հեղինակ՝ Ջեկ Լոնդոն |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
THE GAME by Jack London
«Խաղը» վիպակը տպագրվել է 1905 թվականի մայիսին «Մետրոպոլիտեն մեգեզին» հանդեսում և նույն թվականին լույս է տեսել Նյու-Յորքում առանձին գրքով:
Գլուխ I
Նրանց առջև, հատակին, գույնզգույն ու նախշավոր գորգեր էին փռված։ Հենց սկզբից նրանց դուր եկան բրյուսելյան երկու գորգերը, բայց մյուսներն էլ շքեղ ու վառվռուն, պակաս չէին հրապուրում։ Դժվար էր դիմանալ գայթակղությանը։ Սակայն բարձր գինը վախեցրեց նրանց։ Բաժնի վարիչը մեծ պատիվ արեց. ինքը զբաղվեց նրանցով։ Ի դեպ, աղջիկը շատ լավ գիտեր, որ նա այդ բանն անում է ոչ թե իր համար, այլ՝ Ջոյի։ Իզուր չէ, որ վերևի հարկը բարձրանալիս, վերելակապան տղան, բերանը բաց, իր հիացած հայացքը Ջոյից չէր կտրում։ Այդսպիսի ակնածանքով էին նայում նրան թե՛ մեծերը, թե՛ փոքրերը, երբ պատահում էր, որ աղջիկը Ջոյի հետ միասին անցնում էր քաղաքի արևմտյան մասում ընկած իրենց թաղամասով։
Բաժնի վարիչին կանչեgին հեռախոսի մոտ, ու անմիջապես էլ շքեղ գորգ գնելու ցանկության և շատ փող ծախսելու վախի միջև եղած պայքարը աղջկա հոգում տեղի տվեց ուրիշ, ավելի տագնապալից մտքերի։
― Չեմ հասկանում, Ջո, թե դրա մեջ ինչ լավ բան ես գտել,— ասաց նա մեղմ, բայց պահանջկոտ ձայնով, ըստ երևույթին, շարունակելով քիչ առաջ սկսած և ոչ մի արդյունքի չհասցրած վեճը։
Տղայի կիսամանկական դեմքը մռայլվեց, բայց մի ակնթարթ միայն, և անմիջապես էլ նորից փայլեց քնքշությամբ։ Նա շատ ջահել էր, համարյա երեխա, իսկ Ջենեվևան՝ գրեթե աղջնակ. կյանքի շեմին կանգնած երկու պատանի էակներ էին նրանք, որ գորգ էին ընտրում իրենց փոքրիկ բույնը զարդարելու համար։
― Արժե՞ դրա համար հուզվել,— հարցրեց տղան։— Ես քեզ ասացի չէ՞, որ սա վերջին անդգամն է, ամենավերջին անգամը։
Տղան ժպտաց, բայց աղջիկը նկատեց հազիվ լսելի ցավը ու ափսոսանքի հառաչանքը, որ ակամա դուրս թռավ նրա բերանից, և սիրտը ճմլվեց։ Աղջիկը զուտ կանացիական մղումով կամենում էր ամբողջովին տիրել իր սիրեցյալին, բայց վախենում էր Ջոյի մոլությունից դեպի այն ամենը, ինչ անհասկանալի էր իրեն, սակայն տղայի կյանքում այնպես մեծ տեղ էր բռնում։
― Դու գիտես չէ՞, Օ'Նեյլի հետ ունեցած հանդիպումից շահած գումարով ես վճարեցի մորս տան արժեքի մնացած մասը,— շարունակեց տղան։— Այդ հոգսից ազատվեցի։ Իսկ այսօր, երբ հանդիպեմ Պոնթայի հետ, ես հարյուր դոլլար մրցանակ կստանամ, հասկանում ես, հարյո՜ւր դոլլար։ Այդ գումարը կծախսենք մեզ կարգի բերելու համար։
Աղջիկը ուշադրություն չդարձրեց դրամական հաշիվներին:
― Բայց դու ախր սիրում ես քո այդ ռինգը։ Ինչո՞ւ։
Տղան մտքերն արտահայտելու վարպետ չէր։ Աշխատանքի մեջ բառերին փոխարինում էին ձեռքերը, իսկ ռինգում նրա փոխարեն խոսում էր ամբողջ մարմինը, մկանների խաղը։ Խոսքերով նա չէր կարող բացատրել, թե ռինգը ինչու է այդպես անզուսպ, անդիմադրելի կերպով ձգում իրեն։ Սակայն նա փորձեց այդ բանն անել և անվճռականորեն, շփոթված սկսեց բացատրել այն, ինչ զգում էր մրցության ժամանակ, հատկապես ամենաբարձր լարվածության ու ոգևորության պահերին։
― Միայն մի բան կարող եմ ասել քեզ, Ջենեվևա. չկա ավելի լավ բան, քան կանգնել ռինգում և գիտենալ, որ հակառակորդը քո ձեռքում է։ Ահա նա հարվածներ է իջեցնում, մեկ՝ աջից, մեկ՝ ձախից, իսկ դու ամեն անդամ կասեցնում եu նրա հարվածները, խույս ես տալիս։ Իսկ հետո այնպե՜ս եu հասցնում, որ օրորվում է, փաթաթվում քեզ ու բաց չի թողնում, մինչև դատավորր պոկում, հեռացնում է նրան, և այդ ժամանակ էլ դու կարող ես հաշիվներդ մաքրել հակառակորդի հետ։ Իսկ հասարակությունն ինքնամոռացության մեջ ընկած աղաղակում է, և դու հասկանում ես, որ հաղթել եu, որ ազնվորեն ես պայքարել, բոլոր կանոններով, և հաղթել եu, որովհետև ավելի լավ ես կռվել։ Հասկանում ես, ես․․․
Նա լռեց՝ վախեցած իր շատախոսությունից և Ջենեվևայի աչքերում նշմարվող երկյուղից։ Ականջ դնելով Ջոյի ասածներին՝ աղջիկը սևեռուն հայացքով նայում էր տղային, և նրա դեմքին ավելի ու ավելի նկատելի էր դառնում տանջող տագնապի արտահայտությունը։ Նկարագրելով իր կյանքի ամենավեհ րոպեները՝ Ջոն մտքով տեսնում էր իր հարվածով գետին ընկած հակառակորդին, տեսնում էր ռինգի լույսերը, մոլուցքով ծափահարող հանդիսատեսներին։ Եվ Ջենեվևան զգաց, որ Ջոն հեռանում է իրենից, տարվում իր համար անհասկանալի կյանքի հոսանքով։ Այդ ահեղ, անդիմադրելի հոսանքի առաջ անզոր դարձավ նրա անսահման սերը։ Իր ճանաչած Ջոն ետ քաշվեց, հալվեց, կորավ մշուշում... Չքացան նրա սիրուն, մանկական դեմքը, քնքուշ հայացքը, բեբանի կոր գծերը։ Հիմա նա իր առջև հասուն տղամարդու դեմք էր տեսնում, մի դեմք, որ կարծես պողպատից էր ձուլված՝ քարացած ու անդրդվելի, շրթունքներն ամուր սեղմվել էին թակարդի պողպատե փեղկերի նման, լայն բացված աչքերը, պողպատե փայլ արձակելով, նայում էին սառն ու անտարբեր հայացքով։ Դա տղամարդու դեմք էր, իսկ աղջիկը մինչ այդ միայն պատանու դեմք էր ճանաչում։ Այդպես էր նրան տեսել առաջին անգամ։
Աղջիկը սարսափեց, բայց, այնուամենայնիվ, անորոշ կերպով զգաց, որ հպարտանում է տղայով։ Նրա առնականությունը, հաղթող արուի առնականությունը չէր կարող չհուզել աղջկա կանաgի էությունը, չէր կարող նրա մեջ չարթնացնել կյանքի հուսալի ուղեկից գտնելու, առնական ուժի քարե պատին հենվելու կանացի դարավոր տենչանքը։ Նա չէր հասկանում այն կիրքը, որ իշխում էր տղային, բայց լավ գիտեր, որ նույնիսկ սերը չի փրկի նրան։ Որքա՜ն քաղցր էր այն միտքը, որ հանուն իրեն, հանուն իրենց սիրո Ջոն հանձնվեց, զիջեց իր ցանկությանը, հրաժարվեց սիրած գործից և այսօր վերջին անգամ է ելույթ ունենալու ռինգում։
― Միսիս Սիլվերստայնն ասում է, որ ինքը ատում է բռնցքամարտը, որ դրա մեջ ոչ մի լավ բան չկա,— ասաց Ջենեվևան։— Իսկ նա խելացի կին է։
Տղան ներողամտորեն ժպտաց՝ թաքցնելով արդեն մի քանի անգամ կրած վիրավորանքը․ ցավալի էր գիտակցել, որ Ջենեվևան չէր գնահատում նրա բնավորության, նրա կյանքի հենց այն կողմը, որով Ջոն ամենից շատ էր հպարտանում։ Ռինգում նա հասել էր հաջողության, փառքի, հասել էր իր ուժերով, լարված ու համառ աշխատանքի գնով։ Եվ հենց դա էլ նա հպարտությամբ դրեց Ջենեվևայի ոտքերի տակ, երբ արժանացավ նրա սիրույն, երբ իր անձը, իր մեջ եղած ամբողջ լավագույնը առաջարկեg նրան։ Բռնցքամարտիկի իր վարպետության մեջ նա տեսնում էր քաջության վեհ ու գեղեցիկ գրավականը, մի բան, որ ոչ մի տղամարդ չէր կարող առաջարկել սիրած աղջկան։ Եվ հենց դա էլ, Ջոյի կարծիքով, իրավունք էր տաված համառորեն ձգտելու և տիրանալու Ջենեվևային։ Բայց աղջիկը այն ժամանակ չհասկացավ իրեն և հիմա էլ չէր հասկանում։ Ու տղան զարմանում էր, այդ դեպքում հապա ի՞նչ է գտել նա իր մեջ, ինքը ինչո՞վ է արժանացել նրա սիրույն։
― Միսիս Սիլվերստայնը պարզապես անխելք ու փնթփնթան պառավ է,— ասաց Ջոն առանց չարության։— Նա ի՞նչ է հասկանում։ Հավատա ինձ, լավ բան շատ կա սպորտի այդ ձևի մեջ։ Եվ առողջության համար է լավ,— մի պահ մտածելով ավելացրեց նա։— Նայիր ինձ։ Չէ՞ որ շատ մաքուր պետք է ապրեմ, եթե ուզում եմ սպորտային վիճակում մնալ։ Ես ավելի մաքուր եմ ապրում, քան միսիս Սիլվերստայնը կամ նրա ծերուկը, և ընդհանրապես ավելի մաքուր, քան այն բոլորը, որոնց դու ճանաչում ես։ Ես ռեժիմ եմ պահպանում՝ լոգանքներ, մասաժ, մարզանքներ, առողջարար սնունդ, առանց ավելորդությունների։ Ես չեմ խմում, չեմ ծխում, մի խոսքով ոչ մի այնպիսի բան չեմ անում, որ վնասեր ինձ։ Այո, ես ավելի մաքուր եմ, քան դու, Ջենեվևա․․․— նկատելով, որ աղջիկը վիրավորված սեղմեց շրթունքները, շտապեց ավելացնել.— Ազնիվ խոսք։ Ես օճառի ու ջրի մասին չեմ ասում, ա՛յ նայիր,— նա զգույշ, բայց ամուր սեղմեց աղջկա թևը արմունկից վերև,— շատ ես փափուկ, փխրուն, ինձ նման չես։ Ահա՛, փորձիր։
Եվ նա Ջենեվևայի մատների ծայրերը այնպես ամուր սեղմեց իր երկգլխանի մկանին, որ աղջիկը ցավից կնճռոտվեց։
― Ես ամբողջովին այդպես եմ,— նորից խոսեց նա։— Ամուր ու ճկուն։ Հենց դա էլ ես համարում եմ մաքրություն։ Ինձ մոտ ոչ մի անմաքուր բան չկա․ ոչ մի ջիղ, ոչ մի կաթիլ արյուն, ոչ մի մկան․ ամեն ինչ մաքուր է, մինչև ոսկորներս, ոսկորներս էլ են մաքուր։ Դա օճառով ու ջրով լվացվելուց հետո եղած մաքրությունը չէ, դա նշանակում է ամբողջապես մաքուր լինել։ Հավատացնում եմ քեզ, Ջենեվևա, ես այդ բանն զգում եմ, շոշափում եմ իմ ամբողջ մարմնում։ Երբ առավոտյան արթնանում եմ ու գնում աշխատանքի, ամբողջ արյունս, բոլոր ջղերս կարծես ճչում են, որ իրենք մաքուր են։ Ախ, եթե դու գիտենայիր․․․
Նա լռեց խոսքի կեսից՝ բոլորովին շփոթված իր համար այնքան անսովոր պերճախոսությունից։ Երբեք նա այդպես հուզված չէր եղել, բայց և երբեք էլ հուզվելու այդքան լուրջ պատճառ չէր ունեցել։ Չէ՞ որ Ջենեվևան ատելությամբ խոսեց բռնցքամարտի մասին, դատապարտեց, ժխտեց սպորտի այդ ձևը, որից գեղեցիկ բան աշխարհում ոչինչ չկար Ջոյի համար և չէր եղել մինչև այն օրը, երբ նա պատահաբար մտավ Սիլվերստայնի կրպակը, և Ջենեվևան անսպասելիորեն ներխուժեց նրա կյանքի մեջ՝ ստվերի տակ թողնելով մնացած ամեն ինչ։ Նա հասկացավ, թեև աղոտ կերպով, որ անհաշտելի հակասություն գոյություն ունի կնոջ և իր կոչման միջև, սիրած գործի և այն բանի միջև, ինչ որ կինը պահանջում է տղամարդուց։ Հասկացավ, բայց չէր կարող որոշակի եզրակացության հանգել այդ ամենից։ Նա տեսնում էր միայն այն անդունդը, որ ընկած էր իրական, կենդանի Ջենեվևայի և ռինգ կոչված հրապուրիչ, անկրկնելի աշխարհի միջև։ Երկուսն էլ իրար դեմ էին դուրս եկել, երկուսն էլ իրենց իրավունքներն էին պահանջում։ Տղան երկու մասի էր բաժանվում, բայց վերջնական ընտրություն չէր կատարել և անօգնական լողում էր հոսանքի հետ։
Տղայի հուզված խոսքերր լսելով՝ Ջենեվևան սևեռուն նայեց նրան և ակամա սկսեց հիանալ նրա զուլալ աչքերով, հարթ ու նուրբ, ասես աղջկական մաշկով։ Նա չէր կարող չընդունել, որ Ջոյի փաստերը համոզիչ են, բայց դա միայն զայրացնում էր իրեն։ Նա բնազդով ատում էր բռնցքամարտը, ատում էր այն բանի համար, որովհետև Ջոյին կտրում էր իրենից, խլում նրա մի մասը։ Դա մի մրցակից էր, որը Ջենեվևան չէր կարողանում ըմբռնել, որովհետև չէր հասկանում, թե ինչումն է նրա հմայքը։ Եթե նրանց միջև մի ուրիշ աղջիկ հայտնվեր, ամեն ինչ պարզ կլիներ, այդ դեպքում իրեն օգնության կգային իմ ացությունը, հնարամտությունը, խորաթափանցությունը։ Բայց նրա առջև մի թշնամի էր՝ անշոշափելի ու անըմբռնելի, որի դեմ նա պայքարում էր խավարի մեջ, խարխափելով։ Նա զգում էր, որ Ջոյի խոսքերի մեջ ճշմարտություն կա, և դրանից էլ հակառակորդը ավելի ահավոր էր թվում։
Անսպասելիորեն Ջենեվևային համակեց իր անզորության դառն գիտակցությունը։ Նա ցանկանում էր, որ Ջոն ամբողջովին իրեն պատկաներ. այդ էր պահանջում նրա կանացի բնությունը, բայց որքան էլ փորձում էր պահել նրան, այնուամենայնիվ նա հեռանում էր, դուրս էր սահում իր գրկից։ Իր նկատմամբ ունեցած խղճահարությունից արցունքներ երևացին աղջկա աչքերում, շրթունքները դողացին, և պարտությունը անմիջապես վերածվեց հաղթանակի․ ամենազոր ռինգը նահանջեց կանացի թուլության անհաղթելի ուժի առջև։
― Հարկավոր չէ, Ջենեվևա, լաց մի՛ լինի,— խնդրեց Ջոն զղջալով, թեև պատճառ չուներ զղջալու։ Նրա տղամարդկային ուղեղը չէր կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ այդպես բռնկվեց Ջենեվևան։ Բայց աղջիկը լաց էր լինում, և մնացած ամեն ինչը մոռացվեց։
Ջենեվևան ժպտաց արցունքների միջից, և տղան ներում կարդաg նրա աչքերում, ու, թեև ոչ մի մեղք չէր գործել, սիրտը թեթևացավ։ Նա կամեցավ սեղմել աղջկա թևը, բայց սա հեռացրեց նրա ձեռքը և վայելուչ կերպով ուղղվեց։ Սակայն ժպիտը ավելի պայծառ փայլեց նրա գեղեցի կ դեմքին։
― Ահա և միստր Քլաուզենը,— ասաց Ջենեվևան, զուտ կանացիական արվեստով թաքցնելով իր հուզմունքը, և անարցունք ու ջինջ աչքերով նայեց բաժնի վարիչին։
― Դուք, երևի, շա՞տ սպասեցիք ինձ, Ջո,— ասաց վարիչը, որ կարմրերես ու շարժուն փոքրիկ մի մարդ էր՝ մանր, ուրախ աչքերով և խիտ, պատկառելի այտամորուքներով։— Հը, ի՞նչ եղավ,— աշխույժ խոսեց նա,— ո՞րն եք ուզում գնել։ Հավանո՞ւմ եք այս գորգը։ Սիրուն նախշեր են, ճիշտ չէ՞։ Այո՛, այո՛, հասկանում եմ։ Ես էլ տունուտեղ դրեցի, երբ շաբաթական ընդամենը տասնչորս դոլլար էի ստանում։ Ախր ամեն մարդ էլ ուզում է լավ բաներ առնել իր տան համար, ճի՞շտ է։ Դե՛, իհարկե, ուրիշ կերպ չի էլ կարող լինել։ Ախր ընդամենը յոթ սենթով է թանկ։ Բայց նկատի ունեցեք, որ թանկից էժանը չկա։ Գիտեք ինչ, Ջո,— վարիչը մեծահոգությամբ խորհրդավոր կերպով ձայնն իջեցրեց,— ես ընդառաջում եմ, բայց միայն ձեզ համար, ես պատրաստ եմ երկու սենթով էլ իջեցնել գինը։ Բայց շատ-շատ եմ խնդրում,— ավելացրեց նա խորհրդավոր տեսքով,— ոչ ոքի չասեք, թե քանիսով եք գնել։
Այն բանից հետո, երբ Ջոն և Ջենեվևան, միմյանց հետ խորհրդակցելով, հայտնեցին իրենց որոշման մասին, վարիչն ասաց.
― Բոլորը կծրարվի, կկարվի և կուղարկվի ձեր տունը, դա, պարզ է, որ մտնում է վճարի մեջ։ Դե, իսկ ե՞րբ է տնամուտը։ Շուտո՞վ, արդյոք, թևեր կառնեք թռչելու։ Վա՞ղը։ Արդե՞ն։ Հրաշալի՜ է, հրաշալի՜ է։— Նա հիացմունքից աչքերը կկոցեց, հետո հայրական քնքշությամբ ժպտաց։
Ջոն զուսպ պատասխաններ տվեց վարիչի հարցերին, իսկ Ջենեվևան թեթևակի կարմրեց, երկուսին էլ անտեղի թվաց այդ խոսակցությունը։ Ոչ թե նրա համար, որ նա խախտեց պատշաճության քաղքենիական պատկերացումները, այլ որովհետև կպավ նրանց անձնական, թաքուն զգացմունքներին։ Վարիչի վարմունքի դեմ ծառացան իսկական կյանքին ու բարոյական մաքրությանը ձգտող աշխատավոր մարդուն հատուկ ամոթխածությունն ու ողջախոհությունը։
Քաղցր ժպիտով և բարեհաճ գորովանքով միստր Քլաուզենը նրանց ուղեկցեց մինչև վերելակը։ Այդ ժամանակ բոլոր գործակատարները, ասես ինչ-որ հրամանով, գլուխները շրջեցին և նայեցին Ջոյի գեղեցիկ կազմվածքին։
― Իսկ այսօրվա հանդիպո՞ւմը, Ջո,— մտահոգ հարցրեց միստր Քլաուզենը, մինչ նրանք վերելակի էին սպասում։— Ինչպե՞ս եք զգում։ Կարո՞ղ եք գլուխ հանել։
― Չեմ կասկածում,— պատասխանեց Ջոն։— Ինձ շատ լավ եմ զգում։
― Իսկապե՞ս։ Հրաշալի է։ Գիտեք, քիչ էր մնում մտքովս անցներ, որ... հարսանիքի նախօրյակին, և այնուամենայնիվ... հա՛, հա՛, հա՛... Կարելի է մի քիչ զիջել... բացի դրանից նյարդերը... Զարմանալու բան չկա, ես էլ ժամանակին փեսացու եմ եղել։ Բայց դուք սպորտային վիճակո՞ւմ եք։ Դե պարզ է, իզուր էլ հարցնում եմ, առանց այդ էլ երևում է... հա՛, հա՛, հա՛։ Դե, հաջողություն եմ ցանկանում, տղաս։ Չեմ կասկածում ձեր հաջողությանը, բոլորովին չեմ կասկածում։ Դուք կհաղթեք։ Ցտեսություն, միսս Պրիչարդ,— դարձավ նա Ջենեվևային՝ քաղաքավարությամբ օգնելով նրան վերելակ մտնել։— Մեզ չմոռանաք։ Միշտ ուրախ կլինեմ ձեզ տեսնելու, անկեղծորեն ուրախ կլինեմ։
― Բոլորը քեղ «Ջո» են անվանում,— կշտամբանքով ասաց Ջենեվևան, երբ իջնում էին վերելակով։— Իսկ ինչո՞ւ ոչ «միստր Ֆլեմինգ»։ Իմ կարծիքով դա նույնիսկ անքաղաքավարություն է։
Բայց Ջոն մտածկոտ հայացքը հառել էր վերելակավար տղային և, ինչպես երևում է, չլսեց նրան։
― Ի՞նչ է պատահել քեզ, Ջո,— հարցրեց աղջիկը այն նույն քնքուշ, սիրալիր ձայնով, որը միշտ զինաթափ էր արել տղային։
― Ոչինչ, հենց այնպես,— պատասխանեց տղան։— Պարզապես մտածում էի այն մասին, թե ինչպես կուզենայի, որ...
― Որ․․․ Ի՞նչ։— Աղջկա ձայնը հնչեց մեղմ ու փաղաքուշ, իսկ աչքերն այնպես անկեղծորեն էին նայում, որ ոչ ոք չէր կարող դիմանալ նրանց։ Բայց Ջոն դարձյալ ուրիշ կողմ էր նայում։
Հետո, վճռականորեն նայելով աղջկան, նա ասաց.
― Կուզենայի, որ դու գոնե մեկ անդամ ինձ տեսնեիր ռինգում։
Աղջիկը արհամարհանքով ուսերը թոթվեց, և Ջոյի դեմքը մթնեց։ Ջենեվևային ցավ պատճառեց այն միտքը, որ ահեղ մրցակիցը կանգնել է իրենց միջև և հրապուրել է Ջոյին ու տանում, հեռացնում է իրենից։
― Ես... ես հաճույքով...— արագ ասաց նա՝ ճիգ գործադրելով իր վրա և փորձելով ցույց տալ այն ջերմ համակրանքը, որով կինը հաղթում է նույնիսկ ամենաուժեղ տղամարդուն։
― Ճի՞շտ։ Դու համաձա՞յն ես։— Ջոն սևեռուն նայեց աղջկա աչքերին։
Ջենեվևան հասկացավ տղայի հուզմունքը. նա ասես հրավեր էր նետում աղջկան նրա սիրո ուժը չափելու համար։
― Դա իմ կյանքի ամենաերջանիկ պահը կլինի,— պարզապես ասաց տղան։
Ի՞նչը ստիպեց Ջենեվևային այդպիսի անսպասելի որոշում ընդունել․ սիրող սրտի խորաթափանցությո՞ւնը, Ջոյին իր կարեկցանքից չզրկելու ցանկությո՞ւնը, որին միշտ ձգտում էր տղան, թե՞ իր ախոյանին երես առ երես հանդիպելու պահանջը, որպեսզի հասկանար, թե ինչո՞ւմն է նրա ուժը։ Կամ, գուցե, անհայտ աշխարհի հրամայական կա՞նչն է ներխուժել նրա միապաղաղ, անհրապույր կյանքի նեղ սահմաններից։ Այսպես թե այնպես, նա զգաց մինչ այդ իրեն անհայտ, անծանոթ արիության հորդումը և նույնպիսի պարզությամբ, ինչպես Ջոն, ասաց․
― Համաձայն եմ։
― Ես չէի կարծում, որ դու կհամաձայնես, թե չէ, երեի, չէի համարձակվի խնդրել,— խոստովանեց տղան, երբ դուրս էին գալիս խանութից։
― Մի՞թե չի կարելի,— տագնապահար հարցրեց աղջիկը, վախենալով, թե չլինի հանկարծ իր վճռականությունը պաղի։
― Դե չէ՜, ես կարող եմ այդ բանը դասավորել։ Բայց մտքովս չէր անցնում, թե կհամաձայնես, բոլորովին մտքովս չէր անցնում,— դեռևս զարմանքից ուշքի չեկած՝ կրկնում էր նա, երբ արդեն տրամվայ էին նստել և գրպանից մանր դրամ էր հանել տոմս վերցնելու համար։
Գլուխ II
Այն աշխատավորների միջավայրում, որին պատկանում էին Ջենեվևան և Ջոն, նրանք յուրատեսակ արիստոկրատներ էին։ Չնայած շրջապատող թշվառությանն ու ապականությանը, նրանք կարողանում էին պահպանել իրենց հոգու անարատությունն ու մաքրությունը։ Սեփական արժանապատվության օրեցօր աճող զգացումը, ձգտումը դեպի բարեկեցությունը, կյանքի հետզհետե լավացող ապրելակերպը ստիպում էին խույս տալ իրենց շրջապատի մարդկանցից։ Նրանք դժվարությամբ էին ծանոթություններ հաստատում, և ոչ մեկը, ոչ էլ մյուսը երբեք չէին ունեցել այնպիսի մոտիկ, սրտակից մի բարեկամ, որի մոտ կարելի լիներ սիրտը բաց անել։ Մինչդեռ երկուսն էլ մարդամոտ բնավորություն ունեին և ոչ մեկի հետ չէին մտերմանում միայն այն պատճառով, որովհետև մարդկանց հետ եղած բարեկամությունը նրանց անհամատեղելի էր թվում մաքրության ու օրինավորության հետ։
Դժվար կլիներ գտնել մեկ ուրիշ աշխատավորուհի, որն ապրեր այնպես ինքնամփոփ, արտաքին աշխարհից մեկուսացած կյանքով, ինչպես Ջենեվևան էր։ Շրջապատի կոպտությունը, նույնիսկ դաժանությունը նրան չէին հասնում։ Նա տեսնում էր միայն, ինչ ցանկանում էր տեսնել (իսկ նա միայն լավն էր ցանկանում տեսնել) և աչքերր փակում էր ամեն տեսակ գռեհկությունների ու այլանդակությունների առաջ։ Եվ այդ ամենն անում էր առանց իրեն հաշիվ տալու, առանց որևէ ջանք գործադրելու։ Դեռ վաղ հասակից նա վարժվել էր մենակությանը։ Ջենեվևան միակ երեխան էր ընտանիքում, և, փոխանակ հարևան երեխաների հետ խաղալու, ուրախ-զվարթ վազվզելու, խնամում էր հիվանդ մորը։ Հայրը գրասենյակային ծառայող էր՝ հիվանդոտ և հյուծված։ Շատ բարի ու լռակյաց մարդ էր նա, որ բնականից երկչոտ լինելով՝ միշտ խույս էր տալիս մարդկանցից։ Հոր շնորհիվ նրանց փոքրիկ ընտանիքում միշտ խաղաղություն էր տիրում ու սիրալիր վերաբերմունք միմյանց նկատմամբ։
Տասներկու տարեկան էր Ջենեվևան, երբ որբացավ։ Հոր թաղումից հետո գերեզմանատնից նա ուղիղ գնաց Սիլվերստայնների մոտ և տեղավորվեց հրուշակեղենի խանութի վերևի հարկում գտնվող նրանց բնակարանում։
Ծերունիները լավ էին վերաբերվում նրա հետ, կերակրում էին ու հագցնում, իսկ նա օգնում էր խանութի գործերում։ Սիլվերստայնները գնահատում էին Ջենեվևային հատկապես այն բանի համար, որ նա շաբաթ օրերին էլ կարող էր աշխատել խանութում, մի բան, որ հրեական կրոնը արգելում էր իրենց։
Եվ այստեղ, այս ձանձրալի, տխուր կրպակում հոսեցին նրա պատանության վեց տարիները։ Նա գրեթե ոչ մի ծանոթ չուներ, ընկերուհիներ՝ նույնպես. այդպես էլ նա չհանդիպեց մի աղջկա, որի հետ կամենար ընկերություն անել։ Նա չէր էլ ցանկանում երեկոները զբոսնել իրենց թաղի տղաների հետ, ինչպես անում էին հազիվ տասնհինգ տարին բոլորած աղջիկները։ «Այ քեզ փքված տիկնի՜կ»,— ասում էին աղջիկները նրա հասցեին, բայց, այնուամենայնիվ, բոլորն էլ հարգանքով էին վերաբերվում, թեև առանձնապես չէին սիրում նրան իր գեղեցկության ու հպարտության համար։ Ջահել տղաները նրան «դեղձ» էին անվանում, բայց շշուկով, այն ժամանակ, երբ շուրջը աղջիկներ չկային, վախենալով, թե չլինի նրանց զայրույթը իրենց գլխին թափել տան։ Նրանցից ոչ մեկի մտքով չէր անցել Ջենեվևայի հետ ծանոթանալ։ Նրանք հիացմունքով ու երկյուղածությամբ էին նայում աղջկան։ Նայում էին իբրև խորհրդավոր ու անմատչելի հմայքով օժտված բարձրագույն մի էակի։
Ջենեվևան իսկապես որ գեղեցկուհի էր։ Բնիկ ամերիկուհի լինելով նա, ինչպես երբեմն պատահում է բանվորական միջավայրում, անսպասելիորեն ծաղկեց հիասքանչ ու հազվագյուտ ծաղկի նման, որ հրաշքով աճում է աղքատ ու անհյուրընկալ հողում։ Նա ամեն ինչով գեղեցիկ էր. գեղեցիկ էին և՛ դեմքի նուրբ շառագույնը, որի համար նրան «դեղձ» էին անվանում, և՛ ուղիղ, նուրբ ու համաչափ դիմագծերը, և՛ աղջկական նազանքը։ Նրա ձայնը մեղմ էր, քնքուշ, շարժումները հանդարտ ու անշտապ, իրեն շատ հասարակ էր պահում, բայց և մեծ արժանապատվությամբ։ Բնածին ճաշակ ունենալով նա կարողանում էր լավ հագնվել, և ինչ էլ հագներ՝ թվում էր գեղեցիկ ու սազում էր նրան։ Դրա հետ միասին շատ կանացի էր, հեզ, շուտ մտերմացող։ Նրանում արդեն նկատվում էր ապագա մոր ու կնոջ սիրո անթեղված կրակը։ Բայց այդ թաքուն զգացմունքները երկար տարիներ ննջում էին նրա հոգում՝ սպասելով իր ընտրյալի հայտնվելուն։
Եվ ահա մի անգամ, մի տոթ շաբաթ օր Ջոն մտավ Սիլվերստայնի հրուշակեղենի խանութը՝ պաղպաղակ ուտելու։ Ջենեվևան նրա վրա ուշադրություն չդարձրեց, քանի որ զբաղված էր մեկ ուրիշ գնորդով. վեց֊յոթ տարեկան մի տղա կանգնել էր վաճառասեղանի առջև ու, վախենալով սխալ ընտրություն կատարելուց, լարված ուսումնասիրում էր ապակու տակ շարված հրուշակային արվեստի հրաշալիքները, որոնք պսակված էին գայթակղիչ մի մակագրությամբ․
«Հինգ հատը՝ հինգ սենթ»։
Նա լսեց միայն, որ ներս մտնողն ասաց․ «Տվեք, խնդրեմ, պաղպաղակ և սոդայաջուր» , և այդպես էլ առանց այցելուին նայելու, հարցրեց, «Ի՞նչ պաղպաղակ եք ուզում»։ Ընդհանրապես նա ջահել տղամարդկանց նայելու սովորություն չուներ։ Նրանք ինչ֊որ տարօրինակ ու անհասկանալի էին թվում։ Նրանց հայացքներից, չգիտես ինչու, շփոթվում էր․ բացի դրանից, նրանք կոպիտ ու անտաշ էին թվում, և հենց դա էլ վանում էր նրան։ Մինչև այդ օրը դեռ ոչ մի տղամարդ չէր գրավել նրա երևակայություևը։ Ջահել զույգերը, որոնց երբեմն տեսնում էր, ոչնչով չէին հրապուրում. պարզապես չէր տեսնում նրանց։ Մի խոսքով, եթե Ջենեվևային հարցնելու լինեին, թե տղամարդիկ ինչի համար են ստեղծված, նա չէր կարող պատասխանել։
Պաղպաղակ լցնելիս նա պատահաբար նայեց Ջոյին, և տղայի դեմքը անմիջապես դուր եկավ նրան։ Գրեթե նույն պահին տղան նայեց աղջկան, և սա հայացքը խոնարհեց ու մոտեցավ սոդայաջրի սիֆոնին։ Գավաթը լցնելով՝ Ջենեվևան նորից ակամա նայեց ջահել տղային, բայց միայն մի վայրկյան, որովհետև Ջոն փնտրում էր աղջկա հայացքը, և նրա դեմքին այնպիսի անկեղծ ու անխարդախ մի հիացմունք էր գծագրված, որ Ջենեվևան շտապեց հայացքը փախցնել։
Նրան զարմացրեց, որ մի անծանոթ տղամարդ կարող է այդպես դուր գալ իրեն։ «Լավիկն է»,— մտածեց նա և բնազդորեն փորձեց հրաժարվել իրեն ձգող ուժից, որը դժվար էր միայն հաճելի արտաքինով բացատրելը։ «Ասենք ոչ, բոլորովին էլ լավը չէ»,— ասաց նա յուրովի, երբ պաղպաղակը դրեց նրա առջև և, դրամն ստանալով, երրորդ անգամ նայեց աղային։ Աղջկա բառապաշարը աղքատ էր, և նա չէր կարողանում հարմար բառեր գտնել, բայց նայելով երիտասարդի եռանդուն, առնական դեմքին, հասկացավ, որ «լավիկը» իր ուզած բառը չէ։
«Ուրեմն նա գեղեցիկ է»,— գլխի ընկավ Ջենեվևան, նորից տղայի հայացքի տակ աչքերը խոնարհելով։ Բայց հիշեց, որ հաճելի արտաքին ունեցող բոլոր տղամարդկանց էլ գեղեցիկ են համարում, և այդ բառը նույնպես դուր չեկավ նրան։ Սակայն, ինչպես էլ որ անվանելու լիներ, նրան նայելը հաճելի էր, և Ջենեվևան բարկությամբ նկատեց, որ ստիպված է ջանք զործադրել նրա կողմը չնայելու համար։
Իսկ Ջո՞ն։ Դեռ երբեք նա այնպիսի գեղեցիկ աղջիկ չէր տեսել, ինչպես վաճառասեղանի հետևում կանգնած այս աղջիկն էր։ Ավելի տեղյակ լինելով բնության օրենքներին, քան Ջենեվևան, նա առանց տատանվելու կպատասխաներ այն հարցին, թե ինչի համար են ստեղծված կանայք։ Սակայն աշխարհի մասին ունեցած իր պատկերացման մեջ նրանց ոչ մի տեղ չէր հատկացրել։ Նրան նույնպես քիչ էին հետաքրքրում կանայք, ինչպես Ջենեվևային՝ տղամարդիկ։ Երբեք նրա մտքով չէր անցել, որ կինը կարող է այդքան գեղեցիկ լինել․ դյութվածի նման նայում էր Ջենեվևային, բայց հենց որ հայացքները հանդիպում էին իրար, նա կորցնում էր իրեն և կամենում էր շրջվել, բայց աղջիկը ինքն էր անմիջապես խոնարհում աչքերը։
Երբ, վերջապես, Ջենեվևան դանդաղ բարձրացրեց արտևանունքները և սևեռուն նայեց նրան, առաջինը տղան հայացքը փախցրեց, ոչ թե աղջկա, այլ տղայի այտերը ողողվեցին կարմրով։ Թեև Ջենեվևան էլ մի քիչ հուզվեց, բայց ոչնչով չմատնեց իրեն։ Ճիշտ է, նրա սիրտն էլ նվաղեց ինչ-որ նոր, դեռ երբեք չճաշակած զգացմունքից, բայց արտաքուստ նա պահեց իր սովորական հանգստությունը։ Իսկ Ջոն, ընդհակառակը, շփոթված էր ու հուզված։
Ոչ մեկը, ոչ էլ մյուսը չգիտեին ինչ բան է սերը, և միայն անհաղթահարելի ցանկություն էին զգում միմյանց նայելու։ Երկուսն էլ շփոթված էին, երկուսն էլ հուզված, ինչ-որ խորհրդավոր մի ուժ անզուսպ ու հրամայողաբար նրանց մղում էր միմյանց, ինչպես քիմիական այն երկու տարրերը, որ ձգտում են իրար միանալ։
Ջոն երկար նստեց, գդալը շուռումուռ տվեց ձեռքում, կարմրեց ու գունատվեց, ուժ չունենալով վեր կենալ ու հեռանալ։ Աղջիկը նրա հետ խոսում էր մեղմ, քնքուշ ձայնով, աչքերը համեստորեն խոնարհած, և ամբողջովին կախարդել էր նրան։
Բայց դե հո չէր կարելի անվերջ նստել մի բաժակ պաղպաղակի պատրվակով, իսկ մի բաժին ևս խնդրել նա չհամարձակվեց։ Ի վերջո նա դուրս եկավ ու քայլեց փողոցում, լուսնոտի նման ոչինչ չտեսնելով իր շուրջը, իսկ աղջիկը մնաց խանութում ու երազեց հարթմնի։ Երազեց ամբողջ օրը, մինչև երեկո, և հասկացավ, որ սիրահարվել է։ Ջոյի հետ ուրիշ բան կատարվեց։ Նա գիտեր միայն, որ շատ է ցանկանում մի անգամ էլ տեսնել աղջկան, նայել նրա դեմքին, ուրիշ ոչ մի բանի մասին չէր մտածում, դա էլ, ըստ էության, մտածմունք չէր, այլ միայն անորոշ, չգիտակցված ցանկություն։
Բայց Ջոն չէր կարողանում պայքարել այդ ցանկության դեմ, որ գիշեր-ցերեկ հալածում էր իրեն․ անձուկ հրուշակարանը և վաճառասեղանի հետևում կանգնած աղջիկը անընդհատ նրա աչքերի առջև էին։ Նա ջանում էր իրենից հեռացնել այդ տեսապատրանքը։ Ե՛վ սոսկում էր, և՛ անհարմար էր զգում նորից մի անգամ էլ հրուշակարան գնալուց: Նա խորամանկեց ինքն իրեն և մխիթարվեց այն բանով, որ «ինքը կնահաճո չէ»։ Ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ տասը անգամ այդ խոսքերր նա կրկնեց ինքն իր մեջ, բայց իզուր․ երեք օր էլ չէր անցել, որ նա երեկոյան, աշխատանքից հետո նորից գնաց Սիլվերստայնի հրուշակարանը։ Նա աշխատում էր ոչինչ ցույց չտալ, ներս մտնել ազատ ու անկաշկանդ, բայց, երևում էր, ոտքերը չէին հնազանդվում նրան, և կամքի հսկայական ուժով ստիպեց իրեն՝ հրուշակարանի շեմքից ներս մտնել։ Վեհերոտությունն ու ամոթխածությունը ավելի էին կաշկանդել նրան, քան առաջին այցելության ժամանակ։ Ջենեվևան, ընդհակառակը, սովորականի նման հանգիստ էր թվում, թեև ուժգին տրոփում էր սիրտր։ Ջոյի լեզուն կապ էր րնկել․ նա հազիվ կարողացավ ասել. «Տվեք, խնդրեմ, պաղպաղակ՝ սոդայաջրով»։ Սաստիկ շտապելով և անընդհատ ժամացույցին նայելով՝ նա արագ կուլ տվեց պաղպաղակը և ուղղակի փախավ հրուշակարանից։
Վիրավորանքից քիչ մնաց լաց լիներ Ջենեվևան։ Ինչպիսի՜ խղճուկ հատուցում չորս օրերի երկար սպասումից հետո։ Չէ՞ որ ինքը հավատացրել էր իրեն, թե սիրահարված է։ Ճիշտ է, նա լավ տղա է, նույնիսկ շա՜տ լավ, բայց մի՞թե չէր կարող գոնե մի քիչ նստել։ Իսկ Ջոն դեռ չէր հասել փողոցի անկյունը, երբ դարձյալ նրա մեջ խոսեց աղջկա նկատմամբ ունեցած ձգտումը։ Նա ցանկացավ մի անգամ էլ տեսնել Ջենեվևային։ Ջոն չէր էլ մտածում՝ սիրահարվա՞ծ է ինքը, թե ոչ։ Սե՞ր։ Դա այն է, երբ տղաներն ու աղջիկները զբոսնում են միասին։ Իսկ ինքը... բայց այդ պահին Ջենեվևային տեսնելու ցանկությունը նրան թելադրեց, որ հենց դրան պետք է հասնել, ինքը ձգտում է նրա կողքին լինել, նայել նրան, իսկ այդ ամենին կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ կզբոսնեն երկուսով։ Ահա թե ինչու երիտասարդները զույգերով են ման գալիս։ Եվ ինչքան մոտենում էր շաբաթ օրը, այնքան հաճախ էր այգ միտքը անհանգստացնում նրան։ Առաջ նա կարծում էր, որ այդպիսի զբոսանքները ձևական բաներ են, ծիսակատարության նման, որ նախորդում են ամուսնությանը։ Այժմ արդեն այդ սովորույթի ավելի խոր իմաստը հասկացավ նա, ինքն էլ ձգտեց ընդօրինակել ու եկավ այն եզրակացության, որ սիրահարված է։ Եվ այդպես նրանք երկուսով էլ եկան միևնույն եզրակացության և բանը վերջացավ նրանով, ինչպես սովորաբար վերջանում է։ Ի մեծ զարմանս ամբողջ թաղամասիհ Ջոյի ընկերակցությամբ Ջենեվևան դուրս եկավ զբոսանքի։
Երկուսն էլ ժլատ էին խոսքերի մեջ, այդ պատճառով էլ դանդաղ էին մտերմանում։ Տղայի սիրատածումներին աղջիկը շատ զուսպ էր պատասխանում, միայն աչքերն էին փայլում սիրո կրակով։ Ի դեպ, նա ամոթից այդ դավաճան կրակն էլ կհանգցներ, եթե գիտենար, որ դա բառերից էլ պերճախոս մատնում է իր զգացմունքները։ Նրանք շատ ուշ սկսեցին իրար դիմել «սիրելի», «թանկագին» բառերով, միմյանց այդպես դիմելը ահավոր անհամեստություն էր թվում նրանց։ Հետագայում Ջոն ու Ջենեվևան ուրիշ սիրահարների նման չէին չարաշահում սիրո խոստովանությունը։ Երկար ժամանակ նրանք բավարարվում էին միայն այն բանով, որ երեկոները զբոսնում էին կամ նստում քաղաքային այգու նստարաններից մեկին։ Քիչ էին խոսում, պատահում էր, ժամերով նստում էին լուռ, առանց մի բառ արտասանելու, միայն նայում էին միմյանց, նայում էին առանց երկյուղի, առանց տագնապի, որովհետև աստղերի աղոտ լույսի տակ մեկը մյուսի հայացքում չէր կարող կարդալ այնպիսի բան, որը խռովեր նրանց հոգեկան անդորրը։
Ոչ մի ասպետ չէր կարող այնքան ուշադիր լինել իր սիրեցյալի նկատմամբ, ինչքան Ջոն էր ուշադիր Ջենեվևային։ Փողոցով անցնելիս նա միշտ քայլում էր մայթեզրով (մի անգամ լսել էր, որ այդպես պետք է լինի), իսկ երբ անցնում էին փողոցի մյուս կողմը, անմիջապես շրջանցում էր աղջկան և նորից քայլում մայթեզրով։ Նա միշտ ինքն էր տանում աղջկա փաթեթը, իսկ մի անգամ, անձրևոտ մի օր, երբ զբոսնում էին, նրա ձեռքից նույնիսկ անձրևանոցը վերցրեց։ Նա չգիտեր, որ սիրած աղջկան ծաղիկներ նվիրելու սովորություն կա, և ծաղիկների փոխարեն միրգ էր ուղարկում։ Մրգի մեջ նա օգտակար բան էր տեսնում, դրանք համով էին։ Ծաղիկների մասին նա ոչ մի անգամ չէր մտածել, մինչև որ աղջկա մազերի մեջ մի վարդ տեսավ։ Նա չէր կարողանում աչքը կտրել բաց կարմրավուն ծաղկից, որովհետև այդ ծաղիկը զարդարում էր Ջենեվևայի գլուխը, որովհետև Ջենեվևան ինքն էր ընտրել ու ամրացրել մազերին։ Դա ստիպեց, որ տղան ակնապիշ նայի վարդին ու հանկարծ տեսավ, թե որքա՜ն գեղեցկություն կա նրա մեջ։ Աղջիկն էլ իր հերթին զմայլվեց այն անկեղծ հիացմունքից, որով տղան նայում էր ծաղկին։ Աղջկա մազերին ամրացված այդ գունատ վարդի շնորհիվ սիրո դողը նոր ուժով համակեց նրանց։ Դրանից հետո չկար ծաղիկների ավելի կրքոտ սիրահար, քան Ջոն էր։ Եվ նա գյուտ արեց, ասպետական վերաբերմունքի նոր միջոց հնարեց՝ մի փունջ մանուշակ ուղարկեց Ջենեվևային։ Դա նրա սեփական մտահղացումն էր։ Նա երբեք չէր լսել այն մասին, որ տղամարդիկ ծաղիկներ են նվիրում կանանց։ Մինչև այդ օրը նա կարծում էր, թե ծաղիկները հարկավոր են միայն սենյակները զարդարելու և մեկ էլ գերեզմանատների համար։ Նա գրեթե ամեն օր ծաղիկներ էր ուղարկում Ջենեվևային՝ լիովին համոզված լինելով, որ իրենից առաջ ոչ ոքի մտքով այդպիսի բան չի անցել, և այդ գյուտը իրավացիորեն իրեն է պատկանում։
Նա աստվածացնում էր Ջենեվևային, ակնածում, խորին հարդանքով վերաբերվում նրան, և աղջիկն էլ ոչ պակաս ակնածանքով էր ընդունում նրա սերը։ Ջոյի համար աղջիկը հենց ինքը ազնվությունն էր, բարությունը, սրբության սըրբոցը, որին չափից ավելի երկրպագությունն էլ կարող էր վիրավորել։ Նրան հավասար ոչ մեկին չէր ճանաչում տղան, նա ոչնչով նման չէր մյուս աղջիկներին։ Ջոն սարսափով էր մտածում այն մասին, որ Ջենեվևան ինչ-որ րնդհանուր բան կարող է ունենալ իր քույրերի կամ որևէ մեկ ուրիշի քրոջ հետ։ Ջենեվևան ավելին էր, քան գեղեցիկ աղջիկը, ավելին՝ քան կինը։ Նա․․․ մի խոսքով Ջենեվևան էր՝ ոչ երկրային, բարձրագույն մի էակ, անկրկնելի հրաշք մի ստեղծագործություն։
Ջենեվևան էլ գրեթե նույն աչքով էր նայում իր սիրեցյալին։ Ճիշտ է, երբեմն պատահում էր ինչ-որ մանր բաների համար նա մեղադրում էր Ջոյին, այն էլ այն ժամանակ, երբ Ջոն իր կույր նվիրվածությամբ երբեք չէր համարձակվում աղջկա մասին խոսել, բայց հենց որ Ջենեվևան մտածում էր նրա մասին, բոլոր մանրուքները մոռացվում էին, և տղան նրա առջև կանգնում էր իբրև մի կատարելություն։ Ջոյի մեջ էր ամփոփված նրա կյանքի ամբողջ իմաստը, և հանուն նրա պատրաստ էր մեռնել, ինչպես և պատրաստ էր ապրել նրա համար։ Իր վառվռուն երազանքներում նա իրեն մեռած էր պատկերացնում, Ջոյի համար իր կյանքը զոհաբերած։ Իր մահով նա ավելի լավ կարտահայտեր իր սիրո ուժը, քան այդ բանը կարող էր անել կյանքում։
Նրանց սերը կրակի նման տաք էր ու առավոտվա ցողի պես ջինջ։ Կիրքը գրեթե անծանոթ էր նրանց։ Դա սրբապըղծություն էր թվում երկուսին էլ։ Նրանք չէին էլ մտածում ֆիզիկական մոտիկության մասին, որին վերջ ի վերջո կարող էր հանգեցնել նրանց սերը։
Բայց նրանք առանց մտածելու ձգտում էին իրար, ուրախություն զգում միմյանց թեթև հպվելուց, ձեռքի սեղմումից, փութանցիկ համբույրից, տղայի այտին շփվող աղջկա խոպոպների հուզիչ շոյանքից, տղայի գանգուրները ճակատից ետ քաշող նրա ձեռքերից։ Այդ ամենը զգացել էին նրանք ու թեև չէին կարող բացատրել, թե ինչու է այդպես, բայց միմյանց փաղաքշելու ձգտումը անորոշ մի մեղք էր թվում նրանց։
Երբեմն Ջենեվևան ցանկություն էր ունենում գրկել Ջոյին, սեղմել կրծքին, լրիվ ազատություն տալ իր զգացմունքներին, բայց ամեն անգամ նրան զսպում էր բարեպաշտ երկյուղը։ Այդպիսի պահերին աղջկան տանջում էր այն գիտակցությունը, որ իր մեջ բույն է դնում ինչ֊որ անհայտ, անծանոթ, բայց ծանր մի մեղք։ Իհարկե, վատ է, շա՜տ վատ, որ ցանկանում է իր սիրեցյալի վզովն ընկնել։ Իրեն հարգող ոչ մի աղջիկ այդպիսի բան թույլ չի տա, այդպիսի ցանկությունը վայել չէ կնոջը։ Եվ, բացի դրանից, ասենք թե ինքն այդ բանն անի, Ջոն ի՞նչ կմտածի իր մասին։ Բավական էր, որ նա այդպիսի մի սոսկալի տեսարան պատկերացներ, սիրտը սեղմվում էր, կուչ գալիս ու այրվում գաղտնի ամոթից։
Բայց Ջոն չէր խուսափում իր համար անհասկանալի պոռթկումներից, իսկ ամենից անհասկանալին Ջենեվևային ցավ պատճառելու սուր ցանկությունն էր։ Երբ երկար ու ոլորապտույտ ճանապարհներով վերջապես նա իրավունք նվաճեց գրկել իր ընկերուհու իրանը, մեծ դժվարությամբ զսպեց իրեն, որպեսզի ամբողջ ուժով չսեղմի նրան այնպես, որ նա ճչա ցավից։ Որևէ մեկին ցավ պատճառելու դաժան ցանկությունը խորթ էր տղային։ Նույնիսկ ռինգում նա ոչ մեկին այդ նպատակով չէր հարվածում, այնտեղ նա մրցակից էր և նրանից պահանջվում էր այնպես անել, որպեսզի հակառակորդը վայր ընկներ և տասը վայրկյանի ընթացքում չկարողանար ոտքի ելնել։ Եվ Ջոն երբեք ցավ պատճառելու նպատակով չէր խփում։ Ճիշտ է, նպատակին հասնելու համար դա անխուսափելի էր թվում, սակայն ինքը՝ նպատակը, բոլորովին այլ էր։ Բայց այստեղ, իր սիրեցյալի կողքին նստած, Ջոն ցանկություն էր զգում ցավ պատճառել նրան։ Ինչո՞ւ երբ նա երկու մատով բռնեց աղջկա բազուկը, կամեցավ այնպես սեղմել, որ ոսկորները ճթճթան։ Այդ բանը նա չէր կարողանում, հասկանալ և սաստիկ վշտանում էր, որ իր հոգու խորքում, ինչ-որ տեղ արթնանում են դաժան բնազդներ, որոնց մասին ինքը առաջ չէր էլ կասկածում։
Մի անգամ, երբ հրաժեշտ էր տալիս Ջենեվևային, գրկեց նրան ու ամուր սեղմեց իրեն։ Աղջկա վախեցած ու աղերսական բացականչությունը ուշքի բերեց նրան, և նա բաց թողեց ձեռքերը։ Տղան անհարմար զգաց, բայց, չնայած դրան, անբացատրելի երջանկության մի դող անցավ մարմնով։ Նույն բանն զգաց նաև Ջենեվևան։ Երբ տղան իր ուժեղ թևերով սեղմեց նրան, առաջին և ամենաուժեղ զգացումը եղավ ֆիզիկական ցավը, բայց այդ ցավը նրան քաղցր ու հաճելի թվաց։ Եվ աղջիկը նորից ղղջաց։ Նա գիտեր, որ մեղք է գործում, թեև չէր հասկանում, թե որն է իր մեղքը և ինչու է իրեն մեղավոր համարում։
Շատ շուտ, գրեթե նրանց ծանոթության հենց սկզբում, ծերունի Սիլվերստայնը իր հրուշակարանում տեսավ Ջոյին և զարմանքից աչքերը չռեց նրա վրա։ Իսկ տղայի գնալուց հետո միսիս Սիլվերստայնը ազատություն տվեց իր մայրական զգացմունքներին ու անեծքների տարափ տեղաց ընդհանրապես բռնցքամարտիկների և մասնավորապես Ջոյի հասցեին։ Սիլվերստայնն իզուր էր փորձում կնոջ զայրույթը մեղմել․ միևնույն է, նա չէր հանգստանա, մինչև իր բարկությունը չթափեր․ նրան միայն մայրական զգացմունքներ էին բաժին ընկել, իսկ մայրական իրավունքներ նա չուներ։
Պառավ հրեուհու բերանից հեղեղի նման թափվող հայհոյանքների տարափից իրեն կորցրած Ջենեվևան, չլսելով նրա մեղադրանքներն ու անեծքները, մի բան հասկացավ միայն, և այդ գյուտը շշմեցրեց նրան, նա հասկացավ, որ իր սիրեցյալը ոչ այլ ոք է, եթե ոչ Ջո Ֆլեմինգը, նշանավոր բռնցքամարտիկը։ Դա այնքան զզվելի էր, աներևակայելի, այնքան անմիտ ու անհեթեթ, որ նա չէր ուզում հավատալ։ Նրա Ջոն, զուլալ աչքերով, նուրբ շառագույն այտերով Ջոն, ամեն ինչ կարող էր լինել, միայն թե ոչ բռնցքամարտիկ։ Նա երբեք չէր տեսել այդ մարդկանց, բայց նրա պատկերացմամբ վճռականապես ոչ մի ընդհանուր բան չկար նրանց և Ջոյի միջև։ Ջենեվևան միշտ մտածել էր, որ բռնցքամարտիկները կոպիտ արարածներ են՝ վագրի աչքերով ու նեղ, կապկի ճակատով։ Պատկերացնո՞ւմ եք, նա լսել էր Ջո Ֆլեմինգի մասին (իսկ Արևմտյան Օքլենգում ո՞վ չէր ճանաչում նրան), բայց երբեք մտքով չէր անցել, թե դա իր Ջոն է, որ կա։
Երբ առաջին ծանր հարվածից հետո Ջենեվևան ուշքի եկավ, լսեց միայն Սիլվերստայնի հիստերիկ ճիչը... «Այ թե ընկեր է գտե՜լ, բռնցքամարտի՜կ»։ Հետո Սիլվերստայն ամուսիններր վիճեցին․ ամուսինն ասում էր, թե Ջոն շատ մեծ փառք է նվաճել, իսկ կինը առարկում էր, թե փառք էլ կա, փառք էլ։
― Ջոն շատ լավ տղա է,— պնդեց Սիլվերստայնը։— Նա շատ փող է աշխատում և աշխատածն էլ խնայում է, իզուր տեղը չի ծախսում։
― Ի՞նչ ես հեքիաթներ պատմում, — ճչաց միսիս Սիլվերստայնը։— Շատ ես հասկանում, էլի։ Լավ կլիներ չխոսեիր։ Ինքդ ես ամբողջ փողը ծախսում այդ հիմար բռնցքամարտիկների վրա։ Դու որտեղի՞ց գիտես։ Չէ՛, մի ասա՛, որտեղի՞ց գիտես։
― Գիտեմ, էլի,— չզիջեց ծերունին։ Ջենեվևան առաջին անգամ էր տեսնում, որ նա համարձակվում է առարկել կնոջը զայրույթի պահին։— Հոր մահվանից հետո Ջոն աշխատանքի մտավ Հենսենի պահեստում։ Նրանից բացի տանն էլի վեց երեխա կար։ Եվ տղան նրանց համար հայր եղավ։ Գիշեր֊ցերեկ աշխատեց, հաց էր բերում նրանց համար, միս էր բերում, տան վարձն էր վճարում։ Շաբաթական տասը դոլլար էր բերում տուն։ Հետո Հենսենը նրա աշխատավարձը դարձրեց շաբաթական տասներկու դոլլար։ Եվ ի՞նչ արեց Ջոն, ի՞նչ եք կարծում։ Բոլորը տարավ տուն ու տվեց մորը։ Եվ էլի անդադար աշխատեց ու աշխատեց։ Հենսենը նրա աշխատավարձը քսան դոլլար դարձրեց։ Եվ ի՞նչ արեց Ջոն։ Դարձյալ տուն տարավ։ Նրա փոքր եղբայրներն ու քույրերը դպրոց են գնում, շատ լավ հագնվում են, հաց են ուտում, միս են ուտում, իսկ մայրը շատ գոհ է, նրա աչքերում երջանկությունն է փայլում, և հպարտանում է իր զավակով, որովհետև Ջոն շատ լավ տղա է։
Իսկ որքա՜ն գեղեցիկ է նա, ինչպիսի կազմվածք ունի։ Ա՜խ աստված իմ։ Նա ցուլից ուժեղ է, վագրից ճարպիկ, իսկ միտքը պայծառ է ու հստակ, աչքերը աշխույժ են, կրակոտ, ամեն ինչ տեսնող։ Նա մրցեց նախ՝ Հենսենի պահեստի տղաների, ապա՝ խանութի տղաների հետ, իսկ հետո ակումբում հանդես եկավ և մի վայրկյանում նոկաուտ արեց Սպայդերին, մի հարված, և վերջ։ Իսկ մրցանակը՝ հինգ դոլլար։ Եվ ի՞նչ արեց նա։ Փողը տուն տարավ ու տվեց մորը։
Նա ավելի հաճախ սկսեց հանդես գալ ակումբներում․ բոլոր մրցանակները խլեց, տասը դոլլար, հիսուն դոլլար, հարյուր դոլլար։ Եվ ի՞նչ արեց նա, ի՞նչ ես կարծում։ Թողե՞ց աշխատանքը։ Սկսեց քե՞ֆ անել ընկերների հետ։ Ամենևին։ Նա լավ տղա է, աշխատում էր առաջվա պես, իսկ երեկոները գնում էր ակումբ։ Եվ ահա մի անգամ ասում է ինձ. «Սիլվերստայն, ասում է, ինչի՞ համար եմ ես բնակարանի վարձ տալիս»։ Թե ինչ պատասխանեցի նրան, կարևոր չէ, միայն դրանից հետո նա գնաց ու մի հարմար տուն գնեց մոր համար։ Եվ էլի շարունակում էր անդադար աշխատել Հենսենի պահեստում, իսկ երեկոները ելույթ էր ունենում ակումբում, որպեսզի վճարեր տան արժեքը։ Քույրերի համար դաշնամուր գնեց, գորգ գնեց, նկարներ կախեց պատերից: Եվ էլի եմ ասում. նա ազնիվ բռնցքամարտիկ է։ Նա ինքն է իր համար գրազ գալիս, իսկ եթե բռնցքամարտիկը ինքն է գրազ գալիս իր փոխարեն, դա ապահով նշան է հաղթանակի։ Այ, ա՛յդ ժամանակ էլ հարկավոր է գրազ գալ նրա համար․․․
Բայց այդտեղ միսիս Սիլվերստայնը հառաչեց սարսափից ու դեպի ամեն տեսակ մոլություններն ունեցած ատելությունից, իսկ ամուսինը, հանկարծ գլխի ընկնելով, որ պերճախոսությունը շատ հեռուն է տարել իրեն, երդումով սկսեց հավատացնել գազազած կնոջը, որ ինքը մեծ գումարներ է շահել։
― Դրա համար ես պարտական եմ Ջո Ֆլեմինգին,— եզրակացրեց նա։— Ես միշտ գրազ եմ գալիս նրա համար և միշտ էլ շահում եմ։
Բայց Ջենեվևան ու Ջոն բնությունից ստեղծված էին մեկը մյուսի համար, և ոչինչ, նույնիսկ այդ սարսափելի հայտնությունը նրանց չէր կարող բաժանել իրարից։ Ջենեվևան իզուր էր փորձում չարությամբ լցվել Ջոյի դեմ, նա ստիպված էր պայքարել ոչ թե Ջոյի, այլ իր զգացմունքների դեմ։ Աղջիկը զարմանքով նկատեց, որ Ջոյին արդարացնող հազարավոր պատճառներ է գտնում, հասկացավ, որ Ջոն, այնուամենայնիվ, թանկ է իր համար։ Այն ժամանակ նա, զուտ կանացիական մղումով, որոշեց մտնել տղայի կյանքի մեջ, շրջել նրա ճակատագիրը իր ուզած ձևով։ Իրենց համատեղ ապագան վարդագույն լույսով պատկերացավ նրան։ Եվ նա առանց հապաղելու տարավ առաջին հաղթանակը, Ջոն զիջեց նրա խնդրանքին և խոստացավ հրաժարվել բռնցքամարտից։
Ինչպես բոլոր տղամարդիկ, Ջոն նույնպես, սիրո երազանքներով տարված, ձգտելով տիրանալ իր իղձերի թանկագին, երկնային էակին, չդիմացավ Ջենեվևայի առջև: Եվ, այնուամենայնիվ, նույնիսկ այն պահին, երբ խոսք տվեց աղջկան, հոգու խորքում աղոտ կերպով զգաց, որ անկարող է ռինգը թողնել, ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, գուցե և ոչ շուտ, բայց անպայման կվերադառնա ռինգ։ Եվ նրա աչքերի առջևից անմիջապես եկան ու անցան մայրը, եղբայրներն ու քույրերր, նրանց բազմաթիվ հոգսերը, տունը, որը մշտապես պետք էր ներկել ու սպիտակեցնել, հարկերը վճարել, երեխաները, որ ունենալու էին իրենք, և Հենսենի պահեստից ստացած իր ռոճիկը։ Բայց նա անմիջապես իրենից վանեց այդ մռայլ տեսարանը և, ինչպես միշտ պատահում է նման դեպքերում, չուզեց ականջ դնել բանականության նախազգուշացնող ձայնին։ Նա տեսնում էր միայն Ջենեվևային, զգում էր միայն, որ ինքը ձգտում է նրան, որ իր ամբողջ էությամբ ծարավ է նրա սիրուն և, առանց երկմտելու, հնազանդվեց նրա կամքին։ Իսկ Ջենեվևան, նույնպես առանց տատանվելու, իշխանություն նվաճեց նրա կյանքի ու գործունեության վրա։
Տղան քսան տարեկան էր, աղջիկը՝ տասնութ, պատանի զույգեր, որ ստեղծված էին մարդկային ցեղը շարունակելու համար։ Եվ երբ նրանք, ծաղկափթիթ ու ամրակազմ, առողջ կարմիրը այտերին, քայլում էին կողք-կողքի, մարդիկ, որոնք կիրակի օրերը զբոսնում էին ծովափին, հայացքները դարձնում էին նրանց կողմը։ Ջոյի առնական գեղեցկությունը ոչնչով չէր զիջում Ջենեվևայի աղջկական հրապույրներին։ Աղջկա նազանքը համապատասխանում էր տղայի ուժին, նրրբությունն ու քնքշությունը՝ նրա ղեղեցիկ մկանուտ կազմվածքին։ Բարձր հասարակությանը պատկանող շատ կանայք հրճվանքով էին նայում նրա անկեղծ, բարեհոգի դեմքին, խոշոր, վառ կապույտ աչքերին, ու նայելուց չէին կշտանում։ Նա ինքը չէր նկատում այդ հայացքները, չէր տեսնում նրանց գրեթե մայրական սիրալիր հրավերները։ Բայց Ջենեվևան տեսնում էր ու հասկանում, և այն միտքը, որ Ջոն իրեն է պատկանում, իր իշխանության տակ է, բուռն խնդությամբ էր համակում նրան։ Չէր կարելի ասել, թե Ջոն չէր նկատում Ջենեվևային հառած տղամարդկանց հայացքները․ դրանք նույնիսկ զայրացնում էին Ջոյին, բայց ինքը՝ Ջենեվևան, անհամեմատ ավելի լավ էր հասկանում նրանց իմաստը, քան Ջոն։