Ավելացվել է 61 322 բայտ,
20:17, 5 Հունիսի 2016 {{Վերնագիր
| վերնագիր = Իլիական
| հեղինակ = [[Հոմերոս]]
| թարգմանիչ = Մկրտիչ Խերանյան
| աղբյուր =
}}
== Երգ առաջին։ Սրածություն. Քեն ==
<poem>
Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըոչունների և շըների։
Կատարվում էր Արամազդի<ref>Արամազդ — հայ դիցաբանության մեջ համապատասխանում է հունական Զևսին կամ Դիոսին։
</ref> կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մըտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտըվեցին
Ատրիդեսը<ref>Ատրիդես— Ատրևսի որդին՝ Ագամեմնոնը։
</ref>՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ։
Իսկ ո՞վ անմահ աստվածներից այդ երկուսին գըցեց իրար,—
Ապոլլոնը՝ Լատոնեի և մեծազոր Զևսի որդին,
Որ արքայի դեմ զայրացած՝ բանակի մեջ վառեց ժանտախտ,
Ու տանջամահ մեռնում էին բազում զինվոր և զորական։
Ագամեմնոնն անարգելով արհամարհեց Քրիսես քուրմին,
Որ եկել էր հասել նավերն աքայեցոց արագաթև.
Մեծ փըրկանքով ազատելու իր աղջըկան գերությունից։
Ձեռքին ուներ աղեղնավոր Ապոլլոնի ցուպը ոսկյա<ref>Ապոլլոնի ցուպը ոսկյա — Կրոնական իշխանության խորհրդանիշ է։
</ref>
Ապարոշի մեջ փաթաթած, խընդրում էր նա աքայեցոց
Եվ մանավանդ՝ զույգ Ատրիդյան ժողովըրդի իշխաններին.
«Ո՛վ Ատրիդներ, և համագունդ այլ ամրաբարձ աքայեցիք,
Ոլիմպաբնակ ամենազոր աստվածները թող ձեզ օգնեն
Քանդել քաղաքը Պրիամի<ref>քաղաքը Պրիամի — Տրոյան։
</ref> և բարո՜վ տուն վերադառնաք։
Ընդունեցեք փըրկանքը ճոխ և ինձ տըվեք դըստերըս դուք,
Ակնածելով աստվածորդի արծաթաղեղ Ապոլլոնից»։
Հավան կացան նըրա խոսքին այնտեղ բոլոր աքայեցիք,
Պատկառելով Քրիսես քուրմից՝ ընդունելու փըրկանքը ճոխ,
Բայց Ատրիդես Ագամեմնոնն անբարեհաճ՝ մերժեց նըրան
Ու չարությամբ ետ դարձըրեց ըսպառնալից այս խոսքերով.
«Ուրիշ անգամ քեզ չըտեսնեմ այս կողմերում դեգերելիս,
Մեր գոգավոր նավերի մոտ դու չերևաս այսուհետև.
Հազիվ թե ցուպն ու վարսակալն աստվածային<ref>վարսակալն ասավածային — «պսակն Ապոլլոնի», որ Քրիսեսը կրում էր իբրև աստծո սպասավոր։
</ref> օգնեն քեզ, ծե՛ր։ Չեմ արձակի դըստերըդ ես, լփնչև որ նա չըպառավի
Արգոսի մեջ, մեր պալատում, հեռու երկրից իր հայրենի՝
Իր ոստայնը գործելով միշտ և պառկելով ինձ հետ մեկտեղ։
Գընա՛ դու, ծեր, քո փըրկանքով ու զայրույթս մի՛ գըրգըռիր,
Թե ուզում ես գըլուխդ ուսիդ ողջ ու առողջ վերադառնալ»։
Այսպես ասաց, և ծերունին անսաց նըրան սարսափահար
Ու լուռ ու մունջ ելավ գընաց մըռընչալից ծովի ափով։
Եվ մեկուսի քաշված ապա թափում էր նա դառն արտասուք,
Աղերսելով երկայնավարս Ապոլլոն մեծ թագավորին.
«Լըսիր դու ինձ, արծաթաղե՛ղ, Տենեդոսի հըզոր իշխան,
Որ Քրիսեն ես պահպանում և դիցական Կիլլան բոլոր,
Թե երբևէ կառուցեցի ես քեզ համար տաճար շըքեղ
Կամ ցուլերի և այծերի պարարտ ազդրեր զոհ բերեցի,
Կատարիր այս խնդրանքըս դու. թո՛ղ անողոք դանայեցիք
Արցունքներիս համար տուժեն քո սայրասուր սըլաքներով»<ref>տուժեն քո սուրսայր սլաքներով — Հանկարծակի վրա հասնող մահը հին հույները բացատրում էին նրանով, որ Ապոլլոնը կամ նրա քույր Արտեմիսը նետահարում էին մարդկանց (Ապոլլոնը՝ տղամարդկանց, Արտեմիսը՝ կանանց)։
</ref>։
Այսպես ասաց աղերսագին. Ապոլլոնը լըսեց նըրան
Ու զայրացած վար սըլացավ Ոլիմպոսից անմիջապես
Իր լայնալիճն ու ամրափակ կապարճները ուսը գըցած։
Շաչում էին նըրա ուսին նետերը սուր, ահեղասաստ,
Երբ որ մըռայլ գիշերվա պես առաջ էր նա սուրում թափով։
Գընաց նըստեց նավերից զատ և արձակեց նետերն ահեղ,
Եվ արծաթյա իր աղեղի ճայթյունն հընչեց ահագնազայր։
Նախ զարկեց նա ջորիներին և շըներին արագավազ,
Բայց մահաբեր նետը հետո ուղղելով նա մարդկանց վըրա,
Հարվածում էր՝ ամենուրեք վառ խարույկներ բորբոքելով<ref>վառ խարույկներ բորբոքելով — Հոմերոսյան ժամանակաշրջանում սպանվածներին հիմնականում դիակիզում էին։
</ref>։
Ինն օր անվերջ թըռչում էին աստվածային նետերն ահեղ։
Եվ տասերորդ օրն Աքիլլես կանչեց ամբոխը ժողովի.
Նըրան միտքը այդ ներշընչեց աստվածուհի աչեղ Հերան,
Որ հուզված էր ի տես հունաց համատարած կոտորածին։
Երբ աքայանք ամեն կողմից հավաքվեցին ակըմբահույլ,
Ելավ քաջոտն Աքիլլն այնժամ և մեծաձայն այսպես ասաց.
«Ո՛վ Ատրիդես, այժըմ, կարծեմ, ժամանակն է, որ նավերով
Ետ դառնանք մենք, եթե միայն ճողոպրեինք ահեղ մահից,
Զի ձեռք-ձեռքի տըված ժանտախտն ու պատերազմն ընկճում են մեզ։
Բայց խորհուրդի կանչենք իսկույն ըղձապատում մեկին այստեղ,
Կամ մի քուրմի և կամ հըմուտ երազագետ ոմըն մարդու,
(Քանզի երազն էլ գալիս է իմաստնագույն Արամազդից)
Որ բացատրի, թե Ապոլլոնն ինչո՞ւ է մեզ նեղում այսքան,
Թերևըս նա մեր մի ուխտից և կամ զոհից դըժգոհ է խիստ,
Եվ կամ գուցե, վայելելով ճենճերն<ref>ճենճեր — այստեղ` իբրև զոհ մատուցվող կենդանու յուղը, որը մսեղիքի որոշ մասերի հետ այրվում էր՝ ի պատիվ տվյալ աստծո։
</ref> ընտիր ոչխարների
Հաճի մեզնից սարսափելի սըրածությունն այս հեռացնել»։
Այսպես ասաց նա և նըստեց, և նըրանից հետո իսկույն
Ելավ Կալքաս Թեստորյանը՝ ամենավեհ գուշակ֊հըման,
Որ քաջ գիտեր ամենայն ինչ, գիտեր անցյալն ու ապագան։
Գուշակության իր շընորհիվ, որ Ապոլլոնն էր շընորհել,
Առաջնորդ էր եղել հունաց նավերին նա մինչև Իլիոն։
Արդ, ի խընդիր նըրանց բարուն՝ ըսկըսեց նա ճառել այսպես.
«Ո՛վ սիրելիդ Արամազդի, դու Աքիլլե՛ս աստվածազարմ,
Ասում ես ինձ, որ ես մեկնեմ սըրտմըտությունն Ապոլլոնի։
Կըբացատրեմ բոլորը ես, բայց դու պիտի ուխտես երդմամբ,
Որ ինձ կօգնես ճըշմարտապես, լինի խոսքով և կամ գործով,
Զի անկասկած քաջ գիտեմ ես, որ ինձ վըրա կըբարկանա
Նա, որ իշխում է մեծազոր՝ արգիացոց վըրա համայն,
Եվ որին ողջ աքայեցիք հըպատակվում են հընազանդ։
Թագավորը ահեղ է, երբ բարկանում է փոքրի վըրա,
Եվ եթե նա զըսպի թեկուզ իր վըրդովմունքն առժամապես,
Սակայն սըրտում ոխ կըպահի, մինչև լուծի վըրեժն իր սև։
Ուստի և լա՛վ խորհիր, արդյոք կարո՞ղ ես դու ինձ պաշտպանել»։
Պատասխանեց նըրան քաջոտն Աքիլլը և այսպես ասաց.
«Մի՛ վախենար, պատմիր բոլորն ու պատգամիր, ինչ որ գիտես։
Երդվում եմ ես Արամազդի սիրելագույն Ապոլլոնով,
Որից, Կալքա՛ս, դանայեցոց հայտնություններ ես պատգամում,
Քանի ողջ եմ, և աչքերըս տեսնում են լույսն արեգական,
Ոչ ոք պիտի քեզ չըդիպչի, չըբարձրացնի ձեռքը վըրադ
Եվ ոչ մի հույն, մինչև անգամ ինքը Ատրիդ Ագամեմնոնն,
Որի համար ասում ես թե արքան է ողջ աքայեցոց»։
Այն ժամանակ հըման անբիծ սիրտ առնելով այսպես ասաց.
«Ապոլլոնը չի գանգատվում ո՛չ մեր ուխտից և ո՛չ զոհից.
Այլ Քրիսես ծերունափառ քուրմի համար է բարկացած,
Որին այնպես խիստ անգոսնեց Ագամեմնոնն այն ժամանակ,
Չարձակելով նըրա դըստերն ու փըրկանքը չընդունելով։
Ա՛յս է պատճառն ահավասիկ, որ Ապոլլոնն աղեղնավոր
Ցավեր տըվեց մեզ անհամար և տակավին պետք է որ տա,
Եվ ժանտախտի օրհասը սև մեզնից պիտի չըհեռացնի,
Մինչև աղջիկն այն գեղաչյա առանց գընման ու փըրկանքի
Չըտրվի հորն ու չըտարվի դեպի Քրիսե զոհ անբասիր։
Միայն այնժա՛մ գուցե նըրան ողոքելով մենք հաշտեցնենք»։
Նըստեց ալսպես պատգամելով Կալքաս գուշակը Թեստորյան
Ելավ այնժամ դյուցազն Աստիդ Ագամեմնոնն իշխանապետ
Լի բարկությամբ, տըրտմաթաթավ, սիրտը մըռայլ ամպով պատած,
Եվ աչքերը նըման երկու կայծակնացայտ կըրակների,
Եվ Կալքասին դառնալով նա՝ այսպես խոսեց խոժոռադեմ.
«Չարագուշակ գուժկանըդ դու, ոչ մի լավ բան ինձ չասացիր.
Սիրելի է սըրտին քո միշտ չարիքների լինել գուշակ։
Բարի մի բան չավետեցիր, ոչ էլ գըլուխ հանեցիր դու.
Եվ արդ ելել ճառ ես ասում դանայեցոց դու մարգարեդ,
Որ իբրև թե Աղեղնավորն ա՛յն պատճառով է մեզ պատժում,
Որ ես ինքըս չեմ ընդունել Քրիսեիսի փըրկանքը ճոխ,
Ցանկանալով օրիորդին տանըս պահել, նախընտրելով
Կլիտեմնեստրե իմ կընոջից, որ նըրանից ցած չի մընում
Ո՛չ հասակով և ո՛չ մարմնով, ո՛չ էլ խելքով և կամ գործով։
Բայց և այնպես, եթե պետք է, և բարվոք եք համարում դուք,
Պատրաստ եմ ես այժըմևեթ ուղարկելու հորը նըրան,
Քանզի ազգիս փըրկությունն եմ կամենում ես և ո՛չ կորուստ։
Բայց անհապաղ պատրաստեցեք դուք ինձ համար մի ա՛յլ պարգև,
Որ չըմնամ արգիացոց մեջ միայն ե՛ս անմըրցանակ,
Ինչ որ վայել չէ ինձ բընավ, չէ՞ որ ահա տեսնում եք դուք,
Որ մըրցանակն իմ թանկագին՝ ձեռքիցս արդեն դուրս է գալիս»։
Նըրան այսպես պատասխանեց Աքիլլեսը աստվածազարմ.
«Ո՛վ մեծափառ Ագամեմնոն, ժըլատ սաստիկ և ընչաքաղց,
Մեծահոգի հույները քեզ ինչպե՞ս պիտի տան մըրցանակ։
Մենք չըգիտենք այնպիսի տեղ, ուր ավարներ լինեն դիզված,
Իսկ ինչ որ մենք ավարեցինք, բաժանված է վաղուց արդեն,
Եվ արդար չէ, որ վերըստին զորքն այն բերի, թափի այստեղ։
Առայժըմ դու ետ ուղարկիր օրիորդին, իսկ մենք, հետո,
Աքայանքըս եռապատիկ, քառապատիկ U ավելին
Կըհատուցենք քեզ փոխարենն, եթե Զևսը մեզ շնորհի
Հիմնահատակ քանդել մի օր Տրոյա քաղաքն ամրապարիսպ»։
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան.
«Աստվածատիպ դու Աքիլլես, ինձ մի՛ փորձիր խաբել իզուր,
Քաջ ես թեպետ և խելացի, բայց ինձ ծուղակ չես գըցի դու։
Մըրցանակըդ պահես դու պինդ, և զըրկվե՞մ ես իմինից.
Եվ ինձ պատվեր ես տալիս դեռ, որ ես նըրան ետ ուղարկեմ...
Լինի՛, միայն մի՛ պայմանով, որ ինձ մեծանձն աքայեցիք,
Շահելով սիրտն իմ՝ փոխարեն տան մըրցանակ մի համարժեք.
Իսկ եթե ոչ, ինքըս անձամբ գալով պիտի սեփականեմ
Պարգևը քո կամ Այաքսի, Ոդիսևսի, սակայն, գիտեմ,
Ում էլ որ ես ձեոք դիպցընեմ՝ պիտի մռընչա դառնահառաչ։
Սակայն թողնենք մենք այս մասին ուրիշ անգամ մըտածելու,
Իսկ այժըմ շուտ մակույկ գըցենք աստվածային ծովի վըրա,
Նըշանակենք նավաստիներ քաջաբազուկ և աջողակ,
Դընենք մեջը մեր զոհը սուրբ և գեղեցկայտ Քրիսեիսին։
Իշխաններից մեկը թող որ առաջնորդի մակույկը սև.
Այաքսը կամ Իդոմենեսն, կամ Ոդիսևսը դյուցազարմ,
Եվ կամ ինքըդ, Պելիսածին, ահեղագո՛ւյնդ ամենքի մեջ,
Որպեսզի դու մատուցելով զոհը՝ շարժես սիրտը նըրա,
Ու հաշտեցնես խըռովահույզ հաստաղեղին աքայանց հետ»։
Աքիլլն այնժամ ծուռ նայելով՝ նըրան այսպես պատասխանեց.
«Ո՛վ լըրբությամբ լըցված հոգի, դու ընչաքաղց ու նենգամիտ.
Այսուհետև ո՛վ հույներից պիտի խոսքիդ անսա սիրով,
Ճամփա գընա հոժարակամ և կամ կըռվի քաջակորով։
Վրեժխնդիր ոգով վառված՝ չեկա այստեղ մարտընչելու
Տրրոյացոց դեմ տիգազեն, որոնք վընաս չեն տըվել ինձ,
Չեն ավարել նըրանք երբեք ոչ եզներըս և ոչ էլ ձիս,
Ոչ էլ Փթիո մեջ արգավանդ՝ բերրի հունձքերս են աղարտել,
Զի մեր միջև կան բազմաթիվ լեռներ պաշտպան ու գոռ ծովեր,—
Այլ, ո՛վ լպիրշ, եկանք այստեղ, քո ետևից, որ դու հըրճվես՝
Մենելավի և քո վըրեժն առնելով քաջ տրովցիներից։
Սըրանց մասին, ա՛յ շաներես<ref>շաներես — «Անամոթ», շունը «անամոթության» խորհրդանիշն էր։
</ref>, չես մըտածում ամենևին
Եվ ըսպառնում ես լըրբաբար մըրցանակն իմ խըլել ինձնից,
Որի համար ես այնքան շատ աշխատեցի քըրտինք մըտած,
Եվ որը ինձ պարգև տըվին պարմանիներն աքայեցի։
Չի եղել դեռ, որ մըրցանակն իմ հավասար լինի քոնին,
Ամեն անգամ, երբ մի քաղաք են ավերել աքայեցիք.
Մինչ դեռ կըռվի ողջ ծանրությունն այս իմ ուսերն են վերցընում,
Իսկ բաշխումի ժամը երբ գա՝ պարգևների մեծը քոնն է<ref>պարգևների մեծը քոնն է — «Պատերազմական ավարը» բաժանելիս թագավորն առաջինը ընտրելու իրավունքն ուներ։ Ավարը բաշխվելուց հետո մասնավոր սեփականություն էր դառնում։
</ref>,
Մինչ ես փոքրիկ, սըրտահաճո մի բան առած իբրև բաժին՝
Նավատորմն եմ վերադառնում՝ հոգնած մարտի տաժանքներից։
Ես ինքս հիմա անմիջապես կըհեռանամ դեպի Փթիա,
Քանզի հազար անգամ լավ է նավել դեպի հայրենի տուն,
Քան թե մընալ և քեզ համար հարստություն դիզել այստեղ»։
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան.
«Վերադարձին իսկույն ևեթ, եթե քո սիրտն այդ է ուզում.
Ես քեզ երբեք չեմ աղաչի, որ ինձ համար մընաս այստեղ.
Իմ շուրջը դեռ շատերը կան, որոնք հարգում պատվում են ինձ,
Առավել ևս Դիոսն ըզգոն՝ Արամազդը ամպրոպադեզ։
Դյուցասընունդ արքաներից ամենեն շատ քեզ եմ ատում,
Քանզի սըրտիդ սիրելի են ամեն անգամ կըռիվ ու վեճ,
Եվ եթե ուժ ունես՝ այդ էլ աստվածներն են պարգևել քեզ։
Տո՛ւն դարձիր շուտ քո նավերով, ընկերներով քո համախոհ,
Իշխիր այնտեղ միրմիդոնաց. հոգ չեմ անում ես քեզ համար,
Ոչ էլ երկյուղ՝ քո վըրեժից, այլ ըսպառնում եմ ես ահա,
Զի Ապոլլոն Գուշակն արդեն առավ ինձնից Քրիսեիսին,
Ուղարկում եմ ինքըս նըրան իմ մակույկով ու մարդկանցով
Եվ վըրանդ գալով անձամբ՝ քո մըրցանակն առնեմ պիտի,
Գեղատեսիլ Բրիսեիսին, որպեսզի դու լավ հասկանաս,
Թե քեզանից հըզոր եմ ես, և ուրիշներն առհասարակ
Չըհանդըգնեն անձը իրենց դընել անձիս զուգակըշիռ»։
Այսպես ասաց, ցասումն առավ Պելիսածին Աքիլլեսին,
Եվ թավամազ կըրծքի ներքո երկմըտում էր սիրտը նըրա՝
Հեռու վաներ բոլորին էլ և ըսպանե՞ր Ատրիդեսին,
Թե՞ զըսպեր իր զայրույթը բարկ ու ցասումը սանձահարեր։
Եվ մինչդեռ նա խըռովահույզ ու դառնապես վիրավորված
Պատրաստվում էր դուրս քաշելու վիթխարի սուրն իր պատյանից՝
Ինքն Աթենասն իջավ այնտեղ՝ եկած Հերա աստվածուհուց,
Որ սիրում էր երկուսին էլ և հոգ տանում առհավասար<ref>Ինչպես այստեղ, այնպես էլ վիպերգության բազմաթիվ այլ դրվագներում ակնառու է, որ հոմերոսյան հերոսների արարքները ղեկավարվում են աստվածների կամքով։
</ref>։
Կանգնեց ետև Պելիսյանի, բըռնեց խարտյաշ գանգուրներից.
(Միայն նըրան էր երևում, նըրանից զատ ո՛չ այլ ոքի)։
Սոսկաց Աքքիլլն ու շուռ գալով՝ տեսավ Պալլաս Աթենասին,
Որին իսկույն նա ճանաչեց կայծակնացայտ հուր աչքերից,
Ու տեղնուտեղ արագաթև այս խոսքերը ուղղեց նըրան.
«Ինչո՞ւ եկար, դո՛ւստրըդ ահեղ ասպարակիր Արամազդի,
Ագամեմնոն Ատրիդեսի թըշնամանքնե՞րը տեսնելու։
Բայց ասում եմ ահավասիկ, և ասածըս կկատարվի,
Գոռոզությունն ամբարտավան դըրա գըլուխն ուտե պիտի»։
Եվ Ասթենաս աստվածուհին նըրան այսպես պատասխանեց,
«Եկա, որ քո սըրտմըտությունն ես ամոքեմ, եթե անսաս։
Ինձ ուղարկեց լուսածըղի աստվածուհի Հերան այստեղ,
Որ սիրում է երկուսիդ էլ ու հոգ տանում առհավասար։
Դադարեցրու կըռիվըդ դու և մի՛ քաշիր սուրըդ սուրսայր,
Այլ նախատիր խոսքով նըրան, ինչքան որ քո սիրտն է ուզում,
Ասում եմ քեզ ահավասիկ, և կատարվի խոսքըս պիտի,
Օր պիտի գա, որ փոխարենն այս անիրավ թըշնամանքի,
Եռապատիկ ճոխ պարգևներ տիպի տըրվեն քեզ, Աքիլլես,
Բայց առայժըմ զըսպիր դու քեզ և մեզ անսա խոհեմաբար»։
Եվ պատասխան տալով նըրան՝ այսպես ասաց Աքիլլը քաջ.
«Պետք է պահել, աստվածուհի, պատվերը ձեր և ձեզ անսալ,
Թեև սաստիկ եմ զայրացած, բայց լավ է ձեզ հընազանդել.
Աստվածներին լըսողն երբեք չի մոռացվում աստվածներից»։
Ասաց և իր ծանըր ձեռքով խըթեց արծաթ երախակալն
Ու վիթխարի սուրն իր ահեղ՝ պատյանի մեջ խըրեց կըրկին,
Հնազանդելով Աթենասին, որը դարձավ դեպ Ոլիմպոս՝
Բընակավայրն անմահների, ասպարակիր Դիոսի մոտ։
Իսկ Աքիլլը, որը ցասման ամպրոպը դեռ չէր դադարել,
Վերըսկըսեց նորից սաստիկ հանդիմանել Ատրիդեսին.
«Ո՛վ դու գինուց ծանրացած մարդ, եղջերվասիրտ<ref>եղջերվասիրտ — Եղնիկը (եղջերուն) հին հույները համարում էին վախկոտության խորհրդանիշ։
</ref> և շընաչյա,
Գուպարի մեջ արիաբար դու չըմըտար ոչ մի անգամ,
Ոչ էլ հունաց քաջերի հետ դարան մըտար երբևիցե,
Քանզի քեզ այդ մահ է թըվում. շա՜տ ավելի լավ է անշուշտ
Աքայեցոց մեծ բանակում նըստել հանգիստ և ապահով,
Նըստել և քեզ դեմ խոսողի մըրցանակներն հափըշտակել։
Ազգակործա՛ն դու թագավոր, վատերի ես հըրամայում,
Թե չէ, Ատրիդ, այս լըրբությունդ այսօր վերջինն էր լինելու։
Բայց ես ահա՛ ասում եմ քեզ ու երդվում եմ նըմանապես
Այս մականի<ref>մական — Աստ՝ գայիսոնի իմաստով, որպես իշխանության խորհրդանիշ։ Ժողովում տրվում էր նրան, ով ձայն էր խնդրում։
</ref> վըրա, որ էլ չի արձակի տերև ու ոստ,
Քանի որ նա՝ անդառնալի՝ բունն իր թողեց լեռան վըրա
Եվ այլևըս այսուհետև նա չի նորից բողբոջելու,
Զի պըղինձը քերեց նըրա տերևներն ու կեղևն ամուր,
Եվ որ իրենց ձեռքում ահա կըրում են արդ իրավարար
Աքայեցիք՝ Արամազդի օրենքներին ավանդապահ։
Արդ, այս երդումս ահավասիկ աղետաբեր կըլինի քեզ.
Օր կըգա, երբ աքայեցիք Աքիլլեսին փընտրեն պիտի,
Եվ դու, թեպետև սըրտացավ՝ չըկարենաս օգնել նըրանց,
Երբ որ Հեկտորն արյունռուշտ գետին փըռի շատ շատերին։
Ինքըդ այնժամ տագնապահար սիրտըդ պիտի պատառոտես,
Թե դու ինչո՞ւ չըպատվեցիր աքայացոց քաջագույնին»։
Այսպես ասաց Պելիսածինն ու ոսկեգամ, բևեռապինդ
Գավազանը գըցեց գետին և ինքն այնտեղ նըստեց նորից։
Իսկ Ատրիդեսն ահագնազայր մըռմըռում էր քինախընդիր։
Ելավ այնժամ Պելյանց խոսնակ քաղցրաբարբառ Նեստորը ծեր,
Որի լեզվից մեղրից անուշ՝ խելոք խոսքեր էին ծորում։
Ապրել էր նա պարզաբարբառ մարդկանց երկու սերընդի հետ,
Որ դիցային Պիլոսի մեջ ապրել-սընվել էին առաջ,
Որոնք բոլորն էլ վաղուց ի վեր անհետացել էին արդեն
Եվ երրորդի վըրա էր նա թագավորում այդ ժամանակ։
Որպես բարի խորհըրդւստու՝ Նեստորն այսպես ասաց նըրանց.
«Վա՜յ մեզ, իրոք աքայեցոց երկրին մեծ սուգ է ըսպասում.
Ուրախսւնա՛ն պիտի Պրիամն ու որդիները Պրիամի.
Ցնծան պիտի ամբողջ հոգով և մյուս բոլոր տըրոյացիք,
Երբ որ լըսեն ձեր մեջ ծագած այս երկպառակ վեճի մասին,
Ձեր, որ վեր եք ողջ հույներից թե՛ խորհըրդում, թե՛ մարտի մեջ։
Ականջ կախեք դուք իմ խոսքին, զի երկուսդ էլ փոքր եք ինձնից.
Մի ժամանակ ձեզանի՛ց էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի<ref>ձեզանից էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի — Հոմերոսյան ըմբռնումներով՝ հերոսների ամեն մի նոր սերունդ նախորդից թույլ էր։
</ref>,
Եվ այդ մարդիկ բոլորովին չանգոսնեցին ինձ երբևէ։
Ես ոչ մի տեղ դեռ չեմ տեսել, չեմ էլ տեսնի ես այնպիսիք,
Ինչպես Դրիաս ու Պիրիթոս ազգապետներն էին խոհեմ,
Եվ Կենևսը, Եկսադիոսն ու Պոլիփեմն աստվածատիպ,
Ինչպես Թեսևսը Էգեյան՝ հար և նըման աստվածների։
Նըրանց նըման քաջակորով մարդ չըսընեց երկիրն երբեք,
Ամենաքաջն էին նըրանք, կըռվում էին իրենց նըման
Քաջերի դեմ լեռնաբընակ<ref>քաջերի դեմ լեռնաբնակ — նկատի ունի կենտավրոսներին՝ կես-մարդ, կես-ձի։ Մի անգամ հարսանիքի ժամանակ հարբած կենտավրոսները հարձակվեցին կանանց վրա. այդ պատճառով պատերազմ սկսվեց նրանց և հերոսների միջև։
</ref>, և ջարդեցին նըրանց բոլոր։
Եվ ապրեցի ես նըրանց հետ, գալով երկրից մի հեռավոր—
Պիլոսից և նըրանց հետ խառն կըռվում էի ուժիս չափով,
Որոնց հետ այժմ ապրողներից ոչ ոք կըռվել սիրտ չի անի.
Սակայն դարձյալ լըսում էին խորհուրդներըս նըրանք սիրով։
Լըսեք և դուք, զի լավ բան է լըսել խելոք խոսք ու խըրատ։ Ագամեմնո՛ն, Աքիլլեսից մի՛ խըլիր դու այդ աղջըկան,
Աքայեցի որդոց տըված պարգևը թող մընա նըրան։
Եվ դու էլ մի՛, Պելիսածին, կըռվի հըզոր արքայի հետ,
Քանզի քեզ հետ և նույն պատվին չէ հավասար վիճակակից
Թագավորը մականակիր, որին Զևսը շնորհեց փառք։
Թեպետև դու քաջ ես իրոք, աստվածուհի մորից ծընված<ref>աստվածուհի մորից ծնված ― Հին Հունաստանի հերոսներր համարվում էին «աստվածազարմ», մինչդեռ հասարակ ժողովուրդը «երկրածին» էր։
</ref>,
Բայց ավելի՛ հըզոր է նա, քանզի իշխում է շատերին։
Դու, Ատրիդես, խընդրում եմ քեզ, մըռունչներըդ դադարեցրու,
Մարիր հուրը քո բարկության Պելիսածին Աքիլլի դեմ,
Որ պատվարն է ողջ աքայանց համար այս մեծ պատերազմում»։
Ագամեմնոն արանց արքան նըրան այսպես պատասխանեց.
«Այդ ամենը, ո՛վ ծեր ունի, շատ ճըշմարիտ խոսեցիր դու,
Բայց հավակնում է բոլորից բարձըր կանգնել Աքիլլը գոռ
Եվ ամենքի վըրա իշխել, հըրամաններ արձակելով։
Բայց և այնպես չեմ հավատում, որ համոզվի դըրան ոչ ոք։
Եթե նըրան քաջ օժտեցին աստվածները, սակայն մի՞թե
Թույլ տըվին, որ թափե բերնից հազար լուտանք ու նախատինք»։
Իսկ Աքիլլեսն աստվածազարմ կըտրեց նըրա խոսքն ու ասաց.
«Վատ, արդարև, և անպիտան մարդ կոչվեմ ես, եթե երբեք
Հրամաններիդ այսուհետև հընազանդեմ և քեզ անսամ։
Ուրիշներին հըրամայիր և ինձ վըրա մի՛ հոխորտա,
Չեմ ուզում քեզ այսուհետև հըպատակվել ամենևին։
Ասում եմ քեզ նըմանապես, և դու այն լավ միտքըդ պահիր,
Ես աղջըկա համար երբեք ձեռքով պիտի չըմարտընչեմ
Ոչ քեզ, ոչ էլ ուրիշի հետ, զի ձեր տըվածն եք առնում դուք,
Սակայն ուրիշ ինչ բան որ կա սըրաթըռիչ իմ սև նավում
Դու նըրանցից ոչինչ պիտի բըռնի առնել չըհանդըգնես,
Ապա թե ոչ, լավ իմացիր, թող իմանան նաև սրրանք,
Որ նույն ժամին տեգիս չորս դին ցւպտե պիտի սւրյունըդ թուխ»։
Աղեղնաբան այս խոսքերի կըռվից հետո ելան նըրանք
Ու ցըրեցին ժողովն իրենց՝ աքայեցոց նավերի մոտ։
Պէլիսածինը հեռացավ դեպի նավերն հարթահատակ,
Մենիտյանին և զինակից ընկերներին հետն առնելով։
Իսկ Ատրիդը ծովը ձըգեց արագընթաց մակույկ մի սև
Եվ ընտրելով քըսան նավակ, զետեղեց զոհն աստվածային,
Բերեց այնտեղ նավը դըրեց Քրիսեիսին գեղեցկադեմ,
Եվ Ոդիսևսը հանճարեղ մակույկ ելավ իբր առաջնորդ։
Երբ ճանապարհ ընկան նըրանք, նավեցին թաց ճանապարհով,
Ատրիդեսը մաքըրվելու հըրաման տըվեց ժողովըրդրն։
Մաքըրվեցին բոլորն այնժամ ու թափեցին աղտն իրենց ծով,
Ապա հանուն Ապոլլոնի զոհեր բերին ընտիր-ընտիր
Արջառների և այծերի՝ ամուլ-անբեր այն ծովափին,
Մինչև երկինքն էր բարձրանում զոհերի ծուխն ու գոլորշին։
Եվ մինչ ճամբարն ըզբաղված էր այս գործերով, Ատրիդ արքան
Չէր դադարում Աքիլլի դեմ ըսպառնանքներ մըռմըռալուց,
Եվ կանչելով իր մոտ երկու հավատարիմ ծսւռաներին՝
Տալթիբիոսին և հընազանդ Եվրիբատին, այսպես ասաց.
«Շո՛ւտ գընացեք Պելիսածին Աքիլլեսի վըրանը դուք
Եվ իր ձեռքից բըռնած այստեղ բերեք չըքնաղ Բրիսեիսին.
Իսկ թե չըտա, ինքըս անձամբ գալով այնտեղ պիտի խըլեմ
Մեծ զորությամբ իմ բազմամբոխ, որ պիտ նըրան ծանըր նըստի»։
Այս ասելով ճամփեց նըրանց ըսպառնալից հոխորտանքով։
Եվ գընացին նըրանք անբեր ծովի ափով ակամայից
Ու հասնելով միրմիդոնաց վըրաններին ու նավերին,
Գըտան նըրան իր սև նավի և վըրանի առջև նըստած։
Աքիլլեսը նըրանց ի տես՝ ամենևին չուրախացավ։
Մունետիկներն արքայի դեմ, պատկառանքով կանգնած հեռու,
Ծըպտուն անգամ չըհանեցին իրենց գալու վերաբերյալ,
Բայց նա իսկույն գըլխի ընկավ ու դառնալով նըրանց՝ ասաց.
«Ի՞նչ եք այդպես հեռու կանգնել, սուրհանդակներ Արամազդի<ref>սուրհանդակներ Արամազդի — Պատգամաբերները, սուրհանդակները աստվածների հատուկ հովանավորության տակ էին գտնվում և անձեռնմխելի էին։
</ref>.
Առաջ եկեք, դուք իմ հանդեպ հանցավոր չեք բոլորովին,
Ձեզ Ատրիդեսն է ուղարկել Բրիսեիսի համար, գիտեմ։
Գընա՛ ուստի, քաջ Պատքոկլես, դուրս բեր աղջիկն իրենց ուզած,
Տուր, որ տանեն, և թող վըկա լինեն երկուսն այս՝ երջանիկ
Աստվածների առջև անմահ և մարդկանց մոտ մահկանացու,
Եվ իրենց ժանտ թագավորի, որ չեմ կըռվի այսուհետև
Ու չեմ փըրկի ուրիշներին կորըստաբեր պատուհասից,
Զի նա իրոք մոլեգնում է եղեռնավոր խոր հուրդներով
Ու չի նայում առաջ ու ետ ամենևին, որ կարենա
Փըրկել հունաց կյանքը, որոնք մարտընչում են նըրա համար»։
Այսպես ասաց, և Պսոորոկլեսն իր ընկերոջ հընազանդեց,
Եվ վրանից դուրս հանելով գեղեցկատես Բրիսեիսին,
Հանձնեց նըրանց, որոնք իսկույն վերադարձան դեպ աքայանք.
Եվ մանկամարդ կինն ակամա հետևում էր նըրանց հըլու։
Իսկ Աքիլլեսն ընկերներից առանձնացած և մեկուսի
Լաց էր լինում մեն ու մենակ նըստած ճերմակ ծովի ափին
Եվ արցունքոտ աչքերն հառած ծովի կապույտ ալիքներին
Մորն<ref>Աքիլլեսը Պելևս արքայի և ծովափն Թետիս աստվածուհու որդին էր։
</ref> էր կանչում աղաչագին երկու ձեռքերն առաջ պարզած.
«Մայր իմ, քանզի ինձ կարճակյաց ծընեցիր դու այս աշխարհում,
Պետք էր գոնե, որ ոլիմպյան Արամազդը որոտագոչ
Պարգևեր ինձ փառք ու պատիվ, բայց նա բընավ ինձ չըպատվեց,
Իշխանապետ Ագամեմնոնն ինձ անգոսնեց անարգաբար
Եվ մըրցանակըն իմ խըլելով, սեփականեց հանիրավի»։
Այսպես ասաց արտասվալից, և նազելի մայրը լսեց,
Որ նըստել էր խորքը ծովի, ծերունազարդ նըրա հոր մոտ։
Զերդ շամանդաղ ելավ ճերմակ ալիքներից անմիջապես,
Եկավ նըստեց իր որդու մոտ, որ լալիս էր սըրտակըտոր,
Ու գրգվելով նըրան ձեռքով, այսպես ասաց գորովագին.
«Ինչո՞ւ ես դու լալիս, որդյա՛կ, ի՞նչ ցավ հոգին քո պաշարեց,
Ասա, խոսիր, որ իմանամ, տեղյակ լինեմ պատահածին»։
Եվ դառնապես հառաչելով ասաց իր մորն Աքիլլը ժիր.
«Գիտես արդեն, ի՞նչ կարիք կա պատմել բոլորն իմացողիդ։
Մըտանք Թեբե՝ նըվիրական քաղաքը սուրբ Էտիոնի<ref>Թեբե՝ նվիրական քաղաքը Էտիոնի — Նկատի ունի փոքրասիական Թեբեն, որտեղ իշխում էր էտիոնը՝ Անդրոմաքեի հայրը։
</ref>,
Եվ քանդելով, կողոպտելով՝ ավարն ամբողջ բերինք այստեղ,
Որոնք իրենք աքայեցիք բաժանելով արդարապես,
Ատրիդեսին տըվին չըքնաղ ու գեղեցկայտ Բրիսեիսին։
Սակայն հետո Քրիսեսը ծեր՝ քուրմը գուշակ Ապոլլոնի
Պըղընձազգեստ աքայեցոց սըրաթըռիչ նավերն եկավ,
Որ ազատի իր աղջըկան, բերելով հետն անբավ փըրկանք։
Ձեռքին բըռնած աղեղնավոր Ապոլլոնի ցուպը ոսկյա
Վարսակալի մեջ փաթաթած՝ խընդիըք արավ աքայեցոց
Եվ մանավանդ զույգ Աստիդյան ժողովըրդոց իշխաններին։
Հավան կացան նըրա խոսքին այնտեղ բոլոր աքայեցիք
Պատկառելով քուրմից՝ առնել նըրա բերած փըրկանքը ճոխ,
Իսկ Ատրիդես Ագամեմնոնն անբարեհաճ՝ մերժեց նըրան
Եվ չարությամբ ետ ուղարկեց նըրան սաստիկ ըսպառնալով։
Հեգ ծերունին հույժ բարկացած վերադարձավ եկած ճամփով.
Եվ Ապոլլոնն իր սիրելու լըսելով լացն աղիողորմ
Ուղղեց սըլաքն իր մահաբեր արգիացոց վըրա համայն։
Մեռնում էին զորք անհաշիվ, թըռչում էին աստվածային
Նետերն անդուլ՝ լայնածավալ դեպի բանակն աքայեցոց։
Մեկնեց հըմուտ գուշակն այնժամ Հաստաղեղի ցասումը մեզ,
Իսկ ես աստծուն հաշտեցնելու խորհուրդ էի տալիս նըրանց։
Բայց բարկացավ Ագամեմնոննը սպառնալիք որոտալով,
Որ և ահա կատարված է. քանզի խայտակն աքայեցիք
Արագահաս նավով նըրան ուղարկում են դեպի Քրիսե
Ու տանում էն տիրոջ՝ զոհեր. և արքայի մարդիկ դեռ նո՛ր
Իմ վըրանից առան տարան չըքնաղագեղ Բրիսեիսին,
Որ որդիներն աքայեցոց ինձ տըվեցին որպես պարգև։
Եվ արդ, եթե կարող ես դու, հասիր որդուն քո օգնության,
Փութա, մայր իմ, դեպի Ոլիմպ և աղաչիր Արամազդին,
Թե օգնությամբ երբևիցե շահել ես դու սիրտը նըրա։
Հաճախ ես դու պարծենալով պատմել իմ հոր ապարանքում,
Թե մի անգամ ինքըդ միայն անմահների մեջ բովանդակ
Մի ժանտ ոճրից ազատեցիր Զըրվանյանին ամպակուտակ,
Մինչ մյուսներն ոլիմպիական ջանում էին կապել նըրան՝
Հերան աչեղ, Պոսեյդոնը և Աթենաս Պալլասն անգամ։
Եվ գընալով աստվածուհիդ նըրա կապերն արձակեցիր,
Դեպ Ոլիմպոսը կանչելով հարյուրաձեռն Էտիոնին,
Որին բոլոր աստվածները Բրիարևս են անվանում,
Զի անցնում էր սա իր հորից իր մեծ ուժով և զորությամբ։
Եվ նա գալով՝ Զըրվանյանի կողքը բազմեց փառքով իր վեհ,
Որի ահից աստվածները էլ սիրտ չարին կապել Զևսին։
Այս բաները հիշեցնելով նըստիր նըրան դու առընթեր,
Բըռնիր ծընկներն, և թող հաճի լինել տրոյանց նա զորավիգ
Իսկ ծովափին, նավերի մոտ թող ջարդըվեն աքայեցիք,
Որ համն առնեն իրենց գոռոզ, ամբարտավան թագավորի,
Եվ հասկանա Ատրիդ արքան, թե ինչպիսի սըխալ գործեց,
Չըպատվելով արժանապես աքայեցոց քաջագույնին»։
Եվ պատասխան տըվեց որդուն մայրը՝ Թետիսն արտասվալից.
«Ավա՜ղ, որդյակ, ինչո՞ւ ցավով քեզ ծընեցի, ծընունդ թըշվառ,
Երանի թե դու նըստեիր նավերի մոտ առանց լացի,
Քանզի կարճ էն կյանքիդ օրերն և քո օրհասն է մոտալուտ։
Դո՛ւ ոչ միայն սակավակյաց, այլև վըշտոտն ես ամենեն,
Զի չարաբախտ ժամի ես քեզ ծընեցի իմ առագաստում։
Բայց քեզ համար ես ինքս անձամբ արդ գընալով դեպ Ոլիմպոս,
Պատմելու եմ փայլակնացայտ Արամազդին, եթե լըսի։
Իսկ դու նըստիր և ըսպասիր քո սըրընթաց նավերի մոտ
Եվ ձեռընթափ եղիր մարտից, աքայանց դեմ քեն պահելով։
Զևսը Օվկիան գընԱց երեկ եթովպացոց մոտ խընջույքի
Իր ետևից տանելով նա հույլն երջանիկ աստվածների.
Բայց տասներկու օրից հետո դեպ Ոլիմպոս պիտի դառնա։
Եվ ես կերթամ աստվածային ապարանքը պըղընձակերտ
Ու փարվելով նըրա ծընկանն, հույս ունեմ թե կըհամոզեմ»։
Այս ասելով՝ գընաց Թետիսն Աքիլլեսին թողած այնտեղ.
Սըրտմըտության մեջ զայրագին՝ գեղեցկիրան կընոջ համար,
Որին բըռնի հափափելով առան տարան իր վըրանից։
Իսկ Ոդիսևսը Քրիսե եկավ հասավ իր սուրբ զոհով։
Ու հազիվ թե նավահանգիստ մըտած նըրանք, հավաքեցին
Առագաստներն ու ծալելով զետեղեցին սև նավի մեջ.
Եվ հաստապինդ պարաններով կայմն իջեցրին կայմընկալին
Ու վարեցին թիակներով նավը դեպի նավակայան,
Ուր գըցելով խարիսխ ապա՝ պարաններով կապկապեցին։
Ապա ցամաք ելան բոլոր պատվիրակներն անմիջապես
Եվ հեռաձիգ Ապոլլոնին բերած զոհը դուրս հանեցին
Ելավ նույնպես Քրիսեիսը լաստափայտից այս ծովաչու,
Որին առած բագին տարավ Ոդիսևսը բազմահանճար,
Եվ աղջըկան իր սիրելի հորն հանձնելով՝ այսպես ասաց.
«Ո՛վ Քրիսես, ինձ ուղարկեց Ագամեմնոն արանց Արքան,
Որ դըստերդ բերեմ և սուրբ զոհ մատուցեմ Ապոլլոնին
Դանայեցոց կողմից համայն, որ հաշտըվի արքան մեզ հետ,
Որ պատճառեց բազմահառաչ աղետ ու սուգ արգիացոց»։
Ասաց, հանձնեց օրիորդին, և ընդունեց ուրախությամբ
Իր սիրասուն դըստերը հայրն ու շարեցին նըրանք ընդփույթ
Աստվածային զոհը շըքեղ շուրջը բագնի գեղեցկակերտ։
Եվ ձեռքները լըվանալով՝ առան ցորնի հատիկը սուրբ,
Եվ Քրիսեսն այն ժամանակ մեծաբարբառ ու ձեռնամբարձ՝
Ապոլլոնին աղոթելով այս սըրտագին խոսքերն ասաց.
«Լսիր ինձ, ո՛վ աղեղնավոր, Տենեդոսի հըզոր դու տեր,
Որ Քրիսեն ես պահպանում և դիցական Կիլլան բոլոր.
Դեռևս նո՛ր լըսեցիր ինձ, և պատվելով քո ծառային,
Հարվածեցիր ուժգընԱպես աքայական ժողովըրդին։
Լըսիր և արդ ու կատարիր նաև այս իմ խընդիրը դու
Եվ ազատիր դանայեցոց այս ժանտախտից աղետավոր»։
Այսպես ասաց, և Ապոլլոնն արծաթաղեղ լըսեց նըրան։
Քրիսեսի այդ աղոթքից<ref>Քրիսեսի այդ աղոթքից — Նկարագրվում է զոհաբերության ծեսը։
</ref> ու սուրբ հատիկն ցանելուց ետ
Զոհերի վիզը ծըռելով փողոտեցին ու քերթեցին
Եվ ազդրերը կըտրատելով շուրջպատեցին ճարպով համակ
Ու շուրջ բոլորը շարեցին հում կըտորներ պատառ-պատառ,
Որոնք փայտի վըրա շարած այրում էր ծերն ու սև գինին
Հեղում շիթ-շիթ նըրանց վըրա. իսկ պատանիք իրենց ձեռքին
Մեկ֊մեկ շամփուր հընգամատնյա՝ կանգնած էին կըրակի մոտ։
Երբ այրվեցին ազդրերն արդեն, ու փորոտին ճաշակեցին,
Ինչ որ մընաց՝ կըտոր-կըտոր մանըր ջարդած զարկին շամփուր։
Ու խընամքով խորովելով առան, ապա հանգըստացած՝
Հորինեցին անմիջապես կերուխումի մի ճոխ խընջույք
Եվ կուշտ ու կուռ ճաշակելով վայելեցին<ref>կուշտ ու կուռ ճաշակելով վայելեցին — Հին հույների պատկերացմամբ՝ զոհը մատուցելիս աստվածները և զոհաբերողները միասին խնջույքի էին նստում։
</ref> խորտիկն համեղ։
Ապա երբ որ լիացըրին կերուխումի փափագն իրենց,
Պատանիներն անոթներում լըցրած գինին բերնե-բերան՝
Բաժակներով բաժանեցին սեղանակից անդամներին։
Եվ ամբողջ օրն աքայեցի մանուկները օրհներգությամբ
Առնում էին սիրտն աստըծու նըվագներով գեղեցկաձայն,
Գովերգելով Ապոլլոնին, որ հըրճվում էր հոգու խորքից։
Իսկ երբ արևը մայր մըտավ, ու մութն առավ երկինք-գետին.
Ընկողմանած իրենց նավի պարանների մոտ քընեցին,
Եվ վարդամատն Առավոտը ծագելու հետ քընիցն ելան,
Պատրաստվեցին ճամփա ընկնել դեպի բանակն աքայեցոց։
Ապոլլոնը կորովաձիգ հըղեց նըրանց հով հաջողակ,
Եվ տընկելով կայմը՝ բացին առագաստները ըսպիտակ։
Քամին լըցրեց առագաստի ծոցն, ու ծըփանքը ծիրանի
Շառաչում էր աշավասույր նավի երկու կողմից ուժգին,
Երբ ալիքները ճեղքելով կըտրում էր սև նավն իր ճամփան։
Եվ երբ արդեն ժամանեցին աքայեցոց բանակը մեծ,
Մակույկը սև դուրս քաշելով դեպի ցամաք, ավազն ի վեր,
Տակը դըրին երկար մույթեր իբրև նեցուկ և հենարան<ref>Տակը դրին երկար մայթեր՝ իբրև նեցակ ու հենարան ― Դա արվում էր նաև այն նպատակով, որպեսզի նավի հատակը չփտեր։
</ref>.
Եվ նըրանցից ամեն մեկը դեպ իր վըրանն ուղևորվեց։
Այնինչ այնտեղ մեն ու մենակ, իր սըրընթաց նավերի մոտ
Նըստած մըխում էր մեկուսի Աքիլլեսը Պելիսածին.
Չէր երևում ո՛չ քաջերի փառապարգև ժողովներում
Ո՛չ էլ մարտում բոլորովին, այլ վըշտահար նըստած այնտեղ՝
Հեծում էր նա հառաչագին՝ կարոտ կըռվի և գուպարի։
Բայց վերջապես, երբ տասներկուերորդ ծիրանածին այգը ծագեց,
Եվ դիք անմահ Դիոսի հետ վերադարձան դեպ Ոլիմպոս,
Թետիսը, որ չէր մոռացել որդու պատվերն, առավոտ վաղ
Ծովից ելած՝ դեպի Ոլիմպ, Արամազդի մոտ ըշտապեց.
Եվ նա գըտավ որոտագոչ Արամազդին նըստած այնտեղ, Աստվածներից առանձնացած, Ոլիմպոսի վեհ կատարին։
Գընաց նըստեց մոտը և ձախ ձեռքով նըրա ծունկը բըռնած,
Աջով՝ կըզակն<ref>ձախ ձեռքով նրա ծունկը բռնած, աջով՝ կզակն — Խնդրանք, աղերսանք արտահայտող շարժում (ժեստ)։
</ref>, աղերս արավ մեծ թագավոր Արամազդին. «Հա՛յր Արամազդ, թե երբևէ օգնել եմ քեզ խոսք ու գործով Անմահների մեջ երջանիկ՝ կատարիր այս խընդիրըս դու։
Պատվիր որդուս սակավակյաց, որին այսօր Ատրիդ արքան Արհամարհեց ու պարգևը հափըշտակեց բըռնի կերպով։
Իմաստնագո՛յն դու Արամազդ, վըրեժխընդիր եղիր նըրան,
Տուր հաղթություն տըրոյացոց այնքան, մինչև աքայեցիք
Խելքի գալով պատվեն որդուս և մեծարեն արժանապես»։
Ասաց, սակայն ամպակուտակ Արամազդը բան չըխոսեց.
Նըստել էր նա լուռ, անմըռունչ. Թետիսն ամուր փարած ծընկան Արամազդին դիմեց դարձյալ երկրորդ անգամ աղերսագին.
«Ուրեմըն տուր ինձ մի խոստում և հավաստիք հավանության
Եվ կամ մերժիր մի անգամից, զի ոչ ոքից դու վախ չունես,
Ասա, որ դու մերժում ես ինձ, որպեսզի ես լավ հասկանամ,
Թե, ո՜հ, որքա՜ն անարգագույն մեկն եմ եղել դիցուհյանց մեջ»։
Եվ Արամազդն ամպրոպային հառաչելով ասաց նըրան.
«Վատ է, եթե դու Հերայի ատելությունն իմ դեմ դըրդես,
Եվ զայրացնի իմ սիրտը նա իր խոսքերով վայրիվերո,
Առանց այդ էլ հաճախակի ցավեցնում է գըլուխըս նա,
Փընթփընթալով, թե տըրոյանց օգնում եմ ես պատերազմում։
Բայց հեռացիր առայժըմ դու՝ Հերան այստեղ քեզ չըտեսնի,
Եվ խընդրանքիդ հոգսը թող ինձ, որ ես մինչև վերջը տանեմ։
Եվ որպեսզի վըստահ լինես, երդվում եմ թեզ գըլխովս ահա՛,
Որ իմ կողմից ամենամեծ գըրավականն է անխափան,
Ինչ որ գըլխովս եմ երդվում ես, էլ չի փոխվում այնուհետև,
Կամ չի մընա բոլորովին անհետևանք և անկատար»։
Ասաց, կապույտ իր հոնքերով նըշան արավ Զըրվանյանը,
Ու շարժվեցին նըրա անմահ գըլխի մազերն աստվածային,
Եվ դըղըրդեց տատանելով մեծ Ոլիմպոսն իրեն հիմքից։
Այս որոշումն ընդունելուց հետո նըրանք բաժանվեցին։
Արփիաճեմ Ոլիմպոսից Թետիսը դեպ ծովը ցատկեց,
Իսկ Զևսը իր պալատ գընաց. վեր կենալով աթոռներից
Աստվածները ըշտապեցին գընալ իրենց հորն ընդառաջ,
Եվ ոչ մեկը չըհանդըգնեց նըրա գալուն ըսպասելու։
Գընաց բազմեց Զևսն իր գահին, բայց Հերային ամեն մի բան
Հայտնի էր բաջ. տեսել էր նա, որ ծովական ծերի չըքնաղ Դուստրը՝ Թետիսն արծաթթաթիկ. խորհուրդի էր եկել նըրան։
Եվ Զըրվանյան Զևսին Հերան այս սիրտ ծակող խոսքերն ասաց.
«Ա՛յ նենգամիտ, աստվածներից ո՞վ խորհուրդի եկավ քեզ մոտ,
Հաճո է քեզ ինձնից ծածուկ և առանձին գործեր բըռնել,
Եվ դու երբեք, ոչ մի անգամ հոժարաբար ու կամովին
Հանձըն չառար ինձ հայտնելու մըտածումներդ գաղտնախորհուրդ»։
Եվ պատասխան տրվեց նըրան հայրը բոլոր աստվածների.
«Հերա՛, դու հույս մի՛ ունենա և մի՛ փորձիր իմանալու
Մըտածումներն իմ ամենայն, որքան էլ որ իմ կինն ես դու.
Իսկ այն, ինչ որ պետք է լըսել և իմանալ, վըստահ եղիր,
Լինի նա մարդ և կամ աստված՝ քեզնից առաջ պիտ չիմանա։
Բայց ինչ որ ես աստվածներից առանձին եմ ուզում անել,
Լավ կանես որ դու այդ մասին ո՛չ հարցընես, ո՛չ էլ քըննես»։
Այն ժամանակ աչեղ Հերան<ref>աչեղ Հերան — Դիցաբանության մեջ Հերան պատկերված է կովի մեծ աչքերով և սպիտակ մարմնով, գեղավարս մի կին։ Ոչ միայն հին Եգիպտոսում, այլև հույների մոտ, Հոմերոսից շատ առաջ գոյություն ուներ կենդանակերպ աստվածների պաշտամունքը։ Օրինակ, Հերային պաշտում էին կովի կերպարանքով, Զևսին՝ ցուլի և այլն։
</ref> Զևսին այսպես պատասխանեց.
«Անագորույն դու Զըրվանյան, այդ ի՞նչ խոսք է ասում ես դու.
Ե՞րբ եմ մի բան ես հարցըրել և կամ քըննել քո գործերից։
Վըճռում ես դու՝ ինչ կամենաս ու կատարում ազատակամ,
Բայց դողում է սիրտըս սաստիկ, թե մի գուցե քեզ ծովական
Ծերի դուստրը՝ արծաթթաթիկ Թետիսն հանկարծ խաբած լինի,
Որ մութ-լուսին նրստեց քեզ մոտ ու փաթաթվեց քո ծընկներին,
Որին, կարծեմ, խոսք տըվեցիր պատվել քաջոտն Աքիլլեսին
Եվ կոտորել աքայեցոց բազմությունը նավերի մոտ»։
Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց,
«Կասկածամիտ դու անպիտան, լըրտեսում ես ինձ շարունակ,
Բայց չես կարող ոչինչ անել, այլ պիտ ընկնես աչքիցըս դու,
Որ քեզ համար հույժ դըժվարին և դառնագույն պետք է լինի։
Նույնիսկ եթե ասածիդ պես լինի՝ դարձյալ հաճո է ինձ։
Ձայնըդ կըտրիր, նըստիր տեղդ և անսա՛ իմ հըրամանին,
Քանզի գուցե չօգնեն քեզ ողջ աստվածները Ոլիմպոսի,
Երբ որ վըրադ հարձակվեմ ես և քեզ վըրա ձեռք բարձրացնեմ»։
Այսպես ասաց, և մեծարգո աչեղ Հերան սարսափահար
Քաշվեց հեռու, նըստեց մեկդի սըրտակոտոր և անմըռունչ։
Հառաչեցին դիք երկնային Արամազդի ապարանքում,
Իսկ Հեփեստոսը բազմարվեստ ի հաճումս մորն իր սիրելի,
Հաշտեցնելու համար նըրանց՝ խոսք առնելով՝ այսպես ասաց.
«Արդարն. ի՜նչ աղետավոր և դըժընդակ բան կըլինի,
Թե երկուսովդ մահկանացոց համար կըռվեք ու գըժտվեք,
Իրար խառնեք աստված ներին, համեղ խընջույքն անգամ պիտի
Անհամանա, զի հաղթողը պիտի լինի վատթարագույնն։
Եվ ես մորըս խորհուրդ կըտամ, իմաստուն է թեպետև նա,
Որ քաղցրությամբ սիրտը առնի մեր սիրելի Արամազդ հոր,
Որպեսզի նա մի նոր կըռվով խընջույքը մեր չըխըռովի։
Քանզի եթե ուզի հանկարծ Ոլիմպյանը շանթախաղաց՝
Աթոռներից մեզ տապալել... զի անսահման հըզոր է նա։
Բայց դու, մայր իմ, քաղցըր լեզվով նըրա մեծ սիրտը ողոքիր,
Եվ Ոլիմպյանն իսկույն մեզ հետ կըհաշտըվի ու կանուշնա»։
Այսպես ասաց, ցատկեց արագ, երկկանթանի բաժակն առավ
Եվ դընելով այն սիրելի մոր ափի մեջ՝ ասաց նըրան.
«Համբերությամբ տար դու, մայր իմ, թեպետ սիրտըդ ցաված է խիստ,
Որ մի գուցե քեզ՝ սիրելուդ հարվածների տակ տեսնեմ ես,
Ու որքան էլ սիրտըս ցավի, ես քեզ օգնել չըկարենամ,
Զի դըժվար է և անհընար ընդդիմադրել Ոլիմպյանին։
Չեմ մոռացել, մի այլ անգամ, երբ օգնության դիմեցի ես,
Ոտքիցս բըռնած նետեց հեռու ինձ այս շեմքից աստվածային։
Եվ օրն ի բուն գըլորվելով, մայրամուտին ընկա Լեմնոս՝
Վըրաս հազիվ կյանքի նըշույլ, կիսակենդան ու կիսաշունչ.
Եվ սինտացի մարդիկ եկան ընկած տեղից ինձ վերցըրին»։
Հեփեստոսի խոսքի վըրա ժըպտաց Հերա աստվածուհին,
Եվ ժըպտալով՝ որդու ձեռքից երկկանթանի բաժակն առավ։
Այդպես աջից ըսկըսելով բոլոր անմահ աստվածներին
Մատըովակում էր Հեփեստոսն աստվածեղեն քաղցր ըմպելին։
Ու բարձրացավ երջանկափառ, անմահների այդ ժողովում
Ամեն կողմից մի լիաթոք ուրախ քըրքիջ համատարած,
Երբ որ տեսան տաճարի մեջ գործի վրա Հեփեստոսին։
Այսպես ողջ օր, մինչ մայրամուտ ուրախացան ու խընդացին,
Մինչ հագեցան սըրտներն ամեն ախորժահամ կերուխումից,
Եվ քընարից քաղցրանըվագ Ապոլլոնի ձեռքում բըռնած,
Եվ փոխնիփոխ երգ ու տաղից գեղեցկաձայն Մուսաների։
Իսկ երբ մարեց արեգակի շողը վերջին մայրամուտում,
Ամեն ոք իր հարկը գընաց, ուր զույգ ոտքից կաղ անվանին
Ամեն մեկի համար հատուկ կառուցել էր շըքեղ օթյակ։
Իր մահիճը գընաց նաև Արամազդը շանթախաղաց,
Որտեղ առաջ նընջում էր նա, երբ որ անուշ քունը կըգար.
Այնտեղ ելած՝ քուն մըտավ նա, կողքն էլ Հերան իր ոսկեգահ։
</poem>
-----
<references />