Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 16 151 բայտ, 17:12, 5 Հոկտեմբերի 2013
/* Գլուխ 28 */
― Ձերդ ողորմածությունն անարադար է իմ հանդեպ,― ասաց Մարվինը,― քանզի համարձակվում եմ ասել, որ իմ զենքը վերին աստիճանի գործունակ է՝ բավական սուր, որպեսզի խոցի֊անցնի ուզած պաշտպանություն ու, եթե հարկ լինի, կրկնի հարվածները։ Եվ, բացի նման տարրական գործածությունից, այն տիրապետում է մի քանի հուսալի հնարքների, որոնք հաճույքով կցուցադրեի ձերդ ողորմածությանը։
 
― Ո՛չ, պահեք ձեր սուրը պատյանում,― ասաց տիկինը ցասումով, բայց նրա աչքերը փայլում էին,― իմ սրտով չեն ձեր խոսքերը, քանզի պարծենկոտի պողպատը ծռմռվող թիթեղն է՝ արտաքուստ փայլուն, իսկ իրականում խիստ դյուրաթեք։
 
― Աղաչում եմ, բնական փորձության ենթարկեք զենքը,― ասաց Մարվինը,― և գործածության արդյունքներով որոշեք, թե արժե՞ հեգնել։
 
Տիկինը թափահարեց չքնաղ գլուխը։
 
― Գիտցեք, սըր, այդպես կարող են վարվել լպրծուն աչքերով ճերմակամորուս փիլիսոփաները․ ազնվական տիկնայք, մինչդեռ, հիմնվում են ներըմբռնման վրա։
 
― Տիկին, ձեր ներըմբռնումն աստվածային է,― պատասխան տվեց Մարվինը։
 
― Օ՜, սըր, ի՞նչ կարող է իմանալ ներըմբռնման մասին ձեզ պես մեկը՝ որ հոխորտում է յուր կասկածելի հզորության զենքով։
 
― Լեյդի, սիրտս ինձ թելադրում է, որ ձեր ներըմբռնումը կատարյալ է, հավասարը չունեցող, հմայիչ ու նուրբ և որ․․․
 
― Բա՛վ է, սըր,― գոչեց լեյդի Կատարինան, նա թունդ շառագունեց և թափով տարուբերեց ճապոնական հովհարը, որի ալիքավոր մակերևույթի վրա պատկերված էր Իիչիի պաշտոնադրման տեսարանը։
 
Լռություն տիրեց։ Նրանք խոսել էին նրբակիրթ սիրո հինավուրց լեզվով, որտեղ բառերը ներքին խորհուրդ ունեին։ Այդ օրերին նույնիսկ ամենաբարեկիրթ ու համեստ տիկնայք խոսում էին այդ լեզվով, առանց վախենալու, որ կխախտեն վարվելակարգը՝ այդ դարում մարդիկ համարձակ էին։
 
Սակայն այժմ լրջության ստվեր իջավ երկու զրուցակիցների վրա։ Մարվինը մռայլ խաղում էր ժանյակավոր սպիտակ վերնաշապիկի մոխարգույն պողպատյա կոճակի հետ։ Լեյդի Կատարինան նույնպես անհանգիստ էր։ Նրա հագին կարմիր կրոնե նախշազարդերով թխակապույտ կակաչագույն գիշերանոց էր, որը, ընդունված սովորության համաձայն, ձևված էր այնպես, որ ի ցույց էր դնում փոքրիկ, վարդագույն֊ուռուցիկ փորը։ Ոտքերին փղոսկրագույն կամկայից սանդալներ էին, իսկ մազերը, որ գիշերասաթե հերակալից վեր էին կիտել, զարդարված էին գարնանային սնիպինիներից արտախուրակով։ Դեռ երբեք Մարվինը այդչափ գեղեցիկ տեսարանի չէր հայել։
 
― Մի՞թե հնարավոր չէ վերջ տալ բառերի այս անմիտ խաղին,― ցածրաձայն հարցրեց Մարվինը։― Մի՞թե չենք կարող ասել սրտի եղածը, փոխանակ անսիրտ սրախոսություններով այսպես մենամարտելու։
 
― Չեմ համարձակվում,― մրմնջաց լեյդի Կատարինան։
 
― Եվ այնուհանդրեձ, դու Կետին ես, որը սիրել է ինձ ուրիշ ժամանակ և ուրիշ տեղ,― անգթորեն ասաց Մարվինը,― և որը հիմա չար կատակ է խաղում հետս՝ անպատասխան թողնելով երբեմնի փոխադարձ սերը։
 
― Պետք չէ խոսել անցած բաների մասին,― վախեցած շշնջաց Կետին։
 
― Եվ սակայն դու սիրե՛լ ես ինձ մի ժամանակ,― տաքացած գոչեց Մարվինը։― Փորձի՛ր ժխտել այդ բանը։
 
― Այո,― ասաց Կատարինան թույլ ձայնով։― Սիրե՜լ եմ քեզ մի ժամանակ։
 
― Իսկ ա՞յժմ։
 
― Ավա՜ղ։
 
― Սակայն խոսի՛ր, հայտնիր պատճառը ինձ։
 
― Ո՛չ, չե՛մ կարող։
 
― Չե՛ս կամենում, ավելի ճիշտ։
 
― Ինչպես կուզես, Ընտրությունը գերին է Սրտի։ Սակայն չէի ցանկանա, որ դու այդպես կարծեիր,― ցածրաձայն ասաց Կետին։
 
― Ո՞չ։ Այդ դեպքում անշուշտ Ցանկությունը հայրն է Մտադրության,― ասաց Մարվինը, խիստ ու անողորմ արտահայտությամբ։― Եվ ոչ մի իմաստուն չի հերքի, որ Սիրո խորթ քույրն Անտարբերությունն է, իսկ Հավատարմության խորթ մայրը՝ Ցավը։
 
― Մի՞թե այդպես եք իմ մասին մտածում,― թույլ ճչաց Կատարինան։
 
― Ինչ արած, տիկին, դու ինձ ընտրություն չես թողել,― զրնգուն բրոնզե ձայնով պատասխան տվեց Մարվինը։― Իմ Կիրքն անտեր ու լքյալ մի նավակ է Հիշողության ծովի վրա, Անտարբերության փոփոխական քամին է ճիշտ ուղուց շեղել նրան, իսկ Մարդկային ցեղի մակընթացության ալիքը տանում է նրան դեպի Տանջանքի քարքարոտ խութերը։
 
― Ես այդպես չէի ասի,― ասաց Կատարինան և Մարվինը ցնցվեց՝ լսելով հաստատում, թեկուզև թույլ, մի բանի, որ անդառնալիորեն կորած էր համարել։
 
― Կե՛տի․․․
 
― Ո՛չ, դա չի՛ կարող լինել,― ճչաց Կատարինան, տանջալի ցավից ետ քաշվելով՝ նրա փորը թրթռում էր զգացմունքների հեղեղից։― Դու չգիտե՛ս իմ թշվառ վիճակի մանրամասները։
 
― Ես պահանջում եմ, որ ասես,― գոչեց Մարվինը, հետո թափով ետ շրջվեց, ձեռքը գցելով սրի երախակալին։ Քանզի սենյակի հսկա կաղնե դուռն անաղմուկ բացվել էր և ևդռան մոտ անփութորեն պատին հենված կանգնել էր ձեռքերը կրծքին ծալած մի մարդ, որի բարակ, մուրաքավոր շուրթերին կիսաժպիտ էր խաղում։
 
― Տե՛ր իմ։ Մենք կորա՜ծ ենք,― ճչաց Կատարինան, ձեռքերը սեղմելով դողացող փորին։
 
― Սըր, ի՞նչ է ձեզ հարկավոր,― զայրագին հարցրեց Մարվինը։― Պահանջում եմ, որ տաք ձեր անունը և նշեք այս անբարեկիրթ ու անպատշաճ այցելության պատճառը։
 
― Հենց հիմա ամեն բան կիմանաք,― ասաց դռան մոտ կանգնած մարդը սպառնալի շշնջոցով։― Իմ անունը, սըր, լորդ Բլաքըմուր է, այն լորդ Բլաքըմուրը, ընդդեմ որի ուղղված էին ձեր մանկամիտ մեքենայությունները, և ես այս սենյակ եմ մտել օգտվելով այն պարզ առավելությունից, որ ունի ամեն ոք, ով կամենում է ծանոթանալ յուր սեփական կնոջ երիտասարդ բարեկամի հետ։
 
― Կնո՞ջ,― արձագանքեց Մարվինը։
 
― Այս տիկինը,― հայտարարեց Բլեաըմուրը,― որը տարօրինակ սովորություն ունի ուղղակի չներկայանալու, իրականում ազնվազարմ Կատարինա դ՝ Ագուստին դի Բլաքըմուրն է՝ ձեր խոնարհ ծառայի սիրող և սիրեցյալ կինը։
 
Եվ այդ ասելով, Բլաքըմուրը հանեց գլխարկը և խոր գլուխ տվեց, ապա կրկին յուր նախկին դիրքն ընդունեց։
 
Մարվինը կարդաց ճշմարտությունը Կետիի արտասվաթաց աչքերում և դողդողացող փորում։ Կետին, իր սիրեցյալ Կետին, յուր հարազատ հոր՝ դ՝ Ագուստինի և նրա կողմնակիցների ոխերիմ թշնամի Բլաքըմուրի կինն է։
 
Սակայն ժամանակ չկար ազգակցական այդ արտասովոր կապերի մասին մտածելու, քանզի խորհելու առաջնահերթ նյութն ինքը՝ Բլաքըմուրն էր, որ հրաշքով հայտնվել էր յուր ոսոխների ամրոցում և անհանգստության ոչ մի նշան չէր ցուցաբերում թվում է ծայրահեղ վտանգավոր այդ իրավիճակում։
 
Եվ դա անտարակույս նշանակում էր, որ իրավիճակն այնպիսին չէ, ինչպես Մարվինը համարել էր, և ճակատագրի թելերն արդեն այնքան են խճճվել, որ հնարավոր չէ միանգամից կարգի բերել։
 
Բլաքըմուրը Քատելգաթո՞ւմ։ Մարվինը մտածեց և մի պահ սառը քրտինք պատեց նրա ճակատին, ասես մահվան հրեշտակն անցավ կողքով, դժոխային թևերը թափահարելով։
 
Մահն էր սողոսկել սենյակը․․․ բայց ո՞ւմ համար։ Մարվինը վախենում էր վատթարագույնից, սակայն նա անվրդով շրջվեց ասես օբսիդիանե անթափանց դիմակ հագած դմեքը և նայեց թշնամուն՝ իր սիրեցյալի ամուսնուն և նրա հորը գերեվարողին։
 
 
==Գլուխ 29==
 
Միլորդ Լեմփրի դի Բլաքըմուրը կանգնած էր լուռ ու անկաշկանդ։ Նա միջինից բարձրահասակ տղամարդ էր, որի նիհարությունն է՛լ ավելի ցայտուն էր դառնում սաթի պես սև, խիտ մորուքի, երկար այտամորուսների և en brosse կտրած մազերի պատճառով, որոնց օձաձև գանգուրները թափվել էին ճակատին։ Սակայն կարծեցյալ վտիտության տպավորությունն անցնում էր, հենց որ նայում էիր ուսերի լայնությանը և կիսաթիկնոցի տակից երևացող հուժկու, սուսերամարտի սովոր բազուկին։ Նրա հագուստի կոճակները և թալիսմանները պճնամոլաբար մանրակարված էին մացեդիումե թելերով և քանդվում էին միայն արծաթագույն դարտուրների միջոցով։ Սառնաշունչ դեմքը գեղեցիկ դիմագծեր ուներ, աղավաղված միայն աջ քունքից մինչև բերանի ձախ անկյունն իջնող կնճռոտ սպիով, որը նա ցուցադրաբար ալ կարմիր էր ներկել։ Դրանից Բլաքըմուրի ծաղրական դիմագծերը դարձել էին չարագույժ և անհեթեթ։
 
― Ինձ թվում է,― բառերը ձգելով ասաց Բլաքըմուրը,― որ չափից երկար խաղացինք այս ֆարսը։ Մոտենում է պահը դիմակազերծման։
 
― Ուրեմն միլորդը փորձե՞լ է երրորդ գործողությունը,― անհողդողդ ու հանգիստ տեղեկացավ Մարվինը։
 
― Դերաբաշխումն արվել է,― ասաց Բլաքըմուրը։ Նա անփութերոն շրխկացրեց մատները։
 
Ներս եկան միլորդ Ինգլենուկը, նրա ետևից սըր Ժյուլը և սոճեգույն ցուլի կաշվից կիսաբաճկոններ հագած թուրինգացի զինվորների մի ջոկատ՝ բրչասրերը պատրաստ պահած։
 
― Այս ի՞նչ ստոր ծուղակ է,― բացատրություն պահանջեց Մարվինը։
 
― Ասա նրան, եղբայր իմ,― ծաղրաբար ձայնեց Բլաքըմուրը։
 
― Այո, դա ճիշտ է,― մահացու գունատվելով, ասաց լորդ Ինգլենուկը։― Բլաքըմուրը և ես կիսով չափ եղբայրներ ենք, քանի որ մեր մայրը մարկիզուհի Ռոսետա Տիմոնն էր՝ դուստրը Բրանդեյսյան Ընտրողի և հարսնաքույրը Երկասուր Արծաթախապալարի, որը հայրն էր Կարմրասուր Էրիկմութի, և որի առաջին ամուսինը՝ Մարշի Մարկիլլան, իմ հայրն էր, սակայն, որի հիվանդությունից հետո նա ամունսացավ Հանթֆորդի՝ Քլիվի Արքայական Ստորաբճի և Ընտրամուրաբայի Ձևամոլի հետ․
 
― Պատվի հնաոճ զգացումը նրան սիտպեց հլու֊հնազանդ ընդունել բոլոր առաջարկները,― քմծիծաղեց Բլաքըմուրը։
 
― Տարօրինակ դեպք,― բարձրաձայն միտք արեց Մարվինը,― երբ պատվի զգացումը պատվազրկում է մարդուն։
 
Ինգլենուկը գլուխը կախեց և ոչինչ չասաց։
 
― Սակայն ինչ վերաբերում է ձեզ, միլեդի,― ասաց Մարվինը, դիմելով Կետին,― ապա անկարող եմ ըմբռնել, թե ինչո՞ւ եք ամուսնացել ձեր հոր գերեվարողի հետ։
 
― Ավա՜ղ,― ասաց Կետին,― դա մի լրիվ այլ, շատ գարշելի պատմություն է․ նա սկզբից սիրահետեց ինձ, դիմելով սպառնալիքների և անտարբերության, ապա գրավեց յուր մութ ուժով, որին ոչ ոք չէր կարող դիմադրել, իսկ հետո, բամապիսի անգարթ թմրադեղերի և երկիմաստ խոսքերի, ինչպես նաև ձեռքերի հմուտ շարժումների օգնությամբ, նա արբեցրեց ինձ ու հասցրեց կեղծ կրքոտության վիճակի՝ այն աստիճան, որ ես ուշագնաց էի լինում նրա եղծելի մարմնի մի հպումի և զզվելի շուրթերի կենտ համբույրի համար։ Եվ քանի որ այդ պահին չկար մեկը, որ հիշեցներ աստծո մասին և բարերար ազդեցություն գործեր վրաս, ես չդիմացա ու տեղի տվեցի։ Բայց գիտեմ, որ իրավունք չունեմ ներողմտություն հայցել, թուլությունս վկայակոչելով։
 
Մարվինը շրջվեց դեպի մաիկ մարդը, որի վրա դեռ հույս ուներ։
 
― Սըր Ժյո՛ւլ,― գոչեց նա։― Դուրս քաշիր քո սուրը և մենք պայքարով կհարթենք մեր ճամփան դեպի ազատություն։
 
Բլաքըմուրը չոր ծիծաղեց։
 
― Կարծում եք սոււրը դո՞ւրս կքաշի։ Գուցե։ Բայց միայն որպեսզի խնձոր կճպի․
 
Մարվինը սևեռուն նայեց յուր ընկերոջը և նրա դեմքին տեսավ ամոթ՝ ավելի խոր, քան անդունդը և ավելի մահացու, քան թույնը։
 
 
<references/>