Վերջին թարմացում 19 Հունիսի 2015, 21:03

Հաղթական կամար - XIII գլուխ

21:03, 19 Հունիսի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XII գլուխ Հաղթական կամար - XIV գլուխ ▶


— Սկանդալ է,— ասաց զմրուխտներով կինը, որ նստած էր Կետ Հեգստրեմի դիմաց։— Ցնցող մի սկանդալ։ Ամբողջ Փարիզը դրա վրա է ծիծաղում։ Երբևէ մտքովդ կանցնե՞ր, որ Լուին հոմոսեքսուալիստ է։ Չեմ կարծում, թե դու կիմանայիր։ Մեզանից ոչ ոք դա չգիտեր։ Նա հիանալի դա թաքցրել էլ Լինա դե Նյուբուրը նրա պաշտոնական սիրուհին էր համարվում։ Եվ հիմա պատկերացրու, թե ինչ է կատարվում, մի շաբաթ սրանից առաջ նա վերադառնում է Հռոմից, երեք օր իր ասածից ավելի շուտ, և երեկոյան գնում է այդ Նիկի բնակարանը, ցանկանալով սյուրպրիզ անել նրան, և, ի՞նչ ես կարծում, ո՞ւմ տեսնի այնտեղ, որ լավ լինի։

— Իր կնոջը,— ասաց Ռավիկը։

Զմրուխտներով կինը հայացքը բարձրացրեց Ռավիկի վրա։ Կնոջ տեսքը հանկարծ այնպես փոխվեց, կարծես հենց այդ րոպեին լսել էր ամուսնու սնանկացման լուրը։

— Դուք արդեն գիտե՞ք այդ պատմությունը,— հարցրեց զմրուխտներով կինը։

— Ոչ։ Բայց դա այդպես պետք է լինի։

— Ես դա չեմ հասկանում,— ասաց կինը, զարմացած նայելով Ռավիկին։— Առաջին հայացքից դա պարզապես անհավանական է թվում։

Կետ Հեգստրեմը ժպտաց։

— Բժիշկ Ռավիկն իր տեսությունն ունի, Դեզի։ Նա այդ տեսությունն անվանում է դիպվածքի սիստեմատիկա, ըստ որի անհավանականը միշտ լինում է ամենատրամաբանականը։

— Հետաքրքիր է։— Դեզին քաղաքավարությամբ ժպտաց, թեև ամեն ինչից երևում էր, որ նրա համար դա ամենևին էլ հետաքրքիր չէ։— Ոչ ոք էլ այդ չէր իմանա,— շարունակեց զմրուխտներով կինը,— եթե Լուին սոսկալի տեսարան չսարքեր․․․ Նա զայրույթից ուղղակի իրեն կորցրել էր։ Հիմա արդեն «Կիրյոն» հյուրանոց է փոխադրվել, այնտեղ է ապրում։ Ուզում է բաժանվել։ Բոլորն սպասում են, թե ինչ պատճառ է գտնելու։— Նա անհամբեր և սպասողական ետ ընկավ բազկաթոռի թիկնակին։— Հը, ի՞նչ կասես դրան։

Կետ Հեգստրեմի հայացքը վայրկենապես սահեց Ռավիկի վրայով։ Վերջինս զննում էր գլխարկատուփի և խաղողով ու դեղձով լցված զամբյուղի միջև սեղանին դրված խոլորձի մի ճյուղ, որի թիթեռնիկների նման սպիտակ ծաղիկները անպարկեշտորեն բացել էին կարմիր բծերով ծածկված իրենց սրտիկները։

— Անհավատալի բան է, Դեզի,— ասաց Կետ Հեգստրեմը։— Ուղղակի անհավատալի։

Դեզին վայելում էր իր հաղթանակի թողած տպավորությունը։

— Իսկ դուք ի՞նչ կասեք։ Թերևս, դա ձեր մտքով չանցներ, ճի՞շտ է,— հարցրեց նա Ռավիկին։

Ռավիկը խոլորձի ճյուղը խնամքով դրեց բյուրեղյա նեղ ծաղկամանի մեջ։

— Ոչ։ Իհարկե, այդպիսի բան չէր անցնի։

Դեզին բավարարված գլխով արեց և, վերցնելով պայուսակը, պուդրամանը և ձեռնոցները, տեղից կանգնեց։

— Իմ գնալու ժամանակն է,— ասաց նա։— ժամը հինգին Լուիզային պետք է կոկտեյլ տամ։ Նրա մինիստրը գալու է։ Ինչեր ասես, որ չեն խոսում։ Ի միջի այլոց Ֆրեդին և Մարթան նորից բաժանվել են։ Մարթան վերադարձրել է նրա տված ամբողջ ակնեղենը։ Սա էլ երրորդ անգամն է։ Եվ դա միշտ տպավորություն է գործում Ֆրեդի վրա։ Լավ ոչխար է։ Կարծում է, թե իրեն են սիրում։ Ֆրեդին Մարթային է վերադարձնելու ոչ միայն դրանք, այլ մի բան էլ վրան ավելացրած։ Ինչպես միշտ։ Ֆրեդին դեռ ոչինչ չգիտի, իսկ Մարթան իրեն դուր եկած բաներն Օստերտագի մոտ արդեն տեսել է։ Ֆրեդին միշտ Օստերտագից է ամեն ինչ գնում։ Աչքը նռնաքարե մի բրոշի վրա է։ Քառանիստ մեծ քար է, կարծես աղավնու մաքուր արյուն լինի։ Մարթան գիտի ինչ է անում։

Դեզին համբուրեց Կետին։

— Adieu, սիրելիս։ Հիմա դու համենայն դեպս գիտես, թե աշխարհում ինչեր է կատարվում։ Դեռ երկա՞ր ես մնալու այստեղ։— Դեզին նայեց Ռավիկին։

Ռավիկը հայացքը բարձրացրեց Կետի վրա։

— Առայժմ դեռ պետք է մնա, դժբախտաբար,— ասաց Ռավիկը։

Նա բռնեց Դեզիի վերարկուն։ Դա ջրաքիսի մորթուց սև և անօձիք մուշտակ էր։— Այ եթե Ժոանն այսպիսի մի մուշտակ ունենար, մտածեց Ռավիկը։

— Կետի հետ մի օր համեցեք մեզ մոտ թեյ խմելու,— ասաց Դեզին։— Չորեքշաբթի օրերը մեր տանը համարյա ոչ ոք չի լինում։ Մի քիչ կնստենք, կխոսենք։ Ես շատ եմ հետաքրքրվում վիրաբուժությամբ։

— Մեծ հաճույքով։

Ռավիկը դուռը փակեց նրա հետևից և վերադարձավ։

— Գեղեցիկ զմրուխտներ են,— ասաց նա։

Կետը ծիծաղեց։

— Այդպիսին էր առաջ իմ կյանքը, Ռավիկ։ Կարո՞ղ եք պատկերացնել։

— Ինչո՞ւ չեմ կարող։ Դա փառահեղ բան է, եթե մարդ կարողանա այդպես ապրել։ Ոչ հուզմունք, ոչ հոգս։

— Իսկ ես այլևս չեմ կարողանում պատկերացնել։

Կետը վեր կացավ տեղից և զգույշ քայլերով մոտեցավ իր մահճակալին։

Ռավիկը հայացքով հետևում էր նրան։

― Մի խոսքով, Կետ, կարևոր չէ, թե մարդ որտեղ է ապրում, հարմարություններ կան թե չկան։ Կարևորն այն է, թե մարդ ինչի վրա է ծախսում իր կյանքը։ Թեև դա նույնպես միշտ չէ, որ կարևոր է։

Կետն իր երկար գեղեցիկ ոտքերով բարձրացավ մահճակալին։

— Ամեն ինչ անկարևոր է դառնում, երբ մարդ մի քանի շաբաթ պառկում է անկողնում և ապա նորից սկսում քայլել,— ասաց Կետը։

— Հիմա արդեն ձեզ համար պարտադիր չէ այստեղ մնալը, եթե, իհարկե չեք ցանկանում։ Դուք կարող եք փոխադրվել «Լանկաստեր», բայց անպայման պետք է ձեզ հետ մի հիվանդապահ քույր վերցնեք։

Կետ Հեգստրեմը գլուխն օրորեց։

— Ես կմնամ այստեղ այնքան ժամանակ, մինչև որ ուղևորվելու ուժ ունենամ։ Այստեղ ես ամենից առաջ պաշտպանված եմ ամեն տեսակի Դեզիներից։

— Դուք նրանց բոլորին դուրս շպրտեք, եթե գալիս են։ Ոչինչ մարդու այնքան չի հոգնեցնում, որքան պարապ շաղակրատանքը։

Կետը զգուշորեն ձգվեց անկողնու վրա։

— Բայց կարո՞ղ եք պատկերացնել, չնայած այդ բոլոր բամբասանքներին, Դեզին սքանչելի մայր է։ Նա իր երկու երեխաներին էլ հիանալի դաստիարակում է։

— Դա պատահում է,— անտարբերությամբ ասաց Ռավիկը։

Կետը վերմակը քաշեց վրան։

— Կլինիկան վանքի է նման,— ասաց Կետը։— Մարդ նորից է սովորում գնահատել ամենահասարակ բաները — քայլելը, շնչելը, տեսնելը։

— Այո։ Երջանկությունը մեր շուրջր թափված է։ Պետք է միայն կռանալ ու վերցնել։

Կետը նայեց Ռավիկին։

— Ես դա լուրջ եմ ասում, Ռավիկ։

— Ես նույնպես, Կետ։ Միայն հասարակ բաներն են, որ երբեք չեն հիասթափեցնում։ Երջանկությունը մարդ ձեռք է բերում հաճախ շատ ավելի հեշտ, քան կարծում է։


Ժաննոն պառկած էր անկողնում։ Նրա վերմակի վրա խառնիխուռն թափված էին ինչ-որ բրոշյուրներ։

— Ինչո՞ւ լույսը չես վառում,— հարցրեց նրան Ռավիկը։

— Ես դեռ առանց լույսի էլ եմ կարդում։ Իմ աչքերը լավ են տեսնում։

Բրոշյուրները պարունակում էին ոտքի պրոթեզների նկարագրությունները։ Ժաննոն դրանք որտեղից հնարավոր էր եղել հավաքել էր իր մոտ։ Վերջին բրոշյուրները մայրն էր բերել։ Նա Ռավիկին ցույց տվեց արտակարգ վառ գույներով մի պրոսպեկտ։ Ռավիկը լույսը վառեց։

— Ամենաթանկ ոտքը սա է,— ասաց Ժաննոն։

— Սա լավագույնը չէ,— պատասխանեց Ռավիկը։

— Բայց ամենաթանկն է։ Ես ապահովագրական կոմպանիային կասեմ, որ դրանից եմ ուզում։ Եթե ուզում եք իմանալ, դա ինձ իսկի պետք էլ չի։ Բայց ուզում եմ, որ ապահովագրական կոմպանիան շատ փող տա։ Ես հասարակ փայտե ոտք կառնեմ, իսկ մնացած փողը ինձ կմնա։

— Ապահովագրական կոմպանիան իր բժիշկներն ունի, ժաննո։ Նրանք ամեն ինչ ստուգում են։

Տղան անկողնու մեջ նստեց։

— Դուք կարծում եք, որ նրանք իմ պրոթեզի փողը չե՞ն տա։

— Տալը, կտան, իհարկե։ Բայց ոչ թե ամենաթանկ պրոթեզի համար։ Եվ բացի դրանից, նրանք ոչ թե փող կտան, այլ կհոգան, որ դու անպայման պրոթեզ ստանաս։

― Որ այդպես է, ես կվերցնեմ ու անմիջապես կծախեմ: Իհարկե, որոշ բան կկորցնեմ։ Մի քանի տոկոս։ Ձեր կարծիքով դա շատ չի՞։ Սկզբից տասը տոկոս կգցեմ։ Գուցե, նախապես խոսեմ խանութի հետ։ Կոմպանիայի ի՞նչ գործն է, ես պրոթեզ եմ վերցնում թե չէ։ Նրա գործը վճարելն է։ Իսկ մնացածը նրան չի վերաբերում։ Ճիշտ չե՞մ ասում։

— Ճիշտ ես ասում, իհարկե։ Համենայն դեպս, կարելի է փորձ անել։

— Այդ փողն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Մենք դրանով կարող ենք մի վաճառասեղան գնել և մի փոքրիկ կաթի խանութի հարմարանք։— Ժաննոն խորամանկ ժպտաց։— Չէ՞ որ այդպիսի ոտքը իր ծալվելու հարմարանքներով, փառք աստծո, բավական թանկ է։ Նուրբ աշխատանք է պահանջում։ Մի խոսքով, շատ լավ կլինի։

— Իսկ ապահովագրական կոմպանիայից որևէ ներկայացացիչ եկե՞լ է։

— Ոչ։ Ոտքիս և զիջման դրամի համար դեռ չեն եկել։ Եկել են միայն վիրահատման ու կլինիկայի համար։ Փաստաբան վերցնելու կարիք կա՞, ի՞նչ եք կարծում։ Կարմիր լույսի ժամանակ նա ինձ տակը գցեց։ Դա անվիճելի է։ Ոստիկանությունը․․․

Ընթրիքը ձեռքին ներս մտավ բուժքույրը և դրեց Ժաննոյի մահճակալի մոտ գտնվող սեղանին։ Մինչև քրոջ դուրս գալը տղան ոչինչ չասաց։

— Այստեղ շատ լավ են կերակրում,— շարունակեց նա բուժքրոջ հեռանալուց հետո։— Ես երբեք այսպես կերած չկամ։ Տվածները ես նույնիսկ չեմ էլ կարողանում բոլորն ուտել։ Միշտ մամաս է գալիս մնացածներն ուտում։ Երկուսիս էլ հերիքում է։ Այդ կերածի հաշվին նա մի քիչ տնտեսում է։ Մանավանդ, որ այստեղ հիվանդասենյակը շատ թանկ է։

— Դրանք ապահովագրական կոմպանիան կվճարի, անկախ նրանից, թե դու որտեղ ես պառկած։

Տղայի գորշ դեմքին մի ժպիտ փայլատակեց ու անցավ։

― Ես բժիշկ Վեբերի հետ խոսել եմ։ Նա ինձ տասը տոկոս կտա։ Բոլոր ծախսերի հաշիվը ուղարկելու է ապահովագրությանը։ Կոմպանիան դրանք կվճարի, իսկ ինքը ինձ տասը տոկոս կանխիկ դրամ կտա։

— Կեցցես, ժաննո։ Քաջ տղա ես։

— Եթե մարդ աղքատ է, պետք է քաջ լինի։

— Ճիշտ է։ Ոտքդ ինչպե՞ս է, ցավո՞ւմ է։

— Ցավում է ոտքիս տակը, որն արդեն չկա։

— Դրանք ներվերն են, որոնք դեռ մնացել են։

— Գիտեմ։ Բայց շատ տարօրինակ է։ Ցավում է այն, ինչ արդեն մարդ չունի։ Գուցե դա իմ ոտքի հոգի՞ն է։— Ժաննոն քմծիծաղեց։ Նա սրախոսել էր։ Հետո բացեց ընթրիքն ու նայեց։— Սուպ, հավ, սալաթ, պուդինգ։ Սա իսկը մամայիս համար է։ Նա հավի միս շատ է սիրում։ Մենք տանը հազվադեպ ենք դրանից ունեցել։— Նա գոհունակությամբ ետ ընկավ բարձին։— Մեկ-մեկ ես գիշերն արթնանում եմ ու մտածում, իսկ եթե հանկարծ այս բոլորի դիմաց մենք ստիպված լինեինք վճարե՞լ։ Գիտեք, գիշերն արթնանալիս ես մի րոպե դեռ մի տեսակ շշմած եմ լինում, հետո կամաց֊կամաց խելքս գլուխս է գալիս, հիշում եմ, որ պառկած եմ այստեղ կլինիկայում, ինչպես հարուստ ծնողների զավակ, և իրավունք ունեմ պահանջելու այն ամենը, ինչ ուզում եմ, կարող եմ զանգ տալ ու կանչել բուժքրոջը, և նա պարտավոր է գալ, իսկ այդ բոլորի դիմաց վճարելու են ուրիշներր։ Հիանալի է, չէ՞։

— Այո,— ասաց Ռավիկը։— Հիանալի է․․․


Ռավիկը նստած էր «Օզիրիսի» բժշկական սենյակում։

— Այլևս սպասող չկա՞,— հարցրեց նա։

— Կա,— ասաց Լեոննան։— Վերջինը Իվոննան է մնացել։

— Ասացեք, թող գա։ Դու առողջ ես, Լեոննա։

Իվոննան քսանհինգ տարեկան մսեղ, խարտյաշ, լայն տափակ քթով մի աղջիկ էր, որը պոռնիկներից շատերի նման հաստ, կարճլիկ ձեռքեր ու ոտքեր ուներ։ Նա ինքնագոհ և օրորուն քայլերով ներս մտավ ու բարձրացրեց հագի մետաքսյա հնոտիները։

— Շուռ եկեք,— ասաց Ռավիկը։

— Այսպես չի՞ կարելի,— հարցրեց Իվոննան։

— Իսկ ինչո՞ւ եք այդպես ուզում։

Պատասխանի փոխարեն նա լուռ շրջվեց ու ցույց տվեց իր հզոր հետույքը, որը շերտ-շերտ կապտած էր։ Ինչպես երևում է, սոսկալի տուր էր կերել։

— Ես կարծում եմ, որ հաճախորդդ քեզ լավ է վճարել, ասաց Ռավիկը,— սա կատակի գործ չէ։

Իվոննան գլուխն օրորեց։

— Ամենևին, բժիշկ։ Դա հաճախորդի արած չէ։

— Ուրեմնք դա քեզ հաճույք է պատճառել։ Ես չգիտեի, որ դու բավականություն ես ստացել դրանից։

Իվոննան նորից գլուխն օրորեց։ Նրա երեսին հայտնվեց բավականության խորհրդավոր մի ժպիտ։ Ռավիկն զգաք, որ Իվոննային դա դուր է եկել։ Նա իրեն այդպես ավելի հպարտ էր զգում։

— Ես մազոխական չեմ,— ասաց Իվոննան։ Նա առանձնահատուկ հպարտություն էր զգում, որ այդ բառը գիտե։

— Բա ինչից է դա։ Կռվե՞լ եք։

Իվոննան մի պահ լուռ էր։

— Սիրուց,— ասաց նա, ուսերը հաճելիորեն ձգելով։

— Այսինքն խանդի՞ց։

— Այո։— Ցնծությամբ պատասխանեց Իվոննան։

— Շա՞տ է ցավում։

— Այսպիսի բաները ցավ չեն պատճառում։

Նա զգուշորեն պառկեց։

— Դուք գիտե՞ք, բժիշկ, մադամ Ռոլանդեն սկզբում ինձ չէր ուզում թողնել աշխատանքի։ Միայն մի ժամով, ասացի ես։ Փորձեք միայն մի ժամ թույլ տալ ինձ աշխատելու․․․ և կտեսնեք, որ․․․ Հիմա ես կապտած հետույքով ավելի մեծ հաջողություն ունեմ, քան մինչև այդ։

— Ինչո՞ւ։

— Չգիտեմ։ Այնպիսի տղաներ կան, որ դրա համար քիչ է մնում խելագարվեն։ Դա նրանց գրգռում է։ Ես վերջին երեք օրը երկու հարյուր հիսուն ֆրանկ եմ աշխատել։ Դեռ ինչքա՞ն ժամանակ այդ կապտուկները կերևան։

― Ամենաքիչը մի երկու-երեք շաբաթ։

Իվոննան գոհունակությամբ լեզուն ճտտացրեց։

— Եթե այսպես շարունակվի, ես կարող եմ դրա բերած փողերով մի սքանչելի մուշտակ գնել։

— Իսկ եթե փողդ չբավականացնի, բարեկամդ կարող է հեշտությամբ քեզ օգնել, հետևիդ նորից մի քանի հարված կհասցնի։

— Նա այդպիսի բան չի անի,— աշխուժացած ասաց Իվոննան։— Այդպիսին չէ։ Եվ առհասարակ հաշվենկատ լեշերից չէ։ Նա այդպիսի բաներն անում է կրքերից մղված։ Երբ կիրքը փոթորկվում է մեջը։ Այլապես, եթե ծունկ չոքած խնդրեմ էլ, այդպիսի բաներ չի անի։

— Բնավորություն է։— Ռավիկը հայացքը բարձրացրեց։— Դու առողջ ես, Իվոննա ։

Իվոննան տեղից ելավ։

— Ուրեմն, աշխատանքը կարող ենք շարունակել։ Ներքևում տարիքն առած մի մարդ է սպասում ինձ։ Ալեխառն մորուքով մի մարդ։ Ես նրան կապտուկներս ցույց եմ տվել։ Հաճույքից քիչ էր մնացել խելքը թռցնի։ Տանից վախենալու բան չունի։ Ինչքան հասկանում եմ, միակ երազանքը իր պառավից վրեժ լուծելն է։— Նա զրնգուն ծիծաղով սկսեց քրքջալ։— Բժիշկ, աշխարհը շատ տարօրինակ է, ճի՞շտ է։

Իվոննան ինքնագոհ և օրորուն քայլերով դուրս գնաց։

Ռավիկը ձեռքերր լվաց։ Հետո գործիքները, որոնք նա օգտագործել էր, մի կողմ դրեց ու մոտեցավ լուսամատին։ Արծաթագորշ մթնշաղը կախվել էր տանիքների վրա։ Մերկ ծառերը մեռյալների սև ձեռքերի նման ասֆալտի միջից ձգվել էին դեպի վեր։ Նրանք նման էին խրամատներից վեր ցցված ձեռքերի, որոնց տերերը մնացել էին հողի տակ ծածկված։ Ռավիկը լուսամուտը բացեց և դուրս նայեց։ Անգործուն ժամ, որ կախված է ցերեկվա ու գիշերի միջև։ Փոքրիկ հյուրանոցների սիրային զեղումների ժամ - հատկապես այն մարդկանց համար, որոնք ամուսնացած են եղել և երեկոները մեծ արժանավայելությամբ նստել ու զրուցել են իրենց տներում։ Իրիկնային ժամ, երբ իտալուհիները լոմբարդական ցածրավայրերում արդեն սկսում են իրար felicissima notte մաղթել։ Վհատության ժամ և ժամ երազանքների։

Ռավիկը լուսամուտը փակեց։ Հանկարծ թվաց, թե սենյակը էլ ավելի մթնեց։ Ստվերները ներս խուժեցին ու ծվարեցին անկյուններում, որոնք լցված էին անձայն շաղակրատանքներով։ Ռոլանդեի բերած կոնյակի շիշը սեղանի վրա շողշողում էր ինչպես հղկած տպազիոն։ Ռավիկը մի պահ կանգ առավ, որից անմիջապես հետո իջավ ներքև։ Մեծ դահլիճն արդեն լուսավորված էր, պատերի ներսում հնչում էր երաժշտությունը։ Աղջիկները իրենց վարդագույն մետաքսյա շորերով երկշարք նստած էին բմբուլե բարձերի վրա։ Բոլորի կրծքերը բաց էին։ Հաճախորդները ուզում էին տեսնել այն, ինչ գնում են։ Մի քանի հոգի արդեն եկել էին։ Նրանք հիմնականում միջին տարիքի քաղքենիներ էին, զգուշավոր արհեստավորներ, որոնք գիտեին, թե երբ է բժշկական քննությունը լինում, և գալիս էին հատկապես այդ ժամանակ, որպեսզի տրիպեր չընկնեն։ Իվոննան իր ծերուկի հետ էր։ Ծերունին նստած էր սեղաններից մեկի մոտ, առաջը մի շիշ «դյուբոնե» դրած։ Իվոննան կանգնած էր նրա կողքին և, ոտքը դրած աթոռի վրա, շամպայն էր խմում։ Յուրաքանչյուր շշի տասը տոկոսը իրենն էր։ Ծերունին պետք է խելքը թռցրած լիներ՝ այդ զոհողությունն անելու համար։ Դա հիմնականում օտարերկրացիների համար էր։ Իվոննան շատ լավ գիտակցում էր։ Նրա տեսքը այնպիսին էր, ինչպիսին ունենում է կրկեսի սիրալիր զսպիչը։

— Ռավիկ, արդեն վերջացրե՞լ ես,— հարցրեց Ռոլանդեն, կանգ առնելով դռան շեմին։

— Այո։ Արդեն վերջացրել եմ։

— Ուզո՞ւմ ես որևէ բան խմել։

— Ոչ, Ռոլանդե։ Ես պետք է հյուրանոց գնամ։ Մինչև հիմա դեռ չեմ հանգստացել։ Տաք վաննա և թարմ սպիտակեղեն — ահա այն, ինչի կարիք ես հիմա ունեմ։

Ռավիկը հանդերձարանի և բարի կողքով գնաց դեպի ելքը․․․ Դրսում կանգնած էր մանիշակագույն աչքերով երեկոն։ Կապույտ երկնքում միայնակ ու փութկոտ գոռում էր մի ինքնաթիռ։ Փոքրիկ ու սև մի թռչնակ ճռվողում էր մերկ ծառի վերին ճյուղերից մեկի վրա։ Քաղցկեղով տառապող մի կին, որին այդ հիվանդությունը լափում է ինչպես անաչք և գորշ մի գազան։ Փոքրիկ հաշմանդամ մի տղա, որ անվերջ իր ռենտան է հաշվում։ Եկամտաբեր հետույքով մի պոռնկուհի։ Ծառի մերկ ճյուղերին թռչկոտող մի կեռնեխ — այդ ամենը սահում, անցնում է նրա կողքով, իսկ ինքը, անտարբեր այդ բոլորի նկատմամբ, տաքուկ անկողնու բուրմունք արձակող աղջամուղջի միջով դանդաղ քարշ գալով գնում է ինչ-որ կնոջ մոտ։


— Էլ կալվադոս չե՞ս ուզում։

Ժոանը զլխով արեց։

— Ուզում եմ, բայց քիչ լցրու։

Ռավիկը գլխի շարժումով քելներին մոտ կանչեց։

— Ուրիշ կալվադոս չունե՞ք։ Սրանից ավելի հինը։

— Ինչո՞ւ։ Սա լավը չէ՞ր։

— Չէ, ինչո՞ւ։ Լավն էր։ Բայց գուցե մառանում ուրիշն էլ լինի։

— Հիմա գնամ, տեսնեմ։

Քելներն անցավ դրամարկղի կողքով, որտեղ տիրուհին իր կատվի հետ քնած էր, և անհետացավ կաթնագույն փայլատ ապակե դռան հետևի փոքրիկ գրասենյակում, որտեղ պատրոնը իր հաշիվներով էր զբաղված։ Փոքր-ինչ հետո նա դուրս եկավ այնտեղից և, կարևոր ու վայելուչ տեսքով, նույնիսկ առանց Ռավիկի կողմը նայելու, շարժվեց դեպի մառանը տանող աստիճանների կողմը։

— Ինչպես երևում է, գլուխ է գալիս,— ասաց Ռավիկը։

Քելները շուտով վերադարձավ, շիշը բերելով այնպիսի զգուշությամբ, կարծես խանձարուրի մեջ փաթաթած մանուկ լիներ։ Դա կեղտոտված մի շիշ էր, բայց ոչ այնպիսիներից, որոնց վրա հատուկ նկատառումով փոշի են ցանում տուրիստների համար, այլ չափազանց կեղտոտ մի շիշ, որը տարիներ շարունակ ընկած է եղել մառանում։ Քելները շշի բերանը խնամքով բացեց, հոտ քաշեց խցանից և բերեց երկու մեծ բաժակ։

— Համեցեք, մեսյո,— ասաց նա Ռավիկին, մի քանի կաթիլ լցնելով բաժակի մեջ։

Ռավիկը վերցրեց բաժակը և հոտ քաշեց, հետո շուրթերին մոտեցնելով, համը տեսավ և, ետ ընկնելով աթոռի թիկնակին, գլխի շարժումով հավանություն տվեց։ Քելները հանդիսավորությամբ նույնպես գլուխը տմբացրեց ու բաժակները լցրեց մեկ երրորդի չափով։

— Փորձիր,— ասաց Ռավիկը Ժոանին։

Ժոանը նույնպես մի կում խմեց և բաժակը դրեց սեղանին։ Քելները հետևում էր նրան։ Ժոանը զարմացած հայացքով նայեց Ռավիկին:

— Այսպիսի կալվադոս ես կյանքումս չէի խմել,— ասաց նա և էլի մի կում խմեց։— Թվում է, թե մարդ ոչ թե խմում է, այլ ուղղակի օդ է ծծում։

— Տեսնո՞ւմ եք, մադամ,— գոհունակությամբ վրա բերեց քելները։— Դա շատ նուրբ դիտողություն է։

— Ռավիկ,— ասաց Ժոանը։— Դու շատ վտանգավոր գործ բռնեցիր։ Այսպիսի կալվադոսից հետո ես հազիվ թե այլևս ուրիշ կալվադոս ցանկանամ խմել:

— Ոչինչ, ուրիշ կալվադոս էլ կխմես։

— Բայց միշտ սրա մասին եմ երազելու։

— Ի՞նչ վատ բան կա դրանում։ Դու պարզապես ռոմանտիկ կդառնաս։ Կալվադոսային ռոմանտիկ։

— Բայց չէ՞ որ ուրիշ կալվադոսն այլևս այս համը չի տա։

— Ընդհակառակը։ Ուրիշ կալվադոսը քեզ ավելի համեղ կթվա, քան իրականում է։ Դու մի կալվադոս կխմես, երազելով մյուսի մասին։ Թեկուզ հենց այդ պատճառով մյուսը ավելի արտասովոր կթվա։

Ժոանը ծիծաղեց։

— Անմիտ բաներ ես ասում։ Եվ դա դու ինքդ էլ գիտես։

— Իհարկե, անմիտ բաներ են։ Բայց չէ՞ որ մենք հենց անմտությամբ է, որ ապրում ենք, և ոչ թե փաստերի ցամաք հացով։ Այլապես որտե՞ղ կմնար սերը։

— Սերն ի՞նչ գործ ունի այստեղ։

— Շատ գործ ունի։ Նա նպաստում է կյանքի հարատևմանը։ Թե չէ մենք կարող էինք սիրել միայն մի անգամ, իսկ հետագայում մնացածը մերժել։ Բայց այդպես մեր լքածի և կամ մեզ լքողի կարոտը մի տեսակ լուսապսակով զարդարում է նրան, ով հետագայում է գալիս։ Եվ կորուստից հետո նորը միշտ հանդես է գալիս յուրահատուկ ռոմանտիկական լույսի տակ։ Հին ազնիվ ինքնախաբեություն է։

Ժոանը հայացքը զցեց նրա երեսին։

— Քո այդ կարգի դատողություններն ուղղակի զզվելի են։

— Ինձ համար նույնպես։

— Դու այդպիսի բաներ չպետք է ասես։ Նույնիսկ կատակով։ Այլապես հրաշքը դարձնում ես ինչ-որ տրյուկ։

Ռավիկը ոչինչ չպատասխանեց։

— Եվ դա այնպես է հնչում, կարծես ամեն ինչ քեզ այնքան է ձանձրացրել ու հոգնեցրել, որ հիմա մտածում ես ինձանից ազատվելու մասին։

Ռավիկը նրան նայեց հեռավոր մի քնքշությամբ։

— Դա թող քեզ չմտահոգի, Ժոան։ Եթե երբևէ դա կատարվի, իմացիր, որ լքողն առաջինը ինքդ ես լինելու։ Եվ ոչ թե ես քեզ։ Կարող ես չկասկածել։

Ժոանը իր բաժակը շրխկալով դրեց սեղանին։

— Ի՞նչ հիմարություններ ես ասում։ Ես երբեք քեզ չեմ լքի։ Ինչո՞ւ ես ուզում այդ ներշնչել ինձ։

Աչքերը, մտածեց Ռավիկը, կարծես շանթեր են արձակում։ Քնքուշ կարմրավուն շանթեր, որոնք ծնունդ են առնում բոցկլտող մոմերի քաոսից։

— Ժոան,— ասաց նա։— Ես ոչինչ չեմ ուզում քեզ ներշնչել։ Բայց ուզում եմ ալիքի և ժայռի մասին մի պատմություն պատմել քեզ։ Դա մի հին պատմություն է։ Մեզանից շատ առաջ տեղի ունեցած։ Լսիր։ Ժամանակին մի ալիք է եղել, որը սիրել է ինչ-որ տեղ ծռվում, ասենք, Կապրիի ծովածոցում գտնվող մի ժայռի։ Նա փարվել է ժայռին իր փրփուրներով ու ցայտքերով, համբուրել է նրան գիշեր ու ցերեկ, գրկել է նրան իր ճերմակ ձեռքերով։ Նա հառաչել է, արտասվել և աղերսել ժայռին, որ սա իր մոտ գնա։ Այդ ալիքը սիրել է Ժայռին, անվերջ զարնվել է նրան և դանդաղ մաշել հիմքը։ Եվ ահա մի օր հիմքից արդեն քայքայված ժայռը տապալվել և ընկել է ալիքի գիրկը։

Ռավիկը մի կում կալվադոս խմեց։

— Հետո՞,— հարցրեց Ժոանը։

— Եվ հանկարծ ժայռը չքացել է։ Այլևս չկար նա, ում հետ ալիքը խոսում էր, ում սիրում էր և ում համար թախծում էր ալիքը։ Հիմա ժայռը դարձել էր ընդամենը քարի մի բեկոր, որ սուզվել էր ծովի հատակը և մնացել այնտեղ ընկած։ Ալիքը հիասթափված ու խաբված էր զգում իրեն և շուտով իր համար մի նոր ժայռ գտավ։

— Հետո՞։— Ժոանը կասկածանքով նայում էր Ռավիկին։— Դա ի՞նչ է նշանակում։ Ժայռը պետք է ժայռ մնար։

— Այդպես են ասում միշտ ալիքները։ Բայց այն, ինչ շարժուն է, ավելի է ուժեղ, քան այն, ինչ անշարժ է։ Ջուրն ավելի է ուժեղ, քան ժայռը։

Ժոանը անհամբեր մի շարժում արեց։

— Այդ բոլորը ի՞նչ կապ ունի մեզ հետ։ Դա ընդամենը ոչինչ չնշանակող մի հեքիաթ է։ Թե՞ դու նորից ես ծիծաղում ինձ վրա։ Եթե բանը հասնի դրան, ապա առաջինը դու կլքես ինձ, ես այդ կարող եմ հաստատ ասել։

— Դրանք կլինեն ինձ լքելուց առաջ քո ասած վերջին խոսքերը,— ծիծաղելով վրա բերեց Ռավիկը։— Դու կասես, որ քեզ լքողը ես եմ։ Եվ իսկույն բազմաթիվ հիմքեր ցույց կտաս․․․ Եվ ինքդ էլ դրանց կհավատաս։ Եվ իրավացի կլինես աշխարհի հնագույն դատարանի՝ բնության առաջ։

Ռավիկը գլխի շարժումով մոտ կանչեց քելներին։

— Մենք կարո՞ղ ենք այս մի շիշ կալվադոսը գնել։

— Ուզում եք տո՞ւն տանել։

— Ճիշտ կռահեցիք։

— Մեսյո, դա հակառակ է մեր սկզբունքներին։ Մենք շշով դուրս տանելու համար չենք վաճառում։

— Հարցրեք պատրոնին։

Քելները վերադարձավ մի լրագիր ձեռքին։ Դա «Paris soir» էր։

— Պատրոնը համաձայնեց ձեզ համար բացառություն անել,— ասաց քելները, խցանը խրելով շշի բերանը և փաթաթելով այն ձեռքի «Paris soir»֊ի մեջ, որից նախապես անջատեց սպորտային հավելվածը, ծալեց և գրպանը դրեց։— Համեցեք, մեսյո։ Լավ պահպանվում է զով և մութ տեղում։ Այդ կալվադոսը մեր պատրոնի պապի ֆիրմայից է։

— Հիանալի է։

Ռավիկը վճարեց և, վերցնելով շիշը, սկսեց զննել։

― Մեզ հետ եղիր, արևի ջերմություն։ Շոգ ամռանը և երկնագույն աշնանը դու ջերմացրել ես նորմանդական հին և հողմահարված այգու խնձորները։ Հիմա մենք զգում ենք քո կարիքը, հիմա, երբ աշխարհում ինչ-որ տեղ փոթորկվում է հողմը։

Նրանք դուրս եկան փողոց։ Սկսեց անձրև գալ։ Ժոանը կանգ առավ։

— Ռավիկ, դու սիրո՞ւմ ես ինձ։

— Այո, Ժոան։ Ավելի շատ, քան դու կարծում ես։

Ժոանը սեղմվեց նրան։

— Երբեմն դժվար է դրան հավատալ․․․

— Ընդհակառակն, ինչո՞ւ։ Այլապես մի՞թե ես քեզ այդպիսի պատմություններ կպատմեի։

— Ավելի լավ կլիներ դու ինձ ուրիշ բաներ պատմեիր։

Ռավիկը նայում էր անձրևի միջով և ժպտում։

— Սերը լճակի հայելի չէ, որի մեջ մարդ կարող է միշտ իր արտացոլանքը տեսնել, ժոան։ Սերը մակընթացություններ ունի և տեղատվություններ։ Եվ խորտակված նավերի բեկորներ, և ջրի տակ մնացած քաղաքներ, և ծովահրեշներ, և մրրիկներ, և ոսկու արկղեր, և մարգարիտներ․․․ Սակայն այդ մարգարիտները գտնվում են խոր հատակում։

— Այդ մասին ես ոչինչ չգիտեմ։ Սերն այն է, երբ մարդիկ պատկանում են միմյանց։ Միմյանց են պատկանում ընդմիշտ։

Ընդմիշտ, մտածեց Ռավիկը։ Դա մանկական հին հեքիաթ է։ Երբ հնարավոր չէ նույնիսկ մեկ րոպե պահել։

Ժոանը կոճկեց իր վերարկուն։

— Ես կուզեի, որ հիմա ամառ լիներ,— ասաց նա։— Ես երբեք դա այնքան չեմ ուզել, ինչքան այս տարի։


Ժոանը պահարանից հանեց իր իրիկնային սև շորը և գցեց մահճակալի վրա։

— Երբեմն ես այնպես եմ ատում այս շորը։ Այս հավիտենական սև շորը։ Մշտական այդ «Շեհերազադեն»։ Միշտ միևնույնը։ Անփոփոխ ու կրկնվող նույն բանը։

Ռավիկը հայացքը վեր բարձրացրեց, բայց ոչինչ չասաց։

— Հը, քեզ համար դա անհասկանալի՞ է,— հարցրեց Ժոանը։

— Ամենևին։ Նույնիսկ շատ լա՛վ է հասկանալի․․․

— Ինչո՞ւ չես ինձ վերցնում այնտեղից, սեր իմ։

— Ո՞ւր տանեմ։

— Որևէ տեղ։ Ուր ուզում է լինի։

Ռավիկը վերցրեց կալվադոսի բերած շիշը և խցանը հանեց։ Հետո մի բաժակ բերեց ու բերնեբերան լցրեց։

— Արի այստեղ,— ասաց նա։— Արի վերցրու և խմիր։

Ժոանը գլուխն օրորեց։

— Դա ինձ չի օգնի։ Ոչ միշտ է, որ խմելն օգնում է։ Երբեմն, ինչ էլ ուզում ես արա, ոչինչ չի օգնում։ Ես այսօր այնտեղ այն ապուշների մոտ գնալու ոչ մի ցանկություն չունեմ։

— Ուրեմն մնա այստեղ։

— Իսկ հետո՞։

— Զանգահարիր, ասա, որ հիվանդ ես։

— Բայց չէ որ ես վաղը միևնույն է, պետք է գնամ։ Դա ավելի վատ է։

— Դու կարող ես մի քանի օր հիվանդ մնալ։

— Դրանից ոչինչ չի փոխվի։— Ժոանը նայեց նրան։— Ի՞նչ է կատարվում ինձ հետ։ Այս ի՞նչ է կատարվում ինձ հետ, սիրելիս։ Գուցե անձրևի՞ց է։ Գուցե պատճառն այս խոնավ խավարն է։ Երբեմն թվում է, թե մարդ դագաղի մեջ է պառկած։ Թվում է, թե մարդ սուզվում է նախաիրիկնային գորշ ժամերի հատակը։ Քիչ առաջ փոքրիկ այդ ռեստորանում էր, որ ես մի պահ մոռացել էի այդ և քեզ հետ ինձ երջանիկ էի զգում․․․ Ինչո՞ւ դու խոսեցիր լքելու և լքված լինելու մասին։ Ես ոչինչ չեմ ուզում այդ մասին իմանալ և ոչ էլ լսել։ Դա ինձ թախիծով է համակում, իմ դեմ այնպիսի պատկերներ են հառնում, որ ես լցվում եմ անհանգիստ մի տագնապով․․․ ես գիտեմ, դու վատ բան չէիր ուզում ինձ ասել, բայց դա այնպիսի՜ ցավ է պատճառում ինձ։ Եվ այդ պատճառած ցավը քիչ է, այս անձրևն ու խավարն էլ մյուս կողմից են տանջում։ Քեզ անծանոթ է այդ։ Դու ուժեղ ես։

— Ուժե՞ղ,— կրկնեց Ռավիկը։

— Այո։

— Որտեղի՞ց դու գիտես։

— Դու ոչնչից չես վախենում։

― Ես այլևս ոչնչից չեմ վախենում։ Դա միևնույն բանը չէ, Ժոան։

Ժոանը չէր լսում Ռավիկի ասածները։ Նա լայն-լայն քայլերով անկյունից անկյուն էր քայլում, և թվում էր, թե սենյակը չափազանց նեղ է նրա համար։ Նա միշտ այնպես է քայլում, կարծես քամուն հակառակ լինի, մտածեց Ռավիկը։

— Ես կուզեի ամեն ինչից փախչել,— ասաց Ժոանը։— Կուզեի փախչել այս հյուրանոցից, այդ գիշերային ակումբից, բոլոր կպչուն հայացքներից։ Ամեն ինչից կուզեի փախչել։— Նա կանգ առավ։— Ռավիկ, մի՞թե մենք պետք է ապրենք այնպես, ինչպես հիմա ենք ապրում։ Մենք չե՞նք կարող արդյոք ապրել այնպես, ինչպես ուրիշներն են ապրում, ապրում են սիրելով միմյանց։ Մի՞թե մենք չենք կարող ապրել իրար հետ, ունենալ մեր սեփական իրերը, միասին անցկացնել երեկոները, զգալ այդ ամենի վայելքը․․․ Եվ ոչ թե անվերջ քարշ տալ այս ճամպրուկները, դատարկ օրեր անցկացնել հյուրանոցային համարներում, որտեղ մարդ իրեն այնքան մենակ ու օտար է զգում․․․

Ռավիկի դեմքը թվում էր անթափանցելի։ Ահա վերջապես իր սպասածը, մտածեց նա։ Վաղուցվանից էր ինքն սպասում այդ խոսակցությանը։

— Մի՞թե այդպես ապրելը դու իրական ես համարում մեզ համար, Ժոան։

— Իսկ ինչո՞ւ չպետք է համարեմ։ Չէ՞ որ ուրիշները հենց այդպես էլ ապրում են։ Ապրում են տաք, ապրում են միասին, սիրում են միմյանց, ունեն իրենց բնակարանները․․․ և բավական է մարդ ներս մտնի ու փակի դուռը․․․ ամեն տեսակի տագնապ իսկույն չքանում է և ոչ թե, ընդհակառակը, պատերից ներս թափանցում, ինչպես այստեղ։

— Մի՞թե դա իսկապես իրական ես համարում,— կրկնեց Ռավիկը։

— Այո, իհարկե։

— Մի փոքրիկ գեղեցիկ բնակարան իր փոքրիկ ու հաճելի քաղքենիական երջանկությամբ։ Մի փոքրիկ, գեղեցիկ ապահով խաղաղություն՝ ծվարած խառնարանի եզրին։ Իսկապե՞ս դու իրականանալի բան ես համարում դա։

― Մարդ կարող է դրան նաև ուրիշ անուն տալ,— տխուր ասաց Ժոանը։— Պարտադիր չէ կոչել հենց այդ արհամարհական բառերով։ Եթե մարդ մեկին սիրում է, ուրիշ անուններ է գտնում։

— Բանն անունները չեն, Ժոան, էությունն է մնում նույնը։ Մի՞թե, իսկապես, դու դա հնարավոր ես համարում։ Չէ որ մեզանից և ոչ մեկը չի ստեղծված այդպիսի կյանքի համար։

Ժոանը մի րոպե կանգ առավ։

— Ինչո՞ւ չի ստեղծված։ Ես ստեղծված եմ։

Ռավիկը ժպտաց։ Նրա ժպտի մեջ քնքշություն, ծաղր և տխրության մի ստվեր կար։

— Այո, Ժոան,— ասաց Ռավիկը,— դու նույնպես չես ստեղծված դրա համար։ Դու ավելի քիչ, քան ես։ Բայց դա միակ պատճառը չէ։ Կան նաև ուրիշ պատճառներ։

— Այո,— դառնությամբ ասաց Ժոանը,— ես դա գիտեմ։

— Ոչ, Ժոան։ Դու չգիտես։ Բայց ես քեզ կասեմ։ Այդ ավելի լավ է։ Որպեսզի չմտածես այնպես, ինչպես հիմա ես մտածում։

Ժոանը դեռ կանգնած էր նրա առաջ։

— Ես դա կասեմ շատ համառոտ,— վրա բերեց Ռավիկը։— Եվ աշխատիր ավելորդ հարցեր չտալ։

Ժոանը ոչինչ չպատասխանեց։ Նրա դեմքին ոչ մի արտահայտություն չկար։ Հանկարծ այդ դեմքը դատարկվեց, դարձավ այնպիսին, ինչպես առաջ էր։ Ռավիկը բռնեց Ժոանի ձեռքերից։

— Ես Ֆրանսիայում անլեգալ եմ ապրում, Ժոան,— ասաց նա։— Ես փաստաթուղթ չունեմ։ Դա այն հիմնական պատճառն է, որի հետևանքով ես չեմ կարող երբևէ որևէ բնակարան վարձել։ Ես հնարավորություն չունեմ նաև ամուսնանալու, եթե սիրում եմ որևէ մեկին։ Այդ բոլորի համար փաստաթուղթ է պետք և վիզա, որոնք ես չունեմ։ Ես իրավունք չունեմ նույնիսկ աշխատելու։ Դա ես պետք է գաղտնի անեմ։ Ես երբեք չեմ կարող ուրիշ ձևով ապրել, քան հիմա է։

Ժոանը զարմացած նայում էր նրան։

— Դու ճի՞շտ ես ասում։

Ռավիկն ուսերը թոթվեց։

— Հազարավոր մարդիկ կան, որոնք բոլորն էլ այդպես են ապրում։ Չէ՞ որ դու ինքդ էլ այդ գիտես, Ո՞ւմ համար է հիմա դա գաղտնիք։ Եվ ահա ես այդպիսիներից մեկն եմ։― Ռավիկը ժպտաց և բաց թողեց նրա ձեռքերը։— Մարդիկ, որոնք ապագա չունեն, ինչպես Մորոզովն է անվանում դրանց։

— Այո․․․ բայց․․․

— Եթե ուզում ես իմանալ, ես դեռ վատերից չեմ։ Ես Աշխատում եմ, ապրում եմ, դու իմն ես․․․ Այս բոլորից հետո ի՞նչ նշանակություն կարող է ունենալ մի քանի մանր֊մունր անհարմարությունները։

— Իսկ ոստիկանությո՞ւնը։

— Ոստիկանությունը առանձնապես չի էլ մտահոգվում դրանով։ Եթե պատահաբար ճանկերն ընկա, կքշեն, ուրիշ ոչինչ։ Բայց դա անհավանական է։ Իսկ հիմա գնա զանգահարի քո «Շեհերազադեն» և ասա, որ այսօր չես գնա։ Թող այսօրվա երեկոն երկուսով վայելենք։ Ամբողջ երեկոն։ Ասա, որ հիվանդ ես։ Եթե տեղեկանքի կարիք զգացվի, ես կաշխատեմ Վեբերից վերցնել։

ժոանը տեղից չէր շարժվում։

— Կքշեն,— ասաց Ժոանը, կարծես նոր միայն հասկանալով Ռավիկի ասածը։— Կքշե՞ն․․․ Ֆրանսիայի՞ց։ Եվ դու այլևս չե՞ս լինի այստեղ․․․ ինձ հետ․․․

— Շատ կարճ ժամանակով։

Ժոանը կարծես նրան չէր լսում։

― Դու այլևս չե՞ս լինի այստեղ․․․— հարցրեց նա։— Կգնա՞ս․․․ իսկ ես ի՞նչ եմ անելու։

Ռավիկը ժպտաց։

— Այո,— ասաց նա։— Իսկապես, դու ի՞նչ ես անելու։

Ժոանը, կարծես ընդարմացած, նստել էր ու ձեռքերը դրել ծնկներին։

— Ժոան,— ասաց Ռավիկը,— ես արդեն երկու տարի է, ինչ այստեղ եմ, և մինչև հիմա ոչինչ չի պատահել։

ժոանի դեմքի արտահայտությունը ոչնչով չփոխվեց։

— Իսկ եթե հիմա պատահի՞։

— Այն ժամանակ ես շուտով կվերադառնամ այստեղ։ Մեկ-երկու շաբաթից հետո։ Դա պարզապես մի փոքրիկ ճանապարհորդություն կլինի, ուրիշ ոչինչ։ Իսկ հիմա գնա զանգ տուր «Շեհերազադե»։

Ժոանը առանց շտապելու տեղից բարձրացավ։

— Զանգ տամ, ի՞նչ ասեմ։

— Ասա, որ բրոնխիտ ունես: Մի քիչ խռպոտացրած ձայնով խոսիր։

Ժոանը գնաց զանգ տալու։ Բայց իսկույն վերադարձավ։

— Ռավիկ․․․

Ռավիկը ձեռքի զգույշ շարժումով նրան մի կողմ տվեց։

— Արդեն բավական է,— ասաց նա։— Արի դա մոռանանք։ Գուցե դա նույնիսկ մեր բախտից է։ Մեզ կփրկի կրքերի ռանտյե դառնալուց։ Եվ մեր սերը անաղարտ կմնա, ինչպես հուրը․․․ Նա չի դառնա խոհանոցային օջախ՝ ընտանեկան ճաշեր պատրաստելու համար։ Իսկ այժմ գնա և զանգահարիր։

Ժոանը վերցրեց լսափողը։ Ռավիկը հետևում էր, թե նա ինչպես է խոսում։ Խոսակցության սկզբում Ժոանի միտքը կարծես բոլորովին ուրիշ տեղ լիներ, նա անընդհատ այնպես էր նայում Ռավիկին, կարծես հիմա ուր որ է նրան կձերբակալեն։ Սակայն հետո կամաց-կամաց հավաքեց իրեն և թեթև ու բնական սկսեց ստել։ Նա ստում էր նույնիսկ ավելի, քան անհրաժեշտ էր։ Նրա դեմքը աշխուժացավ, հիմա այնտեղ արդեն արտացոլվում էր իր կրծքի այն ցավը, որն ինքր նկարագրում էր։ Նրա ձայնը հիմա հնչում էր հոգնած, գնալով դառնում էր ավելի ու ավելի խռպոտ, իսկ վերջում Ժոանն սկսեց նույնիսկ հազալ։ Նա այլևս չէր նայում Ռավիկին, նրա հայացքն անցնում էր Ռավիկի կողքով ու կորչում հեռվում, Ժոանն ամբողջովին իր դերի մեջ էր։ Իսկ Ռավիկը լուռ հետևում էր նրան։ Հետո կալվադոսի մի մեծ կում արեց։ Ոչ մի կոմպլեքս, մտածեց նա։ Հայելի, որ ամեն ինչ արտացոլում է, բայց ոչինչ չի պահում։

Ժոանը լսափողը ցած դրեց և ձեռքով մազերը ետ սղալեց։

— Նրանք բոլոր ասածներիս հավատացին։

— Դու դերդ փայլուն կատարեցիր։

— Ասացին, որ պառկեմ, իսկ եթե մինչև վաղը չանցնի, ապա ի սեր աստծո ոչ մի դեպքում վեր չկենամ։

— Տեսնո՞ւմ ես։ Ուրեմն, վաղվա հարցը նույնպես լուծված է։

— Այո,— ասաց Ժոանը մի վայրկյան մռայլված։— Եթե անել այնպես, ինչպես ասվեց։

Այնուհետև նա մոտեցավ Ռավիկին։

— Դու ինձ սարսափեցրիր, Ռավիկ։ Ասա, որ այդ բոլորը ճիշտ չէ։ Դու հաճախ որոշ բաներ հենց այնպես ես ասում։ Ասա, որ դա ճիշտ չէ։ Այնպես չէ, ինչպես դու պատմեցիր։

— Դա ճիչտ չէ։

Ժոանը գլուխը դրեց Ռավիկի ուսին։

— Եվ չի կարող ճիշտ լինել։ Ես չեմ ուզում նորից մենակ մնալ։ Դու պետք է ինձ հետ լինես։ Ես ոչինչ եմ, եթե մենակ եմ։ Ես առանց քեզ ոչինչ եմ, Ռավիկ։

— Ժոան,— ասաց Ռավիկը, վերևից նայելով նրան,— երբեմն դու նման ես դռնապանի աղջկա, իսկ երբեմն էլ անտառների Դիանային։ Բայց մեկ֊մեկ էլ պատահում է այնպես, որ և մեկին ես նմանվում և մյուսին։

Գլուխը դեռ Ռավիկի ուսին դրած, նա կանգնած էր անշարժ։

— Իսկ հիմա ես ի՞նչ եմ։

Ռավիկը ժպտաց։

— Հիմա դու արծաթյա աղեղով Դիանան ես։ Անխոցելի և մահացու վտանգավոր։

— Դու ինձ դա պետք է հաճախ ասեիր։

Ռավիկը լուռ էր։ Ժոանը գլխի չընկավ, թե նա ինչ էր ուզում ասել։ Ասենք դա կարևոր էլ չէր։ Նա ընդունում էր միայն այն, ինչ իրեն սազում է, և այնպես, ինչպես որ ինքն էր ուզում։ Իսկ մնացածը նրան չէր էլ հետաքրքրում։ Հենց դա էլ նրա ամենահրապուրիչ գիծն էր։ Եվ ո՞վ կարող է հետաքրքրվել մի մարդով, օրն ամբողջությամբ իրեն է նման։ Ո՞ւմ է պետք սիրո մեջ բարոյականությունը։ Բարոյականությունը թույլերի հնարանքն է։ Եվ գոհերի տրտունջի երգը։

— Ի՞նչ ես մտածում,— հարցրեց Ժոանը։

— Ոչինչ,

— Ոչի՞նչ։

— Այո, ոչինչ,— ասաց Ռավիկը։— Մենք պետք է մի քանի օրով այստեղից մեկնենք, Ժոան։ Գնանք այնտեղ, որտեղ արև կա։ Կանն կամ Անտիբ։ Գրողի ծոցը թող գնա զգուշությունը։ Թող գրողի ձոցը կորչեն նաև երեքսենյականոց բնակարանի ու քաղքենիական հարմարավետության երազանքները։ Դրանք մեզ համար չեն։ Մի՞թե քեզ չի թվում, որ դու հենց ինքդ Բուդապեշտն ես իր այգիներով, որ դու ծաղկող շագանակենիների ծառուղու բուրմունքն ես, երբ արևատենչ ու արևին սիրահարված ամբողջ շիկացած աշխարհը քնում է լուսնի հողերի տակ։ Դու իրավացի ես։ Արի հեռանանք այս խավարից, այս ցրտերից ու այս անձրևներից։ Գոնե մի քանի օրով։

Ժոանը միանգամից ուղղվեց ու նայեց Ռավիկին։

— Ճի՞շտ ես ասում։

— Իհարկե, ինչ խոսք։

— Բայց․․․ Ոստիկանությունը․․․

— Գրողի ծոցը թող գնա ոստիկանությունը։ Նա այնտեղ ավելի վտանգավոր չէ, քան այստեղ։ Կուրորտային վայրերում տուրիստներին առանձին խստությամբ չեն ստուգում։ Հատկապես բարձր կարգի հյուրանոցներում։ Դու այդ տեղերում երբեք չե՞ս եղել։

— Ոչ։ Երբեք չեմ եղել։ Ես միայն Իտալիայում եմ եղել և Ադրիատիկի ափերին։ Ե՞րբ ենք մեկնելու։

— Մի երկու-երեք շաբաթից հետո։ Դա ամենալավ ժամանակն է։

— Իսկ փող ունե՞նք։

— Մի քիչ ունենք։ Բայց երկու-երեք շաբաթից հետո բավականին կունենանք։

— Մենք կարող ենք իջևանել որևէ փոքրիկ պանսիոնում։

— Պանսիոնը քո տեղը չէ։ Դու կամ պետք է այսպիսի մի բնում ապրես և կամ՝ առաջնակարգ հյուրանոցներում։ Մենք Անտիբի «Կապ» հյուրանոցում կիջևանենք։ Այդպիսի հյուրանոցներում մարդ իրեն լրիվ անվտանգ է զգում։ Ոչ ոք նույնիսկ փաստաթուղթ չի պահանջում։ Մոտ ժամանակներս ես պետք է մի նշանավոր գազանի՝ բարձր աստիճան ունեցող ինչ-որ պաշտոնյայի փոր ճղեմ։ Նա կհոգա, որ մենք մեր անհրաժեշտ գումարը ստանանք։

Ժոանն արագ տեղից կանգնեց։ Նրա դեմքը շողշողում էր։

— Արի,— ասաց նա,— արի ինձ մի կալվադոս էլ տուր։ Իսկապես որ սա երազանքների խմիչք է․․․

Ժոանը մոտեցավ մահճակալին և վերցրեց իր իրիկնային շորը։

― Ասավա՜ծ իմ․․․ բանից պարզվում է իմ ունեցած հագուստը ընդամենը այս երկու սև հնոտիներն են։

— Ոչի՜նչ։ Մի բան կանենք։ Երկու շաբաթվա ընթացքում շատ բան կարող է պատահել։ Օրինակի համար, ապենդիցիտ՝ բարձր հասարակության մեջ, և կամ միլիոնատերերից մեկնումեկի ոսկորի որևէ բարդ ջարդվածք․․․