«Հեքիաթ հրաձիգ Թորոսի՝ ճարպիկ կտրիճի մասին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «<b>Ըստ Լեոնիդ Ֆիլատովի</b> : <b>Տեղայնացված թարգմանությունը՝ </b> : <b>Ռուբեն Թարումյանի</b> :<b>Հեքիաթ թատ...»:)
 
Տող 1. Տող 1.
 +
{{Վերնագիր
 +
|վերնագիր = Հեքիաթ հրաձիգ Թորոսի՝ ճարպիկ կտրիճի մասին
 +
|հեղինակ = [[Լեոնիդ Ֆիլատով]]
 +
|թարգմանիչ = Ռուբեն Թարումյան (ռուսերենից)
 +
|աղբյուր =
 +
}}
 +
[[Category: Արձակ]]
 +
 
<b>Ըստ Լեոնիդ Ֆիլատովի</b>
 
<b>Ըստ Լեոնիդ Ֆիլատովի</b>
 
: <b>Տեղայնացված թարգմանությունը՝ </b>
 
: <b>Տեղայնացված թարգմանությունը՝ </b>

00:44, 6 Հուլիսի 2013-ի տարբերակ

Հեքիաթ հրաձիգ Թորոսի՝ ճարպիկ կտրիճի մասին

հեղինակ՝ Լեոնիդ Ֆիլատով
թարգմանիչ՝ Ռուբեն Թարումյան (ռուսերենից)

Ըստ Լեոնիդ Ֆիլատովի

Տեղայնացված թարգմանությունը՝
Ռուբեն Թարումյանի
Հեքիաթ թատրոնի համար
Գործող անձինք․
Թորոս
Արուս (Տատրակ)
Թագավոր
Զորավար
Արքայադուստր
Դայակ
Ջադու պառավ
Ձայն (Այն-Ինչ-Չի-Կարող-Լինել)
Զույգ կտրիճներ
Դեսպաններ
Ժողովուրդ
Պատմող (Խեղկատակ-ծաղրածու)

Խեղկատակ-ծաղրածու

Կըհավատաք, թե՝ ոնց, լուս աշխարհում Հայոց կար Թորոս-հըրաձիգ, մի կըտրիճ ճարպիկ։ Ոչ սիրուն էր, ոչ էլ գեշ, ոչ խելոք էր, ոչ էլ էշ, ոչ կարմրայտ, ոչ՝ գունատ, ոչ հարուստ, ոչ՝ աղքատ, ոչ այսպես, ոչ՝ այնպես, այլ կար, պարզապես։ Բերում էր Թորոսը՝ ձըկան ու այլ որսը։ Արքային՝ ձուկ ու որս, Թորոսին՝ բարի խոսք։ Հյուրե՜ր պալատում, ինչ՝ աստղեր երկընքում։ Մեկը՝ Մըսրից, մյուսն՝ Երանից, կամ կողմից Ռուսաց․ բոլորն էլ՝ սոված։ Մեկին՝ խեցգետին, կարմրախայտ՝ մյուսին, կամ մի խոզ վայրի․ ոնց կուզես՝ ճարի։
Մի անգամ ստանում է հրաման․ լուսբացին, ուրբաթ, ներկայանալ պալատ։ Թագավորը՝ ճըմուռ, գըլուխը՝ մի բուռ, բայց ինքը անդուր, չարությամբ լի գուռ։ Նայում է Թորոսին, ինչպես թուրքը՝ խոզին։ Թորոսը վախից՝ քըրտնեց մեջքից, քունքում տըրոփեց, փորում գըլգըլեց, դե, ինչպես ասում են, հեքիաթն ըսկըսվեց…

Թագավոր

Առավոտյան լուսբացի
Կըգա դեսպանն անգլացի,
Իսկ մեր տան էղած-չէղածն է՝
Չոր պանիրն՝ առանց հացի։
Ախպեր, ճամփա դու ընկի՝
Ուտելու մի բան գըտի․
Հավ, կաքավ, կամ նապաստակ, կամ
Որեւէ ուրիշ մեկի։
Չըկարնա՞ս․ էլ ի՞նչ անեմ․
Ես պիտի քեզ գըլխատեմ։
Պետական կարգի խընդիր է՝
Տեղը բերո՞ւմ ես, կարծեմ։

Թորոս

Մի աչքով է՞ս ինձ նայում,
Ե՛ս եմ ու չե՞մ հասկանում․․․
Խելքըս հացով հո չե՞մ կերել,
Ինչն-ինչոց է չե՞մ տեսնում։
Վայ թե, երկրում, իմ վըրան,
Հույսն է ողջ քաղաքական․
Թե չըճարեմ գոնե կաքավ՝
Կըռիվ կըլ՚նի անպայման։
Որ դեսպանը անգլացի
Սովից չըտա մեզ քացի
Գըլխիս ու կյանքիս գընով էլ
Կըճարեմ կըտոր հացի․..

Խեղկատակ-ծաղրածու

Արքայի խոսք՝ քարերի հոսք։ Ասի․ արջ բերես՝ կըգնաս բըռնես․ էդ է, ի՞նչ անես․ կամ որս ու ձուկ, կամ բանտ անձուկ։ Անցավ Թորոսը հազար դարն ու փոսը, բայց ամեն ինչ՝ զուր․ ոչ ծիտ, ոչ՝ փետուր։ Հոգնեց, ճար չկա․ գիշեր, տես, կըգա։ Թեկուզ որս չըկար, պետք է տուն դառնար։ Մեկ էլ տեսնում է՝ ծիտ, տատրակ մի վըտիտ, նըստած, թեւը կախ, նայում է անվախ…

Թորոս

Թարսություն է, այս քեզ բան,
Որսից չըկա ոչ մի քան։
Արի խըփեմ տատրակին էս,
Գոնե սըրան կուլ կըտան։
Համ էլ, ասեմ ձեզ, արժե․
Սըրա միսը վատն էլ չէ։
Բաստուրմա դըրած տատրակը
Կաքավին էլ չի զիջե․..

Տատրակ

Թորոս, դու ինձ ձեռ չըտաս,
Օգուտ չըկա՝ դու գիդաս․
Մի կաթսա էլ ճաշ չես եփի,
Ոչ էլ բըմբուլ կըստանաս։
Վայ թե հյուրը ժամանած
Կուզի կարգին խորոված,
Իսկ իմ վըրես միս էլ չկա,
Խընդալու են, էլ չասած․..

Թորոս

Թե՞ չարքերն են կատաղած,
Թե՞ շոգից եմ բըժըժած,
Թե՞ կարող է ինչ-որ բան է
Ականջումըս իմ խախտված։
Թե՞ արքան է կարգադրել
Եւ օրենք ազդարարել,
Որ ծըտերից պահանջվում է,
Մարդու լեզվով բարբառել․..

Տատրակ

Թորոս, նայիր, ճիշտ կանես,
Եթե քեզ հետ ինձ տանես։
Իսկ հենց մըտնեմ ես քո տունը
Բախտըդ ինձ հետ կըգըտնես։
Համ կըթափեմ, համ՝ կեփեմ,
Համ շորերըդ կըկարեմ,
Եւ ջութակ կընըվագեմ ու,
Թախտաբիթի կըխըփեմ...

Թորոս

Ի՞նչ հաշիվ է, չեմ ջոկում․..
Դե լավ, տեղ գըտի պարկում․..
Տանը, փորձեմ գըլուխ հանել,
Ո՞վ է՝ ուր եւ ինչն է՝ ում։

Խեղկատակ-ծաղրածու

Թորիկն առավ տատրակը, բերեց իր ցուրտ հյուղակը։ Տըխուր նըստել է, գըլուխը կախել է։ Ու տըխրության համար լուրջ պատճառ էլ կար։ Չըհաջողվեց որսը ու գիտի Թորոսը․ արքան շատ բան չի հարցնի՝ գըլուխն իսկույն կըթըրցնի։ Տըխուր իր դարդն է լալիս՝ աշխարհին հրաժեշտ է տալիս։ Հիշեց թըռչնակին՝ ծառի տատրակին։ Ու ի՞նչ է տեսնում․ տատրակի տեղում գեղուհի կանգնած՝ չինար բոյն առած...

Արուս

Բարեւ Թորոս։ Դուն ու ես
Ընտանիք ենք, թե գիտես․
Ես տիկինն եմ քո, Արուսը,
Ամուսնուհիդ հըլու-հեզ։
Ի՞նչ ես Թորոս ջան լըռում,
Ջո՞ւր ես պահել բերանում...
Թե՞ պըսակըս քո սըրտով չէ,
Թե՞ զարդերըս չես հավնում...

Թորոս

Հոգիս, վըրադ անդադար,
Կընայեի դարեդար,
Սակայն լինել ամուսինըդ
Չունեմ հիմա ոչ մի ճար...
Էսօր կանուխ առավոտ
Թագավորի եղա մոտ,
Թագավորն էլ հանձնարարեց
Մի որս՝ մեծոտ ու յուղոտ։
Թեեւ որսի պահը չէ
Արքայի հետ ի՞նչ վիճես․
Դե լավ, ասի, դե կըճարեմ․
Վերջը, ծիտ է, փիղ հո չէ՞։
Օրն ամբողջ ես շըրջեցի,
Բայց հեչ բան չըխըփեցի․
Ոչ մի կարգին թըռչուն չըկար,
Լոր ու ճընճղուկից բացի...
Ու ընկերըդ քո հիմի,
Թըռչկոտելու սիրտ չունի․
Վաղը արքան սրա համար
Իմ գըլուխը կըթըռցնի։
Իսկ ես ո՞ւմ եմ պետք էդպես ․
Ոչ գործին, ոչ տանը՝ քեզ,
Որովհետեւ ողջ իմաստըս՝
Խելքս է իմ բացառապես..

Արուս

Մի նըվա ու մի տըխրի․
Որսն, ուտեստը կըճարվի։
Կանգնեք ահա իմ առջեւում,
Սոս Հայրի ու Սիս Հրայրի
(Արուսը ծափ է տալիս՝ հայտնըվում են երկու հաղթանդամ կըտրիճ)
Հըրամանն արդեն գիտեք՝
Տեղն ու տեղը կատարե՛ք։

Կտրիճներ

Դուք կարող եք անհոգ լինել․
Կարվի արագ, լիարժեք։

Խեղկատակ-ծաղրածու

Իսկ արքան ու դեսպանը զըննում են սեղանը։ Դայակն է կողքին, եւ արքայազնուհին։ Սպասում են Թորոսի խոստացած որսին։ Ի՞նչ զոռ տան լեզվին էդ սոված փորին։ Սեղանն էլ դատարկ է․ գազար ու կաղամբ է, սամիթ ու համեմ՝ էլ ոնց քեֆ անեն։ Հյուրը տըխրում, ոտքերն է ճոճում, սըփռոցի ծակերն է ուսումնասիրում։ Արքան զայրանում, էլ չի համբերում, արդեն Թորոսի մայրիկին է հիշում։ Մեկ էլ՝ հանկարծի՝ բոքոններ հացի, դույլով խավիար, եփած հընդկահավ, իշխանի ապուր, ու խոզի ապուխտ․ ուտեստներ նըման՝ անթիվ անսահման։ Ուտեստի ծովում զըրույց է կըպնում...

Թագավոր

Հետաքըրքըրում է մեզ
Ձեր զարգացման չափ ու պես․
Ո՞նց եք ցանում դուք շաղգամը․
Առանց կըճեպ, թե՞ էնպես...

Դեսպան

Յե՛ս։

Թագավոր

Հետաքըրքըրում է մեզ
Ձեր սընվելու ձեւ ու պես․
Ո՞նց են ձեզ մոտ սուրճը խըմում,
Դա՞ռը, քա՞ղցր, թե՞ էնպես...

Դեսպան

Յե՛ս։

Թագավոր

Հետաքըրքըրում է մեզ
Այսպիսի նաեւ մի թեզ․
Ո՞նց են ձեզ մոտ կանայք զբոսնում՝
Վարտիքներով, թե՞ էնպես...

Դեսպան

Յե՛ս։

Դայակ

Դեսպանից դու ամաչի...
Լրի՞վ խելքըդ քոնը չի...
Ինչի մասին ով էլ խոսի
Կանանց վրա կըշըրջի։

Թագավոր

Էլի՞ էշըդ ես քըշում․
Բանտ ընկնե՞լ ես երազում։
Հո խոսքերս հենց էնպե՞ս չեն․
Մըտածված եմ զըրուցում։
Աղջիկն է՛ն ա, տես բոյին,
Ու նըման ա բոբոյին։
Ես էլ էս ա, մըտածում եմ
Մեր ծըտին տանք դեսպոյին։
Միայն պետք ա մեզ սկըզբից,
Գըրավել նըրան տակից
Նուրբ ակնարկներ նըրան անել
Իմիջայլոց ու հեռվից։

Դայակ

Էս դեսպանի հետ հիմա
Ես էլ չեմ ամուսնանա․
Միայն նայում ա կեղտոտը
Թե ոնց մի լավ կըշտանա։
Հա ասում ա «յես» հա «յես»,
Բայց անկուշտ ա խոզի պես․
Աչքըդ թեքես Հայաստանը
Կըխըժըռի՛ պարզապես։

Թագավոր

Կա՛մ բերանիդ դիր փակոց,
Կա՛մ էլ կուտես լավ տըփոց․
Լըրիվ արդեն վախացրել ես
Կըցորդներին թանգանոց։
Հիսպանայից ժամանած,
Գրանդ էր հարուստ ու հարգված։
Ականջներում՝ ադամանդներ։
Տարբերակ էր՝ երազած։
Իսկ դու տարար բերեցիր՝
Նրան մեխին նստեցրիր,
Ու հյուրին էլ բնական է,
Քաղաքապես զայրացրիր...

Դայակ

Լավ եմ հիշում էդ գրանդին,
Էդ լափելու տաղանդին․
Քիթն էնպես էր խոթել ափսեն,
Որ յուղ թափեց փողկապին։
Հեչ չէր ուզում բան ասի․
Թութակի պես՝ «սի» հա «սի»՝
Այդ միջոցին լըպըստելով
Ոսկորները վարազի։

Թագավոր

Ես էդ քո վարքագըծի
Վերջը կըտամ, իմացի․
Կըսատկացնեմ․ չեմ կատակում,
Լուրջ եմ ասում, լավ գիտցի։
Գերմանայից ժամանած
Բարոն եկավ օրն անցած,
Էդ անգամ էլ չըդիմացար
Թողիր նրան տըվայտված։
Ո՞վ էր նրան որ բըռնեց
Սատկած մըկներ մատուցեց
Ախըր դու վընասարար ես,
Ա՜յ անաստված հոգու ցեց...

Դայակ

Ճիշտ է, բարոնն էդ անտեր
Նույպես ուտել կըսիրեր
Ագրավների մեջ հայտնվեր
Նրանցից էլ կըխըլեր։
Տեսքից հըպարտ՝ «յա» հա «յա»,
Ներսից՝ խոզ էր համարյա,
Ձրի տաիր՝ խոտ էլ կուտեր,
Կապոցներով։ Մինանձնյա ...

Թագավոր

Դու լըրտես ես։ Իմացի՝
Բանտում քեզ տեղ կըբացվի
Ես էնպես չար տըղամարդ չեմ,
Բայց լըրտեսին կըհասնի։
Հիմա դու ինձ լավ լըսա․
Էլ ո՞նց գըտնենք մենք փեսա․
Փեսացուներ հերթ չեն կանգնած
Լավ մըտածի ու ասա։
Թե մեկից լիներ ավել՝
Կարելի էր եւ ընտրել։
Թե որ չէ, չանթի եղածը,
Ինչ էլ լինի․ շուն թե գել...

Արքայադուստր

Թե իշխան ես դու հայոց,
Իշխիր երկրում կուզես ոնց,
Իսկ իմ բախտին չըխառնվես,
Սիրուս հետ դու չունես գործ։
Կըցորդ՝ տանն այս կա հաստատ
Ամեն հարկում հարյուր հատ,
Իրենց օծանելիքից էլ
Շո՛ւնչս է կըտրում անընդհատ...

Թագավոր

Կույր է սերը, որ ուզես․
Դեսպանին էլ կըսիրես։
Առեւտրական մեր գործերն էլ
Սենց ձեռի հետ կըդըզես։
Էս առիթով կըվեցնեմ
Վըրեն ծիրան նաղդեմ,
Հանրությունը համաձայն է,
Միայն դու էս էստեղ դեմ...

Արքայադուստր

Որքան կուզես կիտիր ունք․
Որքան կուզես ծըխիր խունկ․
Կըրկընում եմ․ անհատն ունի
Ազատ սիրո իրավունք։
Գուցե գործը հաջողվեր՝
Նըշանդրեքով ավարտվեր,
Եթե հանկարծ քո հըրաձիգ
Թորոս-կըտրիճն ինձ ուզեր։

Թագավոր

Դե լավ, պըրծանք, ցըվըրվի...
Ու փեչի մոտ շընթըռվի,
Կամ էլ քըշի քո սենյակը
Ու սոլֆեջյո սովորի։
Իսկ անիծյալ Թորոսին,
Էդ այլանդակ բորբոսին,
Վըռազ քացով կըհասկացնեմ
Որ մոռանա քո մասին...

Խեղկատակ-ծաղրածու

Կար զորավար պալատում։ Նա լուրեր էր հավաքում։ Մորուքը ցըցում՝ քաղաքում զբոսնում․ շան պես հոտոտում, ով է այլ խոհում։ Ականջ դընում զրույցների՝ փընտրում դավադիրների։ Հենց բան կըլըսի՝ տետրում կըգըրի։ Իսկ ճիշտ եւ ճիշտ յոթին՝ Զեկույց՝ արքային։

Թագավոր

Ի՞նչ ես տըխրել զորավար․
Ի՞նչըդ է անբավարար,
Թե՞ մաճառից շատ ես խըմել,
Թե՞ ձիուց ես ընկել վար։
Թե՞ գործերըդ են հյուծիչ,
Թե՞ բանակն է աչքիդ քիչ,
Թե՞ գըտել ես թընդանոթի
Փողի խոտան կամ այլ ինչ։
Զեկուցիր, պատճառը տուր,
Թե ինչու ես դու տըխուր․
Ես ուզում եմ ճիշտ իմանալ,
Ով, որտեղ, ինչու եւ ուր...

Զորավար

Վերջում անցած շաբաթվա,
Մեր կըտրիճի տանն եղա,
Հենց տեսա նրա տիկնոջը
Աստիճանից վայր ընկա։
Երրորդ օրն է՝ չեմ խափում՝
Սուրը ձեռըս չեմ առնում,
Երազկոտությունս է աճել․
Գիշերն աչքըս չի կըպնում։
Նախորդ օրն էլ, քեզ ասեմ,
Հորինեցի մի պոեմ,
Բըժիշկները վախենում են,
Հանկարծ սիրուց չըմեռնեմ...

Թագավոր

Տեսա՞ր Թորոս-կըտրիճին...
Գիտեր, ես էլ չունեմ կին։
Հըլը արագ էստեղ պալատ
Ինձ մոտ բերեք էդ ծըտին։
Իսկ խորամանկ Թորոսին
Մի լավ զարկեք երեսին,
Որպեսզի էլ էս կողմերում
Ես չըտեսնեմ էդ եզին...

Զորավար

Ծըտին բերել՝ կըբերենք,
Ժողովուրդի՞ն ինչ ասենք։
Թե իմանան ում արածն է
Ձեռներից հազիվ պըրծնենք։
Մարդիկ շատ են ձեռ առել․
Չըփորձես մի բան ասել։
Մենք Թորոսին լավ չենք նայում,
Իրենց՝ շատ է դուր եկել։

Թագավոր

Լսի՜ր, էշ ես տընաշեն,
Միայն է՛ս օր, թե՞ ամեն։
Ի՞նչ ա ես իմ նախարարին
Էդ է՞լ պիտի բացատրեմ։
Որ իմ մասին բամբասուք
Չտարածեն ծակ ու ծուկ,
Պիտի գործես ըստ օրենքի,
Այն է՝ գործես խիստ ծածուկ։
Ես էլ, գիտես, բարեկամ․
Քո պարգեւը կըհոգամ․
Դարբինները գործը գիտեն
Կըկոփեն շըքանշան...

Խեղկատակ-ծաղրածու

Զորավարն օրնիբուն խելքն ի մի էր բերում։ Միտք էր անում քըրտնաջան, թե ոնց Թորոսին վերջ տան։ Բայց չըկար վարկած՝ խելքում թըթված։ Մեկ էլ միտք փայլուն․ հիշեց ընկերուհուն, ծուռոտ վըհուկին՝ Ջադու պառավին․ «Գընամ նրա մոտ, գուցե տա խորհուրդ...» Իսկ նա անտառում խոտ էր հավաքում, դեղ ու թույն եփում։ Հենց հեռվից նըկատեց՝ հավաքածը կորցրեց․ տըխուր էր, անհամ՝ առանց բարեկամ...

Ջադու պառավ

Ի՞նչ ես դեմքովըդ փոխվել,
Գունատվել ես, մըռայլվել...
Չըլի՞ ռուսն է լույսը կըտրել
Չըլի՞ թուրքն է գետն անցել։
Միքիչ դաղձով թեյ խըմի
Ու մարմնովըդ կազդուրվի․
Հո քիմիական ձիբիլներ չեն,
Պարքեւներ են անտառի։
Ախպեր, էս դաղձի միջին,
Կա վիտամին շատ կարգին․
Ասեմ, ոչ մի զորավարի
Չի խանգարի վիտամին...

Զորավար

Պըրծի պառավ, լավ եմ ես...
Խորհուրդ պիտի ինձ ասես...
Սկյուռ ու ոզնի արի ցըրի,
Լուրջ բան հիմի կասեմ քեզ։
Կա մի կըտրիճ-հըրաձիգ
Շատ է շունը էդ ճարպիկ...
Ինձ էլ հես ա, հրաման եղավ
Վերջ տալ դըրան սուս-փուսիկ։
Բայց ինչպե՞ս։ Բըռնես գյուլլե՞ս՝
Բամբասանքներ կըբերես...
Ո՞նց խորամանկ դըրան կորցնենք,
Կարա՞ս պառավ ինձ ասես...

Ջադու պառավ

Կախարդիր պառավ, բիձա
Դագաղ՝ ղուշի հարիսա,
Ջոջը վերից, ղառը՝ տակից,
Հըրաձիգի բախտն ասա։
Թե լակոտ է նա անպետ,
Բայց իրեն ըզգում է պետ,
Թող նա վաղը ճարի ոսկով
Ասեղնագործած կարպետ։
Որ կարպետի էդ վրա,
Ամբողջ երկրիրն երեւա։
Իսկ թե ճարել չըկարենա՝
Մեղքն իր վիզը կունենա...

Զորավար

Ա՜յ դու պառավ։ Ա՜յ վարպետ։
Անցան դարդերս իմ անհետ։
Քիչ ա մընում հենց անտառից
Տանենք դարձնենք վարչապետ։
Բաքվի կողմերը հիմի,
Ո՞վ գիտի թե ինչ կըլի,
Իսկ քեզ հետ ես կարամ գընալ
Թե՛ հետախույզ, թե՛ կըռվի։
Լավության տակից կելնեմ․
Կուզե՞ս բըրդով վըճարեմ,
Կամ՝ արծաթով, ադամանդով,
Կուզե՞ս որկով քեզ պատվեմ...

Ջադու պառավ

Գընա ախպեր, մի հուզվի,
Դու էդ մանրը քեզ պահի․
Հոգուս պարտքն է, որ տալիս եմ․
Բարին փողով չի չափվի։
Թե նոր խընդիր կըբացվի,
Տեղըս գիտես՝ համեցի,
Մենք էլ էստեղ գազաններ չենք,
Միշտ էլ կօգնենք, իմացի...

Խեղկատակ-ծաղրածու

Կանչում է արքան Թորիկին, ճարպիկ հըրաձիգին։ Դեռ խընդիրը չասած, նըստած է կատղած։ Ձեռքերն է ճոճում, ոտքերով դոփում, աչքերով խոցում, մի խոսքով՝ վախցնում։ Ու էնքան է ուզում Թորոսին կորցնել, որ քորը եկել ջանն է մըտել...

Թագավոր

Մինչեւ վաղը ոնց կուզես՝
Ինձ մի կարպետ կըճարես...
Պետական կարգի խընդիր է
Պիտի ճըղվես, բայց՝ բերես․․․
Որ կարպետի էդ վրա,
Ամբողջ երկիրն երեւա։
Թե չե էս իմ պատըշգամբից
Բան չեմ տեսնում համարյա։
Ինչ որ պետք է չըճարես՝
Մի գըլխով կըկըրճատվես․
Առավոտյան լուսաբացին
Դահիճի մոտ կուղարկվես։

Խեղկատակ-ծաղրածու

Թորոսն եկավ տուն, դարդից համր, անգույն։ Նըստեց անկյունում, առաստաղին է նայում, լուս աչքերը արցունք է պատում։ Արուսը կանչում է, իսկ նա լըռում է, ոչինչ չի ուզում, նըվում է, տընքում…

Արուս

Ի՞նչ ես այդպես տառապում։
Ոչ ուտում ես, ոչ՝ խըմում։
Թե՞ շիլան է տակը կըպել,
Թե՞ դոնդողըս չես հավնում։

Թորոս

Ի՞նչ ուտելիք։ Զըզվացրեց․
Արքան էլի ինձ կանչեց։
Էդ այլանդակ սըրիկային
Դատ-դատասան չըճարվեց։
Պետք է կարպետ հայթայթել
Ասեղնագործ, ոսկեթել,
Ամբողջ հայոց երկրի չափով,
Որքան կարաս աչք նետել...

Արուս

Մի նըվա ու մի տըխրի․
Թող ծերուկն իրեն խըժռի։
Կանգնեք ահա իմ առջեւում,
Սոս Հայրի ու Սիս Հրայրի
(Արուսը ծափ է տալիս՝ հայտնըվում են երկու հաղթանդամ կըտրիճ)
Հըրամանն արդեն գիտեք՝
Տեղն ու տեղը կատարե՛ք։

Կտրիճներ

Դուք կարող եք անհոգ լինել․
Կարվի արագ, լիարժեք։

Խեղկատակ-ծաղրածու

Թորոսն առավոտ՝ պալատ դըրեց ոտ։ Բարձըր դուռ բացեց, կարպետով հանդերձ։ Ժպտում է կանգնած․ ու չի վախեցած։ Արքան զարմացավ, նույնիսկ համրացավ։ Զայրույթն է տանջում, բայց ցույց տալ չի ուզում։ Հայացքը խաղաղ է, թե, իբր, ուրախ է...

Թորոս

Ուզեցիր երեկ կարպետ՝
Դե, բերել եմ քեզ, վարպետ։
Ե՛ւ նըկարը, ե՛ւ գույները․
Ինչ որ պետքն է․ կետ առ կետ։
Ամբողջ Հայքը սըփըռված
Կըտեսնես արտացոլված
Այս կարպետը իմ տիկինը
Քեզ ի նըվեր է գործած...

Թագավոր

Ա՛յ դու կըտրիճ։ Ա՛յ ջահել։
Քանի՞ կին ես դու առել։
Թե՞ մանվածքի գործարանի
Ցեխի հետ ես պըսակվել։
Թորոս, թեկուզ գեղանի,
Բայց կին ունես միայն մի,
Իսկ օրվա մեջ որ սա գործվի՝
Մի գումարտակ պետք կըլ՚նի...

Թորոս

Թե՞ զարդերն են անհաջող։
Թե՞ գույներն են ճըչացող։
Կարամ հետ վերցնեմ պատվերը
Ու գընամ բարեհաջող։
Էս կարպետը նույն վայրկյան,
Չարչիներին ես կըտամ,
Ու արվեստը Հայաստանից
Թող հեռանա Ամստերդամ...

Թագավոր

Ճիշտ կըլիներ քեզ գըլխանց,
Մըտրակեի մեչքից ցած,
Որպեսզի դու ձեռ չառնեիր
Բարձրաստիտճան լուրջ մարդկանց։
Բայց ես կողմ եմ էն կարգին,
Որ օրենքը միշտ հարգվի
Նենց որ առ քեզ ճամբի ծախըսդ
Ու էստեղից ցըվըրվի...

Խեղկատակ-ծաղրածու

Կանչում է արքան զորավարին․ ոչ երանի էդ ախմախին։ Դարձել է արքան բացուկի նըման, իսկ երբ կարմըրած է, հաջորդը՝ հարված է։ Խըփում է համ էլ, մեկից ոչ ավել, բայց դիպչում դընչին կամ հենց ճիշտ աչքին։ Զորավարը դա գիտի իր փորձից․ աչքը կապած է հեքիաթի սկըզբից...

Թագավոր

Հը՞ ախպեր ջան, ինձ աշի․
Միքիչ փըստա՞ց քո հաշիվ։
Բայց դե հաստատ էս միքիչը
Մի հինգ տարվա կըքաշի։
Փորով լավ ես լենացել,
Իսկ գըլխովըդ՝ նիհարել։
Նենց որ, խելքըդ բյուջետային
Հացով արժի լըրացնել...

Զորավար

Նըստացրու բերդ, թե կուզես՝
Որքան որ հաճո է քեզ․
Մեկ է, չի մըտնի ուսումը
Հիմարիս գըլուխը էս։
Տայիր ձի, սուսեր, վահան
Եւ ուղիղ գյուլլի բերան։
Պալատական խարդավանքներն
Իմ խելքի համար չեղան։

Թագավոր

Դու էդ «ձերըդ քաջություն»,
Թարգի խոսել էշություն
Դու ձեւ գըտի՝ առանց սըրի
Արձանագրենք հաղթություն։
Իսկ թե շարժվես նույն խելքով,
Էլ չասես, թե ում մեղքով․
Ես կըդըզեմ քո մըռութը
Անձամբ հենց էս բըռունցքով...

Խեղկատակ-ծաղրածու

Իզուր էր զորավարը հաշվում ավարը․ չեղավ մի փորձից պըրծնել Թորոսից։ Նորից էս մեղկի գըլուխ կըճեղքի։ Իսկ գըլխում անտեր գոնե միտք լիներ։ Խորհեց, խորհեց, հեչ բան չորոշեց։ Ու մընաց էս հարցով Ջադուի հույսով։ Էլի ձի նըստեց ու անտառ շարժվեց...

Ջադու պառավ

Ի՞նչ ես էլի դու մըռայլ,
Նո՞ւյն պատճառն է, թե՞ մեկ այլ։
Վըրացի՞ն է երես առել,
Թե՞ պարսիկներն այլեւայլ։
Ահա քեզ բորբոսաթուրմ
Հեչ սըրանից չե՞ս խըմում։
Միքիչ խըմի՝ կըմոռանաս
Ունայնությունն էս կյանքում։
Շուտ հանում է ցավ ու դող,
Թեեւ լավը չի համով․
Վաղը արդեն առողջ կըլ՚նես,
Թե չըմեռնես գիշերով...

Զորավար

Չէ, կըտրիճն ա դարդը իմ․
Վերջ չըկա իմ ցավերին։
Դըրանից էլ վատառողջ եմ,
Ժըպիտ չունեմ իմ դեմքին։
Շատ խորամանկ գըտնըվեց
Մեր քըթերը տըրորեց
Դու ինչքան էլ կախարդեցիր,
Նա կարպետը էդ ճարեց։
Տեսքից հարիֆ ա թըվում,
Բայց գըլխով ա աշխատում,
Նենց որ միքիչ լավ կախարդիր։
Հոգո՛վ։ Ի՞նչ ա տե՛ս բացվում։

Ջադու պառավ

Կախարդիր պառավ, բիձա
Դագաղ՝ ղուշի հարիսա,
Ջոջը վերից, ղառը՝ տակից,
Հըրաձիգի բախտն ասա։
Դե՜... Ըհը՜... Ահա՜... Էսպե՛ս...
Թող մի եղնիկ բերի ձեզ։
Եղջույրներն էլ դըրա լինեն,
Մաքուր ոսկուց հըրակեզ...
Թեկուզ աշխարհը անցնի՝
Այդպիսիք նա չի գըտնի․
Քեզ ասում եմ որպես գիտակ
Մեր բընության հայրենի...

Խեղկատակ-ծաղրածու

Կանչում է արքան Թորոսին, մեր ճարպիկ հերոսին։ Չեղավ շունչ քաշի, տուն հասնի, ճաշի, իսկ սըրիկա-արքան ունի նոր հըրաման։ Եռում է ուղեղն արքայի, արի ու Թորոս՝ չարչարվի։ Մի խոսքով կյանքը մեր բարեկամի նըման է դառը շաղգամի...

Թագավոր

Ծուլությունըդ դե՛ն գըցի
Տեղն ու տեղն անցի՛ գործի։
Պետական կարգի խընդիր է՝
Եղջերու ինձ մատուցի։
Թե ծառա ես արքայի,
Գործը արագ կատարի
Բեր եղջերու՝ եղջուրներն էլ,
Մաքուր ոսկուց որ լինի։
Չըփորձես հակաճառել,
Անհրաժեշտ է կատարել,
Թե չէ, հաստատ էսօր եւեթ,
Կըկարգադրեմ գըլխատել...

Խեղկատակ-ծաղրածու

Թորիկն եկավ տուն՝ արտասուքով արբուն։ Նըստեց ճըրագի մոտ՝ անտրամադիր, դարդոտ։ Կինը գիրկն է գըցվում, իսկ նա կընոջը նույնիսկ չի նայում։ Լալիս է նըստած՝ ունքերը կիտած...

Արուս

Դու ինչո՞ւ ես մըռայլված։
Եւ ինչո՞ւ ես դարդոտված։
Թե՞ կյաբաբը անալի է,
Կամ էլ վա՞տ է խորովված։

Թորոս

Բա ճաշելու տե՞ղ մընաց
Թագավորը անիծված
Առավոտվա համար նորից
Առաջադրանք ինձ ասաց։
Նա դաժան է երեւի
Թըշնամուց էլ ավելի․
Բեր եղջերու՝ եղջուրներն էլ,
Մաքուր ոսկուց որ լինի...

Արուս

Մի նըվա ու մի տըխրի․
Դարդն արցունքով չես ցըրի։
Կանգնեք ահա իմ առջեւում,
Սոս Հայրի ու Սիս Հրայրի
(Արուսը ծափ է տալիս՝ հայտնըվում են երկու հաղթանդամ կըտրիճ)
Հըրամանն արդեն գիտեք՝
Տեղն ու տեղը կատարե՛ք։

Կտրիճներ

Դուք կարող եք անհոգ լինել․
Կարվի արագ, լիարժեք։

Խեղկատակ-ծաղրածու

Թորոս լուսբացին՝ պալատի դարպասին․ Այցելեց արքային՝ եղջերուն կողքին։ Արքան պապանձվեց, ձախ կողքը ծակեց։ Կըճըզմեր ճիճվի պես, բայց դե ի՞նչ անես․ հորանջում է նըստած՝ զայրույթը զըսպած...

Թորոս

Շատ չե՞ս սպասել։ Օ՛ր բարի։
Կուզես մի հատ ՚ստեղ նայի։
Եղջերու էր քո ուզածը
Առ քեզ, վերցրու, վայելի։
Եւ նըկատի․ հըրեղեն
Եղջյուրները՝ ոսկեղեն․
Առանց լապտեր դըրանք կարան
Գիշերները լուսացնեն...

Թագավոր

Եղնիկներից էդ, հիմի,
Ոչ Թիֆլիս կամ, ոչ՝ Գյումրի։
Ի՞նչ Գյումրի, նույնիսկ Բաղդադ էլ
Հազիվ մի չորս հատ լինի։
Դե, գըցի-բըռնի մի հատ․
Ուր ենք մենք, իսկ ո՞ւր՝ Բաղդադ։
Թե՞ գիշերով Բաղդադ եղար
Ու էսօր հասար պալատ...

Թորոս

Հորըս արեւ, ա՜յ անգոհ,
Եղնիկից է՞լ ես դըժգոհ։
Իսկ երեկ կըպած ասում էր
Բեր եղնիկ ու ոչ մի խոհ...
Թե հարուստ ես, երեւի
Հանձնեմ Բաղդադ՝ տերերին․
Ո՞վ է էնտեղ հիմա իշխում․
Ա՜յ թե տըղեն կըհըրճվի...

Թագավոր

Լըսիր Թորոս, դու թարգի
Ակնարկներըդ էդ կարգի։
Թե չէ, գանգըդ, լավ իմացի
Դահճի կացնով կըճաքի։
Բայց դե թըքած, ըստ պատվի
Արած գործըդ կըհարգվի
Նենց որ առ քեզ ճամբի ծախսըդ
Ու էստեղից ցըվըրվի...

Խեղկատակ-ծաղրածու

Արքան զորավարին է կանչում, հենց անկողնուց հանում։ Խառնըված զորավարը, փընտրում է շալվարը, հասկանում է, որ քեֆ չի հեռանըկարը։ Արքան գահին է նըստած՝ աշխարհի վըրա կատաղած։ Զայրութից սեւացած, ինչպես փայտն ածխացած...

Թագավոր

Շատ տանջվեցիր բարեկամ,
Բայց չընկավ Թորոսն ուռկան։
Քո մասին արդեն կազմված է
Հատուկ մահախոսական։
Պետք է միայն որոշել,
Թե ինչպե՛ս քեզ հոշոտել․
Մոմակալով ինջնել գըլխի՞դ,
Թե՞ մութակով էս խեղդել...

Զորավար

Տիրակա՛լ վրիպեցի։
Առ քեզ թուրը, հարվածի՛։
Միայն արդեն էդ Թորոսի
Գործին դու ինձ մի լըծի։
Որ հիմար եմ՝ կըներես․
Էությունս է այդպես։
Ա՛յ թե ինչ-որ գըրոհ լիներ
Կամ էլ կըռիվ պարզապես...

Թագավոր

Հա, խըրոխտ ես դու թըրով,
Բայց մի բան հիշի բարով․
Թորոսին պիտի հաղթենք մենք
Ոչ թե թըրով այլ խելքով։
Իսկ թե էլի հոջողես,
Էնքան, որքան մինչեւ էս,
Ինքըս քեզ կըկացնահարեմ,
Իշի քուռակ աներես...

Խեղկատակ-ծաղրածու

Կրկին հիմարը ձըգեց խելքի լարը։ Իսկ խեքից էլ կար ոչ շատ մեծ տակառ։ Խորհեց, խորհեց՝ ոչինչ չըհընարեց։ Կըրկին ձի թամբեց ու անտառ ուղղվեց։ Ջադուն հենց տեսավ՝ մինչ Կովկասը փախավ։ Բայց մըտածեց, դարձավ․ չըբերի գըլխին ցավ...

Ջադու պառավ

Աչքիս լավ չես երեւում։
Շուրթիդ պըզուկ ա ուռում։
Չըկորցնես առողջությունըդ
Քաղաքական պայքարում...
Դեղ փորձիր ոզնու ծերտով․
Շատ բուժիչ ա, կազդուրող։
Ու մեղրից էլ օգտակար ա,
Թեկուզ մեղըր չի համով։
Ճիշտ ա, վատ են դա մարսում,
Ու երբեմըն էլ մեռնում,
Բայց ովքեր որ նալ չեն տընգում
Ծերություն են մինչ ապրում...

Զորավար

Լսի՛ Ջադու, մի՛ ֆըռռա։
Դու մի հընար ինձ ասա։
Ձեւ գըտի, որ թագավորը
Էդ Թորոսի վերջը տա։
Ինչ արեցիր դու, պառավ,
Ոչ մի զահրմար դուս չեկավ․
Ոսկեեղջյուր էդ եղնիկը
Գընաց Թորոսը գըտավ։
Խելքըդ դու օդափոխի
Ու մի կարգին կախարդի․
Մեր Թորոսը ինչպես պարզվեց,
Էնքան էլ ապուշը չի...

Ջադու պառավ

Խորամանկ եմ ես, գիտես
Տականքությամբ՝ ներքնապես,
Բայց էս օրով դու ինձանից
Կախարդություն չըխընդրես...
Ջանըս ցավում ա, ծակում
Մեջըս կըրակ ա այրում...
Քեզ ասեմ, ուղեղաբորբ եմ
Ինձ մոտ արդեն կասկածում...
Չէ, շատ վատ եմ, իսկապես․
Մեջքիս խըրթոց կըլսե՞ս։
Մի խոսքով, թե բանն էդպես ա
Անաշխատունակ եմ ես։

Զորավար

Վատառո՞ղջ ես՝ չըտընքաս՝
Գետից մի գորտ կուլ կըտաս
Լավագույն բըժըշկությունը,
Բընությունն ա, դու գիդաս։
Դու ուղեղըս չարդուկես․
Նույնիսկ, ասեմ, չըփորձես։
Լավ կըլ՚նի տականքությունըդ
Աշխատանքի գործադրես։
Իսկ փորձես հակաճառել
Գըլխից կարող ես զըրկվել․
Ճիշտ ա, դու ընկերուհիս ես,
Բայց դե գործն է առավել...

Ջադու պառավ

Կախարդիր պառավ, բիձա
Դագաղ՝ ղուշի հարիսա,
Ջոջը վերից, ղառը՝ տակից,
Հըրաձիգի բախտն ասա։
Թող իրեն դըրսեւորի,
Թող Թորոսը ձեզ բերի
Այն-Ինչ-Ամբողջ-Լուս-Աշխարհում-
Երբեք-Չի-Կարող-Լինի։
Դե, Թորոս հիմա սպասի
Հաստատ գործը կըբացվի
Արդեն է՛ս առաջադրանքը
Կյանքում մոտըդ չի ստացվի...

Խեղկատակ-ծաղրածու

Կանչում է արքան Թորոսին, ճարպիկ կըտրիճին։ Գործ ունի կըրկին պետական կարգի։ Մի՞թե վերջ չի լինի չարչարանքին։ Հեքիաթը մինչդեռ, իր կեսին է դեռ...

Թագավոր

Կարգադրում եմ քեզ ճարել
Ա՛յն-Ինչ-Չի-Կարող-Լինել։
Գըրի կառնես անվանումը,
Քանի դեռ չես մոռացել։
Չըկատարե՞ս, ի՞նչ ասեմ․
Ես քեզ կըփոշիացնեմ,
Քանի որ էդ քո խասյաթը
Ձանձրացրել ա ինձ արդեն։
Նենց որ դեմքըդ մի ծըռի
Եւ իսկույն ճամփա ընկի
Պետական կարգի խընդիր է
Հասկանում ես երեւի։

Խեղկատակ-ծաղրածու

Թորոսն եկավ տուն սարսափով լեցուն։ Սպիտակ՝ կավճի պես․ իրոք, ի՞նչ անես։ Նըստեց անկյունում՝ շըղարշն աչքերում։ Գիրկն ընկավ Արուսը, իսկ Թորոսն անհույս է... Տխուր կլինես, թե մահը տեսնես...

Արուս

Ի՞նչ է, հոգիս, պատահել,
Դու ինչո՞ւ ես կատաղել։
Թե՞ փարիզյան իմ աղցանում
Շամպինյոններ չեմ լըցրել...

Թորոս

Ճաշացանկըդ Արուսյակ,
Բացառիկ է, անկըրկնակ,
Բայց դե կյանքըս իմ Արուս ջան,
Կործանել են բովանդակ։
Ի՞նչ անել եւ ո՞նց վարվել...
Ինչպե՞ս ցավը դարմանել․
Ինձնից արքան պահանջել է
Այն-Ինչ-Չի-Կարող-Լինել...

Արուս

Մի նըվա ու մի տըխրի․
Դարդն արցունքով չես ցըրի։
Կանգնեք ահա իմ առջեւում,
Սոս Հայրի ու Սիս Հրայրի
(Արուսը ծափ է տալիս՝ հայտնըվում են երկու հաղթանդամ կըտրիճ)
Հըրամանն արդեն գիտեք՝
Տեղն ու տեղը կատարե՛ք։
Լռություն։

Կտրիճներ

Ներողություն տիրուհի,
Էս մի գործը չի ստացվի։
Թե որ լիներ գըծագիր
Կփընտրեինք ուշադիր,
Իսկ սենց... փընտրի ինչքան կուզես․
Ինչքան կուզես քըչփորիր։
Որտե՞ղ գըտնել, ո՞նց ճարել
Այն-Ինչ-Չի-Կարող-Լինել
Չէ՞ որ չկա դա աշխարհում․
Հենց այդպես է սահմանվել...

Արուս

Սիրելիս, չընեղանաս,
Կըներես ավել-պակաս։
Երեւում է ինքըդ պիտի,
Էս անգամ արշավ գընաս։
Արտասահման զգուշ եղի,
Զգեստըդ մաքուր միշտ պահի։
Զրույցներին մի խառնվի
Ծանոթություն մի կապի։
Խուսաբիր դատարկ վեճից,
Զերծ մընա ծուռ ճամփեքից,
Առողջության մասին հոգա,
Կեր թըթվասեր ու խավիծ...

Թորոս

Դու, Արուս, չըվախենաս։
Լավ կըլինի, կըտեսնաս։
Կըկատարեմ ինչ որ պետք է
Ու ետ կըգամ անվընաս ։
Քանի չըկամ չըտըխրես...
Սուսամբարը կըջըրես...
Կուզես՝ քանոն կըզարնես կամ,
Կուզես՝ կասեղնագործես։
Իսկ թե մեկը հայտնվի,
Որ հանգիստըդ խանգարի՝
Բացատրելը ավելորդ է․
Թավեն ձեռքիդ տակ պահի...

Խեղկատակ-ծաղրածու

Թորոսը ելավ անդըրծովյա արշավ։ Զորավարն իմացավ՝ վերջին խելքն էլ կորցրավ։ Վազում է պալատ՝ զեկուցելու հապշտապ, որ Թորոսի վերջն է հաստատ։ Անցքն էլ շըքանըշանի ծակել է բաճկոնին...

Թագավոր

Լավն է լուրը, թե հոռտես
Զեկուցիր ինձ ինչ գիտես․
Լավ է դառն իրողությունը,
Քան հաճելին, սակայն կեղծ։
Բայց թե լուրը, որ կասես
Կըրկին լինի... ոչ էնպես,
Դու էդ ճըշմարտության համար
Մի տաս տարով կընստես...

Զորավար

Զեկուցում եմ․ քիչ առաջ
Չըվեց Թորոսն էն տըհաճ։
Փառք քեզ աստված ազատվեցինք
Արնախումից վայրահաչ։
Թե ուզում է, թող հիմի
Նա ծովերում զըվըռնի․
Էդ մըռութը տեսնելու բախտ
Մեզ այլեւս չի սպառնի...

Թագավոր

Դե, դայակ, դու ՚ստեղ արի,
Ու մազերս հարդարի
Ծոծրակիս էն սեւ մազերը,
Դուզ շարքերով դիր սանրի։
Սպիտակներն լավ աշի,
Ու սեւերի տակ քաշի։
Հա՛, սանրով էլ մի՛ սըղոցի,
Որ քաչալըս չըմաշի...

Դայակ

Ի՞նչըդ սանրեմ էս գըլխի,
Թե քաչալըդ կըփայլի
Ախըր յուրաքանչյուր մազըդ
Էստեղ պիտի հաշվառվի...
Ու ինչի՞դ է պետք կասե՞ս
Էս տարիքում կինը քեզ
Ախըր որպես տըղամարդ դու,
Կըներես, արժեք չունես...

Թագավոր

Թեեւ մազեր ես չունեմ,
Սակայն պիտի պըսակվեմ։
Պարսից շահն էլ քաչալ ունի,
Հետն էլ՝ քառսուննոց հարեմ։
Իսկ ես կուզեմ սոսկ մի կին
Բերեմ որպես ամուսին։
Մի՞թե ամուսնական մասով
Չեմ քաշի նույնիսկ մեկին։

Դայակ

Շահը ըստ ամենայնի,
Հա՛մ կեցվածք, հա՛մ ուժ ունի,
Իսկ քեզ, սատկած, մեկը նայի,
Թագի տակից չի տեսնի։
Քո տարիքում ծերունի
Ուժն էլ հինը չի լինի։
Մի մոռացի, քո տարիքը,
Հարյուր տարուց էլ կանցնի...

Թագավոր

Հետո ինչ՝ հարյուր տարի․
Մարդըս լինի քաջարի։
Սերը, ինչպես որ ասում են
Երբեք չի հարցնում տարիք։
Նենց որ դայակ լեզվանի,
Ինձ էլ տարիք չի հարցնի։
Թե սիրո օրենքն էդպես է՝
Ես էլ կըլ՚նեմ պիտանի...

Դայակ

Դու նրանց ես նմանվում,
Որ հաչում են՝ չեն կըծում
Ոնց որ լորտու լինես խըղճուկ,
Էլ ավելին չեմ ասում։
Որ ուրիշի կին գողնաս,
Պիտի ավյուն ունենաս։
Իսկ քո հիմնական խընդիրն է
Որ գերեզման չըգընաս...

Թագավոր (Զորավարին)

Դո՞ւ ինչու եւ լուռ այդքան,
Ճոճում ես շըքանըշան։
Չե՞ս տեսնում, ոտնահարում են
Վարկանիշը պետական։
Արքային են անպատվում,
Նախարարը՝ չի խոսում
Դու պաշտպանության գըծով ես,
Դե, ետ մըղիր թըշնամուն...

Զորավար

Ախըր կանայք մեր մասին
Երբեք լավ բան չեն ասի
Դու քո ուժին չըկասկածես,
Սիրեկան ես թոփ դասի։
Քայլդ հըպարտ, տեսքըդ՝ մահ,
Մեջքի կոմից՝ իսկը շահ։
Միայն թագը միքիչ թեքի,
Որ չըկախվի դընչիդ տակ...

Թագավոր (Դայակին)

Տե՛ս, որ թըշնամի չէ նա,
Էնպես ասեց, ինչպես կա,
Իսկ նա էնքան էլ հիմար չի,
Որքան ապուշ կերեւա։
Իսկ քեզնից, ա՛յ անաստված,
Միայն ամոթ ու կաթված։
Ու ես վաղուց կասկած ունեմ,
Դու լըրտե՞ս չես սողոսկած...
Իմացել եմ՝ չես լըսում,
Ու էլի ես վընասում,
Կյանքում շատ լուրջ խնդիրներ եմ
Խոստանում ես քեզ բազում...

Խեղկատակ-ծաղրածու

Արուսի մոտ է արքան գընում՝ ուշադրություն դըրսեւորում։ Կառքում է նըստած, բույրերով հոտած, հետեւից՝ շըքախումբ՝ դեմքերին՝ հուզմունք, հետեւից՝ սընդուկ՝ ղոզինախ ու պընդուկ։ Ամեն ինչ ըստ կարգի՝ գընում է արքան հարսնառքի...

Թագավոր

Արքայի հըրամանով
Թորոսն երթաց ծովեծով
Դե ես, նըրան էս կողմերից
Ճամփու դրի մի խոսքով։
Որ դու մենակ չըմնաս
Լավ է կինը իմ դառնաս։
Բա՞ ինչ... Ես շատ հարգված մարդ եմ
Ունեւոր ու անվնաս...

Արուս

Չըհասցեց դեռ Թորոսն
Անել մի քայլ դեպ փողոց,
Ագռավներն արդեն հասել են
Թորոսի բանջարանոց...

Թագավոր

Լսի՛ աղջի, լավ կըլներ
Առաջարկըս չըմերժվեր․
Ամեն օր հո հյուր չե՞ն գալիս
Այրիացած արքաներ...
Քեզ ասում եմ․ հենց հիմի,
Պըսակվելուն պատրաստվի․
Ուրախությունից շըշմել ե՞ս՝
Հոտ քաշի անուշադրի։

Արուս

Արի լավ է դու արքա,
Ուրիշներին աչք տընգա։
Իսկ իմ հոգսը՝ իմ Թորոսն է
Ու սպասելը՝ մինչեւ գա։

Թագավոր

Վերջ տուր, աղջի՝ սուտ հույսեր
Թորոսին չարժե սպասել։
Հիմա ինչ-որ մի Հոնկոնգում
Նա խմում է մի կոկտեյլ։
Ինքըդ դատիր, անուղեղ․
Նա էնտեղ է, դու՝ էստեղ։
Կա՛ր Թորոսը, չկա հիմի․
Մնացել է մի թաց տեղ։

Արուս

Կուզես՝ ծեծի ինձ քարով,
Կուզես՝ հատի ինձ թըրով,
Մեկ է․ ես քո ամուսինը
Չեմ դառնալու քո կամքով։

Թագավոր

Լսիր, չարժե ինչ սադրել,
Ու անվերջ կատաղացնել․
Անցած շաբաթ ինձ Փարիզից
Գիլյոտին են ուղարկել։
Ասածիս լույսի ներքո
Ընդունի, որ մարդն եմ քո
Ես էլ, վերջը, ջըղեր ունեմ,
Վերջը պողպատի՞ց չեմ հո։

Արուս

Հեռացիր, ստոր, էս տընից
Ու հանիր ինձ քո մըտքից։
Իսկ չըգընաս՝ ես կարող եմ
Թավայով էլ տալ վըրից։

Թագավոր

Ո՞վ կա էնտեղ՝ դըռներին․
Կապանք սրա ձեռքերին։
Էդ ի՞նչ նոր սովորություն է
Թավայով՝ թագավորին։
Բանտում միքիչ կըտըխրես
Եւ ուղեղըդ կըդըզես։
Կամուսնանանք մինչեւ ձըմեռ,
Կուզես, աղջի, թե չուզես...

Արուս

Որ ինձ բըռնեք, ա՛յ անխելք,
Դուք շատ պիտի չարչարվեք։
Ցըտեսություն, անբախտ ընկեր,
Գուցե մի օր տեսնըվենք...
(Արուսը փոխակերպվում է տատրակի ու թըռնում գընում է։)

Խեղկատակ-ծաղրածու

Թորոսը մոտ կես տարի թափառեց կողմերով աշխարհի։ Ուտում էր մանգո, թե պիստակ, իր գործը հիշում էր հըստակ։ Հըրաշքնե՜ր աշխարհում, շընից շատ են լինում, իսկ այն հըրաշքի, որ պետք էր, չէր երեւում հետքը։ Տըխրում է Թորոսը՝ ժամանակը հոսում է։ Որոշեց․ առանց խուչապի․ փընտրեմ ամերիկյան ափին։ Լողում է Թորոսը՝ անցնում օվկիանոսը, մայրամուտն՝ առջեւում, արշալույսն՝ ետեւում։ Հանկարծ կես ճամփին մոլեգնեց քամին։ Քիչ էր դարդը եւ առ քեզ մի հատ էլ։ Նավն էլ թարսից՝ բեկվեց մեջտեղից... Երբ քամին նըվազեց, Թորիկն աչքը բացեց․ պառկած է ջըրին, անվընաս լիովին։ Տեսնում է կըղզյակ՝ ասես մի նավակ։ Լողալով ափ ելավ կարծեց տեղ հասավ։ Քարտեզին նայեց, բայց... հողը չէր ուզած։ Այլ կըղզի կորած, գրողը տարած, գուցե քարտեզն է ինչ-որ վընասված։ Լսում է Թորոս լըռությունը, ընկալում վիճակի լըրջությունը…

Թորոս

Ամբողջ աշխարհն եմ անցել,
Որքան երկիր եմ տեսել,
Բայց ավելի տըխուր վայրում
Անկեղծ ասած չեմ եղել։
Լըրիվ անմարդաբընակ
Քար ու կավից մի հարթակ
Եւ որ կողմ էլ հայացք գըցես
Ո՛չ անտառ, կա ո՛չ գետակ։
Այդքան չէր լինի չարիք,
Եթե լիներ ուտելիք,
Գոնե սիբեխ կամ ավելուկ,
Գոնե խըղճուկ մի ընթրիք...

Ձայն

Ով ուզում է ուտելիք
Թող համենա մեր տանիք․
Դըրանից փըթով ունեմ ես,
Դըրանից ունեմ ես լիք։
Ահա, խընդրեմ, նոր թըխած,
Թոնրի համեղ լավաշ-հաց,
Ահա դեղձի հյութ, մուրաբա,
Ահա խոզի խորոված։
Ահա լոլիկ ու բիբառ,
Ահա դույլով խավիար,
Ահա իշխան, սիգ Սեւանի,
Ահա կարիբյան օմար...
(Հայտնըվում են ուտեստներով սեղաններ։)

Թորոս

Ի՞նչ հըրաշք է էս սակայն։
Որտեղի՞ց է հընչում ձայն։
Թաքնըվելու տեղ էլ չըկա․
Միայն երկինք ու օվկիան։
Ո՞վ ես, տեր, պատիվ արա,
Ամբողջովին երեւա։
Անհարմար է հյուրը էսպես
Մենակ-մենակ կըշտանա։
Ինչ էլ լինի քո կըղզում
Օրըդ ուրախ չի հոսում
Իսկ միասին թուղթ կըխաղանք,
Կամ կըխըմենք երկու կում...

Ձայն

Ճիշտ ես։ Բայց իմ արտաքինն
Ինձ համար էլ է գաղտնիք։
Ինքս էլ մեկ-մեկ կասկածում եմ,
Գոյություն ունե՞մ, թե՞ չիք...
Անհաշվելի դարդ ունեմ
Կա ուտեստ՝ բերան չունեմ,
Կա բըռնոթի՝ ինչո՞վ քաշեմ,
Կա աթոռ՝ ինչո՞վ նըստեմ։
Հազար տարվա մեջ ասեմ,
Ձանձրացել եմ ես արդեն։
Մի պահ կախվել որոշեցի,
Բայց ո՞նց․ ախըր, վիզ չունեմ։

Թորոս

Ա՛յ քեզ հըրաշք։ Փաստորեն,
Կարողացա ես գըտնել
Այն-Ինչ-Ամբողջ-Լուս-Աշխարհում –
Երբեք-Չի-Կարող-Լինել։
Փոխարենը ՚ստեղ նըստած,
Քյանքըդ քաշես դարդոտած,
Գուցե խըմե՞ս հայոց հողում
Արքայի հետ մի կենաց...
Միքիչ զբոսնի՛, կազդուրվի՛,
Աշխարհին ընկերացի,
Ի՞նչ կյանք առանց արկածների։
Կյանք չի․ վերցրու՝ դեն գըցի...

Ձայն

Ես լավ հեռանկարի
Երբեք չեմ հակառավի,
Մեղվափեթակ հյուր կըգընամ,
Միայն հանրույթ գըտնըվի։
Ուր ուզես՝ հըրամայի՛․
Կուզե՞ս բանվոր հանքերի․
Ու ամեն ինչ ձըրի կանեմ,
Ու չեմ ուտի, չեմ խըմի։
Ես ցանկացած գործ գիտեմ,
Ես դուռ ուզած կըբացեմ,
Ես քեզ ուզած բան կըճարեմ,
Ոջիլ նույնիսկ կըպայտեմ...

Թորոս

Ոջի՞լ... էդ լավ ասացիր։
Դա էլ վատ չի, իմացիր։
Բայց ոջիլով, նույնիսկ՝ պայտած
Դըժվար հասնենք մեր երկիր։
Թե որ իրոք էդ գործում,
Ունես դու լավ համարում,
Արի հարմար մի նավ ճարի,
Որ էստեղից հասնենք տուն։
Առտու, ժամը մոտ հինգին,
Պետք է լինենք մենք ճամփին,
Որովհետեւ Հայաստանում
Կարոտել են մեզ կարգին...

Խեղկատակ-ծաղրածու

Իսկ արքան ժամանակ չի կորցնում․ մարդակեր ցեղի դեսպանին է պատվում։ Լոնդոններ-Հռոմները քաշվել են տըները, արքային մընացել են մանրոտ դեսպանները։ Դեսպանի առաջ արքան՝ ցատկոտում է քուռակի նըման․ առ էս քեզ հարս, ու էլ ոչ մի հարց։ Երեւի ճարը լըրիվ է հատել, թե որ էսպիսի փորձանքի է հասել։ Լավ, դե մի կերպ կըդիմանան՝ միայն թե աղջիկը տանը չըմնա...

Թագավոր

Մենք ձեզ շատ ենք կարոտել,
Երջանիկ ենք ձեզ տեսնել։
Վաս իստ դաս, սալամ ալեյքում,
Բոնա սերա, վերի վել։
Որտեղի՞ց եք ծընուննդով...
Ամուրի՞ եք, ապահո՞վ։
Չե՞ք ցանկանում մեր դըստերը
Քիչ զբաղեցնել զըրույցով։

Դայակ

Ո՞ւմ առաջ ես ա՛յ հոգնած,
Քեզ կոտրատում շըվարած։
Քո դեսպանը, ինձ կըներես,
Ծառից նոր է իջել ցած։
Գոնե գըլխարկ ունենար
Էդքան չէր լ՚նի անհարմար,
Ախըր դրա հագի շորը՝
Ուլունքներն են երկու շար...

Թագավոր

Դու լըրտես ես․ էդ հաստատ․
Ինձ քաշում ես անընդհատ։
Ախըր ամբողջ աշխարհի դեմ
Ինձ դարձրել ես վատամարդ։
Հազիվ փեսա եմ ճարում,
Իսկ նա իրենց՝ վըռընդում։
Վերջը ո՞ւմ հետ ենք, ասա՛ ինձ
Աղջըկան ամուսնացնում։

Դայակ

Բայց դու էդ դեմքին նայի․
Լոշտո, քըթում՝ օղ ունի
Ամբողջ կաշին էլ չեչոտ է,
Ոնց որ կըկվի ձու լինի...
Նույնիսկ ես՝ ի՞նչ թաքցընեմ,
Ծոցը չեմ ուզի մըտնեմ,
Էլ ոնց, ասա, մեր աղջըկան
Սենցի հետ ամուսնացնենք...

Թագավոր

Թե որ ճար չեն ունենում,
Ոսկին մոխրում են փընտրում։
Մեր աղջիկն էլ դեմքի հարցով
Գեղեցկությամբ չի փայլում։
Հիմա՝ որը պատահի․
Չեչոտ լինի թե՝ վայրի,
Քանի որ եւ չեչոտներից
Երկըրպագու նա չունի...

Դայակ

Ախըր վայրի ա, սարսափ,
Կուլ է տալիս ինչ գըտավ։
Մարմարյա ափսեն հիշո՞ւմ ես,
Իմ արեւ․ ծամեց կերավ։
Թե որ ուզեր սըրիկան,
Հավ, հարիսա, կամ իշխան՝
Բայց ուտում ա ինչ պատահի,
Ճենապակի ու ճոպան։

Թագավոր

Ինչ էլ լինի՝ հյուր է նա․
Թող ամեն ինչ ունենա։
Ճենապակուց, ճոպանից էլ
Պակաս չունենք՝ կըստանա։
Թե իշխան ձուկ նա չուզի,
Տուր ինչ փորը կըմարսի։
Մեկ էլ տեսար էդ կուշտ փորով
Մեր աղջըկան համոզի...

Դայակ

Դեսպանները, չափ չունեն
Ձրի՝ թույն էլ կըլափեն։
Գուցե նա եւ անվըտանգ ա,
Բայց թող նըրան հետեւեն։
Որպես աներ դու սաստի․
Կեր ասա, բայց մի պայթի․
Քանի որ էդ ախորժակով
Իր կնոջն էլ նա կուտի։

Արքայադուստր

Սենց ամուսնու հետ գընամ
Վերնախավո՞ւմ երեւամ...
Հերիք չի որ մարդակեր է,
Տեսքով մի բան չի անգամ...
Թեկուզ այդ անձավացին,
Ինձ լըրիվ ոսկեզոծի,
Պատասխան եւ ոչ մի կիրք էլ
Նա իմ մեջ չի հարուցի։

Թագավոր

Դու դեսպանի հետ կացի,
Միքիչ հետն առանձնացի։
Իսկ հետո, երբ ընտելանաս
Սերը ճամփեն կըբացի։
Համ էլ, թե էս վայրենին
Արտաքինդ ըմբըռնի՝
Մարդակերության հարցում իր
Ախորժակը կըկորցնի...

Արքայադուստր

Հեր, դու նըվաս էլ որքան
Ե՛ս պիտի իմ խոսքը տամ․
Թույն կընդունեմ, չի լինի, որ
Մարդակերի կին դառնամ։
Իսկ թե Թորո՛սն ինձ ուզի,
Առաջարկով հայտնըվի
Նա միակ ու նախընտրելի
Թեկնածուն իմ կըլինի...

Թագավոր

Զայլես տարար, շատախոս։
Հենց մի բառ գիտես՝ Թորոս,
Թորոսի վըրա մարմինըդ
Ոնց որ թե կըպել ա քոս։
Քո Թորոսը կես տարի
Հատակին ա օվկիանի,
Ու քանի որ խորտակված ա
Կընգա կարիք էլ չունի...

Արքայադուստր

Թե դա հաստատ իմանամ
Հացադուլի կըգընամ։
Էդ էլ ինձնից քեզ հայրիկըս,
Վըրեժն իմ քաղաքական։
Էլ չեմ ուտի խավիար,
Դույլով՝ ոնց սովորաբար
Եւ հյուծվելու հողի վրա
Կըհեռանամ էն աշխարհ...

Թագավոր

Ուր էլ նայես, որ վայրկյան
Նախարար, թե ազգական՝
Բոլորը վընասարար են․
Դարձել են ազատական...
Բա սըրան ու կասե՞ս կյանք․
Ոչ ոք չունի կարեկցանք։
Ա՛յ կըգըտնեմ մի խուլ անտառ՝
Անտառապահ կըդառնամ...

Խեղկատակ-ծաղրածու

Տարին անցավ, մյուսն եկավ, Թորոսը տուն վերադարձավ։ Իսկ տունը՝ չըկա, մընացել է կըմախք, հեծան ու ծըպեղ, եղինջ ամեն տեղ։ Իսկ քիվի տակին որպես մի գընդիկ նըստած է թըռչնակ՝ անտառի տատրակ…

Թորոս

Դե՜, տիկին ջան, վեր կացի՛,
Մի սեղան մարդուդ գըցի՛։
Արի հանի վառառանից
Բոքոններից քո հացի։
Լըցրու յուղոտ կաթերից,
Քո էն թանձրոտ խաշերից
Ճիպոտի պես նիհարել եմ
Անդըրծովյա ճաշերից։
Ամբողջ տանը՝ անարգել,
Լոկ քամին է բընակվել։
Կասկածելի բան է ինչ-որ,
Հո մի բան չի՞ պատահել։
(Տատրակը փոխակերպվում է Արուսի։)

Արուս

Գալըդ բարի, ա՛յ Թորոս,
Երկա՜ր արշավ չէ՞ր հերոս։
Թե՞ Արուսիդ չէիր հիշում,
Որ ողջ տարի չեղար հոս։
Արտասահման կողմերում,
Երեւի թե չեն տըխրում։
Ընկերուհի վայթե գըտար
Ու տաքացար իր գըրկում...

Թորոս

Աշխարհ տեսա, հրաշքներ,
Ժոզեֆաներ, Լյուբաներ
Բայց քեզ նըման գեղեցկուհի
Այնտեղ չըկա, իմ ընկեր։
Ու քեզ ասեմ, իմացի,
Թեեւ հեռու գընացի,
Հընարամիտ թագավորի
Ուզեցածը ճարեցի...

Արուս

Թե գիտնայիր որ շահից,
Հեռացրեցին քեզ երկրից,
Մի քայլ անգամ չէիր անի
Քո հայրենի դարպասից։
Հենց մեկնեցիր, էդ արքան,
Էդ բիձուկը անըզգամ,
Ինձ ըսկըսեց սիրահետել,
Որ ես կինը իր դառնամ։

Թորոս

Մի՞թե... Ա՜յ քեզ սըրիկա
Դե ու եղիր ենթակա,
Դե ու գործին հոգով տըրվիր,
Դե ու մարդկաց հավատա...
Լավ, ըսպասի, ես իրեն
Ինչն ինչոց է կըպատմեմ։
Ես նրան մինչ կըրունկները
Կապտուկներով կըներկեմ...
Բոլ է էշի տեղ դընին
Հայաստանի տըղերքին։
Կորցնելու բան ես էլ չունեմ,
Կապանքներից բացի իմ։

Խեղկատակ-ծաղրածու

Բարկացավ Թորոսը, դուրս եկավ փողոցը։ Գյուղացիք որոշին սատարել Թորոսին։ Արձանը առավ հըրացանը, Հուսին առավ կացին, Ասպետն առավ փետ։ Եւ անցան Թորոսի հետ՝ արքայի դըռանը մետ։ Դիմացից՝ զորավարը, անիծյալ նախարարը։ Կողքով մոտ վազեց, կոպերը թարթեց, աչք դըրավ ցույցին՝ ու վազեց զեկուցի։

Զորավար

Հավաքվել է դըռան մուտ
Անունն ինչ է, ժողովուրդ։
Գործը, մի խոսքով, մըտնում է
Հասարակական վարույթ։
Իսկ ամենի ետեւում,
Նույն Թորոսն է թաքնըվում․
Ժողովրդին նա սադրում է
Կատարել հեղաշըրջում...

Թագավոր

Է, բա դո՞ւ ինչ պիտ անես,
Սուսերովըդ ծա՞կ մըտնես։
Մենք էլ, հեն ա, քեզ պահում ենք,
Որ արքային պաշտպանես։
Դավի պոչին, անպայման
Շըքանըշան նոր կըտամ,
Միայն մի ձեւ դու մոգոնի,
Որ ես գահին իմ մընամ...

Զորավար

Շըքանշանն ինչ անեմ,
Հարյուրից էլ շատ ունեմ․
Տոնածառի պես եմ դառել,
Մընաց մեջքիս որ կախեմ...
Պաշտպանել քեզ փորձանքից,
Իմաստ չունի այս պահից։
Քո ստորության համար հիմի
Չես խուսափի էլ պատժից...

Խեղկատակ-ծաղրածու

Էշից էլ է էշ, բայց տե՛ս ոնց խոսեց։ Կատաղեց արքան, բայց ո՞նց հախից գա։ Էս խառը պահին, չես խըփի մըռթին։ Արքան շեմքից իջավ ցած, ունքեր կիտեց խըստացած, իսկ պալատի դիմաց կարծես ամբողջ Հայքն է հավաքված։

Թագավոր

Էդ, ձեր մերը, ո՞նց կուզեք,
Հասկանանք ձեզ... ներեցեք։
Մենք հո ինչ-որ Հունաստան չենք,
Որ ցույցերով զըրուցենք։
Նուբարաշեն թե կուզեք,
Մեկ առ մեկ առաջ անցեք․
Էնտեղ իսկույն ձեր խելքերը
Լիակատար կըմաքրեք։

Թորոս

Թե խոսում ես մեր խելքից,
Այն պայծառ է հենց խորքից․
Փառք քեզ աստված տարբերում ենք
Մանուշակը թըրիքից։
Դու ինչո՞ւ ինձ խաբելով
Ուղարկեցիր ծովեծով։
Որ պըսակվես իմ կընոջ հե՞տ
Հըրեշավոր ծըրագրով...

Թագավոր

Էդ որտեղի՞ց ասա քեզ
Էդպես մըտքեր, աներես,
Որ բըռնես ու, ա՛յ սըրիկա,
Կարգին մարդկանց սեւացնես։
Բա կըսազի ինձ, վերցնեմ
Քո կընգանը սոսընձվեմ...
Ես էլ ասի․ լավ տըղա է,
Արտասահման ուղարկեմ...

Թորոս

Լավ է, փորձես քեզ զըսպել
Մենք թեյի քեզ չենք կանչել
Իսկ թե կարգին քեզ չըպահես
Կարամ մըռթիդ քո իջնել։
Քեզանից՝ սըրիկայից,
Զըզված են սկըսած Վանից։
Դու մեր ամբողջ ազգի հոգուն
Թըքեցիր... ի դեմըս ինձ...

Թագավոր

Է՜ Թորոս իզուր էդպես
Ազգը իմ սիրում եմ ես։
Առանց ազգիս մասին մըտքի
Բա ինձ մի օր կըտեսնե՞ս...
Ջեմ եմ ուտում լուսբացին
Ու խորհում․ բա ա՞զգը իմ։
Խավիարն էլ կուլ չի գընում,
Չի երեւում իմ աչքին։
Լուսամուտի մոտ անքուն
Գիշերներ եմ լուսացնում․
Դարդ եմ անում Հայքի մասին,
Ո՞նց ես իմ խեղճ Հայոց տուն։
Զորավարն է մեղք գործել,
Հայրենիքը կողոպտել,
Դա հենց նա է, իշու ձագը,
Իմ պատվի հետ խաղացել։
Թող նա դուրս գա... Հը՞ տեսնեմ․
Հես ա վըզին կըհագնեմ..
Կըպոկեմ շըքանշանը,
Ու մըռութին կըզարկեմ...

Զորավար

Ո՜չ, ո՜չ եղբայրք․․․ Ձեզ հանուն
Աչքըս եմ կորցրել ես մարտում...
Մի՞թե ես կըմասնակցեի
Ժողովրդի դեմ գործում...
Մեղավոր եմ։ Շեղվեցի։
Չըդիմացա։ Կորցրեցի։
Չէի, չէի, չէի, չէի...
Կողքի՛ն իսկ չըկանգնեցի։
Կարդարացնեմ։ Կըտանջվեմ։
Կըտառապեմ։ Կընըստեմ։
Շահագործող վերնախավին
Առնչություն էլ չունեմ...
Այդ Ջադուն է մեղավոր
Մեր ոսոխը ահավոր,
Նըրա կողքին Վիշապն անգամ
Օձ էլ չի, այլ մանըր որդ։
Հը՞ եդ ո՞ւր ես, ա՛յ տիկին․
Նայի՛ր մարդկանց աչքերին
Հես ա, վայ թե չեմ դիմանա
Սըրով կիջնեմ քո վըզին...

Ջադու պառավ

Տարր եմ ես ազգագրական,
Փաստաթուղթ ունեմ պատկան,
Ու էստեղից ես կարող եմ
Չըվել ուզած իմ վայրկյան։
Ցըրտից լինի, թե շոգից
Մեղադրում են վըհուկիս,
Իսկ վընասն ինձնից նույնքան է,
Որքան դաշտի ծաղիկից։
Դե մի պահ, դե զերդ կատակ,
Շեղվեցի ուղուց շիտակ,
Բայց ես էս երկրի զավակ եմ
Թեկուզ ախմախ, բայց զավակ։
Թե դատել՝ էն երկուսին
Իմ չար գործակիցներին։
Ես դըրսից եմ միայն կեղտոտ,
Բայց մաքուր է իմ հոգին...

Թորոս

Տեր աստված, նայում ես ձեզ․
Չըգիտես, թե ինչ ասես։
Մեկըդ մյուսին գեշ է հանում,
Չընայած որ ինքն է գեշ։
Ճիշտ է, հայ ազգն իր հոգում
Քենը երկար չի պահում,
Բայց ձեզ պիտի հիմա դատեմ,
Հենց էս հըրապարակում։

Թագավոր

Ինձ ներիր իմ սիրելիս։
Ես տականք եմ հաստավիզ։
Ես կաքսորեմ ինձ Մանազկերտ,
Ես կաքսորեմ ինձ Գորիս...
Միայն ոչ Համզաչիման,
Դրան հազիվ դիմանամ։
Էդտեղ եթե երկար մնամ
Հաստատ պապիս հյուր կերթամ։

Զորավար

Գիտակցում եմ մեղքը իմ,
Կերպը, չափը՝ խորագին,
Եւ խընդրում եմ ուղարկել ինձ
Ընթացիկ պատերազմին։
Կամ պատրաստ եմ բանտ նըստել
Նաեւ կուզե՞ք՝ աքսորվել․
Ցանկալի է բայց՝ ամռանը,
Եւ կամ Կիպրոս, կամ Սեյշել։

Ջադու պառավ

Բա ե՞ս ասեք ուր գընամ
Գոնե Աղդամ ես մընամ
Էդտեղ գուցե հողի ծերին
Մի կերպ էդպես դիմանամ։
Հոգուս հանգիստ երեւի
Արեւելքը կըբերի․
Էն կողմերում հաստատ կըլ՚նի
Դեղեր եփել ներվերի։

Թորոս

Կընըստեցնենք ձեզ տակառ,
Լավ կըմեխենք, ու՝ Գետառ,
Յոլա կերթաք, հո՞ չենք տալու
Թըռչող կարպետ մարդատար։
Ու թող գետը ձեզ տանի
Կողմերին Թուրքմենստանի
Իսկ որ էնտեղ շատ չըտըխրեք,
Կըտամ իմ հին քեմանին։
Ճիշտ է պիտի այն լարվի
Առանց երկու լարերի,
Բայց լավ թե վատ մըշակույթը,
Հաստատ ձեզ չի խանգարի։

Արքայադուստր

Թե որ ճիշտը ձես ասեմ,
Թող ծովից էլ դեն կորչեն։
Նըրանց բոլոր խնդիրները
Հաստատ, որ իմ տանձին չեն։
Արքան տուժեց թունալից
Խարդախության երեսից։
Այդ հենց նա էր, արնախումը,
Հեռացրել մեզ իրարից։
Եւ ահա, աստված տըվեց․
Բըռնապետը տապալվեց,
Եւ կարող ենք ամուսնանալ
Թե որ այսպես պատահեց...

Թորոս

Հա՜․․․ Բայց պիտի քեզ ասեմ
Երկու կընոջ պետք չունեմ
Զգացմունքներըդ ավելի շատ
Ազապ մարդկանց կըհուզեն...

Դայակ

Ի՞նչ է գըժվար սիրելիս։
Բախտը ինքն է քեզ գալիս։
Ամեն մեկին էդպիսի բախտ
Աստված կյանքում չի տալիս։
Գիտե՞ս քանի թեկնածու
Ունի էս մեր հարսնացուն․
Էդ ցուցակի ամբողջ ցանկը
Ունի հազար մի ածու։
Իրենք սըրտի թըրթիռում
Նրա սիրուն են սպասում,
Էնպիսի մըրցակցություն է
Որ իրար են հոշոտում։
Երեկ հարսնախոս եկան
Մի լեհ, մի չին, մին գերման,
Բայց դե ստացան իսկույն եւեթ
Բացասական պատասխան։
Իսկ դու աղքատ հըրաձիգ՝
Ո՞ւր կըգըտնես սենց կընիգ։
Թագվորաղջկան դու վերցրու
Ու կազմեցեք ընտանիք...

Թորոս

Ես ոչ թուրք եմ ոչ էլ քուրդ,
Ընտանիքի մարդ եմ զուտ,
Ամուսնուհիս էլ՝ Արուսըս
Ինձ տըրվել է ի վերուստ։

Արքայադուստր

Չէ՞ս ուզում մի ճար անես
Իմ դարդերըս դարմանես։
Բայց հիշո՞ւմ ես, որ ի վերջո
Թագվորաղջիկ եմ դեռ ես։
Լսի՛ր։ Թե որ չեմ ստանում,
Այն, ինչ քեզնից եմ ուզում,
Հայտնըվում ես անմիջապես
Ուղիղ դահճի ճանկերում։

Դայակ

Լավ երգեցիր։ Ո՞նց, կասե՞ս
Հիմա դահիճ կըգըտնես։
Նա, հենց հորըդ տապալեցին,
Իսկույն փախավ Բենարես։
Հիմա պետք է՝ իմացիր՝
Լինել բարի դըրացի․
Բըռնապետություն հարկի չէ,
Դեմոկրատ արի դարձի։
Ասեմ, լավն է առավել,
Թե չըվես դու էդ․․․ Բրուսել,
Թե որ այստեղ կատարվում է,
Ներողություն, կարուսել։
Դու ներիր իրեն Թորոս
Գըլխում տիրել է քաոս,
Էդ գըրքերից իրա խելքում
Գոյացել են դար ու փոս։
Չափից շատ է կարդացել՝
Խելքից կարգին թուլացել․
Գուցե միքիչ կըգազազի
Ու կըսկըսի խաղաղվել․․․

Թորոս

Մի՛ տխրիր թագվորաղջիկ
Որ չըդարձար ինձ կընիկ․
Որ մեր սերը փոխադարձ չէր
Կըներես դու ինձ քույրիկ։
Բայց քանի որ էս կյանքում
Ես պարտք մընալ չեմ սիրում,
Քո սըրտի էդ նեղությունը
Մեղմացնել եմ ես ուզում։
Շուշվա բերդից մինչ Բասեն
Ամեն կողմ կըխուզարկեմ,
Թեկուզ ծովի հատակից էլ
Քեզ փեսացու կըգըտնեմ։

Արքայադուստր

Համաձայն եմ․.. Բայց լըսի․
Ամեն մեկին չեմ ուզի։
Ես այնպիսի մարդու կուզեմ,
Որ քեզ նըման հենց լինի։
Լինի պատշար, թե դերձակ,
Բըժիշկ, դարբին, թե՝ բատրակ,
Ես մի պայման ունեմ միայն
Որ քեզ լինի երկվորյակ...

Թորոս

Երազանքըդ, քեզ ասեմ
Անպայման հաշվի կառնեմ,
Թեեւ նըման նըմուշները
Շատ հազվադեպ կըդիտվեն։
Իսկ խելքիս էլ՝ առավել․
Կըրկնօրինակ չըկա էլ։
Երեւի թե դու էդ մեկը
Ինքըդ էլ ես նըկատել։
Բայց թե խոսք եմ ես տըվել
Բան կըփորձեմ հայթայթել,
Թե որ արդեն խոստացել եմ
Երկվորյակիս իմ գըտնել։
Դե իսկ հիմա մի խորհուրդ,
Ի՞նչ եք կախել քիթ-մռութ․
Հոգեհանգիստ հո չի՞ հիմա,
Հակառակն է ժողովուրդ։
Հիմա պետք է չըտըխրել․
Պետք է ուտել ու խըմել...
Կանգնիր ահա իմ առջեւում
Այն-Հինչ-Չի-Կարող-Լինել...

Ձայն

Ես վաղուց եմ ՚ստեղ կանգնած,
Պալատի պատին թիկնած,
Ըսպասում եմ, երբ կըպըրծնես
Քո ժողովը երկարած...

Թորոս

Կըխնդրեմ ազգիս պատվել
Կերակուրով զարմացնել։
Վաղուց արդեն նըման ուտեստ
Մերոնք բերան չեն տարել։
Դիր սեղանին եւ հալվա,
Եւ պարսկական փահլավա,
Եւ հընդկական անուշեղեն,
Եւ տեղական մուրաբա։
Սեղանին դիր ամեն ինչ
Սամարկանդի սեւ չամիչ,
Արաբական համեմունքներ,
Եւ աղցաններ, եւ խըմիչք։
Շվեյցարական պանիրներ։
Հոլանդական երշիկներ,
Էնպիսի քեֆ պիտի անենք ,
Որ աշխարհը չի տեսել։
Հանիր օղի ռուսական,
Գինի, կոնյակ հայկական։
Էլ ե՞րբ խըմենք, թե ոչ հիմա․
Փառք աստծո՝ առիթն էլ կա...

Խեղկատակ-ծաղրածու

Ես էլ քեֆին էդ եղա, խավիարից սեւ կերա։ Փիլավը կերավ փըլավ, Արձանն՝ աղցան։ Ալվարդը՝ խավարտ։ Իսկ Թորոսը հըրաձիգ կերավ եփած յուղոտ սիգ։ Իսկ հենց կերավ յուղոտ սիգ, պըրծավ հեքիաթն այս փոքրիկ։ Իսկ թե սըրտներովըդ չի, թող պատմողը ամաչի։ Մարդ բըռնի էդ տափակին թափով զարկի քամակին։ Բայց ի՞ն չօգուտ․ մեկ է նա նույն տափակն էլ կըմնա։ Չէ՞ որ տափակ մեր դարում դըրա՛նց բախտն է միշտ բերում...