― Խախտողներ չեն լինում, ― համաձայնվեց Սմերչևը։ ― Բայց մարդիկ միանման չեն աշխատում։ Մեկը կատարում է պլանը երկու հարյուր տոկոսով, իսկ մի ուրիշը միայն հարյուր հիսուն, և համարել, որ նրանց կարիքները նույնն են, ես կասեի, դա շատ անարդարացի կլիներ։
==Երկրորդական ստուգում==
Եթե ես ճիշտ նկատեցի, ապա մոտավորապես այն տեղում, որտեղ մեր շոսսեն հատեց դեռ իմ ժամանակ կառուցված օղակային ճանապարհը, մեր շարժումը դանդաղեց։ Հպվելով դիտանցքին և կկոցելով աչքերս թափվող քրտնքից, ես տեսա, որ այստեղ ճանապարհը ավելի լայն է և նրա վրա երկար հերթում շարվել են մի քանի շարքով շոգե և գազոմոբիլներ, որոնք երևի թե բաժանված են տեսակներով․ խոշոր զրահամեքենաները մի շարքում, ավելի փոքրերը՝ մյուսում, իսկ բոլորովին փոքր մարդատարները՝ երրորդում։
Բայց մեր շարքը ինպես և առաջ ազատ էր։ Սկզբից ես մտածեցի, որ ուղղակի մեր բախտը բերել է, բայց հետո գլխի ընկա, որ այդ շարքը նախատեսված է, ոչ թե բոլորի, այլ միգուցե, միայն այնպիսի կարևոր անձանց համար, ինչպիսին ես եմ։
Սակայն, շուտով ես հասկացա, որ լինում են ավելի կարևոր անձինք։ Անսպասելի լսվեց սարսափելի ոռնոց։ Վասյան անմիջապես գցեց մեր ծանր մեքենան ճանապարհի եզրը, հազիվ խուսփելով առվի մեջ ընկնելուց։
Մինչդեռ ոռնոցը արագ մոտենում էր, և ես տեսա անցյալ կյանքից ինձ լավ ծանոթ մի տեսարան։ Ահռելի արագությամբ, շրջապատված մոտոցիկլիստների էքսկորտով և ինչ֊որ բան գոռացող բարձրախոսով, մեր կողքով սլացավ վառվող թարթիչներով հին կոնստրուկցիայի մեքենաների երկար շարքը։ Առաջին և երկրորդ մեքենաները նման էին իմ ժամանակվա «զիլերին, բայց երկրորդ «զիլին» կարմիր և դեղին խողովակներով կցված էր նրա ետևից գնացող սև ավտոբուսը։ Ավտոբուսին հետևում էր էլի մի «զիլ», որից տարբեր կողմեր էին ցցված գնդացրի փողեր։
Այդ հեծելազորի անցումի ժամանակ, իմ բոլոր ուղեկիցները աստղակնքվեցին, իսկ Սմերչևը հոգոց հանեց և ակնածանքով շշնջաց․
― Ւ՜նքը անցավ։
― Ո՞վ ինքը, ― հարցրեցի ես։ ― Գենիալիսսիմո՞ւսը։
Այդ բառերի վրա Վասյան բարձր ծիծաղեց, իսկ Սմերչևը շատ լուրջ պատասխանեց․
― Ի՜նչ եք ասում։ Գենիալիսսիմուսը մեքենայով ման չի գալիս։ Դա Խմբագարական հանձնաժողովի նախագահն էր։
Մենք շարժվեցինք առաջ։ Շուտով նորից կանգ առանք, և Սմերչևը ասաց, որ պետք է դուրս գանք որոշ ձևականություններ կատարելու համար։
Ես դուրս եկա մեքենայից, քրտնքի մեջ կորած և հազիվ կենդանի։ «Դիպլոմատը» մոտս էր, իսկ ահռելի ճամպրուկս Վասյաին էր հանձնարարված։ Սրբվելով թաշկինակով, ես տեսա, որ մենք գտնվում ենք ոչ շատ բարձր, բայց երկար շենքի առաջ, որի ոչ մեծ պատուհանները վարագուրված են, իսկ երկաթե դռան մոտ կանգնած են երկու ավտոմատավոր։ Այստեղի ցուցանակի վրա գրված էր․
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԵՏ
Մուտքի առաջ փնչացնում էր մի մեծ շոգեգարշ, որին կցված թափքից կախված էին եղևնու թաց տախտակներ։ Կցորդի մի անիվը հանված էր, և յուղոտ կոմբինեզոններով երկու մարդ աշխատում էին հանված ռեսսորի վրա․ մեկի ձեռքում մեծ դուր էր, մյուսը խփում էր նրան մուրճով։ Ընթացքում նրանք վարում էին ինձ համար ոչ այնքան հասկանալի խոսակցություն։ Նա, որը պահում էր դուրը, անբնական ձևով ծռելով վիզը, գլխարկի երկար երեսկալի տակից նայեց երկնքին և ասաց․
― Երևում է, այսօր կինո չի լինի։
― Մյուսը նույնպես ծռեց վիզը և համաձայնվեց․
― Այո, երկինքը չափազանց պարզ է։
Այդ եզրակացությունը անելուց հետո նա վրիպեց և խփեց դուրը բռնողի մատին, որը տեղից վեր թռավ, հոլի պես պտտվեց և ինձ համար մինչև վերջին խոսքը հասկանալի նախնական լեզվով այնպիսի պատկերավոր բառերի շարք արտասանեց, որ սիրտս չէր կարող չուրախանալ։
Իմ ուղեկիցները նայեցին միմյանց։ Վասյան ծիծաղեց։ Սմերչևը խոժոռվեց, կանայք ձևացրին, որ ոչինչ չեն լսել, իսկ հայր Զվեդոնին, դատապարտող ինչ֊որ բան մրթմրթաց և աստղակնքվեց։
Այդ ժամանակ Ձերժինը մոտեցավ ավտոմատավորներին, մեկը նրան տեսնելով պատիվ տվեց, մյուսը դուռը բացեց։
Դռան ետևի ընդարձակ տարածքը հիշեցնում էր ինչ֊որ մեծ հյուրանոցի նախասրահ, որտեղ սպասվում էր կարևոր և միգուցե նույնիսկ միջազգային կոնֆերանս։ Աջ կողմում շարված սեղանների վրա դրված էին ռուսական այբուբենի տառեր։
Ես ու Սմերչևը մոտեցանք «Կ» տառով սեղանին։ Կին֊փոխգնդապետը, առանց ինձ նայելու, գրի առավ ազգանունս, աստղային անունս, հայրանունս և հարցրեց ծննդյանս թիվը։
― Հազար իննը հարյուր քառասուներկու, ― ասացի ես։
Հազար ինը հարյուր․․․ սկսեց գրի առնել նա և հանկարծ պայթեց։ ― Ձեզ հիմարի տե՞ղ եք դրել։ Դուք կարծում եք մենք այստեղ էլ բան ու գործ չունե՞նք։ Ես ձեր պատճառով մի ամբողջ թուղթ փչացրի։ Ես կբողոքեմ ձեր ծառայության վայրը, որ այս թղթի համար տուգանքի ենթարկվեք։
Նա արդեն պատրաստվում էր աղբամանի մեջ նետել թուղթը, երբ Սմերչևը կանգնեցրեց նրան և ինչ֊որ բան շշնջաց ականջին։
Նա լսում էր դժգոհ արտահայտությամբ, հետո նրա դեմքին զարմանք հայտնվեց, նա նայեց ինձ և ձեռքերը իրար խփեց։
― Օ՜, Գենա։ Ւսկապե՞ս այդ դուք եք։ Ես էլ տեսնում եմ, ձեր դեմքը կարծես ծանոթ է։ Ախր ես ձեզ հենց նոր հեռուստացույցով եմ տեսել։ Այ քեզ բա՜ն։ Իսկ ինչ տե՜սք ունեք։ Մի՞թե հարյուր տարեկան եք։ Արտաքինից վաթսունից ավելի ոչ մի կերպ չես տա։ Երևի Երրորդ Օղակում միայն վիտամիններով եք սնվում։
― Երրորդ Օղակում, ասաց մոտ եկած Պրոպագանդա Պարամոնովնան, ― աշխատավորները սնվում են միայն երկրորդական մթերքով։
― Այո, այո, իհարկե, ― շտապեց համաձանվել նրա հետ գրանցումներ կատարող կինը։ ― Իհարկե երկրորդական։ Բայց ես լսել եմ, այն վիտամիններով հարստացված է։
Հարցաթերթիկը լրացնելուց հետո, ինձ առաջարկվեց անցնել սենյակի հեռավոր անկյունը, որտեղ դրված էր երկար, ցինկով պատած սեղան, այդպիսիների վրա իմ պատկերացմամբ, պաթոլոգաանատոմները հերձում են հանգուցյալներին։
Այդ սեղանի վրա հանգուցյալի դեր էր խաղում իմ արդեն բացված և մասամբ քրքրած ճամպրուկը։ Ինչպես ես հասկացա, հերձումը իրականցնում էր խոշոր և բավականին գեր, մաքսային ծառայության մայորը։
Մայորը ինձ միանգամից ճանաչեց։ Նա խոսում էր ինձ հետ աշխատելով հաճոյանալ և բազմակի անգամ ներողություն խնդրելով։
― Կներեք, մեղավոր եմ, ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու համար, մենք ձեզ երբեք և ոչ մի դեպքում չէինք ստուգի, բայց միայն անիմացությունից դուք կարող եք տանել մի այնպիսի բան, որ ինքներդ եք հասկանում, ներեցեք։
Էլի մի քանի անգամ ներողություն խնդրելուց հետո, նա տեղեկացրեց ինձ, որ իմ ուղեբեռում հայտնաբերված են որոշ առարկաներ, որոնց մուտքը արգելված է Մոսկորեպ։
― Օրինա՞կ․ ― հարցրեցի ես, աշխատելով պահպանել ինքնատիրապետումս։
― Օրինակ այ սա, ― ասաց մաքսայինը և, վերցնելով իմ «Նիկոն» ֆոտոապարատը իսկույն բաց արեց այն։
― Ի՞նչ եք անում, ― գոռացի ես։ ― Դուք լուսավորեցիք ժապավենը։ Ինչ է, ձեր մոտ չի՞ կարելի նկարահանել։
― Ի՜նչ եք ասում, ի՜նչ եք ասում, ― վախեցավ մայորը։ ― Դե իհարկե կարելի է։ Հատկապես ձեզ։ Դուք կարող եք անել ամեն ինչ, բացի նրանից ինչ չի կարելի։ Խնդրեմ։ ― Նա տվեց ինձ ապարատը։ ― Նկարահանեք ինչքան ուզում եք։ Ես միայն սա հանեցի, իսկ մնացածով օգտվեք ինչքան ուզում եք։
Դուք ինչ է չե՞ք հասկանում, ― հարցրեցի ես։ ― Ես ի՞նչ կարող եմ անել սրանով առանց դրա։ Մեխե՞ր խփել։ Թե՞ պոպոք ջարդել։
― Հանուն Գենիալիսսիմուսի։ ― Նա ձեռքը դրեց սրտին։ ― Դուք կարող եք օգտագործել այս իրը ինչպես ուզում եք, ձեր կարիքների սահմաններում։ Բայց մեզ մոտ, հարգելով ձեզ նորից ներողություն եմ խնդրում, ֆոտոապարատներ օգտագործել թույլատրված է, իսկ լուսազգայուն էլեմենտներ՝ ոչ։
Այս բառերը արտասանելիս նա շպրտեց սեղանին ժապավենների ևս վեց կոմպլեկտ, որոնք մեկնումից առաջ ես գնել էի Կաուֆհոֆում։
― Հետաքրքիր է, ― ասացի ես, ― այդ ինչ հիմար օրենքներ են։ Ինչ է, ձեր Մոսկորեպում, ընդհանրապես չի՞ կարելի ոչինչ նկարահանել։
Մաքսային աշխատակիցը զարմացած նայեց Սմերչևին և հետո նորից ինձ։
― Ներողություն, ― չհասկացա, ― ասաց նա։ Մեզ մոտ Մոսկորեպում կարելի նկարել ամեն ինչ, ամեն տեղ և ում ուզեք։ Բայց միայն առանց ժապավենի։
― Բայց ինչպե՞ս, ― ասացի ես շփոթված։ ― Ես տեսել եմ ձեր թերթը և այնտեղ լուսանկարներ կային։ Չէ՞ որ նրանք ժապավենով էին արված։
― Մինգամաայն ճիշտ նկատողություն է, ― հռհռաց մաքսային աշխատակիցը։ ― Բայց թերթերի լուսանկարները արվում են պետության կարիքների համար, իսկ ձեր կարիքները անձնական են։ Նրանք գիտեն ինչ է կարելի նկարել ժապավենի վրա, իսկ դուք, ես ներողություն եմ խնդրում, կարող եք չիմանալ։ Եվ անիմացության պատճառով կարող եք պատկերել որևէ այնպիսի բան, հասկանում եք, մեր կյանքի ստվերային կողմերը և դրանով գրավել ԲԵԶՈ֊ի ծառայությունների ուշադրությունը։ Ձեր ինչի՞ն է այդ պետք։
ԲԵԶՈ֊յի հիշատակման ժամանակ ես նայեցի Սիրոմախինին, որը իմ ետևն էր կանգնած։
― Զիջեք նրան, թանկագինս, ― ասաց ինձ Ձերժին Գավրիլովիչը։ ― Ավելի լավ է զիջել մի մասը և պահպանել ամբողջը, քան կորցնել ամեն ինչ։
Համարելով վեճն ավարտված, մաքսայինը մի կողմ հրեց ժապավենները և շարունակեց իր աշխատանքը։ Այստեղ ես իմացա, որ կարող եմ ինչքան ուզում եմ օգտվել իմ մագնիտոֆոնով, բայց առանց ձայներիզների և մարտկոցների։ Մարտկոցները հանվեցին իմ պորտատիվ «Գրյունդիկից»։ Բլոկնոտների և գնդիկավոր գրիչների մասին մայորը հեռախոսով խորհրդակցեց ինչ֊որ մեկի հետ, և այդ առարկաները մեծահոգաբար թույլ տրվեց թողնել ինձ մոտ։ Դրանից հետո մայորը դուրս բերեց աստծո լույսի տակ Սիմիչի քարաբեկորներով ֆլոպպի֊դիսկը։
― Իսկ սա ի՞նչ է։
― Դա՞, ― զարմացա ես։ ― Իսկ մի՞թե դուք չգիտեք։
Հայացքներ փոխանակելով գեներալների հետ, մաքսայինը թոթվեց ուսերը։
― Ոչ, այսպիսի բան երբեք չեմ տեսել։
― Իսկ ձեզ մոտ համակատգիչներ կա՞ն։
― Իհարկե կան, ― ասաց Սմերչևը։ ― Բայց նրանք այդպիսին չեն, մեր համակարգիչները մեծ են։
― Սա կարգիչ չէ, ― փորձեցի բացատրել ես։ ― Սա համակարգչի ժապավեն է։
― Իսկ նա ինչի՞ համար է, ― հարցրեց մաքսայինը։
Ես ասացի, որ ժապավենը դնում են համակարգչի մեջ և նրա վրա գրի առնում տարբեր ծրագրեր կամ տեքստեր։
― Իսկ սրա վրա ի՞նչ է ձայնագրված, ― հարցրեց մաքսատան աշխատակիցը և սկսեց ուսումնասիրել ֆլոպպի֊դիսկը, հույս ունենալով տեսնել նրա վրա ինչ֊որ տառեր։
― Հենց դրա վրա գրի են առնված մի նախնական գրողի վեպեր։ Դուք հավանաբար նրան գիտեք։ Նրա ազգանունը Կարնավալով է։
― Կարնավալո՞վ, ― մաքսայինը հարցական նայեց Սմերչևին, որը պատասխանեց նրան ուսերի շարժումով։
― Ինչպե՞ս, ― զարմացա ես։ ― Մի՞թե դուք երբեք չեք լսել այդ ազգանունը։
― Մաքսայինը շփոթվեց։ Կոմմունիյ Իվանովիչը կարմրեց։
― Ինչպե՞ս թե, ― ասացի ես, ― մի՞թե նախակոմբերում Կարնավալովին չեք անցել։
Պարզվում է, ոչ, չեն լսել։ Եվ չեն անցել։ ― Այ քեզ բա՜ն, ― մտածեցի ես։ ― Ո՞վ կարող էր դա պատկերացնել։ Ես միշտ մտածում էի, որ ապագայի մարդիկ ում ասես կարող են մոռանալ, բայց միայն ոչ Սիմիչին։ Արժե՞ր այդքան լարված չարչարվել այդ բեկորների հետ, որպեսզի մի ինչ֊որ վաթսուն տարի հետո նրանք արդեն անհայտ լինեն։
Դե, եթե դա այդպես է, ինչո՞ւ ես պետք է պայքարեմ այն բանի համար, որը ժամանակի ընթացքում կորցրել է իր գինը։ Եվ երբ մաքսայինը սկավառակը մի կողմ դրեց, ես չառարկեցի։ Վերջ ի վերջո, ես չեմ եկել այստեղ, որպեսզի այս ու այն կողմ ժայռաբեկորներ բաժանեմ, այն էլ երբ նրանք ոչ մեկին հայտնի չեն։ Ավելի լավ է ես իմ գրքերը որևե մեկին կարդալու համար կնվիրեմ։
Այստեղ հերթը հասավ իմ գրքերին։ Նրանք դասավորված էին ճամպրուկի հատակին։ Մաքսայինը հետաքրքրվեց, թե այդ ինչ գրքեր են, և ես հպարտությամբ աացի, որ դրանք իմ սեփական գրքերն են։
― Ձեր սեփակա՞ն, ― հարցրեց նա։
― Այո, ― ասացի ես։ ― Իմ սեփական։ ― Իսկ ի՞նչն է ձեզ զարմացնում։
― Հասկանո՞ւմ եք, ― փորձեց օգնել ինձ Կոմմունիյ Իվանովիչը։ ― Կլասիկ Նիկիտիչը․․․
― Լսեք, ― նրա խոսքը կտրեցի ես, ― դե վերջացրեք ինձ անվանել այդ հիմար անունով։ Եթե չեք կարող հրաժարվել այդ մականուններից, գոնե անվանեք ինձ ուղղակի Կլասսիկ, առանց այդ Նիկիտիչների։
Ուրիշ անգամ ես կարող էի լռել։ Բայց հիմա ես շատ էի գրգռված այդ տարօրինակ և անհասկանալի արարողություններից, քանի որ ապրելով վայրենի կապիտալիստական հասարակությունում նման բաներից մի քիչ հետ էի սովորել։
― Լավ, լավ, ― համաձայնվեց Սմերչևը։ ― Եթե դուք չեք ուզում, որ ձեզ դիմեն հայրանունով, մենք ձեզ կդիմենք միայն Կլասսիկ անունով։ ― Ես միայն ուզում եմ ասել, թանկագին Կլասսիկ, որ մեր հասարակությունում գոյություն չունի անձնական սեփականություն։ Մեզ մոտ ամեն ինչ ընդհանուր է։ Եվ այս գրքերը նույնպես չեն կարող համարվել ձերը։
Ես սարսափելի տանջված էի։ Գլուխս ցավում էր։ Հոգնածությունից, շոգից, անքնությունից, այն բանից, որ վաղուց չէի խմել և այդ օրվա բոլոր հակասական տպավորություններից։
― Դուք հասկանո՞ւմ եք, ― ասացի ես Սմերչևին, ― որ ինչ էլ որ դուք ասեք, այս գրքերը իմ անձնականն են։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ նրանք ինձ են պատկանում որպես իրեր։ Այլ որովհետև հենց այս ձեռքով եմ նրանք գրել։ Ավելի համոզիչ լինելու համար, ես նույնիսկ թափահարեցի ձեռքս Սմերչևի քթի առաջ։ Հույս ունեմ, որ դուք համաձայն եք, որ իմ սեփական ձեռքը պատկանում է ինձ և ոչ թե բոլորին։
― Իսկ դուք բանից դուրս է գալիս սեփականատեր եք, ― ասաց Պրոպագանա Պարամոնովնան և ճոճեց գլուխը։
― Լսեք, դիմեցի ես միանգամից և մաքսայինին և կոմպիսներին։ Ինչո՞ւ եք ուզում ինձ խելագարության հասցնել։ Ի՞նչու թույլ չեք տալիս վերցնել ինձ հետ իմ գրքերը։ Ես չեմ պատրաստվում վաճառել նրանք, կամ նրանցով փող աշխատել։ Բայց միգուցե ցանկանամ որևիցե մեկին նվեր տալ։
Դուք ոզում եք նրանք տարածե՞լ, ― սարսափած հարցրեց Պրոպագանդա Պարամոնովնան։
― Ի՞նչ է նշանակում տարածել, ― առարկեցի ես։ Ոչ թե տարածել, այլ նվիրել։ Ուզո՞ւմ եք մի օրինակ էլ ձեզ նվիրեմ։
― Ի՞նձ։ Ինչո՞ւ ինձ, ― վախեցած ընկրկեց Պրոպագանդան։ Ինձ դա պետք չէ, ես նախնական լեզվով չեմ կարդում։
Ես տեսնում էի, որ նրանք բոլորը շատ հուզված ու գրգռված են։ Այս խոսակցությունը նրանց համար շատ բարդ էր։ Բայց ես էլ երկաթից չէի։ Չդիմանալով այդ ամբողջ հիմարությանը, ես պազապես նստեցի հատակին, ձեռքերով բռնեցի գլուխս և լաց եղա։ Պետք է ասել, որ այդպիսի բան ինձ հետ հազվադեպ է պատահում։ Ես մանկությունից լաց չեմ եղել, իսկ այս կոմունյանները մի օրում ինձ երկրորդ անգամ արցունքի հասցրին։
Ես տեսա, որ Սմերչևը հրեց Իսկրինա Ռոմանովնային և նա նետվեց ինձ մոտ։
― Դե ինչո՞ւ եք դուք։ Ի՞նչ պատահեց ձեզ։ Ինչո՞ւ եք լաց լինում։ Հանգստացեք։ Լաց մի եղեք։ Պետք չէ, սիրելի, թանկագին Կլաշենկա․․․
Կլաշենկա՞։ Ես հասկացա, որ դա «կլասսիկ» բառի փոփոխված տեսակն է։ Եվ հանկարծ ծիծաղս այնպես եկավ, որ լացս ինքնաբերաբար փոխարինվեց ծիծաղով։ Ես չկարողացա տեղում մնալ և ծիծաղից գլորվում էի հատակի վրա։ Կոմպիսները շփոթված կանգնած էին իմ գլխավերևում, և նրանցից մեկը ինչ֊որ բան ասաց բժշկի մասին։
― Ոչ մի բժիշկ էլ պետք չէ, ― ասացի ես վեր կենալով և թափ տալով ծնկներս։ ― Արդեն ամեն ինչ անցավ։ Ես ամեն ինչ հասկացա և ոչինչ չեմ ուզում։ Դուք կարող եք աղբանոց նետել իմ բոլոր գրքերը, միայն բացատրեք, ինչո՞ւ եք դուք այդքան վախենում նրանցից։ Դուք ինքներդ ասացիք, որ կարդացել եք նրանք պրեդկոմբերում։
Ոչ թե կարդացել, այլ անցել ենք ― փաղաքշաբար ժպտաց Սմերչևը։ Այսինքն՝ ոմանք ծանոթանում էին ավելի մանրամասն, բայց հիմնականում ուսուցիչները ուղղակի համառոտ ծանոթացնում էին ձեր արծածված թեմաներին և գաղափարական֊գեղարվեստական բովանդակությանը։
― Ահա՜, ― ասացի ես հիասթափված։ ― Դուք իմ գրքերը անցել եք, բայց ինչպես և առաջ արգելված է նրանք կարդալ։
― Ոչ մի դեպքում, ― առարկեց Սմերչևը։ ― Դե ինչո՞ւ եք դուք մեր մասին այդքան վատ մտածում։ Մեզ մոտ ոչինչ արգելված չէ։ Ուղղակի նախնական գրականության մեր կարիքները արդեն բավարարված են։
― Առավել ևս, որ գաղափարական առումով նախնական գրականությունը շատ անհավասարակշիռ է, ― նկատեց Պրոպագանդա Պարամոնովնան։ ― Այնտեղ մեծ տեղ են գրավում մետաֆիզիկան, գեգելյանությունը և կանտիանությունը։
― Եվ սրբապղծված է մեր կոմունյանական կրոնը, ― օգնության եկավ մինչ այդ լուռ կանգնած հայր Զվեզդոնին։
― Եվ բացի այդ, սոցիալիստական ռեալիզմի սկզբունքը, որից օգտվում էին նախնական գրողները, ― ասաց Պրոպագանդա Պարամոնովնան, պարտիան վաղուց արդեն որակել է, որպես սխալ և վտանգավոր։ Ճշմարիտը միայն կոմունիստական ռեալիզմն է։
― Եվ ընդհանրապես, ― ասաց Սմերչևը, ― դուք պետք է հասկանաք, թանկագին Կլասսիկ, որ մեզ բաժանող ժամանակաշրջանի ընթացքում, մեր գրականությունը այնքան է աճել, որ նրա հետ համեմատած ձեր և ձեր ժամանակակիցների գրածները ուղղակի խղճուկ ու անօգնական են թվում։
― Այո, այո, այո, այո, ― ասաց Զվեզդոնին, և նրանք բոլորը տխուր գլխով արեցին։
― Ճշմարիտն ասած, ոչ բոլորը, ― նորից պաշտպանեց ինձ Սիրոմախինը։ ― Նա ունի մի հրաշալի գիրք, որը ես կասեի, իր մակարդակով մոտենում է Կոմռեալիզմի վաղ շրջանին։ ― Ափսո՜ս, ― նա շրջվեց իմ կողմը, որ այդ գիրքը չգիտեմ ինչու ձեզ հետ չեք բերել։ Բայց մենք այն կգտնենք․․․
― Եվ կուղղենք, ― հուշեց Սմերչևը։
― Այո, մի քիչ կուղղենք և կվերահրատարակենք։
Թե որ գրքի մասին էր գնում խոսքը ես չհասկացա, բայց արդեն ոչինչ չէի ուզում հարցնել։ Եվ պայքարել չէի ուզում։ Դրա համար էլ, երբ վերցրին քարտեզները, Մյունխեն բառը վրան տպագրված շապիկները և ծամոնները, ես նույնիսկ չհարցրեցի պատճառը, որովհետև ամեն ինչից հոգնել էի։
Եվ երբ ինձ առաջարկեցին ստորագրել առգրավված առարկաների ցուցակի տակ, ես այն ստորագրեցի առանց նայելու։