Մարտին Իդեն | |
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXVII | Մարտին Իդեն, Գլուխ XXIX ▶ |
Հաջողությունը կորցրել էր Մարտին Իդենի հասցեն, և նրա համբավաբեrները այլևս չէին բախում նրա դուռը։ Քսանհինգ օր առանց հանգստանալու, մինչև անգամ կիրակի և տոն օրերը, Մարտինն աշխատում էր գրեթե երեսուն հազար բառից բաղկացած «Արևի ամոթանքը» մեծ հոդվածի վրա։ Դա կազմակերպված հարձակում էր Մեtերլինգի dպրոցի միստիցիզմի վրա, մի գրոհ պոզիտիվ գիտելիքների միջնաբերդից՝ ուղղված հրաշքների մասին երազող ֆանտազյորների դեմ, թեպետ հենց դրանում էլ կային հրաշքի շատ տարրեր՝ միայն այնպիսի հրաշքի, որը կապակցվում էր իրականության հետ։ Այդ մեծ հոդվածին Մարտինը մի քիչ հետո կցեց երկու փոքր ակնարկ. «Հրաշալի քուրմերը» և «Մեր եսի չափանիշը»։ Բոլոր այդ հոդվածները ճամփորդության ելան դեպի խմբագրատները։
«Արևի ամոթանքը» հոդվածի վրա ծախսված քսանհինգ օրվա ընթացքում Մարտինին հաջողվեց վաճառել իր «եկամտավոր» գրվածքներից վեցուկես դոլլար գումարի։ Մի գըվածքի համար նա ստացավ հիսուն սենթ, իսկ մի ուրիշի համար, որ ուղարկել էր երգիծական շաբաթաթերթին, մի ամբողջ դոլլար։ Բացի այդ, երկու երգիծական ոտանավորներից մեկի համար նա ստացավ երկու դոլլար, իսկ մյուսի համար՝ երեք դոլլար։
Վերջ ի վերջո, սպառելով իր վարկը (թեպետ նպարավաճառը ավելացրեց մինչև հինգ դոլլար), Մարտինը նորից ստիպված եղավ լոմբարդ տանել հեծանիվն ու վերարկուն։ Գրամեքենայի վարձի համար դարձյալ դրամ էին պահանջում՝ հիշեցնելով, որ պայմանի համաձայն նա պարտավոր է նախօրոք վճարել մի ամսվա վարձը։
Քաջալերված մի քանի մանր գրվածքներ վաճառելով՝ Մարտինը նորից վճռեց գբազվել գրական «արհեստավորությամբ». թերևս հաջողվի մի կերպ ապրել դրանով։ Նրա սենյակում սեղանի տակ թափված էին մոտ քսան փոքր պատմվածքներ, որոնք մերժված էին գրական գործակալությունների կողմից։ Մարտինը վերանայեց դրանք, որպեսզի պարզի, թե ինչպես չպիտի գրել լրագրական պատմվածքներ և այդ կերպով մշակել մի իդեալական բանաձև։ Նա եկավ այն եզրակացության, որ լրագրական պատմվածքում ողբերգական լուծում չպետք է լինի, լեզվում չպետք է լինեն ավելորդ գեղեցկություններ, մտքերը պետք է լինեն պարզ, իսկ զգացումները պարզունակ։ Բայց և այնպես՝ պիտի լինեն զգացումներ, այն էլ անպայման վեհ ու ազնիվ՝ այն զգացումների նման, որոնք ժամանակին ստիպում էին նրան ծափահարել վերնասրահից «Թեպետ աղքատ է, բայց ազնիվ է» դրամայի տիպի պիեսներին։
Պարզելով իր համար այդ բոլորը՝ Մարտինն սկսեց գրել մի պատմվածք իր մշակած բանաձևի համաձայն։ Այդ բանաձևը եռանդամ էր․ 1) երկու սիրահարները պետք է բաժանվեն․ 2) ինչ֊որ պատահարի շնորհիվ նրանք դարձյալ միանում են․ 3) հարսանիքի զանգերի ղողանջ։ Երրորդ անդամը մշտական մեծություն էր, իսկ առաջինն ու երկրորդը կարող էին անվերջ տարբեր ձևեր ստանալ։ Սիրահարներին կարող էին բաժանել ճակատագրական թյուրիմացությունը, հանգամանքների բերումը, խանդոտ մրցակցությունր, դաժան ծնողները, խորամանկ խնամակալները և այլն, և այլն, նրանց կարող էր միացնել սիրահար պատանու կամ աղջկա ինչ֊որ քաջարի արարքը, խնամակալի, ծնողների կամ ախոյանների հարկադրված կամ ինքնահոժար համաձայնությունը, սիրահար պատանու ինքնազոհությունը և այլն՝ անսահման տարբերակներով։ Երբեմն կարելի է աղջկան ստիպել, որ առաջին քայլը կատարի. Մարտինը գտավ և այլ բազմաթիվ խորամանկ ձևեր ու ճարպիկ հնարանքներ՝ մշակելով այդ թեման։ Միայն մի բան նա չէր կարող տնօրինել իր հայեցողությամբ, ամեն մի պատմվածքի վերջում անպայման պետք է ղողանջեն հարսանեկան զանգերը՝ մինչև անգամ եթե երկինքը փուլ գար կամ գետինը ճեղքվեր։ Պատմվածքի ծավալը նույնպես բոլորովին ճշգրիտ սահմանված էր՝ ամենաշատը մեկուկես հազար բառ, իսկ ամենաքիչը հազար երկու հարյուր բառ։
Նախքան նման պատմվածքներ գրելու արվեստին վերջնականապես տիրապետելը՝ հարկ եղավ մշակել հինգ-վեց սխեմա, որոնցով և Մարտինը ղեկավարվում էր գրելու պրոցեսում։ Դրանք կարծես աղյուսակներ լինեին, որոնցով օգտվում են մաթեմատիկոսները, որոնք կարելի է կարդալ վերևից, ներքևից, աջից ձախ, ձախից աջ, և որոնցով կարելի է, առանց ուղեղի որևէ լարվածության, կազմել ամեն տեսակ՝ միշտ էլ ուղիղ և ճշգրիտ կոմբինացիաներ։ Այդ սխեմաներով Մարտինը կես ժամում ուրվագծեց տասը սյուժե, որոնք նա մի կողմ էր թողնում և ապա մշակում էր ազատ ժամանակ։ Սովորաբար նա անում էր դա քնից առաջ ամբողջ օրը լուրջ աշխատելուց հետո։ Հետագայում նա խոստովանեց Ռութին, որ այդպիսի պատմվածքներ հղանում էր մինչև անգամ երազում։ Հիմնական աշխատանքն էր սխեմա կազմելը, իսկ մնացյալը արվում էր մեքենայորեն։
Մարտին Իդենը չէր կասկածում իր բանաձևերի ուժի վրա և հրատարակիչների ճաշակը լավ գիտեր՝ առաջին երկու պատմըվածքը ուղարկելիս վստահ էր, որ դրանք դրամ կբերեն իրեն։ Եվ իրոք տասը օրից Մարտինը ստացավ երկու չեք՝ ամեն մեկը չորս դոլլարի։
Այդ ժամանակամիջոցում Մարտինը նոր հայտնություններ արեց մամուլի նկատմամբ. «Անդրցամաքային ամսաթերթը» տպեց նրա «Զանգերի ղողանջը», բայց չեք չուղարկեց։ Մարտինը դրամի մեծ կարիք ուներ և գրեց խմբագրությանը։ Չեքի փոխարեն նա ստացավ խուսափողական պատասխան և խնդրանք, որ էլի մի բան ուղարկի։ Երկու օր սոված մնալուց հետո նա ստիպված նորից գրավ դրեց հեծանիվը։ Շաբաթը երկու անգամ նա կանոնավորապես հիշեցնում էր «Ամսաթերթին» իր հինգ դոլլարի մասին, բաչց ըստ երևույթին առաջին պատասխանը ստացել էր լոկ պատահականությամբ։ Մարտինը չէր իմանում, որ «Ամսաթերթը» արդեն մի քանի տարի է, ինչ հազիվ ծայրը ծայրին է հասցնում, որ նա չունի ո՛չ բաժանորդ, ո՛չ գնորդ և գոյությունը քարշ է տալիս միայն հայտարարություններով, որոնք տպվում են մարդասիրական նկատառումներով։ Նա չէր իմանում և այն, որ «Ամսաթերթը» հանդիսանում է հրատարակչի և խմբագրի համար եկամուտի միակ աղբյուրը, և որ նրանք կարող են այդ եկամուտը ստանալ միայն իրենց պահանջատերերին պարբերաբար չվճարելով։ Մի՞թե Մարտինը կարող էր կասկածել, որ իրեն հասանելիք հինգ դոլլարով խմբագիրը ներկել է իր տունը Ալամեդայում, և ինքն է ներկել, որովհետև ներկարարների միության կողմից սահմանված վճարը շատ բարձր է եղել նրա համար, և առաջին շտերյկբրեխերը, որին նա վարձեց, ցած գլորվեց սանդուղքից՝ ինչ֊որ մեկը դիտմամբ հրեց, և շտրեյկբրեխերին հիվանդանոց տարան կոտրած ոտքով։
Մարտինը տասը դոլլար էլ չստացավ իր «Գանձ որոնողներ» ակնարկի համար, որ ընդունել էր Չիկագոյի մի թերթ։ Ակնարկը տպված էր, դրանում նա համոզվեց աչքի անցկացնելով ամսաթերթերը քաղաքային ընթերցարանում, բայց հրատարակչից ոչ մի պատասխան չստացավ. նրա նամակներին չէին պատասխանում։ Ցանկանալով վստահ լինել, որ նամակները հասնում են հասցեատիրոջը, Մարտինը ուղարկում էր դրանք ապահովագրյալ։ Դա թալան էր, վճռեց նա. սառնարյուն թալան օրը ցերեկով, ինքը սոված էր, իսկ իրենից գողանում էին իր ապրանքը, որը վաճառելով կարող էր գնել մի պատառ հաց։
«Պատանեկություն և չափահասություն»֊ը շաբաթաթերթ էր։ Տպելով վիպակի երկու երրորդը՝ քսանմեկ հազար բառ, այդ շաբաթաթերթը հանկարծ դադարեց լույս տեսնելուց։ Այդ կերպով տասնվեց դոլլար ստանալու ամեն հույս կորավ։
Ի լրումն այդ բոլորի՝ նրա լավագույն պատմվածքը «Կաթսան» իզուր կորավ։ Հուսահատված, բազմաթիվ ամսաթերթերի միջև նա ընտրեց «Ալիք»֊ը, և գրվածքն ուղարկեց Սան֊Ֆրանցիսկո։ Նա ընտրեց այդ թերթը միայն նրա համար, որ կարելի էր շուտ պատասխան ստանալ, խմբագրությունը մոտիկ էր՝ ծովածոցի մյուս ափին։ Երկու շաբաթից հետո նա ուրախությամբ տեսավ, որ իր պատմվածքը տպվել է աչքի ընկնող տեղում, այն էլ պատկերազարդված։ Տուն վերադառնալով ցնծությունից տրոփող սրտով՝ Մարտինը ջանում էր գուշակել, թե ինչքան կվճարեն նրա այդ լավագույն պատմվածքի համար։ Նրան ուրախացնում էր այն, որ իր պատմվածքն այնքան շուտ ընդունվել և տպագրվել էր, թեև հրատարակիչը նրան չի էլ հա ղորդել, որ գրվածքն ընդունված է։ Սպասելով մեկ, երկու շաբաթ և մի քանի օր՝ Մարտինը, հաղթահարելով իր կեղծ ամաչկոտությունը, գրեց «Ալիքի» խմբագրին՝ արտահայտելով իր ենթադրությունը, որ իր փոքր հաշիվը մոռացվել է բազմաթիվ կարևոր գործերի միջև։
«Եթե մինչև անգամ հինգ դոլլար վճարեն ինձ,— մտածեց Մարտինը,— այդ դրամով ես կարող եմ գնել բակլա և սիսեռ և կգրեմ կես դյուժին այդպիսի պատմվածքներ ևս»։ Վերջապես ստացվեց պատասխանը, որն իր շքեղ նրբությամբ հիացրեց Մարտինին։
«Մենք շատ երախտապարտ ենք ձեզ ձեր հիանալի պատմվածքի համար։ Մենք բոլորս խմբագրատանը մեծ հաճույքով կարդացինք դա և, ինչպես տեսնում եք, տպեցինք պատվավոր տեղում։ Հույս ունենք, որ պատկերները ձեզ դուր եկան։
Ինչպես երևում է ձեր նամակից, դուք ենթադրում եք, իբր մենք վճարում ենք այդ գրվածքների համար, որոնք մեր պատվերով չեն գրված։ Մենք այդ սովորությունը չունենք, իսկ ձեր պատմվածքը մեր կողմից պատվիրված չէր։ Ընդունելով դա տպագրելու համար, մենք, հասկանալի է, ենթադրում էինք, որ այդ բանը հայտնի է ձեզ։ Մեզ մնում է միայն ափսոսալ, որ այդպիսի ցավալի թյուրիմացություն է պատահել։ Նորից շնորհակալություն ենք հայտնում ձեզ և հույս ունենք ստանալ ձեզնից որևէ բան։ Ընդունեցեք․․․» և այլն։ Հետգրության մեջ ասված էր, որ թեև «Ալիքը» ոչ ոքի ձրի չի ուղարկվում, բայց և այնպես խմբագրությունն իր համար պատիվ է համարում մուծել նրա անունը հաջորդ տարվա բաժանորդների ցուցակի մեջ։
Այդ տխուր փորձից հետո Մարտինը իր գրվածքների առաջին էջի վրա վերևում նշում էր՝ «վճարը ձեր սովորական դրույքի համաձայն»։
«Կգա ժամանակ,— մխիթարում էր նա իրեն,— որ նրանք կվճարեն ինձ իմ սովորական դրույքով»։
Այդ Ժամանակաշրջանում Մարտինը բռնվեց ինքնակատարելագործման տենդով, և նա անվերջ ուղղում և վերամշակում էր «Ուրախ փողոցը», «Կյանքի գինին», «Ուրախությունը», «Ծովի երգերը» և իր վաղ շրջանի այլ գրվածքները։ Առաջվա նման նրան չէր բավականացնում տասնինժամյա աշխաաանքային օրը։ Նա եռանդագին գրում և կարդում էր՝ ջանալով աշխատանքով խեղդել ծխելը թողնելուց առաջացած տանջանքը։ Ռութի ուղարկած դեղը նա կոխեց իր գրասեղանի գզրոցի ամենահեռավոր անկյունը։ Առանձնապես դժվար էր առանց ծխելու յոլա գնալ սոված ժամանակ։ Ինչքան էլ ջանում էր հաղթահարել ծխելու իր ցանկությունը՝ չէր հաջողվում։ Մարտինն այդ համարում էր իր ամենամեծ քաջագործությունը, իսկ Ռութը գտնում էր, որ նա լավ է անում, և ուրիշ ոչինչ։ Նա Մարտինի համար դնել էր ծխելը թողնելուն օգնող մի դեղ այն դրամով, որ ծնողներից ստանում էր գնդասեղներ գնելու համար, և մի քանի օրից բոլորովին մոռացավ։
Մարտինն ատում էր իր մեքենայորեն գրած պատմվածքները, ծիծաղում էր դրանց վրա. բայց հենց դրանք վաճառվում էին բոլորից ավելի հաջող։ Դրանց շնորհիվ Մարտինը հատուցեց իր պարտքերը և մինչև անգամ գնեց հեծանվի նոր անվադող։ Այդ պատմվածքները նրան դրամ էին բերում՝ առօրյա ծախսերի համար, ընդսմին նա ժամանակ էլ էր ունենում լուրջ աշխատանքների համար։ Բացի այդ, Մարտինին շարունակ թևավորում էր «Սպիտակ Մուկի» խմբագրատնից ստացած քառասուն դոլլարի հիշողությունը։ Ինչ իմանաս, թերևս ուրիշ առաջնակարգ լրագրեր ու ամսագրեր էլ անծանոթ հեղինակներին վճարում են նույնքան, գուցե և ավելի։ Խնդիրն այն է, որ պիտի թափանցել այդ առաջնակարգ մամուլի մեջ։ Իսկ նրանք հետևողականորեն մերժում էին Մարտինի բոլոր լավագույն պատմվածքներն ու բանաստեղծությունները — թեև դրանց ամեն մի համարում տասնյակներով տպվում էին անհամ ու գռեհիկ բաներ։
«Երանի թե այդ պատկառելի հրատարակիչներից մեկը,— մտածում էր երբեմն Մարտինը,— բարեհաճեր գրել ինձ թեկուզ մի քաջալերիչ տող։ Կարող է պատահել, որ իմ ստեղծագործությունը չափազանց անսովոր է, թերևս դա նրանց հարմար չէ զանազան նկատառումներով, բայց մի՞թե իմ գրվածքներում չկա ոչ մի բան, որ թեկուզ ցանկություն առաջացնի պատասխանել ինձ»։
Եվ ահա Մարտինը դարձյալ վերցնում էր «Արկածը» կամ համ արժեք մի այլ պատմվածք և հարյուրերորդ անգամ վերանայում էր ջանալով գուշակել հրատարակիչների լռության պատճառը։
Երբ վրա հասավ Կալիֆորնիայի տաք գարունը, Մարտինի համար բարօրության ժամանակաշրջանը վերջացավ։ Մի քանի շաբաթ շարունակ նրան անհանգստացնում էր գրական գործակալության անհասկանալի լռությունը։ Վերջապես մի օր նրան միանգամից վերադարձրին նրա գրած տասը «մեքենայական» պատմվածքները։ Դրանց կցված նամակում Մարտինին հաղորդում էին, որ գործակալությունը ծանրաբեռնված է նյութերով, այնպես որ մի քանի ամիս հետո միայն կընդունի նոր գործեր։ Իսկ Մարտինը, հույսը դրած այդ պատմվածքների վրա, վերջին ժամանակներս մինչև անգամ շռայլ էր դարձել։ Գործակալությունը սովորաբար հինդ դոլլար էր վճարում նրա յուրաքանչյուր պատմվածքին և մինչև այժմ նրա ոչ մի գրվածքը չէր մերժել. դրա համար էլ Մարտինն այնպես էր վարվում, կարծես ընթացիկ հաշվում ունի հիսուն դոլլար։ Այդպիսով, Մարտինի համար միանգամից սկսվեց դժնդակ փորձությունների ժամանակաշրջանը, և նա հուսահատ, սկսեց իր հին պատմվածքներն ուղարկել մանր պարբերական հրատարակչություններին, որոնք դրամ չէին ուղարկում, իսկ նոր պատմվածքներն ուղարկում էր լուրջ ամսագրերին, որոնք շարունակ ետ էին վերադարձնում դրանք։ Նա դարձյալ սկսեց այցելել Օքլենդի լոմբարդը։ Երկու֊երեք երգիծական բանաստեղծություններ ընդունվեցին Նյու֊Յորքի շաբաթաթերթերում, և նա հնարավորություն ունեցավ մի կերպ ապրել։ Այդ Ժամանակ նա վճռեց հարցում կատարել բոլոր խոշոր ամսաթերթերին, թե ինչու նրանք չեն տպում իր գրվածքները։ Պատասխանեցին, որ ինքնահոսով ստացվող գրվածքները սովորաբար չեն քննարկվում, և որ տպվող նյութի մեծ մասը գրում են հանդեսների պատվերով արդեն անուն և փորձառություն ունեցող հեղինակները։