Վերջին թարմացում 18 Դեկտեմբերի 2014, 21:19

Մարտին Իդեն, Գլուխ XVI

21:19, 18 Դեկտեմբերի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XV Մարտին Իդեն, Գլուխ XVII ▶


Ժամացույցն այնպես հանկարծ զարթեցրեց Մարտինին, որ նվազ ամրապինդ մարդու մոտ՝ քնից դեպի արթնության այդպիսի արագ անցումը անկասկած գլխացավ կառաջացներ։ Թեպետ նա շատ պինդ էր քնած, բայց մի ակնթարթում զարթնեց կատվի նման, ուրախանալով, որ մոռացության հինգ ժամն անցավ։ Նա ատում էր քունը։ Այնքան շատ բան կա անելու, այնքան շատ բան՝ ապրելու... Նա ափսոսում էր ամեն մի ակնթարթ, որ քունը խլում էր նրանից, և դեռ զարթուցիչն իր ճրթճրթոցը չվերջացրած՝ գլուխը կոխեց թասի մեջ, սառը ջրից մի հաճելի զգացում ապրելով։

Բայց այդ օրը ևս սկսեց ոչ իր սովորական ծրագրով։ Չկար սկսված մի պատմվածքը, որը հարկ լիներ վերջացնել, չկար նոր մտահղացում, որ գրի առնելու պահանջ զգար։ Նախորդ օրը նա շատ ուշ վերջացրեց իր պարապմունքը, և հիմա նախաճաշի ժամանակը մոտենում էր։ Նա փորձեց կարդալ Ֆիսքից մի հատված, սակայն նրա գլուխը վատ էր աշխատում, դրա համար էլ ստիպված՝ մի կողմ դրեց գիրքը։ Այսօր նա մի նոր մարտ էր ունենալու կյանքի հետ, և նա վճռեց միառժամանակ ընդհատել գրելը։ Նա տխրեց, ինչպես տխրում է մարդ իր ընտանիքին ու հայրենի տանը հրաժեշտ տալիս։ Նայեց անկյունում ընկած իր ձեռագրերին։ Այո՛, նա պետք է լքի իր այդ խեղճ ու խայտառակված զավակներին, որոնց ոչ ոք չէր ուզում ապաստան տալ։ Նա գլուխը հակեց և սկսեց աչքի անցկացնել գրվածքները՝ նորից կարդալով իր սիրած հատվածները։ «Կաթսա» և «Արկած» պատմվածքները նա մինչև անգամ արժանացրեց բարձրաձայն ընթերցման։ Նա հատկապես գոհ մնաց նախօրյակին գրված «Ուրախություն» պատմվածքից, որը գցել էր անկյուն՝ նամակադրոշմ չունենալու պատճառով։

— Չեմ հասկանում,— շշնջաց նա,— և կամ թերևս խմբագիրները չեն հասկանում։ Այստեղ չհավանելու ոչինչ չկա։ Նրանք ամեն ամիս տպագրում են սրանից անարժեք գործեր։ Եվ առհասարակ այն ամենը, ինչ նրանք տպագրում են, գրեթե բոլորն էլ սրանից վատն են։

Նախաճաշից հետո նա գրամեքենան դրեց տուփի մեջ ու տարավ Օքլենդ։

— Ես մի ամսվա վճար պարտք մնացի,― ասաց նա գործակատարին։— Հայտնեցեք ձեր տիրոջը, որ ես աշխատանքի եմ մեկնում ու երբ մեկ ամսից կամ մոտավորապես մեկ ամսից վերադառնամ՝ պարտքս կվճարեմ։

Նա լաստանավով ուղևորվեց Սան-Ֆրանցիսկո և գնաց մի գնորդական գրասենյակ։

― Ի՜նչ գործ ուզում է լինի, միևնույն է,— ասաց նա գործակալին, բայց ընդհատեց իր խոսքը, երբ ներս մտավ մի նոր այցելու՝ այնպիսի էժանագին շքեղ հագուստով, որ կրում են «շքեղ կյանքի» հակում ունեցող բանվորները։

Գործակալն անհույս մերժողական մտքով շարժեց գլուխը։

— Մի՞թե ոչ ոք չկա,— հարցրեց նորեկը.— սակայն ինձ չափազանց անհրաժեշտ է այսօր գտնել որևէ մեկին։

Նա շուռ եկավ և նայեց Մարտինին, Մարտինն էլ նրան, և տեսավ բավական գեղեցիկ մի դեմք, թեև դժգույն և թորշոմած, նա հասկացավ, որ այդ մարդը հարբեցողությամբ է լուսացրել գիշերը։

— Գո՞րծ ես փնտրում,― հարցրեց նա Մարտինին։— Ի՞նչ գործ կարող ես անել։

— Ամեն տեսակ ծանր աշխատանք, գիտեմ նավագնացություն, տպում եմ մեքենայով, սղագրություն չգիտեմ, կարող եմ ձի նստել և, առհասարակ , ամեն գործ կարող եմ անել։

Մյուս մարդը գլխով հավանության նշան արեց։

— Լավ, այդ բոլորը հարմար է։ Իմ անունն է Դաուսոն, Ջո Դաուսոն, և փնտրում եմ ինձ օգնական լվացքատանը։

— Լվացքատա՞նը։— Այն միտքը, թե նա պիտի արդուկի կանացի նուրբ սպիտակեղեն, ծիծաղելի թվաց Մարտինին, բայց այդ մարդը ինչ-որ բանով դուր եկավ իրեն, և նա ավելացրեց,— ես առհասարակ գիտեմ լվացք անել։ Սովորել եմ նավագնացության ժամանակ։

Ջո Դաուսոնը մի րոպե մտածեց։

— Լսի՛ր, ինձ թվում է, թե մենք կարող ենք համաձայնության գալ։ Ուզո՞ւմ ես լսել ինձ։

Մարտինը գլխով հաստատական նշան արեց։

— Մի փոքր լվացքատուն կա «Տաք աղբյուրներ» կոչված առողջարանի հյուրանոցին կից։ Այնտեղ աշխատելու համար երկու հոգի է հարկավոր՝ ավագ և օգնական։ Ավագը ես եմ։ Ամեն մեկն իր գործն է անում, բայց դու ենթարկվում ես ինձ։ Ինչպե՞ս է, հարմա՞ր է քեզ։

Մարտինը մտածեց։ Հեռանկարը հրապուրիչ էր։ Մի քանի ամիս աշխատելուց հետո նա նորից ժամանակ կունենա դասերով զբաղվելու։ Նա գիտեր խղճմտությամբ աշխատել և խղճմտությամբ սովորել։

— Լավ ուտելիք և առանձին սենյակ քեզ համար,— ասաց Ջոն։

Դա վճռեց հարցը։ Առանձին սենյակ, ուր ոչ ոք չի խանգարի լույսը վառ պահել գիշերները։

— Բայց աշխատանքը դժոխային է,— ավելացրեց Ջոն։

Մարտինը շփեց իր բազկի փքված մկանները։

— Այս մկանները ծանր աշխատանքում են պնդացել։

— Որ այդպես է, տուր ձեռքդ։

Ջոն մի րոպե շոշափեց իր ճակատը։

— Թյո՜ւ, սատանան տանի։ Մինչև հիմա էլ գլուխս պտտվում է և աչքերս մթնում։ Երեկ իրիկուն ես ծայրահեղության մեջ ընկա ամեն բանում։ Ահա պայմանները, երկու աշխատողի տալիս են հարյուր դոլլար և բնակարան։ Ես ստանում էի վաթսուն, իսկ օգնականը՝ քառասուն. բայց այն տղան գիտեր գործը, իսկ դու համբակ ես։ Միառժամանակ ես ստիպված կլինեմ աշխատել քո փոխարեն։ Ենթադրենք, դու սկզբում կստանաս երեսուն և աստիճանաբար կհասնես քառասունի։ Ես չեմ խաբի։ Հենց որ դու վարժվես և սկսես աշխատել, ինչպես հարկն է, կստանաս քո քառասուն դոլլարը։

— Համաձայն եմ,— հայտարարեց Մարտինը և պարզեց իր ձեռքը, որ մյուս մարդը սեղմեց։— Միայն թե լավ կլիներ կանխավճար ստանալ ճամփի և այլ ծախսերի համար։

— Բոլորը մսխել եմ,— տխուր պատասխանեց Ջոն՝ դարձյալ շփելով ճակատը,— մնացել է միայն երկաթուղով վերադառնալու տոմսի դրամը։

— Իսկ ես մինչև վերջին սենթը պետք է տամ բնակարանի վարձը։

— Իսկ դու թքիր դրա վրա,— խորհուրդ տվեց Ջոն։

— Չե՛մ կարող. ես պարտք եմ հարազատ քրոջս։

Ջոն երկար սուլեց՝ դրանով արտահայտելով իր համակրությունն ու ցավակցությանը և խորիմաստ մտածողի տեսք ստացավ։

— Ինձ մոտ կես շշի համար դրամ կճարվի։ Գնանք․ գուցե մի ելք գտնենք։

Մարտինը մերժեց այդ առաջարկը։

— Չե՞ս խմում,— հարցրեց Զոն։

Մարտինը գլխով բացասական շարժում արեց, որից հետո Զոն ընկճված շեշտով ասաց.

— Նախանձում եմ, իսկ ես չեմ կարող չխմել։ Ամբողջ շաբաթ տանջվելուց հետո ակամա գնում ես գինետուն։ Եթե չխմեի, վաղուց կտրած կլինեի կոկորդս և կամ հրկիզած կլինեի գործատեղին։ Բայց ուրախ եմ, որ դու չես խմում․ այդպես էլ շարունակիր։

Մարտինը տեսավ, թե ինչ ահագին անդունդ կա իր և այդ մարդու միջև, գրքերով ստեղծված անդունդ․ բայց Մարտինի համար դժվար չէր անցնել այդ անդունդը։ Իր ամբողջ կյանքում նա ապրել է բանվոր դասակարգի մարդկանց միջավայրում և աշխատանքային ընկերակցության զգացումը նրանում դարձել է երկրորդ բնավորություն։ Մարտինն արագ վճռեց աշխատանքի նոր վայրը գնալու խնդիրը, որի լուծումը անհնարին էր Ջոյի շշմած գլխի համար։ Նա իր ճամպրուկը կուղարկի Ջոյի տոմսով իբր բագաժ, իսկ ինքը «Տաք աղբյուրներ» կգնա հեծանիվով։ Յոթանասուն մղոն տարածությունը նա հեշտությամբ կարող է անցնել կիրակի օրը, որպեսզի երկուշաբթի սկսի աշխատել։ Իսկ հիմա նա տուն կգնա և կդասավորի իրերը։ Ոչ ոքի հրաժեշտ տալու կարիք չուներ։ Ռութն ու նրա ընտանիքը ամառանոց են գնացել Սիերրա Թեհո լճի ափը։

Մարտինը «Տաք աղբյուրներ» հասավ կիրակի երեկոյան՝ հոգնած և փոշեպատ։ Ջոն ցնծությամբ դիմավորեց նրան։ Ջոյի գլուխը կապած էր թաց երեսսրբիչով, որովհետև նա աշխատել էր ամբողջ օրը։

— Սպիտակեղենի մի մասը մնում էր դեռ անցյալ շաբաթից,— բացատրեց նա,— երբ ես այստեղից մեկնել էի քեզ վարձելու համար։ Քո բագաժն ապահով հասավ և քո սենյակում է, բայց ինչքա՜ն ծանր է քո ճամպրուկը։ Ի՞նչ կա մեջը, ոսկու ձուլածոնե՞ր։

Մինչ Մարտինը զբաղված էր իր ճամպրուկը քանդելով, Ջոն նստել էր նրա մահճակալին։ Իսկապես, դա ճամպրուկ չէր, այլ պարզապես պահածոների արկղ, որի համար միստր Հիգգինբոթամը կես դոլլար էր վերցրել Մարտինից։ Այդ արկղին անցկացնելով թոկից շինած երկու բռնակ՝ Մարտինը այն վերածեց ճամպրուկի նման մի բանի։ Ջոն ապշեց, երբ տեսավ, որ մի քանի ձեռք սպիտակեղենից հետո արկղից սկսեցին դուրս գալ գրքեր, գրքեր ու գրքեր։

— Ինչպե՜ս․ մինչև տակը միայն գրքե՞ր են,— հարցրեց նա։

Մարտինը գլխով հաստատական նշան արեց և շարունակեց դարսել գրքերը լվացարանի դեր կատարող խոհանոցային սեղանի վրա։

— Օհո՜։

Ջոն լռեց և, ինչպես երևում է, նրա ուղեղում սկսեց առաջանալ ինչ-որ միտք։ Վերջապես նա կարողացավ ձևակերպել դա։

— Ասա, հետաքրքրվո՞ւմ ես աղջիկներով. շա՞տ,— հարցրեց նա։

— Ո՛չ,— պատասխանեց Մարտինը,– անցյալում պատահում էր այդ, երբ չէի սկսել գրքեր կարդալ, իսկ հիմա ժամանակ չունեմ դրա համար։

— Այստեղ դու ժամանակ չես ունենա նաև գիրք կարդալու համար, միայն աշխատել և քնել։

Մարտինը հիշեց իր հինգժամյա քունը և ժպտաց։ Նրա սենյակը լվացքատան վերևում էր, նույն շենքում զետեղված էր շարժիչը, որ ջուր էր հանում, լույս էր տալիս և լվացքատան մեքենաները շարժման մեջ դնում։ Հարևան սենյակում բնակվող մոնտյորը վճռեց բարեկամական հարաբերություններ հաստատել և օգնեց Մարտինին էլեկտրական լամպը հարմարեցնել երկար լարի վրա այնպես, որ կարելի էր տեղափոխել սեղանից անկողին։

Հետևյալ առավոտ Մարտինը վեր կացավ ժամը վեցն անց քառորդ, նրան ասել էին, որ նախաճաշը տրվում է յոթից քառորդ պակաս։ Պարզվեց, որ լվացքատան ծառայողների համար լողարան կա, և Մարտինը սառը ջրով լողացավ՝ մեծ զարմանք պատճառելով Ջոյին։

— Ա՛յ, ապրե՜ս դու,— բացականչեց Ջոն, երբ խոհանոցում նստեցին նախաճաշելու։ Նրանց հետ նախաճաշում էին նաև մոնտյորը, այգեպանը, սրա օգնականն ու երկու-երեք ախոռապան։ Բոլոր նրանք ուտում էին մռայլ ու հապճեպ, հազվադեպ փոխանակելով առանձին բառեր, և Մարտինը, լսելով նրանց խոսակցությունը, հասկացավ թե ինքն ինչքան առաջ է անցել այդ մարդկանցից։ Նրանց մտավոր աղքատությունն անտանելի էր նրա համար, և նա անհամբեր սպասում էր, թե երբ կկարողանա մենակ մնալ։ Ուստի նրանց պես հապճեպ կուլ տվեց իր ջրիկ ու անհամ շիլան և միայն խոհանոցից դուրս գալուց հետո ազատ շունչ քաշեց։

Փոքրիկ լվացքատունը հիանալի էր սարքավորված նորագույն մեքենաներով, որոնք անում էին այն ամենը, ինչ կարող էին անել մեքենաները։ Հակիրճ ցուցումներ ստանալուց հետո՝ Մարտինը սկսեց ջոկել կեղտոտ սպիտակեղենի ահագին մի կույտ, իսկ Ջոն նույն միջոցին աշխատեցրեց մեքենաները և պատրաստում էր հեղուկ օճառ, որը բաղկացած էր քիմիական ուտիչ նյութերից, ընդսմին ստիպված էր երեսսրբիչով կապել աչքերն ու քիթը, այնպես որ նմանվեց մումիայի։ Ջոկելը վերջացնելուց հետո Մարտինը սկսեց քամել արդեն լվացված սպիտակեղենը։ Քամելը կատարվում էր հատուկ մեքենայով, որը մի վայրկյանում մի քանի հազար պտույտ էր գործում և կենտրոնախույս ուժով հեռացնում էր լվացքի տամկությունը։ Հետո Մարտինը շարունակ անցնում էր չորացնող մեքենայից քամիչ մեքենային, միջանկյալ ջոկելով գուլպաները։ Ճաշից հետո, մինչև արդուկների տաքանալը, նրանք զբաղվեցին գուլպաները գլանակելով։ Հետո արդուկեցին սպիտակեղենը մինչև Ժամը վեցը, բայց այդ ժամանակ Ջոն տարակուսանքով շարժեց գլուխը։

— Ոչինչ չի ստացվի,— ասաց նա,— կարիք կլինի ընթրիքից հետո էլ աշխատել։

Ընթրիքից հետո էլ նրանք աշխատեցին մինչև ժամը տասը՝ շլացուցիչ էլեկտրական լույսի տակ, մինչև որ վերջին ձեռք սպիտակեղենն էլ արդուկվեց ու արդեն պատրաստ էր պատվիրատուին հանձնելու։ Կալիֆորնիայի տոթ գիշեր էր և, չնայած բոլորովին բաց պատուհաններին, սենյակում, շիկացած սալօջախից և արդուկներից, անտանելի շոգ էր տիրում։ Մարտինն ու Ջոն, մինչև մեջքները մերկ, արյուն-քրտինքի մեջ շնչահեղձ էին լինում։

— Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես արևադարձային նավահանգստում նավ բարձելիս,— ասաց Մարտինը, երբ նրանք բարձրանում էին սանդուղքներով։

— Դու գլուխ կհանես գործից,— ասաց Ջոն,— շատ լավ ես աշխատում։ Եթե հետագայում էլ այդպես շարունակվի, դու միայն առաջինը կստանաս երեսուն դոլլար, իսկ հաջորդ ամսում կստանաս քառասուն։ Սակայն չի կարող պատահել, որ դու անցյալում երբեք արդուկած չլինես։

— Աստվա՜ծ վկա, ամբողջ կյանքումս ոչ մի փալաս էլ չեմ արդուկել։

Մարտինը սաստիկ հոգնածություն էր զգում և զարմանում էր, մոռանալով, որ աշխատել է տասնչորս ժամ անընդհատ։ Նա լարեց զարթուցիչը ժամը վեցի վրա և, հաշվելով հինգ ժամ, որոշեց կարդալ մինչև Ժամը մեկը։ Հանելով մաշիկները, որպեսզի ոտքերը հանգստանան, նստեց սեղանի առաջ և գրքերով շրջապատեց իրեն։ Նա բացեց Ֆիսքի գիրքը և սկսեց կարդալ այնտեղից, ուր ընդհատել էր ընթերցումը երկու օր առաջ։ Բայց նրա գլուխը լավ չէր աշխատում, այնպես որ ստիպված երկու անգամ կարդաց միևնույն հատվածը։ Հետո նա հանկարծ սթափվեց ուռած մկանների ցավից և լեռնային սառը քամուց, որ փչում էր պատուհանից։ Նա նայեց ժամացույցին. ժամը երկուսն էր, քնել էր արդեն չորս ժամ։ Նա հանվեց, անկողին մտավ ու քնեց՝ դեռ գլուխը բարձին չդրած։

Երեքշաբթի օրն էլ անցավ լարված աշխատանքի մեջ։ Այն արագությունը, որով աշխատում էր Ջոն, հիացնում էր Մարտինին։ Ջոն աշխատում էր ինչպես մի դյուժին դև։ Նա ամբողջ երկարատև աշխատանքային օրվա ընթացքում ոչ մի ակնթարթ չէր կորցնում, ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում էր աշխատանքի վրա և երբեմն ցույց տալիս Մարտինին, թե որ հինգ շարժումի փոխարեն կարելի է չորս շարժում անել և երեքի փոխարեն՝ երկու շարժում։

Մարտինը նայում էր և աշխատում օրինակ վերցնել նրանից։ Նա էլ հրաշալի աշխատող էր, ճարպիկ, սրամիտ, և միշտ հպարտանում էր, որ իրեն ոչ ոք չի կարող գերազանցել աշխատանքում։ Հիմա նա էլ վճռեց կենտրոնացնել իր ամբողջ ուշադրությունն աշխատանքի վրա և հետևել Ջոյի բոլոր հրահանգներին։ Նա ճարպկորեն քսում էր օսլան օձիքներին, որպեսզի արդուկելիս պղպջակներ չառաջանան, և Ջոն գովեց նրան։

Աշխատանքում ոչ մի ընդմիջում չկար։ Վերջացնելով մի գործը՝ Ջոն իսկույն անցնում էր հաջորդին, առանց սպասելու և առանց հետաձգելու որևէ բան։ Նրանք օսլայեցին երկու հարյուր սպիտակ վերնաշապիկ, աջ ձեռքով տաք օսլայի մեջ կոխելով օձիքը, կուրծքն ու մանժետները, իսկ ձախ ձեռքով պահելով շապիկը, որպեսզի մյուս մասերը չդիպչեն այնքան տաք օսլային, որ, քամելով դա, նրանք ստիպված էին ամեն անգամ իրենց ձեռքը կոխել սառը ջրի մեջ։ Այդ երեկո էլ նրանք աշխատեցին մինչև Ժամը տասնուկեսը՝ օսլայելով կանացի նուրբ սպիտակեղենի ծալքերը։

— Արևադարձային երկրներում ավելի հեշտ է,— ծիծաղելով ասաց Մարտինը։

— Միայն ո՛չ ինձ համար,— լուրջ առարկեց Ջոն,— ես սրանից զատ ոչ մի այլ արհեստ չգիտեմ։

— Բայց այս արհեստը դու շատ լավ գիտես։

— Էլի՞ չիմանամ․ ես սկսեցի աշխատել տասնմեկ տարեկան հասակից, Օքլենդում․ կանգնում էի շոգեշարժ հարթիչի մոտ։ Այդ ժամանակից անցել է տասնութ տարի, և ես ուրիշ ոչնչով չեմ զբաղվել։ Սակայն այնպիսի տաժանակիր աշխատանք, ինչպես այստեղ է, մինչև այժմ չի պատահել ինձ։ Այստեղ պետք է ունենալ առնվազն երեք աշխատավոր։ Վաղը կարիք կլինի աշխատել և գիշերը։ Չորեքշաբթի օրերը միշտ հարկավոր է լինում աշխատել գիշերները՝ օձիքներ ու մանժետներ շատ են լինում։

Մարտինը նորից լարեց զարթուցիչը, նստեց սեղանի առաջ, բացեց Ֆիսքի գիրքը, բայց չկարողացավ կարդալ մի հատված անգամ։ Տողերը պարում էին նրա աչքերի առաջ և նա, քնից հաղթահարված, դանթեց։ Նա սկսեց ետ ու առաջ քայլել՝ բռունցքներով խփելով գլխին, որպեսզի քունը վանի, բայց ոչինչ չէր օգնում։ Հետո գիրքը դրեց առաջը և փորձեց կարդալ՝ մատներով ետ տանելով կոպերը, այնուամենայնիվ անմիջապես քնեց բաց աչքերով։

Եվ ապա, այլևս անկարող լինելով կռվել հոգնածության դեմ, հանվեց՝ հազիվ գիտակցելով, թե ինչ է անում, և ընկավ մահճակալին։ Նա քնեց յոթ ժամ ծանր, անասնական քնով և զարթնեց ժամացույցի զնգոցից՝ զգալով, որ դեռ քունը չի առել։

— Շա՞տ կարդացիր.— հարցրեց նրան Ջոն։

Մարտինը բացասաբար շարժեց գլուխը։

— Ոչինչ,— մխիթարեց նրան Ջոն,— մենք այս գիշեր կաշխատեցնենք հարթիչը, իսկ վաղը կվերջացնենք ժամը վեցին։ Այդ դեպքում դու ժամանակ կունենաս կարդալու։

Այդ օրը Մարտինը լվանում էր բրդեղեն իրեր՝ ուտիչ օճառի լուծույթով լի մեծ տաշտում, ընդ որում այդ գործողությունը կատարվում էր հատուկ հարմարանքով, որը Ջոն նշեց հպարտությամբ։

— Դա իմ գյուտն է, փոխարինում է և՛ լվացքի փայտին, և՛ ձեռքերին և՛, բացի այդ, խնայում է շաբաթական ամենաքիչը տասնհինգ րոպե։ Իսկ դու գիտես, թե այս դժոխածին գործում ամեն մի րոպեն ինչ արժե...

Օձիքներն ու մանժետները գլանակով անցկացնելը նույնպես Ջոյի գյուտն էր, և երբ երեկոյան վառեցին էլեկտրական լույսը, նա բացատրեց։

— Ուրիշ լվացքատներում դեռևս չեն հասել այդ բանին։ Դրա շնորհիվ, ես հնարավորություն ունեմ շաբաթ օրերը ժամը երեքին վերջացնել աշխատանքը։ Միայն վարպետորեն պիտի անել գործը՝ ուրիշ ոչինչ։ Հարկավոր է հատուկ ջերմաստիճան, հատուկ ճնշում, և պետք է անցկացնել երեք անգամ, նայիր։

Նա վերցրեց մանժետը։

— Ձեռքով էլ չես անի այդպես, ճի՞շտ է։

Հինգշաբթի օրը Ջոն կատաղեց․ նորմայից դուրս ուղարկել էին մի մեծ կապոց օսլայվելիք նուրբ սպիտակեղեն։

― Գրո՛ղը տանի,— գոռաց նա,— հոգիս դուրս է գալու, էլ չեմ ուզում։ Ամբողջ շաբաթ աշխատել եմ ստրուկի պես, որպեսզի մի ազատ րոպե ունենամ, և հանկարծ, այ քեզ, ուրախացրին, մի կապոց օսլայվելիք նուրբ սպիտակեղեն՝ նորմայից դուրս։ Ես ապրում եմ ազատ երկրում, և ես այդ հաստ հոլանդացուն կասեմ, թե ինչ եմ մտածում նրա մասին։ Եվ ես նրա հետ չեմ խոսելու ֆրանսերեն լեզվով։ Միացյալ Նահանգների լեզվում դեռևս կգտնվեն նրան հարմար բառեր։ Մի կապոց նորմայից դո՜ւրս։ Այ քեզ անասուն։

— Կարիք կլինի էլի աշխատել մինչև կես գիշեր,— ասաց նա մի րոպե անց՝ մոռանալով իր բարկությունը և համակերպվելով ճակատագրին։

Այդ գիշեր էլ Մարտինը հնարավորություն չունեցավ կարդալու։ Ամբողջ շաբաթ նա ոչ մի թերթ չտեսավ և ինքն էլ զարմացավ, որ ցանկություն էլ չունի տեսնելու։ Նորությունները նրան չէին հետաքրքրում, նա այնքան հոգնած էր, որ ոչնչով չէր հետաքրքրվում։ Այնուամենայնիվ նա վճռեց շաբաթ օրը Օքլենդ գնալ հեծանիվով։ Յոթանասուն մղոն գնալ, յոթանասուն մղոն վերադառնալ՝ նշանակում է, որ նա բոլորովին չի հանգստանալու, որպեսզի ուժ հավաքի առաջիկա շաբաթվա համար։ Ավելի լավ կլիներ գնալ երկաթուղով, բայց դա կարժենար երկու և կես դոլլար, իսկ Մարտինը հաստատ վճռել էր դրամ հավաքել։