Մենք տեսանք նաև այն, որ յուրաքանչյուր դասի սահմաններում մեծ սեռերի հենց ամենից ավելի բարգավաճող և տիրապետող տեսակները առաջացնում են միջին հաշվով ամենամեծ քանակությամբ տարատեսակներ, իսկ տարատեսակները, ինչպես կտեսնենք հետագայում, ձգտում են դառնալ նոր առանձին տեսակներ։ Այսպիսով, մեծ սեռերը ձգտում են է՛լ ավելի մեծանալու, և ամբողջ բնության մեջ նկատվում է, որ կյանքի այժմյան տիրապետող ձևերը ձգտում են է՛լ ավելի տիրապետող դառնալ, իրենցից հետո, թողնելով բազմաթիվ փոփոխված ու տիրապետող հետնորդներ։ Սակայն խոշոր սեռերը մի ճանապարհով, որը կբացատրվի հետագայում, ձգտում են բաժանվել փոքրերի։ Այս կերպով էլ ամբողջ աշխարհում ամենուրեք կյանքի ձևերը բաժանվում են խմբերի, որոնք ենթակա են այլ խմբերի։
==ԳԼՈՒԽ III։ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ==
<FONT SIZE="-1">ՆՐԱ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ։— «ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ» ՏԵՐՄԻՆԻ ԳՈՐԾԱԾՈՒՍԸ ԼԱՅՆ ԻՄԱՍՏՈՎ։— ՄՐՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։— ԲԱԶՄԱՑՄԱՆ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱՆ։— ՆԱՏՈՒՐԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՐԱԳ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ։— ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՆՈՂ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԲՆՈԻՅԹԸ։— ԿԼԻՄԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ։— ԱՆՀԱՏՆԵՐԻ ԲԱԶՄԱՔԱՆԱԿՈՒԹ8ՈՒՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ։— ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆՈՒՐԵՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՎՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ։ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎԸ ԱՄԵՆԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՌ Է ՄԻԵՎՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ, ՀԱՃԱԽ ՆԱԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՍԵՌԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ։— ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈԼՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԵՆ։</FONT>
Նախքան այս գլխի բովանդակությունը կազմող նյութի շարադրման անցնելը, ես պետք է մի քանի նախնական դիտողություններ անեմ, որպեսզի ցույց տամ, թե գոյության կռիվը ինչ հարաբերության մեջ է գտնվում բնական ընտրության նկատմամբ։ Նախորդ գլխում մենք տեսանք, որ բնական վիճակում գտնվող օրգանական էակները ցուցաբերում են որոշ աստիճանի փոփոխականություն։ Ճիշտն ասած՝ ես չեմ կարծում, որ այդ դրույթը երբևիցե վիճարկվել է։ Մեզ համար էական չէ, թե տեսակներ, ենթատեսակներ կամ տարատեսակներ կանվանվեն բազմաթիվ կասկածելի ձևերը, ինչպես, օրինակ, բույսերի այն կասկածելի ձևերը, որոնք հաշվվում են բրիտանական բուսականության մեջ, քանի որ հստակ կերպով արտահայտված տարատեսակների գոյությունն ընդունվում է բոլորի կողմից։ Միայն անհատական տարբերությունների և մի քանի խիստ նկատելի տարատեսակների գոյությունը, թեև այդ անհրաժեշտ էլ է որպես մեկնակետային փաստ, բայց շատ քիչ է օգնում մեզ ըմբռնելու այն, թե բնության մեջ տեսակներն ինչպես են առաջանում։ Ի՞նչ կերպով այդպիսի կատարելության են հասել այն զարմանալի հարմարումները, որ ունի օրգանիզմի մի մասը մյուսի կամ ամբողջ օրգանիզմը արտաքին կենսապայմանների կամ, վերջապես, մի օրգանիզմ մյուսի նկատմամբ։ Մենք այդ սքանչելի փոխադարձ հարմարումները լիակատար ակներևությամբ տեսնում ենք փայտփորի կամ ճագոմի վրա և փոքր ինչ ավելի պակաս ակներև այն ողորմելի մակաբույծի մեջ, որը կպած է չորքոտանու մազին կամ թռչունի փետուրին, ջրի մեջ սուզվող բզեզի կառուցվածքում, թեթև քամուց թռչող սերմի հարմարանքներում,— մի խոսքով՝ մենք սքանչելի հարմարումներ ենք տեսնում ամեն տեղ և օրգանական աշխարհի ամեն մի մասում։
Այնուհետև կարելի է հարցնել, թե ինչպես է, որ այդ տարատեսակները, որոնց ես անվանել եմ սաղմնային տեսակներ, վերջ ի վերջո դարձել են լավ և ուրույն տեսակներ, որոնք մեծ մասամբ ակներևորեն անհամեմատ ավելի են տարբերվում միմյանցից, քան մի տեսակի պատկանող տարատեսակները։ Ինչպե՞ս են առաջանում տեսակների այդ խմբերը, որ առաջացնում են այն, ինչ մենք անվանում ենք սեռեր և որոնք միմյանցից անհամեմատ ավելի շատ են տարբերվում, քան միևնույն սեռի տեսակները։ Այս բոլոր հետևանքները, ինչպես մենք ավելի հանգամանորեն կպարզենք հաջորդ գլխում, ուղղակի բխում են գոյության կռվից։ Այդ կռվի շնորհիվ փոփոխությունները, ինչքան էլ նրանք աննշան լինեն և ինչ պատճառից էլ կախված լինեն, եթե միայն նրանք օգտակար են տվյալ տեսակի անհատների համար նրանց ունեցած անսահման բարդ հարաբերություններում այլ էակների և ֆիզիկական կենսապայմանների հետ, կնպաստեն այդ անհատների պահպանմանը և ժառանգաբար կանցնեն նրանց ամենամերձավոր հետնորդներին։ Այդ հետնորդները իրենց հերթին պահպանվելու ավելի շատ հավանականություններ կունենան, որովհետև որևէ տեսակի բազմաթիվ անհատներից, որ պարբերաբար ծնվում են, միայն աննշան քանակությունն է կենդանի մնում։ Այդ սկզբունքը, որի հետևանքով յուրաքանչյուր աննշան փոփոխություն, եթե միայն նա օգտակար է, պահպանվում է, ես անվանել եմ '''բնական ընտրություն''' նրա համար, որպեսզի ցույց տամ նրա առնչությունը այն ընտրության հետ, որ գործադրում է մարդը։ Սակայն Հերբերտ Սպենսերի կողմից հաճախ գործածվող արտահայտությունը՝ «ամենահարմարվածի գերապրումը»,— ավելի ճիշտ է և երբեմն էլ նույնքան հարմար։ Մենք տեսանք, որ մարդն ընտրության միջոցով մեծ հետևանքների է հասնում և կարողանում է օրգանիզմը հարմարեցնել իր պահանջմունքներին՝ շնորհիվ այն թույլ, բայց օգտակար փոփոխությունների, որ նրան ընձեռում է բնությունը։ Բայց բնական ընտրությունը, ինչպես մենք կտեսնենք հետագայում, մի սկզբունք է, որը մշտապես պատրաստ է ներգործելու և նույնքան անչափորեն գերազանցում է մարդու թույլ ջանքերին, ինչքան որ բնության արտադրանքները գերազանցում են արվեստի արտադրանքներին։
Մենք այժմ մի քիչ ավելի մանրամասնորեն կզբաղվենք գոյության կռվով։ Իմ ապագա աշխատության մեջ այդ խնդիրը զարգացվելու է ավելի մանրամասնորեն, որին և նա արժանի է։ Դը-Կանդոլ ավագը և Լայելը հանգամանորեն և խորիմաստ կերպով մատնանշել են այն, որ բոլոր օրգանական էակները ենթարկվում են դաժան մրցության։ Բույսերի վերաբերմամբ այդ խնդիրը ոչ ոք այնպիսի եռանդով ու հմտությամբ չի քննարկել, ինչպես Հերբերտը, Մանչեստրի դեկանը, հավանորեն իր պարտիզագործական ընդարձակ գիտելիքների շնորհիվ։ Ոչ մի բան չի կարող ավելի հեշտ լինել, որքան խոսքով ընդունել գոյության այդ համընդհանուր կռվի ճշտությունը, և ոչ մի բան չի կարող ավելի դժվար լինել, ես այդ փորձել եմ ինձ վրա, որքան այդ եզրակացությունը երբեք աչքաթող չանելը։ Սակայն, մինչև որ այդ եզրակացությունը չարմատավորվի մեր մտքում, բնության ամբողջ տնտեսությունը սրան վերաբերող տարածման սակավության, առատության, մահաջնջման և փոփոխականության բոլոր երևույթներով հանդերձ մեզ կթվան մշուշում կամ մեր կողմից բոլորովին սխալ կերպով կհասկացվեն։ Բնությունը մենք պատկերացնում ենք ցնծալի, մենք հաճախ տեսնում ենք սննդի առատություն. մենք չենք տեսնում կամ մոռանում ենք, որ մեր շուրջը անհոգ կերպով դայլայլող թռչունները մեծ մասամբ սնվում են միջատներով ու սերմերով և այսպիսով շարունակ կյանք են ոչնչացնում, մենք մոռանում ենք, թե ինչպես այդ երգեցիկները կամ նրանց ձվերը իրենց հերթին կերակուր են դառնում գիշատիչ թռչուններին ու գազաններին։ Մենք ոչ միշտ ենք ուշադրության առնում այն, որ եթե որոշ պահին սնունդն առատությամբ է գտնվում, ապա այդ չի կարելի ասել ամեն տարվա և տարվա յուրաքանչյուր եղանակի մասին։
===«ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ» ՏԵՐՄԻՆԻ ԳՈՐԾԱԾՈՒՄՆ ԼԱՅՆ ԻՄԱՍՏՈՎ===
Ես պետք է նախազգուշացնեմ, որ այդ արտահայտությունը գործ եմ ածում լայն և փոխաբերական իմաստով, սրա մեջ ներառելով մի էակի կախումը մյուսից, ինչպես նաև հասկանալով (որը ավելի ևս կարևոր է) ոչ միայն մի անհատի կյանքը, այլև նրա հաջողությունը հաջորդներով իրեն ապահովելու տեսակետից։ Canis սեռին պատկանող երկու կենդանիների մասին կարելի է միանգամայն ստույգ կերպով ասել, որ սովածության շրջանում նրանք պայքարում են իրար դեմ սննդի և ապրուստի համար։ Անապատ ի եզրին բուսող բույսի մասին ևս ասում են, որ նա պայքարում է չորության դեմ, թեև ավելի ճիշտ կլիներ ասել, որ նա կախված է խոնավությունից։ Այն բույսի մասին, որ ամեն տարի տալիս է հազարավոր սերմեր, որոնցից միջին հաշվով միայն մեկն է աճում, դառնում հասուն բույս, իսկապես կարելի է ասել, որ նա պայքարում է իրեն նմանների դեմ և ուրիշ բույսերի դեմ, որոնք արդեն ծածկել են գետնի նույն տեղամասը։ Ճագոմի կյանքը կախված է խնձորենուց և էլի մի քանի ծառատեսակներից, բայց բռնազբոսիկ բան կլիներ նրանց դեմ ճագոմի պայքարի մասին խոսելը միայն այն պատճառով, որ եթե այդ մակաբույծներից չափազանց շատ աճեն մի ծառի վրա, ծառը կտկարանա և կմեռնի։ Բայց այդ ճագոմի մի քանի սերմնաբույսերի մասին, որոնք աճում են միևնույն ճյուղի վրա, կարելի է միանգամայն ստույգ ասել, որ նրանք պայքարում են իրար դեմ։ Քանի որ ճագոմը տարածվում է թռչունների միջոցով, ապա նրա գոյությունը կախված է նրանցից և, արտահայտվելով փոխաբերական իմաստով, կարելի է ասել, նա պայքարում է ուրիշ պտղատու բույսերի դեմ նրանով, որ հրապուրում է թռչուններին ուտելու իր պտուղները և տարածելու իր սերմերը։ Այս բոլոր առումներով, որոնք փոխանցվում են մեկը մյուսի, ես հարմարության համար դիմում եմ «գոյության կռիվ» արտահայտությանը։
===ԲԱԶՄԱՑՄԱՆ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊՐՈԳՐԵՍԻԱՆ===
Գոյության կռիվը անխուսափելիորեն բխում է այն արագ պրոգրեսիայից, որով բոլոր օրգանական էակները ձգտում են բազմանալ։ Յուրաքանչյուր էակ, որն իր կյանքի ընթացքում արտադրում է մի քանի ձու կամ սերմ, անխուսափելի կերպով պետք է ոչնչացման ենթարկվի իր կյանքի որևէ հասակում, տարվա որևէ եղանակին կամ, վերջապես, որևէ պատահական տարիներում, այլապես բազմացման երկրաչափական պրոգրեսիայի սկզբունքի հետևանքով, նրա թիվը կհասներ այնպիսի չափերի, որ աշխարհում ոչ մի երկիր չէր կարողանա կերակրել կամ տեղավորել նրա սերունդներին։ Ուրեմն՝ քանի որ ավելի շատ անհատներ են արտադրվում, քան կարող են ապրել, պետք է յուրաքանչյուր դեպքում տեղի ունենա գոյության կռիվ կամ միևնույն տեսակի անհատների միջև, կամ տարբեր տեսակների անհատների միջև, կամ կյանքի ֆիզիկական պայմանների դեմ։ Դա Մալթուսի ուսմունքն է<ref>Դարվինը այստեղ ճիշտ կերպով է վկայակոչում Մալթուսին։ Բայց փորձելով բնական ընտրության վերաբերմամբ կիրառել Մալթուսի տեսությունը, Դարվինն իրեն համար աննկատելի կերպով ցույց է տալիս, որ Մալթուսի տեսությունը անկիրառելի է վայրի տեսակների կյանքի վերաբերմամբ։ Մարքսիզմի հիմնադիրները խիստ սահմանազատում էին Դարվինի ուսմունքի էությունը և մալթուսյան «գոյության կռիվը»։ Այսպես, Մարքսն ասում է, «Դարվինի աշխատության մեջ, օրինակ, տեսակների մահաջնջման պատճառների քննարկության մեջ կա նաև — չխոսելով նրա հիմնական սկզբունքի մասին — մալթուսյան տեսության մանրամասն բնապատմական հերքում»։ (Կ. Մարքս, Հավելյալ արժեքի տեսությունը, հատոր 2, մաս 1, էջ 209, Կուսհրատ, 1936 թ.)։— ''Խմբ.։''</ref>, որն ավելի ևս մեծ ուժով կիրառելի է ամբողջ կենդանական և բուսական աշխարհի վերաբերմամբ, որովհետև այստեղ չի կարող լինել ոչ սննդի արհեստական ավելացում, ոչ էլ ամուսնանալուց խոհեմաբար հրաժարում։ Եթե, կարող է պատահել, ներկայումս որոշ տեսակներ բազմանում են շատ թե քիչ արագ կերպով, ապա բոլոր տեսակները չեն կարող հասնել այդ բանին, որովհետև երկիրը նրանց չէր կարող պարփակել։
Չկա ոչ մի բացառություն այն կանոնից, որի համաձայն ամեն մի օրգանական էակ բնականորեն բազմանում է այնպիսի պրոգրեսիայով, որ եթե նա չենթարկվեր ոչնչացման, ապա մեկ զույգի սերունդները կծածկեին ամբողջ երկիրը։ Նույնիսկ դանդաղորեն բազմացող մարդը քսան և հինգ տարվա ընթացքում թվով կրկնապատկվում է, և այդպիսի պրոգրեսիայով ավելի պակաս քան հազար տարի հետո նրա սերունդների համար բառացիորեն կանգնելու տեղ չէր լինի։ Լիննեյը հաշվել է, որ եթե որևէ միամյա բույս առաջացներ միայն երկու սերմ (իսկ այդպիսի թույլ արտադրողականությամբ բույս գոյություն չունի), ապա քսան տարի հետո նրա սերունդները կհասնեին միլիոնի։ Համարվում է, որ մեզ հայտնի կենդանիների մեջ փիղը ամենից ավելի դանդաղ է բազմանում, և ես աշխատեցի հաշվել նրա բազմացման նվազագույն չափերը։ Նա սկսում է բազմանալ, ամենից ավելի հավանական է, երեսուն տարեկանից ոչ վաղ հասակում և մինչև իննսուն տարեկան հասակը տալիս է ոչ ավելի քան վեց ձագ, իսկ ապրում է մինչև հարյուր տարի. ընդունելով այդ թվերը, կստանանք այն, որ 740—750 տարվա ընթացքում մեկ զույգից կստացվեր տասնևիննը միլիոն փիղ։
Բայց մենք ունենք ավելի համոզեցուցիչ վկայություններ, քան միմիայն, տեսական հաշիվները, այն է՝ որոշ կենդանիների զարմանալի արագ բազմացման բազմաթիվ դեպքերը բնական վիճակում, երբ պայմանները նրանց համաը ինչ-որ պատճառով առանձնապես բարենպաստ են եղել իրար հաջորդող երկու կամ երեք տարիների ընթացքում։ Ավելի ևս զարմանալի են այն փաստերը, որոնք վերաբերում են աշխարհի զանազան երկրներում վայրենացած մեր ընտանի մի քանի կենդանիներին, այնպես դանդաղ բազմացող եղջերավոր անասունների և ձիերի Հարավային Ամերիկայում և ավելի ուշ Ավսարալիայում արագ բազմանալուն վերաբերող մատնանշումները եթե չհենվեին ամենաարժանահավատ վկայությունների վրա, ապա նրանք պարզապես անհավատալի կթվային։ Այդպես էլ բույսերի նկատմամբ, կարելի է օրինակներ բերել, երբ բերված բույսերը տասը տարուց ավելի քիչ ժամանակամիջոցում գրավել են ամբողջ կղզիների տարածությունը։ Մի քանի բույսեր, ինչպես, օրինակ, կարդոնները և մի բարձրահասակ տատասկափուշ, որոնք այժմ շատ սովորական են Լա-Պլատայի ընդարձակ հարթություններում և ծածկում են ամբողջ քառակուսի մղոններ, գրեթե դուրս մղելով այլ բույսերին, բերված են Եվրոպայից։ Իսկ այլ բույսեր, որոնք, ինչպես ինձ հաղորդել է դոկտոր Ֆոկոները, տարաբնակված են Հնդկաստանում Կամորինի Հրվանդանից մինչև Հիմալայան լեռները, բերված են Ամերիկայից՝ նրա հայտնադործումից հետո։ Այսպիսի դեպքերում, իսկ դրանց անվերջ ցուցակը կարելի էր ներկայացնել, ոչ ոք չի ենթադրի, որ կենդանիների կամ բույսերի պտղաբերությունը միայն ժամանակավոր և հանկարծակի կերպով այդքան զգալի աստիճանի է բարձրացել։ Ակնհայտ բացատրությունն այն է, որ կենսապայմանները եղել են չափազանց բարենպաստ, որի հետևանքով ծեր և մատղաշ անհատները ավելի քիչ են ոչնչացման ենթարկվել, և համարյա բոլոր երիտասարդ անհատները կարողացել են անարգել կերպով բազմանալ, նրանց բազմացման երկրաչափական պրոգրեսիան, որի հետևանքները մեզ միշտ զարմացնում են, շատ պարզ կերպով բացատրում է նրանց թվի արագ ավելացումը և լայն տարածումը նոր հայրենիքում։
Իր բնական վիճակում համարյա յուրաքանչյուր չափահաս բույս ամեն տարի տալիս է սերմեր, իսկ կենդանիների մեջ շատ քիչ կգտնվեն այնպիսիները, որոնք ամեն տարի չեն զուգավորվում։ Այստեղից էլ մենք համոզվածությամբ կարող ենք հաստատել, որ բոլոր կենդանիներն ու բույսերը ձգտում են բազմանալ երկրաչափական պրոգրեսիայով, որ նրանք կլցնեին բոլոր այն տեղերը, որտեղ միայն կկարողանան ապրել և որ երկրաչափական պրոգրեսիայով բազմանալու այդ ձգտումը պետք է սահմանափակման ենթարկվի միայն ոչնչացման միջոցով կյանքի որևէ շրջանում։ Ընտանի կենդանիների վրա կատարված սովորական դիտողությունները, ես կարծում եմ, հեշտությամբ կարող են մեզ թյուրիմացության մեջ գցել, որովհետև մենք չենք տեսնում, որ նրանք զգալի ոչնչացման ենթարկվեին, բայց միևնույն ժամանակ մոռանում ենք այն հազարավորների մասին, որոնք ամեն տարի մորթվում են մեր սննդի համար, և որ բնական դրության մեջ ևս այս կամ այլ կերպ նույն քանակով անխուսափելիորեն պիտի կոտորվեին։
Յուրաքանչյուր տարի հազարավոր ձվեր կամ սերմեր արտադրող և շատ քիչ դրանք արտադրող օրգանիզմների միջև միակ տարբերությունը այն է, որ վերջինները կյանքի նպաստավոր պայմաններում ամբողջ մի երկիր, որքան էլ կուզե նա մեծ լինի, լցնելու համար կպահանջեին միայն մի քանի լրացուցիչ տարիներ։ Կոնդորը երկու ձու է ածում, իսկ ջայլամը՝ քսան, բայց չնայած դրան, միևնույն երկրում նրանցից կոնդորը կարող է ավելի բազմաթիվ լինել։ Մրրկահավը ածում է ընդամենը մեկ ձու, բայց և այնպես կարծում են, որ նա ամենատարածված թռչունն է երկրի վրա։ Մի ճանճ հարյուրավոր ձվեր է ածում, իսկ մյուսը, ինչպես օրինակ, Hippobosca-ն՝ միայն մի հատ, բայց այս տարբերությունը չի որոշում յուրաքանչյուր տեսակի անհատների այն քանակը, որը կարող է իր մեջ տեղավորել երկիրը։ Ձվերի բազմաքանակությունը նշանակություն ունի այն տեսակների համար, որոնք կախում ունեն սննդի տատանվող քանակությունից, որովհետև դա է թույլ տալիս նրանց թվով ավելանալու։ Բայց ձվերի կամ սերմերի բազմաքանակության իսկական նշանակությունն այն է, որ կարողանա ծածկել նրանց զգալի պակասումը, որն առաջացնում է ոչնչացումը նրանց կյանքի որևէ շրջանում, իսկ այդ շրջանը մեծ մասամբ լինում է շատ վաղ հասակում։ Եթե կենդանին որևէ կերպով կարող է պաշտպանել իր ածած ձվերը կամ ձագերը, ապա նույնիսկ ծնվածների փոքրաթիվ լինելու դեպքում էլ կարող է պահպանվել միջին քանակությունը. բայց եթե մեծ քանակությամբ ձվեր կամ ձագեր են ենթարկվում ոչնչացման, այդ դեպքում պետք է շատ ծնվեն, այլապես այդ տեսակը կբնաջնջվի։ Միջին հաշվով հազար տարի ապրող որևէ ծառատեսակի թիվը կարող էր պահպանվել առանց փոփոխության, եթե հազար տարվա ընթացքում նա առաջ բերեր մեկական սերմ, միայն թե այդ սերմը երբեք չենթարկվեր ոչնչացման և նրա համար ապահովված լիներ ծլումը մի հարմար տեղում։ Նշանակում է, կենդանիների կամ բույսերի միջին թիվը բոլոր դեպքերում միայն անուղղակիորեն կախված է ձվերի կամ սերմերի թվից։
Բնությունը լավ դիտելիս մենք երբեք չպետք է աչքաթող անենք վերոհիշյալ նկատառումները, մենք չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր օրգանական էակ, կարելի է ասել, լարում է իր ամբողջ ուժերը, որպեսզի ավելացնի իր թիվը, որ նրանցից ամեն մեկն ապրում է, միայն դիմանալով պայքարին իր կյանքի որևէ շրջանում, որ անողոք բնաջնջումը անխուսափելիորեն տարածվում է ծերի կամ երիտասարդի վրա ամեն մի սերնդում կամ կրկնվող ընդմիջումներով։ Նվազեցրեք խոչընդոտները, պակասեցրեք ոչնչացումը, թեկուզ և ամենափոքր չափերով, և տեսակի թիվը գրեթե վայրկենապես կաճի որևէ չափով։
===ԲԱԶՄԱՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՆՈՂ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ===
Այն պատճառները, որոնք կասեցնում են յուրաքանչյուր տեսակի բազմացման բնական ձգտումը, չափազանց մութն են։ Նայեցեք ամենահզոր տեսակին, ինչքան նա իր բազմաթիվ ներկայացուցիչներով լեփ-լեցուն է, այնքան նա ձգտում է ավելի ևս շատ բազմանալու։ Ոչ մի դեպքի վերաբերմամբ մեզ հայտնի չէ, թե ըստ էության ինչումն են կայանում բազմացման խոչընդոտները։ Եվ դա բնավ զարմանալի չէ, եթե մենք հիշենք, թե մեզ այդ ուղղությամբ ինչքան քիչ բան է հայտնի նույնիսկ մարդու վերաբերմամբ, որին մենք անհամեմատ ավելի լավ գիտենք, քան որևէ այլ կենդանու։ Բազմացման խոչընդոտների հարցը մեծ հմտությամբ մշակել են մի քանի հեղինակներ, և ես հույս ունեմ իմ ապագա մի աշխատության մեջ հանգամանորեն քննարկել այն՝ նկատի ունենալով գլխավորապես Հարավային Ամերիկայի գիշատիչ կենդանիներին։ Այստեղ ես կբավարարվեմ մի քանի դիտողություններով միայն նրա համար, որպեսզի ընթերցողների ուշադրությունը սևեռեմ հիմնական կետերից մի քանիսի վրա։ Ձվերը կամ շատ մատղաշ կենդանիները սովորաբար ամենից շատ են տուժում. բայց այդ կանոնը ունի նաև բացառություններ։ Բույսերի սերմերը ոչնչանում են լայն չափերով, բայց իմ կատարած դիտումների հիման վրա պարզվում է, որ ծլած սերմերն ամենից ավելի հաճախ ոչնչանում են նրանից, որ ծլել են ուրիշ բույսերով արդեն խիտ ծածկված հողի վրա։ Մեծ քանակությամբ ծիլեր ոչնչացվում են նաև զանազան թշնամիների կողմից։ Այսպես, լավ փխրեցրած և մաքրված երեք ոտնաչափ երկարությամբ և երկու ոտնաչափ լայնությամբ հողակտորի վրա, որտեղ նորածիլ բույսերին չէին կարող խեղդել մյուս բույսերը, ես հաշվեցի մեր տեղական մոլախոտերի ծիլերը, և դուրս եկավ, որ 357 ծլածներից 295-ը ոչնչացրել են գլխավորապես կակղամորթները և միջատները։ Եթե թողնենք աճելու այն մարգագետինը, որը երկար հնձվել է կամ չորքոտանիների կողմից տակից է արածացվել, այդ դեպքում ավելի ուժեղ բույսերը հետզհետե կոչնչացնեն ավելի թույլ, թեև միանգամայն զարգացած բույսերին, այսպես օրինակ, շարունակ հնձվող գազոնի մի փոքրիկ (երեք ոտնաչափ լայնքը, չորս՝ երկայնքը) հողաբաժնյակի վրա աճած քսան տեսակներից իննը տեսակը ոչնչացան միայն այն պատճառով, որ մյուսներին հնարավորություն էր տրվել ազատ աճելու։
Յուրաքանչյուր տեսակի համար անհրաժեշտ սննդի քանակը անշուշտ որոշում է նրա բազմացման ծայր աստիճանը. բայց հաճախ տեսակի միջին թիվը կախված է ոչ թե նրա հայթայթած կերից, այլ նրանից, որ տեսակն ինքը այլ կենդանիների համար կերակուր է ծառայում։ Այսպես, հազիվ կասկածի ենթակա է այն, որ կաքավների, մայրահավերի և նապաստակների քանակությունը որևէ մեծ կալվածքի սահմաններում կախված է գլխավորապես նրանց այն ոչնչացումից, որ պատճառում են այդտեղի մանր գիշատիչները։ Եթե քսան տարի Անգլիայում չսպանվեր ոչ մի որսակենդանի, բայց և միևնույն ժամանակում չոչնչացվեին նաև մանր գիշատիչները, ապա ամենայն հավանականությամբ հանրագումարում կստացվեր ավելի քիչ որսակենդանի, քան այժմ կա, չնայած այն բանին, որ այժմ ամեն տարի հազարավոր որսակենդանիներ են սպանվում։ Մյուս կողմից, որոշ դեպքերում, ինչպես, օրինակ, փղերի վերաբերմամբ, ոչ մի անհատ չի ոչնչանում գիշատիչների կողմից, որովհետև Հնդկաստանում նույնիսկ վագրը միայն շատ հազվագյուտ դեպքում համարձակվում է հարձակվել երիտասարդ փղի վրա, որին պաշտպանում է նրա մայրը։
Տեսակների միջին թվի որոշման գործում կարևոր դեր են կատարում կլիման և շատ ցած ջերմաստիճանի կամ երաշտի ժամանակաշրջանները, որոնք, ըստ երևույթին, բազմացման ամենաներգործող արգելակներն են։ Ես մոտավորապես հաշվել եմ (գլխավորապես գարնանը թռչնաբների թվի նվազման վրա հիմնվելով), որ իմ կալվածքում 1854/55 թ. ձմեռը ոչնչացրեց թռչունների չորս հինգերորդ մասը և դա իսկապես սոսկալի ոչնչացում է, եթե միայն հիշենք, որ մարդուն այցելող համաճարակների վերաբերմամբ 10% մահացությունը անսովոր բարձր է համարվում։ Առաջին հայացքից կլիմայի ազդեցությունը կարող է մեզ թվալ գոյության կռվից միանգամայն անկախ, բայց այն պատճառով, որ կլիման գլխավորապես ազդում է սննդի կրճատման վրա, նա առաջ է բերում ամենադաժան պայքար թե մի տեսակի և թե տարբեր տեսակների անհատների միջև, որոնք սնվում են միևնույն սննդով։ Նույնիսկ այն դեպքերում էլ, երբ կլիմայական պայմանները, ինչպես, օրինակ, խիստ ցուրտը, ազդում է անմիջականորեն, ամենից ավելի տուժում են ամենաթույլ անհատները կամ նրանք, որոնք ձմեռվա ընթացքում ավելի քիչ սնունդ են հայթայթել։ Երբ ճանապարհորդելիս տեղափոխվում ենք հարավից դեպի հյուսիս կամ խոնավ երկրից դեպի չորային երկիր, մենք անպայման նկատում ենք, որ որոշ տեսակներ հետզհետե սակավանում և, վերջապես, անհետանում են, իսկ քանի որ կլիմայի փոփոխությունը աչքի է զարնում, ուստի մենք հակվում ենք այդ ամենը վերագրելու կլիմայի անմիջական ներգործությանը։ Սակայն այդ տեսակետը բոլորովին սխալ է. մենք մոռանում ենք, որ յուրաքանչյուր տեսակ նույնիսկ այնտեղ, որտեղ նա տիրապետում է, իր գոյության որևէ շրջանում շարունակում է ենթարկվել ահագին ոչնչացման թշնամիների կողմից կամ նույն տեղի ու սննդի համար իր դեմ մրցողների կողմից, իսկ եթե կլիմայում մի աննշան տարբերություն նպաստավոր կլինի այդ թշնամիների կամ մրցակիցների համար, այդ դեպքում նրանք կսկսեն բազմանալ, բայց քանի որ ամեն մի վայր արդեն բնակիչներով լեփ-լեցուն է, ուրեմն մյուս տեսակների թիվը պիտի պակասի։ Ճանապարհորդելով դեպի հարավ և տեսնելով, որ որևէ տեսակ թվով պակասում է, մենք կարող ենք վստահ լինել, որ դրա պատճառը նույնքան նրանումն է, որ պայմանները բարենպաստ են մյուս տեսակների համար, որքան նաև նրանումն է, որ նրանք վնասում են պակասող տեսակին։ Նույնն է նկատվում նաև այն ժամանակ, երբ մենք գնում ենք դեպի հյուսիս, թեև մի քիչ ավելի փոքր չափով, որովհետև տեսակների թիվն ընդհանրապես և հետևաբար նաև մրցության մեջ գտնվողների թիվը, հյուսիսային ուղղությամբ գնալով պակասում է։ Այդ պատճառով, երբ շարժվում ենք դեպի հյուսիս կամ բարձրանում ենք լեռները, մենք ավելի հաճախ ենք հանդիպում վտիտ ու գետնակիպ ձևերի, որոնք առաջացել են կլիմայի վնասակար ազդեցությունից '''անմիջականորեն''', քան երբ գնում ենք դեպի հարավ կամ իջնում ենք սարերից։ Իսկ երբ հասնում ենք բևեռային երկրներին կամ ձյունապատ լեռնակատարներին, կամ կատարյալ անապատի, մենք հանդիպում ենք բացառապես տարերքի դեմ մղվող գոյության կռվի։
Որ կլիման ներգործում է գլխավորապես անուղղակի կերպով՝ նպաստելով մյուս տեսակներին, մենք պարզ կերպով տեսնում ենք այն փաստից, որ հսկայական թվով բույսեր, որոնք հիանալի դիմանում են կլիմային, մեր պարտեզներում նատուրալիզացիայի չեն ենթարկվում, որովհետև չեն կարող մրցել մեր տեղական բույսերի հետ կամ դիմանալ տեղական կենդանիների առաջացած բնաջնջմանը։
Երբ որևէ տեսակ առանձնապես բարենպաստ հանգամանքների շնորհիվ անչափորեն բազմանում է մի սահմանափակ վայրում, ապա շատ հաճախ երևան են գալիս համաճարակներ, համենայն դեպս այդ բանը սովորաբար պատահում է որսակենդանիների հետ մեր անտառներում, այստեղ մենք ունենք բազմացման համար մի խոչընդոտ, որն անկախ է գոյության կռվից։ Սակայն այսպես կոչված համաճարակներից մի քանիսն, ըստ երևույթին, կախված են մակաբույծ որդերից, որոնց բազմացմանը նպաստել է մի որևէ պատճառ, մասամբ թերևս կուտակված կենդանիների մեջ ավելի հեշտ կերպով տարածվելը. այսպիսով, այստեղ էլ նկատվում է մակաբույծի և նրա զոհի միջև կռվի նման բան։
Մյուս կողմից շատ դեպքերում միևնույն տեսակին պատկանող անհատների թվի մեծությունը, համեմատած թշնամիների թվի հետ, անհրաժեշտ պայման է հանդիսանում տեսակի պահպանման համար։ Այսպես, մեզ հաջողվում է մեր դաշտերից առատությամբ հավաքել հացահատիկների սերմեր, հլածուկի կամ այլ բույսերի սերմեր այն պատճառով, որ նրանցով սնվող թռչունների թվի համեմատությամբ նրանք լինում են հսկայական առատությամբ. իսկ մյուս կողմից, թռչուններն էլ, թեև տարվա այդ եղանակին առատ սնունդ են գտնում, չեն կարող սերմերի եղած քանակության համեմատ բազմանալ, որովհետև նրանց բազմացմանը արգելք է լինում ձմեռը։ Բայց ամեն ոք, ով փորձել է, գիտե այն, թե ինչքան դժվար է ցորենի կամ պարտեզում բուսնող որևէ այլ բույսի մի քանի օրինակներից սերմեր հավաքելը. ինձ վիճակվել է այդպիսի դեպքերում կորցնել մինչև վերջինը։ Տեսակի պահպանության համար անհատների թվի մեծության այդ անհրաժեշտության տեսակետից, իմ կարծիքով, հասկանալի են դառնում շատ երևույթներ բնության մեջ, ինչպես օրինակ, սակավաթիվ վայրերում հազվագյուտ բույսերի առատությամբ գտնվելու փաստը, կամ այն փաստը, որ սոցիալական բույսերը մնում են սոցիալական, այսինքն անհատներով առատ են լինում նույնիսկ իրենց տարաբնակման ծայրային սահմաններում։ Այդպիսի դեպքերում մենք պետք է ընդունենք, որ բույսը կարող էր պահպանվել միայն այնտեղ, որտեղ պայմաններն այնքան բարենպաստ էին, որ թույլ էին տալիս բազմաթիվ անհատների համատեղ գոյություն և դրանով իսկ կարող էին տեսակը փրկել վերջնական մահաջնջումից։ Ես պետք է ավելացնեմ, որ խաչաձևման բարեբար ազդեցությունը և ազգակցության մոտիկ աստիճաններով բազմանալու վնասակար հետևանքները նույնպես դեր են խաղացել նման շատ դեպքերում. բայց այստեղ այդ խնդրի վրա երկար չեմ խոսի։
===ԲՈԼՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌՎՈՒՄ===
Հայտնի են շատ դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչքան բարդ ու անակնկալ են խոչընդոտները և փոխհարաբերությունները օրգանական էակների միջև, որոնք գոյության կռիվ են մղում միևնույն երկրում։ Կբերեմ միայն մեկ օրինակ, որը պարզ է, բայց ինձ խիստ հետաքրքրել է։ Ստաֆֆորդշիրում, իմ մի ազգականի կալվածքում, որտեղ ես հետազոտություններ կատարելու համար ունեի բոլոր հարմարությունները, գտնվում էր հավամրգու մի ընդարձակ և չափազանց անբերրի հարթություն, որին մարդկային ձեռք երբեք չէր դիպել, բայց բոլորովին նույնպիսի հարթությունից մի քանի հարյուր ակր տարածություն քսան և հինգ տարի առաջ ցանկապատել էին ու այնտեղ տնկել շոտլանդական սոճիներ։ Տնկիներ ունեցող մասի բնական բուսականության մեջ կատարված փոփոխությունը զարմանալի էր և գերազանցում էր այն տարբերությանը, որը սովորաբար նկատվում է մի հողատեսակից մի բոլորովին այլ հողատեսակի անցնելիս, ոչ միայն բոլորովին փոխվել էր հավամրգային ֆորմացիան բնորոշող զանազան տեսակներին պատկանող բույսերի հարաբերակցությունը, այլև երևան էին եկել տասներկու նոր տեսակներ (չհաշված հացազգիները և բոշխերը), որոնք չէին հանդիպում հավամրգուտի մնացած մասում։ Այդ փոփոխությունը միջատների վրա ավելի էական ազդեցություն էր գործել, որովհետև սոճու տնկարկում երևացել էին վեց տեսակի միջատակեր թռչուններ, որոնք չեն հանդիպում հարթության մնացած մասում, որտեղ լինում էին միջատակեր թռչունների երկու կամ երեք տեսակներ։ Մենք տեսնում ենք, թե որքան հզոր է միայն մեկ ծառատեսակի տնկելու ազդեցությունը, քանի որ ուրիշ ոչինչ չէր արված, բացի նրանից, որ այդ տեղը ցանկապատվել էր անասունների արածավերումից պաշտպանելու համար։ Բայց թե ցանկապատումն ինչպիսի կարևոր դեր կարող է խաղալ, ես դրանում պարզորոշ կերպով համոզվեցի Ֆարնեմի մոտերքը՝ Սորրեյում։ Այնտեղ հանդիպում են ընդարձակ հավամրգուտներ՝ շոտլանդական սոճիների փոքրաթիվ, խմբերով, որոնք ցրված են բլուրների գագաթների վրա. վերջին տասնամյակում մեծ տարածություններ ցանկապատվել են, և ինքնացան սոճիներն այնքան խիտ են բուսել, որ իրենք իրենց խեղդում են։ Երբ ես ստույգ իմացա, որ ոչ ցանք է եղել, ոչ էլ ծառեր են տնկվել, այնպես զարմացել էի նրանց բազմաքանակության վրա, որ բարձրացա մի քանի բարձրադիր կետերի վրա, որտեղից կարող էի տեսնել չցանկապատված հարթության հարյուրավոր ակրերը, և բառացի կերպով չտեսա ոչ մի ծառ, բացի այն սոճիներից, որոնք տնկված էին բլուրների վրա։ Բայց մտիկ տալով, հավամրգու ցողունների միջև ես գտա բազմաթիվ սերմնատունկեր և մատղաշ ծառեր, որոնց կրծոտել էին անասունները։ Հին ծառերի խմբից մոտավորապես հարյուր յարդ հեռավորության վրա մեկ քառակուսի յարդում ես հաշվեցի երեսուներկու ծառ. նրանցից մեկն ուներ քսան վեց տարեկան շերտեր, այդ երկար տարիների ընթացքում նա ապարդյուն կերպով աշխատել է իր գլուխը շրջակա հավամրգուց վեր բարձրացնել։ Զարմանալի չէ, որ հողակտորը ցանկապատելուն պես նա ծածկվել է խիտ բուսած մատղաշ սոճիներով։ Բայց այդ հավամրգուտները այնքան ընդարձակ էին և այնքան անբերրի, որ ոչ ոքի մտքով չէր անցնի, թե անասունները կարող էին այդքան ջանադիր կերպով ու մինչև տակը արածավերել նրանց։
Այստեղ մենք տեսանք, որ շոտլանդական սոճու գոյությունը կախված էր անասուններից. բայց աշխարհի որոշ մասերում անասունների գոյությունը կախված է միջատների ներկայությունից։ Թերևս այդ տեսակետից ապշեցուցիչ օրինակ է ներկայացնում Պարագվան. այնտեղ չեն վայրենացել ոչ ձիերը, ոչ տավարը, ոչ էլ շները, թեև նրանից ավելի հարավ և հյուսիս նրանք վխտում են վայրենացած վիճակում։ Թե Ազարան և թե Ռենգերը ցույց են տվել, որ այդ կախված է Պարագվայում մեծ քանակությամբ հանդիպող որոշ տեսակի ճանճից, որն իր ձվերը դնում է նորածին կենդանիների պորտում։ Այդ ճանճը, ինչքան էլ որ նա բազմաքանակ է, չի կարողանում էլ ավելի բազմանալ գուցե մի խոչընդոտի, հավանորեն այլ մակաբույծ միջատների պատճառով։ Հետևաբար, եթե Պարագվայում միջատակեր թռչունների թիվը պակասեր, այդ դեպքում մակաբույծ միջատները կբազմանային, իսկ այդ կպակասեցներ պորտի մեջ ձու դնող ճանճերի թիվը. այն ժամանակ տավարը և ձիերը կվայրենանային, իսկ դա զգալի լափով կփոխեր (ինչպես ես նկատել եմ Հարավային Ամերիկայի մի քանի մասերում) բուսականության բնույթը, որը դարձյալ կանդրադառնար միջատների վրա, իսկ վերջիններս իրենց հերթին, ինչպես մենք հենց նոր տեսանք Ստաֆֆորդշիրում, կազդեին միջատակեր թռչունների վրա և այսպես գնալով ավելի հեռուները ավելի ու ավելի ընդարձակվող բարդ կերպով խառնահյուսվող շրջաններով։ Սակայն չպետք է կարծեի որ բնության մեջ էակների փոխհարաբերությունները երբևիցե այդքան պարզ են եղել, ինչպես այս օրինակում։ Մարտերն իրար հաջորդում են շարունակ փոփոխական հաջողությամբ և այնուամենայնիվ ստացված երկար հանրագումարում ուժերն այնպես նուրբ կերպով են հավասարակշռված, որ բնության արտաքին տեսքը երկար ժամանակաշրջանների ընթացքում մնում է անփոփոխ, թեև ամենաչնչին հանգամանքը կարող է պայմանավորել մի օրգանիզմի հաղթանակը մյուսի վրա։ Բայց և այնպես մեր անգիտությունը այնքան խորն է, իսկ մեր ինքնավստահությունը այնքան մեծ, որ մենք զարմանում ենք, երբ լսում ենք որևէ օրգանական էակի մահաջնջման մասին և, չհասկանալով դրա պատճառը, մոգոնում ենք ինչ որ կատակլիզմներ, որոնք ամայացնում են ամբողջ աշխարհը, կամ հորինում ենք ինչ որ օրենքներ, որոնք սահմանափակում են օրգանական էակների երկարատևությանը։ Չեմ կարող զսպել գայթակղությունս բերելու էլի մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես բույսերն ու կենդանիները, որոնք տեղավորված են օրգանական սանդուխքի իրարից հեռու գտնվող աստիճանների վրա, սերտորեն շրջահյուսված են լինում բարդ փոխհարաբերությունների ցանցով։ Ես առիթ կունենամ ցույց տալու, որ էկզոտիկ Lobelia fulgens-ին իմ պարտեզում միջատները երբեք չեն այցելում և այդ պատճառով, նրա հատուկ կառուցվածքի շնորհիվ նա երբեք սերմեր չի տալիս։ Գրեթե մեր բոլոր խոլորձիազգի բույսերն անպայման այն միջատների այցելության կարիք ունեն, որոնք տեղափոխում են նրանց ծաղկափոշին և այսպիսով նրանց փոշոտում են։ Իմ կատարած փորձերի հիման վրա ես համոզվել եմ, որ եռագույն մանուշակի (Viola tricolor) բեղմնավորման համար իշամեղուները գրեթե անհրաժեշտ են, որովհետև մյուս մեղուները այդ ծաղիկներին չեն այցելում։ Ես գտել եմ նաև, որ մեղուների այցելությունը անհրաժեշտ է երեքնուկի մի քանի տեսակների բեղմնավորման համար, այսպես, օրինակ, սպիտակ երեքնուկի (Trifolium repens) քսան գլխիկները տվել են 2290 սերմ, մինչդեռ մեղուների այցելությունից պաշտպանված մյուս քսան գլխիկները չեն տվել ոչ մի հատ սերմ։ Մի ուրիշ փորձում կարմիր երեքնուկի (T. pretense) հարյուր գլխիկը ավել է 2700 սերմ, իսկ մեղուների այցելությունից պաշտպանված նույնքան գլխիկները՝ ոչ մի հատ։ Միայն իշամեղուներն են այցելում կարմիր երեքնուկին, որովհետև մյուս մեղուները չեն կարողանում հասնել նրա նեկտարին։ Ենթադրություն է արվել, թե երեքնուկը կարող է բեղմնավորվել ցեցազգի միջատների միջոցով, բայց ես կասկածում եմ այն բանում, որ նրանք կարողանային այդ անել կարմիր երեքնուկի վերաբերմամբ,— նրանց մարմնի կշիռը չի բավականանա, որպեսզի նրանք կարողանային ճնշել այդ ծաղկի կողքային պսակաթերթիկները, այսպես կոչված, թևերը։ Այստեղից մենք իրավունք ունենք եզրակացնելով որ եթե իշամեղուների ամբողջ ցեղը մահաջնջվի կամ շատ հազվագյուտ դառնա Անգլիայում, այդ դեպքում եռագույն մանուշակն ու կարմիր երեքնուկը նույնպես կդառնային հազվագյուտ կամ իսպառ կանհետանային։ Իշամեղուների թիվը մի երկրում զգալի չափով կախված է դաշտային մկների քանակությունից, որոնք ոչնչացնում են նրանց բները և խորիսխները. գնդապետ Նյումանը, որ երկար ժամանակ ուսումնասիրել է իշամեղուների կյանքը, կարծում է, որ Անգլիայում նրանց երկու երրորդ մասը ոչնչանում է այդ ձևով։ Բայց մկների թիվը, ինչպես ամեն ոք գիտե, մեծ չափով կախված է կատուների թվից, և գնդապետ Նյումանը ասում է. «Գյուղերի և փոքրիկ քաղաքների մոտակայքում ես ավելի մեծ քանակությամբ եմ հանդիպել իշամեղուների բների, քան այլ տեղերում, և այդ վերագրում եմ կատուների ներկայությանը, որոնք մկներին որսում են»։ Այստեղից միանգամայն հավանական է դառնում, որ մեծ քանակությամբ կատվացեղ կենդանիների ներկայությունը մի որոշ վայրում որոշում է նախ, մկների, և ապա իշամեղուների միջոցով բույսերի որոշ ծաղիկների առատությունը այդ վայրում։
Յուրաքանչյուր տեսակի վրա հավանորեն անդրադառնում է ամենաբազմազան խոչընդոտների ազդեցությունը, որոնք ներգործում են կյանքի տարբեր շրջաններում, տարվա տարբեր եղանակներին կամ տարբեր տարիներում, և թեև նրանցից մեկը կամ մի քանիսը կարող են ավելի զորավոր լինել, այնուամենայնիվ տեսակի միջին թիվը կամ նույնիսկ գոյությունը կախված կլինի նրանց միացած ներգործությունից։ Որոշ դեպքերում կարող է թվալ, թե միմյանց բոլորովին չնմանվող խոչընդոտները ազդում են միևնույն տեսակի բազմացման վրա տարբեր երկրներում։ Երբ մենք նայում ենք խիտ բուսակալած ջրափին խռնված խոտերի և թփուտների վրա, մենք այդ բուսականության կազմը և նրա ներկայացուցիչների հարաբերական թիվը հակամիտ ենք վերագրելու, այսպես ասած, պատահականության։ Բայց որքա՜ն թյուր է այդ կարծիքը։ Ամեն ոք, իհարկե, լսել է, որ երբ Ամերիկայում կտրատում են անտառը, նրան փոխարինում է բոլորովին այլ բուսականություն, բայց նկատված է, որ Հյուսիսային Ամերիկայի Հարավային Նահանգներում հին հնդկական ավերակները, որոնց վրա միաժամանակ, իհարկե, ոչ մի ծառ չի բուսել, այժմ ծածկված են այնպիսի բուսականությամբ, որը ներկայացնում է նույն սքանչելի բազմազանությունը և նույն թվական հարաբերությունը տեսակների միջև, ինչ որ նկատվում է շրջապատող կուսական անտառում։ Ինչպիսի կռիվ պիտի շարունակվեր դարերի ընթացքում զանազան ծառատեսակների միջև, որոնք հազարներով շաղ էին տալիս իրենց սերմերը, ինչպիսի կռիվ պիտի մոլեգներ միջատների, խխունջների և այլ կենդանիների միջև, թռչունների և գիշատիչ գազանների միջև, որոնք միանման կերպով ձգտում են բազմանալ, սնվում են մեկը մյուսի հաշվին կամ ծառերի, նրանց սերմերի ու ծիլերի կամ այն մյուս բույսերի հաշվին, որոնք սկզբում ծածկել էին հողը և խեղդում ծառերի աճեցողությունը։ Վեր նետեք մի բուռ փետուրներ օդի մեջ, և նրանցից ամեն մեկը գետին կընկնի միանգամայն որոշակի օրենքների համաձայն. բայց ինչքան հասարակ խնդիր է որոշել, թե ուր կընկնի յուրաքանչյուր փետուրիկը՝ համեմատած անհամար բույսերի և կենդանիների բոլոր այն ազդեցություններին և հակազդեցություններին հետամտնելու խնդրի հետ, որոնք դարերի ընթացքում որոշել են բուսականության կազմը և ծառատեսակների հարաբերական թիվը հին հնդկական ավերակների վրա։
Մի օրգանիզմի կախումը մյուսից, օրինակ, մակաբույծի կախումը իր զոհից, սովորաբար կապում է միմյանց հետ այնպիսի էակներ, որոնք օրգանական սանդուխքի միմյանցից հեռու աստիճանների վրա են գտնվում։ Նույնը կարելի է ասել երբեմն նաև այն օրգանիզմների մասին, որոնք խիստ իմաստով պայքարում են գոյության համար, ինչպես, օրինակ, մորեխի և խոտակեր չորքոտանի կենդանիների միջև եղած մրցակցությունը։ Բայց կռիվը անպայման ամենից ավելի կատաղի կլինի նույն տեսակի ներկայացուցիչների միջև, որովհետև նրանք ապրում են միևնույն վայրում, միևնույն սննդի կարիք ունեն և ենթարկվում են միևնույն վտանգներին։ Միևնույն տեսակի տարատեսակների միջև կռիվը կլինի համարյա նույնքան սրված, և մենք երբեմն տեսնում ենք, որ նրա վախճանը որոշվում է շատ արագ կերպով. այսպես, օրինակ, եթե ցորենի մի քանի տարատեսակներ ցանենք միասին և ստացված խառը սերմերը նորից ցանենք, այդ դեպքում որոշ տարատեսակներ, որոնք ավելի համապատասխանում են կլիմային ու հողին կամ ավելի պտղաբեր են, կտան ավելի շատ սերմ և, այսպիսով, մի քանի տարում դուրս կմղեն մնացած տարատեսակներին։ Խառնուրդը կայուն հարաբերության մեջ պահպանելու համար, երբ խառնուրդը կազմված է նույնիսկ այնպիսի միմյանց մոտիկ տարատեսակներից, ինչպիսիք են զանազան երանգի հոտավետ ոլոռները, անհրաժեշտ է սերմերը հավաքել առանձին-առանձին և խառնել հարկ եղած հարաբերությամբ, այլապես ավելի թույլ տարատեսակների թիվը հետզհետե կպակասի և, վերջապես, նրանք իսպառ կանհետանան։ Նույնն է նաև ոչխարի տարատեսակների նկատմամբ, պնդում են, որ ոչխարների որոշ լեռնային տարատեսակներ դուրս են մղում մյուսներին, այնպես որ վերջիններս սոված են մնում, և նրանց չի կարելի միասին պահել։ Նույնպիսի հետևանք է ստացվել բժշկական տզրուկների մի քանի տարատեսակները միասին բազմացնելիս։ Կարելի է մինչև անգամ կասկածել, թե արդյոք մեր ընտանի կենդանիների և մշակովի բույսերի տարատեսակները օժտված են այնքան միանման ուժով, սովորություններով և կացույթով, որպեսզի նրանց միջև եղած սկզբնական հարաբերությունը (իհարկե խաչաձևման բացակայության դեպքում) կարողանար պահպանվել կես դյուժին սերունդների ընթացքում, եթե նրանց թողնվեր նույնպիսի կռիվ վարելու միմյանց դեմ, ինչպիսին վարում են էակները բնական վիճակում, և եթե նրանց սերմերը կամ ձագերը չպահպանվեին ամեն տարի հարկ եղած թվական հարաբերության մեջ։
===ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎԸ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՀԱՄԱՌ է, ԵՐԲ ԱՅՆ ՏԵՂԻ է ՈՒՆԵՆՈՒՄ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ===
Քանի որ միևնույն սեռի տեսակները սովորաբար, թեպետև բնավ ոչ միշտ, իրենց սովորություններով ու կացույթով նման են և միշտ նման են իրենց կառուցվածքով, ուստի, ընդհանուր առմամբ, կռիվը նրանց միջև, եթե միայն նրանք մտնում են մրցության մեջ, սովորաբար լինում է ավելի դաժան, քան տարբեր սեռերի տեսակների միջև։ Այդ տեսնում ենք, օրինակ, Միացյալ Նահանգների որոշ մասերում վերջերս ծիծեռնակի մի տեսակի տարածվելուց, որին ուղեկցել է ծիծեռնակի մի այլ տեսակի չքացումը։ Վերջերս Շոտլանդիայի մի քանի մասերում կեռնեխի մի տեսակի (missel-thrush) բազմանալը առաջ է բերել մի այլ տեսակին երգեցիկ կեռնեխի (song-thrush) թվի նվազում։ Ինչքան հաճախ առիթ է լինում լսելու, որ մեծամկան մի տեսակ դուրս է մղում մյուսին ամենաբազմազան կլիմայական պայմաններում։ Ռուսաստանում աշխետ ուտիճը ամենուրեք դուրս է մղում խոշոր սև ուտիճին։ Ավստրալիայում ներմուծված սովորական մեղուն երկրում արագ կերպով դուրս է մղում տեղական փոքրիկ, խայթոցից զուրկ մեղվին։ Դաշտային մանանեխի մի տեսակը դուրս է մղում մյուսին և այլն։ Մենք աղոտ կերպով ենք ըմբռնում, թե ինչու մրցությունը պետք է ամենից ավելի դաժան լինի այնպիսի մերձավոր ձևերի միջև, որոնք գրեթե միևնույն տեղն են գրավում բնության տնտեսության մեջ. բայց ամենայն հավանականությամբ մենք ոչ մի դեպքում չէինք կարողանա ճշտությամբ որոշել, թե ինչու հատկապես մի տեսակը մյուսի նկատմամբ հաղթող է դուրս գալիս մեծ կենսակռվում։
Բերված դիտողություններից կարելի է շատ կարևոր եզրակացություն անել, այն է, որ յուրաքանչյուր օրգանական էակի կառուցվածքը ամենաէական ձևով, թեպետ երբեմն էլ թաքուն ձևով, կապված է մյուս բոլոր օրգանական էակների հետ, որոնց հետ նա մրցության մեջ է մտնում սննդի կամ բնակատեղի համար, որոնցով նա սնվում է, կամ որոնցից ինքն է փրկություն որոնում։ Դա ակներևորեն արտահայտվում է ինչպես վագրի ատամների և ճիրանների մեջ, այնպես էլ այդ վագրի մազերին կպչող մակաբույծի կառչուն վերջավորությունների մեջ։ Բայց խտուտիկի հիանալի մազապատված թռչող սերմի վրա և ջրաբզեզի տափակ ու եզրազարդ ոտի վրա առաջին հայացքից նկատվում է միայն նրանց առնչությունը օդային կամ ջրային միջավայրի հետ։ Սակայն թռչող սերմերի առավելությունը ակներևորեն հարընչության մեջ է գտնվում այլ բույսերով տվյալ երկրի բնակվածության խտության հետ. թռիչքաթևերի շնորհիվ սերմերը կարող են հեռու տարածվել և ընկնել դեռ չզբաղեցված հողի վրա։ Ջրաբզեզի ոտները, որ հարմարված են սուզվելու համար, նրան թույլ են տալիս մրցելու ջրային այլ միջատների հետ, հետապնդելու իր որսին և ինքն էլ որս չդառնա այլ կենդանիների համար։
Շատ բույսերի սերմերում եղած սննդապաշարը առաջին հայացքից կարծես առնչություն չունի այլ բույսերի հետ։ Բայց ոլոռի կամ բակլայի նման և բարձր խոտերի մեջ ցանված սերմերից առաջացած մատղաշ բույսերի արագ աճեցողության հիման վրա կարելի է ենթադրել, որ սերմի մեջ եղած այդ սննդապաշարների գլխավոր նշանակությունը նրանումն է, որպեսզի նպաստեն սերմնաբույսերի աճեցողությանը, քանի դեռ նրանք ստիպված են պայքարել իրենց շրջապատող ու արագ զարգացող բուսականության դեմ։
Դիտեցեք բույսը նրա տարածման բնական բնագավառում, թե ինչու նա չի կրկնապատկում, չի քառապատկում իր անհատների թիվը։ Մենք գիտենք, որ նա կարող է դիմանալ քիչ ավելի տաքության կամ ցրտության, չորության կամ խոնավության, որովհետև իր տարածման սահմանագծերում նա մտնում
է ավելի տաք կամ ցուրտ, ավելի չոր կամ խոնավ շրջաններ։ Այդ օրինակի վրա մենք պարզ տեսնում ենք, որ եթե մենք մտովի ցանկանում ենք բույսին բազմանալու հնարավորություն տալ, մենք պետք է օժտենք նրան որոշ առավելություններով՝ նրա դեմ մրցող ախոյանների համեմատությամբ կամ նրան ուտող կենդանու համեմատությամբ։ Աշխարհագրական տարածման սահմանագծերում կլիմայի վերաբերմամբ բույսի ընդհանուր կազմվածքի մեջ կատարված փոփոխությունը կլիներ ակնհայտ առավելություն մեր բույսի համար. բայց մենք հիմք ունենք ենթադրելու, որ շատ քիչ բույսեր կամ կենդանիներ են այդքան լայնորեն տարաբնակվում, որ իրենց տարածման սահմանագծերի վրա ոչնչանում են բացառապես կլիմայական պայմաններից։ Միայն կյանքի ծայրային սահմաններում՝ կամ բևեռային երկրներում, կամ թե անապատի եզրին ամեն ձևի մրցումը դադարում է։ Երկիրը կարող է լինել խիստ ցուրտ կամ անջուր, և այնուամենայնիվ այնտեղ ապրող սակավաթիվ տեսակների, կամ միևնույն տեսակի անհատների միջև տեղի է ունենալու կռիվ ամենատաք, ամենախոնավ տեղերի համար։
Այստեղից մենք նկատում ենք, որ եթե բույսը կամ կենդանին տեղափոխենք մի նոր երկիր, այդ դեպքում նոր ախոյանների մեջ նրա կենսապայմանները էականորեն կփոխվեն, թեկուզև կլիման բոլորովին նման լիներ նրա հայրենիքի կլիմային։ Նոր հայրենիքում նրա միջին թիվը բարձրացնելու համար մենք պետք է նրան փոփոխենք բոլորովին ոչ այնպես, ինչպես կփոփոխեինք նրան իր հայրենիքում, որովհետև պետք է որևէ գերեզանցություն տանք նրան բոլորովին այլ մրցակիցների կամ ոսոխների հանդեպ։
Օգտակար է փորձել երևակայությամբ օժտել որևէ տեսակ մի այլ տեսակի հանդեպ որևէ առավելությամբ։ Ամենայն հավանականությամբ ոչ մի դեպքում մենք չենք կարողանա այդ անել։ Դա կբերեր մեզ այն համոզման, որ մենք կատարելապես անտեղյակ ենք բոլոր օրգանական էակների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների վերաբերմամբ, մի համոզման, որ ինչքան անհրաժեշտ է, նույնքան էլ դժվար է ձեռք բերել։ Այդ ամենը, ինչ կարող ենք անել, դա միշտ հիշելի է, որ օրգանական էակները ձգտում են բազմանալ երկրաչափական պրոգրեսիայով, որ նրանցից ամեն մեկը որևէ հասակում, տարվա որևէ եղանակի, յուրաքանչյուր սերնդում կամ ընդմիջումներով, ստիպված է գոյության կռիվ մղել և ենթարկվել զգալի բնաջնջման։ Խորհելով այդ կռվի մասին, մենք կարող ենք մեզ մխիթարել այն մտածողությամբ, որ այդ պատերազմը բնության մեջ ունի իր ընդմիջումները, որ նրա ժամանակ ոչ մի երկյուղ չի զգացվում, որ մահը սովորաբար արագ է հարվածում և որ ուժեղները, առողջները և երջանիկներն ապրում են և բազմանում։