Փաստաբանի նպատակը սփոփե՞լն էր, թե՞ հիասթափության հասցնելը։ Կ֊ն չգիտեր, սակայն եկավ այն հաստատ եզարակցության, որ պաշտպանությունը հուսալի ձեռքերում չէ։ Փաստաբանի՝ սեփական անձը հնարավորին չափ առաջին պլան մղելու ձգտումը երևում էր պարզ։ Նա հավանաբար դեռ երբեք նման խոշոր գործ՝ ինչպես իր կարծիքով Կ֊ինն էր, չէր վարել։ Թող նրա պատմածները ճիշտ լինեն, սակայն պաշտոնայների հետ ունեցած անձնական կապերի անընդհատ ընդգծումը կասկած էր հարուցում։ Արդյո՞ք դրանք բացառապես ի շահ Կ֊ի կօգտագործվեին։ Փաստաբանը երբեք չէր մոռանում նկատել, որ խոսքը միայն ենթակա պաշտոնյաների մասին էր, այսինքն՝ մեծ կախում ունեցող խաշտոնյաների, որոնց առաջընթացի համար գործերի որոշակի շրջադարձերը հավանաբար կարող էին մեծ նշանակություն ունենալ։ Երևի նրանք փաստաբանին այդ նպատակով էին օգտագործում, որ նման, իհարկե մեղարդյալի համար ոչ ձեռնտու, փոփոխությունների հասնեին։ Գուցե ոչ բոլոր գործերի ժամանակ էին այդպես վարվում (դա հնարավոր չէր), դատավարություններ կային, որոնց ժամանակ փաստաբանին՝ մատուցած ծառայությունների համար զիջումներ անում էին․ երևի դատապաշտպանի հեղնիանակությունը բարձր պահելը նրանց համար էլ էր կարևոր։ Բայց եթե դա այդպես էր, ինչպես կվարվեին նրանք Կ֊ի դատավարության ժամանակ, որն, համաձայն դոկտոր Հուլդի խոստովանության, շատ դժվար, կարևոր գործ էր և դեռ սկզբում մեծ աղմուկ էր բարձրացրել։ Նրանց հետագա անելիքները հասկանալու համար այնքան էլ շատ մտածելու անհրաժեշտություն չկար։ Այդպիսի ենթադրության հավաստիության համար որպես ապացույց կարող էր ծառայել այն, որ, չնայած գործը մի քանի ամիս արդեն ընթացքի մեջ էր, առաջին խնդրագիրը դեռ չէր ներկայացվել և, ինչպես փաստաբանն էր ասում, դեռ վերջնական տեսքի չէր բերվել։ Նման ձևով շատ հեշտ կարելի էր մեղադրյալին հանգստացնել և անօգնական վիճակի մեջ պահել։ Հետո, վերջնական դատավճռով կամ նման մի ծանուցմամբ, թե իբր հետաքննության՝ մեղադրյալի համար ոչ ձեռնտու արդյունքները ավելի բարձր մերմինների ննարկմանն են հանձնված, նրան հանկարծակիի կբերեին։ Կ֊ի անմիջական միջամտությունն անպայման անհրաժեշտ էր։ Հենց սարսափելի հոգնած զգալու օրերին էր (ինչպես ձմեռային այդ օրն էր, երբ ակամա վերհիշեց անցած֊գնացածը) նա համոզվում միջամտության անհրաժեշտության մեջ։ Դատավարության հանդեպ նախկինում ունեցած արհամարանքն այլևս անտանելի էր։ Եթե նա մենակ լիներ, ինչ գործ էլ որ հարուցելու լինեին, հանգիստ կանտեսեր, եթե նույնիսկ վստահ էլ լիներ, որ գործը հետո չէր հարուցվի, բայց քեռին նրան արդեն տարել էր փաստաբանի մոտ, պետք է ընտանիքի մնացած անդամների կարծիքների հետ ևս հաշվի նստեր։ Ինքն անձամբ մի քանի ծանոթների մոտ անզգուշորեն, անբացատրելի բավականությամբ խոսել էր դատավարության մասին, մյուսները հասկանալի չէ, թե ինչպես էին տեղեկաել։ Ֆրոյլայն Բյուրստների հետ հարաբերությունները կարծես թե տատանվում էր դատավարության ընթացքին համապատասխան․ կարճ ասած, նա այնքան էլ անկախ չէր դատավարությունից և դատավարությունն ընդունելու կամ մերժելու ընտրություն այլևս չուներ․ խրվել էր, պետք է պաշտպանվեր։ Եթե հոգնած էր, ավելի վատ իր համար։
Սակայն հոգսը չափազանցելու համար առայժմ ոչ մի պատճառ չկար։ Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում նա կարողացել էր բանկում հասնել բարձր պաշտոնի և, բոլորի կողմից ճանաչում գտնելով, պահպանել իր դիրքը։ ԱՅժմ պետք էր առաջընացը հնարավոր դարձած այդ ունակությունը մի փոքր շրջել դատավարության կողմը, և կասկած լինել չէր կարող, որ վերջը լավ կլիներ։ Եթե ուզում էր որևէ բանի հասնել, հենց սկզբից անհրաժեշտ էր նախօրոք վանել հանցանքի մասին հնարավոր ամեն մի միտք։ Ոչ մի հանցանք։ Դատավարությունը ոչ այլ ինչ էր, քան մի խոշոր գործարք, մեկն այն ձեռնտու գործարքներից, որ նա ինքն էր բանկի համար բազմիցս կնքել, մի գործարք, որի հետ կապված տարբեր վտանգներ կային, որոնցից, սակայն, պետ էր պաշտպանվել։ Համենայնդեպս, թեկուզ հենց այդ պատճառով չէր կարելի խաղալ ինչ֊որ հարցում մեղավոր լինելու զգացման հետ․ հնարավորին չափ ամուր էր պետք կառչել սեփական առավելության մասին ունեցած մտքից։ Այդ տեսակետից ելնելով՝ փաստաբանի ձեռքից պաշտպանությունը վերցնելը անխուսափելի էր, և դա պետք էր անել շատ շուտ, ավելի լավ է հենց այս երեկոյան։ Թեև ըստ նրա պատմությունների, մի չլսված և հավանաբար շատ վիրավորական բան ստացվեր, բայց Կ֊ն չէր կարող թույլ տալ, որ դատավարության համար անձամբ իր գործադրած ջանքերը որևէ արգելքների հանդիպեին, և դրանց պատճառը, հնարավոր է, հենց իր դատապաշտպանը լիներ։ Եթե փաստաբանից ազատվեր, անմիջապես խնդիրագիր կներկայացներ, աստո ամեն օրը կպահանջեր, որ գործին ուշադրություն դարձնեին։ Այդ նպատակի համար, ինչ խոսք, բավական չէր լինի, որ Կ֊ն մյուսների նման նստեր միջանցքում, գլխարկը դներ նստարանի տակ ու սպասեր։ Ինքն անձամբ, կանայք կամ ուրիշ հանձնակատարաներ ամեն օր կվազեին ծառայողների մոտ և կստիպեին սենյակների ճաղերի արանքից միջանցք նայելու փոխարեն նստել սեղանների մոտ և ուսումնասիրել Կ֊ի ներկայացրած խնդրագրերը։ Այդ ջանքերը չպետք է թուլացվեին, ամեն ինչ կազմակերպել և հսկել էր պետք․ դատարանը գոնե մի անգամ կհանդիպեր իր իրավունքները պաշտպանել կարողացող մեղադրյալի։
Կ֊ն որքան էլ համոզված էր, թե իր ծրագրերը կիրականացնի, միևնույն է խնդրագրի շարադրման դժվարությունը ճնշող էր։ Նախկինում (հենց մի շաբաթ առաջ) նա թերևս ամոթախառն զգացումով մտածեր, թե երբևէ ստիպված կլինի անձամբ զբաղվել նման մի խնդրագիր կազմելով, իսկ որ, ի լրումն այդ ամենի, գործը կարող էր դժվար լինել, չէր պատկերացնում բնավ։ Նա հիշեց, թե ինչպես մի օր, չնայած աշխատանքով ծանրաբեռնված լինելուն, հանկարծ ամեն ինչ մի կողմ հրեց ու խնդրագրի շարադրանքի հաջորդականությունը կազմելու, հետո այն դանդաղաշարժ փաստաբանի տրամադրության տակ դնելու մտադրությամբ հանեց նոթատետրը, և ինչպես նույն պահին բացվեց ղեկավարության դուռն ու տնօրենի տեղակալը բարձրաձայն ծիծաղելով ներս մտավ։ Թեև տնօրենի տեղակալի ծիծաղի պատճառն, ինչ խոսք, խնդրագիրը չէ, այլ քիչ առաջ լսած բորսային կատակը, բայց այն ժամանակ Կ֊ն շատ անհարմար վիճակի մեջ ընկավ։ Կատակը հասկանալու համար գծագիր էր հարկավոր, և տնօրենի տեղակալը՝ գրասեղանին խոնարհվելով, Կ֊ի ձեռքից վերցրեց մատիտը և խնդրագրի համար նախատեսված նոթատետրի էջին քաշեց գծերը։
Վերջապես Կ֊ն մենակ էր։ Նա բնավ մտադիր չէր հաջորդ այցելուին ընդունել, և աղոտ կերպով նրա գիտակցությանն հասավ այն միտքը, թե ինչքան հաճելի էր, երբ դրսում նստած մարդիկ մտածում էին, թե ինքը շարունակ ֆաբրիկատիրոջ հետ է խորհրդակցում և այդ պատճառով ոչ ոք, նույնիսկ ծառան, ներս չէր մտնում։ Նա մոտեցավ պատուհանին, նստեց գոգին, ամուր կառչեց բռնակից ու նայեց դուրս՝ հրապարակին։ Ձյունը չէր դադարում, առաջվա պես մառախուղ էր։
Նա՝ առանց իմանալու, թե իսկապես ի՞նչն էր տանջում իրեն, երկար նստեց այդպես։ Միայն ժամանակ առ ժամանակ ուսի վրայով վախվորած նայում էր նախասենյակի դռան կողմը, որովհետև թվում էր, թե աղմուկ է լսում։ Բայց ոչ ոք ներս չմտավ, նա հանգստացավ, մոտեցավ լվացարանին, սառը ջրով լվացվեց և, ավելի թարմացած՝ վերադարձավ պատուհանագոգի իր տեղը։ Պաշտպանությունը սեփական ձեռքը վերցնելու որոշումը նրան ավելի ծանր թվաց, քան սկզբում էր ենթադրել։ Ինքը, քանի դեռ պաշտպանությունը փաստաբանին էր թողել, դատավարության հետ, ընդհանրապես վերցրած, քիչ էր առնչվում, միայն հեռվից էր դիտում և հազիվ թե հասնալի լիներ նրա համար․ երբ ուզենար, կարող էր ստուգել, թե ինչպես է ընթանում գործը, սակայն ցանկացած պահին կարող էր նաև ետ քաշվել։ Այժմ՝ հակառակը։ Եթե ուզում էր անձամբ վարել պաշտպանությունը, ստիպված էր թեկուզ տվյալ պահին՝ ամբողջոովին ենթարկվել դատարանին։ Պաշտպանության հաջողությունը հետագայում լիակատար և վերջնական ազատության կվերածվեր, սակայն դրան հասնելու համար նա հիմա պետք է ավելի մեծ վտանգի ենթարկվեր, քան մինչև այժմ։ Եթե փորձեր կասկածել, ապա ֆաբրիկատիրոջ և տնօրենի տեղակալի միախմբելու այսօրվա փաստը հակառակ համոզմանը հանգեցնելու համար բացական էր։ Բայց ինչպե՞ս էր ինքիրեն պաշտպանելու խեղճուկրակ որոշմամբ համակված հանգիստ նստել։ Ի՞նչ էր լինեոլւ հետագայում։ Ա՛յ թե օրեր էին սպասում իրեն։ Արդյո՞ք կկարողանա՞ր գտնել բոլոր դժվարությունների միջով լավ ավարտի հանգեցնող ճանապարհը։ Արդյոք բարեխիղճ պաշտպանությունը (բարեխղճորեն չնախապատրաստվելը անմջություն էր), արդյոք արդյոք բարեխիղճ պաշտպանությունը շրջապատող ամեն ինչից հնարավորին չափ մեկուսանալու անհրաժեշտություն չէ՞ր նշանակում։ Կհաջողվե՞ր հաղթահարել։ Իսկ ի՞նչ պետք է աներ բանկում, դրա իրականացման համար։ Խոսքը միայն խնդրագրի մասին չէր․ դրա պատրաստման համար արձակուրդը, թերևս, բավականացներ։ Պետք էր խոստովանել, որ հենց այս պահին արձակուրդ խնդրելը մեծ համարձակության հետ էր կապված, որովհետև խոսքը դատավարության մասին էր, իսկ դրա տևողությունը հնարավոր չէր կանխատեսել։ Այ թե խոչընդոտի հանդիպեց Կ֊ն՝ ծառայողական աստիճանով վեր բարձրանալիս։ Եվ ա՞յս պահին դեռ պետք է բանկի համար աշխատեր։ Նա հայացքը գրասեղանի կողմը դարձրեց։ Ա՞յժմ պետք է այցելուներ ընդուներ ու բանակցեր հետները։ Երբ առաջ էր ընթանում իր դեմ հարուցած գործը, երբ ձեղնահարկում նստած պաշտոնյաները գործի հետ կապված արձանագրություններ էին աչքի անցկացնում, ինքը պետք է զբաղվեր բանկի գործարքներո՞վ։ Արդյոք դատարանի կողմից հավանության արժանացած տանջանք չէ՞ր սա, որ սերտորեն կապված էր դատավարության հետ և ուղեկցում էր դրան։ Եվ արդյո՞ք բանկում կատարած աշխատանքը քննարկելու ժամանակ այս արտասովոր վիճակը հաշվի կառնեին։ Ո՛չ ոք և երբե՛ք։ Թեև այնքան էլ պարզ չէր, թե ո՞վ և որքանո՞վ էր տեղյակ դատավարությունից, սակայն Կ֊ի գործը այլևս գաղտնիք չէր։ Այդ փսփսոցները հավանաբար դեռ չէին հասել տնօրենի տեղակալին, հակառակ դեպքում կարելի կլիներ պարզ տեսնել, թե ինչպես է նա՝ առանց հաշվի առնելու, որ իրենք գործընկերն են, իրեն հասած լուրերը անմարդկային կերպով օգտագործում Կ֊ի նկատմամբ և, եթե գործի էությանը տեղյակ լիներ, հնարավոր է վիճակը թեթևացնելու համար ձեռքից եկած որոշ բաներ աներ։Սակայն երևում էր, որ նա ոչինչ չգիտեր, առավել ևս, որ այժմ ավելի շատ տեղակալի ազդեցության տակ էր (Կ֊ի մինչև այսօր հանդես բերած հակազդեցությունը սկսել էր թուլանալ), իսկ վերջինս տնօրենի հիվանդագին վիճակը օգտագործում էր սեփական դիրքերի ամրապնդման համար։ Ի՞նչ հույս կարող էր ունենալ Կ֊ն։ Գուցե նման մտքերը թուլացնում էին դրա դիմադրելու ուժը, բայց ախր մոլորության մեջ էլ պետք չէր ընկնել, և հարկավոր էր ամեն ինչ հնարավորինս չափ պարզ պատկերացնել։ Առանց որևէ հիմնավոր պատճառի, առայժմ գրասեղանի մոտ չվերադառնալու համար, նա բացեց պատուհանը։ Դա նրան դժվարությամբ հաջողվեց․ պետք էր երկու ձեռքով պտտեցնել բռնակը։ Պատուհանի ողջ լայնքով ու երկայնքով մեկ ծխախառն մառախուղը թափանցեց սենյակ ու այրվածքի թեթև հոտով լցրեց։ Ձյան մի քանի փաթիլներ ներս թռան։ ― Զզվելի աշուն է։― Կ֊ի թիկունքում լսվեց ֆաբրիկատիրոջ ձայնը։ Տնօրենի տեղակալի մոտից դուրս գալով, նա աննկատ մտել էր այստեղ։ Կ֊ն գլխով արեց և անհանգիստ նայեց ֆաբրիկատիրոջ պայուսակին, որից նա հիմա հավանաբար թղթեր հաներ և սկսեր պատմել ունեցած խոսակցության արդյունքների մասին։ Ֆաբրիկատերը բռնացրեց Կ֊ի հայացքը, տկտկացրեց պայուսակին և առանց բացելու ասաց․ ― Ուզում եք իմանալ՝ ինչպե՞ս վերջացավ։ Գործարքը համարյա պատրաստ վիճակում գրպանումս է։ Հիանալի մարդ է ձեր տնօրենի տեղակալը, բայց չէի ասի, թե անվտանգ։― Նա ծիծաղեց, թափ տվեց Կ֊ի ձեռքը և ուզեց նրան էլ ծիծաղեցնել։ Սակայն այժմ Կ֊ն սկսեց կասկածել, թե ինչո՞ւ ֆաբրիկատերը չուզեց ցույց տալ թղթերը և դիմացինի խոսքերում ծիծաղելի ոչինչ չգտավ։ ― Պարոն հավատարմատար, գուցե եղանակը վա՞տ է ազդում Ձեզ վրա։ Դուք այսօր ընկճված տեսք ունեք։ ― Այո,― պատասխանեց Կ֊ն և ձեռքը տարավ դեպի քունքը։― Գլխացավ, ընտանեկան հոգսեր։ ― Շատ ճիշտ է,― ասաց ֆաբրիկատերը։ Նա աճապարող բնավորույուն ուներ և սովոր չէր որևէ մեկին հանգիստ լսել։― Ամեն մարդ ինքը պետք է իր խաչը տանի։― Կ֊ն ակամայից մի քայլ առաջ գնաց, կարծես ուզում էր դուրս ուղեկցել ֆաբրիկատիրոջը, սակայն վերջինս ասաց․― պարոն հավատարմատար, ես մի բան էի ուզում հայտնել։ Վախենում եմ, որ հենց այսօր գուցե ավելի ծանրաբեռնեմ Ձեզ, բայց արդեն երկու անգամ եղել եմ բանկում և ամեն անգամ մոռացել եմ ասել։ Իսկ եթե այսօր էլ հետաձգեմ, ասելիքս երևի լրիվ կորցնի իմաստը, մինչդեռ շատ ափսոս կլիներ, որովհետև այնքան էլ անարժեք չէ։ Մինչ Կ֊ն պատասխանելու ժամանակ կգտներ, ֆաբրիկատերն ավելի մոտեցավ, մատով տկտկացրեց նրա կրծքին ու ցածր ձայնով ասաց․ ― Դատարանում Ձեր դեմ գործ կա, այնպես չէ՞։ ― Տնօրենի տեղակա՞լը հայտենց Ձեզ։― Ընկրկելով բացականչեց Կ֊ն։