==ԳԼՈՒԽ 9==
Մելդեական Գանզերների Անձրևային անտառը խորունկ էր ու թավ․ մեղմիկ զեփյուռ էր շշնջում հսկա ծառերի մեջ,սահում պինդ հյուսված լիանաների արանքով ու կուզեկուզ սողում սրածայր խոտերի միջև։ Ջրի կաթիլներն ալարկոտ սղղում էին խառնիխուռն տերևների վրայով՝ ինչպես լաբիրինթոսում մոլորված հոգնաբեկ վազորդներ և ի վերջո հանգիստ էին գտնում ճահճանման անտարբեր հողի ընդերքում։ Ստվերները միախառնվում էին ու պար բռնում, մարում և վերստին հայտնվում, անիրական կյանքի կոչվելով բորբոսականաչ երկնքում հանգրվանած երկու հոգնատանջ արևների կողմից։ Գլխավերևում միայնակ թերենգոլը դայլայլում էր, որոնելով իր կողակցին, և ի պատասխան լսում էր գիշատիչ ցատկաթագի չարագուշակ կռկռոցը։ Եվ այդ տրտում անտառով, այնքան տանջալիորեն նման Երկրին, բայց այնքան տարբեր, քայլում էր Մարվին Ֆլինն իր օտարոտի մելդեական մարմնով, աչքերը հառած վար, փնտրելով գանզերի ձվեր, բայց չիմանալով, թե դրանք ինչ են։
Ամեն ինչ շատ արագ կատարվեց։ Մելդե հասնելու պահից նա ժամանակ չէր ունեցել մի վայրկյան հանգստանալու։ Հազիվ էր մարմնավորվել, երբ ուղիղ ականջի տակ ինչ֊որ մեկը սկսեց գոռալով հրամաններ տալ։ Ֆլինը հապճեպ հասցրեց հայացքը նետել իր չորս֊ձեռքանի, չորս֊ոտքանի մարմնին, փորձի համար պոչով կանաց մտրակեց գետնին և ականջները ծալեց֊դրեց մեջքին․ հետո նրան տարան մյուս բանվորների մոտ, ասացին բարաքի համարը և ճաշարանի տեղը, հարկ եղածից երկու անգամ մեծ ջեմպր տվեցին և կոշիկներ, որոնք ոտքերին համար էին, բացի առջևի ձախից։ Նա ստորագրեց ու ստացավ իր նոր արհեստի գործիքները․ մեծ սինթետիկ պայուսակ, մուգ ակնոց, կողմնացույց, ցանց, աքցան, ծանր մետաղե եռոտանի և բլաստեր։
Մարվինին ու մյուս բանվորներին շարք կանգնեցրին և մենեջերը՝ ձանձրացած ու գոռոզ մի ատրեյացի, կարճ դասախոսություն կարդաց։
Ֆլինն իմացավ, որ իր նոր ապրելավայրը գտնվում է Ալդեբերանի մոտակայքում՝ տիեզերքի մի խուլ հատվածում։ Մելդեն (որ այդպես էր կոչվում այնտեղ բնակվող հիմնական ցեղի՝ մելդեցիների պատվին) երկրորդ կարգի մի աննշան մոլորակ էր։ Կլիման այդտեղ դասակարգվում էր որպես «անտանելի» ըստ Հուրլիհան֊Չանցի տանելիության սանդղակի, բնական ռեսուրսները՝ որպես՝ «ծայրահեղ ցածր», գեղագիտառեզոնանսային գործոնը՝ (չծանրաբեռնված)՝ որպես «չտրամադրող»։
― Սա այն տեղերից չէ,― ասաց մենեջերը,― որ մարդ կնտրեր արձակուրդ գնալիս, կամ որևէ այլ բանի համար, բացի ծայրահեղ դիմացկունության պրակտիկայից։
Լսողները անհանգստությունից կամացուկ ծիծաղեցին։
― Այդուհանդերջ,― շարունակեց մենեջերը,― այս չսիրված ու անբարետես վայրը, գալակտիկական այս փորձանքը, տիեզերական այս ոչնչությունը իր բնակիների հարազատ տունն է, որը նրանք համարում են տիեզերքի ամենահրաշալի վայրը։
Մելդեցիները՝ հպարտ ու համառ այդ մարդիկ, ձեռքների եկածն արել էին, որ բարելավեն իրենց ժառանգած դժվարին կյանքը։ Հավերժական ձախորդներին հատուկ խիզախ վճռականությամբ, նրանք մշակել էին անձրևային անտառի եզրերը և շլացուցիչ լայնարձակ անապատներից անորակ հանքաքարերի աղքատիկ պաշար էին հավաքել։ Նրանց դժոխային համառությունը ոգևորող էր, բայց ափսոս որ հոգնեցուցիչ, իսկ նրանց ջանքերը հպարտ ոգու գովքը կլինեին, բայց ցավոք, անընդհատ վերջանում էին անհաջողությամբ։ Որովհետև, չնայած կատարվող ծանր աշխատանքին, մելդեցիները չէին արժանանում ոչնչի, բացի դանդաղ սովամահությունից՝ ներկայում և ռասսայական վերաբերման ու մահացման սպառնալիքից՝ ապագայում։
― Ահա սա է Մելդեն,― ասաց մենեջերը։― Կամ, ավելի ճիշտ, ահա թե ինչպիսին կլիներ Մելդեն, եթե չլիներ մի լրացուցիչ գործոն։ Այդ գործոնը հավասարակշռում է հաջողությունը և անհաջողությունը։ Խոսքը, իհարկե, գանզերի ձվերի գոյության մասին է։
― Գանզերի ձվե՛ր,― կրկնեց մենեջերը։― Ոչ մի ուրիշ մոլորակ դրանցից չունի և ոչ մի ուրիշ մոլորակ այդքան սուր դրանց կարիքը չի զգում։ Գանզերի ձվե՜ր։ Տիեզերքում ոչ մի բան այդքան չի համապատասխանում «ցանկալի» հասկացությանը։ Գանզերի ձվե՛ր։ Հարգանք մատուցենք դրանց։
Գանզերի ձվերը Մելդե մոլորակի միակ արտահանման առարկան էին։ Եվ, մելդեցիների համար բարեբախտաբար, այդ ձվերի պահանջարկը միշտ սուր էր։ Օրիխադեսում գանզերի ձվերն օգտագործվում էին որպես սիրային մասունքներ, Օպիուչուտ 2֊րդում դրանք աղում էին և ուտում որպես սեռական կարողություններն ուժեղացնող գերազանց միջոց, Մորիխադեսում, օրհնելուց հետո, խելահեղ քթենգիները երկրպագում էին այդ ձվերին։ Շատ ուրիշ օգտագործման ձևեր կարելի էր հիշել։
Այսպիսով, գանզերի ձվերը խիստ կարևոր բնական հարստություն էին, մելդեցիների ունեցած միակ հարստությունը։ Դրանց միջոցով մելդեցիները կարողանում էին քաղաքակրթության տանելի աստիճան պահպանել։ Առանց այդ ձվերի մելդեցիների ցեղն անշուշտ կկործանվեր։
Գանզերի ձու ձեռք բերելու համար հարկավոր է ընդամենը կռանալ ու վերցնել այդ ձուն։ Բայց ահա այստեղ որոշակի դժվարություններ էին թաքնված, քանի որ գանզերը (ինչը որ բնական էր) դեմ էին այդ բանին։
Գանզերներն անտառաբնակ արարածներ էին, ծագումով՝ սողուններ։ Նրանք խիստ վտանգավոր էին, խորամանկ, կատաղի, հմտորեն թաքնվում էին և բացարձակապես չէին ենթարկվում վարժեցման։ Այդ հատկությունները գանզերի ձու հավաքելը վերին աստիճանի վտանգավոր զբաղմունք էր դարձնում։
― Հետաքրքիր իրավիճակ է,― շարունակեց մենեջերը,― և ոչ զուրկ պարադոքսայնությունից, որ Մելդեում կյանքի հիմնական աղբյուրը նաև մահացության հիմնական պատճառն է։ Արժե, որ այդ մասին բոլորդ մտածեք աշխատանքային օրը սկսելուց առաջ։ Ուրեմն, զգույշ եղեք, ամբողջ ժամանակ աչալուրջ, յոթ չափեք մեկ կտրեք, խնայեք ձեր պետական կյանքները և արժեքավոր մարմինները, որ ձեզ վստահել են։ Բայց նաև հիշեք, որ պետք է կատարեք ձեր նորման, քանի որ ամեն մի պակաս ձուն արդեն նորմայի խախտում է և պատժվում է մեկ շաբաթվա հավելյալ աշխատանքով։ Հետևաբար եղեք զգույշ, բայց ոչ չափից դուրս զգույշ և եղեք համառ, բայց ոչ կուրորեն և համարձակ, բայց ոչ անխոհեմ և ջանադիր, բայց ոչ խելահեղ։ Հետևեք այս հասարակ կանոններին և դժվարություն չեք ունենա։ Բարի ճանապարհ, տղանե՛ր։
Մարվինն ու նրա գործընկերները շարքեր կազմեցին և երկու֊երկու քայլեցին անտառ։
Մեկ ժամից նրանք հասան աշխատանքային տեղամաս։ Մարվին Ֆլինն օգտվեց այդ առիթից և տասնապետին խնդրեց հրահանգներ տալ։
― Հրահանգնե՞ր,― հարցրեց տասնապետը։― Ի՞նչ ձևով տեսակի հրահանգներ (նա օրինաթացի էր և լեզուների հարցում առանձնապես ընդունակ չէր)։
― Ուզում եմ ասել, ի՞նչ պիտի անեմ։
Տասնապետը երկար մտածեց և ի վերջո պատասխանեց․
― Դու պիտի հավաքել գանզերի ձու։ (Զվարճալին այն էր, որ նա արտասանեց «գանցեր»)։
― Ես հասկանում եմ,― ասաց Ֆլինը։― Բայց ասածս այն է, որ նույնիսկ չգիտեմ, թե գանզերի ձուն ինչ տեսք ունի։
― Բան չկա,― պատասխանեց տասնապետը։― Դու որ տեսնել, իմանաս, այո, սխալ չկա։
― Այո, սըր,― ասաց Մարվինը։― Իսկ երբ գանզերի ձուն գտնեմ, վարվելու որևէ հատուկ կանոն կա՞։ Ուզում եմ ասել, ի՞նչ անեմ, որ չջարդվի, կամ․․․
― Վարվելո՞ւ,― ասաց տասնապետը,― դու վերցնել ձուն, դնում պայուսակի մեջ։ Հասկանա՞լ այս բանը, այո՞, ո՞չ։
― Իհարկե հասկանում եմ,― ասաց Մարվինը։― Բայց ես նաև կուզեի իմանալ, թե որքա՞ն է օրեկան պահանջվում հավաքել։ Ուզում եմ ասել, ինչ֊որ քանակային սիստեմ կա՞, ենթադրենք ըստ ժամերի։ Ինչպե՞ս պիտի իմանամ, երբ է նորման կատարված։
― Ա՜,― ասաց տասնապետը,― նրա լայն, բարեհոգի դեմքի արտահայտությունից զգացվեց, որ հասկացել է։― Մի խոսքով այսպես։ Դու վերցնում գանզերի ձու, դնում պայուսակ, եղա՞վ։
― Եղավ,― միանգամից պատասխանեց Մարվինը։
― Դու անում իրար հետևից մինչև պայուսակ լիքը, հասկացա՞ք։
― Իմ կարծիքով այս,― ասաց Մարվինը։― Լիքը պայուսակը ներկայացնում է իրական կամ իդեալական քանակությունը։ Մի րոպե նորից հերթով նշեմ, որպեսզի լրիվ վստահ լինեմ, որ հասկացա։ Նախ, ես հայտանբերում եմ գանզերի ձվերը, որպես հիմք ընդունելով համապատասխան Երկրային պատկերացումները և ըստ երևույթին առանց դժվարության ճանաչելով։ Երկրորդ, հայտնաբերելով ու ճանաչելով ցանկալի օբյեկը, ես կատարում եմ «իմ զամբյուղը դնելու» գործողությունը, որն ինձ պատկերվում է հետևյալ կերպ՝ ձեռքով բարձրացնել, որպես ընդհանուր գործողության սկզիբ, իսկ հետո շարունակել այդ սկզբնականից բխող այլ գործողություններով։ Երրորդ, X անգամ կրկնելով այս օպերացիան, որը կնշանակենք որպես S մեծություն, ես կստանամ SX=B! հավասարումը, որտեղ B֊ն ներկայացնում է պայուսակի պարունակությունը, իսկ !֊ն՝ X գործողությունների այն քանակությունը, որն անհրաժեշտ է B֊ն լցնելու համար։ Վերջապես, օպերացիաների ընդհանուր գումարը հասնում է ցանկալիին և ես վերադառնում եմ ճամբար, որտեղ դատարկում եմ պայուսակիս պարունակությունը։ Ճի՞շտ եմ պատկերացնում, սըր։
Տասնապետը պոչով կտտացրեց իր ատամներին և ասաց․
― Դու ինձ ձե՞ռք առնել, հը՞, բալիկ։
― Սըր, ես պարզապես կամենում էի վստահ լինել․․․
― Դու մեծ կատակ անում խեղճուկրակ գյուղացի օրինաթացու գլխին, հա, բա ոնց, հը՛։ Դու կարծում, որ այդքան խելոք, բայց չես այնքան խելոք։ Հիշեք, ոչ ոք չսիրում երևակայողներ։
― Ներողություն,― ասաց Մարվինը, պոչը հարգալից թափահարելով։ (Բայց նա անկեղծ չէր։ Սա արիության նրա առաջին դրսևորումն էր այն պահից, ինչ սկսվել էր վայրիվերոդ դեպքերի շարանը, և Մարվինն ուրախ էր հավաստիանալու, որ ընդունակ էր հոգու որոշ ամրություն դրսևորել, որքան էլ դա անժամանակ լիներ կամ սխալ մեկնաբանվեր)։
― Ինչևէ, ես կարծում դու հասկանալ գործի տարրական հիմքեր շատ լավ, դրա համար գնալ ու անել գործ մեծ, ու գլուխ չպահել, թե չէ ես ջարդեմ քո վեց կամ յոթ ոտք ու ձեռ, բռնե՞ց։
― Բռնեց,― ասաց Ֆլինը, շրջվեց ու վարգով ընթացավ անտառ՝ գանզերի ձվերի որոնումները սկսելու։
Գլուխ 10
Մարվին Ֆլինը թափառում էր ու մտածում, թե գանզերի ձուն ի՞նչ տեսք ունի։ Նա նաև երջանիկ կլիներ իմանալ, թե հանդերձանքը ի՞նչ նպատակով է գործածելու (արևի ակնոցն ի՞նչ օգուտ պիտի տար անտառի մութ թավուտում, դե իսկ ծանր եռոտանու դերն ընդհանրապես անհասկանալի էր)։
Նա անձայն քայլում էր անտառով, ռունգները լայնացրած, այսուայնկողմ ոլորելով չռած աչքերը, որոնց փայլը խամրել էր։ Մարվինի ոսկեգույն մորթին, որից ափիստիմի թույլ հոտ էր գալիս, ցնցվում էր հզոր մկանների խաղից՝ հանգիստ, սակայն կազմուպատաստ վայրկենաբար լարվելու։
Անտառը կանաչ ու գորշ գույների մի սիմֆոնիա էր, մերթընդմերթ հնչող լիանաների վառ կարմիր գլխավոր թեմայով, կամ յասաբաբայի ծիրանագույն օժանդակ թեմայով, կամ, ավելի հազվադեպ, նարնջագույն հարձակացախի խորհրդավոր հոբոյական սոլոյով, և այնուհանդերձ, մռայլ ու մտախոհ տրամադրություն էր առաջանում այդ անտառում, ինչպես լունապարկում լուսաբացից մեկ ժամ առաջ։
Բայց այն ի՞նչ է։ Այ այնտեղ։ Մի քիչ դեպի ձախ։ Այո, այո, բոկուծառի հենց տակ։ Մի՞թե․․․ Չլինի՞․․․
Ֆլինն աջ ձեռքով տերևները հեռու տարավ և կռացավ։ Այնտեղ, խոտի ու միահյուսված ճյուղերի արանքում, նա մի փայլփլուն առարկա տեսավ, որ նման էր թանկարժեք քարերով զարդարված ջայլամի ձվի։
Տասնեպետը ճիշտ էր։ Գանզերի ձուն ոչնչի հետ հնարավոր չէր շփոթել։
Մարվինը հիպնոսացվածի պես դիտում էր այդ եզակի առարկան։ Նա տեսավ միլիոնավոր հեքիաթային կրակներ, որոնք վառ փայլատակում էին ձվի թեք, խայտաբղետ մակերևույթին։ Ստվերները սահում էին ձվի վրայով կիսամոռացված երազների բուրմունքի պես, շարժուն տեսլիների նման թրթռալով ու զալարվելով։ Լուսաբացի ու մթնշաղի արձագանքները ողողեցին Մարվինի հոգին, աչքի առաջ գծագրվեցին բյուրեղյա առվակից անշտապ ջուր խմող նախիրներ, սպիտակ քարե ճանապարհի կողքին աճած տխրադալուկ նոճիներ։
Բայց հակառակ իր քնքուշ զգացմունքներին, Մարվինը ավելի կռացավ ու ձեռքը պարզեց, աներկմիտ վճիռ կայացնելով վերցնել գանզերի ձուն և բանտարկել սինթետիկ պայուսակի մեջ։ Նրա ձեռքը մեղմորդն դիպավ բոցկլտացող գնդին․․․
Նա արագ ձեռքը ետ քաշեց՝ բոցկլտացող գունդը շիկացած երկաթից տաք էր։
Մարվինը գանզերի ձվին նայեց մի նոր ձևով՝ ավելի հարգալից։ Այժմ նա հասկացավ, թե ինչի համար էին իրեն աքցան տվել։ Նա մոտ բերեց աքցանը և զգուշորեն փակեց ծնոտները բաղձալի սֆերոիդի վրա։
<references/>