Վերջին թարմացում 3 Հունվարի 2015, 22:36

Մարտին Իդեն, Գլուխ XXXVI

22:36, 3 Հունվարի 2015 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXXV Մարտին Իդեն, Գլուխ XXXVII ▶


— Գնա՛նք, ես ձեզ ցույց կտամ «իսկական մարդկանց»,— ասաց Բրիսենդենը Մարտինին հունվար ամսի մի երեկո։

Նրանք ճաշեցին Սան-Ֆրանցիսկոյում և պատրաստվում էին արդեն նստել Օքլենդ տանող լաստանավը, երբ հանկարծ Բրիսենդենի խելքին փչեց ցույց աալ Մարտինին «իսկական մարդկանց»։ Նա շուռ եկավ և սկսեց քայլել նավամատույցի երկայնքով՝ ինչպես մի ստվեր, քամուց ծածանվող պատմուճան հագին։ Մարտինը հազիվ էր հասնում նրա հետևից։ Ճանապարհին Բրիսենդենը գնեց երկու գալոն հին պորտվեյն և ձեռքին բռնած դրանք՝ թռավ մտավ տրամվայ, որը գնում էր Միշըն-սթրիթով․ նույնն արեց Մարտինը՝ բեռնավորված մի քանի շիշ խմիչքով։

«Ի՞նչ կասեր Ռութը, եթե այս րոպեին տեսներ ինձ»,— անցավ Մարտինի մտքով, բայց միայն մի ակնթարթ, նրա միտքը զբաղված էր այն հարցով, թե այդ ի՞նչ «իսկական մարդիկ» են։

— Թերևս այսօր այնտեղ ոչ ոք չլինի,— ասաց Բրիսենդենը, երբ նրանք իջան տրամվայից և խորասուզվեցին բանվորական թաղի մութ նրբափողոցը՝ Մարքեթ-սթրիթից հարավ։— Այդ դեպքում դուք չեք տեսնի այն, ինչ վաղուց եք որոնում։

— Վերջ ի վերջո, սատանա՛ն տանի, ովքե՞ր են նրանք,— հարցրեց Մարտինը։

— Մարդիկ, իսկական խելացի մարդիկ, և ոչ թե շաղակրատներ, ինչպիսիները քարշ են գալիս չարչիների այն որջում, ուր ես հանդիպեցի ձեզ։ Դուք կարդացել եք գրքեր և տանջվել եք մենակությունից, հիմա ես ձեզ կծանոթացնեմ մարդկանց հետ, որոնք նույնպես կարդացել են որևէ բան, և դուք այլևս այնքան մենակ չեք լինի։

— Ես շատ եմ հետաքրքրվում նրանց անվերջ բանավեճերով,— ավելացրեց Բրիսենդենը՝ անցնելով մի թաղ,— առհասարակ տանել չեմ կարող գրքերի փիլիսոփայությունը, սակայն դրանք անկասկած՝ իսկական խելացի մարդիկ են, և ոչ թե բուրժուա խոզեր։ Բայց զգույշ կացե՛ք, նրանց հետ. նրանք անվերջ խոսում են։

— Հույս ունեմ, որ այնտեղ կլինի Նորթոնը,— շարունակեց նա մի քիչ հետո շնչահեղձ, բայց թույլ չտալով, որ Մարտինն իր ձեռքից վերցնի պորտվեյնի շշերը։— Նորթոնն իդեալիստ է. նա ավարտել է հարվարդի համալսարանը։ Հրաշալի հիշողություն ունի։ Իդեալիզմը հանգեցրել է նրան անիշխանական փիլիսոփայության, և ընտանիքը բաժանվել է նրանից։ Նրա հայրը երկաթգծի ընկերության պրեզիդենտ է և շատ միլիոնների տեր, իսկ որդին «ֆրիսկոյում» կիսաքաղց է քարշ գալիս՝ խմբագրելով անիշխանական մի փոքր հանդես՝ ամիսը քսանհինգ դոլլար ռոճիկով։

Մարտինը լավ չէր ճանաչում Սան֊Ֆրանցիսկոն, առանձնապես քաղաքի այս մասը, դրա համար էլ չէր պատկերացնում, թե ուր են տանում նրան։

— Շարունակեցեք,— ասաց նա,— էլի պատմեցեք ինձ նրանց մասին, ուզում եմ նախօրոք ծանոթանալ նրանց հետ։ Ինչո՞վ են ապրում նրանք, ինչպե՞ս են ընկել այստեղ։

— Հուսով եմ, որ Համիլտոնն էլ այսօր կգա,— ասաց Բրիսենդենը, կանգ առնելով, որպեսզի շունչ քաշի։— Սթրաուն-Համիլտոնը հին երկակի ազգանուն է։ Նա հարավի պատվական ընտանիքից է և ծույլ, որպիսին դեռ գոյություն չի ունեցել աշխարհում, թեպետ ծառայում է, ավելի ճիշտ փորձում է ծառայել սոցիալիստական մի կոոպերատիվում, շաբաթական վեց դոլլար աշխատավարձով։ Անուղղելի թափառաշրջիկ է․ հենց թափառաշրջիկությամբ էլ եկել հասել է Սան֊Ֆրանցիսկո։ Բազմիցս պատահել է, որ ամբողջ օրը նստած է եղել այգում՝ նստարանին, ընդ որում առավոտից ոչինչ չէր առնում բերանը, և երբ առաջարկում ես նրան գնալ մի բան ուտելու երկու թաղ դենը գտնվող ճաշարանում, գիտե՞ք՝ ինչ է պատասխանում. «Դա չափազանց մեծ անհանգստություն է բարեկամ, ավելի լավ է ինձ համար մի տուփ գլանակ գնեք»։ Նա սփենսերական էր՝ ձեզ պես, մինչև որ Քրեյզը նրան դարձրեց դեպի մատերիալիստական մոնիզմի ճանապարհը։ Եթե հաջողվի, ես կստիպեմ նրան խոսել մոնիզմի մասին։ Նորթոնը նույնպես մոնիստ է, բայց ոչինչ չի ճանաչում՝ բացի ոգուց։ Նա շարունակ ընդհարվում է և՛ Համիլտոնի, և՛ Քրեյզի հետ։

— Իսկ ո՞վ է Քրեյզը,— հարցրեց Մարտինը։

— Մենք հենց նրա մոտ ենք գնում։ Նախկին պրոֆեսոր, համալսարանից արտաքսված. ամենասովորական պատմություն։ Ածելիի նման սուր խելք։ Ապրուստը հանելու չափ վաստակում է զանազան միջոցներով։ Մի անգամ նա դարձավ մինչև անգամ ֆակիր. բացարձակապես ոչ մի նախապաշարում չունի, առանց խղճահարության կվերցնի մեռած մարդու պատանքը։ Նրա և բուրժուայի միջև տարբերությունն այն է, որ Քրեյզը գողանում է առանց որևէ խաբեության։ Նա կարող է խոսել Նիցշեի, Շոպենհաուերի, Կանտի և ինչի մասին որ ուզեք, բայց, ըստ էության, հետաքրքրվում է միայն մոնիզմով։ Մինչև անգամ իր Մերիի մասին նա ավելի քիչ է մտածում, քան մոնիզմի մասին։ Հեկկելը նրա կուռքն է, նրան վիրավորելու միակ միջոցն է կպչել Հեկկելին։ Մենք արդեն հասանք։

Բրիսենդենը դրեց շշերը սանդուղքի վրա՝ նախքան վերև բարձրանալը։ Դա ամենասովորական երկհարկանի մի տուն էր փողոցի անկյունում, առաջին հարկում նախաճաշարանով և մթերավաճառի խանութով։

— Այդ խումբը ապրում է այստեղ և գրավում ամբողջ երկրորդ հարկը,— ասաց Բրիսենդենը,—բայց երկու սենյակից բնակարան ունի միայն Քրեյզը։ Գնա՛նք։

Վերևում լամպ չէր վառվում, բայց Բրիսենդենը մթության մեջ կողմնորոշվում էր, ինչպես տնային ոգի։ Նա կանգ առնելով, ասաց Մարտինին։

— Այստեղ կա մեկը՝ Սթիվենսը, թեոսոֆ. հենց որ տաքանում է, հիմարություններ է դուրս տալիս։ Ճաշարանում ամանեղեն է լվանում, սիրում է լավ սիգարներ։ Մի օր տեսա, որ նա տասը սենթանոց ճաշ ուտելուց հետո հիսուն սենթանոց սիգար գնեց։ Գրպանումս երկու սիգար ունեմ նրա համար, եթե գա այստեղ։ Կա և մի ուրիշը, Փարրի ազգանունով. ավստրալիացի է. վիճակագիր է և սպորտի շրջիկ հանրագիտարան։ Հարցրեք նրան, թե Պարագվայից 1903 թվականին որքան հացահատիկ է արտահանվել կամ 1890 թվականին որքան անգլիական քաթան է ներմուծվել Չինաստան, կամ ինչ քաշ ուներ Ջիմմի Բրայթը, երբ հաղթեց Բաթլինգ Նելսոնին, կամ ով էր 1868 թվականի Միացյալ Նահանգներում միջին քաշի չեմպիոնը. նա կպատասխանի ձեր բոլոր հարցերին ավտոմատի ճշտությամբ։ Կա և մի ոմն Էնդի, որմնադիր, որն ամեն բանի նկատմամբ իր հայացքներն ունի և հրաշալի է խաղում շախմատ, ապա և հացթուխ Հարրին, թունդ սոցիալիստ և արհեստակցական միության գործիչ։ Ի դեպ, հիշո՞ւմ եք խոհարարների և մատուցողների գործադուլը։ Դրա կազմակերպողն էր Համիլտոնը։ Նա կազմակերպեց միություն և մշակեց գործադուլի ծրագիրը այստեղ, Քրեյզի սենյակում։ Նա դա արեց միայն ժամանցի համար և հետո այլևս ոչ մի մասնակցություն չունեցավ միության գործերում՝ իր ծուլության պատճառով։ Եթե ուզենար, վաղուց լավ դիրքի կհասներ։ Այդ մարդու մեջ անսահման հնարավորություններ կան, բայց նրա ծուլությունը արտակարգ է։

Բիրսենդենը շարունակում էր առաջ գնալ մթության մեջ մինչև որ լույսի մի շող ցույց տվեց դռան շեմքը։ Նա բախեց դուռը և պատասխան ստացավ՝ «մտեք»։ Մարտինը սեղմեց Քրեյզի ձեռքը, գեղեցիկ թխադեմ մի մարդու՝ սպիտակ ատամներով, սև բեղերով, խոշոր ու արտահայտիչ սև աչքերով։ Մերին՝ լուրջ, երիտասարդ խարտյաշ մի կին, ամանեղեն էր լվանում փոքր սենյակում, որը ծառայում էր որպես խոհանոց ու ճաշասենյակ։ Առաջին սենյակը ննջարան ու ընդունարան էր։ Ամբողջ սենյակում ծաղկաշղթաների նման կախված էր սպիտակեղենը, այնպես որ Մարտինն առաջին րոպեին չնկատեց երկու հոգու, որոնք անկյունում նստած զրուցում էին։ Նրանք ուրախ բացականչություններով ընդունեցին Բրիսենդենին ու նրա շշերը, և Մարտինը, ծանոթանալով նրանց հետ, իմացավ, որ դրանք Էնդին ու Փարրին են։ Մարտինը հետաքրքրությամբ սկսեց լսել Փարրիին, որը պատմում էր՝ երեկ իր տեսած բռնցքամարտի մասին։ Իսկ Բրիսենդենը եռանդագին զբաղվեց շշերը բանալով և պատրաստելով։ Նրա տված հրամանով «այստեղ հավաքել բոլորին», Էնդին իսկույն գնաց սենյակներից կանչելու կենվորներին։

― Մեր բախտը բանեց, համարյա բոլորը ներկա են,— շշնջաց Բրիսենդենը Մարտինին։— Ահա Նորթոնն ու Համիլտոնը. գնանք նրանց մոտ։ Դժբախտաբար, Սթիվենսն առայժմ չկա, գնա՛նք։ Ես կսկսեմ մոնիզմի մասին խոսակցություն և շատ չանցած կտեսնեք, թե ինչպես կտաքանան նրանք։

Սկզբում խոսակցությունն ընթանում էր անկապ, բայց Մարտինն անմիջապես հասկացավ այս մարդկանց մտքի ինքնատիպությունն ու աշխուժությունը։ Նրանցից ամեն մեկն ուներ իր որոշ հայացքները, երբեմն հակասական և, չնայած նրանց հումորին ու տրամադրությանը, այդ մարդիկ բոլորովին մակերեսային չէին։ Մարտինը նկատեց, որ նրանցից յուրաքանչյուրը (անկախ խոսակցության նյութից) հայտնաբերում էր գիտական մեծ հմտություն և հաստատուն ու պարզ մշակված հայացքներ աշխարհի և հասարակության մասին։ Նրանք իրենց կարծիքները ոչ մեկից փոխ չէին առել․ նրանք մտքի իսկական ըմբոստներ էին, և նրանցից ոչ մի տափակություն չէր կարելի լսել։ Մորզերի մոտ Մարտինը ոչ մի անգամ չէր լսել այդպիսի հետաքրքրական զրույցներ և այդպիսի տաք վիճաբանություն։ Թվում էր, թե աշխարհում չկա մի բան, որը նրանց մեջ հետաքրքրություն չառաջացնի։ Զրույցը թռչկոտում էր միսիս Հեմֆրի Ուորդի վերջին գրքից դեպի Շոուի նոր կոմեդիան, թատերգության ապագայից դեպի Մենսֆիլդի մասին հիշողությունները։ Նրանք քննարկում էին, գովում կամ ծաղրում էին առավոտյան թերթերի առաջնորդողները, խոսում էին Նոր Զելանդիայում բանվորների կացության, Հենրի Ջեյմսի և Բրանդեր Մեթյուսի մասին, խորհրդածում էին հեռավոր Արևելքում Գերմանիայի քաղաքականության և դեղին վտանգի տնտեսական հետևանքների կապակցությամբ, վիճում էին Գերմանիայի ընտրությունների և Բեբելի վերջին ճառի շուրջը, խոսում էին միացյալ բանվորական պարտիայի վերջին ձեռնարկումների և սխալների առթիվ և այն մասին, թե ինչպես լավագույն կերպով կազմակերպել նավահանգստային բեռնակիրների ընդհանուր գործադուլը։

Մարտինն ապշեց բոլոր այս հարցերում նրանց արտասովոր գիտելիքների վրա։ Նրանց հայտնի էր այն, ինչի մասին երբեք չէր տպվել թերթերում։ Նրանք գիտեին բոլոր այն գաղտնի զսպանակները, բոլոր թելերը, որոնցով շարժման մեջ էին դրվում մարիոնետները։ Մարտինը զարմացավ, որ Մերին էլ է մասնակցում այդ զրույցներին և հայտնաբերում է այնպիսի խելք ու գիտելիքներ, որ Մարտինը չէր հանդիպել իրեն ծանոթ ոչ մի կնոջ մոտ։

Նրանք խոսեցին Սուինբեռնի և Ռոսսետտիի մասին, հետո անցան ֆրանսիական գրականության․ այդ հարցում Մերին իր հմտությամբ գերազանցեց Մարտինին։ Դրա փոխարեն, երբ Մերին պաշտպանում էր Մետերլինգին, Մարտինը նրան առարկեց իր լավ մշակված թեզիսով, որը հիմք էր ծառայել «Արևի ամոթանքը» աշխատության։

Եկան մի քանի այլ մարդիկ, և սենյակն արդեն մթագնել էր ծխախոտի ծխից, երբ Բրիսենդնը վերջապես վճռեց սկսել ճակատամարտը։

— Այստեղ ձեզ համար թարմ նյութ կա մշակելու, Քրեյզ,— ասաց նա,— մի խակ պատանի վարդագույն դեմքով, Հերբերթ Սփենսերի երկրպագուն։ Հապա, փորձեք հեկկելական դարձնել նրան։

Քրեյզը հանկարծ ցնցվեց, կարծես էլեկտրական հոսանք անցկացրին նրա միջով, իսկ Նորթոնը համակրալից նայեց Մարտինին և ժպտաց՝ դրանով խոստանալով նրան իր պաշտպանությունը։

Քրեյզը միանգամից հարձակվեց Մարտինի վրա, բայց Նորթոնը սկսեց աստիճանաբար միջամտել խոսակցությանը, որը վերջապես վերածվեց իսկական մենամարտի նրա և Քրեյզի միջև։ Մարտինը լսում էր՝ առանց հավատալու իր ականջներին, նրան պարզապես անհավանական էր թվում, որ նա իրոք լսում է այդ ամենը, այն էլ որտե՞ղ՝ բանվորական թաղում․ Մարքեթ-սթրիթից հարավ։ Կարծես այդ մարդկանց մեջ կենդանացել էին նրա կարդացած բոլոր գրքերը։ Նրանք խոսում էին տաքացած, հափշտակված, մտքերը գրգռում էին նրանց այնպես, ինչպես ուրիշներին գրգռում են ցասումը կամ ոգելից խմիչքները։ Դա տպագիր խոսքի, Կանտի և Սփենսերի պես առասպելական կիսաստվածների ստեղծած չոր փիլիսովդայությունը չէր։ Դա վիճողների կենդանի փիլիսոփայությունն էր, մսի ու արյան մեջ թափանցած, որը եռում ու ալեկոծվում է նրանց խոսքում։ Մեկ առ մեկ ուրիշներն էլ միջամտեցին վիճաբանությանը, և բոլորը հետևում էին դրան լարված ուշադրությամբ, ծխախոտի ծխում խեղդվելով։

Մարտինը երբեք չէր տարվել իդեալիզմով, բայց Նորթոնի շարադրությամբ դա մի հայտնություն դարձավ նրա համար, Քրեյզն ու Համիլտոնը իդեալիզմը չէին համարում տրամաբանական անհրաժեշտություն, նրանք ծիծաղում էին Նորթոնի վրա՝ անվանելով նրան մետաֆիզիկ, իսկ նա էլ մետաֆիզիկ էր անվանում նրանց։

Շարունակ լսվում էին «ֆենոմեն» ու «նոումեն» տերմինները։ Քրեյզն ու Համիլտոնը մեղադրում էին Նորթոնին, որ նա փորձում է գիտակցությունը բացատրել հենց գիտակցությամբ, իսկ Նորթոնը մեղադրում էր նրանց այն բանում, որ բառերից ելնելով նրանք հասնում են տեսությանը, և ոչ թե փաստերից՝ տեսությանը։ Դա խարազանում էր նրանց։ Նրանց մտածելակերպի հիմնական դոգման կայանում էր նրանում, որ պիտի սկսել փաստերից և սահմանում տալ փաստերին։

Երբ Նորթոնը սկսեց մեջբերումներ անել Կանտից, Քրեյզն ասաց, որ ամեն մի սովորական գերմանացի մանր փիլիսոփա իր մահից հետո միանգամից ընկնում է Օքսֆորդ։ Երբ քիչ անց Նորթոնը հիշատակեց Համիլտոնի պայմանականության օրենքը, հակառակորդներն իսկույն հայտարարեցին, որ իրենք էլ են հիմնվում այդ օրենքի վրա։ Իսկ Մարտինը լսում էր՝ ամբողջովին սարսռելով հիացումից։ Սակայն Նորթոնը իսկական սփենսերական չէր, այդ պատճառով էլ հաճախ հակաճառության մեջ էր մտնում Մարտինի, ինչպես և մյուս հակառակորդների հետ։

— Դուք գիտեք, որ դեռ ոչ ոք չի պատասխանել Բերքլիին,— ասում էր նա՝ արդեն ուղղակի Մարտինին ուղղելով իր խոսքը։— Հերբերթ Սփենսերն ուրիշներից ավելի մոտեցավ հարցին, բայց նա էլ, ըստ էության, սպառիչ պատասխան չտվեց։ Նրա հետևորդներից ամենահամարձակները չեն կարող ավելի հեռուն գնալ։ Ես կարդացել եմ Սալիբիի հոդվածը Սփենսերի մասին։ Ահա նա էլ է ասում, որ Սփենսերը «գրեթե» պատասխանեց Բերքլիին։

— Իսկ դուք հիշո՞ւմ եք, թե ինչ է ասել Յումը,— բացականչեց Համիլտոնը։

Նորթոնը գլխով հաստատական նշան արեց, բայց Համիլտոնը հարկ համարեց բացատրել մյուսներին։

— Յումն ասել է, որ Բերքլիի փաստարկությունները պատասխան չեն ենթադրում և միանգամայն անհամոզիչ են։

— Անհամոզիչ Յումի համար,— առարկեց Նորթոնը,— Յումի խելքն էլ այնպես է կառուցված, ինչպես ձերը, միայն այն տարբերությամբ, որ նա բավական իմաստուն էր և ընդունում էր Բերքլիին պատասխանելու ամբողջ անկարելիաթյունը։

Նորթոնը տաքարյուն էր և դյուրագրգիռ, թեև երբեք չէր կորցնում իրեն, իսկ Քրեյզն ու Համիլտոնը հիշեցնում էին սառնարյուն վայրենիների, որոնք հանգիստ և առանց շտապելու զննում են հակառակորդի տկար կողմերը։ Զրույցի վերջում Նորթոնը չարացած նրանից, որ շարունակ ամբաստանում են նրան, որպես մետաֆիզիկի, երկու ձեռքով կառչեց աթոռից, որպեսզի նստած մնա տեղում, և բոցավառ դեմքով ու փայլատակող աչքերով վճռական գրոհեց իր հակառակորդների վրա։

— Լա՛վ, հեկկելականնե՛ր,— գոռաց նա,— կարող է պատահել, որ ես դատում եմ որպես կախարդ և վհուկ, բայց կուզենայի իմանալ, թե դո՛ւք ինչպես եք դատում։ Դուք ոչ մի բազա չունեք, թեև աղաղակում եք ամեն տեսակ դրական գիտելիքների մասին։ Դուք տգետ դոգմատիկներ եք։ Չէ՞ որ դեռ մատերիալիստական մոնիզմի դպրոցի ծագումից շատ առաջ ամբողջ հողը այնպես էր փորած քրքրած, որ արդեն ոչ մի հիմք չէր կարելի կառուցել։ Լոկկը. ահա թե ով կառուցեց այդ, Ջոն Լոկկը։ Երկու հարյուր, մինչև անգամ ավելի տարիներ առաջ նա իր «Մարդկային գիտակցության մասին փորձերում» ապացուցեց բնածին գաղափարի հասկացողության անհեթեթությունը, իսկ դուք մինչև այժմ էլ զբաղվում եք դրանով։ Այսօր ամբողջ երեկո ապացուցում եք, որ ոչ մի բնածին գաղափար գոյություն չունի․ ի՞նչ է նշանակում այդ։ Դա նշանակում է, որ մարդը չի կարող հասնել բարձրագույն ռեալականության։ Երբ դուք ծնվում եք, ձեր ուղեղում ոչինչ չկա։ Հետագա բոլոր գիտելիքներն առաջանում են միայն ֆենոմենների, հինգ զգայարանների օգնությամբ ստացվող ըմբռնումների հիման վրա։ Նոումենները, որոնք ձեր ծնված ժամանակ չկային ձեր ուղեղում, ոչ մի կերպ չեն կարող այնտեղ ընկնել նաև հետագայում։

— Դա ճիշտ չի,— ընդմիջեց նրան Քրեյզը։

— Թույլ տվեք, վերջացնեմ,— բացականչեց Նորթոնը։― Ձեր գիտակցությանը մատչելի են միայն ուժի և մատերիայի այն գործողություններն ու փոխազդեցությունները, որոնք այսպես թե այնպես ազդում են ձեր զգայարանների վրա։ Տեսնո՞ւմ եք, ես պատրաստ եմ մինչև անգամ ընդունել, որ մատերիան գոյություն ունի․ թող այդպես լինի, բայց ես հիմա կոչնչացնեմ ձեզ ձեր իսկ փաստարկությամբ։ Այլ ճամփա չկա ինձ համար, քանի որ, դժբախտաբար, վերացական մտածողությունն անմատչելի է երկուսիդ համար էլ։ Ուրեմն ասեք, ի՛նչ գիտեք դուք մատերիայի մասին՝ հիմնվելով դրական դիտելիքների վրա։ Դուք գիտեք միայն այն, ինչ ըմբռնում եք, այսինքն՝ դարձյալ միայն ֆենոմենները։ Ձեզ մատչելի են միայն մատերիայի փոփոխությունները, ավելի ճիշտ՝ մինչև անգամ միայն այն, ինչ ըմբռնում եք դուք իբրև փոփոխություն։ Պոզիտիվ գիտելիքը գործ ունի միայն ֆենոմենների հետ, իսկ դուք, անմիտներդ, երևակայում եք, թե գործ ունեք նոումենների հետ, և համարում եք ձեզ գոյաբաններ։ Այո, ինչպես հենց պոզիտիվ գիտությունն ինքն է սահմանում, գիտությունը գործ ունի միայն երևույթների հետ։ Ինչ-որ մեկն արդեն ասել է, որ ֆենոմենների մասին գիտությունը չի կարող ֆենոմենների սահմանից դուրս գալ։ Դուք չեք կարող պատասխանել Բերքլիին, եթե նույնիսկ կարողանաք հերքել Կանտին. սակայն դուք հավատում եք, որ Բերքլին սխալվում է, որովհետև ձեր գիտությունը, բացասելով աստծու գոյությունը, չի տարակուսում մատերիայի գոյության մասին։ Ես քիչ առաջ ընդունեցի մատերիայի գոյությունը միայն նրա համար, որ դուք հասկանաք իմ մտքերի շարահարությունը։ Եթե կուզեք, եղեք պոզիտիվիստներ, բայց գոյաբանությունը տեղ չունի պոզիտիվ գիտությունների միջև։ Հետևաբար, հանգիստ թողեք այն։ Սփենսերն իրավացի է իր ագնոստիցիզմում, բայց եթե Սփենսերը․․․

Սակայն մոտենում էր Օքլենգ գնացող վերջին լաստանավի ժամանակը,– և Բրիսենդենն ու Մարտինը ստիպված էին հեռանալ։ Նրանք աննկատելիորեն դուրս ծլկեցին, երբ Նորթոնը շարունակում էր խոսել, իսկ Քրեյզն ու Համիլտոնը սպասում էին հարմար առիթի, որ գազազած շների պես հարձակվեն նրա վրա։

— Դուք իմ առաջ բաց արիք մի կախարդական աշխարհ,— ասաց Մարտինը Բրիսենդենին, երբ նրանք նստեցին լաստ։

— Այդպիսի մարդկանց հետ հանդիպելիս, զգում ես, որ արժե ապրել։ Ես ուղղակի ցնցված եմ։ Մինչև հիմա չէի հասկանում, թե ինչ է իդեալիզմը. ես այժմ էլ չեմ կարող ընդունել դա։ Գիտեմ, որ միշտ էլ ռեալիստ կմնամ, երևի այդպես էլ ստեղծվել եմ, բայց ես կարող էի վիճել Քրեյզի և համիլտոնի հետ և երկու֊երեք հարցեր տալ Նորթոնին։ Ես չեմ գտնում, որ Սփենսերի դեմ լուրջ առարկություններ արվեցին։ Ես այնպես եմ հուզված, ինչպես հուզվում է առաջին անգամ կրկես գնացած երեխան։ Հիմա տեսնում եմ, որ ես դեռ շատ բան պիտի կարդամ։ Պետք է ճարել Սալիբիի գիրքը։ Ես համոզված եմ, որ Սփենսերն անխոցելի է։ Հաջորդ անգամ ես ինքս կմասնակցեմ վիճաբանությանը...

Բայց Բրիսենդենը նիրհում էր՝ ծանր փչելով, նիհար դունչը տաք վզնոցով ծածկած. նրա ամբողջ վտիտ մարմինը ցնցվում էր լաստանավի պտուտակի ամեն դարձին։