Changes
::::Ուիլյամ Լըգրան»։
Գրության տոնի մեջ մի բան կար, որ իսկույն տագնապով համակեց ինձ։ Ոճն ամբողջությամբ բացարձակապես անսովոր էր Լըգրանի համար։ Ի՞նչ է մտել գլուխը։ Նրա անզուսպ երևակայությանն ի՞նչ նոր բան է տիրել։ Այդ ի՞նչ «մեծագույն կարևորության գործ» ունի նա։ Յուպիտերի պատմածը ոչ մի լավ բան չէր գուշակում։ Վախենում էի, որ իրեն պատահած դժբախտության շուրջ հետամուտ մտքերը մթագնել են բարեկամիս գիտակցությունը։ Առանց մեկ րոպե հապաղելու, որոշեցի գնալ նեգրի հետ։
Երբ նավակայան հասանք, նավակի հատակին, որով մենք պիտի կտրեինք նեղուցը, բոլորովին նոր մի գերանդի ու երկու բահ տեսա։
― Յուպ, սրանք ի՞նչ են, ― հարցրեցի ես։
― Գերանդի և երկու բահ, պարոն։
― Ճիշտ է։ Բայց որտեղի՞ց են լույս ընկել։
― Մասսա Ուիլն ինձ հրամայեց քաղաքում մի գերանդի և երկու բահ գնել և ես ահագին փող տվեցի սրանց։
― Հանուն այս աշխարհի բոլոր խորհրդավոր բաների, Յուպ, քո պարոնի ինչի՞ն են պետք բահն ու գերանդին։
― Չգիտեմ, թե ինչին են պետք, և գրողն ինձ տանի, թե գոնե ինքը գիտե։ Ամեն բան այդ բզեզից է, որ կա։
Տենսելով, որ Յուպիտերից խելքը գլխին բան չեմ լսի և որ նրա բանական բոլոր ունակությունները կաթվածահար են բզեզի մասին մտքերից, ցատկեցի նավակի մեջ ու բարձրացրեցի առագաստը։ Համընթաց ուժեղ քամին արագ քշեց֊հասցրեց մեզ Մոուլթրի ամրոցից հյուսիս ընկած քարաշատ ու ժայռապատ, փոքրիկ հրվանդանը։ Այստեղից երկու մղոն էր մինչև Լըգրանի խրճիթը։
Երբ տեղ հասանք, կեսօրվա ժամը երեքն էր։ Լըգրանը մեզ սպասում էր ակներև անհամբերությամբ։ Նա ամուր սեղմեց ձեռքս և այդ նյարդային ջերմությունը կրկին արթնացրեց ու ամրապնդեց քիչ առաջվա երկյուղս։ Լըգրանի դեմքին ինչ֊որ մահացու գունատություն կար, փոս ընկած աչքերն այրվում էին տենդագին կրակով։ Տեղեկանալով նրա առողջության մասին և չիմանալով էլ ինչ ասել, հարցրեցի, թե լեյտենանտ Ջ․֊ն վերադարձրե՞ց նրա բզեզը։
― Օ՜, այո, պատասխանեց նա և մեկեն շառագունեց։ ― Հենց հաջորդ առավոտյան։ Հիմա ինձ ոչինչ չի բաժանի բզեզից։ Գիտե՞ք, որ Յուպիտերը լիովին ճշմարիտ դուրս եկավ։
― Ինչո՞ւմ ճշմարիտ դուրս եկավ, ― հարցրեցի ես, և վշտագին մի կանխագուշակում պարուրեց ինձ։
― Ես ձեզ կանչել եմ․․․ ― հանդիսավոր տոնով սկսեց Լըգրանը, երբ վերջացրեցի բզեզը զննելը․․․ ― ես ձեզ կանչել եմ ձեր խորհուրդն ու օգնությունը հայցելու՝ Ճակատագրի և Բզեզի կամքը պարզելու համար․․․
― Թանկագին Լըգրան, ― բացականչեցի ես, ընդհատելով նրան, ― դուք բոլորովին հիվանդ եք, բուժվել է պետք։ Հենց հիմա անկողին մտեք, ես մի քանի օր կմնամ այստեղ, մինչև որ ձեզ լավ զգաք։ Դուք դողացնում եք։
― Բռնեք զարկերակս, ― ասաց նա։
Բռնեցի նրա զարկերակը և ստիպված էի խոստովանել, որ չնչին դողէրոցք անգամ չունի։
― Լինում են հիվանդություններ և առանց դողացնելու։ Այս անգամ լսեք իմ խորհուրդը։ Ամենից առաջ անկողին մտեք․․․ Ապա՛․․․
― Դուք սխալվում եք, ― ընդհատեց նա։ ― Ես լիովին առողջ եմ, բայց անչափ ուժեղ հուզմունք է տիրել ինձ։ Եթե, իրոք, իմ բարին եք ցանկանում, պետք է օգնեք, որ հանգստանամ։
― Ինչպե՞ս օգնեմ։
― Շատ պարզ։ Ես ու Յուպիտերը պատրաստվում ենք էքսպեդիցիայի՝ մայրցամաք, սարերը, և մեզ օգնական է պետք, ում վրա կարող ենք հույս դնել։ Դուք միակն եք, ում մենք վստահում ենք։ Մեզ հաջողություն է սպասում, թե անհաջողություն՝ միևնույն է, իմ հուզմունքը կհանդարտվի։
― Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ օգտակար լինել, ― պատասխանեցի ես, ― բայց ասացեք, այս հիմար բզեզը որևէ կապ ունի՞ ձեր սարերը գնալու հետ։
― Այո՛։
― Լըգրան, այդ դեպքում ես հրաժարվում եմ մասնակցել նման մի անհեթեթ գործի։
― Ափսոս, շատ ափսոս։ Այդ դեպքում ստիպված կլինենք երկուսով գնալ։
Գնալ երկուսո՜վ։ Նա, իրոք, խելագար է։
― Մի րոպե սպասեք։ Որքա՞ն ժամանակ եք մտադիր մնալ այնտեղ։
― Երևի ամբողջ գիշերը։ Ճամփա կընկնենք հենց հիմա և լուսադեմին, ինչ էլ լինի, կվերադառնանք։
― Համաձա՞յն եք պատվո երդում տալ, որ երբ ձեր այս բզեզի (արդա՜ր աստված) քմահաճույքը բարեհաջող կավարտվի, դուք տուն կվերադառնաք ու կսկսեք լսել ինձ այնպես, ինչպես ձեր ընտանեկան բժշկին։
― Այո, խոստանում եմ։ Իսկ հիմա ճանապարհ ընկնենք։ Ժամանակը թանկ է։
Ծանր սրտով համաձայնեցի ուղեկցել ընկերոջս։ Ժամը չորսին մոտ էր, երբ ճանապարհ ընկանք՝ Լըգրանը, Յուպիտերը, շունը և ես։ Յուպիտերը վերցրել էր գերանդին ու բահերը․ նա այդ բեռը կամեցավ կրել ոչ թե բուռն սիրալիրությունից կամ աշխատասիրությունից, այլ, իմ կարծիքով, այդ գործիքներն իր պարոնին վստահելու վախից։
Յուպիտերն անափ համառ տեսք ուներ։ «Գրողի տարած բզեզ»՝ ահա միակ բանը, որ լսեցի նրանից ողջ ճանապարհին։ Ինձ բաժին էր ընկել երկու գաղտնալապտեր։ Լըգրանը տանում էր բզեզը։ Բզեզը կապված էր լարի պոչին, և Լըգրանը քայլելիս պտտում էր լարը ճիշտ և ճիշտ կախարդի պես։ Երբ նկատեցի բարեկամիս խելագարության այդ նոր ցայտուն ապացույցը, հազիվ զսպեցի արցունքներս։ Այդուհանդերձ, որոշեցի առայժմ ոչնչով չառարկել Լըգրանին և սպասել առիթի, երբ կարող եմ ինչ֊որ եռանդուն ու գործնական միջոցներ ձեռնարկել։ Մի քանի անգամ փորձեցի մեր արշավի նպատակի մասին խոսք բացել, բայց ապարդյուն։ Համոզելով ինձ գնալ իրենց հետ և գոհ դրանից, Լըգրանն, ըստ երևույթին, այլևս ոչ մի խոսակցություն չէր ցանկանում սկսել և բոլոր հարցերիս մի բառով էր պատասխանում՝ «կտեսնենք»։
Հասնելով հրվանդան, մենք նավակ նստեցինք ու անցանք մայրցամաք, ապա զառիվեր ափով բարձրացանք և ուղղություն վերցնելով դեպի հյուսիս֊արևմուտք, խորացանք մի վայրի ու ամայի վայր, ուր թվում է, երբեք մարդու ոտք չէր դիպել։ Լըգրանը վստահ առաջնորդում էր մեզ, մեկ֊մեկ միայն կանգ առնելով և ստուգելով ճամփանշանները, որոնք նա, ըստ երևույթին, միտն էր պահել վաղօրոք։
Այսպես, երկու ժամ գնացինք, և վերջալույսին մեր դեմ բացվեց մինչ այժմ մեր տեսածից առավել մռայլ տեղանք։ Դա մի տեսակ սարահարթ էր, որ ընկած էր համարյա անմատչելի, վարից վեր անտառապատ զառիթափի ստորոտին։ Փեշերին սփռված էին վիթխարի գլաքարեր, որոնք, թվում է, վար չէին գլորվում լոկ այն պատճառով, որ ծառերը փակել էին ճանապարհը։ Խոր ու նեղ կիրճեր էին հատում տեղանքը բոլոր ուղղություններով՝ բնանկարին հաղորդելով էլ ավելի խստություն։
Սարահարթը, որով մենք գնում էինք, ամբողջովին պատած էր մոշով։ Շուտով պարզ դարձավ, որ առանց գերանդու օգնության այդ թփուտների միջով գնալն անհնար է։ Լըգրանի հրամանով Յուպիտերն սկսեց հնձել ու մեզ համար արահետ բացել դեպի արտակարգ բարձրության կակաչենին, որ կանգնած էր տասնյակ կաղնիների միջև ու գերազանցում էր թե՛ այդ կաղնիները, թե՛ երբևէ իմ տեսած բոլոր ծառերը փարթամ ու ճոխ պսակով, սաղարթի վսեմ գեղեցկությամբ և ընդհանուր գծագրի վեհապանծությամբ։ Երբ մոտեցանք, Լըգրանը շրջվեց ու հարցրեց Յուպիտերին, թե կարո՞ղ է այդ ծառը բարձրանալ։ Ծերուկը շփոթվեց անսպասելի հարցից և սկզբում ոչինչ չպատասխանեց։ Ապա մոտեցավ հսկա բնին և ուշադիր զննելով պտտվեց չորս բոլորը։ Երբ վերջացրեց իր զննումը, պարզ ու հանգիստ ասաց․
― Այո, պարոն։ Այնպիսի մի ծառ դեռ չի աճել, որ Յուպիտերը չկարողանա բարձրանալ։
― Ուրեմն, էլ մի հապաղիր և բարձրացիր, որովհետև շուտով մութը կընկնի և մենք ոչինչ չենք կարողանա անել։
― Շա՞տ պիտի բարձրանամ, պարոն, ― հարցրեց Յուպիտերը։
― Բարձրարիր այնքան, ինչքան կասեմ․․․ Է՛յ, սպասիր։ Բզեզը հետդ վերցրու։
― Բզե՞զը, պարոն, ոսկե բզե՞զը, ― բղավեց նեգրը, վախից ընկրկելով։ ― Բզեզն ի՞նչ գործ ունի ծառի վրա։ Անիծված լինեմ, թե հետս վերցնեմ։
― Յուպիտեր, ինձ լսիր, եթե դու՝ ուժեղ ու հաղթանդամ նեգրդ, վախենում ես ձեռք տալ այս անվնաս, մեռած միջատին, ապա բռնիր լարից, իսկ եթե դու բոլորովին չվերցնես բզեզը, ապա, որքան էլ ցավալի լինի, ես ստիպված կլինեմ գլուխդ ջարդել ա՛յ, այս բահով։
― Իզուր եք աղմկում, պարոն, ― ասաց Յուպիտերը, ըստ երևույթին ավելի հաշտվողաբար և ամաչելով։ ― Մի գլուխ հանդիմանում եք ծերուկ նեգրիս։ Ես կատակ արեցի։ Մի՞թե ես վախենում եմ բզեզից։ Բզեզն ի՜նչ է որ․․․
Եվ, զգուշորեն բռնելով լարի ծայրը, բզեզը հնարավորին չափ հեռու պահելով իրենից, նա պատրաստվեց ծառը բարձրանալ։
Կակաչենին֊Liriodendron Tulipiferum-ն ամերիկյան անտառներում աճող ծառերից ամենահոյակապն է։ Ջահել ծառն աչքի է ընկնում անսովոր հարթ բնով և ճյուղեր է արձակում միայն մեծ բարձրության վրա։ Բայց և տարիքն առնելուն զուգընթաց ծառի բունը դառնում է անհարթ ու կոշտուկապատ, բացի այդ երևան են գալիս բազմաթիվ կարճ ոստեր։ Այնպես որ Յուպիտերի առջև կանգնած խնդիրն առաջին հայացքից էր միայն անկատար թվում։ Վիթխարի բունը ձեռքերով ու ծնկներով գրկած, բոբիկ մատներով շոշափելով կեղևի անհարթություններն ու հենվելով դրանց վրա, մեկ երկու անգամ հաջողությամբ խուսափելով ընկնելուց, Յուպիտերը հասավ առաջին ճյուղավորմանն ու, ըստ երևույթին, իր քաջագործությունը ավարտված համարեց։ Իսկապես գլխավոր վտանգն անցել էր, բայց Յուպիտերը վաթսուն թե յոթանասուն ոտնաչափ բարձրության վրա էր։
― Հիմա ո՞ւր բարձրանամ, մասսա Ուիլլ, ― հարցրեց նա։
― Ամենահաստ ճյուղով դեպի վեր, ա՛յ այս կողմով, ― ասաց Լըգրանը։
Նեգրն իսկույն ենթարկվեց՝ ըստ երևույթին, բարձրանալը դժվար չէր։ Նա բարձրանում էր վեր ու վեր, և շուտով նրա հաղթանդամ մարմինն անհետացավ խիտ սաղարթի մեջ։ Ապա լսվեց նրա ձայնն ասես հեռվից։
― Է՞լ ինչքան բարձրանամ։
― Հիմա որտե՞ղ ես, ― հարցրեց Լըգրանը։
― Շատ, շատ բարձր եմ, ― պատասխանեց նեգրը։ ― Տեսնում եմ ծառի կատարը, հետո էլ՝ երկինքը։
― Ավելի քիչ նայիր երկնքին և ուշադիր լսիր, թե ինչ եմ ասում։ Ցած նայիր և հաշվիր, քանի ճյուղավորում ունի այն ճյուղը, որով բարձրանում ես։ Քանի՞ ճյուղ ես բարձրացել։
― Մեկ, երկու, երեք, չորս, հինգ։ Ինձնից ցած հինգ ճյուղ կա, մասսա։
― Մեկն էլ բարձրացիր։
Յուպիտերը շուտով հավաստիացրեց մեզ, որ հասել է յոթերորդ ճյուղին։
― Յուպ, իսկ հիմա, ― բղավեց Լըգրանն անչափ հուզված, ― դու կբարձրանաս այդ յոթերորդ ճյուղով։ Բարձրացիր, որքան հնարավոր է։ Ճյուղի վրա մի բան գտար թե չէ, ձայն տուր։
Բարեկամիս խելագարության առթիվ եթե չնչին կասկածներ ունեի, ապա դրանք անհետացան։ Ավա՜ղ, նա խելագար էր։ Անհրաժեշտ էր մտածել նրան տուն հասցնելու մասին։ Մինչդեռ ես մտածում էի, կրկին լսվեց Յուպիտերի ձայնը․
― Այս ճյուղով էլ վախենում եմ բարձրանալ։ Ճյուղը համարյա լրիվ չորացած է։
― Ասում ես, ճյուղը չորացե՞լ է, Յուպիտեր, ― բղավեց Լըգրանը կերկեր ձայնով։
― Այո, մասսա Ուիլլ, մեռած ճյուղ է, շուտով կգնա այն աշխարհը։
― Աստված իմ։ Ի՞նչ անենք, ― բացականչեց Լըգրանը, հավանաբար, հուսահատված։
― Ինչ անե՞նք, ― արձագանքեցի ես, ուրախ, որ խոսելու հերթն ինձ հասավ։ ― Տուն վերադառնալ և անկողին մտնել։ Լսեք ինձ, պետք չէ հապաղել։ Արդեն ուշ է։ Բացի այդ, դուք ինձ խոստացել եք․․․
― Յուպիտեր, ― բղավեց նա, նվազագույն ուշադրություն անգամ չդարձնելով խոսքերիս։ ― Դու ինձ լսո՞ւմ ես։
― Լսում եմ, մասսա Ուիլլ, ինչպե՞ս չեմ լսում։
― Դանակդ առ ու քերիր ճյուղը։ Գուցե այնքան էլ փտած չէ։
― Փտածը փտած է, ― պատասխանեց նեգրը քիչ անց, ― բայց այնքան էլ չէ։ Ճիշտն ասած, ես կարող եմ մի քիչ էլ բարձրանալ։ Միայն թե ես մենակ։
― Ի՞նչ ես ասում։ Առանց այդ էլ դու մենակ ես։
― Իսկ բզե՞զը։ Բզեզը շա՜տ ծանր է։ Եթե սրան ցած գցեմ, կարծում եմ այս ճյուղը ծերուկ նեգրիս կպահի։
― Ծեր խաբեբա, ― բղավեց Լըգրանն, ըստ երևույթին անչափ թեթևացած։ ― Հիմար֊հիմար դուրս մի տուր։ Եթե բզեզը ցած գցես, գլուխդ կպոկեմ։ Էյ՜, Յուպիտեր, լսո՞ւմ ես ինձ։
― Իհարկե լսում եմ, մասսա Ուիլլ։ Իզուր եք խեղճ նեգրիս այդպես հայհոյում։
― Դե, ուրեմն լսիր։ Եթե այդ ճյուղով մի քիչ էլ բարձրանաս, իհարկե, զգուշությամբ, որ ցած չընկնես, ու եթե ձեռքիցդ բաց չթողնես բզեզը, քեզ տեղնուտեղը մի արծաթ դոլար կտամ, հենց որ ծառից իջնես։
― Շատ լավ, մասսա Ուիլլ, բարձրանում եմ, ― փութկոտ պատասխանեց Յուպիտերը, ― ահա և վերջը։
― Ճյուղի՞ վերջն է, ― գոռաց Լըգրանը։ ― Ճի՞շտ ես ասում, դու հասել ես ճյուղի ծայրի՞ն։
― Քիչ է մնացել, մասսա Ուիլլ․․․ Օ՜յ֊օ՜յ֊օ՜յ, տե՜ր աստված։ Սա ի՜նչ է։
― Դե՞, ― բղավեց Լըգրանն անչափ գոհ։ ― Ի՞նչ ես գտել այդտեղ։
― Առանձնապես ոչինչ՝ գանգ է։ Ինչ֊որ մեկն իր գլուխը մոռացել է ծառի վրա, և ագռավները կերել են ամբողջ միսը։
― Ասում ես՝ գա՞նգ է։ Շատ լավ։ Ինչպե՞ս է ամրացված ճյուղին։ Ինչո՞ւ չի ընկնում։
― Ճիշտ որ, մասսա Ուիլլ։ Հիմա նայեմ, այս ինչ հեքիաթ է, զարմանալի է։ Մեծ ու երկար մեխ է։ Գանգը ճյուղին է մեխված։
― Յուպիտեր, հիմա արա ճիշտ այնպես, ինչպես կասեմ։ Ինձ լսո՞ւմ ես։
― Լսում եմ, պարոն։
― Ուշադիր լսիր։ Գտիր գանգի ձախ աչքը։
― Ըհը, այո՛։ Իսկ ինչպես գտնեմ գանգի ձախ աչքը, եթե նա բոլորովին աչք չունի։
― Օհ, ի՜նչ մարդ դուրս եկար։ Գիտե՞ս, թե որն է քո ձախ ձեռքը և որը՝ աջը։
Գիտեմ, շատ լավ գիտեմ, ձախ ձեռքով ես փայտ եմ կտրում։
― Ճիշտ է։ Դու ձախլիկ ես։ Ուրեմն, քո ձախ աչքն այն կողմում է, ինչ և ձախ ձեռքը։ Հիմա կարո՞ղ ես գտնել գանգի ձախ աչքը, այն տեղն, ուր եղել է ձախ աչքը։ Գտա՞ր։
Երկար ժամանակ պատասխան չկար։ Ապա նեգրն ասաց․
― Գանգի ձախ աչքն այն կողմում է, ինչ և գանգի ձախ ձե՞ռքը։ Բայց ախր գանգը բոլորովին էլ ձախ ձեռք չունի։ Ա՜, լավ, լավ։ Ահա գտա աչքը։ Ի՞նչ անեմ։
― Դրա միջով անցկացրու բզեզը և որքան լարը բավականացնի, իջեցրու։ Միայն թե տես, ցած չգցես։
― Եղավ, ― մասսա Ուիլլ։ Ավելի հեշտ գործ կա՞, քան բզեզը ծակով բաց թողնելը։ Ապա տեսեք։
Այս երկխոսության ընթացքում Յուպիտերը մեզնից ծածկված էր ծառի սաղարթով։ Բայց ահա լարի ծայրին երևաց բզեզը, որ ցած էր թողնում նեգրը։
Մայր մտնող արևը դեռևս թեթևակի լուսավորում էր բարձունքն, ուր մենք կանգնած էինք, և արեգակի վերջին ճառագայթների տակ բզեզը փայլում էր, ինչպես հղկած ոսկյա գնդիկ։ Նա ազատ կախված էր ծառի ճյուղերի արանքում, ու եթե Յուպիտերը թողներ լարը, բզեզը կընկներ ուղիղ մեր ոտքերի մոտ։ Լըգրանը շտապ֊շտապ վերցրեց գերանդին ու երեք֊չորս յարդ<ref>Յարդ ― չափի անգլիական միավոր, հավասար է 0,91 մետրի։</ref> շառավղով մաքրեց գետինը։ Վերջացնելով, նա հրամայեց Յուպիտերին թողնել լարը և ցած իջնել։
Մի ցից խրելով ճիշտ այնտեղ, ուր ընկավ բզեզը, բարեկամս գրպանից հանեց հողաչափ ժապավենը։ Մի ծայրը ամրացրեց ծառի բնին և ձգեց մինչև ցիցը, որից հետո, շարունակելով արձակել ժապավենը, նույն ուղղությամբ չափեց ևս հիսուն ոտնաչափ։ Յուպիտերը, գերանդին ձեռքին, գնում էր առջևից, հնձելով մոշի թփերը։ Հասնելով նշված տեղը, Լըգրանը խփեց երկրորդ ցիցը և դարձնելով կենտրոն, մոտավորապես չորս ոտնաչափ տրամագծով շրջան գծեց։ Ապա վերցրեց բահը, մեկական բահ էլ տվեց ինձ ու Յուպիտերին և կարգադրեց փորել ամբողջ թափով։
Ճշմարիտն ասած, նույնիսկ օրը ցերեկով նման կարգի զվարճալիքների նկատմամբ առանձին հակում չունեմ։ Այժմ արդեն վրա էր հասնում գիշերը, իսկ ես առանց այդ էլ հոգնած էի մեր զբոսանքից։ Մեծ հաճույքով կասեի «ոչ», բայց չէի կամենում հակառակվել խեղճ բարեկամիս և դրանով իսկ խորացնել նրա հոգեկան խանգարումը։ Այնպես որ ուրիշ անելիք չունեի։ Եթե հույս ունենայի Յուպիտերի օգնության վրա, առանց մի րոպե կորցնելու, ուժ կգործադրեի և խելագարին տուն կտանեի։ Սակայն բավական լավ էի ճանաչում ծերուկ նեգրին ու գիտեի, որ ոչ մի դեպքում նա չի պաշտպանի ինձ ընդդեմ իր պարոնի։ Ինչ վերաբերում է Լըգրանին, ապա ինձ համար լիովին պարզ էր, որ նա վարակվել է մեզ մոտ՝ Հարավում այնքան տարածված գանձ որոնելու մոլությամբ և որ նրա վառ երևակայությունը բորբոքվել է բզեզը գտնելով, հավանաբար նաև Յուպիտերի համառ շատախոսությամբ, իբր այդ բզեզը «զուտ ոսկուց է»։
Նման մոլությունից անկայուն մտքերը հեշտությամբ են հասնում խանգարման, հատկապես եթե դրանք սնվում են հոգու գաղտնի ձգտումներից։ Ես հիշեցի խեղճ բարեկամիս խոսքերը, իբր բզեզը նրան է վերադարձնելու կորցրած կարողությունը։ Զայրացած էի, միաժամանակ խորապես վշտացած։ Բայց վերջ ի վերջո որոշեցի բարեհաճ լինել (քանի որ այլ ելք չունեի) և ըստ կարելույն մասնակցել գանձ որոնելուն, որպեսզի արագ ու ակնառու համոզեմ Լըգրանին՝ իր անհող երևակայության մեջ։
Մենք վառեցինք լապտերները և սկսեցինք փորել այնպիսի փութաջանությամբ, որ լավագույն օրինակ կարող էր ծառայել։ Լույսը խաղում էր մեր դեմքերին, և ես մտածեցի, որ երեքս մեկտեղ բավական հետաքրքիր խումբ ենք կազմում և որ մեզ հանդիպելիս պատահական անցորդը տարօրինակ մտքեր ու կասկածներ պիտի ունենա։
Արդեն լրիվ երկու ժամ աշխատում էինք։ Լիակատար լռություն էինք պահպանում, և մեզ շփոթեցնում էր միայն շան հաչոցը, որն անսովոր հետաքրքրություն էր ցուցաբերում մեր աշխատանքի նկատմամբ։ Այդ հաչոցը գնալով ավելի համառ էր դառնում, և մենք սկսեցինք զգաստանալ, չլինի թե իսկապես նա մեզ մոտ բերի մոտակայքում գիշերելու պառկած որևիցե շրջմոլիկի։ Ավելի ճիշտ, դրանից վախենում էր Լըգրանը։ Ես սոսկ ուրախ կլինեի, եթե կողմնակի մարդու միջամտությունն օգներ տուն վերադարձնել նրան։ Կատաղած շանը հանգստացրեց Յուպիտերը, ցուցաբերելով մեծ հնարամտություն։ Նա վճռական տեսքով դուրս ելավ փոսից և շան մռութը կապկպեց իր շալվարակապերով, որից հետո հոնքերը կիտած, խնդմնդալով, կրկին ձեռքն առավ բահը։
Երկժամյա աշխատանքից հետո մեր փոսը հասավ հինգ ոտնաչափ խորության, բայց գանձի և ոչ մի հետք չկար։ Դադար առանք, և ես սկսեցի հուսալ, որ կատակերգությունը մոտենում է ավարտին։ Այնինչ, Լըգրանը, թեև մտազբաղ, սրբեց ճակատի քրտինքը ու կրկին ձեռքն առավ բահը։ Մեր քանդած փոսն արդեն գրավում էր Լըգրանի գծած շրջանի ամբողջ տարածությունը։ Այժմ մենք ելանք սահմաններից, ապա խորացրինք փոսը ևս երկու ոտնաչափ։ Արդյունքները նույնն էին։ Իմ գանձ որոնողը, որին խղճում էի ամբողջ հոգով, վերջապես դուրս ելավ փոսից և սկսեց դանդաղ, չկամությամբ հագնել սերթուկը, որը մի կողմ էր նետել աշխատանքի սկզբում։ Նրա յուրաքանչյուր դիմագիծը դառը հուսալքություն էր արտահայտում։ Ես լուռ էի, Յուպիտերն իր պարոնի նշանով սկսեց հավաքել գործիքները։ Ապա նա շան մռութից հանեց ինքնաշեն երախակալը և մենք, առանց որևիցե բառ արտասանելու, ճամփա ընկանք տուն։