Changes

Ոսկե բզեզը

Ավելացվել է 7018 բայտ, 12:12, 8 Դեկտեմբերի 2015
Դժգոհ տեսքով նա ինձնից վերցրեց թուղթը և արդեն ճմրթում էր այն, ըստ երևույթին, կամենալով գցել կրակը, երբ նկարի վրա ինչ֊որ բան գրավեց նրա ուշադրությունը։ Լըգրանը հանկարծ շառագունեց, մի ակնթարթ անց ճիփ֊ճերմակ դարձավ։ Որոշ ժամանակ դիտում էր նկարն, ասես ուսումնասիրելով, ապա ելավ տեղից ու սեղանի վրայից վերցնելով մոմը, նստեց սենյակի մյուս ծայրում, սնդուկի վրա։ Այնտեղ կրկին աչքերը հառեց նկարին, շրջելով թուղթը մեկ այսպես, մեկ այնպես, սակայն ոչինչ չասաց։ Թեև տարօրինակ էր նրա վարմունքը, բայց ես խոհեմ համարեցի լռել՝ ըստ երևույթին, բարեկամս մռայլ տրամադրության մեջ էր ընկել։ Լըգրանը գրպանից հանեց դրամապանակը, խնամքով թաքցրեց նկարը, ապա դրամապանակը դրեց գրասեղանն ու փակեց բանալիով։ Կարծես թե մի քիչ ուշքի եկավ, բայց նախկին ոգևորությունը չկար այլևս։ Մռայլված չէր, բայց մտքերը հեռուներն էին սավառնում։ Լըգրանի ցրվածությունը գնալով աճում էր, և նրան զբաղեցնելու փորձերն ինձ չէին հաջողվում։ Սկզբում մտածում էի գիշերը հյուր մնալ, ինչպես հաճախ էր դա լինում, բայց հաշվի առնելով Լըգրանի տրամադրությունը, վճռեցի տուն վերադառնալ։ Նա չստիպեց ինձ, բայց հրաժեշտ տալիս սովորականից ավելի սրտագին սեղմեց ձեռքս։
 
Մեկ ամիս անց, որի ընթացքում չնչին տեղեկություն անգամ չունեի Լըգրանից, Չառլստոնում մոտս եկավ նրա ծառան՝ Յուպիտերը։ Ծերուկ, բարի ներգրին երբեք այդպես ընկճված չէի տեսել, և տագնապով մտածեցի՝ չլինի՞ թե վատ բան է պատահել բարեկամիս։
 
― Հը՞, Յուպ, ― ասացի ես, ― ի՞նչ կա։ Ինչպե՞ս է պարոնը։
 
― Անկեղծ ասած, նա առողջ չէ։
 
― Առողջ չէ՞։ Դու ինձ վախեցնում ես։ Ինչի՞ց է բողոքում։
 
― Հենց դա է որ կա։ Ոչնչից էլ չի բողոքում։ Բայց նա շատ հիվանդ է։
 
― Շատ հիվա՞նդ է։ Յուպիտեր, ինչո՞ւ իսկույն չասացիր։ Անկողի՞ն է ընկել։
 
― Ի՜նչ անկողին։ Շներով էլ ման գաս, նրան չես գտնի։ Ցավն էլ հենց դա է որ կա։ Օ՜հ, սիրտս ցավում է։ Խե՜ղճ մասսա Ուիլլ․․․
 
― Յուպիտեր, այնուամենայնիվ ուզում եմ իմանալ, թե ինչ ես ուզում ասել։ Ասացիր, որ պարոնդ հիվանդ է։ Նա քեզ չի՞ ասել, թե ինչն է ցավում։
 
― Մի բարկացեք վրաս, պարոն։ Չգիտեմ, թե գլխին ինչ օյին է եկել։ Ես էլ ձեզ եմ հարցնում, մասսա։ Ուիլն ինչո՞ւ է ամբողջ օրը աչքերը գետնին գցած ման գալիս, ինքն էլ սիփ֊սպիտակ, ոնց որ ճերմակ բադ։ Ինչո՞ւ է մի գլուխ հաշվում, հա հաշվում․․․
 
― Ի՞նչ է անո՞ւմ։
 
― Հաշվում է ու թվեր գրում տախտակին, էդպիսի զարմանալի թվեր կյանքումս չեմ տեսել։ Խոսում եմ, վախենալս գալիս է։ Աչքս վրայից չեմ փախցնում։ Իսկ երեկ չեղավ, ձեռքիցս բաց թողի, արևը դեռ չելած, փախավ֊գնաց ու մինչև գիշեր չկար։ Մի մեծ փայտ կտրեցի, ասեցի հենց գա, մի լավ դնգսեմ, հետո մեղքս եկավ, հիմար ծերուկս, նա շատ տխուր ետ եկավ․․․
 
― Ի՜նչ։ Ինչպե՜ս։ Նրան դնգսե՞լ․․․ Չէ, Յուպիտեր, այդքան խիստ մի եղիր, մեղք է, չծեծես նրան, չի դիմանա։ Հիմա ինձ մի բան ասա, ի՞նչ ես կարծում, այդ հիվանդության կամ, ավելի ճիշտ, այդ տարօրինակ վարմունքի պատճառն ի՞նչ է։ Նրա հետ որևէ վատ բան կատարվե՞լ է իմ գալուց հետո։
 
― Ոչ, պարոն, ձեր գալուց հետո ոչ մի վատ բան չի պատահել։ Բայց մինչև այդ պատահել է։ Հենց ձեր գալու օրն է պատահել։
 
― Ի՞նչ։ Այդ ի՞նչ ես ասում։
 
― Պարզ է, թե ինչ եմ ասում։ Բզեզի մասին եմ ասում։
 
― Ինչի՞․․․
 
― Բզեզի։ Ես կարծում եմ, որ ոսկե բզեզը կծել է մասսա Ուիլլին, գլուխն է կծել։
 
― Ոսկե բզեզը կծե՞լ է նրան։ Դա ի՞նչ ցավ է։
 
― Հենց դա է որ կա։ Կյանքումս այդպիսի գրողը տարած բզեզ չեմ տեսել՝ ձիու պես խփում էր ոտքերով ու մի գլուխ հա կծոտում էր։ Մասսա Ուիլլը բռնեց նրան ու գցեց, տեղնուտեղը գցեց՝ հենց այդ ժամանակ էլ երևի բզեզը կծեց։ Իսկ էդ բզեզի ռեխը հենց սկզբից էլ դուրս չեկավ, ու ես որոշեցի, որ, ինչ էլ լինի, դատարկ ձեռքով դրան չեմ բռնի։ Մի թղթի կտոր գտա ու փաթաթեցի մեջը, թղթի ծայրն էլ ուղիղ բերանը կոխեցի, այ թե ինչ արեցի։
 
― Ուրեմն, դու իրո՞ք մտածում ես, որ պարոնիդ բզեզն է կծել ու դա՞ է նրա հիվանդության պատճառը։
 
― Ոչ թե մտածում եմ, այլ ճիշտն եմ ասում։ Եթե նրան ոսկի բզեզը կծած չլիներ, երազին նա ոսկի՞ կտեսներ։ Ես շատ ու շատ բաներ եմ լսել այդ ոսկե բզեզների մասին։
 
― Իսկ որտեղի՞ց գիտես, որ նա երազին ոսկի է տեսնում։
 
― Որտեղից գիտե՞մ։ Ախր նա երազի մեջ խոսում է ոսկու մասին, այ թե որտեղից գիտեմ։
 
― Լա՛վ, Յուպ, գուցե և այդ ամենը ճիշտ է։ Դե, իսկ ինչ երջանիկ հանգամանքների բերումով պատիվ ունեցա այսօրվա այցելությանդ։
 
― Այդ ի՞նչ եք ասում, պարոն։
 
― Պարոն Լըգրանից ինչ֊որ ուղե՞րձ ես բելեր ինձ։
 
― Ոչ, պարոն։ Նա հրամայեց ձեզ տալ այս թուղթը։ Եվ Յուպիտերն ինձ հանձնեց հետևյալ բովանդակությամբ գրությունը․
 
«Թանկագին N
 
Ինչո՞ւ այլևս չեք գալիս ինձ մոտ։ Մի՞թե սրտին մոտ եք ընդունել իմ հերթական որևէ brusqyerie-ն։<ref>Կոպտություն (ֆրամս․)։</ref> Իհարկե, այդպես չէ։
 
Այն օրից, ինչ մենք չենք տեսնվել, մի լուրջ հոգս է ստեղծվել ինձ համար։ Ուզում եմ ձեզ պատմել այդ մասին, բայց չգիտեմ ինչից սկսել և ընդհանրապես արժե՞ արդյոք պատմել։
 
Վերջին օրերս այնքան էլ առողջ չէի, իսկ ծերուկ Յուպը վերջնականապես հոգիս հանեց իր անկոչ հոգածությամբ։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ երեկ նա մի հսկա դագանակ էր կտրել, ցանկանում էր ինձ դնգսել, որովհետև առանց նրա ամբողջ օրը solus<ref>Մենակ (ֆրանս․)։</ref> թափառել էի մայրցամաքի լեռներում։ Միայն վատառողջ վիճակս փրկեց ինձ քոթակից։
 
Մեր հանդիպումից հետո իմ հավաքածուն ոչնչով չի հարստացել։
 
Եթե նվազագույն հնարավորություն ունեք, Յուպիտերի հետ անպայման եկեք։ Ես ձեզ շատ եմ խնդրում։ Շատ կարևոր գործով այսօր երեկոյան պիտի հանդիպեմ ձեզ հետ։ Հավատացեք, դա մեծագույն կարևորության գործ է։ Ինչպես միշտ ձեր
 
::::Ուիլյամ Լըգրան»։
 
Ադմին, Վստահելի
1876
edits