: Ֆերնան Գրենիեն, Ժան Պոնսը եւ պրոֆեսոր Ալեսանդրին միասին ճանապարհորդում էին կարծեմ հարյուր հիսունինը ուղեկիցներով, որոնք բոլորն էլ իրենց նման «ԽՍՀՄ֊ի բարեկամներն» էին։ Զարմանալի չէ, որ այդ երեք մեղադրողների վկայությունները (մեղադրյալը ես եմ) ընդհանրություններ ունեն։ Այն թվերը, որ նրանք բերում էին իմ սխալն ապացուցելու համար, նույնն են․ թվեր, որ նրանց տրամադրել են, եւ որ նրանք ընդունել են առանց վերստուգման։
: Կաշխատեմ բացատրել, թե որքան վատ են նրանք գլուխ հանում այն թվերից, որ տալիս են նրանց այլ վկաներ՝ անկասկած ավելի քաջատեղյակ, քանզի երկար աշխատել են ԽՍՀՄ֊ում եւ ժամանակ են ունեցել թափանցել «տակի ոլորտները», մինչդեպ այդ հարյուր վաթսուներկու ուղեւորներն ընդամենն անցել են այնտեղով։ Նրանց ճանապարհորդությունը տեւել է քսան օր, որից միայն տասնչորսը՝ Ռուսաստանում, օգոստոսի 14֊ից 28֊ը։ Այդ կարճ ժամանակամիջոցում նրանք հասցրել են շատ բան տեսնել․ բայց միայն այն, ինչ նրանց ցույց են տվել։ Նրանցից (նկատի ունեմ իմ երեք մեղադրողներին) ոչ մեկը ռուսերեն չգիտեր։ Հուսով եմ, նրանք ինձ թույլ կտան իմ հերթին մակերեսային համարել նրանց հայտարարությունները։ Ինչպես արդեն ասել եմ, քանի դեռ A. E. F.֊ում ճանապարհորդում էի «ուղեկիցների» հետ, ամեն ինչ հրաշալի էր թվում։ Իրականությունը ես հայտնաբերեցի միայն այն ժամանակ, երբ թողեցի ղեկավարների մեքենան եւ որոշեցի միայնակ շրջել երկրում, ոտքով, որպեսզի կարողանամ այդ վեց ամիսների ընթացքում ուղղակի հաղորդակցության մեջ մտնել տեղացիների հետ։
: Օ՜հ, Աստված վկա, ես էլ եմ ԽՍՀՄ֊ում տեսել այդ մոդել֊գործարանները, ակումբները, դպրոցները, կուլտուրայի այգիները, մանկապարտեզները, ինձ էլ են հիացրել դրանք, եւ այնուամենայնիվ, ի տարբերություն Գրենիեի, Պոնսի ու Ալեսանդրիի, եւ ես ուզում էի, որ ինձ գայթակղեն, որպեսզի իմ հերթին գայթակղեի ուրիշներին։ Եվ քանի որ գայթակղելն ու գայթակղվելը հույժ հաճելի բան են, կկամենայի, որ նշված պարոնայք համոզվեն, թե այդ գայթակղությանը հակառակվելու համար պետք է որ շատ անառարկելի պատճառներ ունենայի։ Եվ որ ես դա չեմ անում «մակերեսայնորեն», ինչպես ասում են նրանք։
***:***
: Ժան Պոնսի բարեխղճությունը պատկառելի է, եւ հուզիչ է նրա դյուրահավատությունը<ref>Գոնե, երբ չի սկսում կատակել, ինչպես օրինակ, երբ գրում է․ «Ընդունելության սրահում… տեսնում եմ Միներվայի, Յուպիտերի, Դիանայի արձանները։ Բանվորներն ընդամենը մի փոփոխություն են կատարել։ Նրանք ավելացրել են Լենինի բրոնզե կիսանդրին։
: Առաջին հայացքից անհաստանալի է թվում, թե ինչ կապ կարող է լինել Լենինի եւ Միներվայի միջեւ։ Սակայն․ դա իրականություն է։ Դա ապացուցում է, որ կոմունիզմը մարդկության բազմադարյա թատմության պատմության բնական, տրամաբանական եւ անխուսափելի հետեւանքն է, ամենաբարձր եւ ամենաբարոյական մշակույթի ժառանգորդը» (խորհրդային թերթեր)։</ref>, ինչպես ամեն բան, ինչ ասում են նրան, ինչպես ես էի անում մի ժամանակ, առանց քննության, քննադատության եւ կասկածի։ Ի հակադրություն այն թվերի, որ տալիս է նա (կամ Ալեսանդրին ու Գրենիեն), օրինակ, մի գործարանի արտադրողականության վերաբերյալ եւ որոնք ես տարօրինակ եմ համարում, այդ ընկերների դիտարկմանն եմ առաջարկում 1936֊ի նոյեմբերի 12֊ի «Պրավդայից» քաղված մի քանի խոստովանություններ։
: «Երկրորդ եռամսյակի ընթացքում Յարոսլավլի գործարանի արտադրած ավտոմոբիլային պահեստամասերի լիարժեք քանակության մեջ արձանագրվել է 4000 խոտան, իսկ երրորդ եռամսյակի ընթացքում՝ 27270 խոտան (եւ վիճակագրությունը հպարտությամբ հրապարակում է միայն այդ թվերը)»։
: Դեկտեմբերի 14֊ի համարում «Պրավդան», խոսելով որոշ գործարանների կողմից մատակարարվող պողպատի մասին, ասում է․ «Եթե փետրվար֊մարտ ամիսներին արտադրվում էր 4.6% մետաղ, ապա սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին նրա արտադրությունը հասել է 16.20%֊ի»։