Դուռը փակելուն պես, գավազանը դրեց մի կողմ, բաճկոնը հանեց, գնաց խոհանոց և մի բաժակ սառը կաթ խմեց։
Գեստարմուսը ատլետիկ կազմվածք ուներ։ Հասակը մեկ մետր իննսուն սանտիմետր էր և, ամեն առավոտ, կես ժամ նվիրում էր մարզանքին։ Զորեղ դեմք, քառակուսի ծնոտ, խիտ հոնքեր, ուղիղ քիթ, բաց ճակատ և ճոխ, գանգուր մազեր։ Ո՛չ դժբախտ էր, ո՛չ էլ դառնացած։ Ի ծնե կույր էր, բայց խուսափում էր կույրերից. կույրերի առաջացրած խղճահարությունը գրգռում էր նրան։ Նա գիտեր, որ որոշ կույրեր չափազանցում են և որ հստակատեսները սխալ պատկերացում ունեն կուրության մասին։ Սկզբում փորձել բացատրել, հետո հրաժարվեց այդ մտքից։ Գեստարմուսն այցելում էր իր մի քանի բարեկամներին և շատ լավ հարաբերությունների մեջ էր նրանց հետ։ Բարեկամները չէին նկատում Գեստարմուսի կուրությունը։ Նա էլ հենց այդ էր ուզում։ Հեռուստացույց էր լսում, Բրայլի սիստեմով տպագրված թերթեր էր կարդում, շաբաթը երեք անգամ փող էր նվագում մի ջազ֊նվագախմբում և զբաղվում սպորտով։ Մնացած ժամանակը նվիրում էր ընթերցանությանը։ Ամերիկյան ինստիտուտում Բրայլի սիստեմով տպագրված հարյուր հազարից ավելի հատոր կար նրա տրամադրության տակ։ Դասական և ժամանակակից հեղինակներ։ Կաթի վերջին կումը խմելով, սառնարանը փակեց և կանգնեց լայն բացված պատուհանի մոտ։ Օդը սառն էր։ Ժամը ութը կլիներ։ Արդեն մթնել էր։ Գեսաարմուսը, բոլոր կույրերի պես, ցերեկը ջոկում էր գիշերից։ Վառ լույսը խտուտ էր տալիս նրա ակնաբիբերը։ Օրինակ՝ ամռանը, արևն անտանելի էր։ Վերջիվերջո, նա սովորեց մեծ ու սև ակնոցին։ Ակնոցը հանում էր երեկոյան, անկողին մտնելուց առաջ։
Ֆրեդը դատապարտված է մահվան։ Դա անկարելի էր։ Երեք ամսից ի վեր նա բանտում է, և Գեստարմուսը չի կարողանում հաշտվել նրա բացակայությանը։ Ֆրեդի հետ հեշտ չէր ապրել։ Նա ընդամենը քսանվեց տարեկան էր, դյուրագրգիռ, կողմնապահ և անբարեխիղճ։ Բայց Գեստարմուսը, որ տասնհինգ տարով մեծ էր, իր որդու տեղն էր դնում նրան։ Ֆրեդը երբ ուշանում էր, Գեստարմուսն անհանգստանում էր։ Երբ մեքենայով ուղևորության էր գնում, Գեստարմուսը վատ էր քնում։ Դա անկարելի էր։ Նրանք չեն կարող մահապատժի ենթարկել եղբորը։ Ինչ֊որ մեկը ներում կշնորհի։ Տարվա վերջում, պայմանական ժամկետով նրան կազատեն։
Պատուհանը փակեց, պառկեց բազմոցին։ Հևում էր։ Այլևս Ֆրեդի ձայնը չլսել, այլևս չհսկել նրա ոտնաձայները, մենակ մնալ այս բնակարանում, որ կիսում էր նրա հետ։ Մեն-մենակ։