Changes
/* Գլուխ առաջին. Անսպասելի հանդիպումներ */
Ֆրոդոն հիշեց Պանդուխտի ձեռքում անհետացող ատամնավոր դանակը և սարսռաց:
— Մի վախեցիր,— ասաց Գանդալֆը: — Հենց Էլրոնդը հանեց ջարդոնը քո ուսից, այն հավիտյան անհետացավ: Իսկ դու կարողացար ապացուցել մեզ, որ հոբիթներն ամուր են կառչած այս աշխարհից: Մեծ ժողովրդի շատ հզոր ու խիզախ ռազմիկներ, որոնց ես գիտեի, մի շաբաթից էլ պակաս ժամանակում Մորգուլյան դաշույնի հասցրած վերքից ուրվական դարձած կլինեին, իսկ դու արդեն տասնյոթ օր է դիմադրում ես: — Բացատրի՛ր ինձ, Սև Հեծյալներն ինչու՞ են այդքան վտանգավոր,— հարցրեց Ֆրոդոն: — Եվ նրանք ի՞նչ էին ուզում անել ինձ: — Նրանք ուզում էին քո սիրտը խոցել Մորգուլյան դաշույնով,— պատասխանեց Գանդալֆը: — Դաշույնի կտորը մնում է վերքի մեջ և հետո անշեղորեն շարժվում դեպի սիրտը: Եթե Հեծյալները հասնեին իրենց նպատակին, դու էլ նրանց նման ուրվականակերպ կդառնայիր, միայն թե ավելի թույլ ֆիզիկապես՝ և կընկնեիր նրանց տիրապետության տակ: Դու կդառնայիր Խավարի Թագավորության ուրվական և Սև Տիրակալը քեզ հավետ կտանջեր Մատանին յուրացնելու համար... Թեպետ հազիվ թե առավել մեծ տանջանք գոյություն ունենա, քան Մատանին նրա մատին տեսնելը և հիշելը, որ ինչ-որ ժամանակ դու ես եղել այդ Մատանու տերը: — Լավ է, որ ես այդ վտանգի մասին չեմ իմացել,— կրկին սարսռալով շշնջաց Ֆրոդոն: — Առանց այդ էլ մահվան չափ սարսափեցի, բայց եթե այն ժամանակ իմանայի, թե ինչ վտանգի եմ դիմում, իմ ուժերը չէին բավականացնի շարժվելու համար: Չեմ հասկանում, ինչպե՞ս հաջողվեց ինձ փրկվել: — Ըստ երևույթին, դու յուրորինակ ճակատագիր... կամ բախտ ունես,— ցածրաձայն նկատեց Գանդալֆը: — Ես արդեն չեմ խոսում քո քաջության ու դիմացկունության մասին... Քո քաջության շնորհիվ Սև Հեծյալին չհաջողվեց դաշույնը սիրտդ խրել, և դու միայն ուսից վիրավորվեցիր: Բայց նույնիսկ վիրավոր վիճակում հազվագյուտ տոկունությամբ դիմադրում էիր՝ ահա թե ինչու դաշույնի կտորը տասնյոթ օրվա ընթացքում չհասավ սրտիդ: Եվ այնուամենայնիվ քեզ մազ էր մնում մինչև կործանումը: Թշնամին հրամայեց քեզ հագնել Մատանին և, հագնելով, դու մտար Ուրվականների աշխարհը: Դու Հեծյալներին տեսար, նրանք էլ՝ քեզ: Դու ասես ինքդ քեզ հանձնեցիր նրանց ձեռքը: — Ես գիտեմ,— ասաց Ֆրոդոն,— և ամբողջ կյանքում կհիշեմ, թե ինչ սարսափելին են նրանք, հատկապես գիշերը... Իսկ ինչու՞ ենք մենք նրանց սև ձիերը տեսնում: — Որովհետև նրանք կենդանի են, միս ու արյունից: Հեծյալների թիկնոցները ևս շատ սովորական են՝ դրանք միայն քողարկում են նրանց անմարմին ուրվականությունը: — Հապա ինչու՞ այդ կենդանի ձիերը բոլորովին չեն վախենում իրենց ուրվական հեծյալներից: Մյուս կենդանիներին սարսափ է պատում, երբ նրանց Սև Հեծյալ է մոտենում: Շները կաղկանձում են, սագերը ահաբեկված ղժղժում են... նույնիսկ Գլորֆինդելի ձին, որ Գլորֆինդելի ձին է, էլի վախեցավ... — Որովհետև նրանց ձիերը բուծված են Մորդորում՝ Սև Տիրակալի վասալներին ծառայելու համար: Նրա բոլոր հպատակները չէ, որ անմարմին ուրվականներ են: Այլ արարածներ էլ են նրա իշխանությանը ենթակա՝ օրքերն ու թրոլները, վարգերն ու գայլդարձյակները (գայլ դարձորյակները), նույնիսկ մարդկանցից շատերը՝ թագավորներ ու զորականներ, կատարում են նրա չարամետ կամքը: Եվ նա նորոնոր հողեր է զավթում: — Իսկ Ազա՞տքը... իսկ էլֆե՞րը: Նրանց վրա էլ հո իշխանություն չունի՞... — Հիմա՝ ոչ: Բայց եթե նրան հաջողվի նվաճել ողջ աշխարհը, ապա էլֆերն էլ չեն դիմանա: Էլֆերից շատերը, թեպետ բոլորովին էլ ոչ բոլորը, սարսափում են Սև Տիրակալի զորքերից, ստիպված են լինում նահանջել նրա հզորության առջև: Սակայն նա այլևս երբեք չի կարողանա էլֆերին ստիպել ենթարկվել իրեն կամ դաշն կնքել իր հետ: Դեռ ավելին, այստեղ, Ազատքում, մինչև հիմա էլ ապրում են նրա գլխավոր հակառակորդները, համարյա նույնքան հզոր, ինչպիսին նա է: Ես խոսում եմ կերպարանափոխվող էլֆերի՝ Էլդար-Անդրծովյան հնադարյան տերերի մասին: Նրանք Մատանու ուրվականներից չեն վախենում, քանի որ ծնվել են օրհնյալ երկրում, դրա համար էլ նրանց մատչելի է նաև Ուրվականների Աշխարհը: Այդ զորականներն անցյալում բազմիցս պարտության են մատնել տեսանելի և անտեսանելի ուրվական-թշնամիներին: — Գետանցումի մոտ, երբ հետ նայեցի,— ոչ շատ վստահ հիշեց Ֆրոդոն,— ինձ թվաց, թե Սև Հեծյալների կողքին սպիտակ շողշողուն կերպարանք տեսա: Ուրեմն ես Գլորֆինդելի՞ն տեսա, այո՞: — Այո՛,— ասաց հրաշագործը: Եվ լռելուց հետո ավելացրեց. — Գլորֆինդելը քեզ համար միավորել է երկու աշխարհ, իրական և ուրվականային, անտեսանելին՝ կենդանու հետ, որովհետև նա Կերպարանափոխվող էլֆ է, մեծ դյուցազն Առաջնածիններից: Մի խոսքով, Ազատքում ուժեր կգտնվեն, որոնք ընդունակ կլինեն ժամանակավորապես դիմադրել Թշնամուն, ուրիշ վայրերում էլ այդպիսի ուժեր կան, նույնիսկ ձեզ մոտ, Հոբիթստանում: Բայց եթե իրադարձությունների ընթացքը չփոխվի, ազատ հողերը կվերածվեն Սև զորքերի, (որ հավաքում է Մորդորի Տիրակալը) ծովերով շրջապատված կղզյակների... Իսկ առայժմ,— նա ընդհատեց ինքն իրեն, վեր կացավ, և նրա մորուքը խրոխտ տնկվեց,— մենք պետք է խաղաղ արիություն պահպանենք: Մի քանի օր հետո դու լրիվ կապաքինվես, եթե ես այսօր իմ խոսակցություններով քեզ մահվան դուռը չհասցնեմ: Այստեղ, Ազատքում, ձեզ ոչինչ չի սպառնում... առժամանակ: Այնպես որ մի անհանգստացիր: — Ոչ արիություն ունեմ, ոչ էլ խաղաղ լինեմ,— արձագանքեց Ֆրոդոն,— բայց և չեմ վախենում: Պատմիր ինձ, խնդրեմ, իմ բարեկամների մասին, և այն ժամանակ արդեն իսկապես կխաղաղվեմ: Չգիտեմ ինչու, քունս տանում է, բայց մինչև չպատմես, թե նրանց ինչ է եղել, չեմ կարողանա քնել: Գանդալֆը բազկաթոռը մոտեցրեց մահճակալին և Ֆրոդոյի վրա մի քննախույզ հայացք գցեց: Հոբիթի այտերի վարդագույնը վերադարձել էր, իսկ աչքերը հստակ էին ու խաղաղ: Նա ժպտում էր ու առողջ տեսք ուներ: Բայց այնուամենայնիվ հրաշագործը տագնապով՝ որոշ, համարյա անորսալի փոփոխություններ նկատեց. բանն այն էր, որ հոբիթի վերմակի վրա անշարժ ընկած ձախ ձեռքը գունատ ու տարօրինակ կերպով ոչ մարմնեղեն էր թվում: «Դժբախտաբար, դրանից խուսափել հնարավոր չէ,— քթի տակ ցածր քրթմնջաց Գանդալֆը: — Իսկ նա, ախր ճանապարհի կեսն էլ դեռ չի անցել... իսկ թե ինչ կպատահի, երբ նա ավարտի այն, հավանաբար չի կարող կանխագուշակել անգամ Էլրոնդն ինքը: Ինչ արած, ապրենք լավի հույսով: Հնարավոր է, նա կիսաթափանցիկ դառնա, ինչպես ներսից լուսավորվող բյուրեղապակյա անոթ՝ նրանց համար, ում աչքերը ունակ են զանազանելու ներքին իսկական լույսը տեսիլայինից»: — Դու առողջ տեսք ունես,— բարձրաձայն ասաց նա: — Կարծում եմ, որ քո բարեկամների մասին ճշմարտությունը լսելն էլ քեզ չի խանգարի: Ես Էլրոնդից թույլտվություն չեմ խնդրում, բայց շատ համառոտ կպատմեմ, իսկ հետո կգնամ, ու չխանգարեմ քեզ նորից քնել: Ահա թե ինչ է պատահել Գետանցումի մոտ՝ որքան ինձ հաջողվեց պարզաբանել: