Ես եկել եմ Ազատք Բիլբոյին զգուշացնելու, որ թշնամին համառորեն որոնում է նրան և որպեսզի իմանամ, եթե իհարկե Բիլբոն դա գիտի, թե Թշնամու ինչի՞ն է պետք Մատանին, որն իբրև թե ոչինչ չարժե: Եվ մեկ էլ թագավոր Դաինը պատվիրեց մի խորհուրդ հարցնել Ազատքի տիրակալից, չէ՞ որ մեզ վրա է գալիս Սև Ստվերը: Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Սաուրոնի սուրհանդակը գնացել է նաև Բրանդի՝ Լճափի թագավորության թագավորի մոտ: Իսկ Բրանդի վիճակը շատ ծանր է: Նրա արևելյան սահմաններում, մեկ էլ տեսար, պատերազմ բռնկվեց: Եթե սուրհանդակները պատասխան չստանան, Սաուրոնն իր Սև Զորագունդը կշարժի և՛ Դաինի դեմ, և՛ Բրանդի դեմ, իսկ Բրանդը վախենում է պատերազմից և կարող է ենթարկվել Սև Տիրակալին:
— Ճիշտ ժամանակին ես եկել,— ասաց Էլրոնդը: — Այսօրվա Խորհրդում քեզ պարզ կդառնա թե ինչ Մատանի է որոնում Թշնամին: Կհասկանաս, որ դուք ուրիշ ելք չունեք, բացի Թշնամու հետ կենաց մահու կռիվ մղելուց, նույնիսկ առանց այդ մարտում հաղթելու հույս ունենալու: Թշնամին ամբողջ Միջերկրի համար մեկն է: Իսկ Մատանին... Դուք ինքներդ եք կոչված այստեղ որոշելու, թե ինչ ենք անելու այդ Մատանին, որն իբրև թե ոչինչ չարժե...
— Ես ասացի կոչված ենք,— շարունակեց Էլրոնդը,— սակայն ես ձեզ չեմ կանչել Ռիվենդել, դուք ինքներդ եք եկել, եկել եք միաժամանակ, և ձեր հանդիպումը պատահական համարել չի կարելի: Դուք կոչված եք լուծելու Մատանու հետ կապված շփոթը և վերջնականապես վճռելու Միջերկրի ճակատագիրը: Ուստի մենք կբացենք Մատանու գաղտնիքը, որը մինչև այժմ շատ քչերին է հայտնի: Եվ ամենից առաջ՝ Մատանու պատմությունը: Ես պատմությունը սկսում եմ՝ մյուսները կավարտեն այն:
Էլրոնդի հանգիստ ու հնչեղ ձայնը հստակորեն լսում էին բոլոր հրավիրվածները: Էլրոնդը պատմում էր Երկրորդ Դարաշրջանի մասին, երբ կռել էին Մոգական Մատանիները, և պատմում էր Մորդորի հնագույն տիրակալի՝ Սաուրոնի մասին: Այդ պատմության առանձին մասերը ծանոթ էին հյուրերից շատերին, իսկ ամբողջությամբ մինչ այդ ոչ ոք լրիվ չգիտեր, և հյուրերը շունչները պահած լսում էին Օստրանում ապրող էլֆ դարբինների, թզուկ-մորիացիների (այդպես էին անվանում Մորիայի թզուկներին) հետ նրանց սերտ բարեկամության մասին, Օստրանի էլֆերի իմացասիրության մասին և այն մասին, թե ինչպես Սաուրոնը բարեկամ ձևանալով, նրանց օգնություն առաջարկեց, նրանք էլ ընդունեցին ու արհեստներում անչափ հմտացան, իսկ Սաուրոնը իմացավ նրանց բոլոր գաղտնիքները և Մորդորում գտնվող Հրամեջ Լեռան գլխին կռեց Համիշխանության Մատանին, որ տիրանա մյուս Մատանիներին: Բայց էլֆ Սելեբրիմբերն իմացավ այդ մասին և թաքցրեց իր պատրաստած երեք Մատանիները, և ծայր առավ արյունահեղ, ավերիչ պատերազմը, ու Մորիայի թագավորության դարպասները փակվեցին:
Էլրոնդը հյուրերին համառոտ պատմեց, թե ինչպես է ինքը հետևել Համիշխանության Մատանուն, բայց այդ պատմությունը բոլորին հայտնի է, որովհետև իր ժամանակին նա կարգադրել է մանրամասնորեն այն գրել Եղելության Մատյանում, ուստի և հարկ չկա այն վերապատմելու: Հետո Էլրոնդը պատմեց Նումենորի մասին, այն մասին, թե ինպես է կործանվել այդ թագավորությունը, այն մասին, թե ինչպես Մեծ Ժողովրդի թագավորները Ծովի կողմից վերադարձան Միջերկիր, պատմեց հզոր թագավոր Էլենդիլ Բարձրահասակի մասին, նրա որդիներ Իսիլդուրի և Անարիոնի մասին, որոնք երկու հզոր թագավորություն էին հիմնել. Արնորը՝ հյուսիսում, և Գոնդորը՝ հարավում: Սաուրոնը կռվի գնաց թագավորների վրա, իսկ նրանք դիմեցին էլֆերի օգնությանը և բանակցություններից հետո կնքվեց Մարդկանց ու էլֆերի Վերջին Դաշինքը:
Էլրոնդը հառաչեց և, մի քիչ լռելուց հետո, շարունակեց.
— Էլենդիլի և Գիլ-Գալադի միացյալ զորագունդը հավաքվեց Արնորում՝ Մորդոր արշավելու համար, և ես այն ժամանակ մտածեցի, որ նրա հզորությունն ու ուժը, նրա հպարտ դրոշներն ու հուժկու դյուցազուններն ինձ հիշեցնում են Առաջին Դարաշրջանը և Բելերիենդի էլֆերի Մեծ զորաբանակը, որը ջախջախեց մռայլ Թանգորոդրիմը, և էլֆերը որոշեցին, որ Թշնամու վերջը տվեցին, բայց շուտով հասկացան, որ չարաչար սխալվել են...
— Հիշցնում են... Քե՞զ,— բարձրաձայն հարցրեց Ֆրոդոն՝ Էլրոնդի վերջին բառերից ապշահար: — Իսկ ես միշտ մտածում էի... — կմկմաց նա շփոթված այն բանից, որ Էլրոնդը լռեց: — Ես կարծում էի... Չէ՞ որ Առաջին Դարաշրջանը.. Չէ՞ որ այն վաղուց, շատ վաղուց է անցել...
— Իրավացի ես,— առանց ժպիտի նրան ասաց Էլրոնդը: — Սակայն ես այն հիանալի հիշում եմ: Իմ հայրը Էարենդիլն էր, ծնյալ էլֆական Գոնդոլին թագավորությունում, իսկ մայրս Էլվինն էր, դուստրը Դիորի, որը Դորիաթցի Լյութիենի որդին էր: Ես Միջերկրի բոլոր երեք Դարաշրջանների վկան եմ և մասնակիցը Թշնամու հետ անհամար մարտերի, որոնք վերջանում էին մեզ համար սարսափելի պարտություններով կամ զարմանալի անպտուղ հաղթանակներով...
Ես մեծն Գիլ-Գալադի մունետիկն եմ եղել և մասնակցել եմ Մորդորի Դարպասի մոտ մղված ճակատամարտին, որն ավարտվեց Թշնամու ջախջախումով, որովհետև Գիլ-Գալադի Այգլոս նիզակի, ինչպես նաև Էլենդիլի Սրի հավասարը չգտնվեց Թշնամու զորաբանակում: Ես մարտնչել եմ նաև Օրոդրուինի՝ թարգմանաբար Հրամեջ Լեռան լանջերին, որտեղ նահատակվեց Գիլ-Գալադը և ընկավ Էլենդիլը՝ իր սուրը թշնամիների սաղավարտներին ջարդելով, բայց և Սաուրոնը նույնպես գետին տապալվեց Իսիլդուրի սրից, որը տիրեց Համիշխանության Մատանուն:
— Ա՜յ քեզ բան,— ճչաց Բորոմիրը,— ուրեմն Համիշխանության Մատանին պահպանվե՞լ է: Ըստ մեր ավանդությունների, այն անհետացել է, երբ ավարտվել է Երկրորդ Դարաշրջանը: Իսկ պարզվում է, որ դրան տիրացել է Իսիլդու՞րը:
— Այո, տիրացել է,— հաստատեց Էլրոնդը: — Թեև չպետք է այդպիսի բան աներ: Հարկավոր էր Մատանին ոչնչացնել հենց այն ժամանակ՝ Օրոդրուինի բոցերի մեջ, որտեղ որ ծնվել էր: Բայց Իսիլդուրը Մատանին վերցրեց: Դա միայն ես և Սիրդանը տեսանք՝ մյուս բոլոր ռազմիկները նահատակվել էին, և մենք փորձում էին նախազգուշացնել Իսիլդուրին, բայց նա մեր խորհուրդը չլսեց:
«Իմ եղբայրն ու հայրը սպանվել են,— ասաց նա մեզ,— իսկ Մատանին ավար եմ վերցրել արդար մենամարտում և կվերցնեմ որպես իմ արյունակիցների հիշատակ»: Սակայն երկար չտիրեց Մատանուն. այն դարձավ նզովք նրա համար և դեռ բախտը բերեց, որ ինքը պարզապես զոհվեց, այլ ոչ թէ դարձավ Խավարի Թագավորության ուրվական: Այդ մասին գիտեինք միայն մենք՝ հյուսիսցիներս, այն էլ շատ քչերը,— շարունակում էր Էլրոնդը: — Հիրիկների հովտից, որտեղ զոհվել էր իսիլդուրը, վերադարձան ընդամենը երեք մարդ և նրանց մեջ էր Օհթարը, նրա զինակիրը. նա պահպանել էր Էլենդիլի ջարդված սուրը, որով Իսիլդուրը նվաճեց Մատանին և վերադառնալով, կտորները տվեց Վալենդիլին, Իսիլդուրի որդուն, որը դաստիարակվել էր Ազատքում: Նարսիլը, ավելի ճիշտ՝ Նարսիլի երկու կտորը, որովհետև սուրը դեռևս վերաձուլված չէ, և նրա վաղեմի փառքը վերականգնված չէ, մինչև երեկ պահվում էր Ազատքում: Ես Թշնամու դեմ տարած հաղթանակներն անպտուղ անվանեցի... Վերջին հաղթանակը առավել լավ կլինի անվանել ապարդյուն: Սաուրոնը տապալվեց, բայց կենդանի մնաց, նա Մատանուց զրկվեց, բայց վերջինս պահպանվեց, Մորդորում Սև Ամրոցը հողին հավասարեցրին, բայց նրա հիմքը անվնաս մնաց, և քանի դեռ Համիշխանության Մատանին ոչնչացված չէ, քանի դեռ Չարի բունը արմատախիլ չի արված, Թշնամու լիակատար պարտությունը հնարավոր չէ: Շատ մարդիկ և շատ էլֆեր պատերազմի ժամանակ զոհվեցին՝ Իսիլդուրը, Անարիոնը, Էլենդիլը, Գիլ-Գալադը, վեհապանծ դյուցազուններն ու նրանց ռազմիկները: Մարդկանց ու էլֆերի այն ժամանակվա Դաշնը շքեղության համար չէ, որ Վերջին է կոչվել: Մահկանացուները Միջերկրում գնալով ավելանում են, բայց յուրաքանչյուր մարդու կյանքը կրճատվում է, իսկ Առաջնածինները գնալով պակասում են, չնայած ժամանակը նրանց վրա իշխանություն չունի: մեր ուղիները բաժանվում են, և մենք արդեն դժվարությամբ ենք հասկանում միմյանց:
Հիրիկների հարթավայրի ճակատամարտից քիչ անց Արնոր թագավորությունը անկում ապրեց, Էվենդիմ լճի մոտ գտնվեղ Անումինոս քաղաքը ամայացավ և ժամանակը քայքայեց այն, իսկ Վալենդիլի սերունդները քոչեցին հյուսիսային բարձրավանդակի Ֆորնոսթ քաղաքը, բայց այդ քաղաքը նույնպես վաղուց լքված է: Այն անվանում են Մահացած Ֆորնոսթ, և մարդիկ խուսափում են այնտեղ գնալ, որովհետև թշնամիները արնորցիներին ցրել են և նրանց երբեմնի անմատչելի բերդերից մնացել են միայն օշինդրով ծածկված հողաթմբեր:
Գոնդորի թագավորությունը մինչև հիմա չի կործանվել, չնայած նրա տիրույթները խիստ նվազել են, իսկ սկզբում, հին Նումենորի նման, այն անշեղորեն աճում ու ամրապնդվում էր: Գոնդորի ասպետների գոռոզաշուք դղյակները, բերդերը՝ և ամրակառույց նավահանգիստները հռչակված էին թագավորության սահմաններից դուրս, հեռու հեռուներում: Գոնդորի մայրաքաղաքը, Աստղային Մինջնաբերդը կամ նումենորերեն Օսգիլիաթ քաղաքը կառուցված էր Անդուինի ոլորանում:
Այնտեղ, գետի բարձրադիր ափին Մեծն Թագավորի ընդարձակ այգում տնկեցին Սպիտակ Ծառի փոքրիկ սերմը, որը հասունացել էր դեռ Նախասկզբնական Դարաշրջանի օրերին Անդրծովյան Արևմուտքի հողերում: Ժամանակին Իսիլդուրն այդ սերմը բերել էր ծովի այն կողմից: Սերմն աճեց և մի քսան տարի հետո դարձավ հզոր, ճյուղառատ ծառ: Մայրաքաղաքից արևելք, Մթամած Լեռներում, բարձրանում էր Ծագող Լուսնի Բերդը, կամ նումենորերեն՝ Մինաս Իթիլը, իսկ դեպի արևմուտք, Սպիտակ Լեռներում՝ Մինաս Անորը կամ Արևմուտքի Բերդը:
Բայց ամենակարող ժամանակի սառը շունչը հանգցրեց Գոնդոր աշխարհի փառքը: Սպիտակ Ծառը ծերացավ ու չորացավ, իսկ արքա Մելենդիլը, Անարիոնի որդին, մահացավ առանց ժառանգ թողնելու, և նումենորցի արքաների տոհմը հանգավ: Հետո Մորդորը պահպանող պահակներին մի գիշեր նինջը հաղթեց, և Մութ Ուժերը, դուրս պրծնելով, թաքնվեցին Գորգորոթի բարձր պատերի հետևում, իսկ շուտով, նույնպես գիշերվա խավարին ապաստանելով, գրավեցին Ծագող Լուսնի Բերդն ու կոտորեցին շրջապատի ողջ բնակչությանը, և Մինաս Իթիլը դարձավ Մինաս Մորգուլ կամ Մութ Ուժերի բերդ: Գոնդորի մարդիկ նահանջեցին արևմուտք և մնացին Արևմուտքի Բերդում՝ թախիծով անվանելով այն Մինաս Թիրիթ, որ նշանակում է Վերջին Հույսի Բերդ: Բերդերի միջև պատերազմ սկսվեց, Օսգիլիաթ քաղաքը հիմնովին ավերվեց ու նրա ավերակներում բնակվեցին ստվերներ՝ ուրվականներ գիշերը և թափանցիկ՝ ցերեկը:
Սերունդները գալիս փոխարինում էին իրար, և պատերազմը բազում կյանքեր էր խժռում, բայց Մինաս Թիրիթը շարունակում էր պատերազմել, և Թշնամին չկարողացավ ճեղքել-անցնել Անդուինից այն կողմ, ու ճանապարհը Քարե Հսկաներից մինչև ծով համեմատաբար անվտանգ է համարվում...
Այստեղ իմ պատմությունը մոտենում է ավարտին. իսիլդուրի զոհվելուց հետո համիշխանության Մատանին անհետ կորել է, և երեք Մատանին ազատություն են ստացել: Սակայն այժմ դրանք նորից վտանգի մեջ են, քանզի Համիշխանության Մատանին գտնվել է: Բայց այդ մասին ձեզ կտեղեկացնեն մյուս հյուրերը՝ վերջին իրադարձություններին ես չեմ մասնակցել:
Հենց որ Էլրոնդը լռեց, վեր կացավ բորոմիրը:
— Պատվարժան Էլրոնդ,— սկսեց նա,— թույլ տուր ինձ լրացնել Գոնդորի մասին քո պատմությունը, քանի որ ես Ազատք եմ ուղարկված գոնդորցիների կողմից և հյուրերին էլ, իհարկե, օգտակար կլինի իմանալ, թե ինչպիսի վտանգից ենք մենք նրանց պահպանում:
Հավատացեք, նումենորցի հարավցիները բնաջնջված չեն, և Գոնդոր աշխարհի փառքը չի մոռացվել, միայն մենք ենք պատնեշում Արևմուտքը Մորգուլից՝ հետ մղելով թշնամական զորքերի հարձակումները: Մտածեք, ինչ է սպասում արևմտյան հողերին, եթե թշնամիներն անցնեն Անդուինը...
Իսկ աղետը անխուսափելիորեն մոտենում է: Սև Զորաց ուժերն աճում են: ճակատագրի Լեռը, իսկ ըստ ձեզ՝ Հրամեջ Լեռը՝ նզովյալ Օրոդրուինը, նորից ծխում է... Մեզ պարուրում է Խավարի Վարագույրը, որովհետև Մորդորի հզորությունը բազմապատիկ ավելացել է: Հենց որ Թշնամին վերադարձավ իր դղյակը, մենք կորցրինք Իթիլյան հողերը, որ գտնվում էին Անդուինի արևելյան ափերին իթիլ Բերդի պահպանության տակ: Իսկ սույն տարվա ամռանը, հունիսին մեզ վրա հարձակվեց մի հսկա զորաբանակ, որը Մորդորի սև դրոշների տակ միավորում էր վայրագ վայրենիներին և հորոդրիմցիներին, և մենք ստիպված եղանք նահանջել դեպի Գետը: Բայց Թշնամին մեզ համար սարսափելի է ոչ թե թվական գերակշռությամբ, այլ՝ որ նրան ծառայում են ինչ-որ Մութ Ուժեր: Նրանք հայտնվում են Սև Հեծյալների նման, որպես գիշերային հոծ ստվերներ, և երբ այդ Հեծյալները մարտի են բռնվում, նրանց դաշնակիցները մարտնչում են կատաղածի պես, իսկ մեր ռազմիկներին կաշկանդում է սարսափը, և նրանք չեն կարողանում ղեկավարել ձիերին, որոնք Սև Հեծյալների հայտնվելուն պես սրտապատառ փախչում են: Վերջին ճակատամարտում արևելյան ափին կենդանի էին մնացել միայն մի քանի հարյուր գոնդորցի և, նահանջելով Գետից այն կողմ, քանդել էին կամուրջը՝ ավերված Օսգիլիաթում միակ կամուրջը, իսկ ջոկատը, որ քողարկում էր նահանջը, սեղմվեց Գետին ու անխնա կոտորվեց:
Ընդամենը չորս հոգի փրկվելու երջանկություն ունեցան՝ իմ եղբայրը, ես (մենք կռվում էինք այդ ջոկատում) և երկու հազվագյուտ հուժկու ռազմիկ, որոնք կարողացան, ինչպես մենք, լողալով անցնել Անդուինը...
Հիմա մենք ամրացել ենք արևմտյան ափին, և թշնամիները չեն կարող անցնել Գետը, իսկ մեր արևմյան և հյուսիսային հարևանները, նրանք որ գիտեն տեղի ունեցած թեժ մարտի մասին, մեզ շնորհակալության ջերմ խոսքեր են հղում... Բայց դեռ ոչ մի անգամ օժանդակ ուժ չեն ուղարկել, և երբ մեր Տիրակալը օգնություն է խնդրում՝ նրա կոչին արձագանքում են միայն ռոհանցիները:
Եվ ահա գոնդորցիների համար այս ծանր օրերին ես որոշեցի հասնել հեռավոր Ազատք: Ստիպված եղա բազում հարյուրավոր լիգեր հաղթահարել գաղտնի ու վաղուց լքված արահետներով՝ հարյուր տասնմեկ օր եղա ճանապարհին: Բայց ինձ մտահոգում է ոչ թե ռազմական դաշինքը՝ Էլրոնդի իմաստնությունը ասացվածք է դարձել, այլ մեզ իմաստուն խորհուրդ է հարկավոր... Խորհուրդ և անհասկանալի մարգարեությունների մեկնաբանում: Բանն այն է, որ հունիսյան հարձակման (որից հետո մեզ մղեցին Գետի մյուս կողմը) նախորեին ես ու եղբայրս, երկուսս էլ լուսադեմին, ճիշտ և ճիշտ նույն երազն ենք տեսել:
Երազում տեսել ենք, որ արևելյան երկինքը մթնեց և հորիզոնում ճարճատեց ամպրոպը, բայց արևմուտքում մայրամուտի հրացոլքում ավելի պայծառ փայլեց երկնագույնը, և մի զրնգուն ձայն ցածր խոսեց.
<poem>
Կռվի մեջ կյանքը չխնայելով
Էլենդիլն իր հաղթ թուրը ջարդեց,
Իսկ Իսիլդուրը հենց այդ նույն կռվում
Անեծք վաստակեց:
Բայց Իմլադրիսում նորից են կռում
Թուրն առաջնորդի.
Սուր թուրը նրա,
Եվ կոլոտիկը վերցնել է ուզում
Նզովքն իր վրա:
</poem>
Ես ու եղբայրս այդ տարօրինակ խոսքերը չհասկացանք և դիմելով մեր հորը՝ Դենեթորին, Մինաս Թրիրթ ամրոցի Գերագույն Տիրակալին և Միջերկրի հնագույն ավանդությունների լավատեղյակին, իմացանք, որ հին ժամանակներում Իմլադրիս անվանում էին էլֆերի բնակավայրը, որը առասպելական իմաստուն Տիրակալ Էլրոնդի օրոք հիմնվել է ինչ-որ տեղ հեռավոր հյուսիսում: Գոնդորի ժողովրդին կործանում է սպառնում, և մեզանից յուրաքանչյուրը հասկանում է դա: