― Բավական զվարճալի է,― ասաց Վալդեզը,― որ ըստ Որոնումների տեսության դուրս է գալիս, թե ոչ մի բան չի կարող իրոք (կամ իդեալական առումով) կորել։ Ինքներդ դատեք․ որպեսզի մի բան կորի, այն պետք է կորելու տեղ ունենա։ Բայց այդպիսի տեղ լինել չի կարող, քանի որ պարզ քանակությունը որակական տարբերություն չի տալիս։ Որոնումների տեսության լեզվով ասած, ամեն մի տեղ նման է ամեն մի այլ տեղի։ Հետևաբար, «կորել» հասկացությունը պետք է փոխարինել «անորոշ տեղավայր» հասկացությամբ, ինչն, իհարկե, ենթակա է տրամաբանա֊մաթեմատիկական վերլուծության։
― Եթե տեսությունը հասկանաք, դա բավական պարզ բան է,― ասաց Վալդեզը։― Այժմ, հաջողությունը հաստատ դարձնելու համար, պետք է գտնենք որոնումների օպտիմալ ձևը։ Ակներևաբար, եթե երկուսդ էլ ակտիվորեն փնտրում եք, իրար գտնելու ձեր շանսերը նկատելիորեն նվազում են։ Պատկերացրեք երկու մարդու, որոնք փնտրում են իրար հանրախանութիանվերջանալի, մարդաշատ միջանցքներում, և հակադրեք դրան հետևյալ խելամիտ ստրագեգիան՝ մեկը փնտրում է, իսկ մյուսը նստած է որոշակի տեղում և սպասում է,որ իրեն գտնեն։ Մաթեմատիկորեն այդ ամենը չափից դուրս խճճված է ու բարդ, ուստի պետք է պարզապես խոսքիս հավատաք։ Ձեր (նրա) նրան (ձեզ) գտնելու լավագույն հնարավորությունը կլինի, եթե մեկը որոնի, իսկ մյուսը թույլ տա, որ իրեն որոնեն։ Դա ժողովրդական հին ճշմարտություն է։
― Ուրեմն ի՞նչ ենք անելու։
― Հենց նո՛ր ասացի,― գոչեց Վալդեզը։― Մեկը պետք է փնտրի, մյուսը պետք է սպասի։ Քանի որ Կետիի գործողությունների վրա մենք ազդել չենք կարող, ընդունում ենք, որ նա բնազդաբար որոնում է ձեզ։ Դուք, հետևաբար, պետք է հաղթահարեք բնազդային մղումը և սպասեք, այդպիսով թույլատրելով, որ ձեզ գտնի։
― Ուրեմն ինձ մնում է միայն սպասե՞լ։
― Այո։
― Եվ դուք իրոք կարծում եք, որ նա ինձ կգտնի՞։
― Պատրաստ եմ կյանքս գրավ դնել, որ այդպես է։
― Հըմ․․․ շատ լավ։ Բայց այդ դեպքում հիմա ո՞ւր ենք գնում։
― Այն վայրը, որտեղ պետք է սպասենք։ Գիտականորեն դա կոչվում է Հայտնաբերման կետ։
Մարվինը շփոթահար նայում էր, ուստի Վալդեզը շարունակեց բացատրել։
― Մաթեմատիկորեն, բոլոր տեղերն էլ հավասար հնարավորություններ են ընձեռնում Կետիին ձեզ գտնելու։ Հետևաբար մենք կարող ենք ընտրել կամայական Հայտնաբերման կետ։
― Եվ ի՞նչ կետ եք դուք ընտրել,― հարցրեց Մարվինը։
― Քանի որ ռեալ տարբերություն չկա,― ասաց Վալդեզը,― ես ընտրեցի Մոնտանա Վերդես դե Լոս Տրես Պիկոս գյուղը Լոմբրոբիա երկրի Ադելանտե գավառում։
― Դա ձեր հայրենի գյուղն է, այնպես չէ՞,― հարցրեց Մարվինը։
― Ճիշտն ասած, այո,― ասաց Վալդեզը, թեթևակի զարմացած ժպտալով։― Երևի հենց այդ պատճառով էլ այդքան արագ գլուխս եկավ։
― Իսկ Լոմբրոբիան շատ հեռու չէ՞։
― Բավական հեռու է,― ընդունեց Վալդեզը։― Բայց մեր ժամանակն իզուր չի կորչի, քանի որ ձեզ կսովորեցնեմ տրամաբանություն, ինչպես նաև իմ հայրենիքի ժողովրդական երգերը։
― Դա արդար բան չէ,― մրթմրթաց Մարվինը։
― Իմ բարեկամ,― ասաց Վալդեզը,― երբ օգնություն եք ընդունում, պետք է պատրաստ լինեք ստանալ այն, ինչ ձեզ ի վիճակի են տալ, այլ ոչ թե այն, ինչ կուզեիք ստանալ։ Երբեք չեմ հերքել, որ բոլոր մահկանացուների պես ես էլ անթերի չեմ, բայց այդ մասին հիշեցնելն անշնորհակալություն է ձեր կողմից։
Մարվինը ստիպված էր համաձայնել, քանի որ հույս չուներ, թե առանց կողմնակի օգնության քաղաք դառնալու ճամփան կգտնի։ Ուստի նրանք շարունակեցին գնալ սարերով ու ձորերով, և շատուշատ ժողովրդական երգեր երգեցին․ տրամաբանության համար, սակայն, չափից դուրս ցուրտ էր։
==Գլուխ 20==
Եվ այդպես, նրանք բարձրանում էին հսկա լեռան հայելու պես ողորկ մակերևույթով։ Քամին սուլում էր ու ճչում, պատռում նրանց հագուստները և ամբողջ թափով քաշքշում ձգված մատները։ Անհուսալի ծակոտկեն սառույցը փշրվում էր, երբ ոտքը դնելու տեղ էին փորձում գտնել, հոգնատանջ մարմինները տզրուկի պես կպցնելով լեռան շլացուցիչ փայլուն մակերևույթին։
Վալդեզը դժվարություններին դիմացավ անվրդով ու սառնարյուն, որպես սուրբ մարտիրոս։
― Դա լինել դժվար,― ժպտում էր նա։― Եվ սակայն, այն սերը, որ դու տածում ես դեպի այդ կին, արժե այդ ամենը անել, սի՞ սինյոր։
― Այո, իհարկե,― մրմնջաց Մարվինը։― Արժե։― Բայց, ճիշտն ասած, նա սկսում էր կասկածել։ Ի վերջո, Կետիին մի ժամ էլ չէր ճանաչել։
Աղմուկ֊դղրդյունով մի հուսին անցավ նրանց կողքից՝ տոննաներով սպիտակ մահ՝ ընդամենը մի քանի մատնաչափ հեռու նրանց ձգված ու փայտացած մարմիններից։ Վալդեզն անվրդով ժպտաց։ Մարվինը տագնապով խոժոռվեց։
― Բոլոր խոչընդոտներից հետո,― ձայնեց Վալդեզը,― գտնվում է վերջնական գագաթնակետը՝ սիրած էակի դեմքն ու մարմինը։
― Այո, իհարկե,― ասաց Մարվինը։
Բարձր դեկալմայից պոկվեցին մի քանի սրածայր սառցալուլա և կայծակի պես փայլատակելով սուրացին նրանց կողքով։ Մարվինը մտածեց Կետիի մասին և պարզեց, որ չի կարողանում հիշել նրա արտաքինը։ Նա հանկարծ հասկացավ, որ գերագնահատել է առաջին հայացքից սերը։
Մի խոր անդունդ հառնեց նրանց առջև։ մարվինը նայեց անդունդին, հետո վերևի փայլփլուն սառցադաշտին ու եկավ այն եզրակացույան, որ չարժե ռիսկի դիմել։
― Ինձ թվում է,― ասաց նա,― որ հարկավոր է ետ դառնալ։
Վալդեզը խորհրդավոր ժպտաց, կանգ առնելով դեպի մահաբեր ձնակույտերի դժոխքը տանող գլխապտույտ զառիվայրի հենց բերանին։
― Բարեկամս,― ասաց նա,― գիտեմ, թե ինչու ես այդ ասում։
― Գիտե՞ս,― հարցրեց Մարվինը։
― Անշուշտ։ Ակնհայտ է՝ դու չես ուզում, որ ես կյանքս վտանգի ենթարկեմ հանուն քո խելահեղ ու ազնիվ նպատակի։ Նաև ակներև է, որ մտադիր ես միայնակ նետվել վտանգի երախը։
― Մի՞թե,― հարցրեց Մարվինը։
― Իհարկե։ Ամենակողմնակի դիտողի համար էլ պարզ կլիներ, որ դու քո անձին հատուկ հաստատակամությամբ պատրաստ ես փնտրել սիրո առարկայիդ՝ հաղթահարելով բոլոր դժվարություննրն ու արգելքները։ Նաև պարզ է, որ քեզ պես մեծահոգի ու վեհանձն բնավորություն ունեցողը չէր կամենա խառնել իր մոտ ընկերոջն ու հավատարիմ բարեկամին այդպիսի վտանգավոր ավանտյուրի։
― Ճիշտն ասած,― սկսեց Մարվինը,― ես վստահ չեմ․․․
― Բայց ես վստահ եմ,― ասաց Վալդեզը։― Եվ հետևյալ կերպ եմ պատասխանում քո լուռ հարցին․― Ընկերությունը նման է սիրուն՝ նույնպես սահման չունի։
― Հա՜,― ասաց Մարվինը։
― Հետևաբար,― շարունակեց Վալդեզը,― ես չեմ լքի քեզ։ Եթե հարկ լինի, մենք հանուն քո սիրեցյալ Կետիի կողք֊կողքի կքայլենք դեպի մահվան երախը։
― Դու շատ սիրալիր ես,― ասաց Մարվինն, աչքը չկտրելով անդունդից։― Բայց ես ճիշտն ասած Կետիին այնքան էլ լավ չէի ճանաչում և չգիտեմ, թե որքանով իրար հարմար կլինենք․ ուստի գուցե ավելի լավ կլինի, եթե ետ դառնանք․․․
― Ինքդ էլ չես հավատում խոսքերիդ, իմ երիտասարդ բարեկամ,― ծիծաղեց Վալդեզը։― Աղաչում եմ, մի մտահոգվիր իմ ապահովության մասին։
― Ճիշտն ասած,― խոստովանեց Մարվինը,― ես մտածում էի իմ ապահովության մասին։
― Անօգուտ է,― զվարթ գոչեց Վալդեզը։― Կիրք ու ջերմություն է թաքնված խոսքերիդ միտումնավոր սառնության մեջ։ Հառա՛ջ, իմ բարեկամ։
Վալդեզի տեքից երևում էր, որ նա պատրաստ է Մարվինին տանել Կետիի մոտ նույնիսկ անկախ առաջինի ցանկությունից։ Միակ ելքը ծնոտին ուղղված կտրուկ հարվածն էր, որից հետո կարելի էր Վալդեզին քարշ տալ ետ՝ դեպի քաղաքակրթություն։ Նա զգուշորեն առաջ քայլեց։
Վալդեզը զգուշորեն ետ֊ետ քայլեց։
― Օ ո՛չ, իմ բարեկամ,― գոչեց նա։― Կրկին չափից մեծ սերը ակնբախ է դարձրել քո շարժառիթները։ Հարվածել այնպս, որ ուշագնաց լինեմ, այնպես չէ՞։ Հետո, համոզվելով, որ ապահով եմ և ունեմ ամեն անհրաժեշտ բան, դու մեն֊մենակ կնետվեիր դեպի ճերմակ ամայությունը։ Սակայն ես հրաժարվումեմ ենթարկվել։ Մենք միասին կգնանք, compadre<ref>Բարեկամս։</ref>։
Եվ, ուսին առնելով ուղեբեռները, Վալդեզը սկսեց իր վայրէջքը դեպի անդունդ։ Մարվինին մնում էր միայն հետևել։
Մենք չենք ձանձրացնի ընթերցողին Մուրեսկու լեռներով նրանց անցումը նկարագրելով, ոչ էլ պատմելով սիրուց կուրացած երիտասարդ Ֆլինի ու նրա անհողդողդ ընկերոջ տառապանքների մասին։ Չենք հիշի տարօրինակ հալյուցինացինաերը, որ ունենում էին ճամփորդները, ոչ էլ խելահեղության ժամանակավոր նոպան, որը ստիպեց Վալդեզին մտածել, թե ինքը թռչուն է և ի վիճակի է թռչել հազար ոտնաչափանոց խորխորատների վրայով։ Ոչ էլ որևէ մեկին, բացի գիտնականներից, կհետաքրքրի այն հոգեբանական պրոցեսը, որի շնորհիվ Մարվինն իր տանջանքների մասին խորհելուց հասավ մինչև համակրանքի երիտասարդ տիկնոջ հանդեպ, հետո մինչև խոր համակրանք, հետո՝ սիրո զգացում, իսկ վերջում՝ կրքոտ, անսահման սեր։
Բավական է նշել, որ այդ ամենը տեղի ունեցավ, և որ լեռնանցը տևեց շատ օրեր ու բազմաթիվ հուզմունալից պահեր պարգևեց։ Եվ ի վերջո ավարտվեց։
Հասնելով վերջին լեռնագագաթին, Մարվինը վար նայեց և սառցադաշտերի փոխարեն տեսավ ամառային արևի շողերով լուսավորված կանաչ արոտավայրեր, թավ անտառներ և հանդարտ գետի ոլորանի մոտ ծվարած փոքրիկ մի գյուղակ։
― Չլինի՞․․․ չլինի՞ սա․․․,― սկսեց Մարվինը։
― Այո, որդյակս,― անխռով ասաց Վալդեզը։― Դա լինել Մոնտանա դե լոս Տրես Պիկոս գյուղ, Ադելանտե գավառում, Լոմբրոբիա երկրում, Կապույտ լուսնի հովտում։
Մարվինը շնորհալություն հայտնեց իր ծեր գուրույին (քանզի դա է միակ արժանի խոսքը խորամանակ և սուրբ Վալդեզի համար) և սկսեց իր վայրէջքը դեպի Հայտնաբերման կետ, որտեղ պետք է սկսեր սպասել Կետիին։
==Գլուխ 12==
Մոնտանա դե լոս Տրես Պի՛կոս։ Վճիտ լչակների և բարձր սարերի այդ հովտում բարեհոգի գյուղացիներն անշտապ աշխատում են կարապավիզ արմավենիների շուքի տակ։ Միջօրեին և կեսգիշերին, մեկ էլ տեսար, հին ամրոցի բարձր հրակնատների ետևից լսվում են կիթառի տխրամած հնչյունների արձագանքները։ Շագանակագույն աղջիկները հավաքում են խաղողի փոշոտ ողկույզները, մինչդեռ բեղավոր վերակացուն դիտում է, մտրակը մազոտ դաստակին ալարկոտ փաթաթած։ Անցած դարաշրջանի հենց այդ տարօրինակ բեկորում հայտնվեցին Մարվինն ու նրա գուրուն։
Գյուղից քիչ հեռու, բլրակի վրա, մի պանդոկ կամ պոսադա կար։ Վալդեզը Մարվինին առաջնորդեց անտեղ։
― Բայց սա իրո՞ք սպասելու ամենալավ տեղն է,― հարցրեց Մարվինը։
― Ոչ,― ամենագետ ժպիտը դեմքին ասաց Վալդեզը։― Բայց քաղաքային փոշոտ հրապարակի փոխարեն այս տեղն ընտրելով, մենք խուսափում ենք պսևդոօպտիմալ տարբերակից։ Էլ չասած, որ այստեղ ավելի հարմար է։
Մարվինը խոնարհվեց բեղավոր մարդու գերագույն իմաստության առաջ և հարմար տեղավորվեց պոսադայում։ Պատշգամբում մի սեղան ընտրեց, որի մոտից լավ երևում էին բակը և ճանապարհը։ Մի կուժ գինի դրեց դիմացը և շարունակեց կատարել իր տեսական ֆունկցիան՝ սպասել, ինչպես պահանջում էր Որոնումների տեսությունը։
Մեկ ժամ երևաց մի աննշան մուգ ֆիգուր, որը դանդաղ շարժվում էր շողացող ճանապարհով։ Շուտով պարզվեց, որ դա տղամարդ է՝ արդեն տարեց, նրա մեջքը կքված էր ինչ֊որ գլանաձև առարկայի ծանրության տակ։ Ի վերջո մարդը բարձրացրեց հյուծված դեմքը և սևեռուն նայեց ուղիղ Մարվինի աչքերին։
― Քեռի Մա՛քս,― գոչեց Մարվինը։
― Ա՜, ողջույն, Մարվին,― պատասխանեց քեռի Մաքսը,― մի բաժակ գինի չե՞ս լցնի խմեմ։ Շատ փոշոտ ճանապարհ է։
Մարվինը մի բաժակ գինի լցրեց։ Նա սեփական աչքերին չէր հավատում՝ քանզի քեռի Մաքսը տարօրինակ կերպով անհետացել էր մոտ տասը տարի առաջ։ Վերջին անգամ նրան տեսել էին Ֆերհավենի ակումբում գոլֆ խաղալիս։
― Ի՞նչ էր պատահել քեզ,― հարցրեց Մարվինը։
― Ես տասներկուերորդ փոսի<ref>Նկատի ունի գոլֆ խաղի համար փորված փոսերը։</ref> մոտ սայթաքեցի ու ընկա ժամանակային անցքի մեջ,― ասաց քեռի Մաքսը։― Եթե երբևէ նորից հայտնվես Երկրում, Մարվին, պետք է ակումբի նախագահի հետ խոսես այդ մասին։ Ես երբեք չեմ սիրել բողոքել, բայց ինձ թվում է, որ ակումբի ղեկավարությունը պետք է իմանա այդ մասին, գուցե մի փոքրիկ ցանկապատ կառուցեն։ Ես դեռ ոչինչ, բայց ախր պատկերացնո՞ւմ ես ինչ սկանդալ կլինի, եթե մի երեխա ընկնի մեջը։
― Ես անպայման կխոսեմ,― ասաց Մարվինը։― Բայց, քեռի Մաքս, հիմա ո՞ւր ես գնում։
― Սամարրայում ժամադրություն ունեմ<ref>Ըստ երևույթին խոսքը գնում է արևելյան առասպելի մասին, համաձայն որի մի հարուստի մոտ է գալիս նրա սիրած ծառան և աղաչում է, որ տերն իրեն ձի տա, որպեսզի ինքը կարողանա փրկվել մահից (մահը շուկայում հանդիպել էր ծառային և մատով սպառնացել նրան)։ Տերը ձի է տալիս և ծառան մեկնում է Սամարա։ <br> Հաջորդ օրը հարուստը հանդիպում է Մահին և հարցնում, թե ինչո՞ւ է մատով սպառնացել ծառային։ <br> ― Ախր, շատ զարմացա նրան այստեղ տեսնելով,― պատասխանում է Մահը,― քանի որ երեկոյան հետը ժամադրություն ունեի Սամարայում։</ref>,― ասաց քեռի Մաքսը։― Շնորհակալ եմ գինու համար, տղաս, քեզ լավ պահիր։ Ի միջի այլոց, գիտե՞ս, որ քիթդ տկտկում է։
<references/>