«Մեծ հանելուկը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մեծ հանելուկը |հեղինակ = Ջեկ Լոնդոն |թարգմանիչ = Վահան Վարդանյան |աղբյուր...»:) |
չ |
||
Տող 6. | Տող 6. | ||
}} | }} | ||
[[Կատեգորիա:Արձակ]] | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
− | |||
− | |||
− | |||
Միսիս Սեյզերը, իրականում, Դոուսոնի երկնակամարով անցավ գիսաստղի նման։ Նա եկավ գարնանը, շներով, կանադական ֆրանսիացի ուղեկցորդներով, շլացուցիչ փայլատակեց ընդամենր մեկ ամիս և հենց որ սառույցը հալվեց, գնաց գետի հոսանքն ի վեր։ Ամբողջ Դոուսոնը, որը այնքան կարիք է զգում կանանց ընկերակցության, շշմել էր այդքան անակնկալ մեկնումից, և տեղի ազնվականությունը դրա համար տխրեց ու վշտացավ այնքան ժամանակ, մինչև որ ոսկե տենդ սկսվեց Նոմում և նոր սենսացիան մթագնեց հնին։ Դոուսոնը հիացել էր միսիս Սեյզերով և գրկաբաց ընղունեց նրան։ Նա սիրունատես էր, հմայիչ, ընդ որում՝ այրի, այդ իսկ պատճառով էլ անմիջապես նրա շուրջն սկսեցին պտտվել Էլդորադոյի գրեթե բոլոր արքաները, պաշտոնատար անձիք, հարուստ ընտանիքների կրտսեր որդիներից նրանք, որոնք արկածներ էին որոնում, մի խոսքով՝ բոլորը, ովքեր կարոտել էին կանացի շրջազգեստի շրշյունին։ | Միսիս Սեյզերը, իրականում, Դոուսոնի երկնակամարով անցավ գիսաստղի նման։ Նա եկավ գարնանը, շներով, կանադական ֆրանսիացի ուղեկցորդներով, շլացուցիչ փայլատակեց ընդամենր մեկ ամիս և հենց որ սառույցը հալվեց, գնաց գետի հոսանքն ի վեր։ Ամբողջ Դոուսոնը, որը այնքան կարիք է զգում կանանց ընկերակցության, շշմել էր այդքան անակնկալ մեկնումից, և տեղի ազնվականությունը դրա համար տխրեց ու վշտացավ այնքան ժամանակ, մինչև որ ոսկե տենդ սկսվեց Նոմում և նոր սենսացիան մթագնեց հնին։ Դոուսոնը հիացել էր միսիս Սեյզերով և գրկաբաց ընղունեց նրան։ Նա սիրունատես էր, հմայիչ, ընդ որում՝ այրի, այդ իսկ պատճառով էլ անմիջապես նրա շուրջն սկսեցին պտտվել Էլդորադոյի գրեթե բոլոր արքաները, պաշտոնատար անձիք, հարուստ ընտանիքների կրտսեր որդիներից նրանք, որոնք արկածներ էին որոնում, մի խոսքով՝ բոլորը, ովքեր կարոտել էին կանացի շրջազգեստի շրշյունին։ |
Ընթացիկ տարբերակը 23:17, 2 Օգոստոսի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Ջեկ Լոնդոն |
Միսիս Սեյզերը, իրականում, Դոուսոնի երկնակամարով անցավ գիսաստղի նման։ Նա եկավ գարնանը, շներով, կանադական ֆրանսիացի ուղեկցորդներով, շլացուցիչ փայլատակեց ընդամենր մեկ ամիս և հենց որ սառույցը հալվեց, գնաց գետի հոսանքն ի վեր։ Ամբողջ Դոուսոնը, որը այնքան կարիք է զգում կանանց ընկերակցության, շշմել էր այդքան անակնկալ մեկնումից, և տեղի ազնվականությունը դրա համար տխրեց ու վշտացավ այնքան ժամանակ, մինչև որ ոսկե տենդ սկսվեց Նոմում և նոր սենսացիան մթագնեց հնին։ Դոուսոնը հիացել էր միսիս Սեյզերով և գրկաբաց ընղունեց նրան։ Նա սիրունատես էր, հմայիչ, ընդ որում՝ այրի, այդ իսկ պատճառով էլ անմիջապես նրա շուրջն սկսեցին պտտվել Էլդորադոյի գրեթե բոլոր արքաները, պաշտոնատար անձիք, հարուստ ընտանիքների կրտսեր որդիներից նրանք, որոնք արկածներ էին որոնում, մի խոսքով՝ բոլորը, ովքեր կարոտել էին կանացի շրջազգեստի շրշյունին։
Լեռնային ինժեներները հարգանքով էին հիշում նրա ամուսնուն՝ հանգուցյալ գնդապետ Սեյզերին. արդյունաբերական շրջանների ներկայացուցիչները ակնածանքով էին խոսում նրա գործարքների ու գործելաձևի մասին․ չէ որ նա համարվում էր ամերիկյան լեռնարդյունաբերության խոշորագույն, իսկ անգլիական արդյունաբերության թերևս էլ ավելի խոշոր գործադարձուներից մեկը։ Ինչո՞ւ աշխարհի բոլոր կանանցից հենց նրա այրին էր հայտնվել այս կողմերում։ Դա մեծ հանելուկ էր։ Բայց հյուսիսի բնակիչները գործնական ժողովուրդ են, նրանք միանգամայն խելամտորեն արհամարհում են վերացական դատողությունները և ճանաչում միայն փաստերը։ Իսկ նրանցից շատերի համար Կարեն Սեյզերը չափազանց էական փաստ եղավ։ Սեյզերը ուրիշ կերպ էր նայում իրերին, որի մասին վկայում էր այն կտրականությունն ու արագությունը, որով նա այդ ամբողջ ամսվա ընթացքում պատասխանում էր ձեռքի ու սրտի անհամար առաջարկներին։ Եվ ահա նա անհետացավ, իսկ նրա հետ անհետացավ փաստը ու մնաց միայն հանելուկը։
Սակայն պատահականությունը ողորմածաբար տվեց հանելուկի լուծման բանալին։ Միսիս Սեյզերի վերջին զոհը՝ Ջեկ Քոֆրենը, որր իզուր իր սիրտը և Բոնանզում ունեցած հինգ հարյուր ոտնաչափ հողամասը նրա ոտքերի տակ դրեց, ամբողջ գիշեր վշտից քարշ եկավ գինետներում, ամենախայտաբղետ մարդկանց շրջանում։ Կեսգիշերին անսպասելիորեն նա պատահեց Պիեռ Ֆոնտենին։ Իսկ սա ոչ այլ ոք էր, եթե ոչ Կարեն Սեյզերի ավագ ուղեկցորդը։ Հանդիպելով, նրանք ճանաչեցին իրար, խմեցին և ի վերջո երկուսն էլ մի լավ հարբեցին։
— Ի՞նչ,— արդեն լուսադեմին փնթփնթում էր Պիեռ Ֆոնտենը։— Հանուն ինչի՛ է տիկին Սեյզերը հայտնվել ձեր կողմերո՞ւմ։ Այդ դուք նրանից հարցրեք։ Ես ոչինչ չգիտեմ. միայն գիտեմ, որ նա անընդհատ նույն մարդու մասին է հարցնում։ «Պիեռ,— ասում է,— դուք գտեք նրան, և ես շատ փող կտամ ձեզ, հազար դոլլար կտամ, միայն թե գտեք այդ մարդուն»։ «Ո՞ր մարդուն»։ «Ախ հա՜, նրա անունը... ինչպես է՜ր․․․ Դևիդ Փեյն։ Այո, մսյո, Դևիդ Փեյն»։ Այս անունը ամբողջ ժամանակ նրա շուրթերին է։ Իսկ ես էլ հա փնտրում եմ, փնտրում, վազում եմ շան պես և ոչ մի տեղ տեսնել չեմ կարող նրան, սատանան տանի։ Եվ հազար դոլլարն էլ չեմ տեսնի։
Ի՞նչ։ Ա՛խ, հա՜։ Մի անգամ մարդիկ էին եկել Սյորքլից։ Պարզվեց, որ նրանք ճանաչում են այդ մարդուն։ Ասացին՝ նա Կեչու գետակի մոտ է։ Իսկ տիկի՞նն ինչ։ Տիկինն ասաց՝ Bon[1] — և ամբողջ դեմքը փայլեց։ Եվ ինձ ամսում է՝ «Պիեռ,— ասում է,— շները լծեք։ Մենք իսկույն մեկնում ենք։ Եթե նրան գտնենք, ես ձեզ երկու հազար դոլլար կտամ»։ Իսկ ես ասում եմ՝ «Հա՛֊հա՜, հենց հիմա։ Allons, madame[2]»:
Իսկ ինքս ինձ մտածում եմ․ «Դե, երկու հազարն արդեն գրպանումս է։ Կեցցե՜մ ես»։ Հետո Սյորքլից էլի ինչ֊որ մարդիկ եկան և ասացին․ «Ոչ, այդ Դևիդ Փեյնը վերջերս Դոուսոն գնաց»։ Այդպես էլ ես ու տիկինը չգնացինք այնտեղ՝ Սյորքլ։
Այո՛, մսյո։ Հետո տիկինն ինձ ասում է, «Պիեռ,— ասում է,— նավակ գնեցեք,— և հինգ հարյուր դոլլար է տալիս ինձ։— Վաղը,— ասում է,— գնում ենք հոսանքով վերև»։ Եվ այդ սրիկա Սիտկա Չարլին նավակի համար հինգ հարյուր դոլլար վերցրեց ինձանից։ Գրողը տանի նրան։
Ջեկ Քոֆրենը այս նորությունը լեզվի տակ չպահեց, և հաջորդ օրը ամբողջ Դոուսոնը մտածում ու գուշակում էր, թև ով է Դևիդ Փեյնը, և ինչ կապ ունի նա Կարեն Սեյզերի հետ։ Բայց հենց նույն օրը, ինչպես Պիեռ Ֆոնտենը ասել էր, միսիս Սեյզերը իր կանադացիների հետ տեղահան եղավ, շարժվեց արևելյան ափով, ուղղություն վերցնելով դեպի Քլոնդայկ-սիթի, կտրեց֊անցավ գետը և ժայռերին դեմ չառնելու համար գնաց արևմտյան ափի երկայնքով, անհետացավ անհամար կղզյակների մեջ։
— Այո՛, տիկին, սա հենց այն տեղն է, որ կա։ Առաջին, երկրորդ, երրորդ կղզին Սթյուարտի գետաբերանից ներքև։ Ա՛յ, սա երրորդ կղզին է։
Այս ասելով, Պիեռ Ֆոնտենը կեռաձողով հենվեց ափին և նավակը կանգնեցրեց հոսանքի լայնքով։ Նավակը քթով կպավ առափնյա քարերին, կանադացիներից մեկը ճարպկորեն ափ թռավ և այն կապեց։
— Մի րոպե, տիկին, միայն աչքի անցկացնեմ։
Ֆոնտենն անհետացավ ժայռաշղթայի հետևում, և այնտեղից բազմաթիվ շների հաչոց լսվեց։ Նա անմիջապես վերադարձավ։
— Այո, տիկին, տնակն այստեղ է։ Ես նայեցի։ Այն մարդը տանը չէ։ Բայց նա հեռու գնալ չէր կարող և ոչ էլ երկար ժամանակով, որովհետ և շներին հետը չի վերցրել։ Հավատացած եղեք, նա շուտով կվերադառնա։
— Օգնեցեք ինձ՝ դուրս դամ, Պիեռ։ Ես տանջվեցի ձեր այս նավակում։ Մի՞թե չէիք կարող ավելի հարմար տեղավորել ինձ։
Կարեն Սեյզերը դուրս եկավ նավակի մեջտեղում պատրաստված իր մուշտակե բնից և ուղղվեց՝ բարձրահասակ ու ճկուն։ Թեև սովորական, իրեն հարազատ իրադրության մեջ նա շուշանի պես փխրուն ու քնքուշ տեսք ուներ, բայց այդ թվացող փխրունությանը ոչ մի կերպ չէր համապատասխանում այն ուժը, որով նա իր ոչ կանացի ամուր ձեռքով հենվեց Պիեռի ձեռքին, թեթևությամբ դուրս թռավ նավակից և գեղեցիկ, ուժեղ ոտքերով արագորեն բարձրացավ զառիթափ լանջը։ Այդ նրբագեղ, հրաշալի կառուցված կնոջ մեջ հազվագյուտ եռանդ ու տոկունություն կար։
Թեև նա այդպիսի անփույթ թեթևությամբ հաղթահարեց վերելքը, բայց նրա այտերը շառագունել էին և սիրտը սովորականից ավելի արագ էր խփում։ Նա ինչ֊որ մի հարգալից հետաքրքրասիրությամբ մոտեցավ տնակին, և նրա այտերի կարմիրը է՛լ ավելի վառվեց։
— Ապա մի նայեցեք,— ասաց Պիեռը, մատնանշելով պատաշար վառելափայտի մոտ ընկած տաշեղները։— Փայտը թարմ է, մի երկու, գուցե երեք օր է, ինչ կոտորել են։
Միսիս Սեյզերը գլխով արեց։ Նա փորձեց ներս նայել փոքրիկ լուսամուտից, ու թեև յուղաթուղթը թափանցիկ էր, բայց նրա միջով որևէ բան տեսնել հնարավոր չէր։ Անհաջողության մատնվելով, միսիս Սեյզերը մոտեցավ դռանը, այն է՝ ուզում էր ծանր փականը բարձրացնել, պատրաստվելով ներս մտնել, բայց միտքը փոխեց։ Հետո հանկարծ չոքեց մի ծնկի վրա և համբուրեց կոպիտ տաշված շեմը։ Թեև Պիեռը նկատեց այս, բայց ցույց չտվեց ու հետո էլ երբեք ոչ ոքի հետ չկիսեց այդ վերհուշը։ Սակայն հաջորդ պահին կանադացիներից մեկը, որ հանգիստ իր ծխամորճն էր ծխում, ցնցվեց, լսելով իր պետի արտասովոր ահեղ կանչը։
— Հե՜յ, Լեգուար։ Տես նստելատեղը փափուկ լինի,— հրամայեց Պիեռը։— Ավելի շատ արջամորթիներ գցիր, ավելի շատ վերմակներ, գրո՛ղը տանի։
Սակայն շուտով հարկ եղավ այդ բունն ավերել․ մորթիների ու վերմակների մեծ մասը փոխադրեցին ափ և այնտեղ, սպասողական վիճակի մեջ, տեղավորվեց միսիս Սեյզերը։ Արմունկին հենված, նա նայում էր Յուքոնի հեռուն փախչող լայն ժապավենին։ Հեռվում բարձրացող լեռների հետևում, հակադիր ափին, երկինքը ծածկված էր այստեղից չերևացող անտառային հրդեհների ծխով, և արևի ճառագայթները հազիվ էին թափանցում այդ մշուշի միջոով՝ թույլ լուսավորելով հողը ու երերուն ստվերներ գցելով։ Չորս կողմը, մինչև հորիզոն, եղևնածածկ կղզիներն էին, պղտոր ջրերը, սառցադաշտերով կտրատված ժայռաշղթաները․ վայրի, նախնադարյան անապատ։ Այստեղ ոչ մի բան չէր խոսում մարդու ներկայության մասին, ոչ մի ձայն չէր խախտում լռությունը։ Թվում էր, թե ամբողջ երկրամասը կաշկանդված է ինչ֊որ մի անտեսանելի ուժով, պարուրված՝ անսահման տարածությունների մտախոհ գաղտնիքով։ Գուցե դրանից էր, որ միսիս Սեյզերը վատ զգաց իրեն․ նա անընդհատ փոխում էր դիրքը, նայում մերթ հոսանքն ի վեր, մերթ հոսանքն ի վար, աչքերը սևեռած մռայլ ափերին, աշխատելով տեսնել հեռավոր վտակների հազիվ նկատելի գետաբերանները։ Մոտավորապես մեկ ժամ հետո անձնակազմին հրամայվեց դուրս գալ ափ և ճամբար խփել գիշերելու համար, բայց Պիեռը մնաց իր տիրուհուն պահպանելու։
Նրանք երկար ժամանակ լուռ նստած էին։
— Ահա՛, գալիս է,— շշնջաց Պիեռը, ուշադիր նայելով հոսանքն ի վեր, որտեղ գետը շրջանցում էր կղզին։
Ջրի վրայով սահում էր մի նավակ, մերթ աջ, մերթ ձախ կողմից փայլփլում էր թիակը։ Երկու հոգի՝ նավախելում տղամարդ, քթամասում մի կին, թիավարում էին՝ համաչափ օրորվելով թիակների շարժմանը համապատասխան։ Միսիս Սեյզերը կնոջ վրա ուշադրություն չդարձրեց, մինչև նրանք բոլորովին մոտեցան և արդեն երևաց նրա յուրատեսակ գեղեցկությունը։ Իշայծյամի մորթուց կարված և ուլունքներով գեղեցիկ ասեղնագործված բաճկոնակը ընդգծում էր այդ կնոջ սլացիկ կեցվածքը, շնորհագեղ կապված մետաքսե վառ գլխաշորը կիսով չափ թաքցնում էր կապտավուն֊սև փարթամ մազերը։ Բայց մի պահ նայելով այդ կնոջ դեմքին, որն ասես թե կարմրավուն բրոնզից էր ձուլված, միսիս Սեյզերն արդեն չէր կարողանում կտրվել նրանից։ Խոշոր, սև, փոքր֊ինչ խումար աչքերը նրբորեն գծված, գեղեցիկ աղեղված հոնքերի տակից նայում էին շիտակ ու սևեռուն։ Թեև այտոսկրները նկատելիորեն ցցված էին, բայց և այնպես այտերը մեղմորեն կլորվում էին, բարակ շուրթերի ծալքի մեջ և՛ ուժ կար, և՛ քնքշություն։ Այդ դեմքի մեջ ինչ֊որ բան խոսում էր հնադարյան մոնղոլական արյան մասին, կարծես շատ դարեր հետո նրա մեջ հայտնվել էին մոռացված նախնիների գծերը։ Այդ տպավորությունը ուժեղացնում էին նաև կորնթարդ քիթը շարժուն նուրբ ռունգներով, և այն վայրին, արծվայինը, որն զգացվում էր այդ կնոջ ոչ միայն դեմքի, այլև ամբողջ կերպարանքի մեջ։ Դա թաթարական տիպ էր՝ իդեալականորեն ազնվացված․ բախտավոր է հնդկացիների այն ցեղը, որը քսան սերունդը մեկ անգամ այսպիսի կատարյալ գեղեցկություն է ծնում։
Թիավարները լայն, ուժեղ շարժումներով թեթև նավակը կտրուկ շրջեցին, կանգնեցրին հոսանքի լայնքով և մեղմորեն կպցրին ափին։ Եվս մի ակնթարթ, ու կինն արդեն կանգնած էր զառիթափի եզրին և պարանը փոխնիփոխ բռնելով, վերև էր քաշում քիչ առաջ սպանված իշայծյամի մսեղիքի մեկ քառորդը։ Հետո նրան միացավ տղամարդը, և նրանք երկուսով արագ, ուժեղ ցնցումներով նավակը քաշեցին թեքության վրա։ Շուրջը վնգստալով ու կաղկանձելով՝ պտտվում էին շները, կինը կռացավ նրանց շոյելու, և այդ պահին տղամարդու հայացքն ընկավ մոտերքում կանգնած միսիս Սեյզերի վրա։ Տղամարդը նայեց, ձեռքով անգիտակցաբար աչքերը տրորեց, ասես չհավատալով նրանց, ու նորից նայեց։
— Կարեն,— սովորական ձևով ասաց նա, մոտենալով ու ձեռքը մեկնելով նրան։— Սկզբում ես կարծեցի, թե դուք աչքիս երևացիք։ Այս գարնանը ես միառժամանակ ձյունակուրությամբ տառապեցի, և այդ օրից սկսած աչքերս երբեմն այդպիսի կատակներ են անում ինձ հետ։
Միսիս Սեյզերի դեմքի կարմրությունը է՛լ ավելի պայծառացավ, ու նրա սիրտը ցավով սեղմվեց․ նա պատրաստ էր ամեն ինչի, միայն թե ոչ անտարբերորեն մեկնված այդ ձեռքին, բայց նա ինքն իրեն տիրապետեց և ամուր սեղմեց տղամարդու ձեռքը։
— Ախր դուք գիտեք, Դեյվ, ես հաճախ եմ սպառնացել գալ և արդեն վաղուց եկած կլինեի, բայց․․․ բայց․․․
— Բայց ես չէի կանչում,— ծիծաղեց Դևիդ Փեյնը ու նայեց տուն մտած հնդկացուհու հետևից։
— Ոչ, ես հասկանում եմ, Ղեյվ․․․ ձեր փոխարեն ես ևս, հավանաբար, այդպես կվարվեի։ Բայց, տեսնում եք, ես այստեղ եմ։
— Ինչ կա որ, մնում է ևս մի քանի քայլ անել, տուն մտնել և ընթրել,— ասաց նա ուրախ, չնկատելով կամ ձևացնելով, թե չի նկատում կնոջ ձայնի կանչող նոտան։— Դուք, երևի, հոգնել եք։ Ո՞ւր եք մեկնում։ Վերև՞։ Նշանակում է ձմեռել եք Դոուսոնո՞ւմ։ Թե՞ վերջերս եք եկել։ Սա ձեր ճամբա՞րն է։— Դևիդ Փեյնը նայեց ափին խարույկի մոտ հավաքված կանադացիներին և դուռը բռնեց՝ թույլ տալով, որ միսիս Սեյզերն անցնի։— Ես անցած ձմռանն եմ սառցի վրայով եկել Սյորքլից, և ժամանակավորապես տեղավորվել եմ այստեղ։ Կամաց-կամաց փորփրում եմ Հենդերսոնի գետակի մոտ․ եթե բան չստացվի, աշնանը բախտս կփորձեմ Սթյուարտ գետի մոտ։
— Դուք շատ չե՞ք փոխվել այս ժամանակամիջոցում,— հարցրեց հանկարծ Սեյզերը, փորձելով խոսակցությունը դարձնել ավելի անձնական թեմաների շուրջը։
— Մի քիչ պակասել է ճարպս, թերևս մի փոքր էլ ավելացել են մկաններս։ Իսկ ձեր կարծիքով ինչպե՞ս եմ։
Բայց Սեյզերը միայն ուսերը թոթվեց. կիսախավարում նա աշխատում էր տեսնել հնդկացուհուն, որն արդեն կրակ էր վառել և իշայծյամի մսի հաստ կտորներն էր տապակում՝ ապխտած խոզաճարպի բարակ շերտերի հետ միասին։
— Երկա՞ր մնացիք Դոուսոնում։— Դևիդը տաշում էր դալար կեչու մի կտոր, որը կամաց֊կամաց վերածվում էր կացնապոչի, և խոսում էր առանց գլուխը բարձրացնելու։
— Օ՜, ընդամենը մի քանի օր,— պատասխանեց նա, աչքերով հետևելով հնդկացուհուն ու գրեթե չլսելով հարցը։— Ինչ ասացի՞ք։ Դոուսոնո՞ւմ։ Մեկ ամիս մնացի և ուրախ եմ, որ այնտեղից դուրս պրծա։ Գիտեք ինչ, Արկտիկայում տղամարդիկ բավականաչափ պարզունակ են և չափազանց եռանդուն կերպով են դրսևորում իրենց զգացմունքները։
— Ուրիշ կերպ էլ չի կարող լինել, երբ երկրին մոտիկ ես ապրում։ Պայմանականությունները զսպանակավոր ներքնակների հետ միասին թողնում ես տանը։ Բայց դուք ժամանակին եք մտածել մեկնել։ Դուք այս տեղերից կհեռանաք մոծակների հայտնվելուց առաջ, դուք այդ չեք զգացել և չեք էլ կարող գնահատել, թե ինչպես է ձեր բախտը բերել։
— Այո, երևի։ Բայց ձեր մասին պատմեք։ Ինչպե՞ս եք ապրում։ Մոտերքում էլ ովքե՞ր են ապրում։ Թե՞ բոլորովին մարդ չկա։
Հարցնելիս՝ նա հետևում էր, թե ինչպես է հնդկացուհին օջախի առջև, տափակ քարի վրա ծեծում կոպիտ պարկակտորի մեջ փաթաթված սրճահատիկները։ Համառությամբ ու ճարպկությամբ, որոնք վկայում էին նույնքան նախնադարյան նյարդային համակարգության մասին, որքան և աշխատանքի այս եղանակն էր, նա հատիկները փշրում էր կվարցի ծանր բեկորով։ Դևիդ Փեյնը նկատեց հյուրի հայացքը և ժպիտի մի ստվեր սահեց նրա շուրթերի վրայով։
— Հարևաններ էլ կային,— պատասխանեց նա։— Մի քանի մարդ Միսսուրիից և երկու կորնուելցիներ, բայց նրանք Էլդորադոյում վարձվեցին մի ոսկեխույզի մոտ։
Միսիս Սեյզերը մտախոհ ու փորձող մի հայացք նետեց օջախի մոտ գտնվող կնոջ վրա։
— Բայց, իհարկե, ինչքան ասես հնդկացիներ կան այստեղ։
— Բոլորն էլ վաղուց արդեն տեղափոխվել են Դոուսոն։ Ամբողջ օկրուգում ոչ մի հնդկացի չի մնացել։ Միայն Վինափին է․ նա կոյուքուկ ցեղից է. նրանք այստեղից մոտավորապես հազար մղոն ներքև են ապրում։
Միսիս Սեյզերը հանկարծ զգաց, որ գլուխը պտտվում է․ ճիշտ է, նրա շուրթերի սիրալիր ժպիտը չխամրեց, բաչց հանկարծ զրուցակցի դեմքը գնաց անսահմանորեն հեռու ինչ-որ տեղ, և տնակի գերանաշար պատերը հարբածների պես շուրջպար բռնեցին։ Բայց այդ պահին նրան հրավիրեցին սեղանի մոտ, և ընթրիքի ժամանակ նա կամաց-կամաց ուշքի եկավ: նա քիչ էր խոսում, գլխավորապես բնության ու եղանակի մասին, իսկ Դևիդ Փեյնը սկսել էր երկար ու բարակ նկարագրել ստորին հոսանքում գտնվող մանր հետախուզահորերի և վերին հոսանքում գտնվող ձմեռային խոր հանքահորերի միջև եղած տարբերությունը։
— Դուք չե՞ք ուղում հարցնել, թե ես ինչու եմ հյուսիս եկել,— ասաց միսիս Սեյզերը։— Իհարկե, ինքներդ էլ այդ գիտեք։— Նրանք արդեն վեր էին կացել սեղանից, և Դևիդ Փեյնը նորից իր կացնապոչն էր ձեռքն առել։— Դուք իմ նամակն ստացե՞լ եք։
— Վերջի՞նը։ Թերևս ոչ։ Ավելի շուտ այն թափառում է Կեչու գետակի երկարությամբ կամ ընկած է Ստորին գետի որևէ առևտրականի տնակում։ Փոստի գործն այստեղ չափից դուրս վատ է, ոչ կարգ կա, ոչ կանոն, ոչ էլ...
— Այդքան քարսիրտ մի՝ եղեք, Դեյվ։ Օգնեցե՛ք ինձ։— Այժմ Սեյզերը խոսում էր հատու, տիրական տոնով, կարծես անցչալը այդպիսի իրավունք տալիս էր նրան։— Ինչո՞ւ ոչինչ չեք հարցնում իմ մասին։ Մեր ընդհանուր ծանոթների մասին։ Մի՞թե արտաքին աշխարհն այլևս ձեզ չի հետաքրքրում։ Ձեզ հայտնի՞ է, որ ամուսինս մահացել է։
— Մի՞թե։ Շատ ցավալի է։ Իսկ ե՞րբ...
— Դևի՛դ։— Նա պատրաստ էր վշտից լաց լինել, բայց քանի որ վերջապես ազատություն տվեց իրեն, թե վիրավորանք, թե կշտամբանք դնելով այդ բացականչության մեջ, մի փոքր թեթևացավ։— Դուք ընդհանրապես իմ նամակներն ստացե՞լ եք։ Հավանաբար ստացել եք։ Թեև ոչ մի անգամ չեք պատասխանել։
— Ես չեմ ստացել վերջինը, որտեղ դուք, ըստ երևույթին, հաղորդել եք ձեր ամուսնու մահվան մասին։ Միանգամայն հնարավոր է, որ էլի ինչ-որ նամակներ կորել են։ Բայց մի քանիսը ստացել եմ։ Ես․․․ ը՜ը... ես դրանք բարձրաձայն կարդացել եմ Վինափիին, որպես խրատ... Որպեսզի, գիտե՞ք, նրան ցույց տամ, թե որքան փչացած են նրա սպիտակամորթ քույրերը։ Եվ ենթադրում եմ․․․ ըը՜... որ դա նրա համար օգտակար է եղել։ Դուք ի՞նչ կարծիքի եք։
Միսիս Սեյզերը խայթոցներին չպատասխանեց։
— Դուք կռահեցիք,— շարունակեց կինը,— վերջին նամակում, որը դուք չեք ստացել, ես գրել էի գնդապետ Սեյզերի մահվան մասին։ Դա մի տարի առաջ էր։ Եվ հետո գրել էի, որ եթե դուք չգաք ինձ մոտ, ապա ես կգամ այստեղ, ձեզ մոտ: Ես բազմիցս խոստացել եմ գալ և ահա եկել եմ։
— Ի՞նչ խոստումներ։
— Իսկ նախկին նամակնե՞րը։
— Այո, դուք խոստացել եք, բայց չէ որ ես խոստումներ չեմ խնդրել և դրանց չեմ պատասխանել, այդ խոստումները միակողմանի են եղել։ Այնպես որ ես ոչինչ չգիտեմ այդ խոստումների մասին։ Բայց ինձ հայտնի է մեկ ուրիշ խոստում, որը գուցե և դուք կհիշեք։ Դա շատ վաղուց էր։— Նա կացնապոչը գցեց ձեռքից ու գլուխը բարձրացրեց։— Շատ֊շատ վաղուց, բայց ես ամեն ինչ շատ լավ հիշում եմ՝ օրը, ժամը, ամեն մի մանրուք։ Ես ու դուք գտնվում էինք ծաղկող վարդերով լի այգում, ձեր մոր այգում։ Շուրջն ամեն ինչ փթթում էր, ծաղկում, մեր սրտերում նույնպես գարուն էր։ Ես ձեզ գրկեցի, դա պատահեց առաջին անգամ, ու ձեր շուրթերը համբուրեցի։ Դուք չե՞ք հիշում։
— Հարկավոր չէ, Դեյվ, մի՛ ասեք։ Ես ամեն ինչ հիշում եմ և այնպե՜ս եմ ամաչում։ Որքա՜ն եմ լացել հետո։ Եթե դուք իմանայիք որքա՜ն եմ տառապել...
Այն Ժամանակ դուք ինձ խոստացաք, այո, և մի հազար անգամ նույնը կրկնել եք այն հրաշալի օրերին... Ձեր յուրաքանչյուր հայացքը, ձեռքի յուրաքանչյուր հպումը, ձեր շուրթերից դուրս թռչող յուրաքանչյուր բառը խոստում էր։ Իսկ հետո, ինչպե՞ս ասեմ, հետո հայտնվեց մեկ ուրիշը։ Նա ծեր էր, ձեզ հոր տեղ կգար, և ըստ որում բոլորովին էլ գեղեցկադեմ չէր, բայց, ինչպես ասում են, կարգին մարդ էր։ Նա ոչ մի վատ բան չէր անում, օրենքի տառը չէր խախտում և մի անգամայն հարգարժան մարդ էր, ի դեպ՝ նա ուներ նաև ինչ֊որ սեփականություն․ մի քանի խղճուկ հանքեր՝ մի երկու տասնյակ, բայց դա, իհարկե, կարևոր չէ․ բացի այդ, նա ինչ-որ հող էլ ուներ, լուրջ գործառնություններով էր զբաղվում, և կտրոններ էր կտրում։ Նա․․․
— Բայց չէ որ ուրիշ բան էլ է եղել,— ընդհատեց միսիս Սեյզերը։— Ես ձեզ ասել եմ։ Ինձ ստիպեցին․․․ դրամական հանգամանքները․․․ կարիքը․․․ իմ հարազատները․․․ անախորժությունները։ Ախր դուք գիտեք, թե որքան զզվելի կերպով դասավորվեց ամեն ինչ։ Ես ոչինչ չէի կարող անել։ Ես այդ չէի ուզում։ Ինձ զոհաբերեցին, կամ ես ինքս ինձ զոհաբերեցի,— ինչպես ուզում եք անվանեցեք։ Բայց, աստված իմ, Դեյվ, ես ստիպված էի ձեզնից հրաժարվել։ Դուք իրավացի չեք իմ նկատմամբ։ Մտածեցեք, թե ինչե՜ր եմ քաշել ես։
— Դուք չէի՞ք ուզում։ Ձեզ ստիպեցի՞ն։ Աշխարհում չկա մի ուժ, որը կարողանար ձեզ ստիպել, որը կարողանար ձեզ հրել այս կամ այն տղամարդու անկողինը։
— Բայց ես միշտ սիրել եմ ձեզ,— պաշտպանվում էր Կարենը։
— Ես չէի կարող ձեր չափերով չափել սերը։ Ես մինչև հիմա էլ չեմ կարող։ Դրանք ինձ անհասկանալի են։
— Բայց չէ՞ որ դա այն ժամանակ էր։ Իսկ հիմա․․․
— Ես և դուք խոսեցինք մի մարդու մասին, որին դուք հարմար ամուսին համարեցիք ձեզ համար։ Ի՞նչ մարդ էր նա։ Ինչո՞վ էր նա ձեզ գերել։ Ի՞նչ բարձր արժանիքներ էիք գտել նրա մեջ։ Ճիշտ է, նա ոսկու պարկ էր, ամենազոր ոսկու պարկ։ Նա փողի արժեքը գիտեր։ Հարյուրին հարյուր վաստակելու մեծ վարպետ էր։ Նա խելքով չէր փայլում, բայց հիանալի գլուխ էր հանում ամեն տեսակ ստոր գործերից, որոնց օգնությամբ կարելի է ուրիշի փողերը իր գրպանը դնել։ Եվ օրենքը մատների արանքով էր նայում դրան։ Այդպիսի գործերի համար չեն դատում, մեր քրիստոնեական բարոյականությունն էլ հավանություն է տալիս դրանց։ Հասարակության աչքում նա հիմար մարդ չէր։ Բայց ձեր աչքում, Կարեն, և իմ աչքում՝ մեր աչքերում, երբ մենք հանդիպում էինք վարդերի այգում, ի՞նչ էր նա։
— Դուք մոռանում եք, որ նա մեռել է։
— Դա ոչինչ չի փոխում։ Ի՞նչ էր նա։ Մի հսկայական, հաստ, կոպիտ կենդանի, երգի հանդեպ խուլ, գեղեցկության հանդեպ կույր, հոգուց զուրկ։ Նա գիրացել էր ծուլությունից, ուռել, և հաստ փորը մատնում էր նրա շատակերությունը։
— Բայց չէ՞ որ նա մեռել է։ Իսկ հիմա խոսքը մե՜ր մասին է․․․ մե՜ր մասին։ Լսո՞ւմ եք։ Դուք իրավացի եք, ես անհավատարիմ եմ եղել, ես մեղք եմ գործել։ Լավ։ Բայց մի՞թե դուք զղջալու ոչինչ չունեք։ Ասենք թե ես դրժել եմ խոստումս, իսկ դո՞ւք։ Այն ժամանակ, վարդերի այգում, դուք ասում էիք, թե ձեր սերը մշտնջենական է։ Իսկ որտե՞ղ է այդ սերը հիմա։
— Նա այստեղ է,— ոգևորված բացականչեց նա և բռունցքով խփեց իր կրծքին։— Նա միշտ այստեղ է եղել։
— Եվ դա մեծ սեր էր, ավելի ուժեղ սիրել հնարավոր չէ,— շարունակեց Կարենը։— Այսպես էիք դուք խոսում վարդերի այգում, և սակայն, ձեր սերը ձեզ չի դարձնում ո՛չ բարի, ո՛չ մեծահոգի, ո՛չ էլ ձեզ օգնում է ներելու ինձ հիմա, երբ ես լալիս եմ ձեր ոտքերն ընկած։
Դևիդ Փեյնը տատանվում էր։ Նրա շուրթերն անձայն շարժվում էին, նա չգիտեր, թե ինչ ասեր։ Այդ կինն իրեն ստիպեց բացելու իր սիրտը և ասելու այն ճշմարտությունը, որ ինքը թաքցնում էր նույնիսկ իրենից։ Եվ որքա ն լավիկն էր նա՝ իր զգացմունքի հրդեհով բռնկված․․․ Նա արթնացնում էր հին հուշերը, մեկ ուրիշ կյանք։ Դևիդը շրջվեց, որպեսզի չտեսնի նրան, բայց Կարենը շրջանցեց ու նորից կանգնեց նրա առջև։
— Ի՛նձ նայիր, Դեյվ։ Ի՛նձ նայիր։ Չնայած այդ բոլորին՝ ես նույնն եմ։ Դու էլ ես նույնը, հասկացիր։ Մենք չենք փոխվել։
Կարենի ձեռքը իջավ նրա ուսին, և սա արդեն պատրաստ էր գրկելու նրան, բայց հանկարծ լուցկին չրթաց, ու այդ կտրուկ անսպասելի ձայնը ուշքի բերեց Դևիդին։ Վինափին, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, ճրագը վառեց։ Հանկարծ խավարից դուրս նայեց նրա դեմքը, և բոցի ոսկեգույն խաղերը արքայական փայլ տվեցին նրա բրոնզե գեղեցկությանը։
— Ինքներդ եք տեսնում՝ դա անհնարին է,— տնքաց Դևիդը՝ մեղմորեն մի կողմ հրելով շիկահեր կնոջը։— Դա անհնարին է,— կրկնեց նա։— Անհնարին։
— Ես աղջնակ չեմ, Դեյվ, և մանկական պատրանքներ չունեմ,— ասաց նա, սակայն չհամարձակվելով նորից մոտենալ նրան։— Ես կին եմ և ամեն ինչ հասկանում եմ։ Տղամարդը տղամարդ է։ Այդպիսին է այստեղի սովորությունը։ Դա ինձ չի զարմացնում։ Ես ամեն ինչ կռահեցի առաջին իսկ հայացքից։ Բայց դա հենց այնպես, չէ՞ որ դուք իսկական ամուսիններ չեք։
— Մեզ մոտ, Ալյասկայում, այդպիսի հարց չեն առաջադրում,— անօգնական ավարտեց Դևիդը։
— Ես գիտեմ, բայց...
— Ինչ կա որ, այո՛, դա սոսկ յուքոնյան ամուսնություն է, և ոչ ավելին։
— Երեխաներ չունե՞ք։
― Ո՛չ,
— Եվ ոչ էլ...
— Ո՛չ, ո՛չ, ո՛չ մի այդպիսի բան... բայց միևնույն է, դա անհնարին է։
— Ո՛չ, հնարավոր է,— նա նորից Դևիդի կողքին էր, նրա ձեռքր թեթևակի, մեղմորեն հպվեց Դևիդի արևավառ ձեռքին։— Ես շատ լավ գիտեմ այստեղի սովորությունները, տղամարդիկ միշտ այդպես են անում։ Նրանք բոլորովին էլ չեն ուզում ամբողջ կյանքում մնալ այստեղ, աշխարհից կտրրված․ ինչ արած, նրանք Խաղաղօվկիանոսյան ափի Ընկերության միջոցով մի ամբողջ տարվա պարենամթերք են դուրս գրում կնոջ համար, մի քիչ փող են տալիս նրան, և կինը գոհ է մնում։ Անցնում է մեկ տարի, իսկ հետո...— Կարենր ուսերը թոթվեց։— Այդպես էլ սրա հետ։ Մենք նրան Ընկերության միջոցով բոլոր անհրաժեշտ բաներով կապահովենք ոչ թե մեկ տարի, այլ մինչև իր կյանքի վերջը։ Ի՞նչ էր նա մինչև այն օրը, երբ դուք նրան գտաք։ Վայրենի, կիսաանասուն. ամռանը սնվել էր բրնձով, ձմռանը՝ իշայծյամի մսով, լավ օրերին կերել էր տրաքվելու չափ, իսկ վատ օրերին՝ մեռել սովից։ Եթե չլինեիք դուք, ապա նա այդպիսին էլ կմնար։ Հայտնվեցիք դուք, և նրա կյանքը լավացավ։ Դուք կհեռանաք, բայց նա կապրի լիության մեջ, շատ ավելի լավ, քան եթե բոլորովին ձեզ պատահած չլիներ։
— Ո՛չ, ո՛չ,— առարկեց նա։— Դա անարդարացի է։
— Բայց հասկացեք, Դեյվ։ Նրա երակներում ուրիշ արյուն է հոսում։ Նա ուրիշ ցեղի մարդ է։ Նա ծնվել է այստեղ, այս հողի վրա, արմատներով խորացել է նրա մեջ։ Նա ծնվել է վայրենի ու վայրենի էլ կմեռնի, իսկ մենք՝ դուք և ես, մենք պատկանում ենք տիրապետող ցեղին, մենք հողի աղն ենք ու նրա տերերը։ Մենք ստեղծված ենք իրար համար։ Ամենատիրտկան կանչը արյան կանչն է, և ես ու դուք նույն արյունից ենք։ Այսպես են հրամայում և՛ բանականությունը, և՛ զգացմունքը։ Ձեր սեփական բնազդն իսկ այդ է պահանջում։ Դուք այդ ժխտել չեք կարող։ Դուք չեք կարող մոռանալ ձեր պարտքը նախնիների հանդեպ։ Ձեր տոհմը գոյություն ունի հազարավոր, հարյուր հազարավոր տարիներ, և այն չի կարող վերջանալ ձեզնով։ Չպե՛տք է վերջանա։ Ձեր նախնիների արյունն է հոսում ձեր մեջ։ Բնազդը կամքից ուժեղ է։ Դուք ձեր ցեղի որդին եք և պետք է ենթարկվեք նրա կանչին։ Դեյվ, գնա՛նք այստեղից։ Մենք դեռ երիտասարդ ենք, ու կյանքն այնքա՜ն լավ է։ Գնա՛նք։
Այդ պահին Դեյվը շեմքին նկատեց Վինափիին, որը գնում էր շներին կերակրելու, և մի քանի անգամ անօգնական կերպով գլուխն օրորեց։ Բայց Կարենի ձեռքը փաթաթվեց նրա վզով, այտը սեղմվեց նրա այտին։ Եվ այդ պահին Դևիդը զգաց տխուր կյանքի ահավոր ծանրությունը՝ իզուր կռիվ բնության ահեղ ուժերի դեմ, խավար տարիներ, երբ ստիպված է եղել դիմանալ ցրտին ու սովին, կոպիտ, պարզունակ, դաԺան կյանք, և հոգու այս ամբողջ դատարկությունը, որ չէր կարող լցնել կիսաանասուն արարածը։ Եվ ահա կողքին գայթակղությունը, որը ստիպում է հիշել, թե կան ուրիշ, պայծառ ու տաք երկրներ, երաժշտություն, լույս ու խնդություն, գայթակղություն, որ նորից հարություն է տալիս անցյալին։ Դևիդ Փեյնը խելակորույս տեսնում էր այդ անցյալը։ Մարդիկ շարան֊շարան անցնում էին նրա առջևով, առկայծում էին մոռացված պատկերները, հորդում էին զվարճության ժամերի հուշերը, երգերի պատառիկներ, ծիծաղի պոռթկումներ։
— Գնա՜նք, Դեյվ, գնա՜նք։ Իմ փողը կբավականացնի երկուսիս։ Ճանապարհը բաց է։— Կարենը մի հայացքով չափեց աղքատիկ տնակը։— Իմ փողը կբավականացնի երկուսիս։ Աշխարհը մեր ոտքի տակ է, բոլոր զվարճությունները մեզ են սպասում։ Գնա՜նք, գնա՜նք։
Կարենն արդեն Դևիդի գրկում էր․ նա ամբողջ մարմնով դողում էր․ Դևիդը նրան ավելի ամուր սեղմեց։ Հետո վեր կացավ․․․ բայց այդ պահին գերանաշար հաստ պատերի միջից հազիվ լսելի ձայնով նրա ականջին հասան սոված շների գռմռոցը, և նրանց սաստող Վինափիի կտրուկ կանչերը։ Եվ հանկարծ մի ուրիշ պատկեր կանգնեց նրա առջև։ Գոտեմարտ անտառում․․․ ջարդված թաթերով մի հսկայական, սարսափելի գրիզլի․․․ շների կաղկանձ և նրանց արջի վրա քսի տվող Վինափիի խլացուցիչ ճիչերը․․․ Եվ հենց ինքը գոտեմարտի մեջ շնչակտուր, ուժասպառ, փորձում է բոսորագույն մահը վանել իրենից․․․ Փշրված ողնաշարով, ճղված փորով շները ոռնում են անզոր տրտնջանքի մեջ, թավալվելով ձյան վրա, որի կուսական սպիտակությունը կարմրում է՝ պիղծ մարդու և գազանի արյունով․․․ արջը գազազած է և անհաղթահարելի, ահա հիմա կկտրի իրեն՝ Փեյնին կյանքի հետ կապող վերջին թելը։ Եվ, վերջապես, Վինափին՝ թափթփված մազերով, փայլատակող աչքերով մարմնացած կատաղություն, այդ հրեշավոր մենամարտի ամենաթունդ պահին նորից ու նորից որսորդական երկար դանակը խրում է գազանի մարմնի մեջ․․․ Քրտինքը պատեց Փեյնի ճակատը։ Նա թափ տվեց իրեն գրկած կանացի ձեռքերը և, օրորվելով, գնաց դեպի պատը։ Ու Կարենը հասկանալով, որ վճռական պահը եկել է, բայց չկարողանալով կռահել, թե ինչ է տեղի ունենում նրա մեջ, զգաց, որ այն ամենը, ինչին ինքր հասել էր, հեռանում է իրենից։
― Դե՜յվ, Դե՜յվ,― բացականչեց նա։— Ես քեզ չե՛մ տա ուրիշի։ Չե՛մ տա։ Եթե դու չես ուզում հեռանալ այստեղից, մենք կմնանք։ Ես կմնամ քեզ հետ։ Դու աշխարհում ամեն ինչից թանկ ես ինձ համար։ Ես իսկական հյուսիսային կին կլինեմ քեզ համար։ Ես կեփեմ, կթխեմ, կկերակրեմ քո շներին, քեզ համար կածան կբացեմ, քեզ հետ կթիավարեմ։ Ես ամեն ինչ կարող եմ անել։ Հավատա՛, ես ուժեղ եմ։
Դևիդը հիմա չէր էլ կասկածում դրանում՝ նայելով Կարենին ու ետ մղելով իրենից, բայց նրա դեմքը մռայլվեց, դարձավ անողոք, իսկ աչքերը՝ սառցի պես պաղ։
— Ես Պիեռի ու նրա մարդկանց հաշիվները կփակեմ և ազատ կարձակեմ։ Ես, միևնույն է, կմնամ քեզ հետ, քահանան կօրհնի մեր ամուսնությունը, թե՝ ոչ, միևնույն է, ես անմիջապես կգամ քեզ հետ, ուր որ ուզում ես։ Դե՜յվ, Դե՞յվ։ Լսիր ինձ։ Դու ասում ես, թե այն ժամանակ ես մեղք եմ գործել քո հանդեպ, և դա ճիշտ է։ Թող որ ուրեմն ուղղեմ այդ, մեղքս քավեմ։ Ես այն ժամանակ չէի կարող ճիշտ գնահատել սերը, այժմ ես սովորել եմ, ա՛յ կտեսնես։
Նա ընկավ հատակին և հեկեկալով՝ գրկեց Դևիդի ծնկները։
— Եվ չէ՛ որ դու ինձ սիրում ես, սիրո՜ւմ ես։ Ապա մի մտածիր, քանի՜ տարի եմ սպասել ու տանջվել։ Դու այդ չես հասկանա․․․
Դևիդր կռացավ ու բարձրացրեց նրան։
— Լսեցեք,— վճռականորեն ասաց նա, դուռը բացելով և Կարենին գրեթե ուժով դուրս հանելով տնակից։— Դա անհնարին է։ Այստեղ պետք է մտածել ոչ միայն մեր երկուսի մասյին։ Դուք պետք է հեռանաք։ Բարի ճանապարհ ձեզ։ Ճանապարհը Վաթսուներորդ Մղոնից սկսած կդժվարանա, բայց դուք հիանալի անձնակազմ ունեք, նա գլուխ կբերի։ Եկեք հրաժեշտ տանք իրար։
Կարենն արդեն տիրապետել էր իրեն, բայց և այնպես Դևիդին ուղղված նրա աչքերի մեջ հուսո մի վերջին, թույլ կրակ առկայծեց։
— Իսկ եթե․․․ եթե Վինափին․․․— նրա ձայնը դողաց, ու նա խոսքը չավարտեց։
Բայց Դևիդը հասկացավ, թե նա ինչ էր ուզում ասել։
— Այո՛,— պատասխանեց նա։ Եվ անմիջապես, այդ հրեշավոր մտքից ապշած, շարունակեց․— այդ մասին մտածելն ավելորդ է։ Բոլորովին անհավատալի։ Դրա վրա չպետք է հույս դնել։
— Համբուրեցեք ինձ,— շշնջաց Կարենը՝ բորբոքվելով։ Հետո շրջվեց ու հեռացավ։
— Ճամբարը հանեցեք, Պիեռ,— ասաց նա ուղեկցորդին, որը մենակ նստել էր արթուն՝ սպասելով տիրուհու վերադարձին։— Մենք պետք է գնանք։
Պիեռի սուր աչքերը խարույկի լույսի տակ ցավ նշմարեցին Կարենի դեմքի վրա, բայց նա տարօրինակ հրամանը լսեց այնպես, կարծես ոչ մի արտասովոր բան չկար դրանում։
— Լա՛վ, տիկին,— հանգիստ ասաց նա։— Ո՞ւր։ Դեպի Դոուսո՞ն։
— Ոչ,— պատասխանեց տիրուհին գրեթե անկաշկանդ։— Գետի հոսանքով վերև, դեպի հարավ։ Դայա։
Եվ Պիեռր հարձակվեց իր մարդկանց վրա, որոնք վերմակների մեջ փաթաթված քնել էին, ճիպոտով ու հայհոյանքով ոտքի հանեց նրանց ու ստիպեց աշխատանքի անցնել։ Նրա ականջ ծակող, պահանջկոտ կանչերը տարածվում էին ճամբարով մեկ։ Միսիս Սեյզերի թեթև վրանը անմիջապես հանվեց, ամաններն ու թավաները հավաքվեցին, վերմակները ծալվեցին, և մարդիկ, բեռան ծանրության տակ օրորվելով, շարժվեցին դեպի նավակը։ Միսիս Սեյզերը ափին կանգնած սպասում էր մինչև բեռները կբարձեն և իր համար հարմար տեղ կսարքեն։
— Մենք կշրջանցենք կղզին,— բացատրում էր նրան Պիեռը՝ թափահարելով բուքսիրի երկար պարանը։— Հետո կշարժվենք վտակով, այնտեղ հոսանքը դանդաղ է։ Կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի։
Պիեռի սուր ականջը որսաց անցյալ տարվա չոր կանաչի խշրտոցը ինչ֊որ մեկի արագ քայլերի տակ, և նա ետ նայեց։ Նրանց էր մոտենում հնդկացուհին՝ գազազած շներով շրջապատված։ Միսիս Սեյզերն անմիջապես նկատեց, որ նրա դեմքը, որը իրենց տնակում եղած ամբողջ ժամանակ անտարբեր էր մնացել, այժմ կենդանացել էր ու վառվում էր զայրույթով։
— Դուք ի՞նչ արեցիք իմ ամուսնուն,— կարճ հարցրեց Վինափին։— Նա պառկած է մահճակալին, նրա դեմքր բոլորովին վատ է։ Ես ասում եմ. «Ի՞նչ է պատահել քեզ, Դեյվ։ Հիվա՞նդ ես»։ Բայց նա ոչինչ չի ասում։ Հետո ասում է. «Դու լավն ես, Վինափի, դու գնա։ Ես շուտով կառողջանամ»։ Ի՞նչ արեցիք իմ ամուսնուն... Ես կարծում եմ, դուք վատ կին եք։
Միսիս Սեյզերը հետաքրքրությամբ նայում էր այդ վայրենուհուն, որը մնում է Դևիդի հետ, այն դեպքում, երբ ինքը, ինքը պետք է մենակ գնա դեպի գիշերային խավարը։
— Ես կարծում եմ դուք վատ կին եք,— կրկնեց Վինափին։ Նա դանդաղ, մեկ առ մեկ ընտրում էր իրեն խորթ լեզվի օտար բառերը։— Ես կարծում եմ՝ ավելի լավ է դուք հեռանաք։ Այլևս չգաք։ Դուք ինչպե՞ս եք կարծում։ Ես մի ամուսին ունեմ։ Ես հնդկացուհի եմ։ Դուք ամերիկուհի եք։ Դուք գեղեցիկ եք։ Դուք շատ տղամարդիկ կգտնեք։ Ձեր աչքերը կապույտ են երկնքի նման։ Ձեր մաշկն այնքան սպիտակ է, փափուկ։
Վինափին ձեռքը բարձրացրեց և բրոնզե մատով շոշափեց ամերիկուհու քնքուշ այտը։ Փառք ու պատիվ Կարեն Սեյզերին. նա նույնիսկ չշարժվեց։ Պիեռը անվճռականորեն ուզում էր մոտենալ նրան, բայց Կարենը հեռու մնալու նշան արեց՝ թեև ներքուստ երախտագիտությամբ լցվեց դեպի նա։
— Պիեռ,— ասաը Կարենը։— Գնացեք, խնդրում եմ։
Պիեռը հարգալից ետ գնաց, որպեսզի նրանց խոսակցությունը լսի և կանգ առավ, քթի տակ ինչ֊որ բան փնթփնթալով ու հաշվելով, թե իրեն քանի ոստյուն է բաժանում նրանցից։
— Սպիտակ, փափուկ, ինչպես փոքրիկ երեխա:— Վինափին շոշափեց միսիս Սեյզերի մյուս այտը և ձեռքը իջեցրեց։— Շուտով մոծակներ կգան։ Մաշկի վրա բծեր կառաջանան, կցավեն, փուչիկներ կլինեն՝ հուո՜ւ, ինչպիսի փուչիկներ։ Կցավեն, հուո՜ւ, այն էլ ինչպե՜ս։ Շա՜տ մոծակներ, շա՜տ փուչիկներ։ Ես կարծում եմ ավելի լավ է հեռանաք հիմա, քանի դեռ մոծակներ չկան։ Ահա այս ճանապարհը,— նա ցույց տվեց հոսանքով ներքև,— դեպի Սենտ֊Մայքլ։ Մյուս ճանապարհը,— և նա ցույց տվեց հոսանքով վերև,— դեպի Դայա։ Դուք, ավելի լավ է, Դայա գնաք։ Մնաք բարով։
Այն, ինչ հետո արեց միսիս Սեյզերը, անչափ զարմացրեց Պիեռին։ Նա հանկարծ գրկեց հնդկացուհուն, համբուրեց ու լաց եղավ։
— Լա՛վ նայիր նրան,— բացականչեց նա։— Լա՛վ նայիր։
Հետո վազեց ներքև, դեպի գետը, ապա ետ դառնալով, ձայն տվեց՝ «Մնաս բարո՜վ» , ու թռավ նավակի մեջ։ Պիեռը հետևեց նրան ու նավակը ետ հրեց ափից։ Նա վերցրեց ղեկաթին ու նշան արեց։ Լեգուարը ֆրանսիական մի հին երգ սկսեց, կանադացիները աստղերի աղոտ լույսի տակ, ինչպես ուրվականների շարաններ, կռանալով, շարժվեցին ափի երկայնքով․ պարանը ձգվեց, թիակը խրվեց սև ջրի մեջ, և նավակն անհետացավ գիշերային խավարում։