==='''ՆՈՎԵԼ ՉՈՐՐՈՐԴ'''===
''Մի վանական, ծանր պատժի արժանի մեղքի մեջ ընկնելով, հնարամտորեն նույն մեղքի մեջ բռնում է իր վանահորը և ազատվում պատժից''
Ֆիլոմենան, ավարտելով իր պատմությունը, արդեն լռել էր, երբ նրա կողքին նստած Դիոնեոն, թագուհու հատուկ հրամանին չսպասելով, որովհետև գիտեր, որ ըստ սահմանյալ կարգի՝ խոսելու հերթն իրենն է, սկսեց այսպես խոսել․— Սիրելի՛ դամաներ, եթե ես ճիշտ եմ հասկացել մեր ընդհանուր մտադրությունը, ապա մեր այստեղ ժողովվելու նպատակն է պատմություններ անելով զվարճացնել միմյանց։ Ուստի ես գտնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրին,— եթե միայն նան այդ կանոնին դեմ չգնա,— թույլատրված է (իսկ որ դա այդպես է, քիչ առաջ ասաց ինքը՝ թագուհին) պատմել այնպիսի նովել, որը իր կարծիքով կպատճառի առավել բավականություն։ Մենք լսեցինք, թե ինչպես Ջիանոտո դի Չիվինիի բարի խորհուրդների շնորհիվ Աբրահամը փրկեց իր հոգին, թե ինչպես Մելքիսեդեկը հնարամտությամբ իր հարստությունը պաշտպանեց Սալադինի որոգայթից․ այդ պատճառով էլ, ձեր կողմից կշտամբանքների չսպասելով, ես մտադիր եմ համառոտակի պատմել, թե ինչպիսի խորամանկությամբ մի վանական ազատվեց ծանր պատժից։
Այստեղից ոչ շատ հեռու՝ Լուիջիանա գավառում, կար մի վանք, որը մի ժամանակ իր սրբությամբ ավելի էր հռչակված և ուներ ավելի շատ վանականներ, քան այժմ։ Ի թիվս այլոց՝ այնտեղ կար մի ջահել վանական, որի մարմնական ուժերին ու թարմությանը չթին կարողացել վնասել ո՛չ ծոմերը, ո՛չ էլ հսկումները։ Մի անգամ կեսօրին, որն մնացած բոլոր վանականները քնած էին, իսկ նա միայնակ թափառում էր իր եկեղեցու շուրջը, որը գտնվում էր մի խիստ առանձնացած վայրում, պատահմամբ նկատեց մի շատ գեղեցիկ աղջկա, որը հավանաբար որևէ գյուղացու դուստր էր և դաշտում շրջելով՝ խոտեր էր հավաքում։ Աղջկան տեսած-չտեսած՝ վանականը մարմնական խիստ ցանկություն զգաց, ուստի մոտենալով նրան՝ զրույցի բռնվեց նրա հետ, և գործն այնպիսի ընթացք ընդունեց, որ նա աղջկա համաձայնությունն առնելով՝ նրան տարավ իր խուցը այնպես, որ ոչ ոք չնկատեց։ Եվ մինչդեռ չափազանց ուժգին տռփանքով համակված, այնքան էլ չզգուշանալով՝ նա քեֆ էր քաշում նրա հետ, եղավ, որ վանահայրը, քնից ելնելով և անցնելով նրա խցի մոտով, լսեց այն աղմուկը, որ առաջացրել էին նրանք երկուսով։ Որպեսզի կարողանար ավելի լավ որոշել ձայները, նա ականջ դնելու նպատակով զգույշ մոտեցավ դռանը և հաստատ իմացավ, որ ներսում կին կա, և մի պահ գայթակղություն ունեցավ հրամայելու, որ դուռը բանան, բայց հետո միտքը փոխեց ու որոշեց այլ կերպ վարվել և, վերադառնալով իր սենյակը, սկսեց սպասել, մինչև որ վանականը դուրս գար խցից։ Վանականն էլ, թեպետև այն կնոջ հետ մեծագույն բավականության ու վայելքի էր տրված, այնուամենայնիվ կասկածը սրտումն էր, և քանի որ նրան թվաց, թե դռան մոտից ոտքերի քստքստոց է լսվում, աչքը դեմ արավ նեղլիկ ճեղքին և չափազանց պարզ ու որոշ տեսավ, որ վանահայրը ականջ է դնում, և շատ լավ հասկացավ, որ նա չի կարող կռահած չլինել աղջկա ներկայությունն իր խցում։ Լավ իմանալով, որ դրա համար իրեն ծանր պատիժ է սպասում, նա խիստ վշտացավ, բայց և այնպես, աղջկան բնավ ցույց չտալով իր վիշտը, մտքում ծանր ու թեթև արեց բազում հնարներ, որպեսզի տեսներ, թե դրանցից որը կարող էր փրկարար լինել։