== Երգ տասնութերորդ։ Ոդիսևսի և Իրոսի բռնցքամարտը ==
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Այնժամ եկավ համազգային մուրացկանը, որը մուրում էր մշտապես
Քաղաքի մեջ Իթակեի։ Հռչակված էր նա իր անկուշտ որովայնով,
Անվերջ ուտում ու խմում էր, հանց որկրամոլ, և նա չուներ ուժ ու կորով,
Բայց տեսք ուներ աչքի ընկնող, մեծամարմին և հաղթանդամ:
Արնեոս էր իր անունը, գերամեծար մայրը այդպես կոչեց նրան
Ծնված պահին, սակայն Իրոս էին կանչում պատանիներն առհասարակ:
Գործ էր անում նա բանբերի՝ կատարելով պատվերները շատ շատերի:
Այնտեղ եկավ նա, ահա, ու Ոդիսևսին արտաքսում էր յուր իսկ տնից:
Արդ, կշտամբեց նրան նա խիստ ու թևավոր այս խոսքն ասաց.
{{տող|10}}«Ծերո՜ւկ, կորի՛ր դու այստեղից, որ քարշ չտան քեզ՝ բռնելով քո ոտքերից։
Մտակո՜ւյր ես, չե՞ս նկատում, տե՛ս, աչքով են արդեն անում բոլորը ինձ,
Որ քարշ տալով դուրս գցեմ քեզ, ամաչում եմ ես այդ անել։
Վեր կաց, կորի՜ր, որ աստ մեր մեջ զուր չծագի կռիվ ու կագ»։
Խեթ նայելով՝ նրան իսկույն իր խոսքն ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Բարեկա՜մս, քեզ վատ մի բան ես չեմ արել կամ վատ մի խոսք չեմ ասել քեզ.
Չեմ նախանձում ես քեզ բնավ, մույր հավաքիր, թեկուզ անբավ,
Մինչդեռ այստեղ, այս շեմքի մոտ, երկուսովս էլ տեղավորվել կարող ենք մենք:
Կարիք չկա ուրիշներին նախանձելու, և դո՛ւ, կարծեմ, ինչպես և ես,
Մուրացկան ես. հարստության բախտն աստվածներն են լոկ տալիս:
{{տող|20}}Զուր ես լեզվիդ դու զո՜ռ տալիս, կռվի՜ կանչում, քենն իմ իզուր
մի՛ բորբոքիր,
Թե ոչ՝ արյամբ, թեպետ ծեր եմ, կը ոռոգեմ շրթունքներդ ու կուրծքդ լայն,
Եվ ես եգուց այս շեմքի մոտ ինձ ապահով, հանգիստ կզգամ,
Իսկ դու, կարծեմ, Լաերտածին Ոդիսևսի տանը, այստեղ,
Չես հանդգնի այլևս լինել ու երևալ մի անգամ էլ»:
Այնժամ իսկույն Իրոս մուրիկը, զայրացած, պատասխանեց և խոսք ասաց.
«Ավա՜ղ, տեսե՛ք, որքա՜ն կտրուկ այստեղ հաչում, բարբաջում է որկրամոլն այս,
Մի բորբոքված պառավի պես, բայց սպասի՛ր, զայրույթ ու քեն ցույց կտամ քեզ,
Տե՛ս, կզարկեմ զույգ բռունցքով և կջարդեմ ատամներդ բերանիդ մեջ
Ու կթափեմ գետնի վրա, ինչպես ջարդում են ատամներն արտն աղարտող մի լիրբ խոզի:
{{տող|30}}Դեհ շո՜ւտ, ծերուկ, գոտեպնդվի՛ր, որ բոլորը մեր մենամարտն այստեղ տեսնեն,
Թե ինչպե՜ս դու պիտի կռվես քեզնից ջահել մի մարդու հետ»։
Այդպես, հղկված այն շեմքի մոտ ու բարձրակերտ դռան առաջ,
Գժտվում էին նրանք հուժկու և կատաղի ու իրար հետ վիճում սաստիկ,
Մինչ կորովի Անտինոոսի զորությունը անտես չարեց հանգամանքն այդ.
Ուրախացավ նա չափազանց և փութապես այսպես ասաց խոսնայրներին.
«Սիրելինե՜ր, առաջ երբե՜ք չէր պատահել մի այսպիսի գործ բացահայտ,
Նայե՛ք, տեսե՛ք, թե որպիսի՜ զվարճանք են աստվածները առաքել մեզ.
Ահա գժտվում և կռվում են իրարու հետ օտարականն ու Իրոսը.
Լավ ծեծկռտոց պիտի տեսնենք։ Եկե՛ք դրանց այստեղ մի լավ մենք գրգռենք»։
{{տող|40}}Ասաց այդպես, և վեր կացան բոլորեքյան ու անհապաղ
Հավաքվեցին շուրջը կռվող ցնցոտավոր մուրիկների։
Այն ժամանակ նրանց դիմեց և խոսք ասաց Անտինոոսը Եվպիթածին,
«Ակա՜նջ դրեք և լավ լսեք, ինչ որ կասեմ, ո՜վ խոսնայրներ հզորազոր.
Այժմ այծի փորոտիքը՝ արյունախառն ու ճարպապատ,
Մենք դրել ենք կրակի մեջ, որ մեզ հիմա սարքենք ընթրիք փարթամաճոխ:
Արդ, սրանցից ով այժմ հաղթի և հանդես գա իբրև հզոր հաղթանակող,
Թող մոտենա և ընդերքից, որն ուզենա, վերցնի իրեն, հանց մրցանակ,
Այսուհետ էլ թող միշտ լինի նա մասնակից մեր խնջույքին, իսկ մյուս անտուն
Մուրացկանին մենք թույլ չենք տա, որ այստեղ գա և աղերսի ողորմություն»։
{{տող|50}}Ասաց այդպես, և խորհուրդն այդ նրանք բոլորն հավանեցին։
Մինչ Ոդիսևսն ամենիմաց, իր նենգությունը թաքցնելով, այս խոսքն ասաց.
«Ո՜հ, սիրելի մեծամեծներ, մի՞թե կարող է այս ջահել խիզախի հետ
Թշվառագույն և տարաբախտ, տանջված ծերուկ մարդը մրցել,
Բայց չարագործ որովայնն իմ ստիպում է հոժար լինել ծեծկռտուքի:
Սակայն հիմա գեթ երդվեցեք դուք երդումով ամենազոր,
Որ ձեզանից ոչ ոք, ձեռքով իր զորավոր, իբրև պաշտպան Իրոսին վես,
Ինձ անարդար չի հարվածի. առանց այդ էլ ինձ կհաղթի նա քաջաբար»:
Այդպես ասաց, ու երդվեցին նրանք բոլորն, ինչպես որ ինքն այդ պահանջեց:
Երբ որ նրանք անդ երդվեցին և երդումը կատարեցին արդարացի,
{{տող|60}}Հանդես եկավ զորությունը Տելեմաքի ու նրանց դեմ այսպես խոսեց.
«Եթե քո սիրտն և քո հոգին, օտարակա՛ն, քաջախիզախ դրդում են քեզ,
Կռվիր հուժկու և ոչ ոքից աքեյանց մեջ մի՛ վախենար.
Ով ձեռք տա քեզ, աստ նրա դեմ կռվով բոլորը դուրս կը գան։
Հյուրընկալը ես եմ այստեղ, ու իմ խոսքին համաձայն են և փառահեղ
Զույգ իշխաններն՝ Անտինոոսն ու Եվրամաքը, այդ հերոսները իմաստուն»։
Ասաց այդպես, և բոլորը հավանեցին։ Գոտեպնդվեց Ոդիսևսը,
Նա իր մեջքին կապեց գոտին՝ ամրացնելով իր ցնցոտին
Եվ փութապես հայտնաբերեց իր ազդրերը հաղթ, գեղեցիկ,
Ուսերը լայն ու թիկնավետ, կուրծքը ուժեղ և բազուկները քաջամուր:
{{տող|70}}Աթենասը, մոտիկ կանգնած, բազմապատկեց շուքն ու շնորհքն ազգապետի,
Իսկ սեղեխներն ամբարտավան խիստ ապշեցին, զմայլվեցին.
Տեսնելով այդ՝ ամեն մեկը այս խոսքն ասաց հարևանին իր մոտ նստած.
«Իրոսն իսկույն կկործանվի իր իսկ նյութած այս կռվի մեջ.
Ցնցոտիի տակից ծերուկն որքա՜ն ամուր ազդրեր հանեց»։
Այդ ասացին, մինչ ահն ընկավ Իրոսի ջանն, և զարզանդը տիրեց սրտին,
Բայց բռնեցին ծառաները և ակամա, գոտին կապած մոտ բերեցին։
Սարսափած էր, դողդողում էր ահից նրա մարմինն ամբողջ,
Եվ Անտինոոսն անվամբ կոչեց ու կշտամբեց, այս խոսքն ասաց գուգոռալով.
«Լա՜վ է, եթե գետի՜ն մտնես կամ թե սատկես, ո՜վ սնապարծ դու պորտաբույծ.
{{տող|80}}Ո՜հ, գեթ բնավ չծնվեիր, երբ դողում ես դու ահաբեկ ու վախենում ես, անամոթ,
Ձախորդությամբ խիստ վշտահար և ալևոր այս խեղճ մարդուց,
Բայց տե՜ս. ես քեզ մի խոսք կասեմ, և դա անշուշտ կկատարվի:
Եթե նա քեզ հաղթի հիմա և ավելի քաջ ու հզոր հանդիսանա,
Ես անհապաղ քեզ կգցեմ սև նավի մեջ և կուղարկեմ դեպ Էպիրոս,
Դեպ Էքետոս Ժանտ թագավորն, որը մարդկանց չար կործանիչն է ահավոր.
Քո ականջներն, այլև քիթդ կկտրատի նա անողոք, սուր պղինձով,
Իսկ ամոթանքդ կպոկի և այն հում-հում շներին կեր նա կնետի»։
Ասաց այդպես, է՛լ ավելի ողջ մարմընով նա դողդողաց։
Արդ, բերեցին նրան մեջտեղ, ու երկուսն էլ վեր բարձրացրին ձեռքերն իրենց,
{{տող|90}}Եվ մտածեց այդ ժամանակ բազմաչարչար Ոդիսևսը աստվածային.
Արդյո՞ք զարկել ու տապալել, որ նույնհետայն աստ իր հոգին ն ավանդի,
Թե՞ թույլ զարկել և միմիայն գետնածավալ փռել գետին»։
Ահավասիկ նրան, այդպես մտածելիս, շատ ավելի բարվոք թվաց՝
Թեթև զարկել, որ իր մասին աքեացիք չհարուցեն զուր կասկածանք։
Երբ որ պատրաստ կանգնած էին, նախ Իրոսը զարկեց նրա աջ ուսին,
Մինչ Ոդիսևսն հուժկու զարկեց նրա վզին՝ ականջի տակ։
Խորտակվեցին ներքուստ ոսկորքն, և բերանից ժայթքեց իսկույն կարմիր արյունն.
Նա բղավեց ու վայր ընկավանդ փոշու մեջ, ատամներն իր կրճտացին,
Իսկ ոտքերով հողը թակեց, և դյուցազուն խոնարները,
{{տող|100}}Ձեռքերը հաղթ վեր կարկառած, հըռհռացի՜ն և ծիծաղից անդ թուլացան,
Իսկ Ոդիսևսն, ոտքից բռնած, դռան մոտից քաշեց, տարավ բակի միջով
Եվ դուրս հանեց տան դարպասից ու անդ նրան հենեց բակի ցանկապատին.
Արագապես վերցրեց, դրեց նա նրա ձեռքը գավազան,
Հետո դարձավ ու բարձրաձայն այս թևավոր խոսքերն ասաց.
«Դու այսուհետ նստիր այստեղ և շներին ու խոզերին վանիր միայն:
Արդ, լինելով ինքդ թշվառ, քեզ չհաշտես մուրիկ մարդկանց գլխին արքա,
Թե ոչ՝ գլխիդ ավելի մեծ փորձանք, աղետ թերևս գա»։
Այդպես ասաց, ուսին գցեց իսկույն իր պարկը զազրելի ու անվայել,
Խիստ ծակոտկեն, որ կախված էր ծայրին ոլոր մի չվանի
{{տող|110}}Եվ շուտափույթ գնաց նստեց նորից շեմքին։ Անդ ներս եկան և սեղեխներն,
Որոնք նրան ուրախալի ողջունեցին, ապա այսպես բարբառեցին.
«Քեզ, ով եկվոր, թող տան Զևսը և այլ անմահ աստվածները երկնաբնակ
Այն, ինչ որ դու ամենից շատ կփափագես, ինչ քո սրտին հաճո է միշտ:
Էլ այս անկուշտ որկրամոլը չի հանդգնի մեր քաղաքում շրջել անվերջ,
Սրան Էպիրոս կուղարկենք, դեպ Էքետոս ժանտ թագավորն,
Որը բոլոր մահկանացու մարդկանց համար չար կործանիչ է ահավոր»։
Այդպես նրանք անդ ասացին, ուրախացավ Ոդիսևսը աստվածային,
Մինչ Անտիոոսն այնժամ դրեց նրա առաջ ախոնդանքի մի մեծ բաժին՝
Արյունախառն ու ճարպապատ, իսկ Ամփինոմը փութապես
{{տող|120}}Պերճ զամբյուղի միջից վերցրեց, նրան տվեց ամբողջապես երկու հատ հաց
Ու, մեկնելով ոսկի բաժակը դեպի նա, ողջույնի խոսք բարձր ասաց.
«Ողջո՛ւյն, հայրի՜կ օտարական, խնդա սրտանց, քեզ կցանկամ երջանիկ կյանք,
Թեպետ և այժմ դու կրում ես բյուրաբազում վիշտ ու փորձանք»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ով Ամփինոմ, դու գերազանց ես ինձ թվում իմաստությամբ,
Ինչպես նաև քո հայրն էր միշտ՝ վեհ Նիսոսը Դուլիքոնցի.
Լսել եմ ես նրա վսեմ փառքի մասին, հարուստ էր նա և բարեմիտ,
Ասում են՝ դու նրա որդին ես, իրավի, և նման ես նրան իրոք,
Ուստի ահա դիմում եմ քեզ. ինձ լավ լսիր և մտածիր ինքդ քո մեջ։
{{տող|130}}Իրավ, բոլոր էակներից, որոնք շնչում և շարժվում են երկրի վրա,
Մարդնէ միայն ամենից շատ ողորմելի, թշվառագույն,
Եվ քանի դեռ աստվածները շնորհում են նրա կորով, կյանք երջանիկ,
Չի մտածում նա, որ հետո կրելու է նաև տանջանք ու պատուհաս:
Իսկ երբ տալիս են աստվածներն արդեն փորձանք և աղետներ չարաբաստիկ,
Այդ կրում է նա ակամա և փորձանքը չի հանդուրժում նա անվրդով:
Այո, այդ է սիրտն ու հոգին մահկանացու բոլոր մարդկանց,
Նրան այդպես է ստեղծել Հայրը մարդկանց, այն անմահ աստվածների:
Երբեմն և ես մարդկության մեջ հարուստ էի ու երջանիկ.
Բայց իմ ուժով, այլև իմ հոր իշխանությամբ ես կուրացած,
{{տող|140}}Եղբայրներիս վրա վստահ, շա՜տ շատ գործեր կատարեցի ես անօրեն:
Բայց չպետք է մարդը լինի կյանքում դաժան կամ ամբարիշտ ու դժնաբարք,
Այլ պարգևներն, որ տալիս են աստվածները, պիտ վայելի լուռ և հոժար,
Բայց ոչ այնպես, ինչպես ահա խոսնայրներն են աստ դավադիր և դժնդակ,
Որ անօրեն վատնում են այժմ գույքն ուրիշի, նրա կնոջը անարգում,
Այն դյուցազնի, որը, կարծեմ, հայրենիքից և մարդկանցից իր սիրելի
Հեռու այլևս չի մնա, այլ մոտ է նա և պիտի գա։ Թող տա՜ աստված,
Որ դու շուտով քո տուն գնաս ու աստ նրան չհանդիպես,
Երբ ետ դառնա նա իր երկիրն հայրենավանդ և տունը գա իր սիրատենչ,
Քանզի, գիտեմ, գործն այդ առանց հորդ արյունի չի վերջանա,
{{տող|150}}Երբ որ մաքրի իր հաշիվը խոսնայրների հետ նա այստեղ, իր հարկի տակ»:
Ասաց այդպես, հեղում արեց, ապա խմեց քաղցր գինին այն մեղրանուշ
Եվ փութապես նա բաժակը վերադարձրեց, ձեռքը դրեց ազգավարի։
Մինչ Ամփինոմն անցավ տան մեջ, սիրտն էր նրա սաստիկ տխուր և չարագույժ,
Նա գլխիկոր տատանվում էր, քանզի հոգով արդեն զգաց գալիք աղետը ահավոր,
Բայց օրհասից խույս չտվեց. նրան արդեն կաշկանդել էր Աթենասը,
Որ անխուսափ պիտ կործանվի նա հաղթ ձեռքով և նիզակով Տելեմաքի:
Նա ետ եկավ, բազմեց ապա այն բազմոցին, որտեղից նա վեր էր կացել։
Մինչ Աթենասն՝ աստվածուհին պայծառաչյա, այն ժամանակ
Միտք ներշնչեց Իկարիոսի դստեր սրտին, խոհեմամիտ Պենելոպին՝
{{տող|160}}Գալ, երևալ խոսնայրներին, որ առավել անդ բորբոքի սիրտը նրանց,
Եվ որպեսզի իրեն հարգեն ու մեծարեն էլ ավելի ու գերազանց,
Քան թե առաջ իր սիրելի ամուսինը և զավակն իր։
Արդ, նա ժպտաց անմտաբար և շուտափույթ այս խոսքն ասաց.
«Եվրինոմե, փափագում է սիրտս հիմա (այդ կարոտը առաջ չկար),
Գնալ այնտեղ և երևալ սեղեխներին, թեպետ նրանց ատում եմ ես,
Եվ իմ որդուն անդ խոսք ասել, որ պիտանի նրան լինի և օգտակար:
Թող մտերիմ ու շատ մոտիկ նա չդառնա խոսնայրներին ամբարտավան,
Քանզի նրանք խոսում են լավ, բայց սրտի մեջ մտքեր ունեն չարադավ»:
Պատասխանեց այնժամ նրան Եվրինոմե տանտիրուհին.
{{տող|170}}«Օրինավո՜ր խոսք ասացիր դու, իմ զավակ, ճիշտ ասացիր և համոզիչ.
Գնա, ասա ասելիքդ անդ քո որդուն և մի ծածկիր բնավ ոչինչ,
Բայց նախ պետք է դու լվանաս քո մարմինը և լավ օծես այտերը քո,
Իսկ առանց այդ դու չգնաս, քանզի դեմքդ արտասուքով է ոռոգված,
Լա՜վ չէ անվերջ լալ ու ջայլել կականալիր և անդադար արցունք թափել։
Իսկ քո որդուն այդ հասակում, որի համար անմահներին աղերսեցիր,
Ահավասիկ տեսնում եմ ես՝ նա չափահաս է այժմ արդեն»։
Նրան նորից իր խոսքն ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Եվրինոմե, դու ինձ այդպես մի համոզիր, շատ ես թեպետ դու հոգատար,
Որ մարմինն իմ ես լվանամ, այլև օծվեմ անուշաբույր.
{{տող|180}}Պերճությունն իմ կործանեցին աստվածները Օլիմպակյաց
Այն օրվանից, երբ կորակոր նավի վրա նա լող տվեց ու հեռացավ:
Բայց պատվիրիր, որ ինձ հետ գան Ավտոնոեն, Հիպպոդամիան,
Որպեսզի անդ ապարանքում իմ առջևում կամ իմ կողքին կանգնած լինեն,
Քանզի ամոթ է ինձ համար. տղամարդկանց առաջ մենակ դուրս չեմ գա ես»:
Ասաց այդպես, և դուրս գնաց պառավն իսկույն այդ սենյակից իր թագուհու,
Որպեսզի շուտ հայտնի կանանց և հորդորի, որ գան հապճեպ։
Մինչդեռ այլ բան անդ մտածեց Աթենասը՝ աստվածուհին պայծառաչյա,
Իկարիոսի աղջկա վրա նա քուն ցանեց մի քաղցրանուշ, և նա, թեքված
Իր մահիճին, քնեց հանկարծ, իսկ անդամներն անկողնու մեջ ողջ թուլացան:
{{տող|190}}Այնժամ նրան գեղեցկափայլ, անմահական, պերճ պարգևներ
Անդ շնորհեց աստվածուհին հրաշալի, որ հիանան աքեացիք.
Նախ նա նրա չքնաղ դեմքին քսեց վսեմ, նուրբ ամբրոսիա,
Որով միայն օծվում է միշտ պերճապսակ Ափրոդիտեն Կիթերուհի,
Երբ գնում է սիրահոժար նա վեհաշուք պարահանդեսն Քարիսների,
Ապա դարձրեց նրա կազմվածքն առույգ, լիքը, քաջահասակ և մեծաշուք.
Ճերմակագույն դարձրեց նրան, ուղիղ ինչպես փղոսկրը կոկ ու ողորկված։
Երբ գործն այդպես անդ ավարտեց, անհետացավ աստվածուհին։
Այնժամ տնից աղմկալի եկան դեպի Պենելոպեն խոհեմամիտ՝
Նաժիշտները լուսաթևիկ, մինչ քաղցրաբույր քունն հեռացավ սնդ նրանից.
{{տող|200}}Ձեռքով սրբեց նա իր այտերն և խոսքն ասաց այս բարձրաձայն.
«Ո՛հ, ի՞նչ անուշ քուն էր գրկել ինձ, թշվառիս այս տարաբախտ.
Ա՜խ, երանի՜ ինձ այժմ ևեթ մի քաղցրալից մահ շնորհեր սուրբ Արտեմիսն,
Որպեսզի ես կականալիր այս ջայլանքով չխորտակեմ միշտ իմ հոգին՝
Կործանելով կյանքս ամբողջ, մեծափափագ կարոտելով իմ ամուսնուն,
Որն աքեյանց մեջ գերհռչակ էր քաջությամբ ամեն տեսակ և իմաստուն»։
Այդ ասելով՝ շուտ դուրս եկավ նա վերնատան շողշողենի իր սենյակից,
Բայց ոչ մենակ, քանզի նրան հետևեցին երկու նաժիշտ սպասուհի։
Դեպ խոսնայրները գնաց նա, կանանց հրաշք այդ դիցուհին։
Գնաց, կանգնեց դրանդու մոտ ամրակառույց տան դահլիճի՝
{{տող|210}}Այտերը յուր նուրբ շղարշի գեղեցկափայլ քողով ծածկած,
Եվ կանգնեցին նրան ընթեր չքնաղագեղ նաժիշտները երկու կողմից:
Այդ տեսնելիս՝ նրանց ծնկները թուլացան, նրանք սրտով սքանչացան,
Եվ բոլորն էլ խիստ ցանկացան պառկել նրա մահիճի մեջ, հանց կողակից:
Մինչ նա դիմեց և խոսքասաց Տելեմաքին, սիրատենչիկ իր զավակին.
«Տելեմաքոս, բնավ չունես դու քո սրտում անդեդև ու խելացի միտք,
Իբրև մանուկ, դու առավել խոհուն էիր, պատշաճորեն միշտ հոգատար:
Մինչդեռ հիմա մեծ ես արդեն և հասել ես պերճ հասակին քո չափահաս։
Եթե տեսնի օտար մի մարդ վայելչակազմ քո կերպարանքն ու պերճությունն,
Անշուշտ կասի, որ զավակն ես դու երջանիկ, գերահռչակ մի դյուցազնի,
{{տող|220}}Սակայն չունես դու քո սրտում խորհուրդ արդար և ոչ էլ խելք քաջահանճար։
Ի՞նչ անօրեն գործ է արված մեր տանն, այստեղ, մեր հարկի տակ,
Ինչպե՞ս է, որ թույլ ես տվել աստ անպատվել օտար մարդուն։
Եվ ի՞նչ, ասա. չէ՞ որ եթե եկվորը այդ, գտնվելով այստեղ, մեր տանն,
Այդպես կրի դսրովանքը չար ու պատիր անպատվության,
Այդ կը բերի մարդկության մեջ քեզ քարվականք ամոթալի ու խայտառակ»։
Եվ Տելեմաքը խորիմաց պատասխանեց իր մորն իսկույն և այն ասաց.
«Մա՜յր իմ, բնավ չեմ վրդովվում ես քո արդար զայրույթի դեմ,
Բայց ես, իրավ, խոհուն եմ այժմ, հասկանում եմ լավն ու վատը
Եվ ամեն գործ, մինչդեռ առաջ մանուկ էի ես մի անփորձ:
{{տող|230}}Սակայն, հարկավ, դեռ չեմ կարող հմուտ լինել, ամեն գործում ողջախորհուրդ,
Հալածում են ինձ ամենուստ շուրջս պատած թշնամիները դժնաբարք,
Որոնք նյութում են դավանքներ, մենակ եմ ես և անպաշտպան։
Արդ, վերջացավ մենամարտը օտարական այն շրջիկի և Իրոս,
Բայց ոչ կամքով խոսնայրների հաղթանակեց շրջիկն եկվոր, որ ուժեղ էր:
Ո՜հ, երանի՜, Զևս-զգոն հայր, դուք Աթենասև Ապոլլոն,
Եվ սեղեխները մեր տան մեջ, թույլ ծնկներով և տապալված,
Ոմանք այստեղ, այս հարկի տակ, ոմանք էլ անդ, մեր բակի մեջ,
Ջախջախվելով այնպես՝ անվերջ օրորեին գլուխն իրենց,
Ինչպես հիմա Իրոսն այնտեղ, դարպասի տակ, մեր բակի մոտ,
{{տող|240}}Նստած է թույլ ու գլխիկոր, մի հարբեցող թշվառական մարդու նման
Եվ չի կարող ոտքի վրա կանգնել անգամ, որ գեթ իր տուն վերադառնա
Կամ թե մի կերպ շարժվի, գնա, քանզի ջարդված են անդամներն իր սիրելի»:
Այսպես ահա իրարու հետ խոսում էին նրանք այնտեղ,
Մինչ Եվրիմաքն այնժամ դիմեց և խոսք ասաց Պենելոպե վեհ թագուհուն.
«Դո՜ւ, ով դստրիկ Իկարիոսի, Պենելոպե խոհեմամիտ, եթե իրոք,
Յասոնական Արգոսի մեջ աքեացիք քեզ տեսնեին ուղիղ այսպես,
Այս տունն այնժամ էլ առավել պիտ լցնեին բյուր հոմանի և քաջ խոսնայր,
Պիտ հրճվեին անդուլորեն, քանզի դու ես վե՜հն, գերազա՜նցը կանանց մեջ՝
Թե՛ պերճությամբ, թե՛ կազմվածքով քո մեծաշուք և թե՛ խելքով քաջահանճար»:
{{տող|250}}Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Եվրիմաքոս, իմ պերճությունն, իմ տեսքն ու շուքն, իմ արժանիքն
Անմահները կործանեցին, երբ դեպ Իլիոն արշավեցին արգիացիք,
Իսկ նրանց հետ գնաց նաև իմ ամուսին Ոդիսևսը։
Ավա՜ղ, եթե նա ետ դառնար և իմ կյանքը պահպաներ հաղթ ու հոգատար,
Փառքս ավելի մեծ կլիներ, և ամեն բան ավելի՜ լավ ու գեղեցիկ։
Այժմ ես անվերջ ցավի մեջ եմ, ինձ այսպիսի տանջանքի մեջ գցեց աստված։
Մինչ երբ որ նա, հեռանալիս, թողեց երկիրն իր հայրենի,
Բռնեց, սեղմեց աջ ձեռքը իմ ու բարբառեց և խոսք ասաց.
«Ա՜յ կին, բնավ ես չեմ կարծում, որ Տրոյայից ողջ ու առողջ և անվնաս
{{տող|260}}Իրոք ետ գան բոլորեքյան աքեացիք գեղասրունք,
Քանզի, ինչպես ճիշտ ասում են, հզորազոր մարտել գիտեն տրոյացիք,
Նիզակավոր մարդիկ են քաջ ու քաջավարժ նետաձիգներ՝
Արագավազ նժույգներով լավ արշավող։ Նրանք կարող են հաջողակ՝
Հեշտ որոշել զորքի ուժով ամբոխների պատերազմի ելքն ահավոր,
Ուստի և այժմ ես չգիտեմ, արդյոք աստված թույլ կտա՝ ինձ ետ դառնալ տուն,
Թե՞ պիտ կորչեմ ես Տրոյայում, իսկ դու այստեղ այս ամենը լավ խնամիր,
Հիշի՜ր միայն իմ հորն ու մորն, մեր տանն, այստեղ, նրանց հոգա և պահպանիր,
Ինչպես հիմա կամ թե նույնիսկ ավելի լավ, երբ ես քեզնից հեռու լինեմ:
Երբ որ որդին իմ մեծանա, և մեծի պես արդեն մորուք նա ունենա,
{{տող|270}}Դու կարող ես մարդու գնալ, ում ցանկանաս և հեռանալ իմ այս տնից»։
Այդպես խոսեց նա, մեկնելիս, և այժմ արդեն կատարվում է ամենը այդ։
Մոտալուտ է, կգա շուտով մութ գիշերը, կկատարվի
Անիծյալիս ամուսնությունն, որից Զևսը խլեց, ավա՜ղ, երջանիկ օրն:
Կա նաև այլ մի դաժան վիշտ, որ մաշում է միշտ իմ հոգին.
Խոսնայրները մի ժամանակ բնավ այնպես չէին վարվում, ինչպես հիմա.
Ով իր համար չքնաղագեղ և ազնվագույն կին ցանկանար
Կամ դստերը երևելի, հարուստ մարդու, խիստ մրցելով ուրիշի հետ՝
Նա բերում էր իր հետ եզներ և պարարուն հույր ոչխարներ, իբրև նվեր
Իր խնամու խրախճանքին, նա տալիս էր և ընծաներ պերճ ու վսեմ,
{{տող|280}}Եվ բնավին անպատիժ չէին կործանում ստացվածքը, գույքն ուրիշի»
Այդպես ասաց, խորունկ խնդաց աստվածազարմ Ոդիսևսը բազմահամբեր,
Զի նրանցից նա նենգաբար, ճարտար խոսքով, հմայելով նրանց հոգին
Ընծանե՜ր էր միշտ ստանում, բայց որոճում էր իր սրտում նա այլ մտքեր»։
Եվ թագուհուն այդ ժամանակ իր խոսքն ասաց Անտինոոսը Եվպիթածին,
«Դու, ով դստրիկ Իկարիոսի, Պենելոպե խոհեմամիտ,
Ընդունիր քո նվերներն այժմ, որ աքեյանք քեզ կը բերեն մեծափափագ
Անվայել է չընդունել այն ընծաները, որ տալիս են մարդիկ սրտանց,
Իսկ այստեղից այժմ այլ գործի, մեր տուն կամ այլ տեղ չենք գնա,
Մինչև չընտրես աքեյանց մեջ քեզ ամուսին, ում գերազանց դու համար»:
{{տող|290}}Այդպես ասաց Անտինոոսը, և այդ խոսքերն հավանեցին բոլորն այստեղ,
Ու ամեն մեկը անհապաղ բանբեր կանչեց, որ բերի նոր, պերճ ընծաներ:
Բերեց բանբերն Անտինոոսի գեղեցկափայլ, նկարազարդ ու երփներանգ
Մի քղամիդ, որի վրա կային ոսկի տասնևերկու շքեղ ճարմանդ,
Որ հեղուսվում, կոճկվում էին կեռիկներով գեղեցկափայլ։
Այնուհետև բերեց բանբերն Եվրիմաքի քառամանյակ մի գեղեցիկ,
Ոսկեկառույց, դեղին սաթով ընդելուզված, արևի պես շողշողենի։
Զույգ ծառաներն Եվրիդամի բերին, տվին երեք պայծառ օղեր ու գինդ՝
Հրաշակերտ, լուսանշույլ, եռականի չքնաղ հակինթ։
Եվ Պոլիկտոր քաջի որդի Պիսանդրոսի բանբեր ծառան
{{տող|300}}Վզնոց բերեց պերճապաճույճ, հանց զարդարանք մի թանկարժեք,
Նաև շքեղ այլ ընծաներ անդ բերեցին մյուս աքեյանք,
Բայց բարձրացավ դեպ վերնատուն Պենելոպեն՝ չքնաղ կինը,
Եվ նրա հետ նաժիշտները վերցրին, տարան նվերներն այդ շքեղաշուք:
Մինչ սկսեցին սեղեխները երգն ու պարերն հրապուրիչ, սրտին հաճո:
Հրճվում էին նրանք այդպես՝ սպասելով, որ գա գիշերը մթնշաղ:
Այդպես անվերջ անդ հրճվելիս՝ վրա հասավ և գիշերը սև ու մթին,
Իսկույն նրանք պատրաստեցին գավթում երեք կրակարան լուսացայտ,
Որ լույս սփռեն ապրանքին, և շարեցին դրանց շուրջը
Վաղուց արդեն լավ չորացած, սուր պղնձով նոր կտրատված վառելիք փայտ
{{տող|310}} Ու խցկեցին կրակի մեջ նաև կպրոտ մարխ ու տաշեղ։
Ոդիսևսի ստրկուհիք այնտեղ հերթով հսկում էին այդ կրակին,
Ես մոտեցավ այնժամ նրանց աստվածազարմ Ոդիսևսը ու խոսք ասաց.
«Դո՜ւք, ստրուկներ Ոդիսևսի, բացակայող թագավորի,
Գեթ դնացեք գերամեծար ձեր թագուհու սենյակն, այնտեղ,
Թել ոլորեք աղեկատով, որ գեթ այդպես ձեր տիրուհին մխիթարվի,
Կամ վերնատանն, այնտեղ նստած, ձեռքով աշխույժ գզեք, սանրեք բուրդը պես-պես:
Իսկ կրակին ես կհսկեմ՝ լույս սփռելով աստ ամենքին:
Եթե նույնիսկ այժմ ցանկանան սրանք մնալ մինչ Արշալույսը ոսկեգահ,
Հոգնածություն ես չեմ զգա, քանզի չէ՞ որ բազմահամբեր մի մարդ եմ ես»։
{{տող|320}}Ասաց այդպես, և նայեցին ստրուկները իրար դեմքի ու ժպտացին,
Սակայն նրան հայհոյական խոսքեր ասաց գեղեցկուհի Մելանթոն.
Դստրիկն էր դա Դոլիոսի, որին սակայն խնամել էր Պենելոպեն,
Սնուցել էր, հանց իր որդուն, տվել զգեստներ, զարդարանքներ,
Բայց և այնպես նա սրտագին չէր մտածում Պենելոպե տիկնոջ մասին,
Այլ սիրում էր Եվրիմաքին, նրա հետ էր սիրով կապված։
Ահավասիկ, Ոդիսևսին նա նախատեց, հայհոյական խոսքեր ասաց.
«Խելակորո՜ւյս դու հեգ մուրիկ, գուցե կորցրել ես խելքդ դու.
Ինչո՞ւ, ասա, չես գնում դու գիշերելու դարբնոցում
Կամ չես գնում դեպի պանդոկ, այլ ձավրում ես այստեղ լկտի ու բացբերան,
{{տող|330}}Հանդգնաբար, առանց վախի, խոսք ես խոսում հավաքի մեջ բյուր քաջերի։
Գուցե գինին խելքդ ցրեց, գուցե այդ է քո իսկական էությունը,
Եվ շնորհիվ դրան դու միշտ ունայնախոս բարբաջում ես այդքան անփույթ:
Հպարտացել ես գուցե դու, որ հաղթեցիր այժմ Իրոսին աղքատ ու խեղճ,
Տե՛ս, որ քո դեմ աստ չկանգնի այժմ Իրոսից շատ ավելի հզոր մի քաջ,
Որն հաղթական իր ձեռքերով կջախջախի քո գլուխն այդ անբարեհաճ
Ու քեզ տնից դուրս կգցի, քեզ, թշվառիդ՝ արյունի մեջ խիստ թաթախված»:
Խեթ նայելով նրան իսկույն՝ իր խոսքն ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Արդ, կգնամ և քո լուտանքն ես կհայտնեմ Տելեմաքին, վայրահաչ շուն,
Որ տեղնուտեղը քեզ գզի, պատառ-պատառ անի իսկույն»։
{{տող|340}}Այդպես ասաց և իր խոսքով ահաբեկեց բոլոր կանանց,
Եվ հեռացան նրանք տան մեջ, քանզի ահից նրանց ծնկները ծալվեցին։
Կարծում էին, որ մուրիկը պատմելու է այժմ ամեն ինչ ու ճշգրիտ,
Մինչ կանգնած էր կրակներին անդ առընթեր Ոդիսևսը լուռ, անքթիթ
Եվ հսկում էր հանդարտ վառվող շողշողենի այն լույսերին, իսկ իր հոգին
Ալեկոծվում էր այլ մտքով, որն անխուսափ պիտ կատարվեր:
Աթենասն էլ սեղեխներին անդ չզսպեց ամենևին
Եվ չընդհատեց լուտանքն ստոր, սրտակոտոր, որ ավելի խիստ բորբոքի
Վիշտն ու վրեժը սրտի մեջ Լաերտածին Ոդիսևսի:
Այսպես ահա անդ բարբառեց և խոսք ասաց Պոլիբոսյան Եվրիմաքոսն՝
{{տող|350}}Ոդիսևսին խիստ ծաղրելով, ու հարուցեց հըռհըռոցը ընկերների.
«Ի՜նձ լսեցեք, գերահռչակ վեհ թագուհու դուք խոսնայրներ,
Ահավասիկ, ձեզ խոսք կասեմ, որ ներշնչում է ինձ սիրտս իմ կրծքի տակ.
Աստվածների կամքով է լոկ Ոդիսևսի տուն եկել այս մուրացկանը,
Եվ լույսը այս, որ կա այստեղ, կրակներից չէ բնավին, այլ միմիայն
Նրա գլխից, կունդ ճակատից, քանզի վրան չկա նույնիսկ մի հատ մազիկ»:
Ասաց այդպես և անհապաղ խոսքը ուղղեց Ոդիսևսին քաղաքավեր.
«Օտարակա՜ն, եթե ինձ մոտ ես քեզ վերցնեմ, արդյոք կուզե՞ս ծառայել ինձ.
Քեզ կառաքեմ ես կալվածքիս ծայրամասերն և բավական վարձ կտամ քեզ,
Կհավաքես անդ փշենիք և կտնկես բարձրասաղարթ այնտեղ ծառեր։
{{տող|360}}Ես այստեղից հաց ու ուտեստ կհասցնեմ քեզ հանապազ և անաղարտ,
Կհագցնեմ քեզ հագուստներ, կտամ նաև ոտքի համար ոտնամաններ:
Սակայն գուցե դու չե՞ս ուզում գործ կատարել, գնալ ազնիվ աշխատանքի,
Այլ լավ գիտես վատ արարքներ և ցանկանում ես դու անշուշտ
Մուրալ, շրջել միշտ դռնեդուռ, որ կերակրեն քո որովայնը միշտ անկուշտ»:
Պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Եվրիմաքոս, եթե իրոք աշխատանքով մենք դիմեինք մի մրցանքի,
Խոտ հնձեինք գարնան պահին, երբ օրերն են դառնում արդեն երկարատև,
Եվ ես ձեռքիս ունենայի գեղեցկակերտ, կոր գերանդի,
Նույնը և դու ունենայիր, ու լինեինք երկուսովս էլ անդ անոթի,
{{տող|370}}Մենք փորձեինք խոտը հնձել առավոտից մինչ իրիկուն,
Եվ կամ եթե չորս օրավար մեծ արտի մեջ, ուր հլու է հողն արօրին,
Մեզ հանձնեին քշել եզներն ընտիր ու մեծ և շիկագեղ ու գերազանց,
Նույն զորությունն և նույն հասակը ունեցող, բայց կուշտ կերած,
Կարողությամբ իրենց ուժեղ, դեռ ուժասպառ բնավ չեղած,
Այնժամ անշուշտ կտեսնեիր, թե ինչպե՛ս եմ անվերջ ճեղքում ես ակոսներ:
Կամ, վերջապես, եթե հիմա, այսօր ևեթ Կրոնոսյանը բորբոքեր
Ժանտ պատերազմ, և ես իրոք ունենայի երկու նիզակ ու լավ ասպար, ա
Պղնձակուռ նաև կորդակ, հարմարագույն գլխիս համար,
Այժամ դու ինձ կտեսնեիր նախահարձակ շարքերի մեջ քաջ մարտելիս
{{տող|380}}Եվ ինձ բնավ չէիր կարող անկուշտ, ագահ փորի համար դու պարսավել:
Մինչ նպե՜րտ ես դու չափազանց և չարանենգ հոգի ունես
Եվ դու միայն նրա համար մեծագույն ես քեզ համարում ու կորովի,
Որ միշտ այստեղ գտնվում ես հավաքի մեջ այս դժնաբարք, չնչին մարդկանց։
Ա՜խ, եթե գար, վերադառնար հայրենավանդ իր երկիրը քաջ Ոդիսևսն,
Դռները այս այն ժամանակ, թեպետ և շատ լայնալիր են և ընդարձակ,
Քեզ նեղ, անձուկ պիտ թվային, երբ փախչեիր դու խուճապով, ահաբեկված»:
Ասաց այդպես, խիստ կատաղեց Եվրիմաքոսն իր սրտի մեջ,
Ուստի և նա, Ոդիսևսին խեթ նայելով, այս խոսքն ասաց իր թևավոր.
«Ո՜հ, դու թշվա՜ռ, քեզ արժանի Ժանտությունն իր ես ցույց կտամ ահա իսկույն։
{{տող|390}}Հանդգնագո՜ւյն, որ քաջերիս հավաքի մեջ մրթմրթում են այդպես դատարկ.
Չե՞ս վախենում, գուցե գինի՞ն խելքդ ցրեց, կամ ա՞յդ է քո էությունը,
Եվ շնորհիվ դրան դու այժմ վատաբերան բարբաջում ես փուչ և անփույթ:
Հպարտացել ես գուցե դու, որ հաղթեցիր այժմ Իրոսին այն մուրացկան»։
Այդպես գոռաց նա բարձրաձայն և կատաղի վերցրեց, նետեց աթոռակը:
Ոդիսևսը, վախենալով, իսկույն չոքեց դուլիքիոնցի Ամփինոմի
Ծնկների մոտ։ Զարկվեց աթոռը աջ թևին գինեբաշխի,
Գավն ահարկու, մեծ բոմբյունով, թնդաց, ընկավ իսկույն գետնին,
Իսկ գինեբաշխն աղաղակեց և փոշու մեջ ցած գլորվեց բերանքսիվայր,
Խռովահույզ սեղեխները աղմըկեցին ապարանքում ստվերամած,
{{տող|400}}Եվ ոմանք էլ, իրար դեմքի խիստ նայելով, այսպես էին խոսում այնտեղ.
«Ո՜հ, երանի՜ թափառման մեջ, նախքան գալուստը իր այստեղ,
Այն մուրացկանը կործանվեր, որ չհուզեր մի այսպիսի հուզմունք մեր մեջ։
Հանուն դժբախտ մի շրջիկի՝ լի գժտությամբ վիճում ենք մենք, ահավասիկ.
Էլ ի՞նչ խնջույք, էլ ի՞նչ հաճույք սրտի համար, երբ հաղթում են ստոր մարդիկ»։
Եվ բարբառեց այնժամ նրանց սուրբ զորությունը ազնվագույն Տելեմաքի.
«Բարեկամնե՜ր, մոլեգնում եք կատաղորեն և չեք թաքցնում դուք ազդեցիկ
Ուժն ուտեստի կամ խմիչքի։ Աստվածն է ձեզ խիստ գրգռում.
Խնջույքն արդեն ավարտեցիք, ուստի հիմա տուն գնացեք քուն մտնելու
Եվ կամ ինչպես ցանկանում եք. չեմ վռնդում ես ոչ ոքի»։
{{տող|410}}Այդպես ասաց, բոլորն իսկույն շրթունքները ատամներով կրծոտեցին
Եվ զարմացան, որ Տելեմաքն այդպես խոսեց քաջախիզախ ու խելացի:
Մինչ Նիսոսի՝ Արետոսյան թագավորի փառավոր զարմն՝ Ամփինոմը,
Այնժամ դիմեց խոսնայրներին և, ճառելով, այս խոսքն ասաց.
«Սիրելինե՜ր, թող որ ոչ ոք, վիրավորված, չզայրանա ամենևին
Արդարացի և ճիշտ ասված խոսքի համար և թող ոչ ոք
Չհանդգնի ձեռք տալ այստեղ այս շրջիկին, ոչ էլ նույնիսկ ստրուկներից
Մեկնումեկին, որ ապրում են ապարանքում աստվածազարմ Ոդիսևսի,
Եվ թող հիմա գինեբաշխը այս բաժակները շուտափույթ գինով լցնի,
{{տող|420}}Որպեսզի մենք հեղում անենք և այնուհետ քուն մտնելու մեր տուն գնանք:
Իսկ մուրիկին մենք կթողնենք Ոդիսևսի տանը, կողքին Տելեմաքի,
Քանզի չէ՞ որ նա կել է նրա տունը և օթևանը սիրելի»։
Այդպես ասաց, և բոլորը ասված խոսքը հավանեցին:
Մինչդեռ իսկույն բանբեր հերոսն՝ Մուլիոսը դուլիքիոնցի,
Որ ծառան էր Ամփինոմի, խառնարանում խառնեց գինին
Եվ ժրաժիր մատռվակեց անդ բոլորին։ Հեղում արին աստվածներին,
Ապա իրենք Ճաշակեցին քաղցր գինին մեղրանուշիկ:
Երբ հեղումը կատարված էր, և խմեցին, որքան սիրտն էր փափագում այդ,
Շուտ դուրս եկան ու գնացին քուն մտնելու, ամեն մեկը դեպի իր տուն։
</poem>
== Երգ տասնիններորդ։ Ոդիսևսի և Պենելոպեի տեսակցությունը. Ոտնլվա ==