես մեծագույն կարևորություն ունեցող մի իրադարձություն... Իսկ այժմ լքելով թաքստոցդ Հոբիթստանում, փութով եկել ես ինձ մոտ... Ինչու՞...
— Այն պատճառով, որ Ինը սև Մատանեկիրները նորից սկսել են իրենց ուվականային կյանքը: Այն պատճառով, որ նրանք Գետն անցել են: Ռադագասթն ասաց...
— Ռադագասթ Թու՞խը,— բարձր քրքջալով ընդհատեց ինձ Սարումանը, և նրա արհամարհանքը դուրս ժայթքեց: — Ռադագասթը՝ մժեղների Ահեղ Տիրակալը, Ռադագասթ Միամիտը, Ռադագասթ Հիմարը... Լավ է, որ նրա խելքը հերիքել է առանց դատողությունների խաղալ իր հիմար դերը... Նա վատ չի խաղացել և ահա դու այստեղ ես: Այստեղ էլ կմնաս: Գանդալֆ Մոխրագույն, դու հո պիտի հանգստանաս ճանապարհորդելուց: Քանզի այդ ես եմ ցանկանում, Սարումանս՝ Տերունական Տիրակալս Մատանիների և ծաղկեփթթության...
Նա կտրուկ վեր կացավ, և նրա սպիտակ հագուստը հանկարծ երփներանգ ծիածանագույն դարձավ, այնպես որ իմ աչքերի առջև կայծեր երևացին:
— Սպիտակ գույնին արժանանալը հեշտ չէ,— ասացի ես,— բայց առավել դժվար է նորեն սպիտակեցնել ինքն իրեն:
— Սպիտակեցնե՞լ... ինչու՞... — Սարումանը ծիծաղեց: — Սպիտակ գույնը իմաստուններին հարկավոր է միայն սկզբում: Սպիտակեցված կամ պարզապես սպիտակ կտորը դյուրությամբ է ընդունում ամեն երանգ, սպիտակ թուղթը՝ ամեն իմաստնություն:
— Կորցրիր սպիտակությունը,— համառում էի ես,— իսկ իմաստունը մնում է իսկապես իմաստուն, քանի դեռ նա հավատարիմ է իր գույնին:
— Բավակա՛ն է,— կոպիտ ասաց Սարումանը: — Ես ժամանակ չունեմ քո քարոզները լսելու, քանզի կանչել եմ քեզ իմ դղյակը, որպեսզի դու վերջնական ընտրություն կատարես:
Սարումանը կեցվածք ընդունեց ու մի ճառ ասաց, որն իմ կարծիքով, նախապես էր պատրաստել.
— Հնագույն Դարաշրջանն անցել է, Գանդալֆ: Միջինն էլ մոտենում է ավարտին: Սկսվում է բոլորովին նոր Դարաշրջան: Էլֆերի տարիները երկրի վրա հաշվված են, սկսվում է Մեծ Ժողովրդի ժամանակը, և մենք կոչված ենք այն կառավարելու: Բայց մեզ անհրաժեշտ է համիշխանության ամբողջականություն, քանի ու միայն մեզ՝ Իմաստուններից Իմաստուններին է տրված գիտենալ, ինչպես կառուցել կյանքը, որ մարդիկ ապրեն խաղաղ ու երջանիկ:
Լսիր Գանդալֆ, իմ բարեկամ և օգնական,— շարունակեց Սարումանը շողոմաձայն ու սրտահույզ,— ես իմ ու քո մասին ասում եմ '''մենք'''՝ հույս ունենալով, որ դու կմիանաս ինձ: Աշխարհում հայտնվել է Նոր Ուժ: Նրա առջև անզոր են նախկին դաշնությունները: Նումենորցիների և էլֆերի ժամանակն անցավ: Ես ասացի՝ ընտրություն, բայց մենք այդ հնարավորությունը չունենք: Մենք պարտավոր ենք սատար լինել այդ Նոր Ուժին: Սա իմաստուն որոշում է, հավատա ինձ, Գանդալֆ: Սրա մեջ է մեր հույսը: Նոր Ուժի հաղթանակը մոտ է, և նրան սատար անողներին մեծ պարգև է սպասում: Քանզի Նոր Ուժի բարձրանալու հետ կբարձրանան նաև նրա դաշնակիցները, իսկ Իմաստունները, ինձ ու քեզ նմանները, աստիճանաբար կսովորեն կառավարել: Մեր ծրագրերի մասին ոչ ոք չի իմանա, մեզ հարկավոր է սպասել մեր ժամին, և սկզբում մենք նույնիսկ կդատապարտենք Նոր Ուժի դաժան մեթոդները՝ գաղտնի հավանություն տալով նրա վերջնական նպատակին՝ իմաստնություն, համընդհանուր բարօրություն և կարգուկանոն, այն, ինչին մենք երազում էինք հասնել, իսկ մեր թույլ կամ անբան բարեկամներն ավելի շատ խանգարում էին մեզ, քան օգնում: Մեզ հարկավոր չէ, և մենք չենք փոխի մեր նպատակները, մենք կփոխենք միայն միջոցները, որոնցով ձգտում էինք հասնել դրանց:
— Իսկ այժմ ինձ լսիր, Սարուման,— ասացի ես, երբ նա լռեց: — Մեկ անգամ չէ, որ այսպիսի ճառեր ենք լսել, բայց դրանք արտասանել են Թշնամու մունետիկները՝ հիմարացնելով դյուրահավատներին ու պարզամիտներին: Մի՞թե ինձ կանչել ես նրանց շաղակրատանքը կրկնելու նպատակով:
— Ուրեմն քեզ չի՞ հրապուրում ամենաիմաստունների ճանապարհը: Դեռևս չի հրապուրում: Դու հասկանալ չես ուզում, որ հին միջոցներն այլևս պիտանի չեն:
Սարումանը ձեռքը դրեց ուսիս և ցածրաձայն ասաց, համարյա շշուկով.
— Մենք պետք է տիրենք Համիշխանության Մատանուն: Ահա թե ինչու եմ քեզ կանչել: Ինձ շատ աչքեր ու ականջներ են ծառայում, և ես համոզված եմ՝ դու գիտես, թե որտեղ է պահվում Մատանին: Այլապես քո ինչի՞ն է պետք Հոբիթստանը և ինչու՞ հենց այնտեղ են շարժվում Նազգուլները: — Սարումանը սևեռուն նայեց ինձ ու նրա աչքերում ծփաց ագահությունը, որը անզոր էր ծածկել:
— Սարուման,— ընկրկելով ասացի նրան,— երկուսիս էլ հայտնի է, որ Համիշխանության Մատանին միայն մեկ տեր կարող է ունենալ, դրա համար էլ պետք չէ ասել '''«մենք»''': Բայց հիմա, երբ իմացա քո մտադրությունները, ես քեզ ոչ մի խոսք չեմ ասի Մատանու մասին: Դու Խորհրդի Գերագույն Իմաստունն էիր, սակայն իմաստուն լինելը քո ուժերից վեր է: Դու, որքան ես հասկացա, ինձ ընտրություն առաջարկեցիր՝ ենթարկվել Սաուրոնին կամ Սարումանին: Ես չեմ երթարկվում ո՛չ մեկին, ո՛չ մյուսին: Ուրիշ որևէ բան ևս կարո՞ղ ես առաջարկել:
Նա նայեց ինձ սառն ու սպառնալից.
— Ես հույս չունեի էլ,— ասաց նա,— որ դու Իմաստունի բարեմտություն հանդես կբերես, նույնիսկ քո օգտի համար, սակայն քեզ ընտրելու հնարավորություն տվեցի, և դու ընտրեցիր հիրավի համառագույն հիմարությունը: Ի՜նչ արած, առայժմ մնա այստեղ:
— Առայժմ՝ ի՞նչ,— հարցրի ես:
— Առայժմ, քանի դեռ ինձ չես հայտնել քո գաղտնիքը, թե որտեղ է պահվում Մատանին,— պատասխանեց նա,— կամ քանի դեռ ի հեճուկս քո անխելք համառությանը, չի գտնվի այն: Այդ ժամանակ, հավանաբար, Տերունական Տիրակալը կկարողանա զբաղվել հասարակ գործերով: Օրինակ՝ նա կորոշի, թե ինչ պարգևի է արժանի Գանդալֆ Մոխրագույնը:
— Որոշելն ի՞նչ է, թերևս, դա նրա համար հեշտ կլինի,— ասացի ես,— իսկ ի կատար ածելը դյուրի՞ն կլինի... — Բայց Սարումանը միայն ծաղրական քրքջաց, քանի որ ինձանից ոչ պակաս գիտեր, որ ես դատարկ խոսքեր եմ արտասանում:
Ինձ տարան դիտահարթակ, որտեղից Սարումանը աստղերն է դիտում, այնտեղից վայրեջքը մի քանի հազար քարե աստիճաններով գալարապտույտ սանդուղք է, որը ներքևում հսկվում է պահակների ջոկատի կողմից, և այդ սանդուղքն էլ տանում է ներքին բակ: Մենակ մնալով՝ ես սկսեցի նայել երբեմնի ծաղկած մարգագետիններով ծածկված հովտին, ներկայումս մարգագետին համարյա չէր մնացել, ես տեսա հանքախորշերի սև փոսերը, զինագործական արհեստանոցների տափակ տանիքներն ու դարբնոցի քուրաների գորշ ծուխը: Ծխի քուլաները ուղիղ վեր էին բարձրանում, որովհետև հովիտը քամիներից պաշտպանված է ժայռերի գոտով: Ծխախառն մայրամուտի մեջ, որը պարուրում էր Օրթհանքի աշտարակը, ինձ երևում էին գայլդարձյակների ոհմակներն ու լավ զինված օրքերի ջոկատները՝ Սարումանը սեփական զորք է հավաքում, նշանակում է՝ Թշնամուն դեռևս չի ենթարկվել: Դիտահարթակը փոքրիկ էր՝ ես նույնիսկ քայլելով տաքանալ չէի կարող, իսկ հավերժական սառցադաշտերը ցուրտ էին հղում ներքև, և հովիտ էր սողում թաց մառախուղը: Բայց իզենգարդյան դարբնոցների ծխից դառը, ցրտից տանջալի և մենակությունից առավել ինձ կեղեքում էին ամբողջ թափով դեպի Հոբիթստան վարգող Հեծյալների մասին մտքերը: Ես հավատացած էի, որ դրանք Նազգուլներն են, չնայած հիմա Սարումանին չէի հավատում, սակայն Նազգուլների մասին նա չէր ստում, որովհետև ճանապարհին լսել էի նրա խոսքերը հաստատող լուրեր: Ես սոսկում էի Հոբիթստանի իմ բարեկամների համար, և այնուամենայնիվ հույսս չէի կտրում, հույս ունեի, որ Ֆրոդոն նամակս ստանալուն պես անհապաղ մեկնել է Ռիվենդել, և Սև Հեծյալները նրան չեն գտել: Սակայն կյանքում ամեն ինչ այլ կերպ եղավ: Ես վստահ էի պանդոկպանի պարտաճանաչության վրա և վախենում էի Մորդորի Տիրակալի հզորությունից: Բայց Լավրը մոռացել էր նամակն ուղարկել, իսկ Սև Տիրակալի Ինը սպասավորներն ավելի թույլ դուրս եկան, քան ես կարծում էի: Վախի աչքերը, ինչպես հայտնի է, մեծ են, և ես, Սարումանի ծուղակն ընկած, միայնակ, բարեկամներիս համար ահաբեկված, գերագնահատել էի Թշնամու հզորությունն ու իմաստնությունը:
— Ես քեզ տեսել եմ,— հանկարծ բացականչեց Ֆրոդոն: — Դու քայլում էիր, ասես բանտարկյալ լինեիր բանտում՝ երկու քայլ առաջ և երկու քայլ հետ, ու քեզ լուսավորում էր լուսինը...
Գանդալֆը զարմացած նայեց Ֆրոդոյին:
— Դա երազ էր,— բացատրեց նրան հոբիթը,— և ես հիմա շատ պարզ հիշեցի այն, թեպետ վաղուց եմ տեսել, երբ ես նոր էի տնից դուրս եկել:
— Այո, իմ բանտը լուսավոր էր,— ասաց Գանդալֆը,— բայց կյանքումս ոչ մի անգամ այդքան մռայլ մտքեր ինձ չէին պատել: Պատկերացրեք, ես՝ Գանդալֆս, ընկա դավաճան սարդոստայն: Սակայն ամենակատարելագործված սարդոստայնում էլ կարելի է բարակ թել գտնել:
Սկզբում կուլ գնացի մռայլ տրամադրությանը և դավաճանության մեջ կասկածեցի Ռադագասթ Թուխին՝ հենց դա էր ցանկանում Սարումանը: Սակայն վերհիշելով Ռադագասթի հետ խոսակցությունս, հասկացա, որ Սարումանը նրան էլ է խաբել՝ ես անխուսափելիորեն կեղծիքը կզգայի, քանի որ Ռադագասթը ձևացնել չի կարողանում: Այո, Ռադագասթն իմ առաջ մաքուր էր, հենց այդ պատճառով էլ որոգայթն ընկա, նրա խոսքերն ինձ համոզեցին:
Բայց և այդ պատճառով էլ հոդս ցնդեց Սարումանի մտահղացումը: Ռադագասթը կատարեց իր խոստումը: Ինձանից բաժանվելով, նա գնաց արևելք և լեռնային արծիվներին հանձնարարեց օգնել ինձ: Նրանց աչքից ոչինչ չէր կարող թաքնվել՝ ո՛չ Նազգուլները, ո՛չ գայլդարձյակների հսկայական ոհմակները, ո՛չ չարաբախտ Գոլլումին ազատելու նպատակով Չարքանտառ ներխուժած օրքերի հորդաները: Եվ արծիվներն ինձ մոտ սուրհանդակ ուղարկեցին:
Մի անգամ գիշերը, արդեն աշնան մոտ, լեռնային արծիվներից ամենասրընթացը՝ Քամիխեղդը, թռավ Իզենգարդ և իջնելով Օրթհանք, տեսավ ինձ դիտահարթակում:
— Քեզ կարևոր լուրեր եմ բերել,— ասաց նա: Երբ Քամիխեղդն ինձ հաղորդեց արծիվների ժողոված նորությունները, հարցրի նրան.
— Իսկ ինձ կարո՞ղ ես այստեղից տանել:
— Կարող եմ,— ասաց նա,— եթե մեր ճանապարհները համընկնում են: Ես այստեղ եմ ուղարկվել որպես սուրհանդակ, ոչ թե ձի: Իմիջայլոց, եթե քեզ ձի է պետք, քեզ կհասցնեմ Էդորաս, ռոհանցիների մոտ՝ այդպիսի տարածությունն ինձ համար շեղում չէ:
Դեհ ինչ, ավելի լավի մասին երազել անգամ չէր կարելի, որովհետև Ռոհանում, որտեղ բնակվում էին վայրի ձիերի վաղեմի տերերը, ես կարող էի ստանալ այն, ինչ ինձ հարկավոր էր, իսկ ինձ հարկավոր էր արագոտն ձի, որ շուտ հասնեի Հոբիթստան:
— Դու կարծում ես, նրանք Թշնամուն չե՞ն հպատակվել... — համենայն դեպս հարցրի արծվին, որովհետև Սարուման Ճերմակի դավաճանությունը սասանել էր իմ հավատը Լուսավոր Ուժերի նկատմամբ:
— Մուստանգրիմցիները Մորդորին հարկ են վճարում՝ ամեն տարի այնտեղ ձիեր են ուղարկում, ես այդպես եմ լսել,— պատասխանեց արծիվը: — Դա հենց հարկ է, ոչ թե նվեր դաշնակիցներին: Բայց եթե Սարումանը, ինչպես դու ես ասում, նույնպես Մութ Ուժ է դարձել, ապա Իմաստունները չեն կարողանա իրենց անկախությունը պահպանել:
Քամիխեղդը թռավ ռոհանի հարթավայրի վրայով և վայրեջք կատարեց Սպիտակ Լեռների հյուսիս-արևմտյան ճյուղավորման մոտ, Էդորաս ամրոցից քիչ հեռու: Այստեղ արդեն զգացվում էր Սարումանի այլափոխվելը. նա տեղացիներին պարուրել էր ստի ցանցով, և թագավորը չհավատաց իմ խոսքերին, երբ ասացի, որ Սարումանը դավաճան է: Սակայն թույլ տվեց ինձ ձի ընտրել, պայմանով, որ իսկույն մեկնեմ Ռոհանից: Իմ ընտրությունը նրա մեջ մեծ ափսոսանք առաջացրեց. ես զարմանալի առույգ ձի էի ընտրել. նա, ինչպես ցավով ինձ հայտնեց թագավորը, Ռոհանի երամակներում լավագույնն էր համարվում:
— Ուրեմն դա իսկապես հոյակապ նժույգ է,— ասաց Արագորնը և, հառաչելով, ավելացրեց.— ինձ համար շատ ցավալի է, որ Մորդորի Տիրակալն ստանում է Միջերկրի լավագույն ձիերը, չնայած գիտակցում եմ, որ վերջին իրադարձություններում դա դեռևս ամենատխուրը չէ: Սակայն ընդամենը մի քանի տարի առաջ մուստանգրիմցիները ոչ մեկին հարկ չէին վճարում:
— Դե հիմա էլ չեն վճարում,— միջամտեց Բորոմիրը,— այդ բոլորը չար Թշնամու հնարածներն են: Ինչ է, ես չգիտե՞մ Ռոհանի դյուցազուններին, մեր հավատարիմ ու անվախ դաշնակիցներին:
— Խավարի Վարագույրը,— խոսեց Արագորնը,— հարավային շատ հողեր է մթնեցրել: Նրա ստվերում այլափոխվել է Սարումանը: Հնարավոր է, Ռոհանն էլ է խավարել: Չէ որ քեզ հայտնի չէ, թե ինչ կիմանաս, երբ վերադառնաս քո ազգականների մոտ:
— Միայն ոչ դա,— առարկեց Բորոմիրը,— ռոհանցիներն իրենց ձիերը ստրկության տալով չեն գնի անկախություն: Նրանք տերեր են, ոչ թե ստրկավաճառներ:
— Բայց իմ ընտրած նժույգը,— շարունակեց Գենդալֆը,— ուրիշների հետ համեմատել չի կարելի: Նա անխոնջ է ու քամու պես արագավազ: Նրան զիջում են նույնիսկ Նազգուլների ձիերը: Մուստանգրիմցիները նրան Լուսաչ են կոչում, ցերեկը նա նման է արծաթավուն ստվերի, իսկ գիշերը նրան հնարավոր չէ տեսնել՝ հատկապես երբ սուրում է ճանապարհին: Նրա քայլքը թեթև է, վազքը՝ սրընթաց, ինձանից առաջ հեծյալ չի ունեցել, բայց ես սանձահարեցի նրան ու սլացա հյուսիս, և երբ Ֆրոդոն հասել էր Գերեզմանոցներին, ես արդեն Հոբիթստանի սահմանն անցա, չէ՞ որ մենք միաժամանակ էինք ճանապարհ դուրս եկել. նա՝ Հոբիթստանից, ես՝ Էդորասից:
Լուսաչն անխոնջ վարգում էր դեպի հյուսիս, բայց ես ավելի ու ավելի էի անհանգստանում: Սև Հեծյալները սրընթաց մոտենում էին Հոբիթստանին, և չնայած մեր միջև եղած եղած տարածությունը կրճատվում էր, նրանք դարձյալ գնում էին ինձանից առաջ:
Շուտով հասկացա, որ Հեծյալները խմբերի են բաժանվել՝ մի մասը մնացել է արևելյան սահմանի մոտ, այնտեղ, որտեղով անցնում է Կանաչ Ուղին, իսկ մյուսները հարավից մտել են Հոբիթստան: Ֆրոդոյին արդեն տանը չգտա և երկար հարցուփորձ արեցի այգեպան Համեստուկին, երկար հարցուփորձ արեցի և քիչ բան իմացա, քանի որ նա գլխավորապես խոսում էր իր մասին և մեկ էլ Պարկուտի նոր տերերի մասին:
«Փոփոխություններն ինձ վնասակար են,— գանգատվում էր նա: — Ես ծեր եմ և չեմ կարողանում գոհացնել զավթիչներին»,— այդպես էր նա անվանում իր նոր տերերին:
«Դու դեռ զավթիչներ չես տեսել և հուսանք, որ երբեք չես տեսնի»: Բայց ծերունական շատախոսությունից հասկացա, որ Ֆրոդոն մեկնել է մեկ շաբաթ առաջ, իսկ երեկոյան, նրա մեկնելուց հետո, տանն են մոտեցել Սև Հեծյալները:
Վերջնականապես հուսահատված, շարունակեցի ճանապարհս: Նապաստակի Բլուրների բնակիչներն իրար էին անցած, ասես քանդված մրջնանոցի մրջյուններ լինեին: Հասնելով Ճագարի Գերան, տեսա, որ այն ավերված է ու դատարկ, իսկ պատշգամբում ընկած է Ֆրոդոյի թիկնոցը: Թևաթափ ու վհատ գնացի Նազգուլների հետքերով, որոշեցի հարցուփորձ չանել շրջակա բնակիչներին և իզուր՝ նրանք ինձ կհանգստացնեին: Հետո Հեծյալները խմբերի բաժանվեցին, և ես գնացի նրանց հետքերով, ովքեր մեկնել էին Լեռնամոտի կողմը՝ ուզում էի մի կարգին հարցուփորձ անել Լավրին:
«Դե՜, Լավր,— մտածում էի ճանապարհին,— եթե նամակս ուղարկած չե՜ս եղել, քեզ եռման ապուրի մեջ կեփեմ դափնու տերևի պես»: Նա էլ նույն կարծիքին էր, որովհետև երբ իմ երեսը տեսավ, քամու բերանն ընկած չոր տերևի պես դողաց:
— Նրան ի՞նչ ես արել,— բացականչեց Ֆրոդոն: Նա խղճաց պանդոկի տիրոջը: — Նա մեզ մոտ բարեկամների պես ընդունեց և ամեն կերպ օգնեց: