Նա վերադարձել էր տուն։
==V==
Քորալայնը կողպեց դուռը սև, սառը բանալիով։
Նա գնաց խոհանոց, բարձրացավ աթոռին և փորձեց բանալիները տեղը դնել, բայց երբ հասկացավ, որ հասակը չի հասնի, դրեց դռան մոտի դարակի մեջ։
Մայրիկը դեռ չէր վերադարձել խանութից։
Քորալայնը հանեց սառնարանից սառեցված հաց, գետնանուշի յուղով ու ջեմով մի քանի բուտերրոդ սարքեց, վրայից էլ սառը ջուր խմեց։
Ծնողները չէին վերադառնում։
Երեկոյան նա տաքացրեց պիցցան ու սկսեց հեռուստացույց նայել։ Ինչո՞ւ են մեծահասակները բոլոր ծրագրերը միայն իրենց համար նկարում ու մի բան էլ հպարտանում դրանով։
Որոշ ժամանակ անց նրա քունը տարավ։ Նա հանվեց, մաքրեց ատամները և պառկեց քնելու։
Առավոտյան Քորալայնը մտավ ծնողների ննջարան։ Այնտեղ ոչ ոք չկար։ Մահճակալը հավաքված էր։
Նա նախաճաշեց մի տուփ պահածոյացված սպագետտիով։
Ճաշին կերավ մի խնձոր և մի քիչ շոկոլադ։ Դեղին ու թոշնած խնձորը շատ համով ու քաղցր թվաց նրան։
Հետո Քորալայնը իջավ միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի մոտ։ Այնտեղ նա կերավ երեք թխվածքաբլիթ, խմեց մի բաժակ լիմոնադ և մի բաժակ թույլ թեյ։ Լիմոնադը բաց֊կանաչ գույնի էր և անսովոր քիմիական համ ուներ։ Քորալայնին շատ դուր եկավ։ Լավ կլիներ, որ տանն էլ լիներ այդպիսին։
― Ինչպե՞ս են մայրիկի ու հայրիկի գործերը, ― հարցրեց միսս Սփինքը։
― Նրանք անհետացել են, ― պատասխանեց Քորալայնը։ ― Երեկվանից ես չեմ տեսել նրանց։ Այնպես որ ինքս ինձ համար, մենակ եմ ապրում։ Դարձել եմ միայնակ երեխա։
― Հայտնիր մայրիկիդ, որ գտնվել են «Գլազգո էմպաէր պրեսս» թերթի հոդվածները, որոնց մասին մենք նրա հետ խոսել էինք։ Մայրիկիդ հետաքրքրեց, երբ Միրիամը նրանց մասին պատմեց։
― Մայրիկը կորել է հանելուկային հանգամանքներում, ― ասաց Քորալայնը։ ― Կարծում եմ՝ հայրիկն էլ։
― Քարոլայն, սիրելիս, վաղը ամբողջ օրը մենք տանը չենք լինի, ― հայտնեց միսս Ֆորսիբլը։ Գնալու ենք այցելելու Էյփրիլի զարմուհուն Ռոյալ Տոնբիրջ Վելլզ։
Նրանք ցույց տվեցին Քորալայնին բարեկամուհու լուսանկարների ալբոմը, հետո Քորալայնը գնաց տուն։
Տանը նա խնայատուփից փող հանեց և սուպերմարկետում գնեց երկու մեծ շիշ լիմոնադ, շոկոլադե կեքս և մի փաթեթ խնձոր։ Դա նրա ընթրիքն էր։ Ընթրիքից հետո նա գնաց հայրիկի աշխատասենյակ, միացրեց համակարգիչը և պատմվածք գրեց․
Քորալայնի պատմվածքը
Կար չկար մի աղջիկ, նրա անունը Էփփլ էր։ Նա շատ էր սիրում պարել։ Նա այնքան պարեց, որ նրա ոտքերը դարձան նրբերշիկ․ Վերջ։
Նա տպիչով տպեց պատմվածքը և անջատեց համակարգիչը։ Տեքստի վերջում նկարեց մի փոքրիկ պարող աղջիկ։
Հետո նա ինքնուրույն ջուր լցրեց լոգարանի մեջ այնպիսի քանակությամբ փրփուրով, որ փրփուրը անընդհատ աշխատում էր դուրս գալ եզրերից, ու լողացավ։ Հետո ինքնուրույն սրբվեց, ինչպես կարողացավ մաքրեց հատակը և պառկեց քնելու։
Գիշերվա կեսին Քորալայնը արթնացավ։ Նա վեր կացավ ու գնաց ծնողների ննջասենյակ։ Այնտեղ նորից ոչ ոք չկար։ Էլեկտրոնային ժամացույցի կանաչ թվերը ցույց էին տալիս 3.12:
Քորալայնը շատ միայնակ զգաց իրեն ու լաց եղավ։ Նրա ձայնը միակն էր դատարկ բնակարանում։
Նա պառկեց ծնողների մահճակալին ու որոշ ժամանակ անց քնեց։
Քնի մեջ նա զգաց, որ իր դեմքին են դիպչում ինչ֊որ սառը թաթիկներ։
Նա բացեց աչքերը և տեսավ իր առջև մեծ, կանաչ աչքեր։ Դա կատուն էր։
― Ողջույն, ― ասաց Քորալայնը։ ― Ինչպե՞ս այստեղ ընկար։
Կատուն ոչինչ չպատասխանեց։ Քորալայնը վեր կացավ մահճակալից։ Նրա հագին երկար շապիկ էր։
― Դու եկել ես ինչ֊որ բա՞ն պատմելու։
Կատուն հորանջեց, նրա կանաչ աչքերը փայլեցին։
― Դու գիտե՞ս որտեղ են հայրիկն ու մայրիկը։ Կատուն դանդաղ աչքով արեց։
― Դա նշանակում է, «այո՞»։
Կատուն նորից աչքով արեց և Քորալայնը հասկացավ, որ դա իսկապես նշանակում է «այո»։
― Կտանե՞ս ինձ նրանց մոտ։
Կատուն սևեռուն հայացքով նայեց նրան ու դուրս եկավ սենյակից։ Աղջիկը գնաց նրա ետևից։ Կատուն անցավ երկար միջանցքը և կանգ առավ մեծ հայելու առջև։
Քորալայնը միացրեց լույսը։
Սովորականի նման հայելու մեջ արտացոլվեց միջանցքը, բայց նրա հեռավոր անկյունում Քորալայնը տեսավ ծնողներին։ Նրանք շատ տխուր էին և անտրամադիր ձեռքով էին անում իրեն։ Հայրիկը մի ձեռքով գրկել էր մայրիկի ուսերը։ Նրա շրթունքները շարժվեցին, նա ինչ֊որ բան ասաց, բայց Քորալայնը ոչինչ չհասկացավ։ Մայրիկը շնչեց հայելու հակառակ կողմին, և քրտնած ապակու վրա ցուցամատով արագ գրեց ՐԻՆԳՕ ԶԵՄ։
Հայելին նորից թափանցիկ դարձավ։ Ծնողները անհետացան։ Հայելու մեջ արտացոլվում էին Քորալայնը, կատուն ու երկար դատարկ միջանցքը։
― Որտե՞ղ են նրանք, ― հարցրեց Քորալայնը կատվին։
Կատուն չպատասխանեց։ Քորալայնը պատկերացրեց, թե ինչպես ապակու վրայի ձմռան փաթիլի պես սառը ու չոր ձայնով նա ասաց․ «Իսկ ինքդ ի՞նչ ես կարծում»։
«Նրանք չե՞ն վերադառնա», ― հարցրեց Քորալայնը։ ― Նրանք չե՞ն կարող վերադառնալ։
Կատուն նորից աչքով արեց Դա նշանակում էր «այո»։
― Այսպես, ― ասաց Քորալայնը, ― կարծում եմ, ինձ մնում է միայն մի բան անել։
Քորալայնը գնաց հայրիկի աշխատասենյակ, նստեց նրա աթոռին, բացեց հեռախոսային գիրքը և զանգահարեց ոստիկանություն։
― Ոստիկանություն, ― պատասխանեց տղամարդու ձայնը։
― Բարև ձեզ, ― ասաց նա։ ― Իմ անունն է Քորալայն Ջոնս։
― Քո քնելու ժամանակը չէ՞, պատանի լեդի, ― հարցրեց ոստիկանը։
― Երևի, ― պատասխանեց Քորալայնը, որը կատակելու տրամադրություն չուներ։ ― Ես զանգահարում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ հանցագործության մասին։
― Ի՞նչ հանցագործության։
― Առևանգման։ Իմ ծնողների առևանգման։ Նրանց առևանգել են ու փակել միջանցքում կախված հայելու մեջ։
― Գիտե՞ս, թե ով է առևանգել, ― հարցրեց ոստիկանության սպան։
Քորալայնը հասկացավ, որ նա ժպտում է, և աշխատեց, որ իր ձայնը հնարավորին չափ ավելի լուրջ ու վստահելի հնչի։
― Ինձ թվում է, որ նրանց առևանգել է իմ մյուս մայրիկը։ Երևի նրանք դարձել են մյուս մայրիկիս պատանդները, և նա ուզում է փոխարինել նրանց աչքերը սև կոճակներով։ Կամ իր մոտ է պահում նրանց, որպեսզի վերադարձնի ինձ ու ձեռք տա իր սարսափելի մատներով։ Չգիտեմ։
― Հասկանալի է։ Որպեսզի բռնի քեզ իր մագիլներով , ― ճշտեց նա։ ― Գիտե՞ք ինչ կառաջարկեմ ձեզ, միսս Ջոնս։
― Ոչ, ― պատասխանեց Քորալայնը։ ― Ի՞նչ կառաջարկեք։
― Խնդրեք մայրիկին, որ նա պատրաստի ձեզ համար մի մեծ բաժակ շոկոլադ ու ամուր գրկի։ Ոչինչ այնքան չի օգնում գիշերային մղձավանջներից, ինչպես մի բաժակ շոկոլադը և մայրիկի համբույրը։ Իսկ եթե բարկանա, որ դուք այս ուշ ժամին արթնացրել եք, ասացեք նրան, որ այդպես է պահանջել ոստիկանը։ Նրա ձայնը ներշնչ ող էր ու հանգստացնող։
Բայց Քորալայանին չհանգստացրեց։
― Եթե տեսնեմ նրան, անպայման կփոխանցեմ, ― ասաց նա և դրեց լսափողը։
Սև կատուն հատակին նստած ականջ էր դնում ու լեզվով մաքրում իր մուշտակը։ Երբ Քորալայնը վերջացրեց խոսակցությունը նա վեր կացավ ու դուրս եկավ միջանցք։
Քորալայնը վերադարձավ իր սենյակ, հագավ երկնագույն խալաթը ու տնային կոշիկները։ Գտավ լապտերիկը լվացարանի տակ, բայց լույսը շատ թույլ էր։ Նա տեղը դրեց լապտերիկը, վերցրեց անկանխատեսելի դեպքերի համար պահված սպիտակ մոմերի տուփը և մի մոմ հագցրեց մոմակալի մեջ։
Ամեն մի գրպանը մի խնձոր դրեց, վերցրեց խոհանոցից բանալիների կապոցը և անջատեց սև բանալին։
Հետո մտավ հյուրասենյակ ու նայեց դռանը։ Նրան թվաց, որ դուռն էլ իրեն է նայում։ Իհարկե Քորալայնը հասկանում էր, որ դա անհնար է, բայց հոգու խորքում համոզված էր դրանում։
Վերադառնալով ննջասենյակ նա ջինսերից վերցրեց անցքով քարը և դրեց խալաթի գրպանը։ Հետո վառեց մոմը, նայեց թե ինչպես է վառվում, վերցրեց սև բանալին։ Բանալին շատ սառն էր։
Քորալայնը դրեց բանալին կողպեքի անցքը, բայց չպտտեց այն։
Վաղուց, շատ վաղուց, երբ ես շատ փոքրիկ էի և մենք դեռ ապրում էինք հին տանը, ― ասաց Քորալայնը կատվին, ― ես խնդրեցի հայրիկիս որ գնանք զբոսնելու տան մոտ գտնվող մի անխնամ ամայի տարածքում։ Դա ամենալավ տեղը չէր զբոսնելու համար։ Այնտեղ թափված էին բազմաթիվ հին ու անպետք առարկաներ․ խոհանոցային օջախներ, ջարդված ափսեներ, առանց ձեռք ու ոտքի տիկնիկներ, պահածոների տուփեր ու դատարկ շշեր։ Մայրիկն ու հայրիկը վախենում էին, որ այդ տարածքը ուսումնասիրելիս ես կվնասվեմ կամ կհիվանդանամ կարկամախտով, կամ էլ մի ուրիշ հիվանդությամբ։
Իսկ ես անընդհատ կրկնում էի, որ շատ եմ ուզում այնտեղ զբոսնել։ Եվ ահա մի օր հայրիկս հագավ իր ծանր, շագանակագույն կոշիկները, ձեռնոցները, ես հագա երկարաճիտ կոշիկներ, ջինս ու սվիտեր և մենք գնացինք զբոսնելու այնտեղ։
Մենք դանդաղ իջնում էինք բլրից, որի ներքևում առվակ էր հոսում։ Հանկարծ հայրիկը բացականչեց․ «Քորալայն փախիր, արագ բարձրացիր բլուրը։ Նա այնպիսի ձայն ուներ, որ ես անմիջապես լսեցի նրան ու վազեցի վերև, բլրի գագաթը։ Ինչ֊որ բան կծեց ձեռքս, բայց ես շարունակում էի վազել։
Երբ տեղ հասա աղմուկ լսեցի։ Դա հայրիկն էր փղի նման դոփում ոտքերով։ Նա հասավ ինձ, ձեռքերի վրա վերցրեց և տարավ այդ տեղից։
Հետո մենք կանգնեցինք շունչ քաշելու համար ու ներքև նայեցինք։ Այնտեղ ամեն ինչ սև էր թռչող իշամեղուներից։ Երևի պատահաբար տրորել էինք նրանց բունը, չնկատելով թափված ճյուղերի մեջ։ Երբ ես վազում էի վերև, հայրիկը կանգնել էր տեղում, որպեսզի ես կարողանամ փախչել, և իշամեղուները կծում էին նրան։ Հետո, փախչելիս կորցրեց ակնոցները։
Ինձ կծել էին մի անգամ, իսկ նրան՝ երեսունինը։ Տանը հաշվեցինք կծած տեղերը լոգարանում։
Նա լռեց, կռացավ ու շոյեց կատվին։ Կատուն մի քանի քայլ ետ գնաց, նստեց ու սկսեց նայել Քորալայնին։
― Երեկոյան, հայրիկը գնաց ակնոցների ետևից, ― շարունակեց Քորալայնը։ ― Նա ասաց, որ վաղը հազիվ թե հիշի, թե որտեղ է նրանք կորցրել։ Շուտով նա վերադարձավ ակնոցները քթին։ Հայրիկն ասում էր, որ բոլորովին սարսափելի չէր այնտեղ կանգնել, չնայած իշամեղուները ցավագին կծում էին իրեն։ Նա մտածում էր միայն այն մասին, որ ես ժամանակ ունենամ փախչելու համար, որպեսզի մեղուները չկծեին երկուսիս էլ։
Քորալայնը նորից ընդհատեց իր պատմությունը և պտտեց բանալին։ Դուռը բացվեց։ Աղյուսե պատը չկար, առջևում մութ անցումն էր, որից փչում էր սառը քամի։
Քորալայնը անշարժ կանգնած էր, չհամարձակվելով ներս մտնել։
― Հայրիկը նաև ասաց, որ կանգնած մնալը ու մեղուների խայթոցներին դիմանալը առանձնապես մեծ քաջություն չէր։ Իսկ ակնոցների ետևից գնալը սարսափելի էր, որովհետև մեղուները նորից կարող էին հարձակվել։ Դրա համար իսկապես քաջություն էր պետք։
Քորալայնը մտավ մութ միջանցքը։ Խոնավության, փոշու ու բորբոսի հոտ էր գալիս։ Կատուն հետևեց նրան։
― Ինչո՞ւ էր քաջություն պետք, ― հարցրեց նա, հետաքրքրությամբ։
― Որովհետև իսկական համարձակությունը այն է, երբ դու վախենում ես, բայց շարունակում անել գործդ։
Մոմի լույսը պատերի վրա առաջացնում էր ահռելի, տարօրինակ ստվերներ։ Քորալայնը զգում էր, որ մթության մեջ իր կողքին ինչ֊որ բան է շարժվում, բայց չգիտեր, թե հատկապես ինչ։ Այդ «ինչ֊որ բանը» կրկնում էր իր ամեն մի քայլը։
― Դրա համա՞ր որոշեցիր վերադառնալ, ― հարցրեց կատուն։ ― Որովհետև քո հայրիկը փրկե՞ց քեզ մեղուներից։
― Ինչ հիմարիկն ես դու, ― պատասխանեց Քորալայնը։ ― Ես վերադառնում եմ, որովհետև նրանք իմ ծնողներն են։ Եթե ինձ օգնություն պահանջվեր, նրանք նույն բանը կանեին։ Ի դեպ, դու նորից խոսեցիր։
― Բախտս բերել է, ― հայտարարեց կատուն, ― որ ես ճանապարհորդում եմ այսպիսի հնարամիտ ու խելացի աղջկա հետ։
Նրա ձայնում ծաղր կար, բայց մազերը ցցվել էին, իսկ պոչի ծայրը ցնցվում էր։
Քորալայնը արդեն ուզում էր ներողություն խնդրել կամ ասել, որ անցյալ անգամ ճանապարհը իրեն ավելի կարճ թվաց, երբ հանկարծ ինչ֊որ մեկը կարծես ձեռքով հանգցրեց մոմը։
Մթան մեջ լսվում էին շրշույններ ու թխկոցներ։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր ուզում է դուրս թռչել կրծքից։
Միջանցքի լույսը վառվեց, մութը ցրվեց, և Քորալայնը տեսավ առջևում կանգնած կնոջը։
Քորալայն, թանկագինս, այդ դո՞ւ ես, ― հարցրեց կինը։
― Մայրիկ, բացականչեց Քորալայնը և ուրախ նետվեց նրա մոտ։
― Թանկագինս, ― ասաց կինը։ ― Ինչո՞ւ ես անընդհատ ինձանից փախչում։
Քորալայնը զգաց, թե ինչպես նրա սառը ձեռքը գրկեց նրան։ Նա անշարժ կանգնած դողում էր, իսկ մյուս մայրիկը ավելի ամուր էր սեղմում նրան իրեն։
― Որտե՞ղ են ծնողներս, ― հարցրեց Քորալայնը։
― Մենք այստեղ ենք, ― պատասխանեց մյուս մայրիկը։ Նրա ձայնը համարյա չէր տարբերվում մայրիկի ձայնից։ ― Մենք այստեղ ենք։ Մենք ուզում ենք սիրել քեզ, զվարճացնել, կերակրել ու պաշտպանել։
Քորալայնը ընկրկեց։ Մյուս մայրիկը դժկամորեն թուլացրեց ձեռքերը։
Միջանցքում աթոռի վրա նստած հայրիկը վեր կացավ տեղից ու ժպտաց։
― Գնանք խոհանոց և կազմակերպենք կեսգիշերային թեթև ընթրիք։ Ուզո՞ւմ ես որևէ բան խմել։ Գուցե տաք շոկոլա՞դ։
Քորալայնը մոտեցավ միջանցքի ծայրում գտնվող հայելուն։ Հայելու մեջ տեսավ երկնագույն խալաթով ու տնային կոշիկներով, հանգած մոմով մոմակալը ձեռքին մի աղջիկ, որի աչքերը լացակումաց էին, բայց իր աչքերն էին, այլ ոչ թե կոճակներ։
― Ես խիզախ կլինեմ, ― ասաց Քորալայնը հայելու միջի աղջկան։ ― Ոչ, ես արդեն խիզախ եմ։
Նա մոմակալը դրեց հատակին ու շրջվեց։ Մյուս հայրիկն ու մայրիկը իրենց աչք֊կոճակեները չէին կտրում նրանից։
― Ես սոված չեմ, ― ասաց նա։ ― Ոտելիք էլ ունեմ, տեսնո՞ւմ եք։
Նա հանեց խնձորը գրպանից ու կծեց, չնայած, ուտել չէր ուզում։
Մյուս հայրիկը մոլորված տեսք ուներ։ Մյուս մայրիկը ժպտաց և ցույց տվեց իր հիանալի, սովորականից ավելի երկար ատամները։ Լամպից արտացոլված լույսը նրա կոճակ աչքերում փայլում ու թրթռում էր։
― Դուք ինձ չեք վախեցնի, ― ասաց Քորալայնը, չնայած շատ էր վախենում։ ― Վերադարձրեք ծնողներիս։
Նրան թվաց, որ մյուս մայրիկի կոճակ աչքերը նեղացան։
― Ի՞նչ կարող եմ անել, սիրելիս, եթե քո ծնողները քեզ թողել են։ երևի դու նրանց ձանձրացրել կամ հոգնեցրել ես։ Իսկ ես երբեք քեզանից չեմ հոգնի, երբեք քեզ մենակ չեմ թողնի։ Ինձ հետ դու միշտ անվտանգության մեջ կլինես։
Մյուս մայրիկի մազերը վեր թռան, ինչպես ծովերի խորքում ապրող կենդանու շոշափուկներ։
― Ստում ես, նրանք չենք հոգնել ինձանից, ― ասաց Քորալայնը։ ― Այդ դու ես նրանց առևանգել։
― Հիմարիկ, հիմարիկ Քորալայն։ Նրանք շատ լավ են զգում իրենց առանց քեզ։
Քորալայնը լուռ նայում էր մյուս մայրիկին։
― Ես կապացուցեմ, ― ասաց նա և իր սպիտակ երկար մատներով անցավ հայելու փայլող մակերեսով։
Հայելին մգլապատեց, կարծես նրա վրա հրեշ շնչեց, հետո նորից պարզվեց, և Քորալայնը տեսավ իրենց բնակարանի մուտքի դուռը։ Դուռը բացվեց, հայրիկն ու մայրիկը ներս մտան։ Նրանց ձեռքին ճամպրուկներ էին։
― Հիանալի հանգստացանք, ― ասաց հայրիկը։
― Ի՞նչ լավ է, որ Քարոլայնը այստեղ չէ, ― ասաց մայրիկը երջանիկ ժպտալով։ ― Հիմա մենք կարող ենք անել այն ամենը, ինչի մասին միշտ երազել ենք, ― կգնանք այնտեղ, որտեղ հնարավոր չէր գնալ երեխայի հետ։
― Բացի այդ, ― ասաց հայրիկը, ― ես շատ ուրախ եմ, որ մյուս մայրիկը մեզանից ավելի լավ կհոգա նրա մասին։
Հայելին հանգավ։
― Տեսա՞ր, ― հարցրեց մյուս մայրիկը։
― Չտեսա։ Չեմ հավատում։
Քորալայնը գիտեր, որ իր տեսածը սուտ է, բայց այնքան համոզված չէր, որքան ուզում էր ցույց տալ։ Խնձորի միջի որդի նման նրա մեջ շարժվեց կասկածը։ Նա բարձրացրեց գլուխը և նկատեց, որ մյուս մայրիկի դեմքով կայծակնապես անցավ չարության արտահայտությունը։ Հիմա Քորալայնը վստահ էր․ հայելու մեջ տեսածը՝ խաբեություն էր։
Նա նստեց բազմոցին և սկսեց իր խնձորը ուտել։
― Թող քմահաճույքներդ, ― խնդրեց մյուս մայրիկը։
Նա գնաց հյուրասենյակ և երկու անգամ ծափ տվեց։ Նրա առջև հայտնվեց սև առնետը։
Մյուս մայրիկը ասաց նրան․
― Բանալին բեր։
Առնետը արագ կատարեց հանձնարարությունը։
― Ինչո՞ւ չունեք ձեր բանալին, ― հարցրեց Քորալայնը։
― Կա միայն մեկ բանալի և մի դուռ, ― պատասխանեց մյուս հայրիկը։
― Լռիր, ― ասաց նրան մյուս մայրիկը։ Մեր թանկագին Քորալայնի գլուխը մի՛ լցնի այդպիսի մանրուքներով։
Նա դրեց բանալին կողպեքի անցքի մեջ ու դժվարությամբ պտտեց։ Կողպեքը փակվեց։
Նա անփութորեն գոգնոցի գրպանը դրեց բանալին։
Արդեն սկսում էր լուսանալ։
― Եթե ուտել չենք ուզում, պետք է գոնե մի քիչ քնենք, ― ասաց մյուս մայրիկը։ ― Ես գնում եմ քնելու, և առաջարկում եմ քեզ նույն բանը անել։
Նա իր երկար մատները դրեց մյուս հայրիկի ուսին և տարավ նրան սենյակից։
Քորալայնը մոտեցավ հյուրասենյակի անկյունի դռանը ու քաշեց բռնակը։ Դուռը փակ էր։ Մյուս ծնողների ննջարանի դուռը նույնպես փակ էր։
Նա շատ հոգնած էր, բայց քնել այս բնակարանում, մի հարկի տակ մյուս մայրիկի ու հայրիկի հետ նա չէր ցանկանում։
Նախասենյակի դուռը բաց էր, Քորալայնը դուրս եկավ ու նստեց քարե աստիճանին։ Նա շատ էր մրսում։
Հանկարծ նա զգաց, որ իր կողքով մի փափլիկ բան անցավ։ Քորալայնը վախեցած վեր թռավ, բայց թեթևացած շունչ քաշեց, տեսնելով կատվին։
― Ախ, այդ դո՞ւ ես, ― ասաց նա սև կատվին։
― Տեսնո՞ւմ ես, ― հայտարարեց կատուն։ Առանց անունի էլ ինձ դժվար չի ճանաչել։
― Իսկ եթե ինձ պետք լինի քեզ կանչե՞լ։
Կատուն կնճռոտեց քիթը և անխռով ասաց․
Կատուներին կանչելը, այնպիսի անօգուտ գործ է, ինչպես փոթորիկ կանչելը։
― Իսկ ի՞նչ անել, եթե ցանկանամ քեզ ճաշի կանչել, ― հարցրեց Քորալայնը։ ― Դու չես մերժի, ճի՞շտ է։
― Իհարկե ոչ, ― հայտարարեց կատուն։ ― Ուղղակի կանչիր․ «Արի ճաշելու», ― և վերջ։ Հասկացա՞ր։ Դրա համար անուն բոլորովին էլ պետք չէ։
― Ի՞նչ է ուզում նա ինձանից, ― հարցրեց Քորալայնը կատվին։ Ինչո՞ւ է ամեն ինչ անում, որպեսզի ինձ այստեղ պահի։
― Կարծում եմ, նրան պետք է ինչ֊որ մեկին սիրել, ― պատասխանեց կատուն։ Ինչ֊որ մեկին, որ նրան չի պատկանում։ Բայց միգուցե նա ուզում է քեզ ուտել։ Այդպիսի արարածներից երբեք չգիտես, թե հատկապես ինչ սպասել։
― Կարո՞ղ ես որևէ խորհուրդ տալ։
Կատուն այնպես նայեց նրան, կարծես ուզում էր իր հերթական կատակն անել, բայց մի քիչ լռելուց հետո բարձրացրեց բեղերը և լրջորեն ասաց․
― Չհանձնվես։ Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ նա ազնիվ խաղ կխաղա, բայց նրա նմանները սիրում են, երբ իրենց մարտահրավեր են նետում։
― Ի՞նչ մարտահրավեր, ― հարցրեց Քորալայնը։
Կատուն նրբագեղորեն ձգվեց ու գնաց։ Հետո կանգնեց, շրջվեց ու ավելացրեց․
― Եթե քո տեղը լինեի, մի քիչ կքնեի։ Առջևում դժվար օր է։
Ու գնաց։ Քորալայնը հասկացավ, որ նա ճիշտ է։ Նա մտավ տուն, կամացուկ անցավ մյուս ծնողների ննջարանի մոտով։ Որտե՞ղ են։ Ի՞նչ են անում։ Քնա՞ծ են։ Սպասո՞ւմ են։ Հետո նրա գլխում մի միտք ծագեց․ նա մտածեց, որ այժմ սենյակը դատարկ է, բայց հենց որ բացի դուռը, այնտեղ նորից կհայտնվեն իր նոր ծնողները։
Քորալայնը մտավ կանաչա֊վարդագույն ննջարանը, իր ետևից փակեց դուռը ու մոտեցրեց դռանը խաղալիքներով արկղը։ Իհարկե ցանկության դեպքում հեշտությամբ կարելի էր սենյակ մտնել, բայց աղմուկը կարթնացնի նրան։
Երբ նա տեղափոխում էր արկղը, քնած խաղալիքները շարժվեցին ու փնթփնթացին, բայց շուտով նորից հանգստացան։ Քորալայնը նայեց մահճակալի տակ։ Այնտեղ ոչ ոք չկար։ Նա հանվեց ու անկողին մտավ։ Քնելուց առաջ, մտածում էր, թե ի՞նչ նկատի ուներ կատուն, երբ ասում էր «Չհանձնվես»։