:Գիշերվա դեմ «Մենըր» ֆերմայի տեր Ջոնզը կողպեց հավաբները, սակայն չափից դուրս հարբած էր, որպեսզի հիշեր գոմերը փակել։ Շորորալով, լապտերի լույսը դեսուդեն պար տալով, նա ետնամուտքի մոտ դեն շպրտեց սապոգները եւ, լվացքասենյակի տակառից մի վերջին կուժ գարեջուր քաշելով, դիմեց վեր, ուր արդեն խռմփում էր միսիս Ջոնզը։
: Ննջասենյակի լույսը մարելուն պես՝ ֆերմայի կառույցներով մեկ իրարանցում սկսվեց։ Ցերեկով խոսք էր տարածվել, թե ծեր Գնդապետը, մրցանակակիր ճերմակ կինճը, նախորդ գիշեր արտասովոր մի երազ է տեսել եւ ուզում է այն հաղորդել մնացած անասուններին։ Որոշվել էր հավաքվել մեծ ամբարում, հենց որ միստր Ջոնզը բարով խերով քաշվի մի կողմ։ Ծեր Գնդապետը (նրան միշտ այդպես էին կոչում, չնայած նա ցուցադրվում էր ուրիշ անվան տակ՝ Վիլինգդոնյան Հրաշք) ֆերմայում այնքան մեծ հարգանք էր վայելում, որ ամեն ոք հոժարաբար զոհեց իր մեկ ժամվա քունը՝ նրա ասելիքը լսելու համար։
: Ամբարի մի ծայրում, հեծանից կախված լապտերի տակ, Գնդապետն արդեն թիկն էր տվել ծղոտին, բեմի նման մի հարթակի վրա։ Նա տասներկու տարեկան էր եւ վերջերս բավական գիրացել էր, բայց եւ այնպես դեռեւս սքանչելի տպավորություն գործող մի խոզ էր, իմաստուն ու բարյացակամ տեսքով, չնայած այն հանգամանքին, որ նրա ժանիքները երբեք չէին կտրվել։ Շատ չանցած սկսեցին ժամանել նաեւ մյուս անասունները եւ իրենց հարմար ձեւով տեղավորվել։ Առաջինը երեք շներն էին՝ Զանգակը, Ջեսին ու Փինչըրը, ապա՝ խոզերը, որոնք ծղոտին փռվեցին անմիջապես հարթակի կողքին։ Հավերը թառեցին պատուհաններին, աղավնիները թեւածելով ծվարեցին կտուրի հեղ գերաններին, ոչխարներն ու կովերը պառկեցին խոզերի հետեւում ու սկսեցին որոճալ։ Երկու գրաստները՝ Դմբուզն ու Երեքնուկը, ներս մտան միասին, դանդաղ ու զգուշորեն գցելով իրենց փրչոտ սմբակները, որ հանկարծ հարդի մեջ մի մանր էակի չտրորեն։ Երեքնուկը կյանքի կեսը բոլորող պարարտ մի զամբիկ էր, որն իր չորրորդ քուռակից հետո այդպես էլ չէր վերականգնել նախկին կեցվածքը։ Դմբուզը հսկա մի գազան էր, համարյա տասնութ թիզ բարձրությամբ՝ երկու սովորական ձիու ուժի տեր։ Քթով իջնող սպիտակ բիծը նրան փոքր֊ինչ տխմար տեսք էր տալիս․ ինչեւէ, նա օժտված չէր առաջնակարգ բանականությամբ սակայն համատարած հարգանք էր վայելում որպես կայուն նկարագրի եւ անսահման աշխատունակության տեր։ Ձիերից հետո ներս մտան Մյուրիելը՝ սպիտակ այծը, եւ Բենիամինը՝ էշը։ Բենիամինը ֆերմայի ամենաերկարակյաց անասունն էր եւ՝ ամենադժվարահաճը։ Նա սակավախոս էր, իսկ խոսելիս սովորաբար ցինիկ մի դիտողություն էր անում, օրինակ, ասում էր, որ Աստված իրեն պոչ է պարգեւել ճանճերին քշելու համար, սակայն ինքը կնախընտրեր, որ ոչ պոչը լիներ, ոչ էլ ճանճերը։ Նա միակն էր ֆերմայի անասուններից, որը երբեք չէր ծիծաղում։ Պատճառը հարցնելիս, նա պատասխանում էր, որ ծիծաղելու առիթ չի տեսնում։ Բայց եւ այնպես, առանց բացեիբաց այդ ընդունելու, նա նվիրված էր Դմբուզին, եւ հաճախ երկուսը կիրակիներն անց էին կացնում միասին՝ բոստանի հետեւում հետեւից փոքրիկ ցանկապատած հողամասում կողք֊կողքի լուռ կանգնելով։
: Հազիվ էին երկու ձիերը տեղավորվել, երբ ամբար լցվեց մորը կորցրած բադիկների մի երամ՝ կամացուկ ծվծվալով, նրանք դես ու դեն էին անում, որ ոտքի տակ չընկնեն։ Երեքնուկն իր հսկա ոտքով նրանց պատսպարեց, եւ բադիկները տեղնուտեղը պառկեցին ու քուն մտան։ Վերջին րոպեին, մի կտոր շաքարը բերնին, կոտրատվելով ներս ճեմեց Մոլլին, սիրունիկ ու հիմար զամբիկը, որը քաշում էր միստր Ջոնզի երկանիվ կառքը։ Նա տեղ գրավեց առջեւում եւ սկսեց տարուբերել իր ճերմակ ճերմակ բաշը՝ հուսալով ուշադրություն հրավիրել մազերին հյուսված կարմիր ժապավենին։ Կատուն եկավ ամենավերջում, սովորականի պես նայեց շուրջը՝ ամենատաքուկ տեղը փնտրելով, եւ վերջապես խցկվեց Դմբուզի եւ Երեքնուկի միջեւ, ինքնագոհ մռմռալով Գնդապետի ճառի ամբողջ ընթացքում՝ առանց ականջ դնելու վերջինիս եւ ոչ մի խոսքին։
: Հիմա արդեն ներկա էին բոլոր անասունները, բացի Մովսեսից, ձեռնասուն ագռավից, որը քնում էր ետնամուտքի կողքի ցցին թառած։ Համոզվելով, որ բոլորը, հարմար դիրք ընդունած, ուշադիր սպասում են, Գնդապետը կոկորդը մաքրեց եւ սկսեց․