— Գնանք,— ժպտալով համաձայնեց Արագորնը:
Բիլբոն ու Արագորնը գնացին ինչ-որ տեղ, և Ֆրոդոն բոլորովին մենակ մնաց, որովհետև Սամն այդ ժամանակ քնած էր: Նա իրեն մենակ ու լքված զգաց, չնայած շուրջը շատ էլֆեր կային: բայց նրանք, Ֆրոդոյի վրա ուշադրություն չդարձնելով, ինքնամոռաց լսում էին գուսանների երգը: Շուտով երաժշտությունը կարճ ժամանակով լռեց, իսկ հետո նոր երգ հնչեց, և այն ժամանակ Ֆրոդոն էլ սկսեց ունկնդրել:
Սկզբում հնագույն մեղեդու գեղեցկությունը և կիսածանոթ լեզվի բառերի երաժշտությունը կախարդեցին նրան, բայց իմաստը չէր կարողանում որսալ, չնայած Բիլբոն Ռիվենդել մեկնելուց առաջ զարմիկին սովորեցրել էր էլֆերի լեզուն: Նրան թվում էր, որ երաժշտությունն ու բառերը ձեռք էին բերում հեռավոր աշխարհների ուրվագծերը, բուխարու կրակի կայծկլտուն անդրադարձումներից թանձրանում էր ոսկեզօծ մեգը Ծովի վրա, որը հառաչում էր ինչ-որ տեղ աշխարհի եզրին, և Ֆրոդոյի հմայվածությունը դարձավ քուն, և նրա շուջը փրփրում էին դեռևս երբեք չտեսած երազների մեծաշուք ալիքները:
Իսկ հետո ալիքները հանկարծ ձայն ստացան, և բառերի հնչյուններում կռահելի դարձավ իմաստը, ու Ֆրոդոն հասկացավ, որ Բիլբոյին է լսում:
Հոբիթն աչքերը բաց արեց ու շուջը նայեց: Դահլիճի կենտրոնում տեսավ Բիլբոյին: Ժպտացող էլֆերը միահամուռ ծափահարեցին: Երբ էլֆերի ծափահարությունները լռեցին, Բիլբոն մոտեցավ Ֆրոդոյին ու հարցրեց.
— Իսկ քեզ դու՞ր եկավ իմ նոր երգը:
— Ես այն գնահատել չկարողացա,— խոստովանեց Ֆրոդոն: — Քո երգից առաջ քնեցի, ու ինձ թվում էր, թե դա ոչ թե երգ է, այլ ուղղակի իմ երազի շարունակությունը: Քո ձայնը միայն վերջում ճանաչեցի:
— Այո, հոբիթների համար էլֆերի երգերը չափազանց քաղցրալուր են,— համաձայնեց Բիլբոն: — Բայց, նրանց մեջ ապրելով, վարժվում ես դրան: Թեպետ պետք է ասեմ, որ էլֆերը երբեք երաժշտությունից չեն հագենում, ասես դա համեղ ուտելիք է: Գիտես ինչ, արի այստեղից գնանք, որ մեզ չխանգարեն հանգիստ խոսել:
— Իսկ դա նրանց չի՞ վիրավորի,— անհանգստացավ Ֆրոդոն:
— Բոլորովին,— զարմիկին հանգստացրեց Բիլբոն: — Այստեղ ոչ ոքի ուժով չեն պահում՝ արի և գնա, երբ ցանկանում ես, միայն ուրիշներին մի խանգարիր ուրախանալ:
Հոբիթները վեր կացան և աշխատելով չաղմկել, քայլեցին դեպի դահլիճի ելքը: Որոշեցին Սամին չարթնացնել՝ նա անխռով, ժպիտը դեմքին քնած էր: Դռան մոտ Ֆրոդոն թախծոտ հետ նայեց և, չնայած նրան ուրախացնում էր կայանալիք խոսակցությունը, հասկացավ, որ այստեղից հեռանալ չի ուզում՝ այստեղ զարմանալի խաղաղ էր և հարմարավետ: Այդ ժամանակ մի նոր երգ հնչեց.
<poem>
— Ա Էլբերեթ Գիլթոնիել
Սերեվյեն րէննա միրիէլ
Ա մերէլ էգլեր էլլենաս...
Նա — կէարդ րալլան դիրիէլ
Ա գալանդրեմմին էննոթաս,
Ֆարուլիոս, լե լիհնատոն
Նէֆ աէր, սի նէֆ օզարոն...
</poem>
Շեմին Ֆրոդոն մեկ անգամ էլ հետ նայեց: Էլրոնդն անշարժ նստած էր բազկաթոռում, և կրակի ցոլքերը, արևի շողերի նման, ոսկեզօծում էին նրա դեմքը: Էլրոնդի կողքին նստած էր Արվենը, իսկ նրա կողքին կանգնած էր Արագորնը, և դա մի քիչ զարմացրեց Ֆրոդոյին: Արագորնի կրծքին բաց թիկնոցի տակից արծաթին էր տալիս աստղը, որն ընդգծվում էր խավարափայլ զրահի վրա: նա ինչ-որ բանի մասին զրուցում էր Արվենի հետ և այն պահին, երբ Ֆրոդոն շրջվում էր, վերջինս նայեց ուղիղ նրան: Այդ հայացքը հոբիթը հավերժ չի մոռանա:
Նա կանգնած էր Արվենի հայացքով հմայված, և երգի բառերը, երաժշտության հետ ձուլվելով, հնչում էին որպես աղբյուրի զրնգուն կարկաչ:
— Գնա՛նք,— անհամբերությամբ նրան կանչեց Բիլբոն: — Նրանք դեռ երկար են երգելու, և Էլբերեթի մասին այս երգից հետո կերգեն իրենց Օրհնյալ Երկրի մասին:
Հոբիթներն զգուշությամբ դուռը բաց արեցին ու գնացին Բիլբոյի փոքրիկ սենյակը, որի դեպի հարավ նայող պատուհաններից երևում էր Բրուինեն գետը: Նրանք չցանկացան տրվել հիշողություններին, չցանկացան մտածել հարավ-արևելքից դանդաղ դեպի իրենց սողացող չարագույժ թուխպի մասին: Բաց պատուհանի մոտ նստած զրուցում էին այսօրվա ուրախությունների՝ էլֆերի ու Ռիվենդելի հրաշալի ծառաստանների, աստղերի, ծառերի, քնքուշ աշնան մասին...
— Ներողություն եմ խնդրում,— ընդհատեց նրանց Սամը՝ դուռը ծեծելով ու արանքից ներս նայելով: — Ես ուզում էի հարցնել, ձեզ ոչ մի բան պետք չէ՞...
— Իսկ գուցե ուզում էիր հիշեցնել ինձ ու Ֆրոդոյին, որ նրա քնելու ժամանա՞կն է,— արձագանքեց Բիլբոն:
— Հապա ի՞նչ, ոնց որ թե ժամանակն է,— շփոթված, բայց վճռական ասաց Սամը: — Չէ՞ որ վաղը հենց առավոտից Խորհուրդն է, իսկ վերքից հետո հո հեշտ չէ...
— Իրավացի ես,— քթի տակ ծիծաղելով նրան միացավ Բիլբոն: — Կարող ես գնալ և Գանդալֆին զեկուցել, որ Ֆրոդոն հլու հնազանդ գնաց քնելու: Բարի գիշեր,— ասաց նա զարմիկին,— որքան ուրախ եմ, որ նորից տեսնվեցինք... Ըստ իս, աշխարհիս երեսին ոչ մի արարած հաճելի զրույցն այդքան լավ չի կարող վարել, ինչպես հոբիթստանցի հոբիթը: Բայց շուտով մենք նորից երկար ժամանակով կբաժանվենք: Ես վախենում եմ, որ քո ճանապարհորդության մասին գլուխներն իմ գրքում կգրես անձամբ ինքդ՝ վերջին ժամանակներս ես շատ եմ ծերացել: Բարի երազներ, իմ սիրելի փոքրիկ... Իսկ ես մի քիչ զբոսնեմ այգում՝ ուզում եմ նայել Էլբերեթի համաստեղությանը:
=== Գլուխ երկրորդ. Խորհուրդ ===
Հաջորդ օրը, լուսաբացին արթնանալով, Ֆրոդոն հիանալի հանգստացած էր ու առույգ, և որոշեց Բրուինենի ափին զբոսնել: Երբ նա հագնվեց ու դուրս եկավ այգի, հեռավոր լեռնապարի հետրից բարձրանում էր հսկայական, բայց աղոտ արևը, օդում արծաթին էին տալիս աշնանային շղարշները, տերևների վրա շողշողում էին ցողի կաթիլները, իսկ գետի վրա հալվում էին վաղորդյան քուլաները: Սամը լուռ քայլում էր նար կողքից, ուրախ շնչում էր ցողոտ օդն ու զարմացած դիտում ձյունեղեն գլխարկներով փայլատակող հեռավոր լեռները: