'''Գրողը, Ջո Ֆոքսհոլը, Վիկտոր Տոսկան և Վեսլին գնում են Սոհոյում<ref>Լոնդոնի կենտրոնական շրջաններից մեկը, որը հայտնի է իր ռեստորաններով, գիշերային ակումբներով, խաղատներով և այլ ժամանցավայրերով։</ref> ընթրելու և իրենց ընտանեկան լուսանկարներն են ցույց տալիս մեկմեկու'''
Չորսս էլ դուրս եկանք փողոց ու մոլորվեցինք։ Սև֊մութ խավարը գետինն էր առել, ու իհարկե, ոչ մի տեղ լույս չկար, բայց Ջոն գրպանի լապտերիկ ուներ․ ոչ աստիճաններից ցած գլորվեցինք, ոչ էլ հեռագրասյուներին դիպանք, ոնց որ շատ֊շատերին է պատահում, եթե պարապ խոսակցություններին ականջ կախելու լինենք։ Գրողն առաջարկեց, թե՝ գնանք Սոհո, այնտեղի ռեստորաններից մեկն, ու մի լավ ընթրենք։ Որոշեցինք հենց էդպես էլ անել, չնայած ահագին ժամանակ տևեց մինչև Սոհո հասանք։ Գրողն առաջ էլ էր Լոնդոնում եղել, բայց մենակ տաքսիով ման գալը գիտեր։ Փողոցում մի քանի տաքսի հանդիպեցին, էն էլ ինչ արինք, չկանգնեցին մեզ վերցնեն, ստիպված սկսեցինք անցորդներին հարցնել, թե ոնց Սոհո ընկնենք։ Ում հարցրինք՝ բացատրեց։ Բոլորն էլ երկար֊բարակ ու շատ մանրամասն պատմում էին, բայց մեկը մի բան էր ասում, մյուսը՝ մի ուրիշ։ Հինգ տարբեր մարդկանց տված ցուցումներով վերջը հասանք Սոհո, ու քիչ հետո գրողն իր իմացած ռեստորանը գտավ։ Սպասեցինք մինչև սեղան ազատվեց, նստեցինք ու մի շիշ գինի պատվիրեցինք։ Ամենքս մի֊մի բաժակ խմեցինք, ու քեֆն սկսվեց։ Ընթրիքն էնքան էլ բանի նման չէր, որովհետև ամեն ինչ նորմավորված էր, բայց մենք օվկիանոսի սառը ջրերից պրծել էինք, տաք֊տաք լողացել ու միասին էինք, դրա համար էլ մեզ լավ էինք զգում։ Կերուխումից հետո միանգամից Ամերիկան հիշեցինք։ Գրողը որդուն միտքը գցեց, տղան էդ օրը հինգ ամսական էր դարձել․ սեպտեմբերի 25֊ին էր ծնվել։ Դե, իմ ծննդյան օրն էլ է դա, էնպես որ գրողին ասի, նա էլ վրա բերեց․
― Գիտե՞ս, ծննդյան տոնը հենց սա է, այ թե ինչ։
Նա բոլոր հայրերի նման տղայի լուսանկարը ամենքիս հերթով ցույց տվեց, ու աստված վկա, տղան իսկը հոր կտորն էր, հենց նրա պես էլ հոնքերը կիտած։ Սկսեցինք խոսել, թե ինչ լավ է, որ սիրահարվում ես, ամուսնանում, կինդ հղիանում է, քեզ համար տղա կամ աղջիկ բերում, ու ես մտքումս ասի․ «Ինչ գնով էլ լինի, պիտի ինձ կին գտնեմ»։ Գրողը Վիկտորին հարցուփորձ արեց կնոջ, նրա հղիության մասին։ Վիկտորն էլ հանեց, մի լուսանկար ցույց տվեց, մեզ նավահանգիստ տեղափոխելուց երկու օր առաջ էր կինը նկարվել։ Շատ լավ էր դուրս եկել, ու հղիությունն արդեն երևում էր։
― Ես քեզնից բախտավոր եմ,― ասաց գրողը։― Այնքան բախտավոր, որ կնոջս հետ էի, երբ տղա ծնվեց։ Հենց աշխարհ եկավ, մի քանի րոպեից տեսա։ Ու պատկերացնո՞ւմ ես ինչ հայտնաբերեցի։ Պարզվեց, որ նորածին երեխան ծեր մարդ է։ Աշխարհում ապրող բոլոր մարդկանցց էլ մեծ է։ Այդ ծերունուն ժամանակ է պետք, որ մանկանա, փոքրիկ երեխա դառնա․ մոտ մի ամիս, կասեի։ Հետզհետե նա, իհարկե, տարիքը կորցնում է ու սկսում այնպես ապրել, կարծես աշխարհի առաջին մարդն է, ոչ թե վերջինը։ Նա ամենասկզբից է սկսում, կարծես հազարավոր ու միլիոնավոր տարիներ առաջ չի կյանք առել։
Դե որ բոլորն իրար նկարներ էին ցույց տալիս, ես էլ հայրիկի ուղարկածը ցույց տվի՝ իր, մայրիկի, Վիրջիլի ու Նիլ քեռու լուսանկերը։ Հետո Ջո Ֆոքսհոլը ինչ֊որ լողազգեստով աղջկա նկար մեջտեղ հանեց․ սեքսը վրայից թափվում էր։ Բոլորս մեկ֊մեկ նայեցինք նկարը, ձեռքից ձեռք անցնելով՝ նորից Ջոյին հասավ, ինքն էլ էր նայում, բայց ոչ ոք ձայն չէր հանում, ես էլ ասի․
― Էս ո՞վ է, Ջո։
― Սատանան գիտի,― ասաց Ջոն։― Վուլուորթի խանութում տեսա։ Տասը սենթ արժեր, ես էլ առա։ Երևի կինոյում նկարվող աղջիկներից է, դեռ անուն չի հանել։
― Է, հա՛, բա ինչո՞ւ ես մոտդ պահում,― ասի։― Մեկ է՝ չես ճանաչում։
― Ինչու եմ պահո՞ւմ,― ասաց Ջոն։― Դե, հայրենասիրական բան է համարվում, որ հետդ սրա պես մի բ․֊ի նկար ես ման ածում։ Չե՞ս տեսել, ամեն շաբաթ «Յանք մեգըզին֊ում» էջով մեկ մի տկլորվածի նկար են տպում։ Որ ի՞նչ։ Որ չմոռանանք, թե ինչի համար ենք բանակում։ Այ, էս աղջկա համար։ Ինչքան մյուսներն են հայրենասեր, էնքան էլ ես։ Իմ մերկ ապացույցը, որ պիտի արդարացնի, թե ինչու եմ կռվելու եկել, անընդհատ մոտս եմ պահում։ Էլ պետք չի ամեն շաբաթ «Յանք մեգըզինում» տեսնեմ։ Ավելի լավ է սեփական ապացույցն ունենամ, որ մենակ իմն է, ոչ թե ամենքինը։ Վուլուորթի խանութում տասը սենթով ապացույց ձեռք բերի, ու սա իմն է, ուրիշ ոչ մեկինը։ Ռազմական մինիստրությունը շատ ճարպիկ հնարք է գտել, որ «Յանք մեգըզինի» էդ ամենահռչակավոր էջը հորինել է, գիտե՞ս։ Թե մարդկանց սպանվելու ես ուղարկում, գոնե նախօրոք մի սիրուն տուտուզ ու պտուկներ ցույց տուր, պա՞րզ է։ Գոնե շաբաթը մեկ տղերքին ոգևորիր։ Այնինչ, որ ինձ մնար, կարելի էր էդ էջում հանգամանքներին մի քիչ ավելի սազական բան ցույց տալ։
― Ինչ է, տղերքի ուզածը դա չի՞,― ասաց Վիկտորը։
― Տղերքից մեկն էլ ես եմ,― ասաց Ջոն,― ու իմ ուզածը դա չի։ Մեր տեղն ո՞վ է որոշում, թե ուզածներս ինչ է։ Բայց դե լա՜վ, թքա՛ծ, եկեք դուրս գանք, Լոնդոնի փողոցներում շրջենք։
==Գլուխ քառասունութերորդ==
'''Տղաներն այցելում են Փիքադիլի հրապարակը, տեսնում ռմբակոծությունից հետո մետրոյի ստորգետնյա կայարաններում ապաստանած լոնդոնցի ընտանիքներ ու հակաօդային պաշտպանության մասին որոշ գիտելիքներ ստանում'''
Դուրս եկանք ռեստորանից ու սկսեցինք թափառել։ Սոհոյից քայլելով հասանք Փիքադիլի հրապարակ, ուր բոլոր պոռնիկները գործի էին կանգնում։ Սա կարծես խոց լիներ քաղաքի մարմնին։ Ով կար չկար՝ փոքրիկ լապտերով էր, չորս կողմը լույսի շողեր էին ցոլցլում, բայց լապտերներն էնքան չէին լուսավորում, որ իսկապես տեսնես, թե շրջակայքում ինչ է կատարվում։ Մայթերը լիքն էին զինվորներով ու անգլիացի աղջիկներով, սրանք էնպես էին խառվնել, ասես հիվանդ արյան մեջ վխտացող կարմիր ու սպիտակ գնդիկներ լինեին։ Աղջիկներն անընդհատ անցուդարձ էին անում, կանգնում՝ մեկնումեկի հետ երկու բառ փոխանակում ու կամ հետը գնում, կամ շարունակում քայլել։ Ամեն տեսակ խոսակցություններ կլսեիր՝ ցածր ու բարձրաձայն, կամ ծիծաղ, բղավոցներ, երգ, հետո աղջիկներից, ասենք, ինչ֊որ մեկը կեղտոտ խոսքեր էր շպրտում մի երկու֊երեք զինվորի հասցեին, ովքեր որ նրա սրտին էին կպել, զինվորներն էլ ի պատասխան՝ սրան էին հայհոյում, բայց ոչ աղջկան կտեսնեիր, ոչ էլ տղերքին, ու անվերջ նորանոր մարդիկ էին գալիս, նախկինների տեղը գրավում։
Հանկարծ էս թոհուբոհի մեջ ոռնացին օդային տագնապի շչակները, ու ամբոխն իրար անցած՝ շտապեց դեպի ապաստարանները, բայց շատերն էլ փողոցում մնացին։ Զինվորական ոստիկանության երկու պարեկներ մեզ խորհուրդ տվին, թե լավ կլինի հենց էդտեղ՝ Փիքադիլի հրապարակում, իջնենք մետրոյի կայարան։ Ներքևում հո մի տեսարա՜ն չբացվեց աչքներիս առաջ։ Կայարանի պատերի տակ, ռմբակոծությունից տուժած ընտանիքները՝ ամենքն իրենց համար, թեթև տունուտեղ էին դրել․ իրար գլխի երկու մահճակալ, ոտքերի տակ էլ՝ գորգի մի կտոր։ Ամբողջ ընտանիքը դեմ֊դիմացդ էր՝ հայրը, մայրը, երկու կամ երեք երեխա․ փոքրիկները քնած էին, իսկ հայրն ու մայրը հանգիստ զրուցում էին, հաշվի էլ չէին առնում շուրջը կիտված բազմությանը, կարծես սեփական հյուրասենյակում լինեին։ Էստեղից, ճիշտ է, անուշ հոտ չէր բուրում, բայց մարդիկ արդեն ընտելացել էին։ Գնացքները դղրդալով մերթընդմերթ գալիս էին, կանգնում։ Ժողովուրդը թափվում էր դուրս կամ ներս լցվում, աշխատանքային արտահագուստով կինն էլ՝ գնացքի հսկիչը, գոռգոռում էր, թե՝ արա՛գ շարժվեք, անցեք առա՛ջ, շուտ արեք, շո՛ւտ ու նման բաներ։ Մինչ զենիթային հրետանին կրակում էր ինքնաթիռների վրա, իսկ ինքնաթռները ռումբեր էին գցում, մենք թափառում էինք կայարանում ու ինչքան ասես մարդիկ տեսանք, որ հենց էստեղ՝ ցածում, տունուտեղ էին պահում, յոլա գնում Լոնդոնի փողոցների տակ՝ մետրոյի կայարաններում, կամ ոնց որ իրենք են մեզ՝ ամերիկացիների համեմատ, ավելի ճիշտ արտահայտվում՝ գետնուղում էին ապրում։ Ինչ ասեմ, գնացքները գալիս էին ու գնում, գալիս ու գնում, մեկ էլ մի գնացք եկավ, սա էլ տանում էր հավանոց<ref>Բնագրում՝ Cockfosters, որ թարգմանաբար նշանակում է «հավաբուծարան», «հավանոց»։</ref>․ էս Ջոն կպավ, թե՝ եկեք Հավանոց գնանք, ու անտեր մնա, դե օվկիանոսը կտրել էինք, ողջ֊առողջ տեղ հասել, իսկ էստեղ քաղաքն էին ռմբակոծում, ու ժողովուրդը գետնի տակ իրար գլխի էր լցվել, դրա համար էլ մեզ շատ ծիծաղելի թվաց, որ գնացքը Հավանոց է տանում։ Սկսեցինք ծիծաղել ու հանաքներ անել․ անգլիացիներն էլ ժպտում էին ու մեկմեկու ասում․
― Էս ամերիկացի՜ք էլ․․․ հա ծիծաղում են։
Անգլիացու համար Հավաբուն անվան մեջ ոչ մի ծիծաղելի բան չկա։ Էդ Հավաբունը մի սովորական տեղ է, ուրիշ տեղերի պես էլի մարդիկ են ապրում, ու Անգլիայում ոչ մեկի մտքով չի էլ անցնում դրա վրա ծիծաղել․ պիտի Ամերիկայից եկած լինես, որ ծիծաղդ գա, ու չնայած, ճիշտ է, դա իրոք ծիծաղելի չի, բայց մեզ թվաց, թե աշխարհում ամենածիծաղելի բանն է։
Կայարանը երեք֊չորս հարկ ուներ, մենք էլ բոլորը մեկ֊մեկ պտտեցինք, հետո դուրս եկանք փողոց, բայց օդային հարձակումը դեռ շարունակվում էր։ Նայում էինք երկնքում կայծկլտող լույսերին ու ականջ դնում հրանոթների թնդյունին, ասես մանկական տոնախմբություն լիներ, բայց զինվորական ոստիկանության պարեկները մեզ կարգադրեցին թաքստոցում մնալ, որովհետև զենիթային արկերի շաղ անցնող բեկորներից շատ ու շատ մարդիկ էին սպանվել․ դա ռումբերից էլ վտանգավոր էր։ Որոշեցինք ռիսկի դիմել, ինչ ուզում է լինի։ Ռիջընթ փողոցն ընկած՝ գնացինք հասանք մինչև Նելսոնի հուշասյունը<ref>Անգլիացի նշանավոր փոխծովակալ Հորացիո Նելսոնի (1758-1805) հուշարձանը, որը 44 մետրանոց սյուն է, գագաթին՝ ծովակալի 5 մետրանոց արձանը։</ref>՝ Թրաֆալգար հրապարակ, գրողն էլ ասաց․
― Ջորջ Բեռնարդ Շոուն առավոտները այս հրապարակում է զբոսնել։
Բայց հրանոթները էնպես էին թնդում, որոտում, որ նրա ասածը հազիվ լսեցինք։
Ջոն ու գրողը սկսեցին Լոնդոնից խոսել, թե ինչ բազմակողմանի արտացոլում է գտել գրականության մեջ և այլն, ես ու Վիկտորն էլ մենակ ականջներս էինք սրել։ Անընդհատ թվում էր՝ ընկնող բեկորի սուլոց ենք լսում, մտնում էինք դռների հետևը, պահվում, բայց մեր աչքով ոչ մի բեկոր էլ չտեսանք։ Իսկ հետագայում դժվար թե մի մարդ գտնեիր բանակում, որ իր բեկորը չունենար։ Ամենքն էլ դրա հետ կապված մի երկար֊բարակ պատմություն էին անում, ինչ փչոցներով ասես ծաղկացնում։ Մեկն օրինակ, քեզ կհամոզեր, թե բեկորը ինչ֊որ հրաշքով վեցոտանի փղի կերպարանք է ընդունել, ոտքերն էլ կհաշվեր, կնճիթն ու պոչն էլ ցույց կտար, անշարժ կկանգներ ու էդ պողպատի կտորով կհիանար, որ շիկացած, կաս֊կարմիր կտրած՝ մի խոշոր արկից պոկվել, գետնից մի մղոնի վրա, երկնքում թռչում էր։ Ամեն մեկ էլ, ում մոտ արկի բեկոր եմ տեսել, իրեն ընկած֊ելած մարդու տեղ էր դնում արդեն։ Մի տղա էլ դոլարանոցից երևի մի երկու անգամ մեծ բեկոր էր ճարել, չդիմացա, ասի՝ տանի գլխով տա, տեսնի ինչ դուրս կգա։ Դրանից հետո նա բոլորին պատմում էր, թե բեկորը գլխին է դիպել, բայց հրաշքով չի սպանել։ Որոշ տղեքրի համար էլ մեկ էր՝ կհավատաս իրենց, թե չէ, էնքան որ արկի բեկոր ունենային ու մի պատմություն հետը սաղացնեին։
Թվում էր օդային հարձակումը երբեք չի վերջանա, դե, մենք էլ որոշեցինք պատերի տակով մի կերպ հասնել զորանոց, բայց զինվորական ոստիկանության պարեկներն անընդհատ տզի պես կպչում էին, մեզ քշում թաքստոց։ Նրանք հավատացնում էին, թե իրենց բան չի պատահի, ինչքան էլ դրսում մնան, որովհետև պողպատե սաղավարտներով են։ Ասի՝ բա որ բեկորը սաղավարտը թողած՝ ուսներին դիպչի՞։ Սրանք թե՝ բեկորը միշտ էլ մարդու գլխին է դիպչում, իջե՛ք, իջե՛ք թաքստոց, բայց մենք երեսներս պնդացրած՝ էլի առաջ էինք գնում ու մի քառասունհինգ րոպեից արդեն զորանոցում էինք․ բարձրացանք վերև,― ամենավերջին՝ հինգերորդ հարկում էինք մնում,― մտանք անկողին, մի քիչ խոսեցինք, ու քուններս տարավ։
Ուրեմն՝ Լոնդոնում էինք։ Քաղաքը քիչ թե շատ տեսանք, իմացանք մարդիկ ինչքան լավն են էստեղ, թեկուզ և ընկել էին ռմբակոծության տակ, տնից֊տեղից զրկվել ու մետրոյի ստորգետնյա կայարաններում էին ապրում։ Հաջորդ գիշեր քաղաքը նորից ռմբակոծեցին։ Ես ու գրողը պատահմամբ մի վեցհարկանի տան տափակ կտուրին էինք, նրա բարեկամին հյուր էինք գնացել ու էդ ամբողջ տեսարանը աչքներիս առաջ էր, անընդհատ կռանում էինք, որ տանիքների վրա ու փողոցում շաչ ու շառաչով թափվող բեկորներից խույս տանք։ Սարսափելի տեսարան էր, բայց հետոն էլ արտակարգ սիրուն, եթե մի պահ մոռանայիր, որ էդ բոլորի նպատակը շենքերն ավիրելն ու մարդկանց կոտորելն է։ Օդային տագնապի ազդանշանը տալուն պես՝ զենիթային հրետանին գնդակոծությունն սկսեց, ու մենք լսում էինք ապաստարան վազող մարդկանց ոտնաձայները, բայց չէինք տեսնում նրանց։ Պայծառ լույսերը շողշողացին ամբողջ քաղաք գլխին ու ինքնաթիռներ էին երկնքում փնտրում։ Հենց որ հրանոթները մի վայրկյան լռում էին, երկնքի հեռուներից ինքնաթիռների հռնդյունն ականջիդ էր հասնում։ Ու տեսնում էիր ոնց են լուսահրթիռներ արձակում։ Երեք֊երեք էին լուսահրթիռներն ընկնում, դանդաղ ցած էին սահում քամու ուղղությամբ ու վառ լույս սփռում, որ օդաչուներն իմանան, թե ռումբն ուր թափեն, եթե իհարկե, հրետանին ավելի շուտ նրանց չխփեր։ Քիչ հետո մեկը մյուսի հետևից երկինք էին թռչում բոսոր, վարդագույն, կարմիր, սև հրթիռներ․ սրանք իսկական հրավառություն էին սարքել ու մի արտասովոր, զարմանահրաշ լույսով ողողել երկնակամարը։ Ասես տոնակատարություն լիներ, ոչ թե պատերազմ։ Գրողի բարեկամները, ում մոտ հյուր էինք գնացել, իջան շենքի ապաստարանը, էս շիլաշփոթը տեսնելու սիրտ չունեին, բայց գրողը հարցրեց, թե ինքը կարո՞ղ է մնալ վերևում ու նայել, նրանք ասին՝ կարող է, եթե խելքը թռցրել է, դե, ես էլ խնդրեցի՝ ինձ էլ թողնեն նայեմ։ Գրողի բարեկամները նրան զգուշացրին, որ հիմարություններ չանի, գոնե ծածկի տակ մնա, չցցվի կտուրին, ոչ էլ ինչ֊որ բան տեսնելու համար գլուխը հանի ու ընդհանրապես իր դիտումները ինչքան հնարավոր է շուտ վերջացնի, իջնի ապաստարան։ Հա ուրեմն՝ երկուսով կանգնել, նայում էինք մինչև օդային հարձակումն ավարտվեց, իսկ դա մի ժամ ու կես տևեց։ Հոյակապ տեսարան էր, ու ոչ մի բեկոր չդիպավ մեզ, ոչ մի ռումբ չընկավ մոտերքում։ Չնայած տեսանք, թե ռումբերից մեկը որտեղ է ընկել, որովհետև էդ ամբողջ տեղամասը բոցերի մեջ էր։ Հետո իմացանք, որ մի երեք֊չորս տեղ էլ է ռումբ ընկել ու ամեն ինչ նույն ձևով կրակի մատնել։ Նման բաների մասին թերթերում ոչ մի տող չէիր գտնի, էնպես որ մնում էր կամ սեփական աչքով տեսնել, կամ բերնից֊բերան անցնող լուրերին ականջ դնել, էն էլ ինչ անհավանական լուր ասես չէր տարածվում։ Ասեկոսեներին որ հավատալու լինեիր, ամբողջ Լոնդոնը մոխիր էր դարձել, թեպետ չորս կողմը հրդեհի ոչ մի հետք չկար․ էդ հիմա՛ չկա, կասեր բամբասանքչին, դե էգուց ցերեկը կտեսնենք, հետո մատնացույց կաներ Լոնդոնի հեռավոր մասերից մեկը․ «Ա՛յ, Էլիֆընթ ընդ Քասլ հրապարակում ամեն ինչ կրակի բաժին է դարձել»։ Չնայած էդպես չէր։
==Գլուխ քառասունիններորդ==
'''Գրողն ու Վեսլին տեղավորվում են սեփական գրասենյակում'''
Երկրորդ օրը Լոնդոնում շատ բովանդակալից ու աշխույժ անցավ, և մենք որոշ պատկերացում կազմեցինք, թե ինչի համար են մեզ էստեղ բերել։ Կեսօրից հետո բոլորիս շարեցին, ու սերժանտը խրատներ տվեց, որ միշտ կարդում են նորեկների գլխին։ Ասաց՝ չմոռանանք, Լոնդոնում հյուր ենք, պիտի անգլիացիների վրա լավ տպավորություն թողնենք։ Ոչ մի անկարգություն, ոչ մի անշնորհք արարք, ոչ մի շռայլ ծախս, որովհետև Անգլիայի պես երկրում, ուր բոլորը վաղուց ստիպված են շատ բաներից զուրկ մնալ, փող վատնելը հիմարության նշան է։ Ասաց՝ անգլիացիք մեր ժողովրդի համեմատ անչափ նեղ են ապրում, նրանց համար անասելի վիրավորական է, որ ամերիկացի զինվորները գալիս են Լոնդոն ու միլիոնատերերի նման փողը աջ ու փախ ցպնում։ Նա բացատրեց ամենօրյա կանոնակարգը։ Բացատրեց, թե մեր պարտականությունները որոնք են։ Ու խնդրեց, որ հատուկ ուշադրություն դարձնենք մեր արտաքինին․ միշտ արիատես ու զգաստ լինենք։ Ցրվելուց հետո Ջո Ֆոքսհոլը եկավ վերև, որ իմաց անի, թե հնարավոր է՝ զորանոցից մեր ուզած տեղը փոխադրվենք, եթե իհարկե, մտքներումս դնենք, որովհետև ուրիշներն արդեն էդպես են արել, ու չնայած սա պաշտոնապես չի թույլատրվում, բայց դրան մատների արանքով են նայում, դե, զորանցների կարիք շատ է զգացվում։ Ջոն ասաց՝ սերժանտին կամաց մշակում է, ու երևի մի երկու֊երեք օրից հետը լեզու գտնի, միգուցե դեռ հերթապահության ցուցակից էլ մեզ հանի։ Վաղուց էդքան ուրախ լուր չէինք լսել։
Երրորդ օրը մեզ կարգադրեցին, թե ուր գնանք աշխատանքի։ Մի կարմիր, աղյուսե շենք էր՝ Գրովներ հրապարակի մոտ։ Ինձ ու գրողին մի հարմարավետ սենյակ տվեցին՝ մեջը երկու սեղան, երկու գրամեքենա ու հեռախոս, և մենք էդտեղ էլ հիմնավորվեցինք։ Իսկ Ջո Ֆոքսհոլն ու Վիկտոր Տոսկան միջանցքի մյուս կողմում տեղավորվեցին, նրանց սենյակն էլ մերի պես, բայց առանց հեռախոսի ու ընդամենը մի սեղան֊աթոռով։ Ասենք, նրանք առանձնապես անելիք էլ չունեին, էնպես որ պարապ֊սարապ՝ մի պատից մյուսն էին քայլում ու իրար հետ խոսում։
Դեռ էն ժամանակ, երբ Օհայոյից հետ եկանք Նյու Յորք, գրողն ինձ ձևակերպեց որպես իր աշխատակից։ Մի սցենար սարքեցինք, էդ մեկն էնքան էլ տհաճությամբ չէինք գրում, որովհետև ապրանքատար վագոնները բարձելու մասին էր, ու ոչ ոքի պետք չէր սպանել։ Հինգ֊վեց հատ ուրիշ սցենար էլ քննարկեցինք, բոլորի միտքն էլ մարդկանց քաջալերելն էր, որ գնան սպանվեն, բայց դրանցից ոչ մեկի վրա չաշխատեցինք, որովհետև սրտներս չտվեց։ Ապրանքատար վագոնների մասին գրածը իմն էր, թեպետ դա սարքելու համար պարտադի ր չէր գրող լինեիր։ Ուրախացանք, երբ մեզ լուր հասավ, որ էդ սցենարով ուսումնական ֆիլմ չեն նկարել։ Ուրիշի սցենարն էին օգտագործել։ Ոչ էլ մարմնամարզության մասին գրածս նկարեցին։ Միշտ ուրախանում էինք, որ մեր նյութը չէին օգտագործում։
Հիմա էլ ես ու գրողը մենակ նամակներ էինք գրում ու դեսից֊դենից խոսում։ Գրողը հեռախոսային զանգերին էր պատասխանում։ Մերթընդմերթ մեկնումեկը նրա հետ հարցազրույց ունենալու ցանկություն էր հայտնում։ Նա փորձում էր գլուխն ազատել, բայց լրագրողների երեսը պինդ է, համ էլ մամուլի բաժինը թույլատրել էր նրա հետ հարցազրույցներ անցկացնել, էնպես որ զանգերից հետո մեկ էլ կտեսնեիր լոնդոնյան էս կամ էն թերթի ներկայացուցիչը մեր գրասենյակում հայտնվեց։ Ես տեղիցս վեր էի կենում՝ գնամ, բայց գրողը չէր թողնում։ Թղթակիցն էնպիսի հարցեր էր տալիս, որ Ջորջ Բեռնարդ Ծոուին կամ Հ․Ջ․ Ուելսին են տվել, բայց գրողն իրեն շատ հանգիստ էր պահում ու բոլոր հարցերին պատասխան գտնում։
Ինչ էլ ասեր, լրագրողները գրի էին առնում, իսկ նրա ամեն մի ասածը հաճելի էր լսել, որովհետև միշտ հաջողացնում էր ճշմարտությունն ասել, ինչքան էլ որ էդ պահին դա անհույս բան թվար։ Ով էլ գար հետը հարցազրույց անցկացնելու, ինձ ներկայացնում էր ու ասում, որ իր աշխատակիցն եմ։ «Եթե ճիշտը կուզեք իմանալ,― ասում էր,― նա ինձնից լավ գրող է․․․ այս տասնիննամյա տղան»։
Դե, հարցազրույց անցկացնողները մտածում էին, թե կատակ է անում, որովհետև գրողը հայտնի էր իր բազմիմաստ խոսքերով, բայց նա միշտ ավելացնում էր, որ չի կատակում, սրանք էլ վրա էին բերում․ «Ուզում եք ասել, թե ձեր կարծիքով՝ աշխարհում ձեզնից լա՞վ գրող էլ կա։ Իսկ մենք կարծում էինք՝ ձե՛զ եք աշխարհի լավագույն գրողը համարում»։
Գրողն էլ ասում էր․ «Ես մեծամասնությունից լավն եմ, բայց նա ինձնից լավն է։ Տասնինը տարեկանում նրա կեսի չափ էլ գրել չգիտեի։ Դուք դեռ կլսեք նրա անունը, եթե ողջ մնա»։
Թղթակիցները հարցնում էին, թե ինչ կարծիքի է անգլիացիների մասին, ու գրողն ասում էր․ «Ես միշտ սիրել եմ անգլիացիներին, բայց հիմա առաջվանից շատ եմ սիրում»։ Սրանք ուզում էին իմանալ՝ ինչու, և գրողն ասում էր․ «Որովհետև արդեն փոքր֊ինչ ավելի մոտիկից եմ ճանաչում նրանց։ Ուրիշ ժողովուրդներից ոչ լավն են, ոչ վատը, բայց մյուս բոլոր ժողովուրդների համեմատ՝ ես նրանց փոքր֊ինչ ավելի եմ սիրում իրենց գրողների շնորհիվ։ Տանել չեմ կարող նրանց պետական գործիչներին, բայց գրողներին սիրում եմ»։
Շուտ֊շուտ նա ինձ առաջադրանք էր տալիս, որ երեք ժամում մի կարճ պատմվածք գրեմ․ հա, ընդամենը երեք ժամ էր տրամադրում, ու հենց գրում վերջացնում էի, հետս կարդում էր, մատնացույց անում, թե որ կտորն է ստացվել, որը՝ չէ, ու էս ձևով ինձ շատ բաներ սովորեցրեց։ Ասում էր՝ հանկարծ մտքովս չանցնի թե տգետի մեկն եմ ինչ է՝ համալսարան չեմ գնացել։ Հավատացնում էր, որ տգիտությանս մասին խոսք չի կարող լինել, բայց գրածներիս մեջ երբեմն անվստահություն է զգացվում սեփական ուժերիս նկատմամբ։ Ես բացատրում էի, որ դա ինքն իրեն է ստացվում, նա էլ ասում էր՝ ուրեմն մի թող ինքն իրեն ստացվի։ Թող ճիշտ բաները ինքնաբերաբար ստացվեն։ Մարդ ինչքան շատ թողնի, որ ճիշտ բաները ինքնաբերաբար ստացվեն ու ինչքան քիչ թողնի, որ սխալ բաներն էլ ինքնաբերաբար ստացվեն, այնքան ավելի լավ գրող կդառնա և ամենակարևորը՝ այնքան ինքը ավելի կլավանա։ Գրելով զբաղվելու մեջ միակ արժեքավորն այն է, որ դա նախ՝ հոգեպես ազնվացնում է գրողին, հետևաբար և նպաստում ընթերցողի հոգևոր կատարելագործմանը։
Էսպես օր֊օրի անթիվ֊անհամար նորանոր բաներ էի իմանում նրանից, բայց չէի նստում ու պարզապես ականջ կախում նրա խոսքերին՝ առանց մի բառ ասելու։ Լսելը՝ իհարկե, ուշադիր լսում էի, բայց գլխումս սեփական մտքեր էլ էին ծագում, ու դրանք մեծ մասամբ նրան դուր էին գալիս։ Ամեն անգամ, երբ մեկնումեկը նրան հարցնում էր թե ինչ է գրում, նա ասսում էր, որ չի գրում, հարցնում էին՝ ինչու, ասում էր՝ չի կարող, քանի դեռ զինվորական համազգեստ է հագնում, ասում էր՝ կսպասի մինչև պատերազմը վերջանա։ Հետո արդեն ուզածի չափ գրելու ժամանակ կունենա։ Իսկ երբ հարցնում էին, թե պատերազմի կամ բանակի մասին մտադիր չի՞ գրել, վրա էր բերում․ «Աստծու սիրուն, հիմար հարցեր մի տվեք։ Ես լրագրող չեմ, պոետ եմ։ Գրում եմ ամեն ինչի մասին»։ Սրանք չէին իմանում ինչ մտածեն, որովհետև արար աշխարհը միաբերան ամերիկացի գրողներից ու լրագրողներից էր խոսում, թե պատերազմի մասին գրքեր են գրում։ Լոնդոնում ամերիկյան լրագրող չկար, որ պատերազմի թեմայով գոնե մի գիրք լույս ընծայած չլիներ։ Շատերը երկու֊երեք գիրք էին հրատարակել, իսկ էս գրողը, ա՛յ քեզ բան, սպասում էր պատերազմի վերջանալուն։ Նա ասում էր՝ կսպասի մինչև հիստերիան հանդարտվի, որ կարողանա իր գործը հենց ընդհատված տեղից էլ շարունակել։ Ասում էր․ «Ամերիկացիներն աշխարհի ամենահիստերիկ ժողովուրդն են, ամենից պարազմիտն ու դյուրագրգիրռը։ Արտաքուստ ինչքան հանգիստ են երևում, այնքան բորբոքված են»։
==Գլուխ հիսուներորդ==
'''Գրողը լուծում է այն հարցը, թե գերմանական ժողովրդին ինչ պիտի անել'''
Շուտով գրական նոր անցուդարձ սկսվեց։ Թեմատիկ կոնֆերանսներ էին կազմակերպվում բարձրաստիճան սպաների մասնակցությամբ։ Ես ու գրողը միշտ ներկա էինք լինում, ու ես բոլոր ելույթ ունեցողներին ականջ էի դնում։ Գրողը շատ ճիշտ էր ասում․ նրանք հանգիստ էին երևում, բայց իրականում ջղյանությունից իրենց ուտում էին։
Առաջին հանդիպումը ուղղակի ճաշկերույթ էր, որին հաջորդեցին ոչ պաշտոնական մտափոխանակումներ։ Ես ու գրողը ներկաների մեջ միակ շարքայիններն էինք։ Մնացածը ավագ սպաներ էին՝ կապիտաններից սկսած ու գնդապետներով վերջացրած, և մի խումբ քաղաքացիականներ, որոնց մի մասը տարիքով գրողից շատ ջահել էին, բանակից ազատված էն գլուխ պահողներից, ովքեր բարձր աշխատավարձով պետական պաշտոններ էին զբաղեցնում ու ոչ մի անելիք չունեին, բացի ուտելուց ու լեզվին տալուց։ Ինձ մնար, երբեք էլ չէի գնա էդ ժողովներին, բայց գրողն ասում էր, թե պարտադիր է․ քանի որ ինքը ստիպված էր գնալ, նրան ուղեկցելը իմ պարտականությունն էր։ Ասում էր՝ դա իմ պարտքն է իր նկատմամբ։ Ասում էր՝ դա իմ պարտքն է իր նկատմամբ։ Ասում էր՝ այդ գլխացավանքը շատ է հոգեմաշ մի մարդու համար, որ մեն֊մենակ դրան դիմանա։ Հա ուրեմն՝ էդ առաջին հանդիպմանը բոլորը մի կուշտ փորները լցրին, հետո էլ շշերը մեջտեղ եկան, ու կոնծաբանությունն սկսվեց։ Մթնոլորտը ջերմ էր ու սիրալիր սրտաբացությամբ լի։ Քաղաքացիական հագուստով մի երիտասարդ, որը կառավարության անունից ղեկավարում էր խորհրդակցությունը, քննարկման ներկայացրեց հետևյալ հարցը․ «Ի՞նչ անել Գերմանիային պատերազմից հետո»։
Է՛հ, գրողը երկար ժամանակ, ինչքան կարող էր, բերանը փակ էր պահում։ Տեսնում էի, թե ոնց է անհամ խոսակցություններից տանջվում, որովհետև համազգեստավոր ու ոչ համազգեստավոր էդ մարդուկները, որ մեծ֊մեծ ջարդում էին, բայց կյանքում երբեք մտահոգված չկային, ոչ էլ հիմա էին իրոք մտահոգված, էստեղ հավաքվել, դերասանութուն էին անում, փքվել էին գոռոզ֊գոռոզ ու ծանրումեծ տեսք ընդունել։ Պա՛հ, լեզուները էնպե՜ս էր բացվել, տակից գլխից դուրս էին տալիս, թե ինչ պիտի անել հիսուն֊վաթսուն միլիոնանոց մի ժողովրդի։ Նրանց բոլոր առաջարկներն էլ հրեշավոր էին։ Ակամայից մտածում էիր, թե էս մարդիկ համոզված են, որ ամեն մի գերմանացի տեղով հանցագործ է։ Վերջապես ինչ֊որ մեկը սխալվեց, գրողի կարծիքն էլ հարցրեց։
Դե, գրողը հայացքը պտտեցրեց, հերթով ամենքին նայեց։ Տեսա, թե բարկությունից ոնց է եռ գալիս, բայց շատ հանգիստ ասաց․
― Միակ բանը, որ պիտի անել, նրանց մեկ առ մեկ ոչնչացնելն է, մինչև որ լիովին բնաջնջվեն։ Շատ բարդ խնդիր է ուրիշ լուծում գտնելու համար, համենայն դեպս, այս ժողովում։
Ոչ ոք ձայն չհանեց, նա էլ խոսքն առաջ տարավ․
― Թույլ տվեք իմանալ, ինչո՞ւ ենք ընդհնարապես այս հարցը քննարկում, և ո՞վ է մեզ խնդրել։ Որովհետև եթե գործին լրջորեն մոտենանք,― իսկ մենք կարծես թե այդես ենք տրամադրված,― այս հարցի լուծումը պահանջում է ի մի բերել Ամերիկայի ամենապայծառ գլուխների եռանդուն տքնանքը և վիթխարի աշխատանք թափել, մի աշխատանք, որ անհնար է ավարտել ոչ հիսուն, ոչ էլ թեկուզ հարյուր տարում, իսկ ես չեմ կարծում, թե մեր երկիրը ձգտում է այդպիսի պատասխանատվություն վերցնել իր վրա։ Եթե մենք պատրաստ ենք հանձն առնել նման մի պատասխանատվություն, վախենում եմ, որ անձամբ ես բնավ չեմ կարող այդ բեռան ամենաչնչին մասն էլ ստանձնել, որովհետև ապագայի այլ ծրագրեր եմ գծել։ Նախ և առաջ, ըստ իս, այս գործն այնքան կարևոր նշանակություն ունի, որ կարոտ է շատ ավելի բանիմաց մարդկանց ջանքերին, քան մեզնից մեկնումեկն է։ Իսկ եթե հավաքվել ենք այստեղ, որպեսզի ուտենք֊խմենք ու ասենք֊խոսենք, և մեր խոսակցությունները չպետք է լուրջ ընդունել, ուրեմն ես կառաջարկեի քննել, թե պատերազմից հետո մենք ինքնե՛րս ինչ պիտի անենք, որովհետև բոլորս էլ ավելի մեծ հաջողությամբ կարող էինք մեր ժամանակն ու եռանդը այդ հացի լուծման վրա ծախսել, քան թե մի ուրիշի, որն, ինձ թվում է՝ գերմանական ժողովուրդն ինքը պիտի լուծի։ Ներկաների մեջ գերմանացի կա՞։
Նրա խոսելու ընթացքում մտածում էի, թե իրեն մեծ փորձանքի մեջ է գցում, բայց արի ու տես, որ չէ․ ոչ մ իբան էլ չեղավ․ նրա խոսքերից մի րոպե չանցած՝ բոլորն էլ մոռացան, թե ինչ էր ասում ու առաջվա պես շարունակեցն դատարկ֊մատարկ դուրս տալ, էսպես ասած՝ էլի հին երգը երգել։ Ես արդեն էնքան էի խմել, որ թքած ունեի։ Գիտեի, որ իսկի իրենցից գլուխ չեն հանի, ինչ մնաց, թե գերմանացիների հարցը լուծեին, դրա համար նրանց անալի խոսակցություններին չէի էլ մասնակցում, թեպետ կառավարության անունից ճաշկերույթ տվող երիտասարդը անընդհատ իմ կարծիքն էր հարցնում։ Ես էլ հա ասում էի․ «Ինձ հանգիստ թող»։ Ու բաժակս նորից էի թափահարում։
Էդ առաջին հանդիպումից շատ բան իմացա նման մարդկանց մասին, որ գործի կպած՝ իրենց դնում են ամբողջ ազգի տեղը, ոնց որ սրանք էին մեր ազգին՝ ամերիկացիներին ներկայացնում, իսկ իրականում, ինչքան հասկացա, մարդ արարածների ամենաստորին կարգին են պատկանում։ Էս աչքակապությունից ու ջուր ծեծելուց նեղվող մարդկանց պետական գործունեությունը վայ թե չի գրավում։
==Ծանոթագրություններ==
<references>