Հունվարին անասնակերը պակասեց։ Հացահատիկի օրաբաժինը կտրուկ կրճատվեց եւ հայտարարվեց, որ փոխարենը սահմանվում է կարտոֆիլի լրացուցիչ նորմա։ Սակայն պարզվեց, որ կարտոֆիլի բերքի մեծ մասը ցրտահարված է, քանի որ կույտերը բավականաչափ հաստ շերտով չէին ծածկվել։ Կարտոֆիլները փափկել էին ու դալկացել, մեծ մասն ուտելու պիտանի չէր։ Անասուններն օրերով ոչինչ չէին ուտում, դարմանից ու ճակնդեղից բացի։ Սովամահությունը դարձավ իրական հնարավորություն։
Այդ փաստն անհրաժեշտ էր արտաքին աշխարհից թաքցնել։ Հողմաղացի փլուզումից քաջալերվելով, մարդիկ սկսել էին նորանոր ստեր հորինել Անասնաֆերմայի մասին։ Նորից պնդում էին, թե անասունները սատկում են սովից ու համաճարակներից, որ նրանք անվերջ գզվռտվում են եւ զբաղվում կանիբալիզմով ու մանկասպանությամբ։ Նապոլեոնը լավատեղյակ էր այն բացասական հետեւանքներին, որոնց կարող էին հասցնել անասունների պակասորդին վերաբերող իրական տվյալները, եւ նա որոշեց Վիմփըրին օգտագործել հակառակ տպավորությունը ստեղծելու համար։ Այսուհետեւ անասունները Վիմփըրի շաբաթական այցելությունների ժամանակ նրա հետ բոլորովին չէին շփվում։ Միեւնույն ժամանակ հատուկ ընտրված մի քանիսին, մեծ մասամբ ոչխարներին, ցուցմունք էր տրված նրա ներկայությամբ ի միջի այլոց իմիջիայլոց նկատել, որ օրաբաժիններն ավելացել են։ Բացի այդ Նապոլեոնը հրամայել էր համարյա դատարկ շտեմարանները բերնեբերան ավազ լցնել, իսկ վրայից ծածկել հացահատիկի ու անասնակերի մնացորդներով։ Մի հարմար պատրվակով Վիմփըրին անց էին կացրել ամբարի միջով, հնարավորություն ստեղծելով տեսնել շտեմարանները։ Այդպես խաբվելով, նա շարունակում էր աշխարհին պատմել, որ Անասնաֆերմայում սննդի պակաս չի զգացվում։
Բայց եւ այնպես հունվարի վերջին պարզ դարձավ, որ ինչ֊որ տեղից անհրաժեշտ է լրացուցիչ հացահատիկ ճարել։ Այդ օրերին Նապոլեոնը հազվադեպ էր հրապարակ դուրս գալիս, ժամանակի մեծ մասն անցկացնելով բնակելի տանը, որի ամեն մի դուռ պահպանում էր կատաղի տեսքով մի շուն։ Դուրս գալու դեպքում նրան միշտ հանդիսավոր կերպով ուղեկցում էին վեց շուն, չորս կողմից շրջապատելով եւ գռմռալով, եթե մեկը փորձեր չափից ավելի մոտենալ։ Հաճախ նա անգամ չէր հայտնվում կիրակի առավոտներին, իր հրամաններն արձակելով ուրիշ խոզերի, սովորաբար Զռանի միջոցով։
Անասունները սաստիկ վախեցած էին։ Նրանց թվում էր, թե Ձնագնդին մարմնավորում է անտեսանելի մի սպառնալիք, որը համակել է ամբողջ շրջապատը եւ հղի է ամեն տեսակի փորձանքով։ Երեկոյան Զռանը բոլորին կանչեց եւ տագնապած տեսքով ասաց, որ լուրջ նորություն ունի հայտնելու։
— Ընկերներ,— բացականչեց նա՝ ջղայն նա, ջղային դես ու դեն անելով,— քիչ առաջ հայտնաբերվել է սոսկալի մի փաստ։ Ձնագնդին ծախվել է Փինչֆիլդի Ֆրեդրիքին, որը դավեր է նյութում մեր դեմ ֆերման զավթելու նպատակով։ Պատրաստվող գրոհի ժամանակ Ձնագնդին ծառայելու է որպես նրա ուղեվար։ Սակայն ամենավատը դեռ դա չէ։ Մենք բոլորս կարծում էինք, թե Ձնագնդու ըմբոստացման պատճառը նրա հավակնոտ եւ ունայն նկարագիրն է։ Պարզվեց, ընկերներ, որ մենք մոլորվում էինք։ Գիտե՞ք, թե ինչն է իսկական պատճառը։ Ձնագնդին սկզբից ի վեր եղել է Ջոնզի դաշնակիցը։ Այդ ամբողջ ընթացքում նա Ջոնզի գաղտնի գործակալն էր։ Դա ապացուցվում է նրա թողած փաստաթղթերով, որոնք մենք քիչ առաջ հայտնաբերեցինք։ Ըստ իս դա շատ բան է բացատրում, ընկերներ։ Չէ՞ որ մենք ինքներս ականատես եղանք, թե ինչպես նա, բարեբախտաբար անհաջող, փորձ արեց մեզ պարտության մատնել եւ ոչնչացնել Գոմի ճակատամարտում։
Անասունները մնացել էին ապշած։ Նման նենգությունը բազմապատիկ ավելի սոսկալի էր, քան հողմաղացի ավերումը։ Որոշ ժամանակ նրանք անգամ չէին կարող այն լիովին ընկալել։ Բոլորը հիշում էին կամ կարծում էին, որ հիշում են, թե ինչպես է Ձնագնդին նրանց առաջնորդել Գոմի ճակատամարտում, ինչպես է քաջալերել եւ գրոհի կոչել, ինչպես մարտում մի պահ անգամ չի վարանել՝ նույնիսկ Ջոնզի կրակոցից վիրավորվելուց հետո։ Առաջին պահերին փոքր֊ինչ դժվար էր հասկանալ, թե ինչպես է այդ ամենը կապվում Ջոնզի կողմնակից լինելու հետ։ Նույնիսկ Դմբուզը, որը հազվադեպ էր հարցեր տալիս, զարմացած էր։ Ոտքերը տակը ծալելով, նա պառկեց, փակեց աչքերն ու մեծագույն դժվարությամբ կարողացավ ձեւակերպել իր միտքը։
Այդ ասելով, նա դիմեց դեպի քարհանքը եւ մինչեւ քուն մտնելը երկու բեռ քար հավաքեց ու քարշ տվեց հողմաղացի մոտ։
Անասուններն անձայն կուչ եկան Երեքնուկի շուրջը։ Բլրակից լայն տեսարան էր բացվում շուրջբոլորը։ Անասնաֆերմայի մեծ մասը երեւում էր՝ ճանապարհին հասնող երկար արոտը, խոտհնձի արտը, անտառուտը, ջրավազանը, ցորենի կանաչ ծիլերով դաշտերը, շինությունների կարմիր կտուրները, ծխնելույզներից գալարվող ծխով։ Արեւի հորիզոնական ճառագայթները ոսկեզօծել էին խոտն ու թփուտների եզրերը։ Դեռ երբեք ֆերման,— նրանք մի տեսակ զարմանքով հիշեցին, որ դա հենց իրենց ֆերման է՝ ծայրից ծայր անասունների սեփականությունը,— այդքան բաղձալի վայր չէր թվացել։ Բլրակից ցած նայելով, Երեքնուկի աչքերն արցունքով լցվեցին։ Եթե նա ի վիճակի լիներ ձեւակերպել իր մտքերը, ապա կասեր, որ նրանք բոլորովին այլ նպատակներ ունեին, երբ տարիներ առաջ սկսեցին պայքարել մարդու բռնակալության դեմ։ Սարսափի ու կոտորածի տեսարաններ չէին, որ ակնկալել էին նրանք այն գիշերը, երբ ծեր Գնդապետը նրանց Ասպտամբության կոչ արեց։ Երեքնուկն այն ժամանակ ապագան պատկերացնում էր որպես սովից ու մտրակից ազատ անասունների մի հասարակարգ, ուր բոլորը հավասար էին, ամեն մեկն աշխատում էր իր ուժերի ներածին չափով, իսկ ուժեղները պաշտպանում էին թույլերին, ինչպես ինքն էր պաշտպանել բադիկներին Գնդապետի ճառի գիշերը։ Փոխարենը,— եւ նա չգիտեր, թե ինչու,— եկել էր մի ժամանակ, երբ ամենուր կատաղած շներ էին վխումվխտում, իսկ ընկերները, սոսկալի ոճիրներ խոստովանելովխոստանալով, աչքիդ առջեւ հոշոտվում էին։ Երեքնուկը չէր մտածում ապստամբության կամ անհնազանդության մասին։ Նա գիտեր, որ այդ ամենով հանդերձ, իրենց վիճակը շատ ավելի լավ է, քան Ջոնզի օրոք, եւ որ ամեն ինչից առաջ անհրաժեշտ է կանխել մարդկանց վերադարձը։ Ինչ էլ լիներ, նա շարունակելու է հավատարիմ մնալ, քրտնաջան աշխատել եւ կատարել ստացվող հրամանները, Նապոլեոնի առաջնորդության ներքո։ Բայց եւ այնպես նա եւ մնացած բոլոր անասունները դրա համար չէ, որ պայքարել էին ու աշխատել։ Հանուն դրա չէր, որ նրանք կառուցել էին հողմաղացն ու կուրծք տվել Ջոնզի գնդակներին։ Ահա թե ինչ էր մտածում Երեքնուկը, չկարողանալով դրան համապատասխան խոսքեր գտնել։
Վերջապես, փորձելով ինչ֊որ չափով արտահայտել այն, ինչն անկարող էին իր իմացած խոսքերը, նա սկսեց երգել «Անգլիայի գազանները»։ Նրան միացան շուրջը նստած անասունները, երեք անգամ անընդմեջ երգելով այդ երգը՝ մեղմ, դանդաղ ու վշտահար՝ այնպես, ինչպես մինչ այդ երբեք չէին երգել։