«Ճանճերի տերը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ճանճերի տերը |հեղինակ = Վիլյամ Գոլդինգ |թարգմանիչ = Ա․ Էմին |աղբյուր = «Ճան...»:) |
(Տարբերություն չկա)
|
23:11, 3 Նոյեմբերի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Վիլյամ Գոլդինգ |
Առաջին գլուխ
Խեցու կանչը
Խարտյաշ տղան ցած իջավ վերջին քարափից և սկսեց ճանապարհ հարթել դեպի ծովախորշը։ Թեև իր դպրոցական սվիթրը նա հանել ու քարշ էր տալիս հետևից, բայց գորշ շապիկը քրտնաթաթախ էր, իսկ մազերը ծեփվել էին ճակատին։ Շուրջբոլորը երկար սպիով ջունգլին հատող ծառազուրկ շերտն ասես քարաբաղնիս լիներ։ Տղան դժվարությամբ առաջ էր գնում մացառների ու ծառերի փշրված բների միջով, երբ, հանկարծ, վհուկի պես աղաղակելով, ոտքի տակից դուրս պրծավ դեղնակարմիր մի թռչուն։ Ինչ֊որ տեղ նրա կանչին արձագանքեց մեկ ուրիշը։
― Հե՜յ, սպասի․․․
Բացատի եզրին, կաթիլների տարափ առաջացավ, մի քանի թուփ ցնցվեց։
― Սպասի,― ասաց ձայնը,― ես խճճվել եմ։
Խարտյաշ տղան կանգ առավ ու գուլպաները մեքենայաբար շտկեց, այդ շարժումով ջունգլին մի պահ նմանեցնելով Անգլիայի կոմսություններին։
Ձայնը նորից խոսեց․
― Չեն թողնում շարժվեմ անտեր թփերը։
Ձայնի տերը, բաճկոնը քրքրելով, հետևանց դուրս մագլցեց թփուտներից։ Նրա թմբլիկ, մերկ ծնկներն ամբողջովին քերծված էին։ Տղան կռացավ, խնամքով պոկեց հագուստին կպած փշերն ու շուռ եկավ։ Նա խարտյաշից ցածր էր ու շատ գեր։ Առաջ անցավ, ոտքերի համար ապահով տեղ փնտրելով, և ակնոցի հաստ ապակիների միջով նայեց վեր։
― Էն բարձրախոսով մարդն ո՞ւր կորավ։
Շիկահեր տղան գլուխը տարուբերեց։
― Ինձ որ հարցնես, էս կղզի է։ Հրեն ծովի մեջ էլ ժայռը։ Մեծեր կարող են իսկի չլինել։