— Ձեռքիցս բաց թողեցի,— վերադառնալով ասաց նա: — Սամն ու Փինը հասցրել են ամեն ինչ տրորել: Վառելիքը Հետքագետները բավական վաղուց են պատրաստել, բայց այստեղ թարմ ոտնահետքեր էլ կան, մի քանի զույգ... — նա մտոերի մեջ ընկավ, ասես ինչ-որ բան որոշելով: Հոբիթները շոշափելիորեն պարզ հիշեցին երկար թիկնոցներով ու հսկայական ճտքավոր կոշիկներով Սև Հեծյալներին: Եթե նրանց այս տեղը հայտնի է, ապա ավելի լավ է այստեղից արագորեն հեռանալ:
Սամն անհանգիստ շուրջը նայեց. ուրեմն թշնամին մոտիկ է, երևի այստեղից մի երկու լիգ է հեռու, իսկ ես ու Փինը վազվզում ենք...
— բերեք այստեղից փախչենք, պարոն Պանդուխտ,— խնդրեց նա: — համ ուշ ժամ է, համ էլ էս ձորակը կասկածելի է...
— Այո, լեռնագոգն անհուսալի տեղ է,— պատասխանեց Պանդուխտը՝ աչքերը երկնքին հառելով ու ժամը որոշելով: — Գիտե՞ս, Սամ, այնուամենայնիվ մնալն ավելի ճիշտ կլինի, թեպետ այս տեղն ինձ էլ դուր չի գալիս: բայց մինչև գիշեր ավելի հարմար ոչինչ չենք գտնի: Ծայրահեղ դեպքում գոնե թաքնվել ենք, չէ: որ նրանք ամեն տեղ լրտեսներ ունեն: մեզ հարկավոր է Ուղին հատել, իսկ այն հսկողության տակ է: Իսկ Ուղուց այն կողմ անապատ է:
— Բայց չէ: որ Հեծյալների աչքերը չեն տեսնում,— նկատեց Մերին,— ցերեկը նրանք հոտոտելով (կամ ինչպես դա ճիշտ անվանել, չգիտեմ) են շարժվում, դու մեզ գագաթին վայրկենապես գետնին փռեցիր, իսկ հիմա էլ ասում ես՝ «կտեսնեն», ինչ-որ անհասկանալի է:
— գագաթին շատ անզգույշ էի,— պատասխանեց Պանդուխտը,— շարունակ փնտրում էի, թե Գանդալֆից տեղեկատու նշաններ չկա՞ն և մենք երեքով երկար տնկված էինք ի տես: Հեծյալները ցերեկը չեն տեսնում, դա ճիշտ է, իսկ Սև ձիերը տեսնում են, և մեր շուրջն էլ՝ գետնի վրա, օդում, վխտում են թշնամու լրտեսները, մանր-մունր կամակատարներն ու լրատուները: Ինչքա՞ն կային դրանցից Լեռնամոտում, հիշու՞մ եք: Հեծյալները յուրովի են տեսնում աշխարհը. ցերեկը նրանց համար նշմարելի են մեր ստվերները, իսկ մթության մեջ նրանք զանազանում են բնության՝ մեզ համար անիմանալի սև գաղտնագիրը: Իսկ տաք արյունը նրանք զգում են անդադար, անհագ ու վրեժխնդիր չարությամբ: Չէ որ բացի հոտոտելիքից ու տեսողությունից, մի ուրիշ զգայություն էլ կա: Եթե մենք զգում ենք, որ նրանք այստեղ են, ապա նրանք մեզ տասնապատիկ ավելի սուր են զգում: Եվ մի բան էլ,— նա ձայնը ցածրացրեց,— նրանց ձգում է Մատանին:
— Մի՞թե ոչ մի փրկություն չկա,— սարսափած հետ նայելով, բացականչեց Ֆրոդոն: — Տեղիցդ շարժվես՝ կտեսնեն ու կբռնեն... Տեղումդ մնաս՝ հոտը կառնեն ու կգտնեն...
— Սպասիր, հուսահատվել պետք չէ,— ասաց Պանդուխտը՝ ձեռքը նրա ուսին դնելով: — Դու մենակ չես: Սկզբում օջախ վառենք. կրակը մեզ պահապան ու պաշտպան կլինի: Սաուրոնը կրակը իր ձեռքի տակ է պահում, նա ամեն ինչ իր ձեռքն է հավաքում՝ բայց Հեծյալներն առայժմ կրակից վախենում են, և կրակը մեր բարեկամն է:
— լավ բարեկամ է,— մռթմռթաց Սամը: — Այ հիմա խարույկը կվառենք, ու՝ ուրեմն մենք էստեղ ենք, մենակ մնում է, որ գոռանք, թե էստեղ ենք, հանկարծ չլինի չնկատեն:
Լեռնագոգի խորքում, աչքից հեռու մի բացատ ընտրելով, նրանք խարույկ վառեցին ու հապշտապ ուտելիք պատրաստեցին: Երեկոյան ստվերները բարձրացան, ցուրտն ընկավ:
— Մեր մթերքը չի բավականացնի,— ասաց Ֆրոդոն: — Չնայած վերջին երկու օրը շատ խնայողաբար ենք կերել, թեպետ այսօրվա ընթրիքն էլ ճոխ չէր, բայց դե կերանք, մանավանդ, որ երկու շաբաթ ունենք, եթե ոչ ավելի:
— Անտառը կկերակրի,— հուսադրեց նրան Պանդուխտը: — Հատապտուղներ, արմատներ, մեկ էլ տեսար մի բան որսացի: Ձմեռ չէ, ուտելիք կգտնվի: Պինդ ձգեք գոտիներդ ու հույսներդ դրեք Էլրոնդի ապագա ճաշկերույթների վրա: