― Ա՜, ոսկի սիրտ, այժմ գլխի եմ ընկնում։ Դառը օրենքը խլում է դատապարտվածի ունեցվածքը և մուրացկանության գիրկը նետում նրա կնոջն ու որբուկներին։ Նրանք կարող էին տանջամահ անել քեզ, բայց առանց խոստովանության չէին կարող կողոպտել կնոջդ ու երեխայիդ։ Դու իսկական տղամարդու նման տոկացել ես, իսկ դու ― քո ամուսնու հավատարիմ կողակից և իսկական կին, պատրաստ ես եղել տառապանքներից նրա ազատագրումը խլելու սեփական անձիդ դանդաղ սովամահության գնով․․․ Այո, կանայք ընդունակ են անձնազոհությունների։ Ես ձեզ երկուսիդ էլ կվերցնեմ իմ գաղութը, ձեզ այնտեղ դուր կգա, դա մի գործարան է, որտեղ ես կեղտի մեջ խարխափող ավտոմատներից մարդ եմ պատրաստում։
==Գլուխ XIII==
Թագուհու զնդաններում
Այո, ես անեն ինչ հաջողացրի․ ստիպեցի այդ մարդուն ազատ արձակել։ Մեծ ցանկություն ունեի դահճին պրկելու գելոցի վրա, ոչ թե այն բանի համար, որ նա լավ մարդկանց ջանասիրաբար չարչարող գործակատար էր, այլ այն պատճառով, որ նա առանց հիմքի ծեծլ էր ու ամեն կերպ նեղություններ էր տվել կալանավորի կնոջը։ Այդ մասին ինձ պատմեցին քահանաները, ջերմորեն պահանջելով պատժել նրան։ Այդպիսի անհամատեղելի բաներ երբեմն֊երբեմն պատահում էին։ Ես նկատի ունեմ այն դեպքերը, որոնք ապացուցում էին, թե ոչ բոլոր քահանաներն էին նենգ ու եսասեր և, թե նրանցից շատերը, մանավանդ ժողովրդի հետ նույն կյանքով ապրողները ազնվորեն, հոգեպես ու նվիրվածությամբ աշխատում էին թեթևացնել մարդկանց տառապանքներն ու վշտերը։ Այդ ինձ շատ էր անհանգստացնում, բայց ես ոչինչ փոխել չէի կարող և ահա թե ինչու հրաժարվում էի դրանով զբաղեցնել մտքս․ ես սովորություն չունեի մտորելու այնպիսի բաների մասին, որոնք ինքս ի վիճակի չեմ փոփոխելու։ Ինչևէ, նման քահանաների գործունեությունը ինձ բնավ դուր չէր գալիս, որովհետև ժողովրդին կապում էր տիրապետող եկեղեցուն։ Հատուկ նշելու հարկ չկա, որ առայժմ առանց կրոնի յոլա գնալ չի լինի, բայց ես կուզենայի, որ եկեղեցին բաժանված լիներ իրար թշնամի քառասուն ինքնուրույն աղանդների, ինչպիսի վիճակ գոյություն ուներ իմ ժամանակների Միացյալ Նահանգներում։ Իշխանության կենտրոնացումը որևէ քաղաքական կազմակերպության ձեռքում միշտ էլ վատ բան է, իսկ տիրապետող եկեղեցին միայն քաղաքական կազմակերպություն է․ նա ստեղծված է քաղաքական նպատակների համար, սնուցանվել և աճեցվել է նույն նպատակների համար, նա մարդկային ազատության թշնամին է, իսկ այն բարիքը, որ նա, այնուամենայնիվ, անում է, կարող էր առավել լավ անել բազմաթիվ աղանդների բաժանված վիճակում։ Սա, իհարկե, պարտադիր օրենք չէ, ավետարան չէ, սա պարզապես մի անհատական կարծիք է, իմ սեփական կարծիքը, իսկ ես միայն մի անձնավորություն եմ, մի անհատ մարդ և իմ կարծիքը ավելին չարժե, քան Հռոմի Պապի կարծիքը, բայց և պակաս չարժե։
Դահճին գելոցի վրա պրկել չէի ուզում, բայց չէի կարող նաև անուշադրության մատնել քահանաների արդարացի բողոքը։ Այսպես թե այնպես նա պետք է պատժվեր, և ես հանեցի նրան դահճի պաշտոնից ու նոր կազմակերպվող նվագախմբի խմբավար նշանակեցի։ Մարդը աղաչանք֊պաղատանք արեց, ասաց, որ ինքը նվագել չգիտե․ առարկությունը առհասարակ ընդունելի էր, բայց այս պարագայի համար շատ նվազ․ ամբողջ երկրում արդեն ոչ մի երաժիշտ չկար, որ նվագել իմանար։
Հաջորդ առավոտ թագուհին պարզապես կատաղել էր, իմանալով, որ չի ստանալու ո՛չ Հուգոյի կյանքը, ո՛չ էլ նրա ունեցվածքը։ Բայց ես բացատրեցի, որ նա ստիպված է համբերությամբ կրելու իր խաչը, քանի որ, թեպետ օրենքն ու սովորությունը նրան իրավունք են վերապահում այդ մարդու կյանքի և ունեցվածքի նկատմամբ, բայց ես սույն գործի մեջ մեղմացուցիչ հանգամանքներ եմ նկատել և ներում շնորհել այդ մարդուն՝ հանուն Արթուր թագավորի։ Եղջերուն ամայացրել է մարդու դաշտերը, և նա սպանել է նրան հանկարծակի բորբոքման պահին, այլ ոչ թե շահի նպատակով։ Հետո նա եղջերուն թագավորական անտառ է տարել, հույս ունենալով կորցնել հետքերը։ Բայց դե եկեք այս կնոջը, թող անիծյալ լինի նա, հասկացրեք, որ հանկարծակի բորբոքվելը մեղմացուցիչ պարագա է որսի կամ մարդու սպանության ժամանակ։ Ես որ չկարողացա, դրա համար էլ լռեցի և թողեցի կատաղի, որքան սիրտն ուզում է։ Նրան բացատրելիս, ես ի դեպ նշեցի, որ մանկլավիկին սպանելու պահին նրան բռնած զայրույթի պոռթկումը, օրինակ, այնպիսի պարագա է, որը որոշ չափով մեղմացնում է նրա հանցագործությունը։
― Հանցագործությո՞ւնը, ― բացականչեց նա։ ― Ի՞նչ ես ասում։ Հանցագործությո՜ւնը, աստվա՜ծ իմ։ Չէ որ ես պետք է վճարեմ նրա համար։
Օ՜հ, նրան համոզելը անօգուտ էր։ Մանկությունից սերտած գաղափարները ոչ մի կերպ նրա գլխից հանել չես կարող․ դաստիարակությունը ամեն ինչ է։ Ասում ենք բնավորությունն է այդպես։ Հիմար բան։ Ոչ մի բնավորություն էլ գոյություն չունի։ Այն, ինչ մենք բնավորություն ենք կոչում, պարզապես դաստիարակություն է և ժառանգականություն։ Մենք չունենք սեփական մտքեր, սեփական կարծիքներ, դրանք փոխանցվել են մեզ, կամ ներարկվել դաստիարակությամբ։ Այն ամենը, ինչ մեր սեփականն է, հետևաբար հանդիսանում է մեր վաստակը կամ մեղքը, կարող է տեղավորվել ասեղի ծայրին, իսկ մնացած բոլորը մեզ է փոխանցել մեր նախնիների երկար շարքը, սկսած մեդուզայից, մորեխից, կամ կապիկից, որոնցից սերել է մեր ցեղը, բիլլիոն տարիների այդքան տաղտկալի, ցուցամոլ և անշահաբեր զարգացումից հետո։ Ինչ վերաբերում է ինձ, ապա սույն հավիտենականությունների միջև այս դժվարին և անուրախ ուխտագնացության ընթացքում ձգտում են միայն մի բանի, որպեսզի իմ կյանքը մաքուր ապրեմ, վեհ, անաղարտ և պահպանեմ մեջս այն միկրոսկոպիկ մասնիկը, որը և իմ իրական եսն է․մնացածը կարող է գրողի ծոցը գնալ, իմ պետքը չէ։
Ոչ, թող անիծված լինի այդ թագուհին։ Գլխին բավականին խելք կար, բայց դաստիարակությունը նրան ավանակ էր դարձրել, իհարկե, բազմաթիվ հարյուրամյակներ հետո ծնված մարդկանց տեսանկյունից դիտած։ Մանկլավիկին սպանելը հանցագործություն չէր․ դա նրա իրավունքն էր, և նա հանգիստ պնդում էր իր իրավունքը, չգիտակցելով իր անարդարացիությունը։ Նա դաստիարակվել էր չհանդուրժող և ստուգում չպահանջող համոզմունքներով, թե այն օրենքը, որը թույլ է տալիս սպանել հպատակներին, երբ ինքը ցանկանա, ճիշտ է և արդարացի։
Էհ, ինչ արած, պատահում է, որ սատանային էլ են պատշաճը տալիս։ Թագուհին, ըստ էության, նույնիսկ գովասանքի էր արժանի, և ես փորձեցի գովասանական խոսք ասել, բայց բառերը կպան կոկորդիս ու հրաժարվեցին դուրս գալ։ Նա իրավունք ուներ սպանելու տղային, բայց նա բնավ պարտավոր չէր վճարելու դրա փոխարեն։ Սպանության համար փոխվճարում պահանջող օրենքը վերաբերում էր ուրիշներին, բայց ոչ նրան։ Նա լիովին գիտակցում էր, որ ինքը մեծահոգի ու ազնիվ է վարվում, վճարելով այդ երեխայի համար և, որ ես, արդարացիության սիրուն, պետք է գովաբանեմ այդ քայլը, բայց ես չէի կարող, լեզուս հրաժարվում էր ենթարկվել։ Անընդհատ աչքերիս առջև էր կոտրված սրտով դժբախտ պառավը և սիրունիկ տղան, որի արյունը ներկել էր նրա մետաքսյա հագուստը։ Ինչպե՞ս կարող է նա վճարել երեխայի համար։ Ո՞ւմ պետք է վճարի։ Եվ գիտենալով, որ այդ դաստիարակության տեր կինը արժանի է գովասանքի, նույնիսկ հիացմունքի, ես, որ ուրիշ դաստիարակություն էի ստացել, չէի կարող գովաբանել նրան։ Միակ բանը, որ կարողացա ասել, բնավ չէր արտացոլում իմ զգացմունքների վիճակը և ոչ մի կապ չուներ նրանց հետ։ Ես ասացի, որ նրան ուրիշները կգովաբանեն իր քայլի համար, և ցավն էլ այն էր, որ դա ճշմարտություն էր։
― Տիկին, ձեր ժողովուրդը կպաշտի ձեզ դրա համար։
Այո, դա ճշմարտություն էր, բայց ես հոգուս խորքում ցանկանում էի ապրել մինչև այն օրը, երբ կարողանայի կախել նրան նույն բանի համար։ Շատ վատ էին օրենքները, անչափ վատ։ Տերը իրավունք ուներ սպանել իր ստրուկին առանց որևէ պատճառի՝ թեթև բարկության պահին, թե չարությունից կամ էլ պարզապես հաճույքի համար։ Եվ թագակիր գլուխները նույնպես իրավունք ունեին սպանելու իրենց ստրուկին, այսինքն յուրաքանչյուր մարդու։ Ազնվականը իրավունք ուներ սպանել հասարակ մարդուն, բայց պետք է սպանության համար վճարեր դրամով կամ հացով։ Ազնվականը ըստ օրենքի իրավունք ուներ բոլորովին անվճար սպանելու ուրիշ ազնվականի, բայց կարող էր վրեժ ակնկալել։ Ամեն ոք, բացի հասարակ մարդուց և ստրուկից, իրավունք ուներ սպանել ամեն մեկի։ Եթե հասարակ մարդը կամ ստրուկը սպանում էր որևէ մեկի, ապա դա սպանություն էր համարվում, իսկ օրենքը արգելում էր սպանությունները։ Եթե սպանվողը ավելի վեր էր կանգնած հասարակական աստիճանի վրա, քան սպանողը, ապա սպանողին ու նրա ընտանիքին դաժան պատիժ էր սպասում։ Եթե հասարակ մարդը ազնվականի կյանքին վտանգ չսպառնող ամենաթեթև քերծվածք էր պատճառում, նրան դրա դիմաց լրիվ վճար էին հատուցում․ կապում էին ձիերի պոչից և երկճղատում, ու ամբողխը վազում էր նայելու, զվարճանալու և հաճելի ժամանց ունենալու։ Այս նրբին հասարակության որոշ ժամանցները նույնքան անմատչելի և նույնքան անտպագրելի էին, ինչպես և նրանք, որոնց մասին պատմել է Կազանովան Լյուդովիկոս XV֊ի հզորագույն հակառակորդներից մեկի քառատմանը նվիրված գլխի մեջ։
Ես արդեն բավականին կշտացել էի այս ահավոր վայրից և ուզում էի մեկնել, բայց չէի կարող հեռանալ առանց իրագործելու իմ մի մտահղացումը, որի մասին խիղճս չէր թողնում մոռանալ։ Եթե ես նորից ստեղծելու լինեի մարդուն, ապա նրա մեջ խիղճ չէի դնի։ Խիղճը մարդուն շատ նեղություններ է պատճառում, և թեպետ շատ լավ բաներ էլ է անում, բայց վերջ ի վերջո չի կարելի ասել, թե ծախսերը հանում է, ուստի նախընտրելի է, որ լավը քիչ լինի, բայց հարմարավետությունը շատ։ Ասենք, դա իմ անձնական կարծիքն է, և ես ընդամենը մի մարդ եմ, ավելի նվազ փորձառության տեր մարդիկ կարող են ուրիշ կերպ մտածել։ Նրանք լրիվ իրավունք ունեն սեփական հայացակետի վրա պնդելու։ Իսկ ես պնդում եմ ահա թե ինչը․ բազմաթիվ տարիների ընթացքում ուշադրությամբ հետևելով իմ խղճին, ես համոզվել եմ, որ նա բավականին նեղություն ու տառապանքներ է պատճառում ինձ։ Հավանաբար, սկզբում ես գնահատում էի այդ, որովհետև սովորաբար մենք գնահատում ենք մեր ունեցածը, բայց այժմ ես տեսնում էի, որ հիմարություն է խղճի պատճառած նեղությունները գնահատելը։ Ամբողջ այս հարցի անհեթեթությունը ավելի ակնհայտ կլինի, եթե նրա վրա նայենք ուրիշ կողմից․ եթե իմ ներսը զնդան լիներ, պե՞տք է արդյոք ես գնահատեի այն։ Իհարկե ոչ։ Իսկ չէ՞ որ, ճիշտն ասած, հարմարավետության տեսակետից լրիվ միևնույնն է, թե ինչ ես կրում ներսդ՝ խիղճ թե զնդան։ Ես դա նկատել եմ հազար անգամ։ Ընդսմին, եթե դուք այլևս չդիմանաք, կարող եք որևէ թթվի մեջ լուծել զնդանը, բայց խղճից ազատվելու ոչ մի ճանապարհ չկա, մինչև որ նա ինքը չխլանա, ինձ որ գոնե այդպիսի ճանապարհ հայտնի չէ։
Մի խոսքով, ես մտահղացել էի մեկնելուց առաջ մի գործ անել, ի դեպ, շատ տհաճ գործ։ Եվ թեպետ այդ գործը իմ սրտովը չէր, բայց դրա մասին միտքը չարչարում էր ինձ ամբողջ առավոտը։ Անշուշտ, ես կարող էի այդ գործի մասին խոսել ծերունի թագավորի հետ, բայց միևնույն է, արդյունքի չէի հասնի։ Նա մարած հրաբուխ էր։ Իր ժամանակին գործող հրաբուխ է եղել, բայց բոցը արդեն վաղուց մարել է և նրանից միայն մոխիրի վեհաշուք կույտ է մնացել։ Ո՛չ, թագավորը բավականին բարի էր, սրտառուչ՝ իմ առաջադրանքները հասկանալու համար, բայց անօգտակար։ Նա ոչինչ էր, այդ այսպես կոչված թագավորը․ միակ իշխանությունը այդտեղ թագուհին էր։ Եվ նա մի կատարյալ Վեզուվ էր։ Շնորհ արած լինելու համար, նա կարող էր ձեր պատվին ճնճղուկների մի երամ տապակել, բայց անմիջապես, օգտվելով նույն առիթից, կարող էր ժայթքել ու ամբողջ քաղաքը թաղել։ Ինչևէ, պատահում է, որ ամենավատ ելքին ես սպասում, իսկ իրականում ամեն ինչ չէ, որ այնքան էլ վատ է ստացվում։
Այնպես որ ես քաջությամբ զինվեցի և շարադրեցի գործս նորին թագուհիական մեծության առջև։ Ասացի, որ վերջերս Քամելոտի ու շրջակա ամրոցների զնդանների ընդհանուր քննություն եմ արել և, եթե նա դեմ չէ, ապա կուզենայի տեսնել նաև իր կալանավորների հավաքածուն։ Թագուհին դիմադրեց, բայց ես սպասում էի դրան։ Իսկ հետո համաձայնեց։ Այդ էլ էի սպասում, բայց ոչ այդքան շուտ։ Ես թեթևություն զգացի։ Նա կանչեց իր զինվորներին ու ջահակիրներին, և մենք իջանք զնդանները։ Սրանք գտնվում էին ամրոցի հիմքերի տակ և հիմնականում ապառաժների մեջ փորված փոքրի խցեր էին։ Այդ խցերից ոմանց մեջ առհասարակ լույս չէր թափանցում։ Դրանցից մեկում, գետնին, ցնցոտիավոր մի կին էր նստած, որը ոչ մի բառ չէր պատասխանում հարցերին․ միայն մեկ, թե երկու անգամ մեզ նայեց դեմքի վրա թափված մազերի սարդոստայնի միջից, կարծես ուզում էր տեսնել, թե ով է այդպես աղմուկով ու լույսով խուժել իր կյանքի էությունը դարձած տրտում ու աղոտ երազների մեջ։ Հետո նորից հակեց գլուխը, կեղտոտ եղունգներով ձեռքերը ծալելով ծնկներին, և այլևս չշարժվեց։ Ոսկորների պարկ հիշեցնող այդ կնոջը արտաքինից քառասուն տարի կարելի էր տալ, բայց միայն արտաքինից․ նա նստել էր զնդանում ինը տարի և երբ այստեղ էր նետվել միայն տասնութ տարեկան էր եղել։ Նա ռամկուհի էր, իր հարսանյաց գիշերը նրան այստեղ էր նետել սըր Բրեզ֊Սանս֊Պիտեն, հարևան լորդը։ Աղջկա հայրը եղել է լորդի վասալը։ Այդ լորդին աղջիկը մերժել է այն, որը հետագայում կոչվել է սինյորի իրավունք և, ավելին, բռնության դիմաց բռնությամբ վրեժ առնելով, նա թափել է լորդի համարյա սրբազան արյան երկու կաթիլը։ Հարսնացուին օգնության է վազել փեսացուն, կարծելով, թե կյանքին վտանգ է սպառնում և լորդին հրել է ուղիղ հյուարսենայկի վախվորած, դողդողացող հյուրերի վրա։ Լորդը զարմանք է կտրել այդ տարօրինակ վարմունքից և խորապես վիրավորվել։ Նրա սեփական զնդանը լեփ֊լեցուն է եղել, և նա խնդրել է թագուհուն տեղ տալու երկու հանցագործներին։ Այդ պահից ի վեր նրանք նստած են այս զնդանում, նրանց այստեղ են նետել հանցարոգծությունից մեկ ժամ հետո և այլևս նրանք իրար երբեք չեն տեսել։ Ինը տարի գտնվել են անթափանց խավարի մեջ, նույն ապառաժի պատյանով պատված, իրարից հիսուն ոտքի վրա և ոչ մեկը մյուսի մասին ոչինչ չի իմացել։ Առաջին տարիներին նրանց միակ հարցը եղել է․ «Արդյո՞ք կենդանի է նա»։ Եվ տվել են այդ հարցը այնպիսի աղաչանքով ու արցունքներով, որ քարերն իսկ կարող են զգացվել, բայց սրտերը քարերից առավել կոշտ են եղել ու նրանք պատասխան չեն ստացել։ Վերջ ի վերջո դադարել են որևէ հարց տալուց։
Այս ամբողջը լսելուց հետո, ես ցանկացա տեսնել տղամարդուն։ Նա երեսունչորս տարեկան էր, բայց վաթսունի տեսք ուներ։ Նստած էր քառակուսի քարի վրա, գլուխը կախ, արմունկները ծնկներին դրած․ երկար մազերը ծածկում էին դեմքը․ ինչ֊որ բան էր մրթմրթում քթի տակ։ Նա դանդաղ բարձրացրեց գլուխը և անտարբեր ու ծույլ հայացքով չափեց մեզ, կկոցելով աչքերը ջահերի լույսից, հետո նորից կախ գցեց գլուխը, մրթմրթաց և այլևս ոչ մի ուշադրություն չդարձրեց։ Բայց համր վկաներ կային, որոնք բավականին պերճախոս հաստատում էին, թե ինչ տառապանքներ է կրել։ Նրա ոտնամատներին ու կոճերին երևում էին հին, համարյա հարթված սպիներ, իսկ նստած քարին ամրացված էր ձեռնակապերի ու ոտնակապերի շղթան, բայց այդ շղթան ընկած էր գետնին և անգործությունից ժանգոտել էր։ Երբ կալանավորի հոգին չքվում է, շղթաների անհրաժեշտություն այլևս չի լինում։
Ինձ չհաջողվեց ուշքի բերել այդ մարդուն, և ես կարգադրեցի նրան տանել հարսնացուի մոտ, որը մի ժամանակ նրա համար եղել է աշխարհիս ամենասքանչելի էակը, եղել է մարմին առած վարդը, գոհարեղենը, ցողը, բնության հրաշափառ ու կատարյալ ստեղծագործությունը, ունեցել է աչքեր, որ ոչ ոք չի ունեցել, ձայն, որ նման չի եղել ուրիշների ձայնին, թարմություն, քնքշություն, գեղեցկություն, որ միայն, ինչպես տղային էր թվում, երազի ստեղծած արարածներին են հատուկ։ Աղջկան տեսնելիս, նրա երակներում նորից կեռա լճացած արյունը, աղջկան տեսնելիս․․․
Բայց ինձ հիասթափություն էր սպասում։ Նրանք կողք֊կողքի նստեցին գետնին և իրար նայեցին ինչ֊որ մթագնած զարմանքով և հազիվ նկատելի կենդանական հետաքրքրասիրությամբ։ Ապա անմիջապես մոռացան միմյանց ներկայությունը, իջեցրին գլուխները և նկատելի էր, որ նրանց խոհերը նորից թափառում են տեսիլների ու ստվերների հեռավոր աշխարհում, որի մասին մենք ոչինչ չգիտենք։
Կարգադրեցի արձակել նրանց և ուղարկել բարեկամների մոտ։ Թագուհուն դա այնքան էլ դուր չեկավ։ Նա ինքը անձնական շահագրգռություն չուներ, բայց նրան թվում էր, թե դա անվայելուչ է Բրեզ Սանս Պիտեի նկատմամբ։ Ես, սակայն, վստահեցրի, որ եթե լորդը անհանգստանա, ապա ես միջոցներ կգտնեմ նրան հանգստացնելու։
Այդ սարսափելի առնետային խորշերից ազատ արձակեցի քառասունյոթ կալանավորի և միայն մեկին թողեցի կալանքի տակ։ Դա մի լորդ էր, որը սպանել էր թագուհու հեռավոր ազգական մի ուրիշ լորդի։ Այդ երկրորդ լորդը ինքն էր ուզեցել սպանել առաջին լորդին և աշխատել էր որոգայթի մեջ գցել նրան, բայց առաջինը հաղթել էր երկրորդին և կտրել նրա վիզը։ Ես նրան զնդանում թողեցի բնավ էլ ոչ այդ սպանության համար, այլ այն բանի համար, որ նա մի առիթով, կատաղության պահին հողով լցնել էր տվել հասարակական ջրհորը իր աղքատ ու թշվառ գյուղերից մեկում։ Թագուհին տրամադիր էր կախել նրան իր ազգականին սպանելու համար, բայց ես արգելեցի, քանի որ հանցագգործություն չէ սպանել նրան, ով վրադ հարձակվում է սպանելու մտադրությամբ։ Սակայն ես մեծագույն հաճույքով թույլ տվեցի կախել նրան ջրհորը հողով լցնելու համար։ Թագուհին վճռեց, որ դա ավելի լավ է, քան ոչինչը և բավարարվեց այդքանով։
Աստված իմ, ի՜նչ չնչին զանցառությունների համար էր այդ քառասույոթ տղամարդկանց ու կանանց մեծ մասը ընկել զնդան։ Ոմանք առհասարակ ոչ մի մեղք չունեին և զնդանում հայտնվել էին պարզապես այն պատճառով, որ բարկացրել էին մեկն ու մեկին, երբեմն նույնիսկ ոչ թագուհուն, այլ պարզապես նրա բարեկամներից մեկին։ Այն կալանավորը, որը վերջինն էր ընկել այստեղ, նստած էր մի քանի անզգույշ բառերի պատճառով։ Նա ասել էր, որ բոլոր մարդիկ միատեսակ են և իրարից զանազանվում են միայն հագուստով։ Նա ասել էր, որ եթե ամբողջ ժողովրդին մերկացնեն ու ցույց տան օտարականին, ապա վերջինս չի զանազանի թագավորին հեքիմից և հերցոգին ծառայից։ Ըստ երևույթին, գործ ունեինք մի մարդու հետ, որի ուղեղը դեռ չէր հասցրել շիլա դառնալ ապուշ դաստիարակության հետևանքով։ Ես նրան ազատեցի զնդանից և ուղարկեցի գործարան։
Զառիթափի վրա կախված ապառաժի մեջ փորված խուցերից մի քանիսը նետի նման նեղ անցքեր ունեին, որոնվով արևի օրհնյալ ճառագայթ էր ներս թափանցում։ Այդպիսի խուցի մեջ բանտարկված կալանավորներից մեկին առանձնապես ծանր բախտ էր վիճակվել։ Իր խավար ծիծեռնակաբնից, բարձրաբերձ ժայռեղեն պատի անցքից նա կարող էր տեսնել սեփական տունը՝ այնտեղ ցածում, հովտի վրա, և ահա քսաներկու տարի շարունակ նա նայում էր իր տանը, սրտում կարոտ ու ցավ անթեղած։ Նա տեսնում էր, թե ինչպես գիշերները վառվում էին լույսերը և ցերեկները մարդիկ ներս ու դուրս էին անում, իր կինն ու երեխաները, բայց թե հատկապես ով, նա այդպիսի տարածության վրա ճանաչել չէր կարողանում։ Այդ տարիների ընթացքում շատ անգամներ տանը նա խրախճանքներ է տեսել, աշխատել է ուրախանալ և ինքն իրեն հարց տվել․ արդյո՞ք հարսանիք չէ այնտեղ։ Տեսել է նաև թաղման թափորներ։ Դրանք պատառ֊պատառ են արել նրա սիրտը։ Նա կարողացել է նշմարել դագաղը, բայց չի կարողացել որոշել նրա չափսերը, և այդպիսով հնարավորություն չի ունեցել գուշակելու, թե ով է մեռնողը՝ կի՞նը, երեխա՞ն։ Նա տեսնում էր, թե ինչպես թաղման թափորը տերտերների ու լացող կանանց ուղեկցությամբ հանդիսավոր հեռանում էր, իր հետ տանելով գաղտնիքը։ Տանը նա թողել էր կնոջը և հինգ երեխաներին․ տասնինը տարվա ընթացքում նա հինգ անգամ թաղման թափոր էր տեսել, և միշտ էլ այդ թափորները այնքան շքեղ են եղել, որ նա հասկացել է՝ մեռնողը ծառա չէ։ Ուրեմն, այսպիսով, նա կորցրել էր իր գանձերից հինգը, մեկը պետք է մնալիս լինի, անսահմանելիորեն, անսահմանալիորեն թանկարժեք մի գանձ, բայց ո՞րը։ Կի՞նը։ Թե՞ երեխան։ Այս հարցը տանջել է նրան, տանջել օր ու գիշեր, քնած թե արթուն։ Երբ որևէ հետաքրքրություն ունի մարդս, իսկ արևի նվազ շողն էլ զնդանից ներս է ընկնում, ապա պայմաններ են ստեղծվում, որ նա մարմնով ու մտքով առողջ մնա։ Այս մարդն էլ դեռ բավականին լավ վիճակի մեջ էր։ Երբ նա հաղորդեց ինձ իր թաղծաշատ պատմությունը, ես վերապրեցի այն, ինչ կվերապրեիք նաև դուք, եթե մի փոքր հետաքրքրասիրության տեր եք։ Ես նրանից պակաս չէի այրվում հետաքրքրասիրությունից՝ իմանալու համար, թե նրա ընտանիքից ով է կենդանի մնացել։ Ինքս նրան տուն տարա և վկա եղա հարազատների զարմանքին, խելահեղ ուրախության թայֆուններին ու ցիկլոններին, երջանիկ արտասուքների ամբողջ Նիագարային։ Եվ, օ՜ աստված, պարզվեց, որ նրա երբեմնի երիտասարդ կինը ալեհեր հիսունամյա տիկին էր, երեխաները՝ հասուն տղամարդիկ ու կանայք, և նրանցից ոմանք արդեն ընտանիքի տեր, և ամբողջ ընտանիքից ոչ ոք չէր մեռել։ Պատկերացրեք միայն, թե ինչի է դիմել թագուհին իր սատանայական հնարամտությամբ։ Նա մասնավոր ատելություն էր տածում այդ կալանավորի նկատմամբ և հենց ինքն էր կազմակերպել բոլոր այդ թաղման թափորները, կեղեքելու համար նրա սիրտը։ Եվ ամենից ավելի հանճարեղ էր թագուհու վերջին հնարամտությունը՝ ընտանիքի անդամներից մեկին թողնել չթաղված և տանջահար անել կալանավորի ծեր դժբախտ հոգին, դատապարտելով նրան անվերջանալի կռահումների։
Բայց եթե ես չլինեի, նա երբեք ազատություն չէր ստանա։ Փերի Մորգանը ատում էր նրան ամբողջ սրտով և երբեք մեղմություն չէր ցուցաբերի նրա նկատմամբ։ Մինչդեռ այդ մարդը հանցագործությունը կատարել էր թեթևամտության պատճառով, այլ ոչ թե չար դիտավորությամբ։ Նա ասել էր, որ թագուհու մազերը հրաշեկ են։ Այո, իհարկե, հրաշեկ էին, բայց այդպես արտահայտվել չէր կարելի։ Երբ շիկահեր մարդիկ բարձր դիրքեր են գրավում, նրանց մազերը պետք է շագանակագույն կոչել։
Քառասունյոթ կալանավորներից հինգի մասին արդեն ոչինչ հայտնի չէր, թե երբ են բանտարկվել, ինչ հանցագործություն են կատարել և, թե ինչպես են կոչվում։ Դրանք չորս տղամարդ էին ու մի կին՝ երկտակված, կնճռապատ ծերունիներ, մարած ուղեղներով։ Նրանք իրենք էլ վաղուց մոռացել էին այդ մանրուքները․ իրենց մասին որոշակի ոչինչ ասել չէին կարողանում, միայն ազատ կռահումներ էին անում, այն էլ ամեն անգամ տարբեր բաներ։ Տերտերների մի ամբողջ խումբ ամեն օր աղոթում էր կալանավորների հետ միասին, ներշնչում նրանց, որ իբր նրանք այստեղ են ընկել աստծո կամքով, որ իբր աստված իր իմաստությամբ ավելի լավ գիտի նրանց իրական կարիքները։ Տերտերները սովորեցնում էին նրանց, որ ցածր ծագումի տեր մարդկանց հնազանդությունը, համբերությունը ու խոնարհությունը հարստահարողների նկատմամբ հաճելի են աստծուն։ Մինչ այդ հինգը կալանված էին զնդանում, տերտերները փոխվել էին մի քանի անգամ և այդ մարդկային թշվառ բեկորների մասին միայն աղոտ ավանդություններ էին պահպանվել։ Ասենք ավանդություններն էլ միայն կարող էին պատկերացում տալ կալանավորման ժամկետների, բայց ոչ հանցագործությունների ու նրանց անունների մասին։ Այդ ավանդությունների օգնությամբ հաջողվեց պարզել, որ հինգից ոչ մեկը ցերեկվա լույս չէր տեսել առնվազն երեսունհինգ տարի, բայց թե մինչև այդ երեսունհինգ տարին դեռ որքան ժամանակ էլ նրանք արևի լույս չէին տեսել, անհնարին էր պարզել։ Թագավորն ու թագուհին այդ թշվառականների մասին գիտեին միայն այն, որ գահի հետ միասին նրանց ժառանգություն էին ստացել նախկին ֆիրմայից։ Մարդկանց հետ միասին ժառանգաբար չի փոխանցվել նաև նրանց պատմությունը և ժառանգատերերն էլ որոշել են, որ նրանք արժեք չեն ներկայացնում ու ոչ մի հետաքրքրություն չեն դրսևորել նրանց նկատմամբ։ Ես հարցրեցի թագուհուն․
― Ինչո՞ւ ուրեմն դուք նրանց ազատ չեք արձակել։
Հարցը շփոթեցրեց նրան։ Իրոք ինչո՞ւ։ Պարզապես այդ նրա մտքով չէր անցել։ Այսպիսով, ինքն էլ դրանում անտեղյակ, նա նախատեսել էր Իֆ ամրոցի գալիք կալանավորների պատմությունը։ Ես հասկանում էի, որ նրա տեսանկյունից դիտված այդ ժառանգված կալանավորները պարզապես գույք էին, ո՛չ ավելի, ո՛չ պակաս։ Էհ, եթե մարդը գույք է ժառանգում, նրա մտքով իսկ չի անցնում այդ գույքը շպրտել, եթե նույնիսկ որևէ արժեք չունենա։
Կատարյալ տեսարան էր մարդկային չղջիկների այդ թափորը, երբ ես նրանց դուրս բերեցի ետճաշյա վառ արևի տակ, կանխապես կապելով աչքերը, որպեսզի լույսից չկուրանան։ Կմախքներ, ուրվականներ, ագռավ փախցնող խրտվիլակներ, ահա թե ինչ էին դարձել միապետության օրինավոր զավակները աստծո և տիրապետող եկեղեցու ողորմածությունից։ Ես ցրված մրթմրթացի․
― Ա՜յ թե լուսանկարեի դրանց։
Դուք, իհարկե, հանդիպել եք այնպիսի մարդկանց, որոնք երբեք չեն խոստովանում, թե իրենց անհայտ է որևէ հնչեղ բառի նշանակությունը։ Եվ որքան նրանք տգետ են, այնքան ավելի են ջանում ցույց տալ, թե իրենց ոչնչով չես զարմացնի։ Թագուհին ճիշտ այդ տեսակի էր և այդ պատճառով միշտ ամենահիմար վրիպումներ էր կատարում։ Նա մի պահ տատանվեց, ապա նրա դեմքը բոցավառվեց հանկարծակի ծագած մտքից, և նա հայտարարեց, որ ինքը կանի այդ ինձ համար։
Ես մտածեցի․ «Ի՞նքը։ Ի՞նչ է նա հասկանում լուսանկարչությունից»։ Բայց երկար մտածելու ժամանակ չունեցա։ Նա արդեն շարժվում էր դեպի թափորը՝ կացինը ձեռքին բռնած։
Այ թե հետաքրքրական տիպ էր այդ փերի Մորգանը։ Կյանքումս շատ կանայք էի տեսել, ամենատարբեր տիպի ու տեսակի, բայց նա բոլորովին ուրիշ էր։ Եվ որքա՜ն բնութագրական էր այս դեպքը նրա համար։ Լուսանկարչությունից նա ավելի չէր հասկանում, քան ձին, բայց չհասկանալով հանդերձ, նրա համար խիստ բնորոշ էր փորձել այդ գործը անել կացնի օգնությամբ։