Մարտին Իդեն, Գլուխ XXXI

Գրապահարան-ից
11:46, 26 Ապրիլի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXX Մարտին Իդեն, Գլուխ XXXII ▶

 Մարտինը պատահմամբ հանդիպեց Բրոդվեյում իր քրոջը՝ Գերտրուդային․ այդ հանդիպումը շատ ուրախալի էր և միաժամանակ տխուր։ Անկյունում տրամվայի սպասելիս՝ Գերտրուդան առաջինը տեսավ Մարտինին և նկատեց նրա դեմքի նիհարությունը և աչքերի հուսահատ ու տանջված արտահայտությունը։ Եվ իրոք Մարտինը հուսահատ ու անհանգիստ էր։ Նա նոր էր վերադարձել ապարդյուն խոսակցությունից վաշխառուի հետ, որից ուզում էր լրացուցիչ փոխառություն վերցնել հեծանվի դիմաց։ Աշնան մռայլ օրերն էին վրա հասել, և Մարտինն արդեն բավական ժամանակ է, ինչ գրավ էր դրել հեծանիվը, իսկ սև կոստյումը պահել էր իր մոտ։

— Չէ՞ որ դուք սև կոստյում էլ ունեք,— պատասխանել էր վաշխառուն, որը գիտեր Մարտինի ունեցած բոլոր իրերը,— թե՞ դուք արդեն դա գրավ եք դրել հրեա Լիպկեի մոտ։ Եթե դուք իրոք...

Նա այնպես սպառնալից նայեց Մարտինին, որ սա շտապեց բացականչել․

— Ո՛չ, ո՛չ, կոստյումն ինձ մոտ է. բայց ես կուզենայի դա հագնել մի գործի առնչությամբ։

— Շատ բարի,— պատասխանեց փոքր֊ինչ փափկած վաշխառուն․— բայց ինձ էլ է հարկավոր գործի համար, և մինչև չբերեք այդ, ես ձեզ չեմ կարող ավելի դրամ տալ։ Մի կարծեք, թե ես այդ գործով զբաղվում եմ պարզապես զվարճանալու համար։

— Իմ հեծանիվը քառասուն դոլլարանոց հեծանիվ է և ոչ մի պակասություն չունի,— առարկեց Մարտինը․— իսկ դուք նրա դիմաց ինձ տվել եք միայն յոթ դոլլար. ո՛չ, մինչև անգամ յոթ դոլլար էլ չէ, այլ վեց և մի քառորդ դոլլար, դուք սկզբից եք վերցրել տոկոսը։

— Եթե ուզում եք ավելի դրամ ստանալ, բերեք կոստյումը,– պատասխանեց վաշխառուն, որից հետո Մարտինը հեռացավ խեղդուկ օդով համակված նրա որջից այնպիսի հուսահատությամբ, որն անդրադարձել էր նրա դեմքին և կարեկցություն արթնացրել քրոջ սրտում։

Նրանք հազիվ էին ողջունել իրար, երբ մոտեցավ Տելեգրաֆ֊ավենյու տանող տրամվայը։ Մարտինը բռնեց Գերտրուդայի ձեռքը՝ օգնելով նրան բարձրանալ վագոն։ Քույրը հասկացավ, որ Մարտինը չի նստելու տրամվայ, շուռ եկավ և վագոնի աստիճանից նայեց նրան։ Մարտինի տանջված դեմքը դարձյալ ճմլեց նրա սիրտը, նրա աչքերը փոս էին ընկել։

— Չե՞ս գա՝ գնանք,— հարցրեց քույրը։

Եվ անմիջապես իջավ տրամվայից ու սկսեց քայլել նրա կողքով։

— Ես միշտ ոտքով եմ գնում, գիտե՞ս, մարմնամարզության համար,— բացատրեց նա։

— Այդ դեպքում ես էլ մի քիչ կքայլեմ քեզ հետ,— ասաց Գերտրուդան,— թերևս գա օգտակար լինի ինձ համար։ Վերջին օրերս այնքան էլ լավ չեմ։

Մարտինը նայեց քրոջը և համոզվեց դրանում՝ տեսնելով նրա անխնամ արտաքինը, անառողջ չաղությունը, թուլացած ուսերը, հոգնած դեմքը՝ կախ ընկած խորշոմներով, ծանր ոտքերի փայտացած քայլվածքը, որը նախկինում առողջ և ուրախ աղջկա ճկուն առույգ քայլվածքի ծաղրանկարն էր։

— Ավելի լավ է այստեղ սպասես տրամվայի,— ասաց Մարտինը, երբ նրանք հասան հաջորդ կանգառին։ Նա նկատեց, թե ինչպես Գերտրուդան շնչասպառ է լինում։

— Տեր ողորմյա՜, իսկապես որ հոգնեցի,— ասաց նա։— Բայց վատ չէր լինի, որ դու էլ տրամվայ նստեիր։ Ինչպե՞ս կարելի է, Մա՛րտ, քայլել այնպիսի կոշիկներով, որոնց ներբանն այնքան բարակ է, որ կմաշվի մինչև հյուսիսային Օքլենդ հասնելդ։

— Ես մի զույգ ավելի լավ կոշիկ ունեմ տանը,— պատասխանեց Մարտինը։

— Վաղը ճաշին արի մեզ մոտ,— հրավիրեց նրան Գերտրուդան անկապ.— միստր Հիդգինբոթամը տանը չի լինելու. Սան֊Լեանդրո է գնալու գործով։

Մարտինը բացասաբար շարժեց գլուխը, բայց չկարողացավ թաքցնել իր աչքերում երևացած ագահ փայլը, երբ տրվեց ճաշի անունը։

— Դու ոչ մի պեննի չունես մոտդ, Մա՛րտ, դրա համար էլ ոտով ես գնում։ Մարմնամարզություն, ինչպես չէ՜․․․

Գերտրուդան փորձեց արհամարհանքով փնչացնել, բայց կարողացավ միայն շունչ քաշել։

— Ահա՛, վերցրու։

Եվ Գերտրուդան հանեց իր պայուսակից ու Մարտինի ձեռքը դրեց հինգ դոլլարանոց մի դրամ։

— Ես մոռացել էի, որ վերջերս քո ծննդյան տարեդարձն էր,— մրմնջաց քույրը անհամոզիչ շեշտով։

Մարտինը բնազդաբար սեղմեց իր ձեռքում մետաղադրամը։ Նույն պահին նա զգաց, որ չպետք է ընդունի այդ, բայց վարանեց։ Այդ մետաղադրամը նշանակում էր կերակուր, կյանք, իր մարմնի և ուղեղի լուսավորում, ստեղծագործ ուժի աճ, և, ի՞նչ իմանաս, թերևս և ուժ՝ գրելու այնպիսի մի բան, որ իրեն կբերի այդպիսի շատ մետաղադրամներ։ Նրա աչքի առաջ պատկերացան դեռ նոր ավարտած երկու հոդվածները, որոնք ընկած էին վերադարձված գրվածքների կույտի գլխին, և որոնք նա չէր կարողացել ուղարկել փոստանիշի դրամ չունենալու պատճառով։ Նրա աչքին պատկերացան այդ հոդվածների տպագրված վերնագրերը «հրաշալի քուրմերը» և «Գեղեցկության օրրանը»։ Նա դեռ ոչ մի տեղ չէր ուղարկել դրանք, բայց գիտեր, որ դրանք այդ գրվածքներից ամենալավերն են․ միայն թե կարողանար փոստանիշներ գնել։ Հաջողության վստահությունը հանկարծ համակեց նրան, և արագ շարժումով նա իր գրպանը դրեց մետաղադրամը։

— Ես քեզ կվերադարձնեմ դրա հարյուրապատիկը, Գերտրուդա,— ասաց նա դժվարությամբ, որովհետև ջղաձգությունը սեղմում էր նրա կոկորդը, իսկ աչքերում փայլեցին արտասուքի շիթերը։— Մի՛ մոռանա իմ խոսքը,— բացականչեց նա հանկարծ արտասովոր վստահությամբ։— Մի տարի չանցած ես կբերեմ քեզ հարյուր հատ այդպիսի կլորիկ դրամներ։ Կարող ես ինձ չհավատալ, պետք է միայն սպասես։ Այն ժամանակ կտեսնենք։

Գերտրուդան չէր էլ մտածում հավատալու մասին․ նա իրեն զգաց անհարմար դրության մեջ։ Մի պահ լռելուց հետո ասաց․

— Գիտեմ, որ դու սոված ես, Մա՛րտ․ դա գրված է քո դեմքին։ Ճաշի արի, երբ կուզես։ Երբ միստր Հիգդինբոթամը գործի գնալու լինի, կիմացնեմ քեզ․ երեխաներից որևէ մեկը միշտ էլ կարող է գալ քեզ մոտ իմաց տալու։ Եվ, Մարտ...

Մարտինը սպասեց, թեև նախօրոք գիտեր, թե ինչ է ասելու իր քույրը, որովհետև նրա մտածողության ընթացքը բավականաչափ պարզ էր։

— Չե՞ս կարծում, արդյոք, որ ժամանակն է աշխատանքի մտնելու։

— Դու է՞լ ես կարծում, որ ես նպատակիս չեմ հասնի,— հարցրեց նա։

Գերտրուդան շարժեց գլուխը։

— Ոչ ոք չի հավատում, Գերտրո՛ւդա, ինձանից բացի։— Նա այդ ասաց ինչ֊որ կրքոտ մի ցասումով․— բայց ես լավ բաներ արդեն շատ եմ գրել, որոնց համար վաղ թե ուշ դրամ կստանամ։

— Իսկ դու ի՞նչ գիտես, թե դրանք լավն են։

— Նրա համար, որ...— գրականության և գրականության պատմության մասին բոլոր գիտելիքները հանկարծ կենդանացան նրա ուղեղում, բայց նա հասկացավ, որ զուր է փորձել բացատրել քրոջը, թե ինչի վրա է հիմնվում իր ինքնավստահությունը։— Որովհետև իմ պատմվածքներն ավելի լավ են, քան մամուլում տպվածների իննսունինը տոկոսը։

— Այնուամենայնիվ լսիր մարդկանց խելացի խորհուրդները,— ասաց Գերտրուդան, որը հաստատ համոզված էր, որ ճիշտ է հասկանում նրա հիվանդությունը։— Այո՛, լսիր, այդ խելացի խորհուրդները,— կրկնեց նա,–— իսկ վաղը եկ ճաշի։

Մարտինը նրան նստեցրեց տրամվայ և, վազելով փոստատուն, երեք դոլլարի փոստանիշներ գնեց։ Քիչ հետո, Մորզերի տունը գնալիս, նա մտավ փոստի բաժանմունք և ուղարկեց բազմաթիվ հաստ ծրարներ՝ վատնելով բոլոր փոստանիշները, երեք հատ երկու պեննիանոցներից բացի։

Դա նշանակալի երեկո էր Մարտինի համար, որովհետև այդ երեկո նա ծանոթացավ Ռես Բրիսենդենի հետ։ Թե ինչպես էր Բրիսենդենը եկել Մորզերի մոտ և ով էր բերել նրան այդտեղ, Մարտինն այնպես էլ չիմացավ։ Նա մինչև անգամ չհետաքրքրվեց հարցնել Ռութին այդ մասին, որովհետև Բրիսենդենը նրան թվաց դժգույն և անհետաքրքիր անձնավորություն։ Մի ժամ հետո Մարտինը եզրակացրեց, որ նա, բացի այդ, նաև տգետ է․ Ռեսը բոլորովին առանց քաշվելու շրջում էր մի սենյակից մյուսը, դիտում էր նկարները և քիթը կոխում սեղաններին և դարակներում դարսված գրքերի ու հանդեսների մեջ։ Վերջում, ուշադրություն չդարձնելով ներկաների վրա, ձգվեց բազկաթոռին, կարծես իր տանը լիներ, գրպանից ինչ֊որ գրքույկ հանեց և սկսեց կարդալ։ Կարդալիս նա շարունակ ձեռքի արագ շարժումով խառնում էր մազերը։ Դրանից հետո Մարտինը մոռացավ Բրիսենդենին և հիշեց միայն երեկույթի վերջին, երբ տեսավ նրան երիտասարդ կանանց շրջանում՝ ըստ երևույթին մեծ հաջողությամբ խոսակցելիս նրանց հետ։

Տուն գնալիս Մարտինը փողոցում, ճամփի կեսին հասավ Բրիսենդենին։

— Հելլո՛, այդ դո՞ւք եք,— հարցրեց Մարտինը։

Բրիսենդենը մրթմրթաց ոչ շատ սիրալիր մի բան, բայց և այնպես քայլեց նրա կողքով։ Մարտինն այլևս չփորձեց զրուցել նրա հետ, և այդպես նրանք լուռ անցան մի քանի թաղ։

— Ինքնաբավական պառավ է՛շ։

Այդ բացականչության անսպասելիությունը և ուժգնությունը ապշեցրին Մարտինին։ Նրա ծիծաղն եկավ, բայց միաժամանակ զգաց Բրիսենդենի նկատմամբ ավելի մեծ տհաճություն։

— Ինչո՞ւ եք այդպիսի տեղում քարշ գալիս,— լսեց Մարտինը հանկարծ՝ մի թաղ ևս լուռ քայլելով նրա հետ։

— Իսկ դո՞ւք,— հարցրեց Մարտինն իր հերթին։

— Մեռնեմ, եթե գիտեմ, թե ինչո՛ւ,— պատասխանեց Բրիսենդենը։— Ես առաջին անգամ եմ լինում այնտեղ։ Վերջ ի վերջո օրը քսանչորս ժամ է, պետք է մի կերպ անցկացնել ժամանակը։ Գնա՛նք, խմենք։

― Գնա՛նք,— պատասխանեց Մարտինը։

Հաջորդ րոպեին նա կշտամբեց իրեն, որ պատրասաակամությամբ ընդունեց նրա առաջարկը։ Տանը նրան սպասում էր մի քանի ժամվա «արհեստավորական» աշխատանք, բացի այդ նա վճռեց անկողնում կարդալ Վայսմանի գրքույկը, ինչպես և Հերբերթ Սփենսերի ինքնակենսագրությունը, որ կարդում էր ավելի մեծ հետաքրքրությամբ, քան որևէ վեպ։ Ինչո՞ւ պետք է ժամանակ վատնեմ այս մարդու հետ, որին չեմ հավանում, մտածեց Մարտինը։ Սակայն նրան գրավեցին ոչ այնքան այդ մարդն ու խմիչքը, որքան խմիչքի հետ կապված բաները՝ վառ լույսերը, հայելիները, գավաթների զնգոցն ու փայլը, կարմրատակած դեմքերն ու բարձր ձայները։ Այո, ուրախ և անհոգ մարդկանց ձայները, այն մարդկանց, որոնք կյանքում հաջողություն են ձեռք բերել և կարող են թեթև սրտով դրամ ծախսել խմիչքի վրա։ Մարտինը մենակ էր, հենց դրանում էլ կայանում էր նրա դժբախտությունը։ Այդ պատճառով էլ նա ուրախությամբ ընդունեց միստր Բրիսենդենի առաջարկը։ Այն ժամանակ, երբ Մարտինը հեռացել էր «Տաք աղբյուրներից» և բաժանվել Ջոյից, ոչ մի անգամ չէր եղել գինետանը՝ բացի այն դեպքից, երբ նրան հյուրասիրեց փորթուգալացի խանութպանը։ Մտավոր հոգնածությունն այնքան չի պահանջում ալկոհոլով կազդուրվել, որքան ֆիզիկական հոգնածությունը, և Մարտինը չէր տարվում ոգելից խմիչքներով։ Բայց հիմա նա ցանկացավ խմել, ավելի ճիշտ՝ գտնվել աղմկոտ մթնոլորտում, ուր խմում են, բղավում և քրքջում։ Հենց այդպիսի գինետուն էր «Անձավը»։ Բրիսենդենն ու Մարտինը, ընկողմանած կաշվե հանգստավետ բազկաթոռներում, սկսեցին ծծել շոտլանդական վիսկի սոդայաջրով։

Նրանք զրույցի բռնվեցին. խոսում էին զանազան բաների մասին և զրույցն ընդհատում էին միայն նրա համար, որ հերթով նոր բաժին պատվիրեն։ Մարտինը, որը արտասովոր տոկունություն ուներ խմիչքի գործածության մեջ, չէր կարողանում չզարմանալ իր բաժակակցի դիմացկունությանը։ Սակայն նա ավելի էր զարմանում նրա արտահայտած մտքերին։ Շուտով Մարտինն եկավ այն համոզման, որ Բրիսենդենը գիտե ամեն բան, և որ նա երկրորդ իսկական ինտելիգենտն է, որ պատահում է իր ճանապարհին։

Սակայն Մարտինը նկատեց, որ Բրիսենդենը ունի նաև այնպիսի հատկություններ, որոնք պակասում են պրոֆեսոր Քոլդուելին, այն է՝ ներքին հուր, անսովոր խորաթափանց միտք, արագ ըմբռնողություն և մտքի թռիչքի առանձնահատուկ ազատություն։ Նա հիանալի էր խոսում։ Նրա բարակ շրթունքներից երբեմն դուրս էին գալիս հատու, կարծես մեքենայով ձևված ու դրվագված նախադասություններ, որոնք ծակում ու կտրում էին. իսկ անմիջապես հետո հաջորդում էին թավշային քնքուշ բառեր, պատկերավոր, ներդաշնակ և հյութեղ արտահայտություններ, որոնք արտացոլում էին կյանքի անհասկանալի խորհուրդն ու գեղեցկությունը։ Մերթ նրա խոսքը հնչում էր որպես մարտական շեփոր, որ հրավիրում է դեպի տիեզերական պայքարի փոթորիկն ու որոտը, արտասանում էր արծաթի նման ջինջ նախադասություններ, որոնք փայլում էին աստղային տարածությունների շողի պես հակիրճ ու հստակ ձևակերպելով գիտության նվաճումների ճշմարտությունները, միաժամանակ ասում էր և ավելին, բանաստեղծի խոսքը՝ համակված այն վեհ ու անըմբռնելի բանով, որը չի կարելի արտահայտել բառերով, բայց կարելի է զգացնել այդ բառերի առաջացրած նուրբ ու բարդ ասոցիացիաներով։ Նրա մտահայացքը թափանցում էր հեռավոր, մարդկային փորձին անմատչելի մարզեր, որոնց մասին, թվում էր, չի կարելի պատմել սովորական լեզվով։ Բայց խոսելու իրոք մոգական արվեստն օգնում էր նրան ներդնել սովորական բառերի մեջ անսովոր նշանակություններ, որոնք չէին հասկանա միջակ մտքերը, բայց որոնք մոտ ու հասկանալի էին Մարտինին։

Մարտինը շուտ մոռացավ իր սկզբնական տհաճությունը Բրիսենդենի նկատմամբ։ Նրա առաջ նստած էր լավագույն մարմնացումն այն ճշմարտության, որի մասին խոսում էին գրքերը։ Ահա կենդանի տիպարն այն մտածող մարդու, որի իդեալը հղացել էր Մարտինը։ Նա կրկին ու կրկին ասում էր իր մտքում՝ հիացած լսելով իր խոսակցին․ «Ես քո ոտի ցեխը չարժեմ»։

— Ակներև է, որ դուք ուսումնասիրել եք կենսաբանությունը,— բացականչեց Մարտինը՝ նկատելիորեն ակնարկելով, որ ինքը ծանոթ է այդ գիտությանը։

Մարտինը զարմացավ, երբ նա բացասաբար շարժեց գլուխը։

— Բայց դուք ասում եք այնպիսի ճշմարտություններ, որոնք կարող են հիմնավորվել միայն կենսաբանությամբ,— պնդեց Մարտինը՝ արժանանալով Բրիսենդենի ապշահար հայացքին։— Ձեր եզրակացությունները համընկնում են այն գրքերի կարծիքների հետ, որ դուք կարդացած կլինեք։

— Շատ ուրախ եմ՝ լսելով այդ,— պատասխանեց Բրիսենդենը,— որ իմ հարևանցի գիտելիքներն ինձ հնարավորություն կտան կրճատելու իմ ճամփան դեպի ճշմարտությունը. դա շատ հուսադրիչ է։ Բայց ես բնավ հետամուտ չեմ իմանալու, իրավացի՞ եմ, թե ոչ․ ամեն պարագայում դա նշանակություն չունի։ Մարդ երբեք չի կարող իմանալ բացարձակ ճշմարտությունը։

― Դուք Սփենսերի աշակերտն եք,— բացականչեց Մարտինը հանդիսավորությամբ։

— Իմ պատանեկությունից հետո ես չեմ կարդացել Սփենսերին, իսկ այն ժամանակ կարդացել եմ միայն նրա «Դաստիարակությունը»։

— Ես կուզենայի գիտելիքներ ձեռք բերել նույնպիսի հեշտությամբ,– ասաց Մարտինը կես ժամ հետո, երբ հանգամանորեն վերլուծել էր Բրիսենդենի մտավոր ամբողջ բագաժը։— Դուք իսկական դոգմատիկ եք, և դա է ամենազարմանալին։ Դուք դավանաբանորեն սահմանում եք ամենավերջին փաստերը, որ գիտությունը կարողացել է սահմանել միայն a posteriori խորհրդածություններով։ Դուք ուղղակի տեղնուտեղը, հանում եք ուղիղ եզրակացություններ։ Իհարկե, ձեր կրթությունն իրոք բավական մակերեսային է, բայց դուք լույսի արագությամբ եք անցնում դեպի գիտելիքները տանող ճանապարհը և ինչ-որ գերբնական միջոցով եք հասնում ճշմարտությանը։

— Այո, հենց դա էլ շարունակ շվարեցնում էր իմ ուսուցիչներին՝ հայր Ջոզեֆին և եղբայր Դետտոնին,— պատասխանեց Բրիսենդենը և ավելացրեց,— օ՜, ո՛չ․ ես ինձանից ոչինչ չեմ ներկայացնում։ Պարզապես, շնորհիվ բարեբաստիկ դիպվածի, վաղ հասակից ընկել եմ կաթոլիկների քոլեջը։ Իսկ դո՞ւք որտեղ եք կրթություն ստացել։

Պատմելով նրան իր մասին՝ Մարտինը միաժամանակ ուշադիր զննում էր Բրիսենդենի արտաքինը, նրա երկար ու նիհար դեմքի արիստոկրատական նուրբ գծերից սկսած մինչև կախ ուսերն ու կողքի աթոռին դրած նրա վերարկուն՝ գրքերով լի գրպաններով։ Բրիսենդենի դեմքն ու բարակ ձեռքերը արևից կիզված էին, ծայրահեղորեն կիզված, ինչպես թվաց Մարտինին։ Այդ արևայրուքն ապշեցրեց Մարտինին։ Դժվար թե Բրիսենդենը լիներ դուրսը, ազատ օդում ապրող մարդ։ Հապա ինչի՞ց է առաջացել այդ արևայրուքը։ Դա, որպես հիվանդագին ու նշանակալից մի երևույթ, հանգիստ չէր տալիս Մարտինին և այն ժամանակ, երբ նա նորից սկսեց ուսումնասիրել նրա դեմքը՝ նեղ ու վտիտ երեսը, ցցված այտոսկրերով և այնպիսի քնքուշ ու բարակ քթով, որի նմանը Մարտինը դեռ չէր տեսել։ Նրա աչքերի ճեղքվածքը նշանակալից ոչինչ չուներ։ Դրանք ոչ մեծ էին, ոչ էլ փոքր, ինչ-որ շագանակագույն, բայց նրանց մեջ վառվում էր մի զարմանալի հուր, ավելի շուտ՝ նրանց մեջ թաքնված էր երկակի տարօրինակորեն հակասական արտահայտություն։ Լինելով գրգռիչ անզուսպ, մինչև անգամ տհաճ, այդ նայվածքը միաժամանակ կարեկցություն էր առաջացնում։ Մարտինն անչափ խղճում էր Բրիսենդենին, չգիտես ինչու։ Նա շուտով հասկացավ, թե որտեղից է առաջանում այդ զգացումը։

— Չէ՞ որ ես թոքախտավոր եմ,— հայտարարեց Բրիսենդենը՝ պատմելով այն մասին, որ նոր է եկել Արիզոնայից։— Ես մի երկու տարի եղել եմ այնտեղ, կլիմայական բուժման կուրս եմ անցել։

— Հիմա չե՞ք վախենում ապրել մեր կլիմայում։

— Վախենո՞ւմ։

Նա պարզապես կրկնեց Մարտինի արտասանած բառը՝ առանց առանձին նշանակության. բայց Մարտինը նրա ճգնավորական դեմքին կարդաց, որ նա աշխարհում ոչնչից չի վախենում։ Նրա աչքերը նեղացան՝ նմանվելով արծվի աչքերին, քթածակերը փքվեցին, դեմքը ստացավ գրգռիչ, վճռական, ագրեսիվ արտահայտություն։ Մարտինի սիրտը տրոփեց՝ այդ մարդու նկատմամբ զգացած հիացումից։ «Որքա՜ն լավն է նա», մտածեց և ապա բարձրաձայն արտասանեց.

Մոլեգին բախտի հարվածների տակ
Չեմ թեքի ճակատն իմ արյունլվա։

― Դուք սիրո՞ւմ եք Հենլիին,— հարցրեց Բրիսենդենը, և նրա աչքերի արտահայտությունը միանգամից դարձավ քնքուշ ու փաղաքշական։— Իհարկե, կարո՞ղ է պատահել, որ դուք նրան չսիրեք։ Ա՜խ, Հենլի, ազնիվ հոգի։ Նա կանգնած է ժամանակակից հանգաստեղծների՝ հանդեսների հանգաստեղծների միջև այնքան բարձր, ինչքան սուսերամարտիկերը՝ ներքինիների մեջ։

― Իսկ դուք չե՞ք սիրում հանդեսները,— զգուշությամբ հարցրեց Մարտինը։

― Իսկ դուք սիրո՞ւմ եք,— գոռաց Բրիսենդենն այնպիսի կատաղությամբ, որ Մարտինը մինչև անգամ ցնցվեց։

― Ես․․․ ես գրում եմ, կամ ավելի շուտ՝ փորձում եմ գրել մամուլի համար,— մրմնջաց Մարտինը։

― Դա կարծես թե լավ է,— ավելի հաշտ ասաց Բրիսենդենը,— դուք փորձում եք գրել, բայց դա ձեզ չի հաջողվում։ Ես գնահատում և հարգում եմ ձեր անհաջողությունը։ Պատկերացնում եմ, թե դուք ի՜ նչ եք գրում։ Ես կիսախուփ աչքերով կարող եմ տեսնել այդ․ դրանց մեջ կա մի թերություն, որի առաջ փակվում են հանդեսների դռները։ Դրանց մեջ կա ներքին խորություն, իսկ մամուլի համար դա չի պահանջվում։ Դրանց հարկավոր է ամեն տեսակ թափթփուկ, և դրանք առատորեն ստանում են այդ, բայց, իհարկե, ոչ ձեզանից։

― Ես չեմ արհամարհում և «արհեստավորական» աշխատանքը,— առարկեց Մարտինը։

― Ընդհակառակը,— Բրիսենդենը կանգ առավ մի պահ և հանդուգն հայացքով չափեց Մարտինի չքավորությունը՝ նրա հին փողկապը, պլպլան թևերը, մաշված մանժետները. հետո երկար դիտեց նրա նիհար, փոս ընկած այտերը։— Ընդհակառակը «արհեստավորական» աշխատանքը արհամարհում է ձեզ, և այնքան համառորեն, որ դուք ոչ մի կերպ հաջողություն չեք գտնի այդ ասպարեզում։ Լսեք, սիրելիս, դուք երևի վիրավորվեք, եթե ձեզ առաջարկեմ, որ մի բան ուտենք։

Մարտինն ակամա կարմրեց, իսկ Բրիսենդենը հաղթականորեն ծիծաղեց։

— Փորը կուշտ մարդը չի վիրավորվում այդպիսի հրավերից,— եզրակացրեց նա։

— Դուք հրեշ եք,— բարկացած գոռաց Մարտինը։

— Ամեն պարագայում ես հո ձեզ չեմ առաջարկել։

— Հապա համարձակվեք փորձել։

— Ա՜յ թե ինչ․ այդ դեպքում ես ձեզ հրավիրում եմ հիմա։

Այդ ասելով Բրիսենդենը կիսով չափ վեր կացավ իր աթոռից, ըստ երևույթին մտադրվելով անմիջապես գնալ ռեստորան։

Մարտինը սեղմեց իր բռունցքները, արյունը խփեց նրա քունքերին։

— Հայտնի օձակեր․ ողջ֊ողջ կուտի նրանց, ողջ֊ողջ կուլ կտա,— բացականչեց Բրիսենդենը՝ կրկնելով օձ կլանող տեղական նշանավոր մի աճպարարի բառերը։

— Ես կարող էի իրոք ողջ-ողջ կուլ տալ ձեզ,— ասաց Մարտինը՝ իր հերթին հանդուգն հայացքն ուղղելով հիվանդությունից հյուծված Բրիսենդենին։

— Միայն թե ես չարժեմ այդ։

— Ոչ թե դուք, այլ միջադեպը չարժե,— ասաց Մարտինը և իսկույն ծիծաղեց սրտաբուխ ծիծաղով։— Խոստովանում եմ, Բրիսենդեն, որ դուք հիմար դրություն ստեղծեցիք ինձ համար։ Որ ես սոված եմ, դա բնական երևույթ է, և դրանում ինձ համար ամոթալի ոչինչ չկա։ Տեսնո՞ւմ եք, մանր պայմանականություններն ու նախապաշարումները ծիծաղելի են ինձ համար, բայց հենց որ դուք բացահայտ ասացիք ճշմարիտ խոսքեր, իրերը կոչեցիք իրենց անուններով, ես իսկույն այդ միևնույն նախապաշարումների ստրուկը դարձա։

— Այո, դուք վիրավորվեցիք,— հաստատեց Բրիսենգենը։

— Ճիշտ է, վիրավորվեցի մի քիչ առաջ։ Գիտե՞ք, դա վաղ պատանեկության նախապաշարումն է։ Ես այդ ժամանակից ի վեր բավական բան եմ սովորել, բայց երբեմն սայթաքում եմ։ Դրանք այդ նախապաշարումների կմախքներն են իմ պահարանում մնացած։

— Բայց հիմա հո փակել եք պահարանի դուռը, այնպես չէ՞։

— Իհարկե։

— Հաստա՞տ։

— Հաստատ։

— Այդ դեպքում գնանք, մի բան ուտենք։

— Գնանք։

Մարտինը փորձեց վճարել վիսկիի և սոդայաջրի համար իր մոտ մնացած վերջին երկու դոլլարը, բայց Բրիսենդենը հրամայեց մատուցողին ետ դնել այդ դրամը սեղանին և վճարեց ինքը։

Մարտինը դժկամությամբ դրեց դրամն իր գրպանը, բայց իսկույն հանգստացավ՝ զգալով իր ուսի վրա Բրիսենդենի ձեռքի փափուկ ու սիրալիր ճնշումը։