— Իսկ այժմ, պրոֆեսոր, եթե ձեզ համար հաճելի է դիտել «Նաուտիլուսը», ես պատրաստ եմ ձեզ ծառայելու։
=== Գլուխ տասնմեկերորդ։ «Նաուտիլուսը» ===
Նավապետ Նեմոն քայլեց դեպի դուռը։ Ես հետևեցի նրան։ Սեղանատան խորքում երկփեղկ դուռը բացվեց, և մենք մտանք հարևան սենյակը, որ ուներ նույն մեծությունը, .ինչ որ այն սենյակը, ուր մենք քիչ առաջ գտնվում էինք։
Այդ գրադարանն էր։ Բազմաքանակ, միատեսակ կազմով գրքերը շարված էին բարձր, մինչև առաստաղը հասնող պահարաններում, որոնք ծիրանափայտից էին և բրոնզով զարդարված։ Պահարանները տեղավորված էին սենյակի բոլոր պատերի երկարությամբ։ Պահարանների տակ դրված էին լայն է կինամոնագույն կաշիով պատած բազմոցներ, որոնք շատ հարմար էին հանգստանալու համար։ Բազմոցների մոտ կային թեթև, շարժական գրակալներ։ Սենյակի մեջտեղում գտնվում էր մի մեծ սեղան, որի վրա գրքեր էին կուտակված։ Նույն տեղում կային մի քանի լրագրեր, որոնք արդեն հնացած էին։
Այս հոյակապ դահլիճը լուսավորվում էր չորս էլեկպրական հսկա լապտերներով, որոնք կիսագնդաձև լուսամփոփներով տեղավորված էին առաստաղում։
Ես հիացմունքով դիտում էի այդ սենյակը, որ այնքա՜ն փարթամ ու գեղեցիկ էր կահավորված։
— Նավապետ Նեմո,— ասացի ես գրադարանի տիրոջը, որ մեկնվել էր բազմոցներից մեկի վրա,— սա մի գրապահեստ է, որով կարող էր հպարտանալ ցամաքի ամեն մի պալատ։ Ես ուղղակի հուզված եմ այն մտքից, որ այս հրաշալի գրադարանը ձեզ ուղեկցում է օվկիանոսների խորքերում։
— Էլ արիշ որտե՞ղ դուք կարող եք այսչափ նպաստավոր պայմաններ գտնել աշխատանքի համար, պրոֆեսոր,— ասաց նավապետը,— մի՞թե թանգարանում եղած ձեր առանձնասենյակը ձեզ այսպիսի անխռով հանգստություն է տալիս։
— Իհարկե ոչ... Ես պետք է խոստովանեմ, որ իմ առանձնասենյակը շատ աղքատ է այս դահլիճի համեմատությամբէ Դուք այստեղ ունեք վեց-յոթ հազարից ոչ պակաս գիրք, այո՞։
— Տասներկու հազար, պարոն Արոնաքս։ Սա միակ բանն է, որ ինձ կապում է երկրի հետ։ Սակայն աշխարհն ինձ համար այլևս գոյություն չունի այն օրից, երբ «Նաուտիլուսն» առաջին անգամ ջրասույզ եղավ։ Այն օրը ես գնեցի վերջին գրքերը, բրոշյուրները և լրագրերի վերջին համարները։ Այն ժամանակներից սկսած մարդկությունն ինձ համար այլևս չի մտածում, չի գրում։ Այս գրքերը գտնվում են ձեր լիակատար տնօրինության տակ, պրոֆեսոր, օգտվեցեք նրանցից, երբ և որքան կուզեք։
Շնորհակալություն հայտնելով նավապետ Նեմոյին, ես մոտեցա գրքերի դարակներին։ Գրքերը բոլոր լեզուներով էին ու վերաբերում էին ստույգ գիտությունների զանազան ճյուղերին, փիլիսոփայության, գրականության։ Իմ աչքով ընկավ հետաքրքիր մի հանգամանք.— գրքերը դասավորված էին այբբենական կարգով, անկախ նրանից, թե ինչ լեզվով էին գրված։ Այդ վկայում էր, որ նավապետ Նեմոն հավասարաչափ տիրապետում է բոլոր լեզուներին։
Գրադարանում ես տեսա հին և ժամանակակից հեղինակների երկերը, այն լավագույնը, ինչ որ մարդկային հանճարը ստեղծել է գիտության, գեղարվեստական արձակի ու պոեզիայի բնագավառում, Հոմերոսից մինչև Վիկտոր Հյուգոն, Քսենոֆոնից մինչև Միշլեն, Ռաբլեից մինչև Ժորժ Սանդը։ Այնուամենայնիվ այս գրադարանում գրքերը գերակշռող թիվ էին կազմում։ Ձգաբանական, ջրաբանական, օդերևութաբանական, աշխարհագրական, երկրաբանական և այլ գրքերը ոչ պակաս տեղ էին գրավում, քան բնագիտական աշխատությունները, իսկ բնագիտությունը, որքան ես հասկացա, նավապետ Նեմոյի գիտական զբաղմունքների գլխավոր առարկան էր։ Դարակներում գրված էին Հումբոլդտի և Արագոյի լրիվ երկերը, Ֆուկոյի, Հանրի Սենի, Կղեր-Դեվիլի, Շասլյայի, Միլն Էդվարսի, Կատրֆաժի, Տինդալի, Ֆարադեյի, Բերտելլոյի, աբբա Սեկկիի, Պետերմանի, Մորիի, Ագասսիսի և այլոց աշխատությունները, գիտությունների ակադեմիայի «Տարեգիրր», զանազան աշխարհագրական ընկերությունների բյուլետենները և այլն։ Նույն տեղում, այդ պատկառելի գրադարանում գտնվում էին այն երկու հատորներր, որոնց համար ես ինձ երախտապարտ զգացի նավապետի հանդեպ։ Ժոզեֆ Բերտրանի «Աստղաբաշխության հիմունքները» գիրքը ինձ հնարավորություն տվեց պարզելու հետևյալը.- ես գիտեի, որ այդ գիրքը լույս է տեսել 1865 թվականի կեսին, հետևապես, «Նաուտիլուսը» դրանից առաջ չէր կարող հեռանալ ցամաքից։ Այդպես ուրեմն, նավապետ Նեմոն ստորջրյա ճանապարհորդ է դարձել ոչ ավելի, քան երեք տարի առաջ։ Ես մտածեցի, որ եթե հաջողվի գտնել էլ ավելի նոր գրքեր, կարելի է ավելի ճիշտ որոշել ստորջրյա նավի ծով մտնելու օրը։ Սակայն այդ անելու համար ես դեռ բավականաչափ ժամանակ ունեի, իսկ առայժմ չէի ուզում հետաձգել «Նաուտիլուսի» հրաշքների հետ ծանոթանալու գործը։
— Շնորհակալ եմ ձեզնից, նավապետ,— ասացի ես,— որ դուք թույլ տվիք օգտվել ձեր գրադարանից։ Սա գիտության իսկական գանձարան է և ես կօգտվեմ այս գանձարանից։
— Այս սենյակը ոչ միայն գրադարան է, այլև ծխարանն է։
— Ծխարա՞ն,— զարմացած բացականչեցի ես,— մի՞թե «Նաուտիլուսում» ծխում են։
— Անշուշտ։
— Այդ դեպքում, նավապետ, ես պետք է ենթադրեմ, որ դուք կապ եք պահում Հավաննայի հետ, այո՞։
— Ոչ մի կապ,— պատասխանեց նավապետ Նեմոն,— փորձեցեք այս սիգարը, պրոֆեսոր։ Թեպետ դա Հավաննայից չէ, բայց թե դուք դիտակ էք ծխախոտի նկատմամբ, այս սիգարը դուր կգա ձեզ։
Ես վերցրի սիգարը, որ իր ձևով հիշեցնում էր Հավաննայի սիգարների լավագույն տեսակները, բայց ավելի բաց գույն ուներ և պատրաստված էր ավելի դեղին տերևներից։ Ես սիգարը վառեցի կանթեղից, որ դրված էր բրոնզե մի նուրբ պատվանդանի վրա, և ծուխը ներս քաշեցի այնպիսի ագահությամբ, ինչպիսին հատուկ է լինում թունդ ծխողին, երբ նա երկու օր ծխած չի լինում։
— Սա հրաշալի սիգար է, բայց... կարծես ծխախոտ չէ։
— Այո,— պատասխանեց նավապետը,— այս ծխախոտը ոչ Հավաննայից է, ոչ էլ Արևելքից։ Սա ծովային ջրիմուռների մի տեսակն է, որը հարուստ է նիկոտինով։ Հիմա դուք արդյոք ափսոսո՞ւմ եք, որ Հավաննայի սիգար չեք ծխում։
— Այս րոպեից սկսած Հավաննայի սիգարներն արհամարհելի են ինձ համար։
— Այդ դեպքում ինչքան ուզում եք ծխեցեք, առանց հարցնելու, թե որտեղից են սիգարները։ Ծխախոտի ոչ մի մենաշնորհով հարկ չի գանձվում դրանց համար, բայց այդպիսով դրանց որակը չի իջել, այնպես չէ՞։
— Իհարկե։
Այդ րոպեին նավապետ Նեմոն բաց արեց մի դուռ, որ գտնվում էր այն դռան դիմաց, որտեղից մենք ներս մտանք գրադարանը։ Ես մտա մի մեծ, հիանալի լուսավորված սրահ։
Այդ մի ընդարձակ, քառանկյունի դահլիճ էր կտրտված անկյուններով, ուներ տասը մետր երկարություն, վեց մետր լայնություն և հինգ մետր բարձրություն։ Առաստաղը զարդարված էր արաբական պարզ և նուրբ նախշերով։ Առաստաղում թաքնված լապտերները պայծառ, բայց ոչ կուրացուցիչ լույս էին սփռել այդ թանգարանում հավաքված հրաշալի իրերի վրա։ Այո, այդ իսկական թանգարան էր... հմուտ և կարող ձեռներն այստեղ հավաքել էին բնության ու արվեստի բոլոր գանձերը և դասավորել այնպիսի գեղարվեստական կարգով, որը հատուկ է նկարչի բնակարանին։ Պատերը ծածկված էին նկարագեղ պաստառներով։ Մեծ վարպետների երեսուն նկարները, որոնք միատեսակ շրջանակներ ունեին, զարդարում էին թանգարանը։ Նկարների միջև գտնվում էին վահաններ ու զենքեր, ինչպես նաև արձաններ, որոնց վրա հարմարեցված էին ասպետական բոլոր զենքերը։ Ես տեսա հսկայական արժեք ունեցող պատկերներ, որոնք եղել էին Եվրոպայի ցուցահանդեսներում և մասնավոր պատկերասրահներում։ Հին վարպետների գործերից այստեղ կային Ռաֆայելի «Մադոննան», Լեոնարդո-դա–Վինչիի «Կույսը»։ Կորեջիոյի «Համրը», Տիցիանի «Կինը», Վերոնեզի «Մոգերի երկրպագութլունը», Մուրիլոյի «Հարությունը», Հոլբեյնի «Դիմանկարը», Վելասկեզի «Վանականը», Ռիբեյրայի «Նահատակը», Տենիրսի «Տոնավաճառը», Ռուբենսի ֆլամանդական երեք բնանկարները, երեք փոքր նկարներ, որոնք պատրաստված էին Ժերարդ-Դոուի, Տերսուի, Պոլ Պոտաերի ժանրով, Ժերիկոյի և Պրուգոնի երկու պատկերները, Բայկուզենի և Վեռնեի մի քանի ծովային տեսարանները։ Ժամանակակից նկարչական գործերի թվում ես տեսա պատկերներ, որոնց վրա գտնվում էին Դելակրուայի, Էնգրի, Դեկանի, Տրուայնի, Մեյսոնեյի, Դոբինյիի և այլոց ստորագրությունները։
Այս փառահեղ թանգարանի անկյուններում, բարձր պատվանդանների վրա դրված էին անտիկ քանդակագործությունների փոքրացրած, մարմարե ու բրոնզե, սքանչելի պատճենները։
Նավապետ Նեմոյի ասածներն իրականանում էին. «Նաուտիլուսը» դիտելու հենց առաջին քայլերից ես ապշած էի մնացել։
— Հույս ունեմ, պրոֆեսոր, որ դուք ինձ կներեք ձեզ ընդունելու համարձակությանս և այն անկարգության համար, որ տիրում է այս սենյակում,- ասաց այդ տարօրինակ մարդը։
— Նավապետ,— պատասխանեցի ես,— պետք է ասեմ, որ դուք իսկական արտիստ եք։
— Օ՜ ոչ, միայն սիրող եմ,— առարկեց նա,— ինձ հաճելի էր հավաքել մ արդկային հանճարի այդ հոյակապ արտադրությունները։ Ես անխոնջ էի իմ որոնումներում և ագահ՝ այս կամ այն իրը ձեռք բերելու մեջ։ Այդ ինձ հնարավորություն տվեց գտնել մի շտրք իսկապես որ բարձրարժեք իրեր։ Դրանք իմ վերջին հուշերն են ինձ համար մեռած երկրի մասին։ Ձեր ժամանակակից նկարիչներն անգամ հին վարպետներ են իմ աչքում։ Ես այնպես եմ դիտում նրանց նկարները, որ կարծես սրանք երկու-երեք հազար տարի առաջ են ստեղծագործված։ Հանճարների համար հասակն այնքան էլ նշանակություն չունի։
— Իսկ այս երաժիշտնե՞րը,— հարցրի ես, ցույց տալով Վեբերի, Ռոսսինիի, Մոցարտի, Բեթհովենի, Հայդնի, Մեյերբերի, Վագների, Օբերի, Գունոյի և այլոց երկերը, որ թափված էին մի մեծ դաշնամուր֊երգեհոնի կափարիչի վրա։ Դաշնամուրն ահագին տեղ էր բռնել սրահում։
— Այս երաժիշտներն Օրփեոսի ժամանակակիցներ են ինձ համար։ Մեռածների հիշողությունից ջնշվում են տարբերությունները, իսկ ես մեռած եմ, պրոֆեսոր, մեռած եմ ճիշտ այնպես, ինչպես և ձեր այն բարեկամները, որոնք նիրհում են վեց ոտնաչափ գետնի տակ։
Նավապետ Նեմոն լռեց և խորը մտածմունքի մեջ ընկավ։ Ամենաջերմ հետաքրքրությամբ ես դիտում էի նրան և լուռ ուսումնասիրում նրա դեմքի առանձնահատկությունները։ Հենված լինելով մի թանկագին, գեղազարդ սեղանի, նա չէր տեսնում ինձ և կարծես բոլորովին մոռացել էր իմ գոյության մասին։
Ես որոշեցի չխանգարել նրա մտորումները և շարունակեցի դիտել սրահում ժողովված հրաշքները։
Արվեստի կոթողների հետ միասին աչքի ընկնող տեղ էին գրավում նաև բնության հազվագյուտ իրերը։ Դրանք գլխավորապես բույսեր էին, և խեցիներ և օվկիանոսի բուսական ու կենդանական աշխարհին պատկանող այլ նմուշներ, որոնք ըստ երևույթին հավաքված էին հենց նավապետ Նեմոյի ձեռքով։ Սրահի մեջտեղում գտնվում էր մի շատրվան, որր ներքևից լուսավորված էր էլեկտրականությամբ։ Ջրի կաթիլները թափվում էին ավազանի մեջ, որ կառուցված էր մի վիթխարի խեցիից։ Խեցիի շրջագիծը հասնում էր վեց մետրի։ Ուրեմն դա գերազանցում էր նույնիսկ այն հռչակավոր խեցիից, որ Վենետիկի հանրապետությունը նվիրել էր թագավոր Ֆրանցիսկ առաջինին։
Ավազանի շուրջը, ապակյա գեղեցիկ փեղկերում, որոնք գեղազարդված էին պղնձով, դասավորված էին ծովային ամենաթանկարժեք և ամենահազվագյուտ իրեր, որոնց նմանը հազիվ թե տեսած լինի մի որևէ բնագետ։ Կարելի է պատկերացնել, թե դրանք որչափ ուրախացրին ինձ։
Կենդանաբույսերի բաժնում գտնվում էին կակղամորթների ու ասղամորթների նմուշները։ Առաջին խմբում գտնվում էին հովհարանման գորգոններ, ծովային օրգանիկներ, սիրիական շրթնիկներ, Մոլուքյան կղզիների կորալներ, այլցիոնի հիանալի մի նմուշ, գրավիչ հովհարատերևներ, Ռեյունյոն կղզու ակնավորներ և մադրեպորների մի ամբողջ հավաքածո, որոնց մեջ առանձնապես ուշադրություն էր գրավում Անթիլյան կղզիների «Նեպտունի կառքը»։ Այստեղ հավաքված էին կորալների ամենատարբեր տեսակները, որոնց գաղութները կազմում են ամբողջ կղղիներ, ո՞վ գիտե, գուցե դարերի ընթացքում նաև ցամաքներ։ Իրենց փշոտ թաղանթով աչքի ընկնող ասղամորթների խմբում գտնվում էին ծովաստղերի, ծովագլանների, ոզնիների, մազաճիճուների, օձաստղերի, տոլբիպորների մի քանի տեսակները։
Եթե իմ տեղը լիներ թույլ ջղերով մի խխունջագետ, զարմանքից կքարանար, տեսնելով հարևան ցուցափեղկերը, ուր տեղավորված էին կակղամորթների հավաքածոներր։ Այդ նմուշները բարձր էին ամեն մի գնահատությունից և կարելի էր մի ամբողջ հատոր նվիրել նրանց նկարագրության։ Ես կսահմանափակվեմ միայն ամենահետաքրքիր նմուշները թվելով։ Այստեղ էին գտնվում Հնդկական օվկիանոսի նրբագեղ ուռնաձուկը, որի կարմիր֊կինամոնագույն մարմնի վրա կանոնավոր դասավորված էին սպիտակ բծերը, այսպես կոչված՝ «կայսերական սպոնդիլը», որ ամբողջովին պատած էր գնդիկներով ու վառ գույն ուներ,— մի կենդանի, որի համար եվրոպական ամեն մի թանգարան չէր խնայի քսան հազար ֆրանկ. ավստրալիական հասարակ ուռնաձուկը, որ համարյա անկարելի է գտնել. սենեգալյան միջուկավորները, որ երկփեղկ էին, սպիտակ, այնպես փխրուն, որ ցնդում են նույնիսկ ամենաթեթև հողմից, ինչպես օճառի պղպջակներ. Ճավայի մի շարք ծովային ցնցուղները, ծալ֊ծալ վերջավորություններ ունեցող կրային փողիկներ, որոնք սիրողների կողմից բարձր են գնահատվում. մի ամբողջ շարք փորոտանիներ, որոնցից դեղին֊կանաչագույնները լինում են ամերիկյան ծովերում, իսկ թուխ֊դարչնագույնները՝ նոր Զելանդիայի ափերի մոտ, Մեքսիկայի ծոցում, և աչքի են ընկնում իրենց կղմինդրաձև խխունջներով․ զարմանալի ծծմբային թելիններ, ցիտրաների թանկագին տեսակներ, ցանցավոր արևուկներ, մարմարե կուբարներ իրենց սադափե բծերով։ Այնուհետև դասավորված էին ճենախխունջների բոլոր տեսակները, որոնք Հնդկաստանում գործ են ածվում դրամների փոխարեն․ «ծովի փառքը»՝ Արևելյան Հնդկաստանի ամենաթանկագին խեցին։ Վերջապես, դափնյաներ, յանտիններ, ձվակերպներ, խույրեր, սաղավարտանմաններ, ծիրանեձկներ, տավիղանմաններ, տրիտոններ, պտերոցերներ, պատելներ, հիալեներ, կղերոդորներ, քնքուշ ու փխրուն խեցիներ, որոնց գիտնականները գեղեցիկ անուններ են տվել։
Առանձին ցուցափեղկերում դրված էին, չտեսնված գեղեցկության մարգարիտների թելեր, որոնք շքեղ առկայծում էին էլեկտրական պայծառ լույսի տակ։ Այնտեղ էր վարդագույն մի մարգարիտ, որը հանվում է Կարմիր ծովի հատակից, այնտեղ էին կանաչ, դեղին, կապույտ ու սև մարգարիտները՝ զանազան կակղամորթների մարմնի, ուռուցքները, որ պատահում են համարյա բոլոր ծովերում և օվկիանոսներում։
Այդ մարգարիտներից մի քանիսն աղավնու ձվից մեծ էին։ Նրանց արժեքը գերազանցում էր այն մարգարիտի արժեքից, որ ճանապարհորդ Տավերնեն երեք միլիոնով ծախել էր պարսից շահին, իսկ գեղեցկությամբ նրանք ավելի բարձր էին Մասկատի իմամի մարգսրտից, որը ես աշխարհում առաջինն էի համարում։
Այսպիսով անկարելի էր որոշել այդ հավաքածոյի արժեքը։ Նավապետ Նեմոն պետք է միլիոններ ծախսած լիներ այն ձեռք բերելու համար։
Ինքս ինձ հարց էի տալիս, թե ո՞րն է այդ չլսված հարրստության աղբյուրը։ Հանկարծ նավապետը դիմեց ինձ։
― Դուք իմ հավաքածոնե՞րն եք դիտում, պրոֆեսոր։ Դրանք իսկապես որ արժանի են բնագետի ուշագրության։ Իսկ ինձ համար նրանց արժեքն առավել բարձր է այն չափով, որչափով նրանցից յուրաքանչյուրը ես իմ սեփական ձեռքերով եմ հավաքել։ Երկրագնդի վրա չկա մի ծով, որն ինձ մի որևէ բան տված չլինի այդ ցուցափեղկերի համար։
— Նավապետ, ինձ միանգամայն հասկանալի է այն բերկրանքը է որ դուք պիտի զգաք այս հարստությունները տեսնելիս։ Եվրոպական ոչ մի թանգարան չունի օվկիանոսի արտագրության այդչափ լրիվ հավաքածո։ Սակայն եթե ես իմ ամբողջ հիացմունքը սպառեմ թանգարանը դիտելով, էլ ի՞նչ կմնա իմ մեջ, նավի մնացած մասը դիտելու համար։ Ես բոլորովին չեմ ուզում անհամեստ լինել ու քրքրել ձեր գաղտնիքները, բայց (խոստովանում եմ, որ ինձ վերին աստիճանի հետաքրքրում է «Նաուտիլուսը», նրան շարժող ուժը, այն կառուցվածքները, որոնց միջոցով նավը կարողանամ է շարժվել մեծ արագությամբ։ Այս սրահի պատերի վրա ես տեսնում եմ այնպիսի պարագաներ, որոնց նպատակը պարզ չէ ինձ համար։ Արդյոք կարո՞ղ եմ հարցնել․․․
— Պարոն Արոնաքս,— ընդհատեց ինձ նավապետը,— ես արդեն ասացի, որ դուք ազատ եք այս նավում, հետևապես «Նաուտիլուսում» չկա մի անկյուն, որի մուտքն արգելված հինի ձեզ համար։ Կարող եք նավը դիտել որքան ուզենաք, իսկ ես պատրաստ եմ լինելու ձեր ուղեկիցը։
— Չգիտեմ ինչպես շնորհակալ լինեմ ձեզնից, նավապետ։ Կաշխատեմ ի չարը չգործադրել ձեր սիրալիրությունը։ Թույլ տվեք միայն իմանալ, ինչի՞ համար են այս ֆիզիկական պարագաները։
— Ճիշտ նույնպիսի պարագաներ կան նաև իմ առանձնասենյակում, պրոֆեսոր, այնտեղ ես ձեզ կբացատրեմ դրանց նշանակությունը։ Սակայն նախ անցնենք ձեզ հատկացված նավասենյակը։ Չէ որ դուք պետք է իմանաք, թե ինչ պայմաններում պետք է ապրեք «Նաուտիլուսում»։
Նեղ միջանցքով ես հետևեցի նավապետին։ Անցնելով նավի առջևի մասը, նավապետ Նեմոն ինձ տարավ շքեղ կահավորված, ընդարձակ մի սենյակ, ուր աչքովս ընկան մահճակալը, արդուզարդի սեղանը, բազկաթոռները և այլն։
Ես շնորհակալության խոսքեր չէի գտնում։
— Ձեր նավասենյակը կից է իմ առանձնասենյակին ասաց նավապետը դուռը բանալով,— իսկ իմ առանձնասենյակն էլ միանում է այն սրահին, ուր մենք քիչ առաջ գտնվում էինք։
Մենք մտանք նավապետի սենյակը, որ ուներ վերին աստիճանի պարզ ու հարմար կահավորություն։ Երկաթե մահճակալ, աշխատանքի սեղան, մի քանի աթոռ, լվացարան՝ ահա այդ սենյակի ամբողջ կահավորանքը։ Միայն անհրաժեշտ իրեր և ոչ մի շքեղություն։
Նավասենյակում կիսախավար էր տիրում։
Նավապետ Նեմոն ցույց տվեց ինձ աթոռը․
— Խնդրեմ նստեցեք։
Ես նստեցի։ Նա մի փոքր լռեց և ապա սկսեց խոսել։
=== Գլուխ տասներկուերորդ։ Ամեն ինչ էլեկտրականության միջոցով ===
[[Կատեգորիա:Ֆրանսիական գրականություն]]
[[Կատեգորիա:Արկածային]]