Քրիսթոֆեր Մարթինի երկու մահը
հեղինակ՝ Վիլյամ Գոլդինգ |
1
Նա մաքառում էր բոլոր ուղղություններով՝ նա մի մարմնի գալարվող ու ջղաձգվող կծիկի կենտրոնն էր։ Վերև ու նքրեև չկար, չկար ոչ լույս, ոչ օդ։ Նա զգաց, թե ինչպես բերանից ինքն իրեն պայթեց ճիչը․
― Օգնե՜ք։
Օդը խոսքի հետ դուրս պրծավ, տեղը հորդեց ջուրը՝ այրող ու կոշտ, քարի պես քերելով բերանն ու կոկորդը։ Նա մղվեց այնտեղ, ուր օդ էր եղել՝ բայց այժմ խավար ու խեղդող քաոս էր միայն։ Մարմինը խուճապի մատնվեց, բերանը ձգվեց, մինչև որ ծնոտի առանցքը սկսեց ցավել։ Ջուրն անգթորեն խուժեց ներս՝ ներքև։ Մի կում օդ կուլ տալով, նա կարծես թե գտավ ճիշտ ուղղությունը։ Բայց ջրի շրջապտույտը նորից հափշտակեց նրան, կողոպտելով օդի հավանական դիրքի իմացությունը։ Ականջներում տուրբիններ էին ոռնում, կենտրոնից, լուսածիր կրակոցների պես, կանաչ կայծեր էին ցրվում։ Մխոցավոր շարժիչ էր աշխատում, անսանձ թափ առնելով ու ցնցելով ամբողջ տիեզերքը։ Ապա, սառը դիմակի պես, դեմքին քսվեց օդը, որը նա իսկույն կծեց։ Օդն ու ջուրը միասին խճաքարերի պես գլորվեցին որովայնով ցած։ Մկանները, ջղերը, արյունը, մաքառող թոքերը, գլխի մեջ աշխատող մեքենան՝ բոլորը մի պահ ձուլվեցին վաղնջական հևքի մեջ։ Ջրի կոշտ պատառները ցնցվում էին կերակրափողում, շուրթերը սեղմվում էին ու բաժանվում, լեզուն՝ ճկվում, ուղեղում նեոնի սլաքներ էին փայլատակում։
― Մա՜յ․․․
Բայց և այնպես մարդը տարածության մեջ փռված էր խառնաշփոթից անջատ՝ անհաղորդ իր գալարվող մարմնին։ Առջևում վխտացող լուսաթաթախ պատկերրին նա ուշադրություն չէր դարձնում։ Եթե տիրապետեր դեմքի նյարդերին ավելի շուտ, եթե դեմքը համապատասխաներ կյանքի ու մահու միջև կախված նրա գիտակցության վիճակին, ապա այն գռմռացող շան երախի պես կլիներ։ Բայց իրական ծնոտը հեռու էր ու ջղաձգված, իսկ բերանը հեղեղված էր ջրով։ Կենտրոնից առկայծող կանաչ գիծը սկսեց փաթաթվել ու վերածվել սկավառակի։ Հեռո՜ւ֊հեռվում կոկորդը փղձկում էր ու նորից կուլ տալիս։ Ջրի կոշտ պատառներն այլևս ցավ չէին պատճառում։ Մի տեսակ զինադադար էր սկսվել, մարմնի քննություն։ Դեմքի փոխարեն գռմռացող երախ էր։
Պատկերն առարկայացավ, և մարդը դրան ուշադրություն դարձրեց։ Նա այնքան վաղուց նման բան չէր տեսել, որ գռմռացող դեմքը փոքր֊ինչ մեղմացավ և սկսեց զննել պատկերը։
Սեղանին աջից պայծառ լուսավորված մուրաբայի պուլիկ էր դրված։ Այն կարող էր բեմի կենտրոնում գտնվող հսկա անոթ լինել կամ դեմքին համարյա քսվող չնչին մի սրվակ, բայց նրա հետաքրքրությունը կայանում էր ներսում երևացող միանգամայն առանձնացած աշխարհում, որը կարելի էր տնօրինել։ Անոթը համարյա բերնեբերան լի էր մաքուր ջրով, որի մեջ ուղղաձիգ լող էր տալիս ապակյա փոքրիկ մի տիկնիկ։ Անոթի բերանը ծածկված էր ռետինե բարակ սպիտակ թաղանթով։ Առանց շարժվելու կամ մտածելու, մինչև ընդարմացած մարմինը կհանդարտվեր, մարդը դիտում էր անոթը։ Վերջինիս հմայքը նրանում էր, որ ապակյա փոքրիկ տիկնիկը կախված էր դիմակայող ուժերի ներբին հավասարակշռության սահմանին։ Բավական էր մատը հպել թաղանթին, և նրա տակի օդը, սեղմվելով, բազմապատկված ուժով կճնշեր ջուրը, որն իր հերթին վեր կմղվեր տիկնիկի միջի նեղ խողովակով, ստիպելով նրան ավելի խորն ընկղմվել։ Փոխելով թաղանթին գործադրված ուժը, ապակյա մարդուկի հետ կարելի էր ինչ ասես անել, նրա հանդեպ կատարյալ իշխանություն վայելելով։ Կարելի էր ասել՝ «սուզվի՛ր», և նա տեղնուտեղը կսկսեր դանդաղ ընկղմվել, կարելի էր խնայել նրան ու կանգնեցնել։ Կարելի էր նրան թույլ տալ մաքառել վեր, ջրի մակերեսը, մի ումպ օդ ընծայել և նորից՝ ցա՛ծ, դանդա՜ղ ու անգութ, անշեղորեն ցա՛ծ։
Ապակյա տիկնիկի խախուտ հավասարակշռությունը հարաբերվեց նրա մարմնին։ Անբարբառ հայտնության այդ պահին նա տեսավ, թե ինչպես ճիշտ նույն վտանգավոր երկընտրանքի մեջ է գտնվում իր մարմինը՝ սուզվելու և մակերեսին մնալու միջև։ Գռմռացող կերպարը բառեր մտածեց։ Բառերն անհոդաբաշխ էին, բայց շողշողում էին որպես հայտնություն․
Իհա՜րկե՝ փրկագոտին։
Գոտին թևերի տակից ամրացված էր ուսերի վրայով անցնող փոկերով, նա նույնիսկ զգում էր դրանց հպումը, որոնք գրկում էին կուրծքը և իրար միանում բրեզենտի ու քեչայի տակ։ Այն համարյա դատարկ էր, համաձայն հրահանգի, քանի որ պինդ փչած փրկագոտին, ջրին զարկվելով, կարող էր պայթել։ Հանձնարարվում էր նավից որքան կարելի է հեռանալ և ապա փչել գոտին։
Փրկագոտու հայտնությունն ուղեկցվեց կապակցված պատկերների հեղեղով՝ բացատրություններով լաքապատ ցուցատախտակը, ինքը գոտին, փոկերի միջով անցկացված խողովակն ու մետաղյա պտուկը։ Նա հանկարծ գիտակցեց, թե ով է և որտեղ է գտնվում։ Ապակյա տիկնիկի պես, նա խվածք էր ջրի մեջ՝ թմրած ու անձնատուր։
Բերանը նորից ջուր լցվեց, և նա փղձկաց։ Ապա զգաց, որ մի ծանրություն իրեն ցած է քաշում։ Գռմռացող կերպարի առջև հայտնվեց զինվորական ծանր ճտքավոր կոշիկների պատկերը, և նա սկսեց ոտքերը շարժել։ Մի ոտքի թաթով հրեց մյուսը, բայց կոշիկը դուրս չեկավ։ Նա ինքն իրեն ի մի բերեց և գտավ ձեռքերը՝ հեռավոր, բայց պիտանի։ Բերանը փակելով, նա անշնորհք թավալ եկավ ջրի մեջ, և կանաչ կայծերը նորից փայլատակեցին։ Լսեց սրտի բաբախոցը, և որոշ ժամանակ դա անձև խավարի միջի միակ մեկնակետն էր։ Նա աջ ոտքի թաթը հասցրեց ձախ ազդրին և լպրծուն ձեռքով քաշեց կոշիկը։ Սրունքի վրայով սահելով, կոշիկը դուրս պրծավ, և նա ոտքով այն մի կողմ շպրտեց։ Ռետինե փողքը մի անգամ էլ դիպավ ոտքի մատներին և չքվեց։ Նա մոտ քաշեց ձախ ոտքը, գոտեմարտեց երկրորդ կոշիկի հետ և վերջապես այդ ոտքն էլ ազատեց։ Երկու կոշիկն էլ այլևս չկային։ Նրա մարմինը շտկվեց ու փռվեց ջրին։
Բերանը խելացի էր։ Այն բացվում էր օդի հանդեպ և փակվում՝ ջրին դեմ առնելով։ Մարմինը նույնպես գիտակցում էր։ Ժամանակ առ ժամանակ այն ուժգին կծկում էր ստամոքսը, և ծովաջուրը լեզվի վրայով դուրս էր ժայթքում։ Նա կրկին սկսեց վախենալ՝ այս անգամ դա ոչ թե կենդանական խուճապ էր, այլ՝ միայնակ ու երկար մեռնելու խորին սարսուռը։ Գռմռացող կերպարը նորից հայտնվեց, բայց այժմ նա կարող էր բանեցնել դեմքը և օդի մատույց ուներ։ Գռմռացող դիմակի տակ հիմա իմաստ կար, որն արդեն չէր հանդուրժի օդը շռայլել աղմուկի վրա։ Հայտնվել էր մի նպատակ, որը դեռ ժամանակ ու փորձ չէր ունեցել իր անողորմությունը գիտակցելու համար։ Այն դեռ ի վիճակի չէր համապատասխան օրգանները գործածել կանոնավոր շնչառության համար, բայց ջրում թաղվելու ընդմիջումներում կանոնավոր կլանում էր օդը։
Նա սկսեց օդին զուգահեռ կում֊կում մտածել։ Ապա վերհիշեց իր ձեռքերը և հայտնաբերեց նրանց հեռավոր խավարում։ Հետո ձեռքերը ժողովեց և սկսեց տնտղել կոշտ բրեզենտը։ Կոճակը մատները ցավեցնում էր և հրաժարվում էր անցիքց դուրս գալ, բայց վերջապես նա հանգույցից արձակեց նաև քեչայի ճարմանդը։ Համարյա անշարժ պառկած՝ նա հասկացավ, որ ծովն իրեն անտեսում է, նավաստուն ապակյա տիկնիկի պես է վերաբերում, կամ՝ մի գերանի, որն ուր որ է պիտի խորտակվի, բայց դեռևս մի քանի պահ դիմանում է։ Ծփանքի ընդմիջումներում պարբերաբար օդ էր հայտնվում։
Նա գտավ ռետինե խողովակն ու փոկերի տակից այն դուրս քաշեց։ Փուքսն իջած, սմքած գոտին նրան համարյա չէր պահում։ Նա ատամներով սեղմեց պտուկն ու երկու մատով պտտեց֊հանեց կափարիչը, մյուսներով անցքը ծածկելով։ Ապա սկսեց ալիքների արանքից քիչ֊քիչ օդ կորզել ու մղել խողովակի մեջ։ Ալիքների անթիվ ընդմիջումներում նա մաքս էր գանձում թոքերին հասանալիք օդից, մինչև որ սիրտը սկսեց վիրավոր զինվորի պես կաղալ, իսկ կանաչ կայծերը դիվային շուրջպար բռնեցին։ Փրկագոտին սկսեց գրկել կուրծքը, բայց այնքան դանդաղ, որ նա չնկատեց, թե երբ կատարվեց փոփոխությունը։ Հանկարծ ալիքներն այլևս նրան իրենց տակ չէին թաղում, այլ՝ ուսերին քսվելով, դեմքին խոնավ ապտակ հասցնում ու անցնում։ Օդի հետևից ընկնելու կարիք այլևս չկար։ Նա սկսեց կանոնավոր ու խորը փչել խողովակի մեջ, մինչև գոտին ուռեց ու սեղմեց հագուստը։ Չնայած դրան, նա փչելն իսկույն չդադարեց և սկսեց օդի հետ խաղալ, մի քիչ բաց թողնելով ու նորից փչելով, ասես վախենար իրեն օգնելու կոչված միակ արդյունավետ գործողությունն ընդհատելուց։ Գլուխը, վիզն ու ուսերն արդեն բավական երկար ընդմիջումներում ջրից վեր էին մնում։ Նրանք ավելի սառն էին, քան մնացած մարմինը և, օդից փշաքաղվելով, սկսեցին դողալ։
Նա բերանը խողովակից կտրեց։
― Օգնությո՜ւն։ Օգնեցե՜ք։
Օդը սկսեց փախչել, և նա հարձակվեց պտուկի վրա, խողովակը ծալեց ու բանտարկեց շիթը։ Ապա ձայնը կտրեց, ու, փորձելով մի բան տեսնել, հայացքը հառեց խավարին, որն ընդհուպ աչքերին էր քսվում։ Հետո ձեռքը մոտեցրեց աչքին, բայց ոչինչ չտեսավ։ Միայնության ու խեղդվելու արհավիրքներին իսկույն գումարվեց կուրանալու սարսափը։ Նա սկսեց ջրի մեջ վեր մագլցել։
― Օգնությո՜ւն։ Հե՜յ, ո՜վ կա, օգնե՜ք։ Ես այստե՜ղ եմ։
Որոշ ժամանակ նա ջրին փռված շարունակում էր դողդողալ, ականջ դնելով պատասխանի, բայց շրջապատի միակ ձայնն իրեն բախվող ալիքների շրմփոցն էր։ Գլուխն առաջ թեքվեց։
Նա շուրթերից լիզեց աղաջուրը։
― Մարզա՛նք։
Նա սկսեց ջուրը կամացուկ շարժել։ Բերանը մրթմրթաց․
― Իզուր էլ կոշիկներս հանեցի։ Ի՜նչ օգուտ ստացա։― Գլուխը նորից առաջ ընկավ։
― Ցուրտ է։ Հանկարծ չսառեմ։ Կոշիկները որ լինեին, հա՜ կհանեի֊կհագնեի։
Հանկարծ նա պատկերացրեց նավի խորտակումը։ Ծովի հատակը երևի մմի մողնից էլ խորը լիներ։ Այդ մտքից ամբողջ ահռելի զանգվածը միանգամից մամլեց մարմինը, ասես նա սոսկալի խորության տակ լիներ։ Շխկշխկացող ատամներն իրար միացան, դեմքը ծամածռվեց։ Նա ջրի մեջ կծկվեց, ոտքերը վեր քաշելով լպրծուն, մածուցիկ անդունդից։
― Օգնե՜ք։ Օգնությո՜ւն։
Նա սկեց ձեռքերը թափահարել ու ջրի մեջ պտույտ տալ, աչքերը սևեռած շուրջը, բայց մթան մեջ չկար գեթ մի բան, որը հուշեր, թե երբ էին լրանում պտույտները։ Խավարն անթափանց էր ու միաձույլ։ Նավաբեկության հետքեր չկային, ոչ մի փրկված մարդ ջրում չէր թպրտում՝ միայն ինքը։ Խավարն ընդհուպ քսվում էր նրա աչքերին։ Ջուրը ոչ մի տեղ չէր խռովվում։
Նա սկսեց կանչել մյուսներին, որևէ մեկին։
― Նաթ, Նաթանե՜լ։ Աստվա՜ծ սիրես, Նաթանե՜լ։ Օգնությո՜ւն։
Նրա ձայնը մարեց, դեմքի լարումը պարպվեց։ Նա թուլակամ կախվեց փրկագոտուց, անձնատուր լինելով ալիքների քմայքին։ Ատամները նորից էին չխկչխկում, և այդ ցնցումը պարբերաբար տարածվում էր ամբողջ մարմնով մեկ։ Ներքևում ոտքերը ոչ այնքան մրսում էին, որքան՝ ճմլվում, նրանք դիմակայում էին ոչ թե ցրտին, այլ՝ իրենց մամլել ու փշրել ձգտող անողորմ ճնշմանը։ Նա փորձեց ձեռքերը հարմարեցնելու մի տեղ գտնել, բայց ցավը նրանց ոչ մի դիրքում չէր լքում։ Ծոծրակի տակ նույնպես սկսեց ցավել, և այն էլ՝ հանկարծակի, դանակի հարվածի պես, այնպես որ կզակը կրծքից պոկելն անհնար դարձավ։ Դրանից դեմքն ընկղմվեց խովի մեջ, և ջուրը, անախորժ ճողփյունով, խեղդելով քաշվեց քթի մեջ։ Նա ջուրը դուրս թքեց և որոշ ժամանակ փորձեց ցավը հանդուրժել։ Այնուհետև ձեռքերը խցկեց կզակի ու փրկագոտու միջև, և մի երկու ալիքի ընթացքում ցավը թուլացավ, բայց հետո կրկին բռնեց։ Նա թողեց, որ ձեռքերն իջնեն ցած, և դեմքը նորից թաղվեց ջրի մեջ։ Ապա հետ ընկավ, գլուխը սեղմելով ցավին ընդառաջ այնպես, որ աչքերը, եթե բաց լինեին, կնայեին երկնքին։ Ոտքերը սեղմող ճնշումը տանելի դարձավ։ Նրանք այլևս մարմնեղեն չէին՝ վերածվել էին ինչ֊որ ուրիշ նյութի, կարծր ու հանգստավետ։
Մարմնի այն մասը, որին ծովը դեռ լիովին չէր հնազանդեցրել, պարբերաբար ջղաձգվում էր։ Ժամանակն էր ապրելու և զգալու ցավից անքակտելի հավերժությունը։ Գռմռացող կերպարզը չէր վերացել։ Գռմռացողը կերպարը չէր վերացել։ Նա մտածում էր։ Մտքերը տքնագին էին ու անկապացված, բայց՝ կենսական։
Լույսն ուր որ է կբացվի։
Պետք է մի ուղղությամբ շարժվել։
Գոմե մի քայլ առաջ տեսնեմ։
Լույսն ուր որ է կբացվի։
Նավաբեկության մնացորդները կերևան։
Չեմ մեռնի։
Չեմ կարող մեռնել։
․․․ բացի ինձնից։
Անգի՜ն։
Նա ընկրկեց ծովի հետ կապ չունեցող ապրումների հանկարծակի պոռթկումից։ Աչքերից աղաջուր էր հորդում։ Նա քիթը քաշեց և կուլ տվեց։
― Օգնությո՜ւն, մարդի՜կ, օգնե՜ք։
Մարմինը կամացուկ տարուբերվում էր։
Եթե ներքևում լինեի, գուցե նույնիսկ նավակ ձեռք գցեի։ Կամ թեկուզ՝ լաստ։ Թարսի պես հենց իմ հերթապահության ժամանակ պիտի պատահեր։ Քշեց֊տարավ անիծյալ կամրջակից։ Եթե հրամանը ժամանակին տայի, գուցե դեռ հասցընեինք աջ խույս տալ, բայց հիմա նավը երևի խորտակվել կամ շուռ է եկել։ Ով գիտի հիմա մի տեղ մթության մեջ են՝ յուղի ու բեկորների միջև ցրված հատիկ֊հատիկ գլուխներ։ Խմբվում են ու իրար սիրտ տալիս։ Լույսը բացվելուն պես նրանց կգտնեմ, ամեն գնով կգտնեմ։ Թե չէ նրանց կփրկեն, իսկ ես կմնամ էստեղ ճոճանակի պես վերուվար անելով։ Աստվա՜ծ։
― Օգնե՜ք։ Նաթանե՜լ։ Օգնե՜ք․․․
Բայց ես սխալ հրահանգ չեմ տվել։ Եթե նույնը մի տասը վայրկյան շուտ անեի, հիմա հերոս կլինեի՝ «կտրո՛ւկ աջ, աստվա՜ծ սիրեք»։
Երևի հարվածը հենց կամրջակի տակ եղավ։ Բայց ես ճիշտ հրահանգ տվի։ Ու գրողի ծոցն ընկա։
Գռմռացող կերպարը ճգնեց, ուժ տվեց փայտացած դեմքին, և վերջին շուրթը բարձրացավ, մերկացնելով շխկշխկացող ատամները։ Զայրույթի ջերմությունն արյունը քշեց այտերի մեջ և աչքերի հետևը։ Աչքերը բացվեցին։
Նույն պահին նա սկսեց ծեծել ջուրը, թպրտալ ու վեր նայել։ Խավարի մանվածքը փոխվել էր, տեղ֊տեղ լաքաներ ու բծեր էին հայտնվել, որոնք արդեն աչքին չէին պատկանում։ Մի պահ, նախքան նա կհիշեր աչքերը գործածելու ձևը, այդ բծերը, խավարի պես, քսվում էին ակնագնդերին։ Բայց նա աչքերը սանձեց ու տեղափոխվեց գլխի մեջ, գանգատուփի կամարներից նայելով դուրս, աղոտ լույսի ու մշուշիկամայական կուտակումներին։ Ինչքան էլ աչքերը թարթեր ու կկոցեր, բծերը մնում էին այնտեղ՝ դրսում։ Գլուն առաջ թեքեոլվ, դժվարությամբ նշմարեց իրեն բարձրացնող ալիքի թրթռուն պատառոտված եզրը։ Մյուս ակնթարթին նա արդեն խոյանում էր վեր, հաջորդ ալիքին ընդառաջ։ Սկսեց լողորդի շարժումներ անել։ Ջրի մեջ առկայծեցին ձեռքերի պղտոր բծերը, ոտքերի քարե ծանրությունը շարժումից փշրվեց։ Կցկտուր մտքերը շարունակում էին վխտալ։
Երբ ես հրաման տվի, մենք հյուսիս֊արևելք էինք գնում։ Եթե նա հասցրեց ղեկը շրջել, ուրեմն նավը կարող է արևելքի ուղղությամբ որտեղ ասես լինել։ Քամին այն ժամանակ արևմտյան էր։ Այսինքն՝ ալիքները հիմա արևելք են գլորվում։
Նրա շարժումները կատաղի թափ ստացան, շնչառությունն արագացավ։ Փրկագոտուց կախված, նա որոշ ժամանակ մի տեսակ անշնորհք գորտնալող էր տալիս, բայց շուտով կանգ առավ ու փռվեց ջրին։ Ատամները սեղմելով, նա վերցրեց փրկագոտու պտուկն ու օդ դուրս եկավ, փոքր֊ինչ ավելի ընկղմվելով ջրի մեջ։ Ապա նորից սկսեց լողալ, ծանր հեևալով։ Գանգի կամարների տակից նա ակնապիշ ու անձկագին հետևում էր ամեն անցնող ալիքին։ Ոտքերի շարժումը դանդաղեց ու ընդհատվեց, թևերը թուլացան։ Խավար գանգում պարփակված ուղեղը դեռ երկար լողալու շարժումներ էր անում, մինչդեռ մարմինն արդեն անշարժ պառկած էր ջրին։
Երկնքի շաղախն ավելի հստակ էր դարձել։ Անփափանց խավարից մշուշոտ երանգներն աստիճանաբար անցնում էին գորշի, մոխրագույնի։ Արդեն տարբերվում էին ջրի մակերեսի փոքրիկ բլրակները։ Միտքը շարունակում էր լողալու շարժումներ անել։