====Գլուխ երրորդ․ Ռոհանի ռազմահավաքը====
Այժմ բոլոր ճանապարհները միաձուլվում էին արևելքում, գալիք պատերազմի կիզակետում, այնտեղ, որտեղ խտանում էր Խավարի Վարագույրը։ Եվ այն նույն ժամանակ, երբ Փիփինը քաղաքի Մեծ Դարպասի մոտ կանգնած նայում էր, թե ինչպես է Դոլ Ամրոթի իշխանը ծածանվող զինադրոշների ներքո անցնում դարպասով, Ռոհանի թագավորն իր զորքով իջնում էր լեռներից։
Օրն իրիկնանում էր։ Արևի վերջին շողերից հեծյալների առջևով երկար, սուր ստվերներ էին ձգվում։ Մութն արդեն սողոսկում էր խշշացող եղևնիների տակ, որոնցով ծածկված էին լեռների կտրուկ լանջերը։ Օրվա վերջում թագավորը դանդաղ էր գնում։ Շուտով արահետը շրջանցեց վիթխարի լերկ ժայռը և ընկղմվեց հանգիստ սոսափող ծառերի մթության մեջ։ Ներքև ու ներքև էին իջնում նրանք ոլորուն ու երկար շղթայով, և երբ վերջապես հասան կիրճի հատակին, արդեն բոլորովին մութ էր։ Արևը մայր էր մտել, մթնշաղը պարուրել էր ջրվեժները։
Ամբողջ օրը ներքևում աղմկում էր արագահոս հոսանքը, որը, հետևում մնացած լեռնանցքից իջնելով, իր համար նեղլիկ հուն էր փորել սոճիապատ լանջերի արանքով։ Իսկ այժմ, անցնելով կիրճի քարե դարպասը, ազատություն էր ստացել ու ավելի լայն հունով էր հոսում հովիտ։ Հեծյալները գնում էին հոսքի երկայնքով՝ և հանկարծ երեկոյան ջրերի աղմուկի մեջ նրանց աչքերի առջև բացվեց Հարոուդեյլ հովիտը։ Ճերմակ Ձյունածինը, իր մեջ ընդունելով փոքր հոսանքին, եռալով ու փրփրալով սրընթաց իջնում էր ներքև, դեպի Էդորաս, դեպի կանաչ բլուրներն ու դաշտերը։ Աջ կողմում, հովտի հեռավոր ծայրին, ամպերով պարուրված իր հսկա պատվաանդանների վրա վեր էր խոյանում վեհապանծ Սթարքհորնը․ նրա ատամնավոր գագաթը, ծածկված հավիտենական ձյան շերտով, փայլում էր աշխարհի բարձունքում, արևելքից ներկված կապույտ ստվերներով, արևմուտքից կրակե կարմիր՝ մայրամուտի պատճառով։
Մերին զարմանքով նայում էր այդ արտասովոր երկրին, որի մասին շատ պատմութուններ էր լսել անցած երկար ճանապահի ընթացքում։ Դա մի աներկինք աշխարհ էր, որտեղ նրա հայացքի առջև միգապատ օդային անդունդների միջով բացվում էին միայն անընդհատ բարձրացող լանջեր, քարե հսկայական պատեր, որոնց հետևում բարձրանում էին նորերը՝ ավելի բարձր, և մշուշով պատված մռայլ անունդներ։ Որոշ ժամանակ նա կիսափակ աչքերով լսում էր ջրերի աղմուկը, մութ ծառերի շշունջը, թափվող քարերի ձայնը և այդ ձայների հետևում թաքնված ու իր հերթին սպասող հսկայական լռությունը։ Մերին սիրում էր լեռները, ավելի ճիշտ, դրանց երևակայական պատկերները, նրան դուր էր գալիս այն միտքը, որ իրենք գնում են հեռավոր երկրներից բերված պատմությունների եզրով։ Բայց հիմա նա իր վրա էր կրում միջերկրի դառնությունների անհավանական ծանրությունը և ամենաշատը ուզում էր անջրպետվել այդ գեղեկությունից ու վեհությունից իր փոքրիկ, հանդարտ սենյակում, բուխարիկի կողքին։
Նա շատ հոգնած էր, որովհետև, թեև նրանք դանդաղ էին գնում, բայց գրեթե չէին հանգստանում։ Ժամը ժամի հետևից Երեք հոգնեցուցիչ օր նա ճոճվում էր արահետներով վերև ու ներքև, հաղթահարելով լեռնանցքներ, երկար հովիտներ, բազմաթիվ առուներ և գետակներ։ Երբեմն, երբ ճանապարհը լայնանում էր, նա ընթանում էր թագավորի կողքով, չնկատելով, որ հեծյալներից ոմանք ժպտում են՝ տեսնելով իրենց միասին․ հոբիթին, իր փոքրիկ բրդոտ թուխ պոնիով և Ռոհանի տիրակալին իր մեծ, ճերմակ նժույգով։ Այդպիսի ժամերին նա զրուցում էր Թեոդենի հետ՝ պատմելով իր ծնդավայրի և Հոբիթստանի ժողովրդի գործերի մասին կամ լսում էր երկար պատմություններ Ռոհանի և նրա հինավուց հերոսների մասին։ Բայց ամենից հաճախ, հատկապես վերջին օրը, նա լուռ գնում էր թագավորի հետևից, ունկնդրելով ռոհանցիների զրույցներն ու փորձելով հասկանալ նրանց դանդաղ ու հնչեղ լեզուն։ Շատ բառեր նրան ծանոթ էին թվում, թեև հնչում էին դրանք ավելի հարուստ ու արտահայտիչ, քան Հոբիթստանում, սակայն նա չէր կարողանում երկու բառ իրար կապել։ Երբեմն հեծյալներից մեկը մի հուզիչ երգ էր երգում, և Մերին զգում էր, թե ինչպես է իր սիրտը թփրտում, թեև չգիտեր, թե ինչի մասին է այնտեղ երգվում։
Այնուամենայնիվ մենակության զգացողությունը չէր անցնում, իսկ ճանապարհի վերջում այն հատկապես տանջալի էր։ Նա անդադար մտածում էր, թե ուր է անհետացել Փիփինը այս տարօրինակ ու անհասկանալի աշխարհում և ինչ է լինելու արագորնի, Լեգոլասի ու Գիմլիի հետ։ Հետո հանկարծակի սրտի սառը թրթիռով հիշեց Ֆրոդոյին ու Սեմին։ «Էհ մոռացել եմ նրանց,— նախատինքով ասաց ինքն իրեն,— ախր նրանք բոլորիցս կարևոր են։ Չէ՞ որ ես տանից նրանց օգնելու համար եմ հեռացել, իսկ հիմա նրանք հարյուր մղոն հեռու են, եթե առհասարակ ողջ են»։ — Այդ մտքից նա ցնցվեց։
— Վերջապես Հարոուդեյլ հովիտը,— ասաց Էոմերը։ — Մեր ճամփորդությունն ավարտին է մոտենում։
Նրանք կանգ առան։ Կիրճի նեղ բերանից ճանապարհը կտրուկ իջնում էր և, ինչպես բարձր պատուհանից՝ հազիվհազ երևում էր ներքևում մթության մեջ փռված հսկա հովիտը։ Գետի մոտ միայնակ կրակ էր առկայծում։
— Մի ճամփորդություն գուցե և ավարտվեց,— ասաց Թեոդենը,— բայց իմ առջև դեռ երկար ճանապարհ է։ Անցյալ գիշեր լիալուսին էր, իսկ առավոտյան ես գնում եմ Էդորաս, Ռոհանի ռազմահավաքին։
— Ընդունիր իմ խորհուրդը, թագավոր,— ձայնն իջեցնելով, ասաց Էոմերը,— անցկացրու զորահավաքը, հետո վերադարձիր այստեղ ու սպասիր, մինչև պատերազմն ավարտվի՝ հաղթանակով կամ պարտությամբ։
Թեոդենը ժպտաց։
— Ոչ, որդիս՝ քանզի ես քեզ այդպես պետք է այսուհետ անվանեմ, ոչ, Օձալեզվի պես մի ասա ծերացած ականջներիս համար հաճելի բառեր։ — Նա ուղղվեց թամբի վրա, շրջվեց ու նայեց մթնշաղի մեջ կորած իր մարտիկների երկար շարքին։ — Կարծես տարիներ լինեն անցած մեր արևմուտք արշավելու պահից սկսած, այլ ոչ թե օրեր, սակայն ես այլևս գավազանին չեմ հենվի։ Եթե պատերազմն ավարտվի պարտությամբ՝ ի՞նչ օգուտ իմ բլուրներում թաքնվելուց։ Իսկ եթե ավարտվի հաղթանակով, ապա մեծ կորուստ չի լինի, եթե ես զոհվեմ, տալով վերջին ուժերս այդ հաղթանակին։ Բայց արի չխոսենք այդ մասին։ Այս գիշեր ես քնելու եմ Դունհորրոուի թաքստոցում։ Առնվազն մեկ խաղաղ գիշեր մենք դեռ ունենք։ Գնացի՛նք։
Մթնշաղն արդեն խտանում էր, երբ նրանք իջան հովիտ։ Այստեղ Ձյունածինը հոսում էր հովտի արևմտյան պատից ոչ հեռու, և շուտով արահետը բերեց նրանց գետանցման մոտ, որտեղ ծանծաղ ջրերը աղմուկով հարվածում էին քարերին։ Ծանծաղուտը հսկվում էր։ Երբ զորքը մոտեցավ, ժայռերի ստվերներից զինված մարդիկ դուրս թռան և, թագավորին ճանաչելով, ուրախացած աղաղակեցին․
— Թագավո՜րը, Թեոդեն թագավո՜րը, Մարկի թագավորը վերադառնու՜մ է։
Հետո մեկը փչեց եղջերափողը։ Այն արձագանքելով տարածվեց հովտում։ Լսվեցին պատասխան կանչերը, և գետի այն կողմում լույսեր շողացին։
Հանկարծ բարձունքից միաձայն փչեցին շեփորները, որոնք, թվում էր, հնչում են ինչ-որ արձագանքող դատարկության մեջ, և շեփորների միաձուլված կանչը տարածվեց քարքարոտ լանջերով։
Այսպիսով Մարկի թագավորը արևմուտքից հաղթանակած վերադարձավ Դունհորրուի թաքստոցը Սպիտակ Լեռների ստորոտում։ Այնտեղ նա հայտնաբերեց, որ իր զորքի մնացած մասն արդեն հավաքված պատրաստ է։ Հենց որ թագավորի գալը հայտնի դարձավ, հրամանատարները եկան դիմավորելու նրան գետանցման մոտ, լուր բերելով Գենդալֆից։ Նրանց գլխավորում էր Դունհիրը՝ Հարոուդեյլ հովտի ժողովրդի առաջնորդը։
— Տիրակալ,— ասաց նա,— Երեք օր առաջ լուսաբացին քամու պես արևմուտքից Էդորաս եկավ Լուսաչը, և Գեդալֆն ավետեց ձեր հաղթանակի լուրը՝ ուրախացնելով մեր սրտերը։ Բայց նա նաև քո անունից ասաց, որ արագացնենք հեծյալների հավաքը։ Իսկ հետո հայտնվեց Թևավոր Ստվերը։
— Թևավոր Ստվե՞րը,— կրկնեց Թեոդենը։ — Մենք նույնպես տեսել ենք նրան, բայց գիշերվա կեսին, Գենդալֆի հեռանալուց անմիջապես առաջ։
— Հնարավոր է դուք հենց նրան էլ տեսել եք, տիրակալ,— ասաց Դունհիրը։ — Այնուամենայնիվ, նա էր, թե մեկ ուրիշը, հրեշավոր թռչունի տեսքով թռչող մթություն անցավ Էդորասի գլխով այն առավոտ, և բոլորը վախից քարացել էին։ Որովհետև նա իջավ Մեդուսելդի վրա, ու երբ թևերն արդեն համարյա դիպչում էին տանիքին, մի սամռկեցուցիչ ճիչ լսվեց, գիշատիչ, կատաղի ու քարացնող։ Այդ ժամանակ Գենդալֆը մեզ խորհուրդ տվեց չհավաքվել հարթավայրում, այլ հանդիպել ձեզ այստեղ, լեռնահովտում։ Ասաց նաև, որ ջահեր ու կրակներ վառենք միայն կարիքի դեպքում։ Այդպես էլ արեցինք։ Նա շատ տիրական էր խոսում, և մենք կարծեցինք, որ նրա խոսքերը ձեզ հետ համաձայնեցված են։ Այստեղ՝ Հարրոուդեյլում, ոչ մի հրեշ երկնքում չի երևացել։
— Ճիշտ եք վարվել,— ասաց Թեոդենը։ — Լավ, հիմա ես գնում եմ Դունհորրոու և մինչև հանգստանալս պետք է հանդիպեմ զորավարների ու հրամանատարների հետ։ Թող նրանք որքան հնարավոր է արագ ինձ մոտ գան։
Այժմ ճանապարհը տանում էր արևելք հովտի միջով, որի լայնությունն այդ մասում կես մղոնից քիչ ավելի էր։ Շուրջը տարածվում էին դաշտեր ու կոպիտ խոտով ծածկված մարգագետիններ, այժմ արդեն մոխրագույն՝ թանձրացող խավարում։ Առջևում, հովտի հեռավոր ծայրին, Մերին խոժոռ ժայռե պատ նկատեց․ Սթարքհորնի վիթխարի արմատներից մնացած վերջին բեկորն էր՝ անցած դարերում գետով երկու մասի բաժանված։
Հովիտը լի էր մարդկանցով։ Նրանք ամբոխվել էին ճամփեզրին և ուրախ աղաղակներով բարևում էին թագավորին ու հեծյալներին։ Իսկ նրանց հետևում, հեռվում, երևում էին վրանների ու տաղավարների կանոնավոր շարքեր, ցցերին կապված ձիեր, շատ զինամերք ու հողի մեջ խրված նիզակների կույտեր՝ ինչպես նոր տնկված ծառերի մացառուտներ։ Հսկայական ճամբարն աստիճանաբար ընկղմվում էր մթության մեջ, ու թեև բարձունքներից գիշերային սառը քամի էր փչում, սակայն ոչ լապտերներ էին վառվում, ոչ խարույկներ էին ճարճատում։ Պահակները տաք թիկնոցների մեջ փաթաթված հետ ու առաջ էին քայլում։
Մերին փորձում էր կռահել, թե քանի հեծյալ է հավաքվել հովտում։ Խտացող մթնշաղում գնահատելը դժվար էր, բայց, ըստ երևույթին, մի քանի հազար կլինեին։ Մինչդեռ նա գլուխը պտտելով այս ու այն կողմ էր նայում, թագավորի թիկնազորը մոտեցավ հովտի արևելյան եզրին ծառացած հսկայական ժայռին։ Արահետն սկսեց բարձրանալ, և Մերին զարմանքով նայեց վերև։ Այդպիսի ճանապարհ նա կյանքում չէր տեսել․ զգացվում էր, որ մարդկային ձեռքի աշխատանք է, բայց, երևի, կառուցել էին նույնիսկ երգերի համար անհիշելի ժամանակներում։ Ճանապարհն օձի պես գալավելով, բարձրանում էր ուղղաբերձ լանջով․ սանդուղքի պես կտրուկ, այն ոլորվում էր մեկ մի կողմ, մեկ՝ մյուս։ Ձիերը կարող էին բարձրանալ այդ ճանապարհով ու նույնիսկ սայլեր քաշել, բայց ոչ մի թշնամի չէր կարող այն հաղթահարել, և ոչ մի կողմով հնարավոր չէր շրջանցել պաշտպաններին, եթե միայն օդով։ Ճանապարհի յուրաքանչուր շրջադարձում վիթխարի մարդանման կոպիտ քանդակներ կային անճոռնի վերջույթներով, ծալապատիկ նստած, ձեռքերը խաչած հաստ փորերին։ Դրանց մի մասը տարիների ընթացքում կորցրել էին իրենց դիմագծերը, միայն աչքերի սև խոռոչներն էին մնացել, որոնք տխուր նայում էին անցորդներին։ Ռոհանցիները նույնիսկ հայացքի չարժանացրին այդ արձաններին։ Նրանք կոչում էին դրանց փուքելներ և այլևս ուշադրության չէին արժանացնում, որովհետև դրանց մեջ ո՛չ մոգական ուժ էր մնացել, ո՛չ էլ այլևս սարսափ էին հարուցում։ Բայց Մերին նայում էր դրանց զարմանքով ու գրեթե խղճահարությամբ՝ երբ դրանք վշտալի ուրվագծվում էին մթնշաղում։
Որոշ ժամանակ անց նա շրջվեց ու հայտնաբերեց, որ հովտից վերև են բարձրացել արդեն մի քանի հարյուր ֆուտ, բայց ներքևում դեռ աղոտ երևում էր հեծյալների ոլորուն շարքը, որոնք անցնում էին ծանծաղուտն ու գնում իրենց համար պատրաստված վրանները։ Պարզվեց՝ միայն թագավորն ու իր թիկնապահներն էին բարձրանում թաքստոց։
Վերջապես նրանք հայտնվեցին ուղղաձիգ ժայռի կտրուկ եզրին, իսկ ճանապարհը բարձրանալով, մտավ քարերի միջև առաջացած ճեղքն ու դուրս եկավ լայն բարձրահարթ։ Ֆիրիենֆելդ էին կոչում ռոհանցիներն այդ կանաչ լեռնային մարգագետինը, ծածկված խոտով ու հավամրգիով, Ձյունածինի խորունկ, կտրտված հունից շատ բարձր, փռված լեռների ծոցում․ հարավում Սթարքհորնն էր, հյուսիում Իրենսագայի ատամնավոր զանգվածը, իսկ դրանց միջև խոյանում էր Դվիմորբերգի՝ ուրվականների լեռան մռայլ, սև պատը, որի կտրուկ լանջերը ծածկված էին մթին սոճիների խիտ անտառով։ Մարգագետինը երկու մասի էին բաժանում երկշարք անձև քարերը, որոնց միջով անցնող ճանապարհը լուծվում էր մթնշաղում ու կորչում ծառերի մեջ։ Նրանք, ովքեր կհամարձակվեին գնալ այդ ճանապարհով՝ շուտով կհայտնվեին Դիմհոլթի սև կիրճում, կտեսնեին սպառնալի քարե սյունն ու արգելված դարպասի սև երախը։
Այդպիսին էր մթին Դուհորրոուն, կառուցված վաղուց մոռացված մարդկանց ձեռքերով, որոնց մասին ո՛չ երգերն էին հիշողություն պահպանել, ո՛չ առասպելները․ նույնիսկ անուններ չէին մնացել։ Թե ինչ նպատակով էին նրանք կառուցել այդ ամրոցը, քաղաք էր դա, թաքնված տաճար, թե թագավորների դամբարան՝ ոչ ոք չէր կարող ասել։ Նրանք աշխատել էին այստեղ Մութ Տարիներին, երբ դեռ առաջին նավերը չէին ժամանել արևմուտքից, և Դունադանները դեռ չէին ստեղծել Գոնդոր տերությունը։ Իսկ այժմ նրանք անհետացել էին, իրենցից հետո թողնելով միայն անկենդան փուքելներ՝ դեռ նստած ճանապարհի շրջադարձներին։
Մերին նայում էր ճանապարհի երկայնքով ձգվող քարերի շարքերին․ դրանք մաշված էին, սև, մի քանիսը ծռված էին, մի քանիսը ընկած, երրորդները ճաքած էին կամ կոտրված, և նմանվում էին դրանք ծեր, սոված ատամնաշարերի։ Նա մտածում էր, թե ինչ կարող են դրանք լինել և հույս էր տածում, որ թագավորը չի պատրաստվում գնալ դեպի այդ քարերի հետևում խտացող խավարը։ Հետո նա նկատեց ճանապարհի երկու կողմերով ձգվող վրաններ, տաղավարներ, բայց դասավորված էին դրանք քարափի եզրին, մռայլ անտառից հեռավորության վրա։ Դրանց մեծ մասը աջ կողմում էր, որտեղ Ֆիրիենֆելդը լայն էր, իսկ ձախ կողմում սակավաթիվ էին, և դրանց մեջտեղում բարձրանում էր մի մեծ վրան։ Հենց այդ կողմից նրանց ընդառաջ ելավ մի հեծյալ, և նրանք ճանապահից շրջվեցին։
Երբ մոտեցան, Մերին նկատեց, որ հեծյալը կին է․ նրա երկար, հյուսված մազերը փայլում էին մթնշաղում, բայց գլխին սաղավարտ կար, հագել էր մինչև գոտկատեղը իջնող օղազրահ ու գոտևորված էր թրով։
— Ողջու՛յն, Մարկի տիրակալ,— բացականչեց նա։ — Սիրտս ուրախ է ձեր վերադարձի համար։
— Քեզ էլ ողջույն, Էովի՛ն,— պատասխանեց Թեոդենը։ — Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։
— Ամեն ինչ կարգին է,— ասաց նա, սակայն Մերիին թվաց, որ նրա ձայնը տխուր է․ եթե նրա խիստ դեմքը չլիներ, կարելի էր մտածել նույնիսկ, որ քիչ առաջ լաց է եղել։ — Ամեն ինչ լավ է։ Իհարկե, մարդկանց համար դժվար է մեկ գիշերվա ընթացքում պատրաստվել երկար ճամփորդության ու լքել հարազատ տները։ Շատերը դառնությամբ փնթփնթում էին, որովհետև արդեն վաղուց պատերազմը չէր քշել մեզ մեր կանաչ դաշտերից՝ բայց անհնազանդություն չի եղել։ Ինչպես տեսնում եք, հիմա ամեն ինչ կարգին է։ Ձեր կացարանը պատրաստ է, որովհետև ես ձեր մասին տեղեկացված էի և գիտեի ձեր գալու ժամը։
— Ուրեմն, Արագորնն է եկել,— ասաց Էոմերը։ — Նա դեռ այստե՞ղ է։
— Ոչ, նա գնաց,— պատասխանեց Էովինը՝ շրջվելով ու նայելով հարավի ու արևելքի մթին սարերին։
— Իսկ ու՞ր գնաց,— հարցրեց Էոմերը։
— Չգիտեմ,— պատասխանեց աղջիկը։ — Նա եկավ գիշերը և հեռացավ երեկ առավոտյան՝ մինչև արևը դուրս կգար լեռների հետևից։
— դու վշտացած ես, աղջիկս,— ասաց Թեոդենը։ — Ի՞նչ է կատարվել։ Ասա ինձ, նա խոսե՞ց այդ ճանապարհի մասին։ — Եվ նա ցույց տվեց քարերի մթին տվող շարքերը Դվիմորբերգի ուղղությամբ։ — Նա խոսե՞ց մեռածների Արահետի մասին։
— Այո, տիրակալ,— պատասխանեց Էովինը։ — Նա գնաց դեպի մահացու խավար, որտեղից վերադարձ չկա։ Ես չկարողացա համոզել նրան։ Նա գնաց։
— Ուրեմն, մեր ճանապարհները բաժանվեցին,— ասաց Էոմերը։ — Նա կորած է։ Մենք պետք է ճանապարհ ընկնենք առանց նրա, հաղթանակի հույսն էլ ավելի պակասեց։
Լուռ, այլևս ոչինչ չխոսելով, նրանք դանդաղ գնացին խոտով ու հավամրգիով ծածկված մարգագետնով, մինչև հասան թագավորական վրանին։ Այնտեղ Մերին հայտնաբերեց, որ ամեն ինչ պատրաստ է, և որ իրեն չեն մոռացել։ Նրա համար փոքրիկ վրան էին խփել թագավորական վրանի կողքին։ Այնտեղ նա նստել էր մեն-մենակ, և նրա կողքով մարդիկ էին գալիս-գնում՝ մտնելով թագավորի մոտ խորհրդակցության։ Եկավ գիշերը, և լեռների կիսատեսանելի գագաթները պսակվեցին աստղերով, բայց արևելքում դատարկ, անթափանց խավար էր։ Քարե ատամնաշարերը հետզհետե կորան տեսադաշտից, բայց դրանց հետևում, խավարից էլ սև, դեռևս երևում էր Դվիմորբերգի հսկայական ստվերը։
— Մեռածների Արահետ,— ինքն իրեն մրմնջաց Մերին։ — Էդ Մեռածների Արահետս ո՞րն է։ Բոլորը գնացին ու թողեցին ինձ մենակ։ Բոլորն ինչ-որ ճակատագրական տեղեր են գնացել․ Գենդալֆն ու Փիփինը՝ արևելք, պատերազմելու, Ֆրոդոն ու Սեմը՝ Մորդոր, Պանդուխտը, Լեգոլասն ու Գիմլին գնացել են Մեռածների Արահետով։ Երևի շուտով իմ հերթն էլ կգա։ Հետաքրքիր է, ինչի՞ մասին են նրանք բոլորը խոսում, և ի՞նչ է պատրաստվում անել թագավորը։ Դե որովհետև որտեղ նա՝ այնտեղ էլ ես։
Այս մռայլ մտքերի արանքում նա հանկարծ հիշեց, որ սարսափելի սոված է ու վեր կացավ, որ գնա տեսնի, թե արդյոք այս տարօրինակ ճամբարում որևէ մեկը նույն բանը չի՞ զգում։ Բայց հենց այդ պահին շեփոր փչեց, ապա եկավ սուրհանդակը և կանչեց նրան՝ թագավորի զինակրին, թագավորական սեղանի մոտ։
Վրանի խորքում վարագույրներով առանձնացված տարածք կար՝ հատակը մորթիներով ծածկված։ Այնտեղ, փոքրիկ սեղանի շուրջ նստած էին Թեոդենն ու Էոմերը, ինչպես նաև Էովինն ու Հարոուդեյլի տերը՝ Դունհիրը։ Մերին կանգնեց թագավորի աթոռի մոտ ու սպասում էր՝ մինչև որ վերջինս, դուրս գալով խորը մտքերից, դիմեց նրան ու ժպտաց։
— Արի, պատվարժան Մերիադոկ,— ասաց նա,— դու չպետք է կանգնած մնաս։ Քանի դեռ մենք իմ տիրույթներում ենք, դու պետք է նստես իմ կողքին և սիրտս ուրախացնես քո պատմություններով։
Հոբիթին տեղավորեցին թագավորի ձախ կողքին նրա համար առանձնացված տեղում, բայց պամությունների տրամադրություն չկար։ Խոսում էին քիչ, հիմնականում ուտում խմում էին լռության մեջ, մինչև Մերին, քաջություն հավաքելով, տվեց իրեն տանջող հարցը։
— Արդեն երկու անգամ, տիրակալ, ես լսել եմ Մեռածների Արահետի մասին,— ասաց նա։ — Էդ ի՞նչ արահետ է։ Եվ ու՞ր է Պանդուխտը, նկատի ունեմ՝ Արագորնը, ու՞ր է նա կորել։
Թագավորը միայն խորը հոգոց հանեց։ Ոչ ոք չէր շտապում պատասխանել։ Վերջապես Էոմերը խոսեց․
— Մենք չգիտենք, թե նա ուր է գնացել, և մեր սիրտը ծանր է դրանից։ Ինչ վերաբերվում է Մեռածների Արահետին՝ դու ինքդ էլ գնացել ես դրա սկզբնական հատվածով։ Ոչ, ես քեզ չեմ վախեցնում։ Ճանապարհը, որով մենք բարձրանում էինք, տանում է Դիմհոլթի դռան մոտ։ Բայց թե ինչ կա այդ դռան հետևում, ոչ ոք չգիտի։
— Ոչ ոք չգիտի,— կրկնեց Թեոդենը։ — Բայց հնամյա առասպելը, որի մասին հիմա հազվադեպ են խոսում, կարող է ինչ-որ բան ասել։ Եթե այդ ասույթները, որ հորից որդի փոխանցվել են Էորլի տանը, իրականությանը մոտ են, ապա Դարպասը, որ գտնվում է Դվիմորբերգի ստորոտում, ճանապարհ է բացում դեպի սարի խորքը, ինչ-որ գաղտնի ճանապարհ, որը տանում է դեպի անհայտություն։ Անհայտություն, որովհետև ոչ ոք երբեք ձեռնամուխ չի եղել այդ ճանապարհի գաղտնիքները որոնելուն, քանի որ Բագորը՝ Բրեգոյի որդին, անցել է այդ դուռը և այևս ոչ ոք նրան չի տեսել մարդկանց մեջ։ Նա անմտածված երդում է տվել՝ եղջյուրը դատարկելով խնջույքի ժամանակ, որ Բրեգոն էր կազմակեպել Մեդուսելդի կառուցումն ավարտելու կապակցությամբ, և այդպես էլ չի նստել բարձր գահին, որ պետք է ժառանգեր։
Ժողովուրդն ասում է, որ Խավարի Տարիներից մինչև հիմա Մեռյալները հսկում են այդ ուղին և թույլ չեն տա ապրողներից որևէ մեկին կենդանի մտնել իրենց թաքնված սրահները։ Բայց ժամանակ առ ժամանակ կարելի է տեսնել, թե ինչպես են իրենք դուրս գալիս դարպասից և ինչպես ուրվականային ստվերներ, իջնում քարերի ճանապարհով։ Այդպիսի ժամանակ Հարոուդեյլի բնակիչները փակում են իրեն տների դռներն ու լուսամուտները և սարսափի մեջ ցնցվում։ Սակայն Մեռյալները հայտնվում են հազվադեպ՝ միայն անհանգիստ ու արյունոտ ժամանակներում։
— Հարոուդեյլում խոսում են,— ցածր ասաց Էովինը,— որ բոլորովին վերջերս, անլուսին մի գիշեր, մեծ զորք են սարի մոտ տեսել, տարօրինակ զինված։ Թե որտեղից էին դրանք եկել, ոչ ոք չգիտի, բայց ասում են, գնացել են քարերի ճանապարհով ու կորել սարի մեջ, ասես շտապելուց են եղել հաանդիպման։
— Իսկ Արագորնն ինչու՞ է գնացել էդ ճանապարհով,— հարցրեց Մերին։ — Դուք չգիտե՞ք որևէ բան, որ կբացատրեր դա։
— Եթե նա քեզ, իր ուղեկցին և ընկերոջը ոչինչ չի ասել,— պատասխանեց Էոմերը,— ապա ապրողներից էլ ոչ ոք չի կարող բացատրել նրա մտադրությունները։
— Նա ինձ մեծապես փոխված թվաց այն ժամանակվանից, ինչ ես առաջին անգամ տեսա նրան թագավորական տանը,— ասաց Էովինը։ — Ավելի մռայլ էր ու ավելի տարեց։ Կարծես դատապարտված լիներ, ինչպես այն մարդիկ, ովքեր լսում են անդրշիրիմյան կանչը։
— Գուցե և նրան կանչել են,— ասաց Թեոդենը։ — Սիրտս զգում է, որ ես նրան էլ երբեք չեմ տեսնի։ Այնուամենայնիվ նա արքայական տոհմի այր է՝ մեծ ճակատագրի տեր։ Սփոփվիր դրանով, դուստր իմ, քանզի ես տեսնում եմ, որ նրա ճակատագիրը տանջում է քեզ։ Ավանդություններն ասում են, որ երբ Էորլինգները, հյուսիսից գալով, բարձրացել են Ձյունածինի հունով ապահով ապաստան որոնելու կարիքի ժամանակ, Բրեգոն ու նրա որդին՝ Բալդորը, գնացել են քարերի ճանապարհով ու հասել են Դարպասին։ Շեմին նստած է եղել մի ալեհեր մարդ․ տարիքը հնարավոր չի եղել գուշակել։ Առաջ նա երևի բարձրահասակ ու փառահեղ մարդ էր եղել, բայց հիմա խորշոմած էր ու չորացած, ինչպես հնադարյան քամահար քարը։ Սկզբում նրան իսկապես քարի տեղ են դրել, քանի որ ո՛չ շարժվել է, ո՛չ հարցերին պատասխանել, մինչև չեն փորձել անցնել դարպասը։ Այդ ժամանակ նրա կրծքից ձայն է պոկվել, կարծես հողի տակից, և ի զարմանս նրանց, ծերը ասել է արևմտյան լեզվով․ Ճանապարհը փակ է"։
Նրանք կանգ են առել ու համոզվել, որ նա ողջ է, բայց ծերը չի նայել նրանց վրա։
— Ճանապարհը փակ է,— կրկնել է նա։ — Կառուցողները վաղուց մեռած են, և մեռածներն էլ հսկում են այն, մինչև որ ժամանակը կգա։ Ճանապարհը փակ է։
— Իսկ ե՞րբ է գալու ժամանակը,— հարցրել է Բալդորը, բայց այդպես էլ պատասխան չի ստացել։ Որովհետև հենց այդ պահին ծերը ընկել է դեմքի վրա ու մեռել։ Այլևս ոչ մի նոր լուր լեռների այդ բնակիչների մասին մեր ժողովուրդը չի լսել։ Բայց գուցե վերջապես եկել է գուշակված ժամանակը, և Արագորնը կկարողանա անցնե՞լ։
— Առանց դարպասն անցնելու չես իմանա, ժամանակը եկել է, թե ոչ,— ասաց Էոմերը։ — Սակայն ես չէի գնա այդ ճանապարհով, եթե նույնիսկ դիմացս կանգնած լիներ Մորդորի ողջ զորքը, իսկ ես մեն-մենակ լինեի, ու այլ ապաստարան չլիներ։ Ավա՜ղ, տեսնես ինչ մոլուցք պատեց այդպիսի մեծահոգի դյուցազնին այս ճակատագրական ժամին։ Մի՞թե հողի վրա քիչ չարություն կա, որ պետք է դեռ հողի տակ էլ փնտրել։ Պատերազմն ամեն րոպե կարող է սկսվել։
Էոմերը լռեց, որովհետև դրսից ձայներ լսվեցին․ ինչ-որ մեկը տվեց թագավորի անունը, և պահակները առաջացան։
Շուտով վրանի շեմի ծածկոցը բացվեց, և պահակախմբի գլխավորը ներս մտավ։
— Գոնդորից բանբեր է եկել, տիակա՛լ,— զեկուցեց նա։ — ցանկանում է անմիջապես ներկայանալ։
— Թող ներս գա,— ասաց Թեոդենը։
Ներս մտավ բարձրահասակ մի այր, և Մերին հազիվ զսպեց ճիչը․ մի ակնթարթ նրան թվաց, թե Բորոմիրն է վերադարձել ողջ առողջ։ Հետո հասկացավ, որ սխալվել է․ նա անծանոթ էր, բայց շատ նման էր Բորոմիրին, ասես նրա ազգականը լիներ՝ բարձրահասակ, հպարտ ու մոխրաչյա։ Հագնված էր հեծյալի պես․ բարակ օղազրահի վրայից մուգ-կանաչ թիկնոց էր, իսկ սաղավարտի առջևի մասում ամրացված էր մի ոչ մեծ արծաթե աստղ։ Ձեռքին բռնել էր սևափետուր մի նետ, ատամնավոր, պողպատե, իսկ ծայրակալը կարմիր էր ներկված։
Նա իջավ մի ոտքի վրա և նետը մեկնեց Թեոդենին։
— Ողջու՛յն, Ռոհիրիմների տիրակալ և Գոնդորի բարեկամ,— ասաց նա։ — Ես Հիրգոնն եմ, Դենեթորի պատվիրակը, ով բերել է քեզ պատերազմի այս նշանը։ Գոնդորին մեծ վտանգ է սպառնում։ Ռոհիրիմները հաճախ են մեզ օգնել, բայց հիմա տիրակալ Դենեթորը խնդրում է ձեզ հավաքել ողջ ուժերը և որքան հնարավոր է արագ օգնության հասնել։ Այլապես Գոնդորին ոչնչացում է սպառնում։
— Կարմիր նետը,— խոսեց Թեոդենը, վերցնելով այն։ Նրա դեմքից երևում էր, որ դա երկար սպասված, բայց միևնույն ժամանակ սարսափելի նշան է։ Նրա ձեռքը դողաց։ Իմ ողջ կյանքի ընթացքում Ռոհանը կարմիր նետ չէր տեսել։ Մի՞թե իսկապես բանը դրան հասավ։ Եվ ըստ Դենեթորի, ինչպիս՞ն պետք է լինի իմ ուժն ու արագությունը։
— Այդ մասին դուք ավելի լավ կիմանաք, տիրակա՛լ,— ասաց Հիրգոնը։ — Բայց շուտով Մինաս Թիրիթը կշրջապատվի, և եթե դուք այդքան ուժ չունեք, որ կարողանաք ճեղքել հզոր ուժերի պաշարումը, ապա տիրակալ Դենեթորը կարծում է, որ Ռոհիրիմների հզոր զորքն ավելի լավ է լինի իր պարսպից ներս, քան մնա դրսում։
— Մի՞թե նա չգիտի, որ ռոհանցիները սովոր են կռվել նժույգներին հեծած ու բաց դաշտում, և որ մեր ժողովուրդը ցրված է հարթավայրով մեկ ու բոլորին հավաքելու համար ժամանակ է պետք։ Այդպե՞ս է, Հիրգոն, որ Մինաս Թիրիթի տիրակալն ավելին է իմանում, քան ասում է իր ուղերձում։ Քանզի մենք արդեն պատերազմի մեջ ենք, ինչպես տեսնում ես, և քո լուրը մեզ անակնկալի չբերեց։ Գենդալֆ Մոխրագույնը եղել է այստեղ, և մենք պատրաստվում ենք արևելքի պատերազմին։
— Թե ինչ գիտե տիրակալ Դենեթորը այդ ամենի մասին, ես չեմ կարող ասել,— պատասխանեց Հիրգոնը։ — Բայց մեր դրությունն իսկապես անհուսալի է։ Իմ տիրակալը ձեզ հրամաններ չի ուղարկել, նա միայն խնդրում է ձեզ հիշել հին բարեկամությունն ու վաղեմի երդումները, և ձեր իսկ սեփական բարօրության համար անել այն ամենը, ինչ հնարավոր է։ Մեզ հայտնել են, որ շատ արքաներ են եկել արևմուտքից Մորդորին ծառայելու։ Հյուսիսում ընդհուպ մինչև Դագորլադի հարթավայրը բախումներ են տեղի ունենում և լուրեր են շրջում պատերազմի մասին։ Հարավում շարժվում են Հարադրիմները, և մեր ափամերձ տարածքները սարսափի մեջ են, ուստի այնտեղից մեծ օգնություն սպասելն անիմաստ է։ Շտապեք, որովհետև հենց Մինաս Թիրիթի պարիսպների տակ է որոշվելու մեր ժամանակաշրջանի ճակատագիրը, և եթե մակընթացության ալիքն այնտեղ կանգ չառնի, ապա կհեղեղի Ռոհանի բոլոր գեղատեսիլ դաշտերը, և նույնիսկ լեռների մեջ այս ամրոցում ապաստան չի լինի։
— Մռայլ լուրեր են,— ասաց Թեոդենը, բայց ոչ բոլորն են մեզ համար նորություն։ Ինչևէ, փոխանցիր Դենեթորին, որ եթե նույնիսկ Ռոհանին վտանգ չսպառնար, մենք, միևնույնն է, իրեն օգնության կգայինք։ Սակայն մենք շատ կորուստներ ենք կրել դավաճան Սարումանի հետ մարտերում, և դեռ պետք է մտածենք մեր հյուսիսային և արևելյան սահմանների մասին, ինչը պարզ է դառնում ձեր իսկ բերած տեղեկություններից։ Այնպիսի մեծ ուժը, որին այժմ տիրում է Սև Տիրակալը, կարող է զսպել մեզ քաղաքի դիմաց ճակատամարտում և, միաժամանակ, անցնելով Գետը Թագավորների Դարպասից այն կողմ, ուժեղ հարված հասցնել Ռոհանին։
Բայց չխոսենք այլևս խոհեմության մասին։ Մենք կգանք ձեզ օգնության։ Առավոտյան զորահավաք է հայտարարված, որի հետո անմիջապես ճանապարհ կընկնենք։ Դեռ վերջերս ես կարող էի տասը հազար նիզակ ուղարկել հարթավայրով՝ ձեր թշնամիներին սարսափի մատնելու համար։ Վախենում եմ, հիմա ավելի քիչ կլինի, քանզի ես չեմ կարող իմ ամրոցները թողնել անպաշտպան։ Բայց ինձ հետ ամենաքիչը վեց հազար կգան։ Ասա Դենեթորին, որ այս ծանր ժամին իր զորքերին Գոնդոր կառաջնորդի Մարկի թագավորն ինքը, թեև գիտի, որ հնարավոր է այլևս չվերադառնա։ Բայց դա երկար ճանապարհ է, և մարդիկ ու ձիերը պետք է ոչ միայն տեղ հասնեն, այլև ուժ ունենան կռվելու։ Վաղը առավոտից կարող է անցնել առնվազն մեկ շաբաթ, նախքան դուք հյուսիսից կլսեք Էորլի որդիների մարտակոչը։
— Մեկ շաբա՛թ,— բացականչեց Հիրգոնը։ — Ինչ արած, եթե այդպես է, ուրեմն՝ այդպես է։ Սակայն յոթ որ հետո դուք, հնարավոր է, միայն քանդված պատեր գտնեք, եթե այլ ուժ անսպասելի օգնության չհասնի։ Այնուամենայնիվ դուք գոնե կկանխեք օրքերի ու թխամաշկ մարդկանց խրախճանքը Սպիտակ Աշտարակում։
— Այո, վատթարագույն դեպքում կկանխենք,— ասաց Թեոդենը։ — Իսկ հիմա, ես ինքս նոր եմ վերադարձել կռվից ու երկարատև ճամփորդությունից և պետք է հանգստանամ։ Այս գիշեր մնա այստեղ։ Առավոտյան կտեսնես Ռոհանի ռազմահավաքը և կվերադառնաս տեսածիցդ ուրախացած, թեթև սրտով ու թարմ նժույգով։ Առավոտը բարին է խոստանում, իսկ գիշերվա ընթացքում շատ մտքեր են փոխվում։
Այս խոսքերով թագավորը վեր կացավ, և մյուսները՝ նույնպես։
— Այժմ գնացեք հանգստանալու,— ասաց նա։ — Քնեք հանգիստ։ Եվ դու նույնպես, պատվարժան Մերիադոկ, այսօր այլևս ինձ ոչինչ պետք չէ։ Բայց արևածագին պատրստ եղիր իմ կանչին։
— Պատրաստ կլինեմ,— ասաց Մերին,— եթե նույնիսկ հրամայես գնալ քեզ հետ Մեռածների Արահետով։
— Մի՛ արտաբերիր կանխագուշակ բառեր,— գլուխն օրորեց թագավորը,— քանզի շուտով այդ անունով կարելի է կոչել ոչ միայն այդ ճանապարհը։ Սակայն ես չասացի, որ քեզ առաջարկելու եմ գալ հետս, ինչպիսի ճանապարհ էլ որ ընտրեմ։ Բարի գիշեր։
— Չէ մի, ես չեմ մնա էստեղ, սպասելու նրանց վերադարձին,— ինքն իրեն ասաց Մերին։ — Ինձ չե՛ն թողնի էստեղ, չե՛ն թողնի։
Ու այդպես ինքն իրեն նույն բանը կրկնելով, նա վերջապես քնեց իր վրանում։
Նրան արթնացրեց պահակը, ցնցելով ուսերը ու կանչելով․
— Արթնացի՛ր, արթնացիր, պարո՛ն հոլբիթլա, արթնացիր։
Մերին վերջապես ուշքի եկավ խորը քնից ու նստեց։ "Դեռ մութ, մութ է",— մտածեց նա ու հարցրեց․
— Ի՞նչ է պատահել։
— Թագավորը կանչում է քեզ։
— Բայց դեռ արևը դուրս չի եկել,— ասաց Մերին։
— Չի եկել, ու դուրս չի գալու այսօր, պարոն հոլբիթլա։ Այնպիսի խավար է ամենուր, որ ասեն․ արևը խամրել է՝ կհաատաս։ Բայց ժամանակը չի սպասում, անկախ նրանի, արև կա, թե ոչ։ Շտապի՛ր։
Արագ ինչ-որ հագուստ վրան գցելով, Մերին վրանից դուրս եկավ։ Աշխարհը մթնել էր։ Օդը շագանակագույն էր թվում, իսկ մնացած ամեն ինչը սև էր, մոխրագույն ու ստվերազուրկ․ և բացարձաակ լռություն էր։ Երկինքը ծածկած մթին ամպը եզր չուներ, միայն հեռավոր արևմուտքում, որտեղ մեծ խավարի նույնիսկ ամենաերկար շոշափուկները դեռ չէին հասցրել սողալ, հորիզոնը պարուրած մշուշի միջից աղոտ լույս էր երևում։ Գլխավերևում կախված էր ամբողջական անձև խավարի ծանր ծածկոցը, և լույսը, թվում էր, գնալով մարում է, ոչ թե ուժգնանում։
Մերին նկատեց, որ շատ մարդիկ վրանների մոտ կանգնած նայում են վերև ու շշուկով խոսում։ Դրանց դեմքերը մոխրագույն էին ու տխուր, իսկ ոմանք վախեցած էին։ Ծանր սրտով նա դեպի թագավորի վրանը։ Հիրգոնը՝ Գոնդորի պատվիրակը, արդեն այնտեղ էր, իսկ կողքին մեկ այլ պատվիրակ էր կանգնած, նման նրան ու նույն կերպ հագած, բայց ավելի կարճահասակ ու լայնաթիկունք։ Երբ Մերին մտավ, նա խոսում էր թագավորի հետ։
— Սա Մորդորից է եկել, այս խավարը, տիրակալ, ասաց նա։ — Երեկ երեկոյան մայրամուտից հետո սկսեց սողալ։ Իսթֆոլդյան բլուրներց ես տեսնում էի, թե ինչպես է բարձրանում ու սողում երկնքով, և ամբողջ գիշեր, մինչ ես գալիս էի, դա սողում էր իմ հետևից, խժռելով աստղերը։ Այժմ մի վիթխարի ամպ է կախված այս հողերի գլխին, այստեղից մինչև Մթամած Լեռներ, ու գնալով խտանում է։ Պատերազմն սկսված է։
Որոշ ժամանակ թագավորը լռում էր։ Վերջապես դանդաղ ասաց․
— Եվ այսպես, մենք մոտեցանք վերջնագծին։ Մեր ժամանակի մեծագույն պատերազմը սկսված է։ Շատ բաներ անվերադարձ կհեռանան։ Դե ինչ, ամեն դեպքում գոնե թաքնվելու կարիք այլևս չկա։ Կգնանք հարթավայրով, ուղիղ ու ամբողջ թափով։ Հավաքը թող սկսվի անմիջապես, և ուշացողներին չսպասել։ Մինաս Թիրիթում պարենի բավականաչափ պաշարներ կա՞ն։ Քանզի, եթե մենք պետք է ճանապարհ ընկնենք հապճեպ ու առանց ժամանակ կորցնելու, ուրեմն պետք է գնանք թեթև, ունենալով միայն այնքան սնունդ ու ջուր, որքան պետք է մինչև առաջին կռիվը։
— Պարենի պաշարները պատրաստված են շատ վաղուց և բավականաչափ,— պատասխանեց Հիրգոնը։ — Վերցրեք որքան հնարավոր է քիչ և սլացեք որքան հնարավոր է արագ։
— Այդ դեպքում կանչիր ազդարարներին, Էոմե՛ր,— ասաց թաագավորը։ — Թող հեծյալները հավաքվեն ու պատրաստ լինեն։
Էոմերը դուրս եկավ, և շուտով թաքստոցում հնչեցին փողերը, որոնց ներքևից պատասխանեցին ուրիշները՝ բայց դրանց ձայներն այլևս զրնգուն ու համարձակ չէին, ինչպիսին Մերիին թվում էին նախորդ երեկոյան, այլ հնչում էին ծանր օդում խուլ ու չարագուշակ։
Թագավորը շրջվեց Մերիի կողմը։
— Ես պատերազմ եմ գնում, պատվարժան Մերիադոկ,— ասաց նա։ — Եվս մի քիչ՝ ու ճանապարհ ենք ընկնում։ Քեզ ազատում եմ իմ ծառայությունից, բայց ոչ բարեկամությունից։ Մնա այստեղ, և եթե ուզում ես, կարող ես ծառայել Տիրուհի Էովինին․ նա է ղեկավարելու ժողովրդին իմ փոխարեն։
— Բայց․․․ Բայց տիրակալ, կակազեց Մերին,— ախր ես առաջարկել եմ քեզ իմ թուրը։ Չեմ ուզում բաժանվել քեզանից, թագավոր Թեոդեն, և քանի որ իմ բոլոր բարեկամները գնացել են մարտի, ինձ համար ամոթ կլինի այստեղ մնալը։
— Մենք արշավելու ենք մեծ ու արագավազ ձիերով,— ասաց Թեոդենը։ — Ինչքան էլ որ խիզախ սիրտ ունես, այդպիսի նժույգի դու սանձել չես կարող։
— Այդ դեպքում կապեք ինձ դրանցից մեկի թամբից կամ թույլ տվեք կախվել ասպանդակից կամ էդպես մի բան,— չէր հանգստանում Մերին։ — Ճանապարհը երկար է, բայց ես կարող եմ վազել, եթե վարել չեմ կարող՝ նույնիսկ եթե հոգնեմ ու տեղ հասնեմ մի քանի շաբաթ ուշացումով։
Թեոդենը ժպտաց։
— Դրա փոխարեն ավելի լավ է վերցնեմ ինձ հետ Սպիտակբաշի վրա,— ասաց նա։ — Լավ, ծայրահեղ դեպքում գոնե մինչև Էդորաս կգաս ինձ հետ, կտեսնես Մեդուսելդը․ սկզբում այնտեղ ենք գնալու։ Առայժմ Սթիբբան էլ կարող է քեզ տանել՝ սրընթաց արշավը հետո է սկսվելու, երբ հասնենք հարթավայր։
Էովինը ոտքի կանգնեց։
Իսկ հիմա արի գնանք, Մերիադոկ,— ասաց նա։ — Քեզ ցույց կտամ հանդերձանքը, որ պատրաստել եմ քեզ համար։
Նրանք դուրս եկան։
— Արագորնը դիմեց ինձ մեն-միակ խնդրանքով,— շարունակեց Էովինը, երբ նրանք գնում էին վրանների արանքով,— որ ես քեզ մարտի զինեմ ու հանդերձեմ։ Ես նրան խոստացել եմ անել ինձանից կախված ամեն ինչ։ Քանզի սիրտս զգում է, որ դրանք քեզ դեռ պետք են գալու, մինչև ամեն ինչի վերջանալը․․․
Նա տարավ Մերիին թագավորի թիկնազորի վրաններից մեկի մոտ, և զինապահն այնտեղից մի ոչ մեծ սաղավարտ, կլոր վահան ու այլ հանդերձանք բերեց։
— Քո հասակին հարմար օղազրահ չկարողացանք գտնել,— ասաց Էովինը,— իսկ պատրաստելու ժամանակ չունեինք։ Բայց, ահա, վերցրու այս ամուր կաշվե բաճկոնակը, գոտին ու դանակը։ Թուր դու արդեն ունես։
Մերին խոնարհվե և ընդունեց նրա ձեռքից ճերմակ նժույգի պատկերով վահանը, որը Գիմլիին նվիրած վահանին շատ նման էր։
— Վերցրու սրանք, և թող որ քեզ հաջողությամբ ծառայեն,— ասաց տիրուհին։ — Բայց, հնարավոր է, որ մենք կրկին հանդիպենք՝ ես և դու։
Այսպես, խտացող խավարում Մարկի թագավորը պատրաստվում էր առաջնորդել իր հեծյալներին դեպի արևելք տանող ճանապարհով։ Գնում էին ծանր սրտով, շատերին կրծում էր տագնապը։ Բայց նրանք խստաբարո ժողովուրդ էին, հավատարիմ իրենց տիրակալին, և գրեթե չէր լսվում ո՛չ լաց, ո՛չ տրտունջ, նույնիսկ թաքստոցում, որտեղ ապրում էին Էդորասից փախած կանայք, երեխաներն ու ծերերը։ Ծանր ճակատագիրը կախվել էր նրանց գլխին, բայց դիմավորում էին լուռ, երես առ երես։
Երկու արագ ժամ անցան, և ահա թագավորն արդեն նստած էր կիսախավարում առկայծող իր ճերմակ նժույգին։ Նա բարձրահասակ ու հպարտ էր թվում, թեև մազերը, որ բարձր սաղավարտի տակից թափվում էին ուսերին, ձյան պես ճերմակ էին․ և շատերը զարմացան ու սիրտ առան, տեսնելով իրենց անխռով ու անվախ առաջնորդին։
Աղմկոտ գետի մոտ, լայն մարգագետիններում շարք էին կանգնել լիովին զինված մոտ հիսուն հարյուրյակ ու ևս հինգ հարյուր ձիավորներ, ինչպես նաև պահուստային թեթևաքաշ ձիերով ու թեթև բեռնված էլի մի քանի հարյուր հոգի։ Հնչեց միայնակ շեփոր, թագավորը ձեռքը բարձրացրեց, և Ռոհանի զորքը լուռ առաջ շարժվեց։ Առջևից գնում էին թագավորի տասներկու թիկնապահները՝ ամենահայտնի և լավագույն ռազմիկները, նրանց հետևից՝ Թեոդենը և Էոմերը նրա աջ կողմում։ Թագավորը հրաժեշտ էր տվել Էովինին վերևում՝ թաքստոցում, և այդ մասին հիշողությունը դեռևս ծանրացնում էր նրա սիրտը, բայց մտքերն արդեն ուղղված էին առաջ։ Նրա հետևից, գոնդորցի հեծյալների կողքով, Սթիբբային հեծած ընթանում էր Մերին, իսկ նրանց հետևից՝ ևս տասներկուսը թագավորի թիկնազորից։ Նրանք անցնում էին խստադեմ ու անթարթ հայացքներով ռազմիկների երկար շարքերի մոտով։ Եվ երբ արդեն անցնում էին վերջին շարքերը, ռազմիկներից մեկը ուշադիր նայեց հոբիթին։ "Լրիվ երիտասարդ է,— մտածեց Մերին, պատասխանելով նրա հայացքին,— մյուսներից ցածրահասակ ու նիհար"։ Նա որսաց նրա մոխրագույն, ջինջ աչքերի փայլը՝ և ցնցվեց, որովհետև հանկարծ նրա հասկացավ, որ դա անհույս մարդու դեմք է, ով գնում է մահ որոնելու։
Մոխրագույն ճանապարհը գնում էր քարերի մեջ աղմկող Ձյունածինի ափով Ներքին Հորոու և Վերնածին գյուղերի միջով, որտեղ բազմաթիվ կանաց տխուր դեմքեր էին երևում մութ դռների հետևից։ Այդպես առանց եղջերափողի, տավիղի կամ մարդկային ձայների երաժշտության սկսվեց մեծ ճամփորդությունը դեպի արևելք, որի մասին հետագայում երգեր էին գրում ռոհանցիների բազմաթիվ սերունդներ։
Մթին Դունհորոուից դալուկ առավոտ,
Թենգելի որդին ելավ իր զորքով․
Էդորաս հասավ, բայց նախնիների
դահլիճները հին պատված էին մշուշով,
Ոսկեզօծ տանիքները՝ անհագ խավարով։
Հրաժեշտ տվեց նա իր ազատ ժողովրդին,
սրբազան դամբարաններին ու բարձր գահին,
Որտեղ երկար տարիներ խրախճանք էր արել
Մինչև արևի լույսը չէր մարել։
Ճանապարհ ընկավ նա, ահը՝ հետևից,
Ճակատագիրը՝ առջևում․ թագավորը չէր կարող
Հրաժարվել իր երդումից։
Այդպես գնում էր Թեոդենը հինգ օր ու գիշեր,
Արևելք տանելով իր հետ մեծաթիվ Էորլինգներ,
Ֆոլդով Ֆենմարքով ու Ֆիրիեն դաշտով,
Վեց հազար նիզակ դեպի արևի երկրներ,
Դեպի հզոր Մունբուրգ Մինդուլուինի տակ,
Անդրծովյան արքաների հարավային քաղաք,
Թշնամիներով պաշարված ու կրակով պատված։
Ճակատագիրը կանչեց նրանց ու կլանեց խավարը
Ձիուն, հեծյալին, ու լռեց սմբակների ձայնը․
Այդպես են պատմում մեզ այդ մասին երգերը։
Եվ իրոք թագավորն Էդորաս հասավ խտացող խավարում, թեև դեռ կեսօր էր։ Այնտեղ նա կարճ ժամանակով կանգ առավ և ուժեղացրեց իր զորքը զորահավաքից ուշացած ևս երեք տասնյակ հեծյալներով։ Կարճ հացկերույթից հետո նա կրկին ճանապարհի պատրաստվեց և իր զինակրին սիրալիր հրաժեշտ տվեց՝ մնաս բարով մաղթելով։ Բայց Մերին վերջին անգամ փորձեց խնդրել նրան վերցնել իր հետ։
— Ինչպես արդեն ասացի, այսպիսի ճամփորդությունը Սթիբբայի պես ձիուկի ուժերի բանը չէ,— ասաց Թեոդենը։ — Եվ ի՞նչ պետք է անես դու այդ ճակատամարտում, որ բռնկվելու է Գոնդորի դաշտերում, պատվարժան Մերիադոկ, թեկուզ և թուր ունես ու հասակիցդ մեծ սիրտ։
— Ժամանակից շուտ ո՞վ կարող է ասել,— պատասխանեց Մերին։ — Ախր դու ինձ դրա համար չդարձրիր քո զինակիրը, որ ես նստեմ տանը՝ մինչդեռ դու կռվում ես։ Չեմ ուզում, որ երգերում երգեն, թե ինչպես են ինձ ամեն անգամ թողել հետևում։
— Ես խոստացել եմ հոգ տանել քո մասին,— ասաց Թեոդենը։ — Իսկ դու՝ ենթարկվել ինձ։ Իմ հեծյալներից ոչ ոք չի կարող քեզ որպես բեռ տանել։ Եթե ճակատամարտն իմ դարպասների դիմաց լիներ, գուցե և աշուղները հիշեին քո սխրանքները, բայց մինչև Մունդբուրգ, որտեղ տիրում է Դենեթորը, հարյուր ու երկու լիգ ճանապարհ է։ Սա իմ վերջին խոսքն է։
Մերին խոնարհվեց ու դժբախտ տեսքով հեռացավ, նայելով հեծյալների շարքին։ Նրանք արդեն պատրաստվում էին շարժվել․ ձգում էին գոտիները, ստուգում թամբերը և շոյում ձիերին։ Ոմանք անհանգիստ նայում էին իջնող երկնքին։ Ինչ-որ մեկն աննկկատ մոտեցավ հոբիթին ու շշնջաց նրա ականջին․
— Ում կամքն ամուր է՝ պատն էլ խոչնդոտ չէ․ այդպես ենք մենք ասում։ Ես դա ինձ վրա եմ փորձել։
Մերին բարձրացրեց աչքերն ու տեսավ այն երիտասարդ հեծյալին, ում նկատել էր առավոտյան, հավաքի ժամանակ։
— Դեմքիցդ երևում է, որ ուզում ես գնալ Մարկի տիրակալի հետևից,— շարունակեց հեծյալը։
— Այո, ուզում եմ,— ասաց Մերին։
— Ուրեմն, կգաս ինձ հետ,— ասաց հեծյալը։ — Ես քեզ կնստեցնեմ իմ առջևում ու կծածկեմ թիկնոցով, մինչև բավական հեռանանք ու այս խավարն ավելի կխտանա։ Քո ցանկությունն անկեղծ է, և այն չպետք է մերժվի։ Ոչ ոքի հետ էլ չխոսես, արի ինձ հետ։
— Շատ, շատ շնորհակալ եմ քեզ,— մի կերպ ասաց Մերին։ — Շնորհակալ եմ քեզ, պարոն․․․ Ներիր, չգիտեմ քո անունը։
— Չգիտե՞ս,— ցածր ասաց Հեծյալը։ Ուրեմն կոչիր ինձ Դեռնհելմ։
Այդպես պատահեց, որ երբ թագավորը ճանապարհ ընկավ, Դեռնհելմի առջև նստել էր հոբիթ Մերիադոկը, և Վեսթֆոլդյան մոխագույն մեծ նժույգը գրեթե չէր զգում ավելորդ ծանրությունը, քանզի Դեռնհելմը ծանր չէր, ինչպես մյուս տղամարդիկ, թեպետ ճկուն էր ու բարեկազմ։
Նրանք շարժվեցին դեպի խավար։ Այդ գիշեր ճամբար խփեցին ուռենու մացառուտներում, որտեղ Ձյունածինը միանում Էր Էնտուոշին՝ Էդորասից տասներկու լիգ արևելք։ Առվոտյան շարունակեցին ճանապարհը Ֆոլդ հարթավայրով, հետո Ֆենմարքի ճահճոտ ցածրավայրով, որտեղ աջ կողմով, բլուրների եզրով սկսեցին ձգվել կաղնու անտառներ՝ մթին Հալիֆիրիենի ստվերի ներքո, Գոնդորի սահմանին։ Նրանց ձախ կողմում խորտակվում էին մշուշում Էնտուոշի գետաբերանից սնուվող ճահիճները։ Եվ մինչդեռ նրանք գնում էին, հյուսիսում պատերազմ սկսվեց․ միայնակ փախստական հեծյալները լուրեր էին բերում արևելյան սահմանները գրոհող թշնմիների մասին, օրքերի հորդաների մասին, որոնք արդեն վխտում են Ռոհանի հարթավայրում։
— Առա՜ջ, սլացեք առա՜ջ,— ճչաց Էոմերը։ — Հետ դառնալու համար չափազանց ուշ է։ Էնտուոշի ճահիճները կպաշտպանեն մեր ձախ թեևը։ Հիմա մեզ արագություն է պետք, առա՛ջ։
Այսպես Թեոդեն թագավորը լքեց իր տիրույթները։ Իսկ ճանապարհը մղոն առ մղոն առաջ էր վազում, և կողքով աննում էին փարոսային լեռները՝ Քալենհադը, Մին-Ռիմոնը, Էրելասը, Նարդոլը։ Բայց խարույկներ այլևս չկային։ Աշխարհը մոխրագույն էր ու անշարժ, ահասարսուռ լռություն էր, առջևում խտանում էր խավարը, և հույսը մարում էր սրտերում։
Գլուխ չորորդ․ Գոնդորի պաշարումը
Փիփինին արթնացրեց Գենդալֆը։ Սեղանին վառվում էին մոմերը, որովհետև պատուհաններից միայն ինչ-որ աղոտ կիսախավար էր թափանցում։ Օդը ծանր էր, ինչպես ամպրոպից առաջ։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]