― Տնօրենի տեղակա՞լը հայտենց Ձեզ։― Ընկրկելով բացականչեց Կ֊ն։
― Ի՞նչ եք ասում, նա որտեղի՞ց պետք է իմանար։
― Իսկ Դո՞ւք։― Արդեն ավելի զուսպ հարցրեց Կ֊ն։
― Դատարանից ես որոշ բաներ իմանում եմ մեկ֊մեկ։ Հենց այդ մասին էի ուզում խոսել Ձեզ հետ։
― Դատարանի հետ ինչքան շատ մարդ կա առնչվող։― Գլխիկոր խոսեց Կ֊ն և գրասեղանի կողմն ուղեկցեց ֆաբրիկատիրոջը։ Նրանք առաջվա պես դեմդիմաց նստեցին։
― Ցավոք, շատ բան չեմ կարող հայտնել,― ասաց ֆաբրիկատերը։― Սակայն նման հարցերում մարդ ամենաաննշան բանն անգամ չպետք է աչքաթող անի։ Դրանից բացի, ինչքան էլ իմ օգնությունը համեստ լինի, ուզում եմ Ձեզ ինչ֊որ կերպ օգնած լինել։ Մենք, ախր, առօրյա լավ ենք համագործակցել իրար հետ, այնպես չէ՞։― Կ֊ն ուզեց ներողություն խնդրել այսօրվա ընդունելության ժամանակ ցույց տված վերաբերմունքի համար, բայց ֆաբրիկատերը թույլ չտվեց ընդհատել և, ցանկանալով հասկացնել, որ շտապում է, պայուսակը ավելի բարձր խցկեց թևի տակ ու շարունակեց։― Ձեր գործի մասին ես ոմն ՏԻտորելլիից եմ իմացել։ Նա նկարիչ է։ Տիտորելլին նրա ծածկանունն է, իսկական անունը չեմ կարող ասել։ Արդեն քանի տարի է, երբեմն֊երբեմն գալիս է իմ գրասենյակը և հետը նկարներ է բերում։ Փոքր նկարներ են, որոնց համար (նա մուրացկանի հավասար մարդ է) ողորմության պես բան եմ տալիս նրան։ Դրանք, ի դեպ, արտակարգ նկարներ են․ մարգագետիններ և նման բաներ։ Մեր առևտուրը հարթ ընթանում էր իր համար, երկուսս էլ ընտելացել էինք։ Մի անգամ, սակայն, նրա այցելությունները չափազանց հաճախակի դարձան, ես նախատեցի նրան, խոսքի բռնվեցինք, հետաքրքրվեցի, թե ինչպե՞ս է կարողանում միայն նկարներով գոյությունը պահպանել, և, ի զարմանս ինձ, իմացա, որ նրա եկամուտների հիմնական աղբյուրը դիմանկարչությունն է։ Նա ասաց, որ դատարանի համար է աշխատում։ Ի՞նչ դատարան, հարցրեցի ես։ Եվ նա պատմեց։ Դուք երևի ավելիլավ կարողանաք պատկերացնել, թե ինչքան էի զարմացած այդ պատմությունից։ Դրանից հետո նրա յուրաքանչյուր այցելության ժամանակ որևէ նորություն իմանում եմ դատարանի մասին և դրանով իսկ որոշակի պատկերացում կազմում։ Տիտորելլին, համենայնդեպս, զավզակ բնավորություն ունի, և հաճախ է հարկ լինում պաշտպանվել նրանից ոչ միայն, որովհետև նա, իհարկե, նախ ստում է, այլ ամենից առաջ այն պատճառով, որ ինձ նման գործարար մարդը, որ ուժասպառ է լինում գործարքների պատճառած հոգսերից, այնքան էլ շատ չի կարող ուրիշ բաներով հետաքրքրվել։ Դա իմիջիայլով։ Այժմ ես մտածեցի, որ Տիտորելլին գուցե կարողանա փոքր֊ինչ օգտակար լինել Ձեզ։ Նա շատ դատավորների է ճանաչում և եթե նույնիսկ մեծ ազդեցություն էլ չունենա, ապա կարող է խորհուրդներ տալ, թե ինչպես գտնեք ուրիշ ազդեցիկ մարդկանց։ Իսկ եթե խորհուրդներն իրենցից էական ոչինչ չներկայացնեն, ապա, իմ կարծիքով, դրանք Ձեր ձեռքի տակ մեծ նշանակություն կունենան։ Դուք ախր համարյա փաստաբան եք։ Ես սովորություն ունեմ ասելու՝ հավատարմատար Կ֊ն փաստաբանի հավասար մարդ է։ Օ, Ձեր դատավարաւոթյունը բնավ չի անհանգստացնում ինձ։ Կգնա՞ք Տիտորելլիի մոտ։ Իմ երաշխավորույթյամբ նա, անկասկած, հնարավոր ամեն ինչ կանի։ Ես կարծում եմ, որ Դուք, իրոք, պետք է գնաք նրա մոտ։ Դա, իհարկե, կարող եք ոչ այսօր անել։Մի օր, հենց այնպես, պատահաբար։ Համենայնդեպս, ուզում եմ ասել, որ իմ խորհուրդը չպետք է պարտավորեցնի Ձեզ։ Ոչ։ Եթե կարծում եք, թե կարող եք առանց Տիտորելլիի յոլա գնալ, ինչ խոսք, ավելի լավ կլինի նրան մի կողմ էողնել։ Երևի Դուք որևէ կոնկրետ ծրագի՞ր ունեք և Տիտորելլին կարող է խանգարե՞լ։ Ոչ, այդ դեպքում բնավ մի դիմեք նրան։ Նման մի մարդու խորհուրդներն հանդուրժելու համար, անշուշտ, ուժերի լարում է պետք։ Այսինքն, ինչպես գիտեք։ Ահա երաշխավորագիրը և հասցեն։