― Կաց հալա․․․ «Ինձ, ասում էր, անմեդալ դռնապան պետք չէ»։ Սանկտ֊Պետերբուրգ գնաց մեդալ բերելու։ Դե առաջին անգամը, ասել է պետք, բան դուրս չեկավ։ Պարոնայք չինովնիկները չուզեցին։ «Թագավորն, ասում է, արտասհաման է գնացել, հիմա հնարավոր չէ»։ Աղաս ինձ հրամայեց սպասել։ «Դու, ասում է, Տիխոն, սպասի, առանց մեդալ չես մնա»։
― Իսկ քո աղին շրխկացրե՞լ են, ինչ է,― անսպասելի հարցրեց Օստապը։
― Ոչ ոք չի շրխկացրել։ Ինքը գնաց։ Ի՞նչ ուներ էստեղ սալդատների հետ նստելու․․․ Իսկ հիմա դռնապանի ծառայության համար մեդալ տալի՞ս են։
― Տալիս են։ Կարող եմ հաջողացնել քեզ համար։
Դռնապանը հարգանքով նայեց Բենդերին։
― Ինձ առանց մեդալի չի լինի։ Ծառայությունս է էդպես։
― Բա ո՞ւր է գնացել քո աղան։
― Ո՞վ գիտի նրա բանը։ Մարդիկ ասում էին, թե Փարիզ է գնացել։
― Ա՜․․․ Սպիտակ ակացիաներ, էմիգրացիայի ծաղիկներ․․․ Ուրեմն, նա էմիգրա՞նտ է։
― Ինքդ ես էմիգրանտ․․․ Մարդիկ ասում են Փարիզ է գնացել։ Իսկ տունը պառավների համար են վերցրել․․․ Դրանց ամեն օր էլ որ շնորհավորես, մի տասկոպեկանոց չես ստանա։ Է՜խ, ի՜նչ աղա էր․․․
Այդ պահին դռան վերևի ժանգոտ զանգը ցնցվեց։ Դռնապանը ոտքերը քարշ տալով մոտեցավ դռանը, բացեց այն և սաստիկ շփոթված ետ ընկրկեց։
Վերևի աստիճանի վրա կանգնել էր սևաբեղ և սևամազ Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը։ Պենսնեի տակ աչքերը փայլում էին մինչպատերազմյան փայլով։
― Աղա՜,― մոլեգնորեն բառաչեց Տիխոնը։― Փարիզի՜ց։
Իպոլիտ Մատվեևիչը, շփոթված, կողմնակի մարու ներկայությունից, որի մանուշակագույնոտնաթաթերը հենց նոր տեսավ սեղանի ծայրից, շշկլվեց և այն է ուզում էր փախչել, բայց Օստապ Բենդերը աշխույժ վեր ցատկեց և խոնարհ գլուխ տվեց Իպոլիտ Մատվեևիչին։
― Մեզ մոտ թեև Փարիզ չէ, բայց համեցեք խնդրեմ մեր քողտիկը։
― Բարև, Տիխոն,― հարկադրված էր ասել Իպոլիտ Մատվեևիչը,― ես բնավ էլ Փարիզից չեմ եկել։ Այդ ո՞վ է մտցրել գլուխդ։
Բայց Օստապ Բենդերը, որի երկար ու ազնիվ քիթը տապակածի հոտ էր առնում, թույլ չտվեց դռնապանին նույնիսկ ծպտուն հանելու։
― Հիանալի է,― ասաց նա, աչքերը խեթելով,― դուք Փարիզից չեք։ Իհարկե, դուք եկել եք Կոլոգրիվից ձեր հանգուցյալ տատիկին այցելելու։
Այդպես ասելով, նա քնքշորեն գրկեց շշմած դռնապանին և դուրս տարավ նրան նախքան նրա հասկանալը, թե ինչ պատահեց, իսկ երբ ուշքի եկավ, ապա կարողացավ ըմբռնել միայն այն, որի Փարիզից եկել է իր աղան, որ իրեն՝ Տիխոնին դուրս արեցին դռնապանի սենյակից և որ ձախ ձեռքում սեղմված է մի ռուբլի թղթադրամ։
Դռնապանի ետևից դուռը խնամքով փակելուց հետո, Բենդերը շուռ եկավ դեպի սենյակի մեջտեղում դեռևս կանգնած Վորոբյանինովը և ասաց․
― Հանգիստ, ամեն բան կարին է։ Իմ ազգանունն է Բենդեր։ Գուցե լսա՞ծ լինեք։
― Չեմ լսել,― ջղայնացած պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը։
― Դե իհա՜րկե, Փարիզում որտեղի՞ց կարող էր հայտնի լինել Օստապ Բենդերի անունը։ Տա՞ք է հիմա Փարիզում։ Լա՜վ քաղաք է։ Այնտեղ ես ամուսնացած հորեղբոր աղջիկ ունեմ։ Վերջերս ինձ համար մետաքսյա թաշկինակ էր ուղարկել պատվիրած նամակի մեջ դրած․․․
― Ի՞նչ անհեթեթություն,― բացականչեց Իպոլիտ Մատվեևիչը։― Ի՞նչ թաշկինակ։ Ես Փարիզից չեմ եկել, այլ․․․
― Հիանալի է, հիանալի։ Մորշանսկից։
Իպոլիտ Մատվեևիչը բնավ գործ չէր ունեցել այնպիսի վառ խառնվածքի տեր երիտասարդի հետ, ինչպիսին էր Բենդերը, և իրեն վատ զգաց։
― Էհ, գիտեք ինչ, ես գնալու եմ,― ասաց նա։
― Ո՞ւր եք գնում։ Շտապելու հարկ չկա։ Գեպեուն ինքը կգա ձեզ մոտ։
Իպոլիտ Մատվեևիչը խոսք չգտավ պատասխանելու, արձակեց թավշյա խունացած օձիքով վերարկուի կոճակները և նստեց թախտին, անբարյացակամորեն նայելով Բենդերին։
<references/>