==Գլուխ 11==
Հանկարծ․․․ ժամանակը կանգ առավ։ Մարվինը տեսա, թե ինչպես գանզերի երախը կիսաբաց քարացավ, արնակալած ձախ աչքը կիսաթարթ սառեց և ամբողջ ծանրումեծ մարմինը սեղմվեց ու անշարժացավ։
Գանզերի ձուն նույնպես անշարժ էր՝ ասես իր սեփական արձանը լիներ։
Զեփյուռը ճամփի կեսին կանգ էր առել։ Ծառերը մնացել էին լարված դիրքերով և մերթիփեյան բազեն անշարժացել էր թռիչքի կեսին ինչպես լարից կախված տիկնիկ։
Արևը դադարեցրել էր հավերժական իր շարժումը։
Եվ այդ տարօրինակ բնապատկերի միակ կենդանի շունչը՝ Մարվինը, սրտի թրթիռով հետևում էր գլխավերևից ձախ երեք ֆուտ բարձրության վրա ծագած անհասկանալի շարժմանը։ Շարժումը սկսվեց որպես փոշու պարուրաձև մրրիկ, լայնացավ, տարածվեց, հիմքում հաստացավ, իսկ գագաթում ուռուցիկ դարձավ։ Մրրիկն ուժեղացավ և վերաժվեց մարդկային ֆիգուրի։
― Խուզարկու Ո՛ւրդորֆ,― գոչեց Մարվինը։ Քանզի դա իրոք մարսեցի անհաջողակ խուզարկուն էր, որը խոստացել էր քննել Մարվինի գործը և վերադարձնել նրա օրինական մարմինը։
― Շատ կներեք այսպես մեջ ընկնելուս համար,― ասաց Ուրդորֆը, լրիվ նյութավորվելով ու ծանր թրմփալով գետնին։
― Փառք աստծո, որ եկաք,― ասաց Մարվինը։― Դուք ինձ փրկեցիք ծայրաստիճան տհաճ վախճանից և եթե հիմա օգնեք այս արարածի տակից դուրս գալ․․․
Բանն այն է,, որ գանզերի թաթը շարունակում էր Մարվինին պինդ սեղմել գետնին և, քանի որ պողպատի կարծրություն էր ստացել, Մարվինին թույլ չէր տալիս շարժվել անգամ։
― Ցավում եմ,― ասաց խուզարկուն ոտքի կանգնելով ու վրայի փոշին թափ տալով։― Բայց չեմ կարող։
― Ինչո՞ւ։
― Որովհետև կանոններին հակառակ է,― ասաց խուզարկու Ուրդորֆը։― Բանն այն է, որ ժամանակի արհեստական կանգնեցման (իսկ սա հենց այդպիսի կանգնեցում է) ընթացքում ցանկացած մարմնական տեղափոխություն կարող է պարադոքս առաջացնել, իսկ դա արգելված է, քանի որ կարող է ժամանակային ներքին պայթյուն առաջացնել, որը իր հերթին կարող է դեֆորմացնել մեր տարածքա֊ժամանակային հատվածի կառուցվածքային գծերը և այդպիսով կործանել տիեզերքը։ Այդ պատճառով ցանկացած տեղաշարժում պատժվում է մեկ տարվա բանտարկությամբ և հազար վարկ տուգանքով։
― Ա՜։ Ես չգիտեի,― ասաց Մարվինը։
― Վախենում եմ, որ այդպես է,― ասաց խուզարկուն։
― Հասկանում եմ,― ասաց Մարվինը։
― Ես հույս ունեի, որ կհասկանաք,― ասաց խուզարկուն։
Երկար ու անհարմար լռություն տիրեց։ Հետո Մարվինն ասաց՝ դե՞։
― Ներեցե՞ք,― ասաց Ուրդորֆը։
― Ես ասացի․․․ ես ուզում էի ասել, ինչո՞ւ եք եկել։
― Ա՜,― ասաց խուզարկուն։― Ես ցանկանում էի ձեզ մի քանի հարց տալ, որոնք անցյալ անգամ միտքս չէին եկել․ դրանք կօգնեն գործի մանրակրկիտ քննության և բացահայտմանը։
― Եղավ, տվեք ձեր հարցերը,― ասաց Մարվինը։
― Շնորհակալություն։ Նախ և առաջ, ո՞րն է ձեր սիրած գույնը։
― Կապույտը։
― Բայց կապույտի հատկապես ո՞ր երանգը։ Խնդրում եմ որոշակի պատասխանեք։
― Կեռնեխի ձվի գույնը։
― Հըմ։― Խուզարկուն նոթատետրում նշում արեց։― Իսկ այժմ, արագ ու առանց մտածելու, ասեք ձեր միտքն եկած առաջին թիվը։
― Ութսուն յոթ հազար յոթ հարյուր իննսուներկու ամբողջ երեք տասնորդական,― առանց վարանման պատասխանեց Մարվինը։
― Ըհը՜։ Իսկ այժմ, առանց մտածելու, անվանեք ձեր միտքը եկած առաջին երգը։
― Օրանգուտանքի ռապսոդիան,― ասաց Մարվինը։
― Ըմ֊հըմ։ Հիանալի է,― ասաց Ուրդորֆը և շրխկացնելով փակեց նոթատետրը։― Կարծես թե վերջացրինք։
― Ո՞րն է այս հարցերի նպատակը։
― Այս տեղեկություններն ինձ կօգնենն ստուգել մի քանի կասկածելի անձանց մարմնամնացորդային ռեակցիան։ Դա Դուուլմանի ինքնաճանաչողական տեստի մի մասն է։
― Ա՜,― ասաց Մարվինը։― Որևէ հաջողություն ունեցե՞լ եք։
― Դժվար թե կարելի լինեի դա հաջողություն անվանել,― պատասխանեց Ուրդորֆը։― Բայց կարող եմ ասել, որ հետաքննությունը բավարար մակարդակի վրա է ընթանում։ Մենք գողի հետքը գտանք Իորմա 2֊րդում, որտեղ նա հասցրեց թաքուն խցկվել Մեծ Գոերա սառեցրած տավարի միս տանող բեռնանավը։ Հոերայում նա ներկայացավ որպես փախստական Հեյգ 11֊րդից, ինչի շնորհիվ բավական մեծ մասսայականություն նվաճեց։ Նա հաջողացրեց այնքան փող ձեռք բերել, որ կարողանա տոմս գնել մինչև Քվանտիս, որտեղ թաքցրելէր իր դրամը։ Քվանտիսում ընդամենը մի օր մնալով, նա տեղական տիեզարանավով թռավ Հիսունաստղի ինքնավոր գոտի։
― Իսկ հետո՞,― հարցրեց Մարվինը։
― Հետո մենք նրա հետքը ժամանակավորապես կորցրինք։ Հիսունաստղի գոտին պարունակում է ոչ պակաս, քան 432 մոլորակային համակարգ 300 բիլիոն ընդհանուր բնակչությամբ։ Ուստի, ինչպես տեսնում եք, մեր գործը դժվարացել է։
― Անհույս բան է երևում,― ասաց Մարվինը։
― Ճիշտ հակառակը, մեր հնարավորությունները մեծանում են։ Ոչ պրոֆեսիոնալները հաճախ բարդությունը շփոթում են խրթինության հետ։ Բայց մեր հանցագործը բազմաքանակության մեջ ապահովություն չի գտնի, քանի որ բազմաքանակությունը միշտ էլ ենթակա է վիճակագրական վերլուծության։
― Հիմա ի՞նչ է լինելու,― հարցրեց Մարվինը։
― Մենք կշարունակենք վերլուծել, իսկ հետո հավանականությունների վրա հիմնվելով պրոյեկցիա կկատարենք, այդ պրոյեկցիան կուղարկենք գալակտիկայով մեկ և կտեսնենք, թե արդյոք դրանից նոր աստղ չի՞ կազմվի․․․ իհարկե, փոխաբերական իմաստով։
― Իհարկե,― ասաց Մարվինը։― Եվ դուք իրոք հույս ունեք հանցագործին բռնե՞լ։
― Ես վստահ եմ հաջողությանը,― ասաց խուզարկու Ուրդորֆը։― Բայց դուք պետք է զինվեք համբերությամբ։ Պետք է հիշեք, որ միջգալակտիկական ոճրագործությունը համեմատաբար նոր ասպարեզ է և, հետևաբար, էլ ավելի նոր միջգալակտիկական հետաքննությունը։ Եղել են շատ դեպքեր, երբ չի հաջողվել ապացուցել հանցագործի գոյությունն անգամ, էլ չեմ խոսում հայտնաբերելու մասին։ Այնպես որ այդ առումով մենք մի բան էլ առաջ ենք ընկել։
― Ինձ մնում է ձեր խոսքերին վստահել,― ասաց Մարվինը։
― Դուք մի մտահոգվեք։ Այսպիսի դեպքերում զոհի համար լավագույն ելքը կյանքը հնարավորին չափ նորմալ շարունակելն է, կենդանի մնալը և չհուսահատվելը։ Հուսով եմ կհիշեք դա։
― Կփորձեմ,― ասաց Մարվինը։― Բայց իմ այս ներկա վիճակի վերաբերյալ․․․
― Ես զգուշացնում էի, որ խուսափեք հենց այս վիճակից,― խստորեն ասաց խուզարկուն։― Խնդրում եմ ապագայում հիշեք այդ բանը, եթե իհարկե կարողանաք այս իրավիճակից կենդանի դուրս պրծնել։ Հաջողություն եմ ցանկանում, բարեկա՛մս, կենդանի մնացեք։
Խուզարկու Ուրդորֆը սկսեց պտտվել՝ արագ, ավելի արագ, նրա գծագրություններն աղոտ դարձան և անհետացան։
Ժամանակը կրկին շարժվեց։
Եվ կրկին Մարվինի հայացքի դեմ հառնեցին գազանի նեղ սև աչքերը, նեղ զրահապատ ճակատը և նա տեսավ, որ թքոտ ծնոտները կատաղաբար բացվեցին ու վար իջան, պատրաստ միանգամից գլուխը հափռելու․․․
<references/>