Սպանություն Մորգ փողոցում
հեղինակ՝ Էդգար Ալլան Պո |
- Ինչ էին երգում ծովահարսերը կամ
- ինչ անվան տակ էր թաքնվում Աքիլեսը
- կանանց մեջ՝ որքան դժվար հարցեր են
- թվում սրանք, բայց այս դեպքում էլ
- ինչ֊որ լուծում հնարավոր է։
- Սըր Թոմաս Բրաուն[1]
Մեր մտքի, այսպես կոչված վերլուծական ընդունակությունները ինքնըստինքյան դժվար մատչելի են վերլուծության։ Դրանց մասին մենք դատում ենք սոսկ արդյունքներից ելնելով։ Հայտնի է, որ այդ տեսակետից ծայրաստիճան օժտված մարդու համար վերլուծման շնորհքը կենդանի հաճույքի աղբյուր է։ Ինչպես մարզիկն է հրճվում իր ուժով ու ճարպկությամբ և հաճույք գտնում վարժությունների մեջ, որոնք ստիպում են գործի դնել մկանները, այնպես էլ վերլուծող մարդն է հպարտ՝ ցանկացած առեղծվածը մեկնելու իր ունակությամբ։ Յուրաքանչյուր, թեկուզ ամենահասարակ զբաղմունք, որ նրա տաղանդից կայծեր է կորզում, հաճելի է նրան։ Նա անչափ սիրում է հանելուկներ, ռեբուսներ, գաղտնագրեր լուծել, ի հայտ բերելով մի խորաթափանցություն, որ շարքային գիտակցությանը համարյա թե գերբնական է թվում։ Մեթոդի էությամբ ու ոգով ծնված նրա եզրահանգումներն, իրոք հայտնատեսության հրաշքներ են թվում։
Դատելու այդ ունակությունը բավական շահում է մաթեմատիկայով, հատկապես բարձրագույն այն բաժնով զբաղվելուց, որն անօրինաչափորեն և միայն գործողությունների հակադիր բնույթի շնորհիվ է կոչվում վերլուծություն, այսպես ասած par excellence[2] վերլուծություն։ Ընդ որում, հաշվարկելը, հաշվի առնելն ինքնըստինքյան դեռ չի նշանակում վերլուծել։ Օրինակ, շախմատիստը հաշվում է, բայց բոլորովին էլ չի վերլուծում։ Իսկ սա նշանակում է, որ զուտ թյուրիմացության վրա է հիմնված շախմատի, որպես մտքի համար բացառիկ օգտակար խաղի մասին եղած պատկերացումը։ Եվ քանի որ ձեր առջև, ընթերցող, ոչ թե տրակտատ է, այլ սոսկ պատահական մի քանի խորհրդածություն, որոնք նախաբան պիտի հանդիսանան իմ ոչ այնքան սովորական պատմվածքին, ապա առիթից օգտվելով հայտնում եմ, որ շաշկի պարզ խաղը մտածելու շատ ավելի բարձր կարողություն է պահանջում և մտքին առավել բարդ և օգտակար խնդիրներ է առաջարկում, քան կարծեցյալ նրբին շախմատը։ Շախմատի ֆիգուրները հավասարարժեք չեն և դրանց վերագրված են ամենաբազմազան ու քմահաճ քայլեր, և բարդությունը (ինչպես հաճախ պատահում է) սխալ կերպով ընդունվում է որպես խորություն։ Այնինչ, այստեղ ամեն ինչ վճռում է ուշադրությունը։ Բավական է թուլացնել ուշադրությունը, և դուք սխալ եք կատարում, որը և հանգեցնում է սխալի կամ պարտության։ Եվ քանի որ շախմատի քայլերը ոչ միայն բազմազան են, այլ նաև բազմանիշ, ապա սխալ թույլ տալու շանսերը համեմատաբար աճում են, և տասից ինը դեպքում շահում է ոչ թե ավելի ընդունակ, այլ ավելի կենտրոնացած խաղացողը։ Այլ բան է շաշկին, ուր թույլատրվում է միայն մեկ քայլ, սոսկ աննշան տարբերակներով։ Վրիպելու շանսերն այստեղ շատ ավելի քիչ են, ուշադրությունն առանձնահատուկ դեր չի խաղում, և հաջողությունը գլխավորապես կախված է խաղացողի խորաթափանցությունից։ Պարզության համար պատկերացնենք շաշկիի մի պարտիա, ուր մնացել են միայն չորս դամա, և նշանակում է ոչ մի վրիպման մասին խոսք լինել չի կարող։ Ակներև է, որ այստեղ (՛խաղացողների հավասար ուժերի դեպքում) հաղթանակը կախված է հաջող քայլից, անսպասելի և սրամիտ լուծումից։ Այլ հնարավորությունների բացակայության պատճառով վելուծող մարդը ջանում է թափանցել հակառակորդի մտքերի մեջ, իրեն դնում է նրա տեղը և հաճախ մի հայացքից նկատում այն միակ (երբեմն անչափ պարզ) կոմբինացիան, որը կարող է մղել սխալի կամ հանգեցնել վրիպման։
Վաղուց ի վեր վիստը[3] հայտնի է որպես հաշվառելու արվեստի հիանալի դպրոց։ Հայտնի է նաև, որ կարկառուն շատ մտքեր, թվում է, թե անբացատրելի թուլություն են ունեցել վիստի նկատմամբ և արհամարհել շախմատը, որպես պարապ զբաղմունք։ Իրականում ուրիշ ոչ մի խաղ վերլուծության նման ընդունակություն չի պահանջում։ Աշխարհի լավագույն շախմատիստը շախմատիստ է, և ուրիշ ոչինչ, այն դեպքում, երբ վիստի վարպետ խաղը շաղկապված է հաղթանակի հասնելու կարողությանը մարդկային գործունեության նաև այն առավել կարևոր մարզերում, որոնցում միտքը մրցում է մտքի հետ։ «Վարպետ խաղ» ասելով նկատի ունեմ կատարելության այն աստիճանը, որի դեպքում օրինաչափ հաղթանակի համար խաղացողը տիրապետում է բոլոր միջոցներին։ Այդ միջոցները ոչ միայն բազմաթիվ են, այլ նաև բազմազան ու հաճախ մարդկային հոգու այնպիսի իմացություն են ենթադրում, որն անմատչելի է միջին ունակությունների տեր խաղացողի համար։ Ով ուշադիր հետևում է, հստակ կարող է հիշել, հետևաբար յուրաքանչյուր կենտրոնացած խաղացող շախմատիստ կարող է հաջողություն ակնկալել վիստում, քանի որ Հոյլի[4] ձեռնարկը (հիմնված խաղի պարզ մեխանիկայի վրա) բոլորին հասկանալի ու մատչելի է, և վիստ լավ խաղալու համար, ըստ տարածված կարծիքի, բավական է «հետևել տառին», լավ հիշողություն ունենալ։ Մինչդեռ վերլուծող մարդու արվեստը հանդես է գալիս հենց այնտեղ, ուր խաղի կանոններ չեն նախատեսված։ Իր համար ինչպիսի՜ հետևություններ ու դիտումներ է անում նա։ Գուցե նույնն են անում նաև նրա խաղընկերները, բայց այս երկկողմանի հետախուզության մեջ առավելությունը կախված է ոչ այնքան ճիշտ հետևություններից, որքան դիտարկումների որակից։ Իհարկե, կարևոր է գիտենալ, թե ինչի վրա ուշադրություն դարձնել։ Բայց մեր այդ խաղացողն իրեն ոչնչով չի սահմանափակում։ Եվ, չնայած նրա անմիջական գործը խաղն է, նա չի խորշում նաև ամենահեռավոր ցուցումներից։ Նա ուումնասիրում է խաղընկերոջ դեմքը և համեմատում է հակառակորդների դեմքերի հետ։ Նկատում է, թե հարևանն ինչպես է խաղաթղթերը դասավորում ձեռքում և հաճախ կռահում է հաղթաթուղթը հաղթաթղթի ետևից, օնյորն[5] օնյորի ետևից, ելնելով հայացքներից, որ խաղացողը ձգում է դրանց վրա։ Խաղի ընթացքում հետևում է մարդկանց դիմախաղին ու բազում եզրակացություններ անում, նկատելով վստահության, զարմանքի, ցնծության կամ զայրույթի բոլոր երանգները, որ փոխարինում են միմյանց։ Դատելով այն բանից, թե ինչպես է մարդը վերցնում «ձեռքը», նա եզրակացնում է՝ դրան կհետևի՞ հաջորդը։ Խաղաթուղթը գցելու եղանակից գլխի է ընկնում, որ հակառակորդը խորամանկում է և որ քայլն արված է աչքակապության համար։ Պատահաբար կամ ակամա դուրս պրծած խոսքը, պատահական ընկած կամ բացված խաղաթուղթը և թե ինչպես ես այն թաքցնում՝ երկյուղով թե հանգիստ, «ձեռքերի» հաշվումն ու դրանց տեղադրումը, շփոթությունը, տատանումները, անհամբերությունը կամ վախը՝ ոչինչ չի սպրդում վերլուծող մարդու թվացյալ հայտնատեսական ընկալումից։ Առաջին երկու ռոբբերներից[6] հետո արդեն պատկերացնում է, թե ում ձեռքին ինչ կա և խաղում է այնքան վստահ, ասես բոլոր խաղաթղթերը բացվել են։
Հարկ չկա վերլուծելու ընդունակությունը շփոթել սովորական հնարամտության հետ, քանի որ վերլուծողը միշտ հնարամիտ է, այնինչ հնարամիտ մարդը հաճախ ընդունակ չի լինում վերլուծման։ Հորինելու և համակցելու ունակությունը, ուր սովորաբար դրսևորվում է հնարամտությունը և որի համար ֆրենոլոգները[7] (ըստ ինձ, բոլորովին իզուր) այդ հատկությունն առաջնային համարելով, հատուկ օրգան են առանձնացնում, հաճախ նկատվում է և նրանց մոտ, ում մտավոր մակարդակը մյուս բոլոր բաներում բթամտության է հասնում, ինչը բազմիցս նշել են կենցաղ ու բարքեր նկարագրող գրողները։ Վերլուծական ու հնարամիտ մտքի միջև գոյություն ունի շատ ավելի մեծ տարբերություն, քան երևակայության ու պատկերացումի միջև, բայց դա միևնույն կարգի տարբերություն է։ Իրականում, դժվար չէ նկատել, որ հնարամիտ մարդիկ մեծ ֆանտազյորներ են և որ իսկապես հարուստ երևակայություն ունեցող մարդը միշտ հակված է վերլուծության։
Ընթերցողի համար հետագա պատմությունը յուրօրինակ իլյուստրացիա կհանդիսանա վերոհիշյալ դիտողություններին։
18․․․ թվականի գարունը և ամռան մի մասը ես անցկացրեցի Փարիզում, ուր ծանոթացա ոմն մսյո Շ․ Օգյուստ Դյուպենի հետ։ Ազնվական, անգամ հանրահռչակ տոհմի այդ հետնորդը դեռ պատանեկության շրջանում ճաշակել էր բախտի քմահաճույքներն ու ընկել այնքան ողբալի հանգամանքների մեջ, որ կորցրել էր բնական ամբողջ եռանդը, կյանքում ոչնչի չէր ձգտում, չէր էլ մտածում երբեմնի հարստությունը վերադարձնելու մասին։ Պարտատերերի բարեսրտությունը Դյուպենին թողել էր հորենական ժառանգության փոքր մասը, և ապրելով տոկոսներով ու հետևելով խստագույն տնտեսման, նա մի կերպ ծայրը֊ծայրին էր հասցնում, անտարբեր՝ կյանքի խայծերին։ Միակ ճոխությունը, որ թույլ էր տալիս իրեն, գրքերն էին, իսկ դա մատչելի է Փարիզում։
Առաջին անգամ մենք հանդիպեցինք Մոնմարտր փողոցի մի աննշան գրախանութում, և քանի որ երկուսս էլ պատահաբար միևնույն գիրքն էին փնտրում՝ արտակարգ հազվագյուտ և ուշագրավ մի հրատարակություն, բնականաբար զրույցի բռնվեցինք։ Դրանից հետո հաճախ էինք հանդիպում։ Ես հետաքրքրվեցի Դյուպենի ընտանեկան պատմությամբ, և նա, իր մասին խոսող յուրաքանչյուր ֆրանսիացուն հատուկ բացսրտությամբ պատմեց բոլորը։ Ինձ ապշեցրեց Դյուպենի համակողմանի կարդացածությունը, իսկ գլխավորը՝ չէի կարողանում չհիանալ նրա երևակայության ամեհի կրակով ու թարմությամբ։
Այն ժամանակ Փարիզում ապրում էի բացարձակապես հատուկ հետաքրքրություններով, և զգալով, որ նման մարդու ընկերակցությունն ինձ համար անգին գանձ է, անհապաղ և անկեղծորեն հայտնեցի նրան այդ մասին։ Շուտով մենք վճռեցինք իմ Փարիզում գտնված ժամանակ ապրել միասին, և քանի որ պայմաններս քիչ ավելի լավ էին Դյուպենից, ապա նրա համաձայնությամբ Սեն֊Ժերմեն արվարձանի խաղաղ անկյուններից մեկում տարօրինակ ճարտարապետությամբ ու ժամանակից բավական տուժած մի տուն վարձեցի և կահավորեցի երկուսիս էլ շատ դուր եկած ռոմանտիկ մելանխոլիայի ոճով։ Տանտերերը լքել էին այդ տունը սնոտիապաշտ ինչ֊ինչ պատմություններից ելնելով, որոնց էության մեջ չխորացանք՝ դա ինչ֊որ անկման էր հանգում։
Եթե տարածվեր ու հայտնի դառնար այն ապրելակերպը, որ վարում էինք այդ կացարանում, ապա մեզ մտագարներ կհամարեին, թեև անվնաս մտագարներ։ Մեր առանձնացումը լիակատար էր։ Ոչ ոքի չէինք կամենում տեսնել։ Ընկերներիցս թաքցրեցի իմ նոր հասցեն, իսկ Դյուպենը վաղուց էր կապերը խզել Փարիզի հետ, ասենք Փարիզն էլ չէր հիշում նրան։ Մենք ապրում էինք լոկ ինքներս մեր մեջ ու մեզ համար։
Իմ ընկերոջ երևակայություններից մեկը, չգիտեմ, ուրիշ կերպ ինչպես անվանել՝ սիրահարվածությունն էր գիշերին, նրա յուրահատուկ հմայքին, ու ես հնազանդորեն ընդունեցի այդ hizarerie֊ն,[8] ինչպես և մյուսները, ինքնամոռացությամբ անձնատուր լինելով բարեկամիս քմայքներին։ Մթներես աստվածուհին ստեպ֊ստեպ թողնում էր մեզ, և նրա գթությունից չզրկվելու համար խաբեության էինք դիմում, վաղորդյան առաջին շողերի հետ փակում էինք հին տան ծանր փեղկերը և վառում երկու֊երեք կանթեղ, որոնք անուշահոտություն ծխելով, արձակում էին աղոտ և տեսլային լույս։ Դրանց գունատ լույսի տակ մենք անձնատուր էինք լինում անուրջների, կարդում էինք, գրում, զրուցում, մինչև որ ժամացույցի զանգերը ազդարարում էին իրական Խավարի գալուստը։ Իսկ այդ ժամանակ, թևանցուկ փողոց էինք ելնում, շարունակելով ցերեկվա խոսակցությունը կամ աննպատակ թափառելով մինչև ուշ գիշեր, մեծ քաղաքի ցոլցլացող լույսերի ու ստվերների մեջ գտնում էինք մտավոր հիացումների համար այն անվերջանալի սնունդը, որ մեզ է ընծայում հանգիստ հայեցողականությունը։
Նման րոպեներին չէի կարող չզմայլվել Դյուպենի փայլուն վերլուծական մտքով, թեև դրա մեջ նրա մտահայեցական ընդունակությունների ավելորդ հաստատումն էի տեսնում սոսկ։ Ասենք, հենց ինքն էլ էր սիրում, եթե չասենք փայլել, ապա զբաղվել այդ շնորհքով, և առանց ձևականությունների խոստովանում էր, թե որքան բերկրանք է դա իրեն պատճառում։ Գոհ քմծիծաղով Դյուպենը հաճախ էր պարծենում, որ նրա համար մարդիկ բաց արած գրքի են նման, և տեղնուտեղը ապշեցուցիչ ապացույցներ էր բերում, թե ինչպես պարզորոշ կարդում է հոգումս կատարվածը։ Այդպիսի դեպքերին ինձ թվում էր, թե նրա մեջ ինչ֊որ սառնություն և վերացածություն կա, նրա դատարկ, ոչինչ չարտահայտող հայացքն ուղղված էր լինում հեռուները, իսկ ձայնը՝ հյութեղ տենոր, անցնում էր ֆալցետի և համարյա քմահաճ կհնչեր, եթե չլիներ հստակ առոգանությունը և հանգիստ տոնը։ Այդ րոպեներին նրան նայելով, հաճախ էի հիշում հոգու երկվության հնագույն ուսմունքը և զվարճանում երկու Դյուպենի մասին ունեցած մտքից՝ երկու Դյուպեն, ստեղծող և մասնատող։
Այդուհանդերձ, ինձ ճիշտ հասկացեք․ ես չեմ պատրաստվում ինչ֊որ գաղտնիք հայտնել ձեզ, նմանապես մտադիր չեմ Դյուպենից ֆանտաստիկ վեպի հերոս սարքել։ Ֆրանսիացի բարեկամիս բնավորության այստեղ նկարագրած գծերը լոկ գերգրգռված, եթե ոչ հիվանդ խելքի հետևանք էին։ Բայց և այնպես նրա դիտողությունների բնույթի մասին ավելի լավ է կենդանի օրինակով պատմել։
Մի երեկո մենք զբոսնում էինք անսովոր երկար ու արտակարգ կեղտոտ մի փողոցով, Պալե֊Ռոյալից քիչ հեռու։ Ըստ երևույթին, յուրաքանչյուրս իրենն էր մտածում, ու քառորդ ժամ և ոչ մեկս ոչ մի բառ չէինք արտասանել։ Հանկարծ Դյուպենը, ասես պատահմամբ, ասաց․
― Տեսնես ի՞նչ է մտածում այդ տխեղծը։ Ո՜ւր է ոտք մեկնում։ Ավելի լավ կլիներ բախտը փորձեր «Վարյետե» թատրոնում։
― Ճիշտ որ, ― պատասխանեցի մեքենայորեն։
Այնպես էի խորասուզված մտքերի մեջ, որ միանգամից գլխի չընկա, թե Դյուպենի խոսքերն ինչպիսի հաջողությամբ համընկան մտքերիս։ Բայց և իսկույն ուշքի եկա, և զարմանքիս չափ ու սահման չկար։
― Դյուպեն, ― ասացի լրջորեն, ― սա արդեն վեր է իմ հասկացողությունից։ Անկեղծորեն ասած, ես ապշած եմ, պարզապես ականջներիս չեմ հավատում։ Ինչպես կարող էիք կռահել, որ ես մտածում եմ․․․ ― Ես դադար տվեցի, համոզվելու համար, որ նա գիտե, թե ում մասին էի մտածում։
― ․․․ Շանթիլյիի մասին, ― ավարտեց նա։ ― Ինչո՞ւ չշարունակեցիք։ Ինքներդ ձեզ ասում էիք, որ մարմնի նման կազմվածքով նա չպետք է փորձի ողբերգակ դառնալ։
Այո, հենց դա էր իմ մտածմունքի առարկան։ Շանթիլյին, Սեն֊Դընի փողոցի quondam[9] կոշկակարը, թատրոնով խելագարված, վերջերս բեմել էր ունեցել Քսերքսեսի[10] դերում, Քրեբիյոնի համանուն ողբերգության մեջ և, չնայած իր բոլոր ջանքերին, խիստ սուլոցներից բացի ոչինչ չէր վաստակել։
― Ի սեր աստծո, ինձ բացատրեք ձեր մեթոդը, ― պնդեցի ես, ― եթե միայն ունեք մեթոդ և եթե դրա՛ օգնությամբ այդպես անսխալ կարդացիք մտքերս։ ― Մեղքս ինչ թաքցնեմ, ես նույնիսկ ջանում էի կոծկել զարմանքիս աստիճանը։
― Բանջարավաճառը, ― պատասխանեց բարեկամս, ― ձեզ նա հանգեցրեց այն մտքին, որ մեր փինաչին շատ փոքր է Քսերքսեսի et id genus omne-ի[11] համար։
― Բանջարավաճա՞ռը, ― զարմացա ես։ ― Ես ոչ մի բանջարավաճառ չեմ ճանաչում։
― Ինչպե՜ս թե, այն դմբոն, որը վրա պրծավ ձեզ, երբ քառորդ ժամ առաջ շրջվեցինք այս փողոցը։
Այստեղ ես հիշեցի, որ խնձորով լի մի մեծ զամբյուղը գլխին մի բանջարավաճառ, իրոք, քիչ մնաց վայր գցեր ինձ, հենց որ նրբանցքից ելանք մարդաշատ փողոց։ Բայց թե ինչ կապ ուներ դրա հետ Շանտիլյին, այդպես էլ չկարողացա հասկանալ։
Իսկ Դյուպենի պահվածքը մազաչափ անգամ նման չէր նրան, ինչ ֆրանսիացիք charlatanerie[12] են անվանում։
― Թույլ տվեք, բացատրեմ, ― ընդհատեց նա։ ― Իսկ որպեսզի ավելի լավ հասկանաք ինձ, եկեք վերականգնենք ձեր մտքերի ողջ ընթացքը այն պահից ի վեր, երբ սկսեցի խոսել ձեզ հետ, մինչև այդ տխրահռչակ բանջարավաճառին բախվելը։ Հիմնական ուղենիշներն են Շանտիլյին, Օրիոնը, դոկտոր Նիկոլսը,[13] Էպիկուրը, ստերեոտոմիան, գլաքարը և բանջարանավաճառը։
Հազիվ թե գտնվի մեկն, ում մտքով գեթ մի անգամ անցած չլինի հաճույքի համար առ քայլ հետևել այն ամենին, ինչ իրեն հանգեցրել է որևէ եզրակացության։ Երբեմն դա խիստ գրավիչ զբաղմունք է, և նա, ով առաջին անգամ է ձեռք զարնում, կապշի, թե ինչ տարածություն է ընկած ելակետի և վերջնական եզրակացության միջև և որքան քիչ են դրանք համապատասխանում միմյանց։ Զարմանքով ունկնդրեցի Դյուպենին, բայց չէի կարող չընդունել նրա խոսքերի ճշմարտացիությունը։
― Մինչև անկյունադարձը, որքան հիշում եմ, մենք խոսում էինք ձիերի մասին։ Այդտեղ մեր զրույցն ընդհատվեց։ Երբ ճանապարհն անցնելով մենք ելանք այս փողոցը, որտեղից֊որտեղ բսնած բանջարավաճառը, խնձորի մեծ զամբյուղը գլխին, արագ անցավ և շտապելուց հրեց ձեզ գլաքարերի կույտի վրա, որ թափված էր այնտեղ, ուր նորոգում էին սալահատակը։ Դուք գայթեցիք քարի վրա, թեթևակի ձգվեցին ձեր ջլերը, զայրացաք, համենայն դեպս կնճռոտվեցիք, ինչ֊որ բան մրթմրթացիք, մեկ անգամ էլ նայեցիք գլաքարի կույտին և լուռ շարունակեցիք ճանապարհը։ Չեմ ասի, թե հետևում էի ձեզ, պարզապես դիտողականությունը վերջերս դարձել է իմ երկրորդ բնավորությունը։
Դուք համեստորեն չէիք բարձրացնում ձեր աչքերը և միայն խեթ֊խեթ նայում էիք մայթի փոսերին և ճեղքերին (որից կռահեցի, որ դեռ մտածում եք գլաքարի մասին), մինչև որ մենք հավասարվեցինք այն նրբանցքին, որը կրում է Լամարթինի[14] անունը և նոր ձևով է սալահատակված՝ շախմատաձև դասավորված, կիպ հագցված սալերով։ Դուք նկատելիորեն զվարթացաք, իսկ ձեր շրթունքների շարժումից ես կռահեցի «ստերեոտոմիա» բառը, մի տերմին, որով մի առանձին շուքի համար կնքել են սալահատակման այդ եղանակը։ Ես հասկացա, որ «ստերեոտոմիա» բառը ձեզ պիտի հանգեցնի ատոմների, ի դեպ նաև Էպիկուրի ուսմունքի շուրջ մտքին։ Եվ քանի որ վերջերս մեր խոսակցության թեման դա էր՝ ես պատմում էի ձեզ, թե այդ ազնիվ հույնի աղոտ եզրահանգումներն ինչ զարմանալիորեն են հաստատվում ժամանակակից տիեզերածնության հետևություններով՝ երկնային միգամածությունների ասպարեզում, և որ դեռ ոչ ոք արժանին չի հատուցել նրան, ապա սպասում էի նաև, որ ձեր հայացքը կուղղեք Օրիոն համաստեղության վիթխարի միգամածությանը։ Եվ դուք, իրոք, վեր նայեցիք, ապացուցելով, որ ես անսխալ գնում եմ ձեր հետքերով։ Ի դեպ, երեկվա «Musée»֊ում ոմն զոիլոս[15] Շանթիլյիի դեմ թունոտ հարձակման մեջ բավական անարժան կերպով ակնարկելով, որ բեմակոշիկ հագած կաշկակարը ջանացել է փոխել իր անունն իսկ, մեջ է բերել լատինական հեղինակի մի տողը, որին մենք հաճախ ենք դիմել մեր զրույցների ընթացքում։ Ես նկատի ունեմ հետևյալ բանաստեղծությունը․ Perdidit antiguum litera prima sonum.[16]
Ինչ֊որ առիթով ձեզ պատմել եմ, որ այստեղ նկատի է առնված Օրիոնը, որ մի ժամանակ գրվել է Ուրիոն։ Մենք դեռ կատակեցինք այդ առթիվ, այնպես որ դա հիշվող դեպք է։ Ես հասկացա, որ Օրիոնը ձեզ կհանգեցնի Շանթիլյիի մասին մտքի, և ձեր ժպիտը դա հաստատեց։ Դուք հոգոց հանեցիք ի զենումն հանձնված խեղճ զոհի համար։ Այդ ամբողջ ընթացքում դուք քայլում էիք կռացած, իսկ այստեղ ուղղվեցիք հասակով մեկ։ Իսկ ես վճռեցի, որ դուք մտածում էիք վտիտ կոշկակարի մասին։ Այդտեղ էլ ես ընդհատեցի ձեր մտորումները, նկատելով, որ մեր Շանթիլյին իսկապես էլ հասակ չի քաշել և ավելի լավ կլիներ բախտը փորձեր «Վարյետե» թատրոնում։
Դրանից անմիջապես հետո, «Gazette des Tribunaux»֊ի[17] երեկոյան թողարկումն աչքի անցկացնելիս, հանդիպեցինք հետևայլ հոդվածին․
- Չլսված հանցագործություն
Այսօր առավոտյան ժամը երեքի մոտ Սեն֊Ռոկ թաղամասի բնակիչների խաղաղ քունը խանգարվեց աղեկտուր ճիչերից։ Իրար հաջորդող անընդմեջ այդ ճիչերն, ըստ երևույթին, գալիս էին Մորգ փողոցի վրա գտնվող տան չորրորդ հարկից, ուր, ինչպես հայտնի է տեղի բնակիչներին, մենակ ապրում էր ոմն տիկին ԼʼԷսպանե իր չամուսնացած դստեր՝ Քամիլլայի հետ։ Գոց դարպասի մոտ քիչ հապաղելուց հետո, մի տասնյակ հարևաններ լինգով ջարդեցին դուռը և երկու ժանդարմի ուղեկցությամբ մտան նախամուտք։ Բղավոցներն արդեն հանդարտվել էին, բայց մի խումբ համարձակներ նոր էին բարձրացել առաջին միջնասանդուղքը, երբ վերևից լսվեց երկու, հնարավոր է նաև երեք ձայների փոխադարձ վեճ ու կռիվ, ձայները հնչում էին հատու և զայրացած։ Մինչև երրորդ հարկ հասնելը կտրվեցին այդ ձայներն էլ, և տիրեց լիակատար լռություն։ Մարդիկ ցրվեցին տնով մեկ, մի սենյակից մյուսը վազելով։ Երբ հերթը հասավ անկյունի ընդարձակ ննջասենյակին՝ չորրորդ հարկ, պատուհանները դեպի բակ (ներսից փակ դուռը նույնպես ջարդեցին), մարդիկ սարսափով ու զարմանքով ընկրկեցին իրենց դեմ բացված տեսարանից։
Այստեղ ամեն ինչ տակնուվրա էր արված, դեսուդեն էր շպրտված կոտրատած կահույքը։ Սենյակում միայն մի մահճակալ կար, բայց առանց անկողնի, բարձը և վերմակը շպրտված էին գետին։ Աթոռին ընկած էր արյունոտ շեղբով ածելին։ Երկար ու սպիտակ մազերի երկու֊երեք խիտ փունջ, ըստ երևույթին արմատից պոկված և միմյանց կպած արյունով, կախված էին բուխարու ցանկապատից։ Հատակին, ոտքերի տակ, գտնված են չորս նապոլեոնդոր, տպազիոնով մի ականջօղ, ճաշի արծաթե երեք և թեյի մելքիորե երեք գդալ և ոսկեդրամների երկու փոքրիկ տոպրակ՝ ընդհանուր հաշվով շուրջ չորս հազար ֆրանկ։ Անկյունի պահարանի գզրոցները դուրս էին հանված, կողոպտիչներն, ըստ երևույթին քրքրել էին դրանք, թեև ոչ բոլորն են տարել։ Երկաթե փոքրիկ սնդուկը, որ հայտնաբերվել է անկողնի, և ոչ թե մահճակալի տակ, բաց էր, բանալին դրված էր տեղում, բայց դրա մեջ ոչինչ չէր մնացել, բացի դեղնած նամակներից և անպետք այլ թղթերից։
Տիկին ԼʼԷսպանեի հետքը ոչ մի տեղ չկար։ Ինչ֊որ մեկը բուխարու մեջ մոխրի մեծ կույտ տեսավ, սկսեցին փորփրել ծխնելույզը և, ո՜վ սարսափ, գլխիվայր դուրս հանեցին աղջկա դիակը։ Պետք է որ նրան գլխիվայր, ընդ որում բավական խորը, ներս խցկած լինեին նեղ ծխնելույզի մեջ։ Մարմինը դեռ տաք էր, ինչպես պարզվեց զննումից, կաշին բազմաթիվ տեղերում պլոկված էր՝ պարզ հետևանքն այն ճիգերի, որով դիակը խցկել էին ծխնելույզ, իսկ հետո դուրս հանել այնտեղից։ Դեմքը սարսափելի ճանկռոտած է, վզի վրա կապտա֊կարմրավուն կապտուքներ և եղունգի խոր հետքեր կան, կարծես մարդուն խեղդել են։
Այն բանից հետո, երբ վերից վար փնտրտեցին ողջ տունը և նոր ոչինչ չգտան, բոլորն իջան ներքև, սալարկած բակը և այնտեղ դեմ ընկան մահացած պառավ կնոջը՝ ածելիով այնպես էին կտրել գլուխը, որ դիակը բարձրացնելու առաջին իսկ փորձից գլուխն ընկավ։ Ե՛վ մարմինը, և՛ դեմքն այլանդակված էին, հատկապես մարմինը, մարդկային որևէ բան չէր պահպանվել։
Ահա, հիրավի, սարսափելի մի հանցագործություն, որն առայժմ անթափանց գաղտնիքով է պարուրված»։
Հաջորդ օրը թերթը հետևյալ լրացուցիչ տեղեկությունները հայտնեց․
- Ողբերգություն Մորգ փողոցում
Իր անլուր դաժանությամբ ամբողջ Փարիզն ալեկոծել է այս սպանությունը, հարցաքննված են մի շարք վկաներ, բայց գաղտնիքը բացահայտող ոչինչ դեռ չի գտնված։ Ստորև համառոտակի շարադրված են առավել էական ցուցմունքները․
Պոլինա Դյուբուր, լվացարարուհի, վկայում է, որ հանգուցյալ կանանց ճանաչում էր վերջին երեք տարիների ընթացքում, նրանց համար լվացք էր անում։ Ծեր տիկինն ու դուստրն, ըստ երևույթին, ապրում էին համերաշխ, սիրով։ Վճարում էին ճիշտ և ժամանակին։ Նրանց ապրելակերպի և միջոցների մասին ոչինչ չի կարող ասել։ Ենթադրում է, որ տիկին ԼʼԷսպանեն գուշակուհի էր, դա էլ նրանց ապրուստի միջոցն էր։ Լսել է, որ տիկինը փող ունի։ Սպիտակեղեն վերցնելիս կամ վերադարձնելիս ոչ ոքի չի հանդիպել տանը։ Հաստատ գիտե, որ ծառայող չէին պահում։ Որքան իրեն հայտնի է, կահավորված է եղել միայն չորրորդ հարկը։
Պիեռ Մորո, ծխախոտի կրպակի տեր, վկայում է, որ չորս տարի շարունակ տիկին ԼʼԷսպանեին փոքր տուփերով քթախոտ և ծխախոտ է վաճառել։ Ինքը բնիկ փարիզցի է։ Հանգուցյալն ու դուստրը վեց տարուց ավելի բնակություն են հաստատել այդ տանը, ուր և նրանց սպանված են գտել։ Մինչ այդ այստեղ ապրում էր մի ոսկերիչ, որը վարձով էր տալիս վերևի սենյակները։ Տունը պատկանում էր տիկին ԼʼԷսպանեին։ Պառավը ոչ մի կերպ չկարողացավ գլուխ դնել իր կենվորի հետ, որը վարձով էր տալիս սենյակները, ապա ինքը տեղափոխվեց վերևի հարկը, իսկ ազատ սենյակները վարձով տալուց իսպառ հրաժարվեց։ Կարծես թե խելքը թռցրեց։ Այս բոլոր տարիների ընթացքում վկան մի հինգ֊վեց անգամ է տեսել դստերը։ Երկու կանայք էլ ապրում էին առանձնացած, ասում էին, որ նրանք պահած փող ունեն։ Ասում էին նաև, իբր տիկին Լ֊ն գուշակությամբ է զվաղվում, բայց ինքը չի հավատում։ Ոչ մի անգամ չի տեսել, որ մեկնումեկը մտնի տուն, բացի տիկնոջից ու աղջկանից, երբեմն էլ բարապանից, դեպքից դեպք էլ բժիշկն է այցելել։
Մոտավորապես նույնն են վկայել մյուս հարևանները։ Ոչ ոք չի նկատել, որ հանգուցյալներին ինչ֊որ մեկը հենց այնպես այցելի։ Ինչ֊որ տեղ հարազատներ կամ ընկերներ ունեցել են, թե ոչ, նույնպես ոչ ոք չի լսել։ Փողոց նայող փակոցափեղկերը բացվում էին հազվադեպ, իսկ բակի կողմից բոլորն էլ մեխած էին, բացի չորրորդ հարկի մեծ սենյակից։ Տունը դեռ հին չէ, ամուր շինություն է։
Իզիդոր Մյուզե, ժանդարմ, վկայում է, որ իրեն կանչել են առավոտյան ժամը երեքի մոտ։ Տան մոտ տեսել է շուրջ քսան֊երեսուն մարդուց կազմված բազմություն, որոնք պաշարել էին դուռը։ Կողպեքը ջարդել է ինքը, ոչ թե լինգով, այլ սվինով։ Դուռը հեշտ է բացվել, երկփեղկ է, ոչ վերևից, ոչ ներքևից չի փակվում։ Ամբողջ ժամանակ բղավոցներ էին լսվում, մինչ դուռը բացելը, ապա իսկույն ընդհատվեցին։ Բղավում էին (զանազանել հնարավոր չէր՝ մեկը, թե երկուսը) ասես մահվան սարսափից, բղավում էին բարձր ու երկար, ոչ թե ընդհատ֊ընդհատ և խռպոտ։ Վկան առաջինն է վեր բարձրացել։ Հասնելով սանդղահարթակ, լսել է, թե ինչպես երկու հոգի բարկացած ու բարձրաձայն վիճում են․ մեկը խուլ, իսկ մյուսը՝ կարծես թե ճղճղան, մի տեսակ տարօրինակ ձայնով։ Առաջինից մի երկու բառ լսել է։ Դա ֆրանսիացի էր։ Ոչ, ոչ մի դեպքում կին չէր կարող լինել։ Նա տարբերել է «sacré» և «diable»[18] բառերը։ Ճղճղան ձայնով խոսողն օտարերկրացի էր։ Հնարավոր չէ ասել՝ կին, թե տղամարդ։ Անհասկանալի էր, թե ինչ է ասում, իսկ ավելի շուտ, լեզուն իսպաներեն էր։ Պատմելով, թե ինչ վիճակում գտան սենյակն ու դիակները, վկան ոչ մի նոր բան չի ավելացրել երեկվա մեր հայտնածին։
Անրի Դյուվալ․ հարևանը, մասնագիտությամբ արծաթագործ, վկայում է, որ տուն է մտել առաջին խմբի հետ։ Ամբողջապես հաստատում է Մյուզեի ցուցմունքը։ Նախամուտք մտնելուն պես, նրանք իսկույն փակել են դուռը, որպեսզի ներս չթողնեն հետզհետե աճող բազմությանը, թեև ուշ գիշեր էր։ Վկայի տպավորությունն այն է, որ ճղճղան ձայնը պատկանում էր իտալացու։ Համոզված է, որ ֆրանսիացի չէր։ Ձայնից դատելով չի կարող ասել, որ դա անպայման տղամարդ էր, գուցեև կին էր։ Իտալերեն չգիտե, բառերը չի հասկացել, բայց դատելով ինտոնացիայից, վստահ է, որ խոսողն իտալացի էր։ Տիկին Լ֊ի և դստեր հետ անձամբ ծանոթ էր։ Հաճախ է զրուցել երկուսի հետ էլ։ Համոզված է, որ ոչ մեկը, ոչ մյուսը ճղճղան ձայն չունեին։
Օդենհայմեր, ռեստորանատեր, վկան ինքն է ցանկացել ցուցմունք տալ։ Ֆրանսերեն չի խոսում, հարցաքննվել է թարգմանչի միջոցով։ Ամստերդամի բնակիչ է։ Անցնում էր տան մոտով, երբ այնտեղից ճիչեր լսվեցին։ Բղավում էին երկար ժամանակ, մի քանի րոպե, գուցե և տասը։ Ճիչերը երկար ու ձիգ էին, բարձր, հոգեցունց և սահմռկեցուցիչ։ Տուն է մտել առաջինների հետ։ Հաստատում է նախորդ ցուցմունքները կետ առ կետ, բացի մեկից․ համոզված է, որ ճղճղան ձայնը տղամարդու էր, ընդ որում ֆրանսիացու։ Ոչ, բառեր չի զանազանել, խոսում էին շատ բարձր և արագ֊արագ, ասես խեղդվելով, ոչ այն է զայրույթից, ոչ այն է սարսափից։ Ձայնը եղել է կտրուկ, ավելի շուտ կտրուկ, քան ճղճղան։ Ոչ, ճղճղան չի լինի ասել։ Խռպոտ ձայնը մի գլուխ կրկնում էր «sacre» և «diable», մի անգամ էլ ասաց «mon Dieu».[19]
Ժյուլ Մինյո, բանկատեր, «Մինյո և որդիներ» ֆիրմա, Դելորեն փողոցի վրա։ Ինքը՝ ավագ Մինյոնն է։ Տիկին ԼʼԷսպանեն մի փոքրիկ կապիտալ ուներ։ Իրենց գրասենյակում տիկինը հաշիվ է բաց արել այսինչ թվականի գարնանը (ութ տարի առաջ)։ Հաճախակի նոր մուծում էր կատարում՝ փոքր գումարներով։ Չեկերով դրամ դուրս չէր գրում, բայց մահից ուղիղ երեք օր առաջ վերցրել է չորս հազար ֆրանկ։ Դրամը նրան վճարվել է ոսկով և տուն է հասցված բանկի աշխատողի միջոցով։
Ադոլֆ Լը Բոն, «Մինյո և որդիներ» ֆիրմայի գրասենյակային աշխատող, վկայում է, որ վերոհիշյալ օրը, ժամը տասներկուսի մոտ, տիկին ԼʼԷսպանեին ուղեկցել է մինչև տուն, բերելով չորս հազար ֆրանկ, դրված երկու տոպրակի մեջ։ Դուռը բացել է օրիորդ ԼʼԷսպանեն, որն իրենից վերցրել է մի տոպրակը, իսկ մյուսը վերցրել է պառավը։ Որից հետո հրաժեշտ է տվել ու հեռացել։ Այն ժամանակ ինքը փողոցում ոչ ոքի չի տեսել։ Այդ փողոցը խաղաղ է և անմարդ։
Ուիլյամ Բոյրդ, դերձակ, վկայում է, որ մյուսների հետ մտել է տուն։ Անգլիացի է։ Փարիզում ապրում է երկու տարի։ Առաջիններից մեկն է, որ բարձրացել է աստիճաններով։ Լսել է, թե ինչպես են երկու հոգի վիճում։ Խռպոտ ձայնը պատկանում էր ֆրանսիացու։ Առանձին բառեր կարելի էր զանազանել, բայց ամեն բան նա չի հիշում։ Պարզ լսել է «sacre» և «mon Dieu» բառերը, որոնք ուղեկցվում էին քաշքշոցի, թփթփոցի և իրարանցման աղմուկով, ասես մի քանի մարդ էին կռվում։ Սուր ձայնը հնչում էր շատ բարձր, շատ ավելի բարձր, քան խռպոտը։ Վստահ է, որ անգլիացի չէ։ Ավելի շատ՝ գերմանացի։ Գուցե և կին է։ Ինքը գերմաներեն չի խոսում։
Նշված վկաներից չորսը կրկնակի հարցաքննության ժամանակ վկայել են, որ ննջասենյակի դուռն, ուր գտել են օրիորդ Լ֊ի դիակը, ներսից է փակված եղել, բայց ոչ փակ։ Նախասենյակից միջանցք տանող դուռը փակ է եղել, բանալին անցքում է եղել ներսից։ Փողոցին նայող պատուհաններով միջանցքի վերջում ընկած փոքրիկ սենյակի դուռը փակ չի եղել, այլ կիսաբաց։ Այդտեղ են եղել հին մահճակալներ, արկղներ և զանազան հնոտիք։ Իրերը դուրս են բերվել ու մանրակրկիտ զննվել։ Ամբողջ տունը փնտրտել են տակից գլուխ։ Ծխնելույզները ստուգել են «ծխնելույզ մաքրողներով»։ Տունը չորս հարկանի է, չհաշված ձեղնահարկի սենյակները (mansardes): Տանիք է տանում դռնանցքը, որը մեխած է և ըստ երևույթին, վաղուց անգործության մատնված։ Ժամանակը, որի ընթացքում վկաները լսել են վիճաբանությունը մինչև մուտքի դուռը կոտրելը, չափվում է ոչ միակերպ՝ երեքից հինգ րոպե։ Դուռը կոտրելը քիչ ջանք չի պահանջել։
Ալֆոնսո Գարսիս, դագաղագործ, վկայում է, որ ապրում է Մորգ փողոցի վրա։ Ծնունդով իսպանացի է։ Մյուսների հետ եղել է տանը։ Վերև չի բարձրացել։ Թույլ նյարդերի տեր է և նրան արգելված է հուզվել։ Լսել է, թե ինչպես են երկու մարդ վիճում, խռպոտ ձայնն անկասկած ֆրանսիացու է պատկանում։ Թե ինչի մասին էին վիճում՝ չի հասկացել։ Ճղճղան ձայնով խոսողն անգլիացի է։ Ինքն անգլերեն ոչ մի բառ չգիտի, դատում է ինտոնացիայից ելնելով։
Ալբերտո Մոնտանի, պատրաստի հագուստեղենի խանութի տեր, վկայում է, որ առաջիններից մեկն է վերև վազել։ Ձայներ լսել է։ Խռպոտ ձայնով խոսողը ֆրանսիացի էր։ Ինչ֊որ բան կարելի էր հասկանալ։ Խոսողն ինչ֊որ բանում հանդիմանում էր մյուսին։ Երկրորդի բառերը չի զանազանել։ Երկրորդը խոսում էր արագ֊արագ, փաթ ընկնող լեզվով։ Նման էր ռուսի։ Մնացած բոլոր բաներում վկան հաստատում է նախորդ ցուցմունքները։ Ինքն իտալացի է։ Ռուս մարդու հետ երբեք գործ չի ունեցել։
Վկաներից ոմանք կրկնակի հարցաքննության ժամանակ հաստատել են, որ չորրորդ հարկի ծխնելույզները շատ նեղ են և մարդը չի կարող մտնել այնտեղ։ «Ծխնելույզ մաքրող» ասելով նրանք նկատի ունեն գլանաձև խողովակները, որպիսիք օգտագործվում են ծխնելույզներ մաքրելիս։ Տանը մեկ ուրիշ օժանդակ սանդուղք չկա, որով կարող էին փախչել ոճրագործները, երբ հետապնդողները վեր էին բարձրանում։ Օրիորդ ԼʼԷսպանեի դիակը այնպես էր խցկված ծխնելույզի մեջ, որ միայն չորս֊հինգ մարդու համատեղ ջանքերով հնարավոր եղավ այն դուրս քաշել։
Պոլ Դյումա, բժիշկ, վկայում է, որ առավոտյան, լուսադեմին, իրեն կանչեցին հավաստելու սպանված կանանց դիակները։ Դիակները դրված են եղել հին ներքնակի վրա, որը հանված էր այն սենյակի մահճակալի վրայից, ուր գտնվել է օրիորդ Լ֊ն։ Դստեր մարմինն ամբողջովին ծածկված է կապտուկներով և ճմլվածքներով։ Դա լիովին բացատրվում է այն հանգամանքով, որ դիակը խցկել են նեղ ծխնելույզը։ Հատկապես տուժել է վիզը։ Անմիջապես ծնոտի տակ մի քանի խոր ճանկռվածք կա և կապտա֊կարմիր կապտուկներ՝ հավանաբար մատնահետքեր են։ Դեմքը ծածկված է սարսափելի կապտուցներով, աչքերը դուրս են պրծած։ Լեզուն համարյա կծած֊կտրած է մեջտեղից։ Մի մեծ արնազեղում որովայնի ստորին շրջանում ցույց է տալիս, որ այստեղ սեղմել են ծնկով։ Մսյո Դյումայի կարծիքով, օրիորդ ԼʼԷսպանեն խեղդված է՝ մարդասպանը ըստ երևույթին, մենակ չի եղել։ Մոր մարմինը հրեշավոր կերպով խեղանդամված է։ Աջ ձեռքի ու ոտքի բոլոր ոսկորները կոտրված են և մասամբ փշրված։ Ճաքած է ձախ tibia֊ն,[20] նույնպես և ձախ կողերը։ Ամբողջ մարմինը պատված է կապտուկներով և ճղվածքներով։ Դժվար է ասել, թե ինչով են հասցված վնասվածքները։ Ծանր մահակ, կամ երկաթյա լինգ, բազմոցի ոտք, ճիշտն ասած, յուրաքանչյուր ծանր առարկա ահավոր ուժի տեր մարդու ձեռքին կարող էր դա անել։ Կինը ի վիճակի չէր լինի նման խեղումներ հասցնել։ Սպանվածի գլուխը, երբ նրան տեսել է բժիշկը, անջատված է եղել մարմնից և նույնպես խիստ այլանդակված է եղել։ Կոկորդը կտրված է սուր սայրով, գուցե ածելիով։
Ալեքսանդր Էտյեն, վիրաբույժ, Մսյո Դյումայի հետ մեկտեղ կանչվել է հավաստելու դիակները։ Լիովին համամիտ է մսյո Դյումայի ցուցմունքներին և եզրակացություններին։
Էական ոչինչ այլևս չի հաջողվել հաստատել, թեև հետաքննվել են նաև ուրիշները։ Փարիզում չեն կատարվել սպանություններ մշուշապատ և բոլոր տեսակետներից հանելուկային նման հանգամանքներում։ Բայց արդյո՞ք սպանություն է սա։ Փարիզյան փորձառու ոստիկանությունն իրար է անցել։ Ուղեցույց ոչ մի թել, հնարավոր լուծման ոչ մի նշույլ։
Թերթի երեկոյան թողարկումը հայտնում էր, որ Սեն֊Ռոկ թաղամասում նախկին խիստ հուզված վիճակն է, բայց ո՛չ տան նոր խուզարկումը, ո՛չ վկաների կրկնակի հարցաքննությունները ոչնչի չեն հանգեցրել։ Լրացուցիչ հայտնվում էր, որ ձերբակալված և բանտարկված է Ադոլֆ Լը Բոնը, չնայած, բացի արդեն հայտնի փաստերից, ոչ մի նոր, ծանրացուցիչ հանցանշաններ չեն հայտնաբերվել։
Ըստ ամենայնի ես տեսնում էի, որ Դյուպենը ծայրաստիճան հետաքրքրված է հետաքննության ընթացքով, չնայած նա ձեռնպահ էր մեկնաբանություններից։ Եվ երբ միայն հայտնի դարձավ Լը Բոնի բանտարկության լուրը, նա ցանկացավ իմանալ, թե ինչ եմ մտածում այդ սպանության առթիվ։
Ես միայն կարող էի ամբողջ Փարիզի հետ դա անլուծելի հանելուկ համարել։ Մարդասպանի հետքը գտնելու նվազագույն հնարավորություն անգամ չէի տեսնում։
― Իսկ դուք մի դատեք ելնելով հետաքննությունից, ― առարկեց Դյուպենը։ ― Դա կատարյալ պարոդիա է, Փարիզի ոստիկանությունը շահում է միմիայն խորամանկությամբ, կռահելու նրա գոված ունակությունը զուտ կատակ է։ Նրա գործողություններում սիստեմ չկա, եթե սիստեմ չհամարենք րոպեի թելադրած առաջին իսկ բանից կպչելու սովորությունը։ Նրանք բղավում են իրենց միջոցառումների մասին, բայց այդ միջոցառումներն այնքան հաճախակի են վրիպում, որ ակամա հիշում ես Ժուրդենին,[21] որը պահանջում է իրեն տաք խալաթ տալ pour mieux entendre la musique:[22] Եթե նրանք երբեմն ինչ֊որ բանի հասնում էլ են, ապա բացառապես ճիգ ու ջանքով։ Այնտեղ, ուր տվայլ հատկությունները բավարար չեն, նրանց աշխատանքը զուր է անցնում։ Օրինակ, Վիդոկն[23] ուներ կռահելու ունակություն ու համառություն և բոլորովին զուրկ էր սիստեմատիկ մտածելու կարողությունից։ Նրա փնտրտուքի տաքարյունությունն ինքնին դավաճանում էր նրան և հաճախ հիմար կացության մեջ էր ընկնում։ Նա առարկան այնքան էր մոտեցնում աչքերին, որ դա խեղում էր հեռանկարը։ Թող որ նա հստակորեն տարբերում էր այս կամ այն բանը, դրա փոխարեն ամբողջը սպրդում էր նրանից։ Խորիմաստությամբ հեշտ է իմաստակություն անել։ Ճշմարտությունը միշտ չէ ջրհորի հատակում։ Առօրյա հարցերում դա ավելի շատ մակերեսին է լինում, իմ կարծիքով։ Մենք փնտրում ենք կիրճի խորքերում, իսկ նա մեզ է սպասում լեռան կատարին։ Նման սխալների բնույթը և դրանց պատճառն ըմբռնելու համար դառնանք երկնային մարմինների դիտարկումներին։ Աստղի վրա նետեք թռուցիկ հայացք, նայեք նրան ցանցենու անկյունից, որն առավել զգայուն է լուսային թույլ գրգիռների նկատմամբ, և դուք լուսատուն կտեսնեք լիակատար պարզությամբ և կկարողանաք գնահատել նրա փայլը, որը խամրում է աստիճանաբար, երբ դուք շրջվում եք նրան դեմ֊հանդիման նայելու համար։ Վերջին դեպքում աչքի վրա ավելի շատ ճառագայթ կընկնի, դրա փոխարեն առաջին դեպքում ընկալունակությունը շատ ավելի սուր է։ Չափից դուրս խորությունը սոսկ շփոթում և մշուշում է միտքը։ Չափազանց կենտրոնացած, համառ ու հետևողական հայացքը կարող է անգամ Վեներան փախցնել երկնքից։
Ինչ վերաբերում է սպանությանը, ապա եկեք ինքնուրույն հետաքննություն սարքենք, նոր ապա եզրակացություն անենք։ Նման հետաքննությունը մեզ կզվաճացնի (ես մտածեցի, որ «կզվարճացնի»֊ն այն բառը չէր, բայց լռեցի)։ Բացի այդ, Լը Բոնը ժամանակին ինձ մի ծառայություն է մատուցել, որի համար մինչև այժմ պարտական եմ նրան։ Գնանք, ամեն ինչ մեր աչքերով տեսնենք։ Ոստիկանապետ Գ․֊ն հին ծանոթս է և չի զլանա թույլատրություն տալ։
- ↑ Սըր Թոմաս Բրաուն (1605-1682) ― անգլիացի բժիշկ և գրող։
- ↑ Առավելապես (ֆր․)։
- ↑ Վիստ ― թղթախաղ։
- ↑ Էդմոն Հոյլ (1672 ― 1762) ― «Վիստ խաղի համառոտ ձեռնարկի» հեղինակը։
- ↑ Օնյոր ― որոշ թղթախաղերում հաղթաթուղթը՝ տասնոցից վեր մինչև ասը։
- ↑ Ռոբբեր ― երեք առանձին խաղերից կազմված խաղաշրջան։
- ↑ Ֆրենոլոգիա ― կեղծ ուսմունք մարդու հոգեբանական հատկությունների և գանգի կառուցվածքի մասին։
- ↑ Տարօրինակություն, խենթություն (ֆրանս․)։
- ↑ Երբեմնի (լատ․)։
- ↑ «Քսերքսես» (1714) ― ֆրանսիացի թատերագիր Պրոսպեր ժոլիո֊Քրերիյոն ավագի (1674-1762) ողբերգությունը։
- ↑ Եվ նմանների (լատ․)։
- ↑ Աչքակապություն (ֆր․)։
- ↑ Նիկոլո ― տպարանատերերի և անտիկվարների ընտանիք։
- ↑ Ալֆոնս Լամարթին (1791-1869) ֆրանսիական պոետ, պատմաբան և քաղաքական գործիչ։
- ↑ Զոիլոս ― չար, մանրախնդիր քննադատ։
- ↑ Նախկին հնչումն է կորցրել տառն առաջին» (լատ․)։
- ↑ «Դատական թերթ»։
- ↑ «Նզովք», «սատանա» (ֆր․)։
- ↑ «Աստված իմ» (ֆր․)։
- ↑ Սրունքի ոսկոր։
- ↑ Ժուրդեն ― Մոլիերի «Քաղքենին ազնվական» կատակերգության հերոսը։
- ↑ Որպեսզի ավելի լավ լսի երաժշտությունը(ֆրանս․)։
- ↑ Վիդոկ Էժեն Ֆրանսուա (1775-1857) ― ֆրանսիական լրտես, նախկին ավանտյուրիստ և գող։