— Այն ժամանակը, որ դու իզուր ծախսում ես դատարկ բաների վրա։ Ժամանակդ անցնում է, իսկ դու ոչինչ չես արել։ Դրա համար էլ ասում են․ ժամանակ կորցրեց։ Օրինակ, հիմա մեզ չի կարելի խոսելու վրա ժամանակ կորցնել, այլապես թագավորական պալատ կհասնենք պառկել֊քնելու ժամանակ։— Այս խոսքի վրա մորեղբայր Թիկ֊Թակը սկսեց ինքը թիավարել եւ նավակը լողաց գետի հոսանքն ի վար, դեպի Տխուր Թագավորի պալատը։
==Ութերորդ գլուխ==
<b>Տխուր թագավորին կատարած այցելության մասին</b>
Որքան մոտենում էին պալատին, այնքան օդը ցրտում էր, եւ շուտով նավակն սկսեց լողալ սառցակտորների միջով։ Պստիկ֊Ամպիկը ետ մնաց, եւ ինչ֊որ մի պահ հեռվում հայտնվեց ծիածանը։ Բայց անսպասելի սկսեց ձյուն տեղալ։ Մորեղբայր Թիկ֊Թակը հագավ տաք ջեմպրը, Չալտիկ Հավիկը փետուրները փքեց, եւ միայն Ճենապակե Շնիկն ու Ռռռռն էին, որ ցրտին ոչ մի ուշադրություն չէին դարձնում։
Նավահանգստում նրանց ողջունելու էին դուրս եկել մուշտակներով ու մորթե գլխարկներով մի քանի հոգի։ Արքայադուստր Մաթիլդան էր՝ պալատականների հետ։
— Ի՜նչ ուրախ ենք, որ ձեզ տեսնում ենք,— ասաց պալատականներից մեկը։— Թագավորը թախծում է, եւ գուցե ձեզ հաջողվի նրան ուրախացնել։— Ու պալատականը հյուրերին առաջնորդեց պալատ։
Չմրսելու համար, թագավորը բուխարիկի մոտից չէր հեռանում, իսկ թագուհին պառկել էր անկողնում։
— Վճռել է մինչեւ ամառ դուրս չգալ անկողնից,— գանգատվեց թագավորը։
— Բայց չէ՞ որ արդեն ամառ է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Խնձորենիների վրա հասել են խնձորները, կաղնու վրա՝ կաղինը, իսկ թփերին՝ ազնվամորին։
— Գիտեմ, ամեն տեղ ամառ է արդեն,— ասաց թագավորը,— իսկ այստեղ ամառը դեռ չի եկել։ Դեռ ձմեռ է ու այդ ձմռան վեիջն էլ չի երեւում։
Մորեղբայր Թիկ֊Թակը պատուհանից դուրս նայեց։ Պալատի զբոսայգին ծածկված էր ձյան շերտով, արահետներին ոստոստում էին ճնճղուկները եւ հացի փշրանքներ որոնում։ Ազատ ու համարձակ զբոսնում էր հյուսիսային քամին։
— Նույնիսկ իմ կրիաները չեն ուզում արթնանալ,— տխրամած ասաց թագավորը,— բայց ես, միեւնույն է, նրանց վրա չեմ բարկանում։
— Օ՜… թույլ տվեք նայել ձեր կրիաներին,— խնդրեց մորեղբայր Թիկ֊Թակը։
— Խնդրեմ,— ասաց թագավորը եւ բոլորին առաջնորդեց խոհանոց։
Եվ իսկապես, բոլոր տասնվեց կրիաներն էլ խորը քնել էին։
— Կարծես կռահում եմ, թե ինչն ինչոց է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Բարի եղեք, ձայն տվեք, թող այստեղ գան պալատական շեփորահարները։
— Այստեղ կանչեք շեփորահարներին,— հրամայեց թագավորը պալատականներին։
Երբ շեփորահարները եկան, մորեղբայր Թիկ֊Թակը նրանց շարք կանգնեցրեց եւ հրամայեց, որ բոլորը միասին, որքան հնարավոր է բարձր փչեն իրենց շեփորները։
— Ծի՜մ֊ծիրիրի՜մ֊ծիրիրի՜մ֊Ձ նվագեցին շեփորահարները։— Ծի՛մ֊ծիրիրի՛մ֊ծիրիրի՜֊ծի՛մ֊ծի՜մ…
Ա՜յ թե աղմուկ բարձրացավ։
Կրիաները աղմուկից արթնացան եւ նույն պահին էլ լսվեց մի խլացուցիչ «գըրը՜խկ»․ լճի սառույցն էր, որ աղմուկով փշրվեց։ Հանկարծ բակում, խոհանոցի դիմաց սկսեց սաստիկ մի ձյուն տեղալ, բայց նույն պահին էլ հալվեց, իսկ հաջորդ պահին ծիլ տվեց կանաչ խոտն ու դայլայլեցին թռչունները։
Հյուսիսային քամին շատ զարմացավ։
— Օգնեցե՜ք,— գոչեց նա։— Արդեն ամառ է, իսկ ես դեռ այստեղ եմ։— Եվ նա սուրաց դեպի Հյուսիսային բեւեռ, իր հետ տանելով նաեւ ձմռանը։
Նրա թռիչքի ճանապարհին ամենուրեք սկսվում էր ցուրտը․ գետերն ու լճակները սառցակալում էին, մարդիկ տաք վերարկուներ ու ձեռնոցներ էին հագնում եւ փաթաթվում վզնոցներով։ Սակայն, բարեբախտաբար, ձյունն արագ հալվում էր եւ մարդիկ դարձյալ հանում էին իրենց տաք հագուստները։
Իսկ պալատում թագուհին ելավ անկողնից, հագավ ամառային իր զգեստը եւ նույնիսկ համբուրեց թագավորին, որովհետեւ ամռան գալով նրա տրամադրությունը բարձրացել էր։ Թագավորն էլ այլեւս չթախծեց։ Իսկ արքայադուստր Մաթիլդան վերցրեց գնդակն ու ցանցաթին եւ մարգագետին վազեց պալատականների հետ թենիս խաղալու։
— Ոչինչ չեմ հասկանում,— ասաց թագավորը, ծոծրակը քորելով։
— Բանն այն է, Ձերդ մեծություն,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը,— որ կրիաները սովորաբար ձմռանն են քուն մտնում, եւ երբ ձմեռը տեսել է, որ ձեր խոհանոցում տասնվեց կրիա են քնած, մտածել է, թե իզուր ինչո՞ւ հեռանա։ Բայց, իրականում, հիմա ոչ թե ձմեռ է, այլ աշնանամուտ։
Այդ պահին միջանցքից լսվեցին ինչ֊որ ոտնաձայներ․ հետո մեկը սկսեց ճանկռոտել դուռը։
— Երեւի սկյուռիկներ են,— ասաց թագավորը։
Եվ իրոք։ Դուռը բացելուն պես, սկյուռիկները խուժեցին սենյակ։ Ամեն մեկը մի կաղին ուներ։
— Սրանք այնքա՜ն ծույլ են, այնքա՜ն ծույլ,— գանգատվեց թագավորը,— աշնանը միշտ վազում են ինձ մոտ, որպեսզի խոհանոցի դռան արանքում ես կոտրեմ իրենց կաղինները։
Թագավորը սկյուռիկներից վերցրեց կաղինները ու սկսեց կոտրել, դնելով խոհանոցի դռան արանքում, իսկ շեփորահարները օգնում էին նրան։
— Ժամանակն է, որ մենք ճանապարհը շարունակենք, Ձերդ մեծություն,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը թագուհուն։
— Գնաք բարով,— ասաց թագուհին եւ համբուրեց մորեղբայր Թիկ֊Թակին ու Ռռռռին։
Թագավորը սեղմեց նրանց ձեռքը եւ մորեղբայր Թիկ֊Թակը նկատեց, որ նա դարձյալ տխրում է։
— Հենց նոր հիշեցի, որ եթե հիմա աշուն է,— ասաց թագավորը,— ապա շուտով նորից ձմեռ է կգա։ Չէ՞ որ դա անարդարացի բան է, չէ՞ որ ձմեռը նոր է հեռացել։
— Իրավացի եք,— համաձայնեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ես այդ հանգամանքը նկատի չէի ունեցել։ Իսկ Դ Ո ՞ Ւ ինչ կասես, Ռռռռ։ Գիտե՞ք, Ձերդ մեծություն, նա շատ խելացի վագր է։ Երբեմն, իհարկե, համառություն է անում, բայց ընդհանրապես շատ խելացի է։
Ռռռռը թաթով քորեց ականջի ետեւը։
— Դուք պետք է ամեն երեկո այգում ամառային պարահանդես կազմակերպեք,— ասաց նա թագավորին։— Այդ դեպքում, երբ ձմեռը գա, այսպես կմտածի․ «Ոնց որ թե՝ շուտ եմ եկել։ Այգում պարում են, իսկ ձմռանը ո՞վ է այգում պարում»։ Եվ մի ուրիշ տեղ կգնա ձմեռելու։
Թագավորն ուրախացավ եւ թագուհուն խնդրեց, որ նա ավելի շատ հրավերներ ուղարկի թագավորական այգում կազմակերպվելիք Ա Մ Ա Ռ Ա Յ Ի Ն պարահանդեսի համար։
— Եվ անպայման խոհարարին էլ պատվիրեք, որ ավելի շատ պաղպաղակ պատրաստի,— ավելացրեց նա, հետո նորից սեղմեց բոլորի ձեռքն ու հյուրերին ուղեկցեց մինչեւ նավակ։
— Իսկ ամենից կարեւորը,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը հրաժեշտ տալու ժամանակ,— երբ կրիաները քուն մտնեն, այնպես արեք, որ ձմեռը նրանց չնկատի։ Կրիաներին դրեք մետաղե ցանցով արկղի մեջ, որքան կարելի է շատ սալաթ լցրեք նրանց առաջ, եւ արկղն էլ պահեք խոհանոցային պահարանի Ա Մ Ե Ն Ա Խ Ո Ր Ք Ո Ւ Մ, իսկ դռներն էլ ամուր գոցեք։
— Այդպես էլ կանեմ,— ասաց թագավորը։— Շնորհակալ եմ խորհրդի համար։
Հյուրերին հրաժեշտ տալու համար թագուհին էլ գետափ եկավ եւ Ռռռռին դարչնագույն թղթով փաթաթած մի նվեր հանձնեց։
— Միայն թե, մինչ հեռու֊հեռուները հասնելը բաց չանես,— ասաց թագուհին։— Այս նվերը իմ եւ արքայադստեր կողմից է, որպեսզի դու միշտ լավ վագր լինես։
Թագուհին մի անգամ էլ համբուրեց նրան, բոլորը ձեռքերը թափահարեցին որպես հրաժեշտի նշան, եւ մորեղբայր Թիկ֊Թակը նավակը հրեց ափից․ հետո թիերն առավ ձեռքը եւ նավակը լողաց հոսանքն ի վեր։ Իսկ Ռռռռը մի թաթով բռնել էր նվերը, մյուս թաթն էլ թափահարում էր․ «Ցտեսություն»։