Վերջին թարմացում 28 Հուլիսի 2013, 23:10
Մումու

հեղինակ՝ Իվան Տուրգենեւ
թարգմանիչ՝ Ստեփան Զորյան

    Մոսկվայի Հեռավոր Փողոցներից մեկում սպիտակ սյուներով և ծռված պատշգամբով մի գորշ տան մեջ ապրում էր

երբեմնի մի ազնվական կին բազմաթիվ ճորտ ծառաներով շրջապատված։ Նրա որդիները ծառայում էին Պետերբուրգում, աղջիկներն ամուսնացել էին։ Նա

շատ սակավ էր երևում հասարակության շրջաններում և իր ժլատ ու տխուր ծերության տարիներն անց էր կացնում առանձնության մեջ։ Նրա կյանքի

անուրախ ու մռայլ ցերեկը վաղուց էր անցել, բայց նրա երեկոն էլ գիշերից խավար էր։

    Նրա ծառայողների մեջ ամենից աչքի ընկնողը դռնապան Գերասիմն էր, բարձրահասակ ու վիթխարի մի

տղամարդ, որ ի ծնե խուլ ու համր էր։ Տիրուհին նրան բերել էր գյուղից, ու նա մեն-մենակ, եղբայրներից բաժան ապրում էր մի փոքրիկ խրճիթում։

Անսովոր ուժի տեր նա չորս մարդի բան էր անում մենակ։ Տեսնողը հաճույք էր զգում, թե ինչպես է նա վարում, հնձում, կալսում։ Մշտական

լռությունը առանձին հանդիսավորություն էր տալիս նրա աշխատանքին։ Նա երևելի ռանչպար էր և, եթե նրա դժբախտությունը չլիներ, ամեն մի աղջիկ

սիրով կառներ նրան։ Բայց ահա Գերասիմին բերին Մոսկվա, երկարաճիտ կոշիկներ առան, ամառվա համար կաֆտան կարեցին, ձմեռվա համար քուրք,

ձեռը բահ ու ավել տվին ու դռնապան կարգեցին։

    Հենց սկզբից իր նոր կյանքը բնավ դուր չեկավ նրան: Մանկությունից նա սովոր էր դաշտային աշխատանքի ու

գյուղական կյանքի։ Տեղափոխվելով՝ նա չէր հասկանում ինչ էր կատարվում հետը, ձանձրանում էր և տարակուսում այնպես, ինչպես տարակուսում է մի

արջառ, որին հանկարծ կանաչ թարմ խոտից կտրելով վերցնում են ու դնում երկաթուղու վագոնը և շխկոցով ու թխկոցով տանում, թե ուր՝ հայտնի չէ։

Իր նոր գործը, գյուղական ծանր աշխատանքից հետո, Գերասիմին խաղ ու պար էր թվում. կես ժամում նա ամեն ինչ վերջացնում էր ու բակի

մեջտեղը կանգնում և բերանբաց նայում անց ու դարձ անող մարդկանց, կամենալով կարծես իմանալ իր անհասկանալի կյանքի բացատրությունը, կամ

թե չէ քաշվում էր որևէ անկյուն և, թին ու ավելը հեռուն շպրտելով, երեսնիվայր ընկնում գետին և ժամերով անշարժ պառկում կրծքի վրա, ինչպես

գերված մի գազան։ Բայց մարդն ընտելանում է ամեն բանի, և Գերասիմն էլ, վերջ ի վերջո, ընտելացավ քաղաքի կյանքին։ Գործը մեծ չէր. նրա

պարտականությունն այն էր, որ բակը մաքուր պահի, օրական երկու անգամ տակառով ջուր բերի, փայտ կտրի և ջարդի խոհանոցի ու տան համար,

օտար մարդիկ չթողնի և գիշերները պահապան կանգնի։ Եվ, պետք է ասած, նա իր պարտականությունը եռանդով կատարում էր։ Երբեք բակում չէիր

տեսնի չոփի մի կտոր կամ թափված աղբ։ Ցեխ ժամանակ, երբ ձին չկարողանար ջրի տակառը հանել մի որևէ ցեխ տեղից, բավական էր միայն, որ

Գերասիմն ուսով հրեր, ոչ միայն տակառի սայլակը, ձին ինքն էլ էր ծուլ լինում տեղից, կամ երբ սկսում էր փայտ ջարդել, կացինը նրա ձեռքին

զրնգում էր ապակու պես և տաշեղներն ու փայտի կտորտանքը թռչում էին ամեն կողմ. իսկ ինչ վերաբերում է գողերին, դա արդեն այն բանից

հետո, երբ մի անգամ գիշերը, երկու գող բռնելով նրանց ճակատները խփել էր իրար, այնպես էր խփել, որ հետո նրանց թեկուզ ոստիկանություն

չտաներ էլ, թաղում բոլորն սկսեցին հարգել նրան, մինչև անգամ ցերեկվա անցորդները, արդեն ոչ թե գողեր, այլ պարզապես անծանոթ մարդիկ,

ահարկու դռնապանին տեսնելիս, հեռու էին անցնում:

    Տան մյուս սպասավորների հետ Գերասիմը ոչ թե բարեկամական, այլ մոտիկ հարաբերության մեջ էր։ Նա դրանց

համարում էր յուրայիններ: Նրանք Գերասիմի հետ բացատրվում էին նշաններով, և Գերասիմը նրանց հասկանում էր, ճշտությամբ կատարում էր նրանց

բոլոր հրամանները, բայց իր իրավունքները նույնպես գիտեր, ոչ-ոք ծառայողներից չէր համարձակվի նստել նրա տեղը՝ սեղանի շուրջը։ Գերասիմն

առհասարակ խիստ և լուրջ բնավորություն ուներ. նա ամեն բանում կարգ էր սիրում. մինչև անգամ աքաղաղները նրա ներկայությամբ չէին

համարձակվում կռվել, այլապես վայ նրանց։ Տեսներ, թե չէ, իսկույն երկուսի ոտքերից էլ կբռներ, մի քանի անգամ անիվի պես կպտտեր, կշպրտեր

յուրաքանչյուրին մի կողմ: Տիրուհու բակում կային և սագեր, բայց սագը հայտնի է, որ լուրջ ու խոհեմ թռչուն է: Գերասիմը նրանց վերաբերվում էր

հարգանքով, հետևում էր, կերակրում: Նրան տվել էին մի խուց, որ գտնվում էր խոհանոցի գլխին: Այդտեղ նա իր համար իր ճաշակով կաղնու

տախտակներից շինել էր չորսոտանի մի թախտ, իսկական հսկայի մի թախտ, որ եթե հարյուր փութ բան դնեիր վրան, չէր ճկվի։ Թախտի տակ

գտնվում էր մի պինդ սնդուկ անկյունում գրված էր նաև սեղան, իսկ սեղանի կողքին մի եռոտանի նստարան: Գերասիմն իր խուցը փակում էր

կողպեքով և բանալին կախում գոտուց: Չէր սիրում, որ մոտը մարդիկ գնան-գան:

    Այսպես անցավ մի տարի: Եվ այդ տարվա վերջում Գերասիմին պատահեց մի փոքրիկ դեպք:
    Պառավ տիրուհին, որի մոտ նա դռնապանություն էր անում, ամեն բանում հետևում էր հին սովորություններին և

պահում էր բազմաթիվ սպասավորներ. նրա տանը կային ոչ միայն լվացարարուհիներ, կար անողներ, հյուսներ, դերձակներ ու դերձակուհիներ. կար

մինչև իսկ ձիու սարք կարող. նույն այդ մարդը համարվում էր անասնաբույժ և մարդկանց բժիշկ, կար և տնային բժիշկ՝ տիրուհու համար, կար

վերջապես մի կոշկակար՝ անունը Կապիտոն Կլիմով, սարսափելի հարբեցողի մեկը: Կլիմովն իրեն համարում էր անուշադրության մատնված և ըստ

արժանվույն չգնահատված, կրթված և մայրաքաղաքի մարդ, որն անգործ չպիտի ապրեր Մոսկվայում, ինչ֊որ մի խուլ անկյունում, և եթե խմում էր,

ինչպես ինքն էր արտահայտվում ընդհատումներով ու կուրծքը ծեծելով, խմում էր հենց վշտից: Եվ ահա մի անգամ խոսք բացվեց տիրուհու մոտ՝

սպասավորների գլխավոր Գավրիլի հետ, որին, նրա դեղին, մանրիկ աչքերից ու բադի քթից դատելով, աստված հենց ինքն էր կարծես որոշել

սպասավորների պետ լինելու: Տիրուհին ցավ հայտնեց Կապիտոնի խախտված բարոյականության վերաբերյալ, որին հենց մի օր առաջ գտել էին փողոցում

ընկած:

    — Հը, ի՞նչ կասես, Գավրիլա,— խոսեց հանկարծ տիրուհին,— չպսակե՞նք դրան, ի՞նչ ես կարծում: Գուցե խելքի գա:
    — Ինչո՞ւ չէ, կարելի է պսակել,— պատասխանեց Գավրիլան,— և շատ էլ լավ կլինի:
    — Հա, բայց ո՞վ կառնի նրան:
    — Իհարկե: Ասենք, ինչպես ձեզ հաճելի է:
    — Կարծես, Տատյանան նրան դուր է գալիս, հը՞:
    Գավրիլան ուզում էր առարկել ինչ֊որ, բայց շուրթերը սեղմեց:
    — Այո... Թող նշանվի Տատյանայի հետ,— Վճռեց տիրուհին, բավականությամբ քթախոտ քաշելով,— լսո՞ւմ ես:
    — Լսում եմ,— ասաց Գավրիլան ու հեռացավ: Վերադառնալով իր սենյակը (որը գրեթե լիքն էր երկաթակապ

սնդուկներով), Գավրիլան նախ դուրս արավ կնոջը և ապա նստեց լուսամուտի առաջ ու սկսեց մտածել: Տիրուհու անսպասելի կարգադրությունը ըստ

երևույթին մտատանջության մեջ գցեց նրան: Վերջապես, նա վեր կացավ, կարգադրեց Կապիտոնին կանչել: Կապիտոնը եկավ... Բայց նախքան

սրանց խոսակցությունն ընթերցողին հայտնելը, ավելորդ չենք համարում մի քանի խոսքով պատմել, թե ով էր այդ Տատյանան, որի հետ Կապիտոնը

պիտի պսակվեր, և ինչու տիրուհու կարգադրությունը շփոթեց Գավրիլային:

    Տատյանան, որ լվացարարուհու պաշտոն ուներ (նրան, որպես հմուտ և բանիմաց լվացարարուհու, հանձնում

էին նուրբ սպիտակեղենը), քսանութ տարեկան կին էր փոքր, նիհար, խարտյաշ, ձախ այտի վրա էլ խալեր ուներ: Ձախ այտին խալ ունենալը

Ռուսաստանում համարվում էր վատ նշան, որ գուշակում է դժբախտ կյանք... Ջահել ժամանակը նա վատ էր ապրել, երկու մարդու չափ բանել էր

և երբեք փայփայանք չէր տեսել. հագցնում էին նրան վատ, ստանում էր ամենաքիչ ռոճիկը. նա համարյա թե ազգական չուներ: Մի ինչ֊որ ծեր

մառանապետ, որին, գործին անընդունակ լինելու պատճառով թողել էին գյուղում, նրան քեռի էր գալիս, մյուս քեռիներն էլ մուժիկ էին,— ահա

բոլորը: Մի ժամանակ նա գեղեցկուհի էր համարվում, բայց գեղեցկությունը շատ շուտով թռավ նրանից, նա շատ խոնարհ, կամ, ավելի լավ է ասել,

վախեցած բնավորության տեր էր, իր նկատմամբ միանգամայն անտարբեր էր, ուրիշներից սարսափելի վախենում էր. մտածում էր միայն գործը

ժամանակին վերջացնել, երբեք ոչ ոքի հետ չէր խոսում և դողում էր տիրուհու անունը լսելիս, թեև տիրուհին նրա երեսը գրեթե չէր տեսնում: Երբ

Գերասիմին գյուղից բերին, նա քիչ մնաց սարսափից ուշաթափվեր նրա կերպարանքը տեսնելով ու ամեն կերպ աշխատում էր չհանդիպել նրան, պատ

ահում էր նույնիսկ աչքերը փակում էր նրա կողքով անցնելիս, տնից լվացքատուն գնալու ժամանակ: Գերասիմն առաջ առանձին ուշադրություն չէր

դարձնում նրա վրա, հետո սկսեց նրան տեսնելիս ծիծաղել, ժպտալ, ապա և նայել սկսեց նրան, վերջապես բոլորովին աչք չէր հեռացնում նրանից:

Տատյանան դուր եկավ նրան, արդյոք դեմքի հեզ արտահայտությամբ թե վեհերոտ շարժումներով՝ աստված գիտ