Changes

Քրիսթոֆեր Մարթինի երկու մահը

Ավելացվել է 28 348 բայտ, 17:58, 11 Հունիսի 2017
/* 4 */
Վերադառնալով ժայռի կատարը, իր երեք ոտնաչափանոց թզուկի մոտ։ Շուրջբոլորը դատարկ հորիզոնն էր։ Նա շրթունքներից լիզեց խմելու ջրի կաթիլը։
 
― Ջուրն ինձ կհերիքի․․․
 
Նա ուշադրություն դարձրեց ջրի անձավը ծածկող քարե սալին, որն ասես ջրացատկի տախտակ լիներ։ Ապա դանդաղ մոտեցավ ժայռի եզրին, ծունկի իջավ ու նայեց սալի տակը։ Լճակի ծովին դիմող ծայրը փակված էր իրար դիզված քարաբեկորների կույտով։ Իր խոտորված տեսողության լուսամուտից նա նշմարեց, թե ինչպես է այնտեղ բարձրանում ու գալարվում կարմիր տիղմը։ Հավանաբար այն նաև ծածկվում էր քարերի արանքները, մի կերպ խոչընդոտելով ջրի փախուստին։ Նա մի պահ պատկերացրեց անհամար ծպտված ծակուծուկերը, որոնք ժամանակի ընթացքում խցանվել էին թավ կարմրով, համատարած աղի աշխարհում միանգամայն անպատեհ թարմ ջուրը բանտարկելով, բայց այնքան խախուտ, որ ամենաչնչին իսկ հպումից նրա կյանքը կարող էր անվերադարձ հոսել֊գնալ․․․
 
Աչքերը լայն բաց, նա ետ ընկրկեց, շնչառությունն արագացավ։
 
― Մոռացի՛ր։
 
Նա սկսեց հետևանց մտնել քնելու խոռոչը։ Համարյա մինչև ականջները ներս խցկվելով, նա բացվածքը լցրեց իր մարմնով ու ծանր հագուստով։ Բրեզենտի խողովակներից դուրս քաշեց քեչայի թևքերը, մինչև որ ձեռքերի ափերը վերևից ծածկվեցին։ Որոշ պայքարից հետո նրան հաջողվեց նաև մատներով թևքերից կառչել ու բռունցքները ծալել, թացքնելով նրանց քեչայի մեջ։ Կուրծքն ու վիզը կրկին հենվում էին փրկագոտուն, և նա ձախ այտը հարմարեցրեց արմունկի վրա։ Պառկած դողացնում էր, քանի որ արևն արդեն մայր էր մտել՝ երկնքի կանաչն աստիճանաբար վերածվում էր մուգ կապույտի, ճայերը ցած էին իջնում։ Նրա մարմինն անձնատուր եղավ սարսուռին, բայց նոպաների ընդմիջումներում բոլորովին հանդարտ էր։ Բերանը բաց էր, աչքերն անձկագին սևեռված էին մթությանը։ Մի անգամ նա ցնցվեց, և բերանը խոսեց։
 
― Մոռացի՛ր։
 
Ճայերից մեկը խլրտաց, ապա նորից հանդարտվեց։
 
==5==
 
Սակայն նա չէր կարող գահավիժել այդ հորը, քանի որ սփռված էր սեփական մարմնով մեկ։ Նա աղոտ գիտակցում էր վերադարձող ուժը, և դա թույլ էր տալիս նրան ոչ միայն ճաշակել ցուրտն ու իրեն ֆիզիկապես ողորմելի զգալ, այլև դանից նեղվել։ Նախորդ գիշերվա օրհասական տեսլիքների ու ձայների փոխարեն չկար ոչինչ, բացի կեղեքված ու գանգատվող մարմնից։ Աչքի անկյան ասեղը բթացել էր, բայց շարունակ դրան դիմանալու փոխարեն նա այժմ ստիպված էր անդադար մի ոտքը քսել մյուսին կամ մարմինը ժայռին սեղմել, փորձելով զսպել այդ կողմի սարսուռը, սոսկ հայտնաբերելու համար, որ մյուս կողմն ավելի հրատապ ուշադրություն է պահանջում։ Նա կոշտ, փայտացած մակերևույթից բարձրացնում էր խավար ոլորտը, որի մեջ մեծ մասամբ ապրում էր, որպեսզի այն շուռ տա և ցած իջեցնի մյուս կիսագունդը։ Այս և նախորդ գիշերվա միջև ևս մի տարբերություն կար։ Խարույկների բոցը թուլացել էր, բայց դրանք չէին հանգել, և այժմ նա ժամանակ և ուժ ուներ դրանցով զբաղվելու։ Ընդարմությունը վերածվել էր հարատևող փայտացածության, ասես մարմինն ամեն կողմից անգթորեն ձգեին։ Այժմ, երբ նա ծախսելու մի փոքր ուժ ուներ, ժայռը նույնպես լրացուցիչ անհարմարություն էր պատճառում։ Այն, ինչ գունդը կատարյալ ուժասպառության վիճակում հարթ մակերևույթ էր համարել, իրականում սկսել էր տեղ֊տեղ ելուստներ ակնարկել։ Ակնարկները գնալով վերածվում էին տեղայնացված նեղությունների, որոնք իրենց հերթին բութ մղկտոցի կետեր էին դառնում։ Դիմադրություն չստանալով, մղկտոցը վերաճում էր ցավի և, վերջապես՝ խարույկների, որոնց արդեն դժվար էր դիմանալ։ Նա ստիպված վեր էր քաշում ազդրը, կամ թույլ գալարվում՝ ելուստը չքվում էր, իր տեղը զիջելով բշտիկին։ Ազդրը թուլանում էր, սպասելով անհարմարության զգացումին, հետո մղկտոցին, ցավին, խարույկին։
 
Վերևի ծայրում, այժմ, երբ լուսամուտը մթնել էր, անհանգստության ընդմիջումները նորից լի էին ձայներով ու չերևացող բաներով։ Ներքևում նա աղոտ նշմարեց երկրագնդի միջուկի բոցերի տակով անցնող արևի պատկերը։ Սակայն և՛ արևը, և՛ բոցերը չափից դուրս հեռու էին, որ նրան ջերմացնեին։ Նա տեսավ քաղցրահամ ջուրը պահող կարմիր տիղմը, մի բուռ կարմիր քաղցրավենիքն ու դատարկ հորիզոնը։
 
<b>Ես պիտի ապրե՛մ։</b>
 
Ներքևում տեսավ խխունջի պես սողացող արևը, և երկրագնդի պտույտը իր առանցքի ու միաժամանակ նաև տարեկան պտույտն արևի շուրջը խառնվեցին նրա ուղեղում։ Նա ըմբռնեց, թե քանի ամիս մարդ պիտի դիմանա, մինչև որ տաքանա գարնան պայծառ լույսի ջերմությունից։ Նա սկսեց ամիսներով հետևել արևին, առանց իր ինքնությանն անդրադառնալու։ Նա արևը տեսավ բազում անկյուններից, գնացքի պատուհաններից ու նաև բաց դաշտից։ Նա այն շփոթեց ուրիշ խարույկների հետ՝ հողամասերում, այգիներում, բուխարիներում։ Խարույկներից մեկը համառորեն պնդում էր, որ իրականությունն այնտեղ է և պահանջում էր նայել։ Խարույկը ճաղերի հետևում էր։ Նա հայտնաբերեց, որ բուխարին սենյակի մեջ է, և ամեն ինչ իսկույն անցյալի միջից ծանոթ ու մտերիմ դարձավ։ Նա արդեն գիտեր, թե որտեղ է, և ժամանակն ու բառերն արժեքավորվեցին։ Դիմացի աթոռին բարձրահասակ, սարդի պես ձգված մի ուրվագիծ էր նստած։ Սև խոպոպների տակից այն նայում էր վերև, ասես ընթերցելով առաստաղից անդին գտնվող տեղեկատուն։
 
― Եթե վերցնենք մեզ մեր այսօրվա վիճակով, ապա դրախտը կվերածվի բացարձակ ժխտման։ Առանց ձևի կամ անգամ ունայնության։ Հասկանո՞ւմ ես։ Սև կայծակի պես մի բան, որը ոչնչացնում է մեր կյանք կոչված ամեն ինչը։
 
Բայց նա ուրախ ու երջանիկ պատասխանեց։
 
― Չեմ հասկանում ու առանձապես վեջս էլ չի, բայց ես քո դասախոսությանը կգամ։ Նաթանել, սիրելիս, դու չես էլ պատկերացնում, թե ինչքա՜ն ուրախ եմ քեզ տեսնել։
 
Նաթանելն ուշադիր նայեց նրա դեմքին։
 
― Ես նույնպես։ Ուզում եմ ասել՝ որ քեզ տեսնում եմ։
 
― Մենք զգացմունքներ ենք ցուցաբերում, Նաթ, անգլիացուն վայել չենք պահում մեզ։
 
Նորից այդ ուշադիր հայացքը։
 
― Ըստ իս դու իմ դասախոսության կարիքն ունես։ Դու երջանիկ չես, չէ՞։
 
― Բայց ինձ դրախտն էլ չի հետաքրքրում։ Քեզ ի՞նչ լցնեմ։
 
― Ոչինչ, շնորհակալ եմ։
 
Նաթանելն աթոռից դուրս պարուրվեց և, թևերը երկու կողմ պարզած, մնաց կանգնած, արմունկները ծալած։ Ապա նայեց, սկզբում ունայնությանը, հետո՝ շուրջբոլորը։ Նա մոտեցավ պատին և իր ոսկրոտ գավակով անհեթեթ ձևով թառեց բարձր դարակներից մեկին։ Հետո իր անհավանական ոտքերը մեկնեց ու իրարից հեռացրեց, մինչև որ նրա խախուտ հավասարակշռությունը սկսեց ապահովվել սոսկ ներբանների շփումով։ Ապա նորից վեր նայեց տեղեկատուին։
 
― Կարելի է ասել, որ դա պարզպաես մի զրույց կլինի մեռնելու տեխնիկայի շուրջ։
 
― Դու ինձնից շատ ավելի շուտ կմեռնես։ Գիշերվա ցրտի՛ն նայիր․․․ ու քո հագնվելու ձևին։
 
Նաթանելն աչքերը կկոցեց ծիծաղկոտ լուսամուտին, ապա նայեց ինքն իրեն։
 
― Ճի՞շտ։ Այո։ Հավանաբար այդպես է, որ կա։
 
― Ես անչափ երկար պիտի ապրեմ ու իմ ուզածին հասնելու եմ։
 
― Իսկ ուզածդ․․․
 
― Տարբեր բաներ են։
 
― Բայց չէ՞ որ դու երջանիկ չես։
 
― Ամբողջ մարդկությունը թողած հենց ի՞նձ ես ասում։
 
― Իմ ու քո միջև որոշակի կապ կա։ Մեզնից երկուսիս մի բան է պատահելու, կամ թերևս միասին պիտի աշխատենք։ Դու հարատևելու բացառիկ ունակություն ունես։
 
― Մինչև ե՞րբ։
 
― Մինչև տիրանաս դրախտին։
 
― Բացարձակ ժխտմա՞նը։
 
― Դրախտին ընդառաջ մեռնելու տեխնիկային։
 
― Շնորհակալ եմ, չեմ ուզում։ Տարիքո՛վդ մնա, Նաթ։
 
― Դու դրան ընդունակ ես, գիտե՞ս։ Ու ես․․․
 
Նաթի դեմքին ինչ֊որ փոփոխություն էր կատարվում։ Այն նորից դարձավ նրա կողմը։ Այտերը շառագունել էին։ Աչքերը չռվել ու վրա էին տալիս։
 
― ․․․ Ես դա զգում եմ։ Մի՛ ծիծաղիր, խնդրում եմ․․․ Ես զգում եմ, կարելի է նույնիսկ ասել, որ վստա՛հ եմ։― Աչքերի տակ նա աննշան հոգոցով արտաշնչեց։ Ոտքերը մի փոքր տեղի տվին։
 
― ․․․ Ես անգամ գիտեմ, որ անձամբ քեզ համար դրախտի․․․ մեռնելու մասին իմանալը խիստ կարևոր է․․․ Քանի որ ընդամենը մի քանի տարուց․․․
 
Կրկնակի ցնցումից որոշ ժամանակ լռություն տիրեց՝ պատուհանից այն կողմ դադարեց հնչել նաև զանգակատունը, ասես խոսքերին համաչափ դողանջն ավարտելով։ Ծխախոտի քինոտ խայթոցը մտրակեց թևն ի վեր մութ գնդի մեջ, նա դեն շպրտեց մնացորդն ու գոռաց։ Հետո, թիկնաթոռի տակ գետնին փռված, նա փնտրում էր ծխախոտի քոթուկը, և հատակի անհարթությունները նեղություն էին պատճառում մարմին։ Խոսքերը հետապնդում էին նրան, զրնգում ականջների մեջ, վխտում, ստիպում սիրտը բաբախել, հանկարծակի ահաբեկելով Նաթանելի չարտասանած բառերի ըմբռնմամբ։
 
― ․․․Քանի որ ընդամենը մի քանի տարուց դու մեռած կլինես։
 
Կատաղած ու խուճապահար, նա գոռաց չարտասանված բառերի վրա։
 
― Դու է՛շ ես, Նաթ։ Գրո՛ղի տարած իշու մեկը։
 
Խոսքերն արձագանքվեցին ակոսի պատերից, և նրա այտը բրեզենտից վեր թռավ։ Շուրջբոլորն արևի լույս էր ու ճայերի կռինչ։
 
Նա գոռաց։
 
― Գետի՛նը մտնեմ, թե կմեռնեմ։
 
Նա խոռոչից արագ դուրս սողաց ու ոտքի կանգնեց ակոսի մեջ։ Երկինքն ու ծովը մուգ կապույտ էին, արևը բավականաչափ բարձր էր, որ, ջրից արտացոլվելով, չկուրացներ։ Նա արևը զգաց իր դեմքին և երկու ձեռքով շփեց ծլած մորուքը։ Արագ աչքի անցկացրեց հորիզոնը, իջով հաջորդ ակոսի մեջ ու, գողունի հետ նայելով, սկսեց քանդել շալվարի կոճակները։ Ապա, առաջինա անգամ ժայռի վրա, նրա արտաքին, մազոտ դեմքը փշրվեց բարձրաձայն կծու ծիծաղով։ Նա վերադարձավ թզուկի մոտ և շիթով միզեց հորիզոնի վրա։
 
― Խնդրվում է նախքան դուրս գալը հագուստը շտկել։
 
Քրքրեց բրեզենտի բաճկոնի կոճակներն ու այն դժվարությամբ վրայից դուրս քաշեց։ Ապա սկսեց քաշքշել քեչայի տակ փրկագոտին ամրացնող փոկերն ու եկուսը միասին հանեց։ Նա հագուստը ծանր կույտով գցեց գետնին ու մնաց կանգնած։ Ապա ցած նայեց թևերի երկու ոսկեգույն ոլորվող երիզակնեին, ոսկեզօծ կոճակներին, համազգեստի բրդե սև բաճկոնին ու տաբատին։ Նա սկսեց իրեն կճպել՝ բաճկոնը, բրդե սվիթրը, սև սվիթրը, շապիկը, ներքնաշապիկը, երկար գուլպաները, գուլպաները, տաբատը։ Ապա ուսումնասիրեց իր մարմնի տեսանելի մասը։
 
Ոտքերն այն աստիճան ջրաթաթախ էին, որ համարյա կորցրել էին իրենց ձևը։ Մի բութ մատը կապտել էր ու լերդացած արյունից սևացել։ Երկու ծնկներին էլ կապտուկներ կային, որոնք պսակվում էին վերքերով, ոչ թե կտրվածքներով, այլ՝ մետաղադրամի չափ հատվածներով, ուր մաշկն ու միսը հարված էին։ Աջ կոնքը կապույտ էր, կարծես մեկը ներկի մեջ թաթախված ձեռքով նրան քսված լիներ։
 
Նա զննեց թևերը։ Աջ արմունկն ուռած էր ու ընդարմացած, բազմաթիվ կապտուկներով։ Մարմնի վրա տեղ֊տեղ բծեր կային, ոչ թե պատռված մսի, այլ՝ արյունոտ պեպենների։ Նա նորից զգուշորեն շոշափեց դեմքին ծլած մազերը։ Աջ աչքը մշուշված էր, տակի այտը՝ թմրած ու տաք։
 
Նա վերցրեց ներքնաշապիկն ու փորձեց քամել, բայց կտորի բանտարկված ջուրը դուրս չէր գալիս։ Ձախ ոտքը դրեց շապիկի մի ծայրին ու երկու ձեռքով սկսեց ոլորել մյուսը։ Ժայռը թրջվեց գոյացած խոնավությունից։ Հերթով նույնն արեց մնացած հագուստին ու բոլորը փռեց արևին չորանալու։ Ապա նստեց թզուկի կողքին, քրքեց բաճկոնի գրպաններն ու հանեց խոնավ թղթերի մի կապուկ և դարչնագույն փոքրիկ մի գրքույկ։ Ծոցատետրի ներկն իջել ու ժանգոտ բծերով նստել էր թղթերին։ Նա թղթերը փռեց իր շուրջն ու հերթով խուզարկեց գրպանները։ Երկու փենի գտավ ու մի ֆլորին և կիտեց թզուկի կողքին։ Ապա դանակի ճոպանը բրեզենտի գրպանից արձակեց ու գցեց վզին։ Այդ անելուց հետո ձեռքը բարձրացրեց ու կամացուկ քաշեց սպիտակ թելով կրծքին կախած փոքրիկ դարչնագույն սկավառակից։ Դեմքը ծռվեց, քմծիծաղ տալով։ Ոտքի կանգնեց, քարերի վրայով մագլցեց ջրի անձավի մոտ ու ներս խցկվեց։ Նա մոտեցավ ջրին, և կարմիր տիղմը բարձրացավ, հիշեցնելով նրան լճակի մյուս, խցանված ծայրի մասին։ Նա զգուշորեն հետ սողաց, շունչը պահելով։
 
Ակոսների վրայով նա ցած մագլցեց ժայռի հիմքի մոտ։ Տեղատվություն էր, և քարափները պատված էին կենդանի դոնդողի տոննանոց զրահով։ Այնտեղ, ուր նա էր կանգնած, ոտքերը դրած քարափի եզրին, ուտելիքը չոր էր ու անվերջ թույլ շխկշխկոց էր արձակում։ Խեցիների վրա սփռված ջրիմուռները թափանցիկ էին, թույլ կանաչի խփելով։ Նա ցած մագլցեց, հենակետեր փնտրելով, ամեն անգամ ծամածռվելով, երբ ոտքը դեմ էր առնում խեցու սուր եզրին։ Նա փորձեց մի երկու միդիա պոկել, բայց ապարդյուն։ Ստիպված էր միդիաները քաշել ու ոլորել, ասես ոսկորներ հոդահան անելով։ Ապա գլխի վրայով միդիաները նետում էր վեր, և նրանք, օդում կամար գծելով, շրխկոցով ընկնում էին քարափի գլխին։ Նա աշխատում էր ալեկոծվող ջրից քիչ բարձր, սուր֊սուր խեցիների վրա կանգնած, և ոտքերը լարումից դողում էին։ Ի վերջո վեր մագլցեց, որոշ ժամանակ հանգիստ առավ ու իջավ նոր միդիաներ պոկելու։ Քարափի գլխին արդեն բավական մեծ բերք էր կուտակվել՝ ոմանք տասը սանտիմետրից երկար էին։ Նա արևի տակ շնչակտուր նստեց ժայռին ու գործի անցավ։ Միդիաները կարմիր քաղցրավենիքի պես անպաշտպան չէին՝ նրանց փեղկերը պինդ սեղմված էին ու սոսնձված, և դանակի սայրը խրելու տեղ չկար։ Նա խեցին ցած դրեց ու սկսեց դանակի կոթով հարձակվել, մինչև որ պատյանը ճեղքվեց։ Դուրս հանեց խրթին մարմինն ու հայացքը թեքեց ծովի կողմը։
 
― Բելգիացիք ո՛նց են անում։
 
Նա միդիան կուլ տվեց և, ատամները սեղմած, ջարդեց մյուսը։ Շուտով չոր ժայռի վրա գոյացավ դեղնասպիտակավուն մարմինների մի ամբողջ կույտ։ Նրա ծնոտները գործի անցան, բայց հայացքը դարձած էր հորիզոնին։ Ծամելիս նրա մշուշված աչքի անկյունը թեթևակի ցած էր քաշվում։ Ձեռքով կողքը շոշափելով ու ոչինչ չգտնելով, կրկին ցած իջավ ու նոր պաշար հավաքեց։ Այս անգամ նա ամեն մեկը ջարդում էր դանակի շեշտակի ուղղաձիգ հարվածով։ Երբ դրանք էլ վերջացան, նա ժայռից մի բուռ կարմիր քաղցրավենիք պոկեց ու խցկեց բերանը։ Կարմիրի ու կանաչի միջև նա խտրություն չէր դնում՝ ջրիմուռների խուրձը ծամեց մառոլի տերևի պես։ Ապա բարձրացավ ջրի անձավի մոտ, ներս խցկվեց ու որոշ ժամանակ մնաց պառկած, նայելով շողշողուն մակերևույթին։ Բերանը թրջեց այնպես, որ կարմիր տիղմի պարույրները միայն թեթևակի շարժվեցին ու նորից հանգստացան։ Ապա անձավից դուրս սողաց, մագլցեց ժայռի գագաթին ու նայեց չորս կողմը։ Հորիզոնը բոլոր ուղղություններով տափակ էր ու հարթ։ Նա նստեց։
 
Թերթիկներն ու գրքույկը դեռ խոնավ էին, բայց նա ծոցատետրը վերցրեց ու բաց արեց։ Կազմի ներսի կողմում թափանցիկ ծածկի տակ լուսանկար կար։ Նա աչքերը կկոցեց ու ծածկի միջով զանազանեց մի դիմանկար։ Նա վերծանեց խնամքով սանրված մազերը գլուխը, առնական ժպտացող դեմքը, մետաքսե սպիտակ վզնոցը։ Բայց մանրամասնություններն առհավետ կորել էին։ Մշուշի ու դարչնագույն բծերի միջով նրան աղոտ ժպտացող երիտասարդը նույնքան հեռավոր էր, որքան նախապապերի շինծու դիրքերով դիմանկարները հեռո՜ւ, դարչնագույն աշխարհում։
 
Բայց և այնպես նա շարունակում էր նայել, փնտրելով իր ավելի շատ վերհիշված, քան տեսած մանրամասնությունները, շոշափելով իր մազկալած այտն ու գուշակելով դիմացինի այտի փափկությունը, շտկելով խառնված մազերը, զգուշորեն տնտղելով աչքի ցավոտ անկյունը։ Լուսանկարի տակ գրություն կար, բայց՝ անընթեռնելիության աստիճան լղոզված։ Նա ծոցատետրը ցած դրեց ու ձեռքը տարավ վզից կախված սկավառակին, թելի թույլ տված չափով այն առաջ քաշելով ձախ աչքի դիմաց։ Ապա գլուխը հետ տարավ, որ կարողանա տեսնել․
 
ՔՐԻՍԹԸՖԸՐ
<br>ՀԱԴԼԻ
<br>ՄԱՐԹԻՆ
<br>ԼԵՅՏ․ Ա․Ն․Կ․Ռ․
<br>Ա․Դ․
 
Նա նորից ու նորից պատառ առ պատառ կարդաց այդ գրությունը, և շուրթերը սկսեցին շարժվել։ Ապա սկավառակը բաց թողեց, նայեց իր վիրավոր աղակալած ոտքերին, որովայնին ու փորի տակի մազափնջին։
 
Նա բարձրաձայն խոսեց, ձայնը գործածելով մի տեսակ խռպոտ զարմանքով․
 
― Քրիսթըֆըր Հադլի Մարթին։ Մարթին։ Քրիս։ Քրիս։ Ես նույնն եմ, ինչ միշտ եղել եմ։
 
Ճիշտ այդ պահին նրան թվաց, թե ինքը դուրս է եկել գխի գնդի արտասովոր մեկուսացումից և սովորականի պես տարածվել է մարմնով մեկ։ Նա նորից բնակվում էր աչքերի մակերեսին, դրսում։ Արևի լույսը ողողում էր նրան, ծովը կայծկլտում էր։ Կարծր ժայռն ամբողջություն էր ձեռք բերել՝ թռչնաղբի շերտով, քաղցրահամ ջրով ու խեցիներով հանդերձ։ Այն տեղադված էր վերջավոր ծովի մեջ երկու գծերի խաչման կետում, և հորիզոնից այն կողմ իրական նավեր էին անցնում։ Նա արագ ոտքի ելավ և սկսեց շուռ տալ արևին փռած հագուստները։ Հետո հոտոտեց վարտիքն ու ծիծաղեց։ Նա հետ դարձավ թղթերի մոտ և դրանք էլ շուռ տվեց։ Ապա վերցրեց մետաղադրամը, ձեռքի մեջ զնգզնգացեց և ուր որ է պիտի նետեր ծովը, բայց կանգ առավ։
 
― Շատ դերասանական կլիներ, կե՛ղծ։
 
Նա նայեց խաղաղ ծովին։
 
― Ես չեմ ասում, թե հերոս եմ։ Բայց ես առողջություն ունեմ, կրթություն ու խելք։ Ես քեզ կհաղթեմ։
 
Ծովը չպատասխանեց։ Նա ինքն իրեն հիմարավարի ժպտաց։
 
― Ես պարզապես ուզեցա փաստել ապրելու իմ հաստատակամությունը։ Դու մի ասա ինքս ինձ հետ եմ խոսում։
 
Նա նայեց ժայռին։
 
― Առաջին հերթին պետք է ուսումնասիրել տիրույթները։
 
Ժայռը սմքել կղզուց դարձել էր առարկա։ Արևի տակ և առանց ցրտի այն ամբողջությամբ կարելի էր զննել ոչ միայն աչքով, այլև՝ հասկացողությամբ։ Նա իսկույն տեսավ, որ ակոսները հողմահարված ուղղաձիգ նստվածքաշերտեր են, իսկ նրանց միջև ընկած պատերը՝ ավելի կարծր մի նյութ, որը պակաս էր մաշվել։ Այդ շերտերը կոտրված եզրն էին ցեխի այն հսկա ավազանի, որն իր կշռի տակ այնքան էր սեղմվել, մինչև ձուլվել էր ու մասամբ եփվել։ Վերին շերտերի ինչ֊որ ջղաձգում, անգուշակելի մի պոռթկում, երկրի որովայնի հերթական մի կծկում, ավազանը պատռելով, այդ կոտրված եզրը ցեխի ու կավահողի միջով ուղղաձիգ վեր էր տնկել, մինչև որ այն նոր ծլող ատամի պես դուրս էր ցցվել մսոտ ծնոտից։ Հետագայում պակաս սեղմված շերտերը հողմահարվել էին, գրքի կողի պես խորդուբորդ եզրերով ակոսներ գոյացնելով։ Պատերն էլ տեղ֊տեղ փշրվել և այլ փոխակերպումների էին ենթարվկել բնության մասնավոր խաղերից։ Որոշ տեղերում պատերը տապալվել և բեկոր֊բեկոր ցրիվ էին եկած ակոսների մեջ։ Ժայռի ամբողջ կատարը, արևմուտքից արևելք, ակոս֊ակոս թեքվում էր ցած։