Changes
/* Գլուխ տասնմեկ․ Գիշերային հարձակում */
— Այո, նա այստեղ ոչինչ չունի անելու,— մտածկոտ համաձայնեց Պանդուխտը: — Չնայած, եթե նա մեզնից երկու օր հետո լիներ Լեռնամոտում, ուրեմն կարող էր ավելի շուտ հասնել այստեղ և սպասել:
Հանկարծ նա կտրուկ կռացավ ու սկսեց զննել մրոտ գլաքարերի կույտի հարթ ու սպիտակ վերին քարը, որին կրակ չէր դիպել: Հետո բարձրացրեց ու մատներով շուռումուռ տվեց:
— Հապա նայիր,— առաջարկեց նա Ֆրոդոյին,— քո կարծիքով, սա ի՞նչ է...
Քարի մյուս երեսին Ֆրոդոն մի քանի քերծվածքներ նկատեց:
— Չորս փայտիկ և երկու կետ,— ասաց նա:
— Դու ճիշտ չես,— ժպտաց Պանդուխտը: — Ձախից դրված նշանը նման է ռուներեն Գ-ի: Գուցե դա լուր է Գանդալֆից՝ քերծվածքները թարմ են: Սակայն պարտադիր չէ, քանի որ Հետքագետներն էլ են ռուներեն գրում և հաճախ են լինում այս տեղերում:
— Դե, իսկ եթե Գանդալֆից է, դա ի՞նչ է նշանակում,— հարցրեց Մերին:
— Հ-երեք,— պատասխանեց Պանդուխտը: — «Հոկտեմբերի երեքին այստեղ է եղել Գանդալֆը», ուրեմն՝ երեք օր առաջ: Եվ հետո, դա նշանակում է, որ նա շտապել է, վերահաս վտանգի պայմաններում է գրել. ավելի երկար ու պարզ գրել չի հասցրել: Այդ դեպքում մեր գործերն այնքան էլ լավ չեն:
— Թող այդպես լինի, բայց լավ է, որ այնուամենայնիվ նա եղած լինի,— ասաց Ֆրոդոն: — Գոնե ավելի հանգիստ կլինենք, երբ գիտենք, որ նա ինչ-որ մոտիկ տեղ է, առջևում կամ թեկուզ հետևում:
— Թերևս,— համաձայնեց Պանդուխտը: — Ես համոզված եմ, որ նա եղել է այստեղ և նրա վրա ինչ-որ հարձակում է եղել. հրեն, կրակն ինչպես է անցել քարերի վրայով: Հիշու՞մ ես, Ֆրոդո, այն բռնկումներն արևելքում: Մենք էլ հենց երեք օր առաջ ենք դրանք տեսել: Երեկ նրան այստեղ շրջապատեկ են և հանկարծակիի բերել. միայն հայտնի չէ, թե դա ինչով է վերջացել: կարճ ասած, նա չկա, դրա համար էլ մեզ հարկավոր է Ազատք հասնել՝ հույսներս մեզ վրա դրած:
— իսկ մինչև Ազատք դեռ հեռու՞ է,— հարցրեց Մերին՝ հոգնած աչքերով նայելով նածայրածիր հեռուները:
Զավերտի բարձունքներից աշխարհը հոբիթներին խենթացնելու չափ ահռելի էր թվում: Ինչ-որ տեղ հեռվում, ներէևում, ձգվում էր ամայի Ուղու նեղ, անվերջանալի ժապավենը:
— Լիգով չի չափված,— արձագանքեց պանդուխտը: — Ես գիտեմ որքան պետք է գնալ. լավ եղանակին այստեղից մինչև Բրուինենյան կամ Կատաղած գետի ծանծաղուտը իմ քայլով ութ օրվա ճանապարհ է, ձերով՝ տասնչորս, և գնալու ենք ոչ Ուղիով:
— Երկու շաբաթ,— ասաց Ֆրոդոն: — Ամեն ինչ կարող է պատահել:
— Ամեն ինչ,— հաստատեց Պանդուխտը:
Նրանք կանգնած էին բարձունքի հարավային եզրին, և Ֆրոդոն առաջին անգամ ամբողջ ուժով զգաց դառը, անտերունչ վախը: Ախր սա ինչ բան է, ինչու՞ չէր կարելի մնալ սիրելի, ուրախ, խաղաղ Հոբիթստանում: Նա հայցքն ուղղեց ատելի Ուղիով դեպի հարավ, տան կողմը: Եվ տեսավ, որ ճանապարհով երկու կետ են դանդաղ սողում, ևս երեքն էլ արևելքից նրանց ընդառաջ են գնում:
— Հապա նայե՛ք,— բացականչեց նա, ներքև ցույց տալով:
Պանդուխտն իսկույն ընկավ գետնին, ատամնավոր քարերի հետևում, խոտերի մեջ ու Ֆրոդոյին քաշեց իր հետ: Կողքին շրմփաց Մերին:
— Ի՞նչ է պատահել,— շշնջաց նա:
— Առայժմ չգիտեմ, բայց սպասեք ամենավատին,— պատասխանեց Պանդուխտը: Նրանք շարժվեցին դեպի եզրը ու քարերի հետևից նորից նայեցին: Առավոտյան լույսը խավարել էր՝ արևելքից ամպեր էին գալիս: Հինգ փոքրիկ, հազիվ նկատելի սև կետ. թվում է սարսափելի ոչինչ չկա, բայց Ֆրոդոն ու Մերին իսկույն զգացին, որ այնտեղ, ճանապարհին, Զավերտի ստորոտից ոչ հեռու, հավաքվել են նրանք՝ Սև Հեծյալները:
— Այո, նրանք են,— ասաց Պանդուխտը, որի աչքերն ավելի սուր էին: — Թշնամին մեր կողքն է:
Այդ ժամանակ Սամն ու Փինը հետախուզում էին մոտակա հովիտն ու լանջը. աղբյուրի մոտ տրորված է գետինը, խարույկի տեղն է մնացել, խոտը տրորված է՝ ինչ-որ մեկի հապճեպ սարքված օթևան: Ժայռաբեկորների հետևում հովտի ծայրին Սամը չոր ոստերի կույտ տեսավ:
— Սա, երևի ծերուկ Գանդալֆն է հավաքել,— ասաց Փինին: — Իհարկե, գուցեև նա չէ, բայց ինչ-որ մեկը մտածել է, որ կվերադառնա այստեղ:
— Ես այս ի՞նչ եմ անում,— սթափվեց Պանդուխտը նրանց հայտնագործության մասին իմանալով,— ինքս պետք է առաջին հերթին այստեղ ամեն ինչ ստուգեի,— և շտապեց դեպի աղբյուրը:
— Ձեռքիցս բաց թողեցի,— վերադառնալով ասաց նա: — Սամն ու Փինը հասցրել են ամեն ինչ տրորել: Վառելիքը Հետքագետները բավական վաղուց են պատրաստել, բայց այստեղ թարմ ոտնահետքեր էլ կան, մի քանի զույգ... — նա մտոերի մեջ ընկավ, ասես ինչ-որ բան որոշելով: Հոբիթները շոշափելիորեն պարզ հիշեցին երկար թիկնոցներով ու հսկայական ճտքավոր կոշիկներով Սև Հեծյալներին: Եթե նրանց այս տեղը հայտնի է, ապա ավելի լավ է այստեղից արագորեն հեռանալ: