Քորալայն

Գրապահարան-ից
Քորալայն

հեղինակ՝ Նիլ Գեյման


Ես սկսեցի գրել այս գիրքը Հոլլիի համար, իսկ ավարտեցի արդեն Մեդդիի համար։


Հեքիաթները ավելին են քան ճշմարտությունը ոչ այն պատճառով, որ պատմում են գոյություն չունեցող հրեշների մասին, այլ որովհետև նրանք մեզ ասում են․ հրեշներին կարելի է հաղթել։

Դ․ Կ․ Չեստերտոն

Բովանդակություն

I

Տեղափոխվելուց հետո Քորալայնը համարյա միանգամից գտավ դուռը։

Դա շատ հին տուն էր վերնահարկով և նկուղով։ Այն շրջապատված էր անխնամ այգով, որտեղ աճում էին ահռելի հին ծառեր։

Քորալայնի ընտանիքը զբաղեցրեց այդ մեծ տան երկրորդ հարկի բնակարանը։

Այդ հին տան մյուս հարկերը զբաղեցնում էին ուրիշ բնակիչներ։

Միսս Սփինքը և միսս Ֆորսիբլը, երկու կլորիկ ծեր կանայք, ապրում էին առաջին հարկում, Կորալայնենց բնակարանի տակ։ Նրանք պահում էին մի քանի շոտլանդական տերյերներ, որոնց կարծես անվանում էին Հեմիշ, Էնդրյու և Ջոք։ Ինչպես հայտնեց առաջին հանդիպման ժամանակ Քորալայնին միսս Սփինքը, իրենք դերասանուհիներ էին եղել։

― Գիտես, Քարոլայն, ― ասաց Միսս Սփինքը, սխալ անունով դիմելով աղջկան, ― ես և միսս Ֆորսիբլը ժամանակին շատ հայտնի դերասանուհիներ էինք։ Մեզ ճանաչում էին Անգլիայի սահմաններից շա՜տ հեռու, սիրելիս։ Մի՛ տուր Հեմիշին խմորեղեն, նրա փորը կցավի և նա կտանջվի ողջ գիշեր։

― Իմ անունը Քորալայն է, այլ ոչ թե Քարոլայն։ Քորալայն։

Քորալայնի վերևում, տանիքի տակ, ապրում էր մեծ բեղերով տարօրինակ մի ծերուկ։ Նա ասաց Քորալայնին, որ վարժեցնում է մկնիկներ, բայց ոչ մեկին թույլ չի տալիս նրանց տեսնել։

― Մի օր, փոքրիկ Քարոլայն, երբ համարները պատրաստ լինեն, ողջ աշխարհը կտեսնի այդ հրաշալի կրկեսը։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչու չի կարելի նրանց տեսնել հենց հիմա։ Դա՞ էիր ուզում հարցնել։

― Ոչ, ― հանգիստ պատասխանեց Քորալայնը, ― ես ուզում եմ խնդրել ձեզ, որ ինձ չանվանեք Քարոլայն։ Իմ անունը Քորալայն է։

― Դու չես կարող տեսնել այդ կրկեսը, որովհետև փորձերը դեռ չեն ավարտվել։ Բացի այդ, նրանք հրաժարվում են նվագել այն երգը, որ գրել եմ նրանց համար։ Մկների համար գրված իմ բոլոր երգերը, պետք է նվագել «տու֊դում, տու֊դում» ռիթմով։ Իսկ սպիտակ մկները չգիտես ինչու նվագում են «պամ֊պարամին» նման մի բան։ Ես էլ մտածում եմ, որ գուցե նրանց պետք է կերակրել պանրի ուրիշ տեսակներով։

Քորալայնը չհավատաց, որ մկների կրկես գոյություն ունի, նա որոշեց, որ ծերունին այդ բոլորը հնարել է։

Քորալայնը սկսեց հետազոտել այգին։ Այգին շատ մեծ էր։ Թենիսի հին խաղահրապարակը այգու եզրին էր։ Տան բնակիչները չէին խաղում թենիս, ցանկապատում մեծ անցքեր էին առաջացել, իսկ ցանցը փտել էր։

Այգին էլ շատ անխնամ էր․ փոքրիկ ու թառամած վարդի թփեր, ալպիական թմբիկ, որի վրա բացի քարերից ոչինչ չկար։ Բացատում աճում էին թունավոր սնկեր։ Երբ Քորալայնը պատահաբար նրանցից մեկին դիպավ, հոտն անտանելի էր։

Նա գտավ նաև ջրհորը։ Տեղափոխվելու առաջին իսկ օրը միսս Սփինքը և միսս Ֆորսիբլը նախազգուշացրին Քորալայնին, որ այդ ջրհորին մոտենալը վտանգավոր է, այնպես որ նա ուղղակի ստիպված էր գտնել ջրհորը, որպեսզի իմանար, թե որտեղ չարժե թափառել։

Երրորդ օրը նա գտավ ջրհորը ծառերի ետևում, բարձր, խիտ խոտերի մեջ, թենիսի խաղահրապարակից ոչ հեռու։ Ջրհորը կլոր էր, ցածր, աղյուսից շարված, համարյա ամբողջովին ծածկված առատորեն աճող բույսերով։ Ջրհորը փակված էր տախտակներով, որպեսզի ոչ ոք պատահաբար այնտեղ չընկներ։ Տախտակներից մեկի մեջ մի ոչ շատ մեծ անցք կար, Քորալայնը գցում էր այնտեղ քարեր ու կաղիններ և հաշվում, քանի վայրկյան կանցնի, մինչև ջրի մեջ շրմփան։

Այգում զբոսնելիս նա գտավ ոզնի, օձի կաշի (առանց օձի), քար, որը նման էր գորտի, ու դոդոշի, որը նման էր քարի։

Նրան հանդիպեց նաև մի սև մեծամիտ կատու, որը նստած մեկ պատին, մեկ կոճղին, հետևում էր իրեն։ Երբ Քորալայնը փորձում էր մոտենալ ու խաղալ նրա հետ, նա հպարտ հեռանում էր։

Նոր տուն տեղափոխվելուց հետո մի երկու շաբաթ Քորալայնը զբաղված էր այգին ու նրա բնակիչներին ուսումնասիրելով։

Մայրիկը կանչում էր նրան տուն միայն ճաշելու և ընթրելու։ Նաև հետևում էր, որպեսզի տանից դուրս գալիս տաք հագնվեր․ ամառը այդ տարի բավականին ցուրտ էր։ Ամեն օր աղջիկը հետազոտում էր շրջակայքը, բայց մի օր առավոտյան անձրև եկավ, և այդ օրը Քորալայնը ստիպված տանը մնաց։

― Ի՞նչ անեմ, ― հարցրեց Քորալանը։

― Կարդա, ― պատասխանեց մայրիկը։ ― Տեսաֆիլմ նայիր։ Խաղալիքներով խաղա։ Այցելիր միսս Սփինքին ու միսս Ֆորսիբլին կամ վերևում ապրող ծերունուն։

― Ոչ, ― ասաց Քորալայնը։ Չեմ ուզում։ Ես ուզում եմ շարունակել իմ հետազոտությունները։

― Արա, ինչ ուզում ես, ― ասաց մայրիկը, ― միայն տունը տակն ու վրա չանես։

Քորալայնը մոտեցավ պատուհանին ու նայեց անձրևին։ Լինում են անձրևներ, որոնց տակ կարելի է զբոսնել։ Բայց սա թափվում էր կարծես դույլից, կտրուկ ընկնում էր գետնին և բազմաթիվ ցայտեր առաջացնում։ Դա շատ գործնական անձրև էր, և այդ օրը նրա գլխավոր գործն էր՝ դարձնել այգին ջրի ու ցեխի խառնուրդ։

Քորալայնը նայեց բոլոր այն ֆիլմերը, որոնց տեսաերիզները գտավ տանը, խաղաց բոլոր խաղալիքներով և մի անգամ էլ վերընթերցեց իր բոլոր գրքերը։

Նա միացրեց հեռուստացույցը, փոխեց բոլոր ալիքները, բայց բացի ձանձրալի խոսսկցություններից ֆինանսական շուկաների մասին և թոք շոուներից, հեռուստացույցով ոչինչ ցույց չէին տալիս։

Վերջապես նա հանդիպեց մի հաղորդման, որը նրան հետաքրքրեց։ Դա կենդանիների մասին ֆիլմի վերջին մասն էր։ Ֆիլմն այն մասին էր, թե ինչպես կենդանիները, թռչունները, միջատները վտանգի դեպքում, կերպարանափոխվում են, նմանվում ոմանք տերևների, ոմանք ճյուղիկների, ոմանք՝ ուրիշ կենդանիների։ Դա նրան մի փոքր զվարճացրեց, բայց հաղորդումը ավարտվեց, և հեռուստացույցով սկսեցին պատմել ինչ֊որ հրուշակեղենի գործարանի մասին։

Նա որոշեց, որ հիմա հայրիկի հետ խոսելու ժամանակն է։

Քորալայնի ծնողները աշխատում էին համակարգչով, իսկ դա նշանակում է, որ մեծ մասամբ տանն էին լինում։ Նրանցից ամեն մեկն ուներ իր աշխատասենյակը։

― Ողջույն, ― ասաց հայրիկը առանց գլուխը շրջելու։

― Գիտե՞ս, ― ասաց Քորալայնը, ― անձրև է գալիս․․․

― Իսկապես, ― հաստատեց հայրիկը, ― թափվում է ինչպես դույլից։

― Ամենևին ոչ, ― առարկեց Քորալայնը, ― մի քիչ կաթում է։ Կարելի՞ է զբոսնել։

― Իսկ ի՞նչ ասաց մայրիկը։

― Նա ասաց․ «Դու չես գնա զբոսնելու այսպիսի եղանակին, Քորալայն Ջոնս»։

― Ուրեմն, չես գնա զբոսնելու։

― Ես չափազանց շատ եմ ուզում ինչ֊որ բան ուսումնասիրել։

― Ուսումնասիրիր բնակարանը, ― առաջարկեց հայրիկը։ ― Ահա վերցրու թուղթն ու մատիտը։ Հաշվիր բոլոր դռներն ու պատուհանները։ Թվիր բոլոր երկնագույն առարկաները։ Գտիր տաք ջրի բաքը։ Եվ թույլ տուր ինձ հանգիստ աշխատել։

― Կարելի՞ է գնալ հյուրասենյակ։

― Միայն թե ոչինչ ձեռք չտաս։

Քորալայնը մտածեց, հետո վերցրեց թուղթն ու մատիտը և գնաց բնակարանը ուսումնսասիրելու։

Խոհանոցի կողքի պահոցասենյակում գտավ տաք ջրի բաքը։

Հաշվեց բոլոր երկնագույն առարկաները՝ դրանք հարյուր հիսուն երեք հատ էին։

Հաշվեց պատուհաները՝ քսաներեք հատ։

Հետո դռները՝ տասնչորս հատ։

Տասներեք դռները միմյանցից առանձնապես չէին տարբերվում, նրանք բացվում ու փակվում էին։ Իսկ տասնչորսերորդը, ամենամեծը, շագանակագույն փայտե դուռը հյուրասենյակի անկյունում՝ փակ էր։

Նա մոտեցավ մայրիկին և հարցրեց․

― Ի՞նչ է, այս դռան ետևում։

― Ոչինչ, թանկագինս։

― Նա պետք է ինչ֊որ տեղ տանի։

Մայրիկը բացասաբար օրորեց գլուխը։

― Արի միասին նայենք, ― ասաց նա Քորալայնին, գնաց խոհանոց և վերցրեց դռան ետևում պահված բանալիների խուրձը։ Նա երկար զննեց բանալիները, և, վերջապես ընտրեց ամենամեծ, ամենասև, ժանգով պատված բանալին։ Նրանք գնացին հյուրասենյակ։ Մայրիկը պտտեց բանալին։ Դուռը բացվեց։ Մայրիկը ճիշտ էր։ Դուռը ոչ մի տեղ չէր տանում։ Նրա ետևում, աղյուսե պատ էր։

― Երբ տունը ուներ միայն մի տեր, ― ասաց մայրիկը, ― այս դուռը ինչ֊որ տեղ տանում էր։ Հետո տունը բաժանեցին բնակարանների և այս անցումը փակեցին աղյուսով։ Երևի մյուս կողմում բնակարան է, որը դեռ ոչ ոք չի գնել։

Նա փակեց դուռը և բանալիները տեղը դրեց։

― Դու չկողպեցիր այն, ― նկատեց Քորալայնը։

Մայրիկը թոթվեց ուսերը։

― Ի՞նչ միտք ունի կողպել այն, ― ասաց նա։ ― Չէ որ նրա ետևում ոչինչ չկա։

Կորալայնը ոչինչ չասաց։

Փողոցում մթնեց, իսկ անձրևը դեռ շարունակվում էր, թխկթխկացնում էր պատուհաններին և աղավաղում փողոցով սլացող մեքենաների լույսերը։

Հայրիկը ավարտեց աշխատանքը և ընթրիք պատրաստեց։

Քորալայնը կնճռոտեց դեմքը։

― Հայրիկ, դու նորից օգտվել էս ճաշերի գրքից վերցված բաղադրատոմսով։

― Սա կանաչ սոխ է և կարտոֆիլ, շոգեխաշած խոտաբույսերով և «Գրուէր» պանրով։

Քորալայնը բացասաբար շարժեց գլուխը, հանեց սառնարանից սառեցված պիցցան և դրեց միկրոալիքային ջեռոցի մեջ․․․

― Դու հո գիտես, որ ես չեմ սիրում, երբ պատրաստում ես գրքով, ― ասաց Քորալայնը, մինչ նրա ընթրիքը պտտվում էր ջեռոցում, իսկ կարմիր թվերը փոքրիկ էկրանին համրում էին մինչև պատրաստվելը մնացող վայրկյանները։

― Փորձիր, գուցե քեզ դուր գա, ― ասաց հայրիկը, բայց Քորալայնը նորից բացասաբար շարժեց գլուխը։

Այդ գիշեր Քորալայնի քունը չէր տանում։ Նա երկար ժամանակ բաց աչքերով պառկած էր մահճակալին, ու երբ արդեն քունը տարավ, հանկարծ ինչ֊որ տեղից լսեց․ «Թ֊թ֊թ֊թ֊թ֊թ․․․»։ Նա նստեց։

Ձայնը չէր դադարում։ «Ճը֊ը֊ը֊ռ֊ռ֊ռ․․․»։

Նա դուրս եկավ նախասենյակ, բայց այնտեղ ոչ ոք չկար։ Նա շրջեց նախասենյակում։ Ծնողների ննջարանից լսվում էր խռմփոց՝ դա իհարկե հայրիկն էր, ժամանակ առ ժամանակ լսվում էր քնկոտ փնթփնթոց՝ դա էլ մայրիկն էր։

Քորալայնը որոշեց, որ տարօրինակ ձայները երազում էր լսել, բայց հանկարծ նկատեց ինչ֊որ շարժվող բան։

Ստվերի նման մի մուգ բան արագորեն անցավ նախասենյակի հեռավոր անկյունը։

«Միայն թե սարդ չլինի», ― մտածեց Քորալայնը։ Սարդերի ներկայությամբ նա իրեն այնքան էլ լավ չէր զգում։

Ստվերը սահեց հյուրասենյակ, և Քորալայնը չնայած վախին հետևեց նրան։

Եթե նախասենյակի լույսը չվառվեր, հյուրասենյակում բոլորովին մութ կլիներ։ Դռան մեջ կանգնած Քորալայնը հատակի գորգի վրա մի ահռելի, նիհար կնոջ նմանվող, ծուռումուռ ստվեր էր գցել։

Մինչ Քորալայնը մտածում էր, վառի լույսը թե չէ, մի ստվեր դանդաղ դուրս եկավ բազմոցի տակից, մի պահ կանգնեց, հետո նետվեց սենյակի հեռավոր անկյունը։

Քորալայնը արագ միացրեց լույսը։ Անկյունում ոչինչ չկար, բացի հին դռնից, որի ետևում երևում էր աղյուսե պատը։

Նա համոզված էր, որ մայրիկը դուռը փակել էր։ Այժմ դուռը կիսաբաց էր։ Հավանաբար այն էր ճռճռում։ Քորալայնը մոտեցավ դռանը, և տեսավ միայն կարմիր աղյուսե պատը։

Փակելով հին փայտե դուռը, նա հանգցրեց լույսը և վերադարձավ անկողին։

Այդ գիշեր նա երազում տեսնում էր սև ստվերներ, որոնք թաքնվելով լույսից սահում էին տեղից֊տեղ։ Կարմիր աչքերով ու դեղին, սուր ատամներով փոքրիկ ստվերները ձուլվեցին, դարձան մի մեծ ստվեր և սկսեցին երգել․

Մենք շատ ենք այստեղ, նայիր, շատ ենք և փոքրիկ։ Հետևում ենք, ինչպես ես մեծանում։ Այստեղ կլինեք, երբ մեռնես։

Շշուկի նման ձայները միալար ու ձանձրալի էին։

Հետո Քորալայնը տեսավ «ինչ֊որ գովազդ», իսկ այնուհետև՝ էլ ոչ մի երազ չտեսավ։

II

Հաջորդ օրը անձրևը դադարեց, բայց փողոցում սպիտակ խիտ մառախուղ էր։ ― Գնում եմ զբոսնելու, ― ասաց Քորալայնը։

― Միայն հեռու չգնաս, ― պատասխանեց մայրիկը։ ― Տաք հագնվիր։

Քորալայնը հագավ երկնագույն վերարկուն, կարմիր շարֆը, դեղին ռետինե կոշիկները և դուրս եկավ փողոց։

Միսս Սփինքը զբոսնում էր շների հետ։

― Բարև Քարոլայն, ― ասաց միսս Սփինքը, այսօր անտանելի եղանակ է։

― Այո, ― համաձայնեց Քորալայնը։

― Մի ժամանակ ես փայլում էի Պորցիայի դերում, ― ասաց միսս Սփինքը, ― և, ինչքան էլ միսս Ֆորսիբլը պատմի իր Օֆելիայի մասին, հանդիսատեսը գալիս էր նայելու հատկապես Պորցիային։ Այն ժամանակ մենք շատ հայտնի էինք։

Միսս Սփինքի հագին այնքան բլուզ ու սվիտեր կար, որ նա թվում էր սովորականից ավելի կլորիկ ու կարճահասակ։ Նա նման էր հարած սերուցքի մի ահռելի սարի։ Հաստ ապակիներով ակնոցների ետևում նրա աչքերը թվում էին ահռելի։

― Նրանք ինձ միշտ ծաղիկներ էին ուղարկում հարդարասենյակ։ Միշտ, ― շարունակեց հիշողությունները միսս Սփինքը։

― Ովքե՞ր, ― հարցրեց Քորալայնը։

Միսս Սփինքը զգուշությամբ շուրջը նայեց, կարծես վախենալով, որ ինչ֊որ մեկը իրենց ականջ է դնում։

― Տղամարդիկ, ― շշնջաց նա և, քաշելով շների թոկերը մանրիկ քայլերով շտապեց տան կողմը։

Քորալայնը շարունակեց իր զբոսանքը։

Նա համարյա շրջանցել էր տունը, երբ տեսավ իր բնակարանի դռան մեջ կանգնած միսս Ֆորսիբլին։

― Միսս Սփինքին չե՞ս տեսել, Քարոլայն։

Քորալայնը պատասխանեց, որ տեսել է նրան շների հետ զբոսնելիս։

― Հուսամ, որ նա չի կորչի մառախուղի մեջ, թե չէ, կտեսնես, նորից կսկսվի նրա հերպեսը, ― ասաց միսս Ֆորսիբլը։ ― Միայն հետախույզը կարող է գտնել ճանապարհը այս մառախուղում։

― Ես հետախույզ եմ, ― ասաց Քորալայնը։

― Դրանում ոչ մի կասկած, սիրելիս, ― նկատեց միսս Ֆորսիբլը։ ― Բայց միևնույն է, աշխատիր այսօր չկորչել։

Քորալայնը գնաց մառախլապատ այգում թափառելու։ Նա աշխատում էր տեսադաշտից չկորցնել տունը։ Տաս րոպե հետո իր համար անսպասելի նա հայտնվեց այն նույն տեղում, որտեղից սկսել էր զբոսանքը։

Նրա մազերը թրջվել ու կախվել էին, դեմքը խոնավացել էր։

― Քարոլայն, ― կանչեց նրան վերևի հարկի խելագար ծերունին։

― Բարև ձեզ, ― պատասխանեց Քորալայնը։

Քորալայնը դժվարությամբ նշմարեց նրա ուրվագիծը մառախուղի մեջ։ Նա զգուշորեն իջնում էր դեպի Քորալայնի բնակարանը տանող աստիճաններով։ Քորալայնը սպասում էր ներքևում։

― Մկնիկներին դուր չի գալիս մառախուղը, ― հայտնեց նա։ ― Նրանց բեղիկները կախվում են։

― Ինձ էլ դուր չի գալիս, ― ասաց Քորալայնը։

Վերջապես ծերունին հաղթահարեց աստիճանները և այնքան մոտեցավ Քորալայնին, որ նրա բեղերի ծայրերը դիպան Քորալայնի ականջին։

― Մկնիկները խնդրել են քեզ մի բան հաղորդել, ― շշնջաց նա։

Քորալայնը չգիտեր ինչ ասել։

― Ահա նրանց բառերը․ «Չանցնես դռան միջով»։ ― Նա մի քիչ լռեց։ ― Դու հասկանո՞ւմ ես, թե դա ինչ կարող է նշանակել։

― Ոչ, ― պատասխանեց Քորալայնը։

Ծերունին թոթվեց ուսերը․

― Նրանք այնքան զվարճալի են, այդ մկնիկները։ Ամեն ինչ սխալ են հասկանում։ Նույնիսկ քո անունն են շփոթել, ― նրանք քեզ անվանեցին Քորալայն, այլ ոչ թե Քարոլայն, ամենևին ոչ Քարոլայն։

Նա վերցրեց աստիճանների տակ դրված կաթի շիշը և գնաց իր մոտ վերև։

Քորալայնը տուն վերադարձավ։ Մայրիկը աշխատում էր իր աշխատասենյակում։ Այնտեղ բուրում էր ծաղիկներով։

― Ի՞նչով կարելի է զբաղվել, ― հարցրեց Քորալայնը։

― Ե՞րբ են սկսվում դասերը, ― հետաքրքրվեց մայրիկը։

― Մյուս շաբաթ, ― պատասխանեց Քորալայնը։

― Հըմ֊մ֊մ֊մ, ― մտազբաղ ասաց մայրիկը։ ― Պետք է քեզ համար դպրոցական զգեստ գնել։ Հիշեցրու ինձ, թանկագինս, թե չէ կարող եմ մոռանալ։ ― Եվ նորից սկսեց աշխատել։

― Ինչո՞վ կարելի է զբաղվել, ― կրկնեց Քորալայնը։

― Նկարիր,― մայրիկը մեկնեց նրան մի թերթիկ ու գրիչ։

Քորալայնը փորձեց նկարել մառախուղը, բայց թուղթը այդպես էլ սպիտակ մնաց, միայն անկյունում հայտնվեցին հազիվ տեսանելի ծուռումուռ գծեր։

Քորալայնը հըմ արեց և տվեց թերթիկը մայրիկին։

― Շատ օրիգինալ է, ― ասաց մայրիկը։

Քորալայնը կամացուկ մտավ հյուրասենյակ և փորձեց բացել անկյունի հին դուռը։ Նա նորից փակ էր։ «Երևի մայրիկն է կողպել», ― ենթադրեց նա և ուղղվեց դեպի հայրիկի աշխատասենյակ։

Հայրիկը մեջքով նստած դեպի դուռը աշխատում էր։

― Ժամանակ չունեմ, ― ասաց հայրիկը, երբ Քորալայնը ներս մտավ։

― Ես ձանձրանում եմ, ― ասաց Քորալայնը։

― Իսկ դու փորձիր սովորել ստեպ պարել, ― առանց գլուխը շրջելու ասաց նա։

Քորալայնը ճոճեց գլուխը։

― Ինչո՞ւ ինձ հետ չես խաղում, ― հարցրեց նա։

― Որովհետև զբաղված եմ։ ― Հետո ավելացրեց․ ― Այցելիր միսս Սփինքին ու Ֆորսիբլին։

Քորալայնը հագավ վերարկուն, գլխին քաշեց կապյուշոնը և նորից փողոց դուրս եկավ։ Նա իջավ աստիճաններով և սեղմեց միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի բնակարանի դռան զանգը։ Դռան ետևից լսեց նախասենյակ դուրս թռած շների կատաղի հաչոցը։ Որոշ ժամանակ անց միսս Սփինքը բացեց դուռը։

Ախ, այդ դո՞ւ ես, Քարոլայն, ― ասաց նա։ ― Անգուս, Հեմիշ, Բրյուս, հանգստացեք, տղաներ։ Սա Քարոլայնն է։ Ներս արի, թանկագինս։ Թեյ ուզո՞ւմ ես։

Բնակարանից շների և կահույքի լաքի հոտ էր գալիս։

Այո, ուզում եմ, ― պատասխանեց Քորալայնը։

Միսս Սփինքը ուղեկցեց նրան մի փոքրիկ փոշոտ սենյակ, որը նրանց բնակարանում ծառայում էր որպես հյուրասենյակ։ Պատերին շրջանակների մեջ կախված էին գեղեցիկ կանանց սև֊սպիտակ լուսանկարներ և թատերական աֆիշներ։ Միսս Ֆորսիբլը բազկաթոռին նստած ինչ֊որ բան էր գործում։

Թեյը բերեցին ափսեի մեջ դրված փոքրիկ, վարդագույն ճենապակե բաժակով։ Թեյի հետ տվեցին թխվացքաբլիթներ։

Միսս Ֆորսիբլը մի կողմ դրեց ձեռագործը և հոգոց հանեց․

― Գիտե՞ս, Էյփրիլ, դու պետք է վաղուց հասկանայիր, որ կյանքը ծերության ժամանակ դեռ ավարտված չէ։

― Միրիամ, թանկագինս, ոչ դու, ոչ ես ՝ էլ չենք լինի երիտասարդ։

― Մադամ Արկատի, ― առարկեց միսս Ֆորսիբլը, ― Ռոմեոյի դայակը, Լեդի Բրակնելլ․․․ տիպաժային դերեր․․․ Մենք դեռ շատ բան կարող ենք անել բեմում։

― Այ դրանում, քեզ հետ համամիտ եմ, ― պատասխանեց միսս Սփինքը։

Քորալայնին թվաց, որ նրանք մոռացել են իր մասին։ Նրանց վեճը անվերջ ու անմիմաստ էր, քանի որ ամեն մեկն ուներ իր հիմնավորումները։ Այդ հիմնավորումների հետ ոչ կարելի էր համաձայնել, ոչ էլ մերժել, հիմնավորումներ, որոնք միշտ կլինեն, քանի դեռ նրանք այդ ցանկանում են։

Քորալայնը խմեց թեյը։

― Ուզո՞ւմ ես բաժակդ նայեմ, ― հարցրեց միսս Սփինքը Քորալայնին։

― Ի՞նչ, ― չհասկացավ Քորալայնը։

― Թեյի թերթիկներով գուշակեմ։ Նրանց նայելով ես կարող եմ ապագան կանխատեսել։

Քորալայնը տվեց բաժակը միսս Սփինքին։ Միսս Սփինքը, սեղմելով շրթունքները և կկոցելով աչքերը սկսեց նայել բաժակի միջի սև կետերին։

― Գիտես Քարոլայն, ― ասաց նա որոշ ժամանակ անց, ― քեզ սարսափելի վտանգ է սպառնում։

Հըմ, ― ասաց միսս Ֆորսիբլը և նորից գործը մի կողմ դրեց։

― Հերիք է, Էյփրիլ, հիմար բաներ ես ասում։ Մի վախեցնի աղջկան։ Երևի աչքերդ քեզ խաբում են։

― Տուր ինձ բաժակդ, բալիկ։

― Քորալայնը տվեց բաժակը միսս Ֆորսիբլին։ Նա հանգիստ նայեց բաժակի մեջ, հետո թափ տվեց գլուխը ու նորից ուշադիր նայեց։

― Այո, թանկագինս, դու ճիշտ ես, Էյփրիլ, նրան իսկապես վտանգ է սպառնում։

― Տեսնո՞ւմ ես, Միրիամ, ― գոհունակությամբ ասաց միսս Սփինքը։ ― Աչքերս ինձ չեն խաբել։ Ես նախկինի պես լավ եմ տեսնում։

― Ի՞նչ վտանգի մասին եք ասում, ― հարցրեց Քորալայնը։

Միսս Սփինքն ու միսս Ֆորսիբլը անօգնական նայեցին աղջկան։

― Ես չգիտեմ, ― ասաց միսս Սփինքը։ ― Թերթիկները այդ չեն ասում։ Նրանք կանխագուշակում են ապագան ընդհանուր առմամբ, առանց մանրամասների։

― Այժմ ես ի՞նչ անեմ, ― հարցրեց Քորալայնը, մի փոքր անհանգստացած այդպիսի կանխատեսումով։

― Գուցե չարժե՞ կանաչ շոր հագնել հանդերձարանում, ― ենթադրեց միսս Սփինքը։

― Կամ պետք չէ խոսել շոտլանդական թատրոնի մասին, ― ավելացրեց միսս Ֆորսիբլը։

Քորալայնը չէր հասկանում, թե ինչու են մեծահասակները այդքան անիմաստ բաներ ասում։ Ինչի՞ տեղ են նրանք դնում իրեն։

― Շատ զգույշ եղիր, ― ասաց միսս Սփինքը։

Նա վեր կացավ բազկաթոռից և մոտեցավ բուխարիկին։ Բուխարիկի դարակի վրա դրված էր ոչ մեծ ապակյա տուփ։ Միսս Սփինքը բացեց այն և այնտեղից տարբեր առարկաներ հանեց․ փոքրիկ ճենապակե բադիկ, մատնոց, անսովոր պղնձե դրամ, մազերի երկու ամրակ և մի անցքով քար։

― Ինչի՞ համար է այս քարը, ― հարցրեց Քորալայնը։

Նա մոտեցավ պատուհանին և նայեց անցքի միջով։

― Գուցե այս քարը քեզ օգնի, ― ասաց միսս Սփինքը։ ― Երբ ինչ֊որ վատ բան է պատահում, այսպիսի քարերը երբեմն օգնում են։

― Քորալայնը հագավ վերարկուն, հրաժեշտ տվեց միսս Սփինքին, միսս Ֆորսիբլին ու շներին և դուրս եկավ փողոց։

Մառախուղն այնքան թանձր էր, որ նույնիսկ տունը չէր երևում։ Նա զգուշորեն մոտեցավ դեպի իրենց բնակարանը տանող աստիճաններին, կանգնեց ու շուրջը նայեց։

Մառախլապատ աշխարհը թվում էր թափանցիկ։ «Վտա՞նգ», ― մտածեց Քորալայնը։ Այդ բառը հուզում էր նրան։ Բայց սարսափելի չէր։ Բոլորովին սարսափելի չէր։

Քորալայնը բարձրացավ վերև, բռի մեջ պինդ սեղմելով քարը։


III

Հաջորդ օրը պայծառ արև էր շողում, և մայրիկն ու Քորալայնը գնացին մոտակա քաղաք դպրոցական զգեստ գնելու։ Նրանք հրաժեշտ տվեցին հայրիկին երկաթուղային կայարանում։ Նա շտապում էր Լոնդոն ինչ֊որ հանդիպման։

Քորալայնը թափահարեց նրան ձեռքով ու մայրիկի հետ գնաց խանութ։

Այնտեղ Քորալայնը տեսավ կանաչ ձեռնոցներ, որոնք նրան շատ դուր եկան։ Բայց մայրիկը ձեռնոցների փոխարեն գնեց նրա համար սպիտակ գուլպաներ, կապույտ կիսավարտիքներ, չորս մոխրագույն բլուզ, և մուգ մոխրագույն կիսաշրջազգեստ։

― Մայրիկ, դպրոցում բոլորը մոխրագույն բլուզներ են հագնում, բայց ոչ ոք չունի կանաչ ձեռնոցեր։ Ես միակը կլինեի։

Բայց մայրիկը նրան չէր լսում, նա խոսում էր վաճառոհուղու հետ։ Նրանք քննարկում էին, թե որ սվիտերն ավելի լավ կլինի ընտրել Քորալայնի համար, և եզրակացրին, որ ամեահարմարն ՝ ահռելի, պարկի նմանվողն է։ Չէ՞ որ երբևիցե Քորալայնը կմեծանա մինչև այդ չափսը․․․

Քորալայնը գնաց ու սկսեց նայել ցուցափեղկում դրված գորտերով, բադիկներով ու ճագարներով նկարազարդված ռետինե կոշիկներին։

Հետո վերադարձավ մայրիկի մոտ։

Քորալա՛յն, ահա թե ուր ես։ Որտե՞ղ էիր։

― Ինձ առևանգել էին այլմոլորակայինները։ ― Նրանք ունեին լազերային ատրճանակներ։ Բայց ես կարողացա խաբել նրանց։ Ես կեղծամ հագա, խոսում էի օտարերկրացու պես, հետո՝ փախա։

― Այո, թանկագինս, չէր խանգարի գնել քեզ համար մազերի ամրակներ։

― Դրանք ինձ պետք չեն։

― Կարծում եմ պետք է վերցնել մի վեց հատ․․․ պահուստի համար ― ասաց մայրիկը։

Քորալայնը ոչինչ չասաց։

Երբ մեքենայով վերադառնում էին Քորալայնը հարցրեց․

― Իսկ ի՞նչ կա այն դատարկ բնակարանում։

― Չգիտեմ, կարծում եմ ոչինչ։ Երևի հիմա նա այնպիսին է, ինչպիսին մերն էր երբ տեղափոխվեցինք։ Ուղղակի դատարկ սենյակներ։

― Իսկ կարելի՞ է այնտեղ մտնել մեր բնակարանից։

― Ոչ, եթե իհարկե դու չես կարող անցնել աղյուսե պատերի միջով, թանկագինս։

― Հասկանալի է։

Նրանք տուն վերադարձան ճաշի ժամին։ Մայրիկը նայեց սառնարանի մեջ․ բացի փոքրիկ թորշոմած պոմիդորից ու բորբոսնած պանրի կտորից այնտեղ ոչինչ չկար։

Հացի ամանում միայնակ ընկած էր հացի չոր կեղևը։

― Երևում է պետք է գնամ խանութ, գնեմ ձկան ձողիկներ ու էլի ինչ֊որ բան, ― ասաց մայրիկը։ Կգա՞ս ինձ հետ։

― Ոչ, ― պատասխանեց Քորալայնը։

― Այդ դեպքում, մի քիչ ապասիր ինձ, ― ասաց մայրիկը, վերցրեց քսակը, մեքենայի բանալիներն ու դուրս եկավ։

Քորալայնը ձանձրանում էր։

Նա թերթեց մայրիկի գիրքը մի հեռավոր երկրի մարդկանց մասին։ Այդ մարդիկ մետաքսե սպիտակ կտորների վրա նկարում էին մոմերով, հետո լվանում էին մոմը տաք ջրով ու նորից ներկում, հետո նորից լվանում էին և վերջապես, այրում այդ գեղեցկությունը։

Այդ ամենը Քորալայնին թվաց բացարձակապես անիմաստ, բայց նա որոշեց, որ մարդիկ այդպես զվարճանում են։

Նա շատ էր ձանձրանում, բայց մայրիկը չէր վերադառնում։

Նա գնաց խոհանոց, վերցրեց մի աթոռ, մոտեցրեց դռանը, ձգվեց, բայց չհասավ․․․ Նա իջավ, վերցրեց ավելը, նորից բարձրացավ աթոռին և․․․

Զրրնգ․․․

Նա իջավ աթոռից, բարձրացրեց բանալիները և գոհ ժպտաց։ Դրեց ավելը իր տեղը և ուղղվեց հյուրասենյակ։

Սովորաբար նրանք չէին օգտվում հյուրասենյակից։ Այդ սենյակում դրված էր տատիկից ժառանգություն ստացած հին կահույքը․ փայտե փոքրիկ սեղան, փոքրիկ պահարան, ծանր ապակյա մոխրաման և, յուղաներկով նկարված մի նկար, որի վրա պատկերված էր մրգերով ափսեն։ Բացի այդ առարկաներից հյուրասենյակում ոչինչ չկար․ ոչ հաճելի մանրուքներ բուխարիկի դարակին, ոչ փոքրիկ արձանիկներ, ոչ ժամացույց, ոչինչ՝ ինչը կդարձներ սենյակը ավելի հարմարավետ ու բնակելի։

Հին սև բանալին ամենասառն էր կապոցի մեջ։ Քորլայանը դրեց այն կողպեքի անցքը, զգուշորեն պտտեց, և դուռը բացվեց։

Քորալայնը կանգնեց, ականջ դրեց։ Նա հասկանում էր, որ վատ է վարվում, և վախենում էր, որ մայրիկը կվերադառնա։ Բայց ամեն ինչ խաղաղ էր։ Քորալայնը բացեց դուռը։

Աղյուսե պատը անհետացել էր, կարծես երբեք էլ չէր եղել։ Դռան ետևում մութ միջանցք էր։ Քորալայնը զգաց սառը, բորբոսնած օդի հոսանքը։ Ինչ֊որ հնության հոտ էր գալիս։ «Հետաքրքիր է ինպիսի՞ն է այն բնակարանը, որտեղ այս միջանցքն է տանում», ― մտածեց Քորալայնը և, առանց երկար մտածելու քայլեց առաջ։

Այդ միջանցքում նրան ամեն ինչ ծանոթ թվաց։ Հատակին նույն գորգն էր, պատերին նույն պաստառներն էին։ Նույնիսկ միջանցքում կախված նկարը, նույն էր։

Հիմա նա գիտեր, թե որտեղ է։ Իր սեփական տանը։

Զարմացած շարժելով գլուխը, Քորալայնը ուշադիր նայեց նկարին․ ինչ֊որ բան նկարում այն չէր։ Նկարում պատկերված տղան նայում էր գնդակներին։ Նրա դեմքի արտահայտությունը տարօրինակ էր․ տղան այնպես էր նայում, կարծես ուզում էր ինչ֊որ սարսափելի բան անել․․․

Քորալայնը ուշադիր նայում էր նրա դեմքին, փորձելով հասկանալ երկու տղաների միջև եղած տարբերությունը։ Եվ երբ ուր որ է գլխի էր ընկնելու, հանկարծ ինչ֊որ մեկը հարցրեց․

― Քորալի՞նա։

Ձայնը նման էր մայրիկի ձայնին։ Քորալայնը մտավ խոհանոց, որտեղից լսվում էր ծանոթ ձայնը։ Այնտեղ մեջքով դեպի Քորալայնը կանգնած էր մի կին։ Նա նման էր մայրիկին, միայն․․․

Միայն նրա մաշկը թղթի պես սպիտակ էր։

Միայն նա ավելի բարձրահասակ ու նիհար էր։

Միայն, նրա անընդհատ շարժվող մատները ավելի երկար էին, իսկ կարմիր լաքով ծածկված եղունգները ծալված էին ու սուր։

Քորալա՞ն, ― կրկնեց կինը։ ― Այդ դո՞ւ ես։

նա շրջվեց և Քորալայնը տեսավ, որ աչքերի փոխարեն նրան են նայում մեծ, սև կոճակներ։

― Ճաշելու ժամանակն է, Քորալայն, ― ասաց կինը։

― Ո՞վ եք դուք։

― Ես քո մյուս մայրիկն եմ։ ― Գնա, ասա մյուս հայրիկին, որ ճաշը արդեն պատրաստ է։

Նա բացեց ջեռոցի դուռը։ Քորալայնը զգաց, որ շատ սոված է։ Հոտը հիասքանչ էր։

― Դե, գնա․․․

Քորալայնը գնաց նախասենյակ, որտեղ գտնվում էր հայրիկի աշխատասենյակի դուռը։ Նա բացեց դուռը։ Սենյակում համակարգչի առաջ մեջքով դեպի նա նստած էր մի տղամարդ։

― Ողջույն, ― ասաց Քորալայնը։ Ես․․․ ավելի ճիշտ նա խնդրեց ասել, որ ճաշն արդեն պատրաստ է։

Տղամարդը շրջվեց։ Նրա աչքերն էլ էին փայլուն սև կոճակներ։

― Ողջույն Քորալայն, ― ասաց նա։ ― Ես ուղղակի մեռնում եմ սովից։

Նա վեր կացավ տեղից և նրանք գնացին խոհանոց։ Մյուս մայրիկը նրանց ճաշ մատուցեց․ ահռելի շագանակա֊ոսկեգույն հավ՝ տապակած կարտոֆիլի ու նուրբ ոլոռի հետ։ Քորալայնը սկսեց ուտել։ Ուտելիքը շատ համեղ էր։

― Մենք այնքան երկար սպասեցինք քեզ, ― ասաց մյուս հայրիկը։

― Այո, ― ասաց մյուս մայրիկը։ ― Առանց քեզ այստեղ այնքան էլ լավ չէր։ Բայց մենք գիտեինք, որ մի օր դու կգաս և մենք կդառնանք իսկական ընտանիք։ Էլի հավ ուզո՞ւմ ես։

Դա ամենահամով հավն էր, որ Քորալայնը երբևիցե կերել էր։ Նրա մայրիկն էլ երբեմն հավ էր պատրաստում, բայց միշտ չոր ու անհամ էր ստացվում։ Երբ հայրիկն էր հավ պատրաստում, նա տարօրինակ բաներ էր անում, օրինակ եփում էր գինու մեջ, լցոնում սալորով, կամ խմորի մեջ խորովում։ Քորալայնը սկզբունքորեն չէր փորձում նրա պատրաստածը։

Նա մի կտոր հավ էլ վերցրեց։

― Ես չգիտեի, որ մի ուրիշ մայրիկ էլ ունեմ, ― ասաց նա զգուշորեն։

― Իհարկե ունես։ Եվ ոչ միայն դու, բոլորը ունեն, ― պատասխանեց մյուս մայրիկը, սև կոճակներով փայլ արձակելով։ ― Ճաշից հետո կարող ես խաղալ քո սենյակում առնետների հետ։

― Առնետների՞։

― Այո, նրանց, որոնք ապրում են վերևում։

Քորալայնը տեսել էր առնետներ միայն հեռուստացույցով։

Նա շատ էր ուզում առնետների հետ խաղալ։

Ճաշից հետո մյուս ծնողները սկսեցին լվանալ ամանները, իսկ Քորալայնը գնաց իր սենյակը, իր մյուս սենյակը։

Այս նոր սենյակը տարբերվում էր նրանով, որ ներկված էր անտանելի կանաչ ու տարօրինակ վարդագույն գույներով։

Քորալայնը մտածեց, որ չէր ուզի գիշերն այստեղ քնել։ Միևնույն ժամանակ այս սենյակը շատ ավելի հետաքրքիր էր, քան իր «հին» ննջարանը։

Այստեղ կային բազմաթիվ անսովոր առարկաներ, այդպիսիք նախկինում նա երբեք չէր տեսել․ թևավոր հրեշտակներ, որոնք թռչում էին սենյակում վախվորած ճնճղուկների պես, նկարազարդ շարժվող ու ծռմռվող գրքեր, փոքրիկ դինոզավրերի գանգեր, որոնք չխկչխկացնում էին ատամները, երբ Քորալայնը անցնում էր նրանց կողքով։ Սենյակում զարմանալի խաղալիքներով լի մի արկղ կար։

«Այ սա ուրիշ բան է», ― մտածեց Քորալայնը։ Նա դուրս նայեց պատուհանից, տեսարանը նույնն էր, ինչպիսին իր պատուհանից․ ծառեր, դաշտեր, իսկ նրանց ետևում, կապույտ բլուրներ։

Ինչ֊որ սև բան վազեց հատակով և անհետացավ մահճակալի տակ։ Քորալայնը իջավ ծնկների վրա և նայեց այնտեղ։ Նրան էին նայում հիսուն փոքրիկ կարմիր աչքեր։

― Ողջույն, ― ասաց Քորալայնը։ ― Դուք առնետնե՞ր եք։

Ի պատասխան, կկոցելով աչքերը լույսից առնետները դուրս եկան մահճակալի տակից։ Նրանց մորթին կարճամազ ու մոխրա֊սևագույն էր, աչքերը փոքրիկ ու կարմիր, վարդագույն թաթիկները նման էին փոքրիկ ձեռքերի, իսկ երկար վարդագույն պոչերը՝ որդերի։

― Խոսել գիտե՞ք, ― հարցրեց աղջիկը։

Ամենամեծ սև առնետը բացասաբար շարժեց գլուխը․ «Ի՜նչ տհաճ ժպիտ ունի», ― մտածեց Քորալայնը։

Դե, ― հետաքրքրվեց նա, ― իսկ ի՞նչ եք կարողանում անել։

Առնետները շրջան կազմեցին։ Խնամքով, բայց արագ սկսեցին բարձրանալ իրար վրա ու բուրգ կազմեցին։ Բուրգի ամենավերևում տեղավորվեց ամենամեծ առնետը։

Ատամներ, պոչեր ունենք,
Սուր աչքեր ունենք։
Այնժամ, երբ կսայթաքես
Մենք դուրս կգանք մթից․ ―

ոչ այն է երգում էին, ոչ այն է շշնջում նրանք։

Քորալայնին երգը դուր չեկավ։ Նա համոզված էր, որ նման մի բան արդեն լսել է, բայց չէր հիշում, թե որտեղ։

Հետո բուրգը քանդվեց և սև արագաշարժ մարմինները սլացան դեպի դուռը։

Վերևում ապրող մյուս խելագար ծերունին կանգնած էր դռան մեջ սև գլխարկը ձեռքին։ Առնետները արագ մտան նրա գլխարկի մեջ, խցկվեցին գրպանները, վերնաշապիկի, շալվարի տակ, օձիքի ետևը։ Ամենամեծ առնետը բարձրացավ ծերունու ուսերին, ճոճվեց նրա մեծ սպիտակ բեղերի վրա, սողաց սև֊կոճակ աչքերի կողքով ու նստեց նրա գլխին։

Հաշված վայրկյաններում սնդիկի նման արագաշարժ առնետների խումբը անհետացավ ծերունու հագուստի տակ, անընդհատ շարժվելով ներսում մի տեղից մյուսը։ Եվ միայն ամենամեծ առնետն էր, որ նստած ծերունու գլխին, իր կարմիր փայլող աչքերով նայում էր Քորալայնին։

Ծերունին հագավ գլխարկը և ծածկեց առնետին։

― Ողջույն, Քորալայն, ― ասաց վերևի բնակարանում ապրող մյուս խելագար ծերունին։ ― Ես իմացա, որ դու արդեն այստեղ ես։ Հիմա իմ առնետները պետք է ճաշեն։ Եթե ուզում ես, գնանք ինձ հետ։ Կտեսնես, ինչպես են նրանք ուտում։

Ծերունու սև֊կոճակ աչքերը մի տեսակ ագահ սով էին արտահայտում, և Քորալայնը իրեն անվստահ զգաց։

― Ոչ, շնորհակալություն, ― ասաց նա։ ― Ավելի լավ է գնամ զբոսնելու։

Ծերունին գլխով համաձայնության նշան արեց։ Քորալայնը լսում էր ինչպես են առնետները շշուկով խոսում միմյանց հետ, բայց բառերը չէր հասկանում, և համոզված չէր, որ ուզում է իմանալ, ինչի մասին են նրանք խոսում։

Երբ անցնում էր միջանցքով տեսավ իր մյուս ծնողներին։ Նրանք կանգած էին խոհանոցի մոտ և ժպտում էին միանման ժպիտներով։

― Հաճելի զբոսանք, ― ասաց մյուս մայրիկը։

― Մենք կսպասենք քեզ, ― ասաց մյուս հայրիկը։

Հասնելով մուտքի դռանը, Քորալայնը ետ նայեց։ Նրանք դեռ այնտեղ էին․ ճոճվում ու ժպտալով նայում էին իրեն։

Քորալայնը դուրս եկավ, իջավ աստիճաններով։

Դրսից տունը իրենց տան նման էր։ Կամ՝ մոտավորապես նման․ Միսս Ֆորսիբլի ու միսս Սփինքի դռան վրա կախված էր կարմիր ու կապույտ լամպերի շղթա։ Լամպերը վառվելով ու հանգչելով դառնում էին այսպիսի բառեր․ «Ցնցող», «Թատերական», «Հաջողություն»։

Օրն արևային էր, բայց ցուրտ էր, ― ինչպես այնտեղ, որտեղից նա եկել էր։

Ետևից ինչ֊որ ձայն լսվեց։

Քորալայնը շրջվեց։ Պատին նստած մեծ, սև կատուն, շատ նման էր այն կատվին, որին տեսել էր իր տան կողքին։

― Բարի երեկո, ― ասաց կատուն։

Քորալայնին թվաց, որ ձայնը հնչում է իր գլխում, ձայնը տղամարդու է, այլ ոչ թե կնոջ։

― Բարև, ― ողջունեց նրան Քորալայնը։ Մեր այգում ես տեսել եմ մի կատու, որը շատ նման է քեզ։ Բայց դու երևի այն կատուն չես։

Կատուն ճոճեց գլուխը։

― Ոչ, ― ասաց նա։ Ես ուրիշ չեմ։ Ես՝ ես եմ։

Նա իջեցրեց գլուխը։ Նրա աչքերը հանելուկային փայլ ունեին։

Մարդիկ անընդհատ շտապում են, աշխատելով միանգամից ամեն տեղ լինել։ Մենք, կատուներս, այդպիսին չենք։

Մենք հավատարիմ ենք մեզ։ Եթե իհարկե հասկանում ես, թե ինչի մասին եմ խոսում։

― Ենթադրենք այդպես է, և դու այն նույն կատուն ես, որին ես տեսել եմ տանը։ Այդ դեպքում ինչպե՞ս է, որ խոսում ես։

Չնայած կատուները ուսեր չունեն, նա թոթվեց ուսերը։ Շարժումը շատ սահուն էր։ Այն սկսվեց պոչի ծայրից և վերջացավ բեղերով։

― Ես գիտեմ խոսել։

― Այնտեղ, որտեղ ես եմ ապրում, կատուները չեն խոսում։

― Իսկապե՞ս, ― հարցրեց կատուն։

― Այո, ― պատասխանեց Քորալայնը։

Կատուն թռավ նրա ոտքերի մոտ և ուշադիր նայեց աղջկան ներքևից վերև։

― Դո՛ւ գիտես, ― սառնորեն ասաց կատուն։ ― Որտեղի՞ց իմանամ։ Ես միայն կատու եմ։

Նա գնաց գլուխն ու պոչը բարձր պահած։

― Մի գնա, ― խնդրեց Քորալայնը։ ― Խնդրում եմ, մի նեղացիր ինձանից։

Կատուն կանգ առավ, նստեց, ու սկսեց լեզվով մաքրել իրեն, ոչ մի ուշադրություն չդարձնելով Քորալայնի վրա։

― Գիտես․․․ ― ասաց Քորալայնը, ― մենք կարող էինք ընկերանալ։

― Մենք կարող էինք դառնալ աֆրիկյան պարող փղեր, ― ասաց կատուն, ― բայց չդարձանք։ ― Համենայն դեպս, ― ավելացրեց նա, ― ես չդարձա։

Քորալայնը նայեց նրան։

― Անունդ ի՞նչ է, ― հարցրեց նա կատվին․ ― Իմը՝ Քորալայն է։

Կատուն ծուլորեն հորանջեց, ցույց տալով Քորալայնին իր զարմանալիորեն վարդագույն լեզուն։

― Կատուները անուն չեն ունենում, ― պատասխանեց նա։

― Ինչպե՞ս թե։

― Հենց այդպես, ― ասաց կատուն։ ― Այդ դուք, մարդիկ ունեք անուններ, որովհետև ինքներդ չգիտեք, թե ով եք։ Իսկ մենք գիտենք։ Այդ պատճառով էլ մեզ անուններ պետք չեն։

Քորալայնը որոշեց, որ կատուն շատ եսասեր է։ Բացի իրենից, նրան ոչինչ չէր հուզում։

Նրա մի մասը ուզում էր կոպտել կատվին, իսկ մյուսը՝ աշխատում էր քաղաքավարի ու հարգալից լինել։ Քաղաքավարի մասը հաղթեց։

― Ասա, խնդեմ, մենք որտե՞ղ ենք։

Կատուն նայեց նրան։

― Այստեղ ենք, ― պատասխանեց նա։

Լավ։ Իսկ ինչպե՞ս ընկար այստեղ։

― Ինչպես դու։ Ոտքերով, ― ասաց կատուն։ ― Այ այսպես։

Քորալայնը նայում էր, թե ինչպես կատուն անցավ մարգագետինը, անցավ ծառի ետևը և անհետացավ։ Քորալայնը մոտեցավ ծառին ու նայեց՝ կատուն չկար։

Նա դանդաղ գնաց դեպի տուն։ Հանկարծ ետևից շրշյուն լսեց։ Դա նորից կատուն էր։

― Ի դեպ, ― ասաց նա, ― վատ չէր լինի որ պաշտպանությունը միշտ մոտդ, ձեռքիդ մեջ պահեիր։ Ես այդպես կվարվեի։

― Պաշտպանությո՞ւնը։

― Այո, ես այդ բառը ասացի։ ― Չնայած․․․

Նա լռեց ու սկսեց ուշադիր նայել ինչ֊որ բանի։ Հետո կռանալով մի քանի զգույշ քայլ արեց։ Թվում էր, թե նա ուզում է որսալ մի անտեսանելի մուկ։ Հանկարծ, թափ տվեց պոչը, նետվեց դեպի թփերը ու անհետացավ։

Քորալայնը մտածում էր, թե ի՞նչ նկատի ուներ նա։ Մտածում էր՝ կատուները այնտեղ, որտեղից եկել էր, խոսո՞ւմ են։ Թե՞ նրանք խոսում են միայն այստեղ, որտեղ էլ որ այս «այստեղը» գտնվեր։

Քարե աստիճաններով նա բարձրացավ միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի դռան մոտ։ Կարմիր ու կապույտ լամպերը շարունակում էին թարթել։

Դուռը կիսաբաց էր․ Քորալայնը ծեծեց դուռը։ Դուռը անմիջապես բացվեց և Քորալայնը ներս մտավ։

Նա հայտնվեց մի սենյակում, որտեղ թավշի ու փոշու հոտ էր գալիս։ Դուռը նրա ետևից շրխկոցով փակվեց, և Քորալայնը մնաց մթության մեջ։ Նա զգուշորեն առաջ շարժվեց նեղ միջանցքով։ Հանկարծ նրա դեմքը դեմ առավ մի ինչ֊որ փափուկ բանի։ Դա ինչ֊որ կտոր էր։ Աղջիկը ձեռքով, մի կողմ տարավ կտորը ու առաջ քայլեց։

Վարագույրի ետևում կիսամութ դահլիճ էր։ Դահլիճի ծայրում, լուսավորված բեմ կար։

Այն տեղից որտեղ կանգնած էր Քորալայնը, մինչև բեմը՝ բազկաթոռների շարքեր էին։ Հանկարծ նա նկատեց, լույսի մի ճառագայթ։ Ճառագայթը տեղից֊տեղ շարժվելով, մոտեցավ նրան։ Ուշադիր նայելով, Քորալայնը տեսավ սպիտկած մռութով ահռելի սև շոտլանդական տերյերին։ Նա ատամներով բռնել էր լապտերիկ։

― Ողջույն, ― ասաց Քորալայնը։

Շունը հատակին դրեց լապտերիկը ու նայեց աղջկան։

― Ցույց տվեք ձեր տոմսը, ― ջղային հաչաց նա։ ― Ես ասացի՝ տոմսը։ Արագացրեք։ Դուք չեք կարող առանց տոմսի գտնվել ներկայացմանը։

Քորալայնը շփոթվեց։

― Ես տոմս չունեմ, ― ասաց նա։

― Նորից մի անտոմս, ― մռայլ գռմռաց շունը։ ― Մոտ եկեք։ Ո՞ւր է ձեր տոմսը։

― Ինձ մոտ տոմս չկա։ Ես չգիտեմ․․․

Շունը օրորեց գլուխը, թոթվեց ուսերը ու փնփնթաց․

― Արի ինձ հետ։

Նա նորից ատամներով բռնեց լապտերիկը և ուղղեց այն դեպի դահլիճ։ Քորալայնը գնաց նրա ետևից։ Մոտենալով բեմին շունը կանգ առավ և լուսավորեց դատարկ բազկաթոռը։ Քորալայնը նստեց, իսկ շունը գնաց։

Երբ նրա աչքերը սովորեցին մթին, նա տեսավ, որ մյուս բազկաթոռներին էլ շներ են նստած։ Հանկարծ բեմից լսվեց ինչ֊որ ֆշշոց։ Քորալայնը գլխի ընկավ, որ դա հին ձայնապնակ է, որը դրել էին ձայնարկիչին։ Հետո ֆշշոցը վերածվեց թմբկահարության և բեմ դուրս եկան միսս Սփինքն ու միսս Ֆորսիբլը։

Միսս Սփինքը նստած էր միակնանի հեծանվի վրա և գնդակներով ձեռնածություն էր անում։

Միսս Ֆորսիբլը թռչկոտում էր նրա առջև մի ահռելի, ծաղիկներով լի զամբյուղով։ Նա իր շուրջը ծաղիկների թերթիկներ էր շաղ տալիս։ Հետո երկուսն էլ մոտեցան բեմի եզրին։ Միսս Սփինքը ճարպկորեն թռավ հեծանվից, և նրանք միասին խոնարհվեցին։

Շները թխկթխկացրին պոչերր և հիացած հաչեցին։ Քորալայնը քաղաքավարի ծափահարեց։

Դերասանուհիները քանդեցին կոճակները և լայն բացեցին վերարկուները։ Նմանվելով դատարկ խեցիների բացվեցին նաև նրանց դեմքերը։ Ծեր, ծանրացած մարմնից դուրս եկան երկու երիտասարդ կին։

Նրանք ունեին սլացիկ կազմվածք, գեղեցիկ դեմքեր և կոճակների նմանվող սև աչքեր։

Նոր միսս Սփինքի հագին կանաչ գույնի տրիկո էր և բարձր երկարաճիտ կոշիկներ, նոր միսս Ֆորսիբլը սպիտակ զգեստով էր, նրա երկար բաց գույնի մազերի մեջ ծաղիկներ էին հյուսված։

Քորալայնը ավելի խորը ընկղմվեց բազկաթոռի մեջ։ Միսս Սփինքը դուրս եկավ բեմից, թմբուկների ձայնը նորից վերածվեց ֆշշոցի ու լռեց։

― Սա իմ սիրելի տեղն է, ― շշնջաց կողքի բազկաթոռում նստած փոքրիկ շնիկը։

Բեմի անկյունում դրված սնդուկից միսս Ֆորսիբլը մի դանակ հանեց։

― Իմ ձեռքին դաշյո՞ւն է, ― հարցրեց նա դահլիճին։

― Այո, ― բացականչեցին փոքրիկ շնիկները։ ― Դաշյուն է։

Միսս Ֆորսիբլը խոնարհվեց, շնիկները նորից ծափահարեցին։ Այս անգամ Քորալայնը չծափահարեց։ Նորից բեմ դուրս եկավ միսս Սփինքը։

― Իսկ հիմա, ― ասաց միսս Սփինքը, ― մենք Միրիամի հետ կներկայացնենք մեր ծրագրի նոր, ցնցող համարը։ Ո՞վ է ուզում մասնակցել։

Փոքրիկ շնիկը առջևի թաթով հրեց Քորալայնին։

― Այդ դուք եք։

― Քորալայնը վեր կացավ և փայտե աստիճաններով բարձրացավ բեմ։

― Ողջունենք այս քաջ աղջկան, ― ասաց միսս Սփինքը։

Շները հաչեցին ու պոչերով թխկթխկացրին բազկաթոռների թավշյա մեջքերին։

― Ուրեմն, Քորալայն, ― չէ՞ որ այդպես է քո անունը։

― Այո, ― պատասխանեց Քորալայնը։

― Մենք անծանոթ ենք, ճի՞շտ է։ Քորալայնը նայեց երիտասարդ, սլացիկ կնոջը, նրա սև֊կոճակ աչքերին և գլխով հաստատեց։

― Իսկ հիմա, ― ասաց մյուս միսս Սփինքը, ― կանգնիր այստեղ։

Նա տարավ Քորալայնին բեմի խորքը, նրա գլխին մի փուչիկ դրեց, մոտեցավ միսս Ֆորսիբլին, կապեց նրա կոճակե աչքերը և ձեռքի մեջ դրեց դաշյունը։ Հետո մի քանի անգամ պտտեցրեց նրան իր առանցքի շուրջ և կանգնեցրեց դեմքով դեպի Քորալայնը։ Քորալայնը շունչը պահեց, և ամուր սեղմեց բռունցքները։

Միսս Ֆորսիբլը նետեց դաշյունը փուչիկի վրա։ Փուչիկը աղմուկով պայթեց , իսկ դաշյունը խրվեց Քորալայնի գլխավերևի փայտի մեջ ու ցնցվեց։ Քորալայնը շունչ քաշեց։

Շները զմայլված էին։

Միսս Սփինքը տվեց Քորալայնին մի փոքրիկ տուփ շոկոլադե կոնֆետներ և շնորհակալություն հայտնեց նրան լավ թիրախ լինելու համար։

Քորալայնը վերադարձավ իր տեղը։

― Դուք ուղղակի հոյակապ էիք, ― ասաց փոքրիկ շնիկը։

― Շնորհակալություն, ― ասաց Քորալայնը։

Միսս Սփինքը ձեռնածություն էր անում մեծ փայտե խորանարդներով։

Քորալայնը բացեց կոնֆետներով տուփը։ Շնիկը ագահությամբ նայում էր դրանց։

― Հյուրասիրվեք, ― ասաց Քորալայնը։

― Շնորհակալություն, ― ասաց շնիկը։ ― Եթե միայն իրիսներ չեն։ Նրանցից իմ փսլինքը թափվում է։

― Ես կարծում էի, որ շոկոլադը այնքան էլ օգտակար չէ շների համար։ ― Քորալայնը հիշեց միսս Սփինքի խոսքերը։

― Միգուցե այնտեղ, որտեղից դուք եկել եք, ― շշնջաց շնիկը։ ― Իսկ այստեղ բացի շոկոլադից մենք ոչինչ չենք ուտում։

Մթության մեջ Քորալայնը չէր տեսնում, թե ինչ կոնֆետներ են։ Նա վերցրեց մեկը, բացեց և փորձեց։ Դա կոկոսով շոկոլադ էր։ Քորալայնին դուր չէր գալիս կոկոսը։ Նա տվեց կոնֆետը շնիկին։

― Շնորհակալություն, ― ասաց շնիկը։

― Խնդրեմ, ― ասաց Քորալայնը։

Իսկ միսս Սփինքն ու միսս Ֆորսիբլը շարունակում էին ներկայացումը։ Միսս Սփինքը կանգնած էր աստիճանի վրա, իսկ ներքևում նստած էր միսս Ֆորսիբլը։

― «Ի՞նչ կա անունի մեջ։ Այն ինչ մենք վարդ ենք անվանում, ― արտասանում էր միսս Ֆորսիբլը, ― և ուրիշ անունով պահպանում ենք քաղցր բուրմունքը»։

― Դուք էլ կոնֆետ չունե՞ք, ― հարցրեց շնիկը։

Քորալայնը մի կոնֆետ էլ տվեց նրան։

― «Չգիտեմ ինչպես ինձ անվանեմ։ Այդ անունը ինձ համար ատելի է», ― դիմեց միսս Սփինքը միսս Ֆորսիբլին։

― Այս համարը շուտով կավարտվի, ― շշնջաց շնիկը։ ― Հետո նրանք կպարեն ժողովրդական պարեր։

― Երկա՞ր է տևում ներկայացումը ― հարցրեց Քորալայնը։

― Այս ներկայացումը ավարտ չունի, ― ասաց շնիկը։ Այն անընդհատ շարունակվում է։

― Այստեղ, ― ճշտեց Քորալայնը։ ― Վերցրեք կոնֆետները։

― Շնորհակալություն, ― ասաց շնիկը։ Քորալայնը վեր կացավ։

― Ցտեսություն, ― ասաց շնիկը։

― Առայժմ, ― պատասխանեց Քորալայնը։

Նա դուրս եկավ թատրոնից և վերադարձավ այգի։ Ցերեկվա լույսին սովորելու համար ստիպված կկոցեց աչքերը։

Մյուս ծնողները սպասում էին իրեն։ Նրանք կանգնած կողք֊կողքի ժպտում էին։

― Լա՞վ ժամանակ անցկացրիր, ― հարցրեց մյուս մայրիկը։

― Հետաքրքիր էր, ― պատասխանեց Քորալայնը։

Նրանք միասին գնացին դեպի մյուս տուն։ Մյուս մայրիկը իր սպիտակ, երկար մատներով շոյեց Քորալայնի գլուխը։ Քորալայնը ետ քաշեց գլուխը․

― Պետք չի, ― ասաց նա։

Մյուս մայրիկը հեռացրեց ձեռքը։

― Ուրեմն, ― ասաց մյուս հայրիկը, ― քեզ այստեղ դո՞ւր եկավ։

― Ընդհանուր առմամբ, այո, ― պատասխանեց Քորալայնը։ ― Այստեղ ավելի հետաքրքիր է, քան տանը։

IV

Նրանք վերադարձան տուն։

― Ուրախ եմ, որ քեզ այստեղ դուր է գալիս, ― ասաց մյուս մայրիկը։ ― Մենք շատ ենք ուզում, որ այս տունը հարազատ դառնա քեզ համար, որ դու ընդմիշտ մնաս այստեղ։ Եթե, իհարկե, ինքդ ցանկանաս։

― Մ֊մ֊մ, ― ասաց Քորալայնը։

Նա ձեռքերը դրեց գրպաններն ու սկսեց մտածել։ Նրա ձեռքը շոշափեց անցքով քարը, որը իսկական միսս Սփինքն ու միսս Ֆորսիբլն էին տվել իրեն երեկ։

― Եթե ինքդ մնալու ցանկություն հայտնես, ― կրկնեց մյուս հայրիկը։ ― Միայն թե մնալու համար մենք պետք է մի փոքրիկ վիրահատություն անենք։

Նրանք մտան խոհանոց։ Սեղանի վրա դրված էր սև անձեռոցիկով ծածկված ճենապակե մի ափսե, որի վրա դրված էին արծաթե ասեղ և երկու մեծ, սև կոճակներ։

― Ես այդպես չեմ կարծում, ― ասաց Քորալայնը։

― Դե, խնդրում եմ, ― աղաչում էր մյուս մայրիկը։ ― Մենք այնքան ենք ուզում, որ դու մնաս։ Համաձայնվիր։

― Բոլորովին ցավոտ չի լինի, ― ասաց մյուս հայրիկը։

Քորալայնը գիտեր, որ երբ մեծահասակները ասում են, որ չի ցավի, անպայման ցավում է։ Նա բացասաբար թափահարեց գլուխը։

Մյուս մայրիկը լայն ժպտաց, նրա մազերը օրորվեցին գլխի շուրջ, ինչպես մամուռները ջրի տակ։

― Մենք միայն ուզում ենք, որ դու երջանիկ լինես, ― ասաց նա, դնելով ձեռքը Քորալայնի ուսին։

― Արդեն գնալու ժամանակն է, ― պատասխանեց Քորալայնը, ձեռքերը դրեց գրպանները և նրա մատները ամուր սեղմեցին անցքով քարը։ Մյուս մայրիկի ձեռքը վախեցած թռչունի պես վեր թռավ նրա ուսից։

― Դու իսկապե՞ս ուզում ես գնալ, ― հարցրեց նա։

― Այո, ― պատասխանեց Քորալայնը։

Այդ դեպքում, ցտեսություն, ― ասաց մյուս հայրիկը։ ― Մինչև նոր հանիպում։

― Ահա, ― մրթմթրաց Քորալայնը։

― Վերջապես մենք կապրենք միասին, մի ընտանիք կլինենք, ― ասաց մյուս մայրիկը։ Ընդմիշտ։

Քորալայնը ետ֊ետ գնաց, հետո շրջվեց ու վազեց հյուրասենյակ և հրեց դուռը։ Աղյուսե պատը չկար։ Առջևում մութ էր։ Այդ մթությունը այնքան խիտ էր, որ թվում էր նրա մեջ մտնելն անհնար է։

Քորալայնը կանգնեց ու ետ նայեց։ Մյուս մայրիկը ու հայրիկը գալիս էին նրա ետևից ձեռք ձեռքի տված։ Նրանք նայում էին նրան իրենց սևկոճակ աչքերով։ Կամ թվում էր, թե նայում են։ Քորալայնը չգիտեր։

Մյուս մայրիկը մեկնեց ազատ ձեռքը և կանչեց նրան։ Նրա շրթունքները անձայն շշնջացին․ «Շուտ վերադարձիր»։

Քորալայնը խորը շունչ քաշեց և քայլեց մթության մեջ, որտեղ քամիներ էին փչում և լսվում էին տարօրինակ շշուկներ։ Նա համոզված էր, որ իր թիկունքում ինչ֊որ մեկը կա։ Այդ ինչ֊որ մեկը շատ ծեր ու դանդաղաշարժ էր։ Նրա սիրտը այնքան արագ էր բաբախում, որ թվում էր ուր֊որ է դուրս կթռչի կրծքից։ Նա փակեց աչքերը։

Ինչ֊որ բանի դիպչելով Քորալայնը բացեց աչքերը։ Դա հյուրասենյակի բազկաթոռն էր։

Իսկ ետևում նորից կարմիր աղյուսե պատն էր։

Նա վերադարձել էր տուն։