Չնայած այդ ամենին, հնուց եկած հիշողություն-սովորություն կար՝ կապված Ֆորնոսթի առասպելական թագավորի հետ: Ֆորնոսթը դա մի հինավուրց քաղաք էր, որը գտնվում էր ինչ որ տեղ Հոբիթստանից դեպի հյուսիս: Բայց այդ թագավորն արդեն հազար տարի գոյություն չուներ, իսկ քաղաքի ավերակները վաղուց ծածկվել էին փարթամ կանաչով: Եվ այնուհանդերձ տարբեր տեսակ վատ արարածների մասին խոսելիս (օրինակ՝ թրոլների) հոբիթներն ասում էին, որ դրանք անթագավոր ժողովուրդ են, դրանցից ի՜նչ սպասես: Իսկ այդ հնագույն թագավորի ժամանակներից բխող իրենց սեփական օրենքները հոբիթներն ինքնակամ հարգում ու պահպանում էին, քանի որ համարում էին դրանք որքան հին՝ այնքան արդար:
Հարկ է նշել, որ Տուկերի տոհմը երկար ժամանակ հատուկ դիրք էր զբաղեցնում, քանի որ նկարագրվող իրադարձություններից մի քանի դար առաջ Թանի տիտղոսը, որը մինչ այդ կրում էին Ծեր-ԲաքսերըԾերունբաքերը, փոխանցվեց նրանց: Թանը (Տուկերի գլխավորը) գլխավորում էր հոբիթների ընդհանուր հավաքույթները, առաջնորդում զորքին և զինյալներ հավաքագրում, բայց քանի որ զորքն ու զինյալներն անհրաժեշտ էին միայն վտանգի դեպքում, իսկ այդպիսի դեպքեր արդեն շատ վաղուց չէին պատահել, Թանի տիտղոսը դարձել էր ուղղակի հարգանքի նշան: Այնուամենայնիվ Տուկերը Հոբիթստանում հատուկ հարգանք էին վայելում, քանզի նրանց տոհմն ամենաբազմաթիվն էր ու ամենահարուստը, և բացի դրանից յուրաքանչյուր սերնդում յուրահատուկ ձիրքերով օժտված ուժեղ և անկախ բնավորությանբ հոբիթներ էին ծնվում և, չլսված բան է, նույնիսկ արկածասեր: Այդ վերջին տարօրինակությունը շրջապատողները տանել չէին կարողանում և մի կերպ հարմարվում էին, այն էլ միայն նրանց, ովքեր հարուստ էին: Սակայն, չնայած ամեն ինչին, Տուկերի տոհմի գլխավորին անվանում էին Ձերդ Տուկ, իսկ եթե անհրաժեշտ էր լինում, ապա նրա անունին ավելացնում էին նաև հերթական թիվը (նայած, թե նա որերորդն էր), օրինակ՝ Իզենգրիմ Երկրորդ:
Սակայն գործնականում պարտավորեցնյող պաշտոնով օժտված միակ անձը Միշել Գետնափորիկի քաղաքագլուխն էր (այսինքն նաև ամբողջ Հոբիթստանի), որին ընտրում էին յոթ տարին մեկ անգամ ամռան այն երեք չորս օրերին, որոնք տարին բաժանում են երկու հավասար կեսի, և այդ արարոությունը տեղի էր ունենում Սպիտակ բլուրներում, Ազատ Տոնավաճառի ժամանակ: Քաղաքագլուխը պարտավորվում էր հոբիթական տոների կապակցությամբ խնջույքներ կազմակերպել և գլխավորել, իսկ տոները, պետք է նշել, բավական կարճ ընդմիջումներով հաջորդում էին մեկը մյուսին: Բացի այդ, քաղաքագլխի կոչումն իր մեջ ներառում էր նաև փոստային գործերի կառավարիչի և գլխավոր շիրրիֆի պարտականությունները, այնպես որ նա միաժամանակ և՛ քաղաքագլուխ էր, և՛ փոստի կառավարիչ, և պահակային ծառայության պետ (այլ ծառայություններ Հոբիթստանում չկային): Պետք է նշել, որ ամենից շատ հոգս և անհարմարություն կրում էին փոստատարները, թեև նրանք միշտ էլ քանակով ավելի շատ էին, քան շիրրիֆները: Ոչ բոլոր հոբիթները գրագիտություն գիտեին, բայց նա ով գիտեր, անդադար գրում էր իր բոլոր ընկերներին ու ազգականներին՝ չանտեսելով ոչ մեկին, նույնիսկ եթե հասցեատերն այնքան էլ հեռու չէր ապրում և կարելի էր ճաշից հետո այցելել: