Խորամանկ մի հնարքի շնորհիվ, Մարվինն ու նրա հայրենակիցները կարողացան խույս տալ հետապնդող դրագուններից և անվնաս հասնել Քաստելգաթի հսկա խրամատավոր մրցահրապարակը։ Այնտեղ, ժամացույցի տասներկուերորդ զարկի հետ, դավադիրները պետք է հավաքվեին, վերջնական զորադասավորումներ անեին ու հենց նույն օրը ճամփա ընկնեին՝ որպեսզի Բլաքըմուրի ահեղ ճանկերից դ՝ Ագուստինին փրկելու հանդուգն փորձ կատարեին։
Մարվինը գնաց արևելյան թևում գտնվող յուր սենյակները։ Նա ապշեցրեց մանկլավիկների՝ ձեռքերը լվանալու համար մի աման ջուր պահանջելով։ Մարվինի հիշյալ հակումը տարօրինակ էր համարվում այդ դարում, երբ նույնիսկ մեծամեծ պալատական տիկնայք սովոր էին օծանելիք քսած մետաքսե ներքնահագուստների տակ ծվեն֊ծվեն կեղտ թաքցնել։ Սակայն Մարվինն այդ սովորությունը ձեռք էր բերել հարավային Ռեմուվի զվարթ հեթանոս տեսքոների մեջ ապրելիապրելիս, որոնց օճառային շատրվանները և սպունգե արձանները հրաշքների հրաշքն էին թվում ինքնահավան, փնթի հյուսիսային ազնվականներին։ Եվ չնայած յուր սյուզերենների հեգնանքին ու կրոնավորների դժգոհությանը, Մարվինը համառորեն պնդում էր, որ մեկ֊մեկ ձեռքեր լվանալը վնաս չի, եթե իհարկե ջուրն ուրիշ տեղերի չկպչի։
Ձեռալվան ավարտվեց, և Մարվինը, որի հագին միայն սև սատինե կիսատաբատ էր, սպիտակ ժանյակավոր վերնաշապիկ, երկարճիտ կոշիկներ, ուսերին հասնող էրեցիական թավշակաշվե ձեռնոցներ, իսկ վրայի միակ զենքը՝ Քուեր դե Ստաբաթ սուրը, որը նրա գերդաստանում սերնդեսերունդ էր փոխանցվել հինգ հարյուր տարի, հանկարծ ինչ֊որ աղմուկ լսեց և կայծակի արագությամբ պտտվեց, ձեռքը սրի երախակալին։
― Ո՛չ, դա չի՛ կարող լինել,― ճչաց Կատարինան, տանջալի ցավից ետ քաշվելով՝ նրա փորը թրթռում էր զգացմունքների հեղեղից։― Դու չգիտե՛ս իմ թշվառ վիճակի մանրամասները։
― Ես պահանջում եմ, որ ասես,― գոչեց Մարվինը, հետո թափով ետ շրջվեց, ձեռքը գցելով սրի երախակալին։ Քանզի սենյակի հսկա կաղնե դուռն անաղմուկ բացվել էր և ևդռան դռան մոտ անփութորեն պատին հենված կանգնել էր ձեռքերը կրծքին ծալած մի մարդ, որի բարակ, մուրաքավոր շուրթերին կիսաժպիտ էր խաղում։
― Տե՛ր իմ։ Մենք կորա՜ծ ենք,― ճչաց Կատարինան, ձեռքերը սեղմելով դողացող փորին։
― Կնո՞ջ,― արձագանքեց Մարվինը։
― Այս տիկինը,― հայտարարեց ԲլեաըմուրըԲլաքըմուրը,― որը տարօրինակ սովորություն ունի ուղղակի չներկայանալու, իրականում ազնվազարմ Կատարինա դ՝ Ագուստին դի Բլաքըմուրն է՝ ձեր խոնարհ ծառայի սիրող և սիրեցյալ կինը։
Եվ այդ ասելով, Բլաքըմուրը հանեց գլխարկը և խոր գլուխ տվեց, ապա կրկին յուր նախկին դիրքն ընդունեց։
Մահն էր սողոսկել սենյակը․․․ բայց ո՞ւմ համար։ Մարվինը վախենում էր վատթարագույնից, սակայն նա անվրդով շրջվեց ասես օբսիդիանե անթափանց դիմակ հագած դմեքը և նայեց թշնամուն՝ իր սիրեցյալի ամուսնուն և նրա հորը գերեվարողին։
==Գլուխ 29==